01 Փետրվարի 2012 — 00:15
“Ազատ Դեմոկրատներ” Կուսակցության
“Բարգավաճ Հայաստան” կուսակցության
“Ժառանգություն” կուսակցության
Հայաստանի Ժողովրդական Կուսակցության
Հայաստանի Ժողովրդավարական-Ազատական Միության
Հայաստանի Կոմունիստական Կուսակցության
Հայաստանի Հանրապետական Կուսակցության
Հայ Հեղափոխական Դաշնակցության
“Հանրապետություն” Կուսակցության
“Օրինաց Երկիր” Կուսակցության
Մշտական գործող ղեկավար մարմիններին
Հարգելի պարոնայք,
Հայտնի է, որ 1989թ դեկտեմբերի 1-ի որոշմամբ Արցախը միավորվել է ՀԽՍՀ-ի հետ: Վերամիավորման այդ որոշումը դրվել է Հայաստանի անկախության հռչակագրի հիմքում: Հայաստանի անկախությունը հռչակող ՀԽՍՀ Գերագույն խորհրդի կազմում ընտրված էին արցախցի պատգամավորներ, որոնք եղան առաջին ու առայժմ վերջին խորհրդարանականները Հայաստանի Հանրապետության օրենսդիր մարմնում:
1989թ դեկտեմբերի 1-ի վերամիավորման որոշումը չեղյալ չի հայտարարվել: Արցախը և նրա պետական կառույցները փաստացի ՀՀ և նրա համապատասխան կառույցների մասերն են: Արցախում ապրում են բացառապես ՀՀ քաղաքացիներ, որոնք սակայն զրկված են իրենց սահմանադրական իրավունքներից, մասնավորապես, ՀՀ համապետական ընտրություններին մասնակցելու իրավունքից:
Պատճառները նույնպես հայտնի են: Տեր-Պետրոսյանի վարչախմբին ինչ-ինչ պատճառներով խանգարում էր Արցախյան շարժման գլխավոր նվաճումներից մեկը` վերամիավորման որոշումը և նրանք մոռացության տվեցին այն: Նախ, կազմակերպելով ՀՀ անկախության հանրաքվեն, հետագայում նաև նախագահական ընտրությունները, Արցախի ընտրատեղամասերը չներառեցին դրանցում: Օգտագործելով առաջին իսկ առիթը` Ադրբեջանի անկախության հռչակումը, պատճառ բերելով միջազգային հանրության խիստ ենթադրյալ պահանջը, ստիպեցին արցախցիներին ձևական անկախություն հռչակել: Հետո էլ ստիպեցին դա վերահաստատել հանրաքվեով` հարցում, սակայն, չնշելով, որ խոսքը Ադրբեջանից, այլ ոչ թե Հայաստանից անկախանալու մասին է: Իսկ գործնականում այդ որոշման միակ իմաստը պատերազմի նախօրեին Արցախը Հայաստանից օտարելն էր: Հետևանքները զգում ենք մինչ օրս:
Բարեբախտաբար, այդքանից հետո Երևանը գոնե պաշտոնապես չի ճանաչել Արցախի անկախությունը Հայաստանից և այդ տեսակետից այն շարունակում է Հայաստանի մաս հանդիսանալ: Արցախում բնակվում են շուրջ հարյուր հազար ՀՀ քաղաքացիներ, որոնք սեփական հայրենիքում բնակվելով հանդերձ, զրկված են նախագահ կամ պատգամավոր ընտրելու և ընտրվելու իրավունքից: Թեև եղել են հատուկ բացառություններ (Քոչարյան Ռոբերտ, Բաբայան Սամվել), սակայն այլ դեպքերում ընտրական հանձնաժողովները մերժել են գրանցել արցախցի թեկնածուներին:
«Հայազն» միությունը առաջարկում է.
2012թ ընտրություններին մասնակցող կուսակցություններին, իրենց ցուցակներում, ցանկացած հորիզոնականի վրա, ընդգրկել արցախցի թեկնածուների:
Հույս ունենք, որ իշխանական ճամբարի կուսակցություններն առաջինը օրինակ ցույց կտան: Հակառակ դեպքում, հույս ունենք, որ իրենց ցուցակներում արցախցի թեկնածուներ ընդգրկած ընդդիմադիր կուսակցությունները խնդրին հանրային հնչեղություն կհաղորդեն և ընտրական հանձնաժողովների կողմից այդ թեկնածուներին չգրանցելու դեպքում, հարցը կհետապնդեն դատական կարգով:
Կոչ ենք անում նաև հարցը քննարկելու, դրա շահեկանությունը պարզելու համար արդեն հիմա կազմակերպել միջկուսակցական կլոր սեղաններ և հանրային լսումներ:
Դրական արձագանքի սպասումով`
«Հայազն» Միության Կենտրոնական Մարմին
Արցախցիները ներգրավումը նախնտրական ցուցակներում միթե՞ նոր թափ չի տա Արցախի ապաբնակեցմանը: Հայազնը Արցախում կատարված ընտրությունների ժամանակ արդյոք դիմե՞լ է այնտեղ գործող կուսակցություններին նույն պահանջով, բանց հայաստանցիներին ներգրավելու համար
”Ժողովրդավար” երկիր է Հայաստանը , ու ցանկացած հարց կարելի է քննարկման դնել բայց դրանից առաջ նախ այն շարժումը որ ուզում է սոյն հարցը արծարծել պետք է ինք համապարփակ քննարկման ենթարկէ իր անդամների միջեւ կշռելով դրական կամ բացասական հետեւանքները , ու ենթադրելով որ արդէն արած կլինէք այդ մէկը , զայն ներկայացնել ԱԺ ում ձեր վստահած կուսակցական խմբավորումին զայն օրակարգի վրայ դնելու , ձեր պահանջը արձագանք չգտնելու պարագային կամ մերժվելու պարագային միայն կազմակերպել կլոր սեղան որուն կարծում եմ կուսակցութիւնների մասնակցութեան սպասումը անհուսալի է :
Արմեն Աղայան, լավ կլիներ ենթադրություններ անելու փոխարեն ուշադրություն դարձնեիք փաստերին: Արցախից ոչ միայն ԱԺ պատգամավոր, այլ նաև նախարար, վարչապետ և նախագահ ունենք ու ունեցել եք: Հիմա ինձ ասեք, թե նրանցից քանի՞սն են մշտապես բնակվում Արցախում, դեռ չհաշված, որ ամեն Հայաստան եկող իր հետ Արցախից բերում է հավատարիմ “զինակիցների” և ստանձնելով պաշտոնը նրանց նույնպես տեղավորում աշխատանքի, որոնք իրենց հերթին հաստատվելով Երևանում հետ չեն վերադառնում Արցախ:
Ու եթե նույնիսկ այսօրվա դրությամբ Հայաստանի ԱԺ-ի բոլոր կոճակաները Արցախցիներ սեղմեին, Արցախինն էլ Հայաստանցիներ, արդյո՞ք դրանից մի բան կփոխվե՞ր մեր կյանքում, չե՞որ մեր դժբախտության պատճառներն այլ են, ավելի լավ չէ՞ր լինի դրանց վրա կենտրոնանայինք…
Հայ ժողովուրդն այսօր, բուն նյութից շեղվելու «գերպրոֆեսիոնալ» է դարձել ու կարող է Գինեսի գիրք մտնել…
ԱԱ Այսպես կոչված ԼՂՀ ԱԺ-ն, իր փաստացի կարգավիճակով, ընդամենը մարզային խորհրդարան է, ուստի բնական է, որ “Հայազնը” անիմաստ է համարում, որ դրանում մասնակցեն թեկնածուներ Հայաստանի այլ մարզերից: Փոխարենը ողջունելի կլիներ, որ մյուս մարզերն էլ խորհրդարաններ ունենային կամ ավագանիներ` Երևանի նման: Իսկ ահա ընդհանուր հայկական խորհրդարանում բոլոր մարզերի, այդ թվում արցախցիների ներկայացվածությունը անհրաժեշտություն է: Եվ ինչպես Լոռիից ԱԺ պագամավորների առկայությունը չի կարող պատճառ համարել Լոռվա գյուղերի դատարկման համար, այնպես էլ Արցախի: Ծայրամասային, լեռնային գյուղերի դատարկվելը բոլորովին այլ պատճառներ ունի այդ թվում դա կանխելուն միտված անհրաժեշտ քաղաքականության բացակայությունը:
ԱԱ Արցախի և Հայաստանի միջև իրավական կամ քաղաքական հարաբերություններ չեն կարող լինել, որովհետև դրանք հավասարազոր միավորներ չեն` Արցախը ընդամենը Հայաստանի բաղկացուցիչ մաս է: Ամեն դեպքում ժողովրդավարության բացակայության խնդիրը, որը շատերի համար այսօր կարևր հարց է, չպետք է խանգարի այս խնդրի արծարծմանը: Ավելին, հենց նման` ազգային անվտանգության տեսակետից անչափ կարևոր հարցերի քննարկումից էլ սկսվում է ազգային ինքնավարությունը:
ԱԱ քաղաքական դաշտում հարցը վաղուց է քննվում, շատ տարբեր հարթակներում` դեռ 1992թ-ից: “Հայազն” միությունում այն, բնական է, համապարփակ քննության ենթարկվել է: Իսկ թե ինչպես պետք է հարցը հետապնդենք այսօր, թույլ տվեք, որ ինքներս որոշենք` անպայման հաշվի առնելով Հայաստանի “ժողովրդավար” լինելը, ինչպես նաև կուսակցությունների ինչ լինելը:
Թե երբ է կարգավորվելու Արցախի ու Հայաստանի քաղաքական ու իրավական հարաբերությունները…թողել են ժողովրդին ու աշխարհին անկազմակերպ ու աննպատակ վիճակի մեջ, էվ դա նրանից է որ նույնիսկ Հայատանում օրինական ու ազնվորեն ընտրված իշխանություն չկա , ժողովուրդը չի կարողանում ինքը որոշի թե ինչպիսի ներկայացուցիչներ էվ կառավարություն է նա ցանկանում,…չկան օրինական ու բացահայտ հարաբերությունների ու օրինաչափության կանոններ…ու ստացվել է խառնաշփոթ ու անկարգ վիճակ…Այս ամենը նպաստում է որ Հայաստանի ու Արցախի ժողովուրդները չունենան լուրջ հասկացողություն ու ծրագիր իրենց պարգեվված ապագան… Ժամանակն է որ լինի ընտրությունների հետ զուգահեռ մի շարք քաղաքական էվ կենցաղային ընդհանուր հարցադրական կայքեր որպիսզի Հայաստանի ու Արցախի ժողովուրդները խոսեն ալյ ոչ թե թելադրվի մի քանի անունների կողմից թե ինչպիսի համակարգ, հարաբերություններ ու կապեր պետք է լինի Արցախի ու Հայաստանի համար…Ժողովուրդը հոգնել է Քոչարյան, ԼՏՊ, Սարգսյանին լսելուց..պետք է լսենք համայն Արցախի ու Հայաստանի ժողովուրդների բարձր ձայնը…այս գալիք ընտրություններում:
Թողնել պատասխան