Լևոն Տեր–Պետրոսյանի, Կոմանդոսի և Շուշիի ազատագրման մասին

by

Վերջին օրերին բավական ակտիվորեն քննարկվում է Շուշիիազատագրման թեման, ավելի ճիշտ՝ ազատագրման գործում այս կամ այն գործչի մասնակցության ու չմասնակցության, դրական ու բացասական դերի մասին։ Չեմ հասկանում, թե ինչու այս պահին թեման դրվեց շրջանառության մեջ, բայց եթե դրվել է, ուրեմն աչքաթող պետք չէ անել։

«Լևոնն անտեղյակ էր Շուշիի օպերացիայից»,– նշում է Կոմանդոսը և նրան ձայնակցում են տեղյակներն ու անտեղյակները։

«Ինչպե՞ս կարող էին առանց Լևոնի գիտության ազատագրել Շուշին»,– Կոմանդոսին ու նրան ձայնակցողներին հակադարձում են մյուս ճամբարից։

Նկատենք, որ տեղեկատվական դաշտում այս թեմայի շուրջ հիմնականում պարզունակ փաստարկներ ու հակափաստարկներ են ներկայացվում և ավելի շատ քաղաքական համակրանք–հակակրանք է խաղացվում։

Դատելով որոշ մարդկանց մեկնաբանություններից ու «հեղինակավոր» կարծիքներից՝ շատերը կա՛մ անտեղյակ են, կա՛մ այդպիսին են ձևանում։ Ոմանք հնարավորություն են ստացել «հայրենասիրություն» խաղալու։

Փորձեմ միջամտել այդ բանավեճ կոչվածին, բայց ոչ թե պատերի տակ լսած խոսակցություններին հղում անելով, այլ Ղարաբաղյան պատերազմի, թերևս, ամենակոմպետենտ մարդկանցից մեկի հուշերը մեջբերելով և որոշ փաստեր ներկայացնելով։ Խոսքս պատերազմի տարիներին ու դրանից հետո ԼՂՀ Պաշտպանության բանակի հրամանատար և Պաշտպանության նախարար եղած, Արցախի հերոս, գեներալ–լեյտենանտ Սամվել Բաբայանի՝ Կոմանդույուշչու հուշերի մասին է։

Մեզ հետաքրքրող հարցում, ի դեպ, Բաբայանի ասածները լրիվ օբյեկտիվ պետք է գնահատել, քանզի նրան մեծ ցանկության դեպքում անգամ դժվար է Լևոն Տեր–Պետրոսյանի կողմնակից համարելը։ Ճիշտ հակառակը.Կոմանդույուշչին այն չորս մարդկանցից մեկն էր, ով 1998–ին մտնում էր առաջին նախագահի նշած «հայտնի ուժերի» մեջ, ով չէր ընդունում Ղարաբաղի խնդրի կարգավորման փուլային տարբերակը և ով կողմ էր Տեր–Պետրոսյանի հրաժարականին։  Ասելս այն է, որ Բաբայանը հազիվ թե Լևոնին ինչ որ հարցում ռեվերանս անելու խնդիր ունենար։

Ոմանք կարող են ընդունել, իսկ ոմանք՝ չընդունել Բաբայանի քաղաքական գործունեությունը, բայց չեն կարող առարկել, որ ռազմական առումով նա օժտված է բարձրագույն լեգիտիմությամբ։ Ասել է թե՝ նրա ասածները կարող են վիճարկվել շատ քչերի կողմից, եթե իհարկե վիճարկվեն։

Այժմ անցնենք բուն թեմային՝ Շուշիի ազատագրմանը, Կոմանդոսի և մյուսների դերին ու Լևոն Տեր–Պետրոսյանի վարքագծին։

Սամվել Բաբայանի անցած ուղուն վերաբերող «Հաղթանակներն ինչպես եղել են. ազդականչ 44» գրքում մանրամասն նկարագրված են և՛ պաշտպանական, և՛ հարձակողական բնույթի բոլոր ռազմագործողությունները։

Մասնավորապես Շուշիի ազատագրման մասով կարդում ենք. «Շուշիի ազատագրման օպերատիվ պլանը, որի մասին տեղյակ էին Հայաստանի Հանրապետության նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանը, նախագահին առընթեր Ազգային անվտանգության խորհրդի անդամները, մշակվել է Ինքնապաշտպանական ուժերի հրամանատար (ԻՊՈՒ) Արկադի Տեր–Թադևոսյանի (Կոմանդոս) գլխավորությամբ, հրամանատարի տեղակալ Սամվել Բաբայանի, Ինքնապաշտպանության կոմիտեի նախագահ Սերժ Սարգսյանի, Ռաֆայել (Ֆելիքս) Գզողլյանի, Լեոնիդ Մարտիրոսովի, հարձակման ուղղությունների հրամանատարների (Վալերի Չիթչյան, Արկադի Կարապետյան, Սեյրան Օհանյան), ԼՂՀ պետական, քաղաքական մի խումբ գործիչների մասնակցությամբ»։

Շուշիի ազատագրման շրջանում դեռևս նոր–նոր էր դրվում կանոնավոր բանակի հիմքերը և այդ իսկ պատճառով մարտի էին նետվում կամավորական ջոկատները, որոնց կազմավորման գործում մեծ դերակատարում ուներՎազգեն Սարգսյանը։

Գրքից տեղեկանում ենք նաև, որ Բաբայանն ու Կոմանդոսը տարաձայնություններ են ունեցել Շուշիիազատագրաման օպերատիվ պլանի հետ կապված։ Կոմանդոսը համոզված է եղել, որ կարելի է 3ուղղություններով (Ստեփանակերտ–Շուշի մայրուղի՝ հյուսիսային, Շոշի՝ արևելյան և Ջանհասան–Քյոսալար՝ հյուսիսարևմտյան) ազատագրել բերդաքաղաքը, սակայն Բաբայանը պնդել է, որ առանց 4րդ՝Լաչինի հարավային գլխավոր ուղղության հնարավոր չէ հաջողության հասնել։

Կոմանդոսի առաջարկած պլանով մեր ազատամարտիկները երեք ուղղություններով փորձել են գրոհով վերցնել Շուշին, սակայն  չեն կարողացել։ Ունեցել ենք զոհեր և վիրավորներ։ Բաբայանը հենց դա էլ կանխատեսել էր։

Անհաջող գրոհից հետո արդեն գործի է դրվել 4 ուղղություններով քաղաքն օղակի մեջ վերցնելու պլանը, որի պայմաններում գլխավոր ուղղությունը հարավից՝ Լաչինի կողմից էր (ուղղության ընդհանուր հրամանատար՝ Սամվել Բաբայան)։

Սամվել Բաբայանը համոզված էր, որ հակառակորդի պաշտպանությունը ճեղքելու խնդիրը հնարավոր է լուծել միայն Լաչինի կողմից։ Նրա հիմնավորումները պաշտպանեց նաև այն ժամանակ ՀՀ և ԼՂՀ ԳԽ պատգամավոր, Պաշտպանության խորհրդի անդամ Ռոբերտ Քոչարյանը (ով, ի դեպ, նույն հարավային ուղղությունում մասնակցել է մարտական գործողություններին)։

Հարավային հատվածում հաջող ռազմագործողության արդյունքում Շուշիում գտնվող ադրբեջանցի զինվորականների ու բնակչության մոտ խուճապ է սկսվել, որից հետո նրանք քաղաքը լքել են։ Այսինքն՝ բուն Շուշիի վրա գրոհ որպես այդիսին չի եղել, այլ մարտավարական մանյովրներով մերոնք ստիպել են հակառակորդին առանց մարտի լքել քաղաքը։ Դա էր պատճառը, որ ադրբեջանական լրատվամիջոցներն այն օրերին գրում էին իրենց զինվորականների դավաճանության մասին, քանզի չէին պատկերացնում, թե ինչպես կարող էր այդպիսի դիրք ունեցող քաղաքը հանձնվել մեկ օրում։

Սա Շուշիի օպերացիայի մասով։ Եթե Կոմանդոսը (այլ ոչ թե ֆեյսբուքներում կռիվ–կռիվ խաղացող ֆեյքերը) վերը նշվածին հակադարձելու բան կունենա, ապա թող դա անի Սամվել Բաբայանի հետ առկա կամ հեռակա բանավեճի միջոցով։ Թե չէ անտեղյակների ականջին «լապշա» կախելով ու՞ր կհասնենք։

Ինչ վերաբերում է Կոմանդոսի գործունեությանը պատերազմի տարիներին, ապա պետք է նշել, որ Շուշիիօպերացիայից հետո նա որպես ԻՊՈՒ հրամանատար մի որոշ շրջան դեռ պահպանում էր իր դիրքերը։ Ավելի կոնկրետ՝ Կոմանդոսը ԻՊՈՒ–ի հրամանատար է եղել մինչև 1992թ օգոստոս ամիսը, որի ընթացքում նախկին ԼՂԻՄ տարածքի գրեթե կեսը հանձնվել է։ Ադրբեջանցիները ավերակների էին վերածել Շահումյանի, Մարտակերտի շրջանն ու ընդհուպ մոտեցել Ասկերանին, այսինքն՝ համարյա հասել էին Ստեփանակերտ(Ասկերանից մինչև Ստեփանակերտ 12 կմ է)։

Այդ ամենից հետո Կոմանդոսի լեգիտիմությունը որպես հրամանատարի, բնականաբար, ընկել էր և նա թողեց իր դիրքն ու հեռացավ Ղարաբաղից։ 1992թ. օգոստոսից նա եղել է Հայաստանում ու գործնականում ոչ մի կապ չի ունեցել Ղարաբաղում ու դրան հարող շրջաններում ռազմական գործողությունների և առավելևս՝ ազատագրական մարտերի հետ։ Իսկ թե ինչու էր Երևանում իշխանությունը  «ռասկրուտկա» անում Կոմանդոսին, արդեն այլ խոսակցության թեմա է։

Հիշեցնեմ, որ Երևանում այն օրերին պաշտոնական քարոզչամեքենան անընդհատ խոսում էր Շուշիից, բայց լռում էր դրան հետևած պարտությունների մասին։

Այդ օրերին էր նաև, որ հայաստանյան ընդդիմությունը պահանջում էր Տեր–Պետրոսյանի հրաժարականը, քանզի պարտությունների շարք էր սկսված։ Թույլ տանք մեզ ենթադրել, որ տերպետրոսյանական իշխանությունը Շուշիի ազատագրման կենդանի խորհրդանիշ համարվող Կոմանդոսին PR անելով և օգտագործելով՝ փորձում էր խլեցնել պարտությունների մասին բարձրաձայնող ընդդիմության ձայնը։ Կոմանդոսն, ըստ այդմ, պետք էր իշխանությանը և նրա մասին առասպելները շատ արագ տարածվեցին։

Անշու՛շտ, պատերազմի ժամանակ բոլորն էլ, այդ թվում՝ Կոմանդոսը, իրենց լուման ներդրել են ու դա ուրանալ հնարավոր չէ։ Սակայն կան բաներ, որոնք պատիվ չեն բերում մարդկանց։

Կարծում եմ, որ հիմա ճիշտ չի անում Կոմանդոսը, որ մտնում է ներքաղաքական ինտրիգների դաշտ՝ վերածվելով մանրադրամի։ ԻՊՈՒ–ի նախկին հրամանատարի համար մի քիչ անլուրջ է հայտարարելը, թե Տեր–Պետրոսյանից գաղտնի է իրականացվել Շուշիի օպերացիան, մանավանդ որ այն պլանավորվել էր դեռևս ապրիլ ամսից և ինչպես Բաբայանն էր նշել՝ նախագահը շատ լավ տեղյակ էր սպասվող ռազմագործողությունից։ Տեր–Պետրոսյանը մեր աչքի լույսը չէ, բայց սուտ բաներ չարժե տարածել նրա մասին, մանավանդ որ այնքան ճիշտ բաներ կան, որոնց օգնությամբ կարելի է քննադատել առաջին նախագահին, և հետևաբար՝ մանրություն պետք չէ դրսևորել։

Լրիվ այլ կերպ կդիտվեր ու մասնավորապես «7 օրի» կողմից դրական կընկալվեր Կոմանդոսի այժմյան վարքագիծը, եթե նա, ասենք, քննադատության ենթարկեր Լևոն Տեր–Պետրոսյանի մոտեցումները Ղարաբաղի խնդրի կարգավորման և հայ–թուրքական հարաբերությունների մասով։

Սերժ Սարգսյանի նախաձեռնած տխրահռչակ «ֆուտբոլային» դիվանագիտությունը գործնականում ցույց տվեց, որ Տեր–Պետրոսյանի մոտեցումներն այդ հարցերում, մեղմ ասած, սխալ են։ Այ եթե ա՛յս առումովԿոմանդոսը կամ մյուսները տեսակետներ հայտնեն ու դիմացինից հակափաստարկներ լսեն, ապա դա նորմալ կընկալվի, թե չէ էժանագին հայտարարություններ անելով ու ցածրորակ հարցազրույցներ տալով արժեզրկում ենք թե՛ մեր հաղթանակները, թե՛ մեր հերոսներին ընդհանրապես։

Ժամանակն է սթափվել։ Ու եթե ոմանք հայրենասիրությունը փեշակ են դարձրել, ապա ասեմ, որ ամենայն հավանականությամբ շուտով կավարտվի մեծ–մեծ խոսելու և «հավայի փրթելու» փուլը, քանզի Սիրիայից հետո կարող են այնպիսի զարգացումներ լինել, որ մենք արդեն ոչ թե հաղթանակներով թիթիզանալու, այլ կոնկրետ ռազմագործողություններին մասնակցելու միջոցով ստիպված կլինենք ապացուցել մեր կոմանդոսությունը և հայրենասիրությունը։

Կարեն Հակոբջանյան

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s


%d bloggers like this: