Անկախություն

by

Սեպտեմբերի 21-ին մենք տոնում ենք Հայաստանի անկախությունը: Խոշոր հաշվով կարևոր չէ, թե երբ ենք տոնում, կարևորը, որ անկախ ենք ու տոնելու բան ունենք: Շնորհավոր բոլորիս անկախությունը:

Այնուամենայնիվ, պատմական ճշգրտությունը օգնում է ավելի ճշմարիտ գնահատել մեր անցած ուղին: Այս իմաստով 1991թ սեպտեմբերի 21-ի հանրաքվեն որևէ նշանակություն չուներ: ԽՍՀՄ-ն արդեն փլված էր և նրանից իրենց անկախությո

ւնը հռչակել էին անգամ Ադրբեջանն ու միջինասիական հանրապետությունները, որոնք ոչ միայն մեզ պես չէին պայքարում, այլև դեռ մի քանի ամիս առաջ 98 տոկոսով քվեարկում էին ԽՍՀՄ պահպանման օգտին: Մենք հաստատ նրանցից վաղ ենք անկախացել` առնվազն 1990 օգոստոսի 23-ին` անկախության հռչակագրի, այսինքն բուն անկախության վերականգնման օրը: Ավելի արդար կլիներ հենց այդ օրը համարել Երրորդ հանրապետության օր, երրորդ հանրապետության այլ ոչ թե անկախության:

Փոխարենը Մայիս 28-ը չի կարելի տոնել որպես սոսկ Առաջին հանրապետության օր: Այն Հայաստանի բուն անկախության օրն է: Չլիներ Առաջինը, չէր լինի Խորհրդային կիսաինքնավարը: Չլիներ Խորհրդայինը, չեր լինի ներկայիս անկախ Հայաստանը:

Մեր անկախությունը հիմնված է ոչ թե սոսկ ինչ որ ձևական հանրաքվեի, այլ 1918թ-ի և դրան նախորդող դեպքերի վրա: Դրանցից կարևորը, իհարկե, հարձակվող թուրքական զորքին ցուցաբերած դիմադրությունն է, որ սկսվեց Ղարաքիլիսայից, Սարդարապատից ու Բաշ-Ապարանից ու շարունակվեց մինչև Բաքու: Այդ դիմադրության շնորհիվ է որ այսօր հայ ենք, անկախ ենք և ապագայի հույս ունենք: Այդ դիմադրությունն էլ հնարավոր չէր լինի, եթե չլինեին կամավորական գնդերը, իսկ դրանից առաջ, եթե չլիներ հայդուկային շարժումը: Այս ամենը, դրան գումարած նաև 88-ի շարժումը, Հայաստանի անկախացումը դարձնում է տևական պայքարի արդյունք, այլ ոչ թե սոսկ Ռուսաստանի քայքայմամբ պայմանավորված պատահականություն:

Հայոց պետականությանը վերաբերող տարատեսակ քննարկումներում առկա են երկու միտում, որոնցից մեկի հետ բոլորովին համաձայն չեմ, իսկ մյուսի հետ ուղղակի կռիվ ունեմ:
Առաջինն այն գնահատականներն են, որոնք պնդում են, թե հայերս պետություն չսիրելով, անընդհատ թուլացնում և կործանում ենք մեր պետությունը և այդ ճգնաժամի պատճառը պատմականորեն ձևավորված մեր որակներն են, մասնավորապես ընտանեկան և համայնքային կապվածությունները, որոնցից պետք է ազատվենք, որպեսզի պետություն կարողանանք կառուցել:
Իրականում վերջին մոտ 150 տարում հայերիս ազգային-պետական կազմակերպվածությունը անշեղորեն աճում է: Եվ դրա հիմքը հայոց ազգային ինքնագիտակցությունն է, որն անբաժան է մեր ընտանեկան և համայնքային ինքնագիտակցությունից ու հիմնված է դրանց վրա: Իսկ պետականության միջանկյալ ճգնաժամերը միայն ապահովում են հաջորդող թռիչքը: Վստահ եմ, որ մեր պետականության ներկայիս ճգնաժամից մի օր ծնվելու է նաև Չորրորդ հանրապետությունը, որն ավելի հարազատ է լինելու մեր ազգային բնական կառույցին:
Երկրորդը` հային ու ՀՀ քաղաքացուն հակադրելու միտումն է: Սրա կողմնակիցները նույնիսկ փորձում են նոր ազգ ձևավորել` հայաստանցիներ, որոնց պատմությունը սկսում է 1991-ից կամ լավագույն դեպքում 1989-ից, որոնց հայրենիքը ներկա տարածքն է, այն էլ առանց Արցախի, որովհետև արցախցիները, ըստ նրանց, արդեն «ուրիշ ազգ» են: Սրանց երազածը եվրոպացու նման կուշտ և սանձարձակ ապրելն է, հանուն որի կարող են հրաժարվել թե հայրենի տարածքից, թե բարոյական ավանդույթից, թե ընտանեկան արժեքներից: Հենց դա էլ մեր անկախությունը պակասեցնող, այն անիմաստ դարձնող, երկիրը օտար կենտրոնների կառավարմանը հանձնող գլխավոր սպառնալիքն է:
Ներկա պետական ճգնաժամի գլխավոր հարցն այն է, թե անկախ Հայաստանը հայությա՞ն, թե՞ հայաստանցիների պետությունն է, նոր պետություն է՞, թե՞ հայության վերականգնված պետականությունն է: Պատասխանից են բխում բոլոր տեսական հետևությունները և քաղաքական հետևանքները:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s


%d bloggers like this: