Մեր պարտությունների պատճառները պետք է փնտրել Հայաստանի ներսում

by

Տոնական միջոցառումների ժամանակ Հայաստանի տիպի պետությունների ղեկավարների խոսքը, որպես կանոն, գեղեցիկ ձևակերպված և արհեստական պաթոսով լեցուն կենացների կույտ է հիշեցնում, իսկ կենացները վերլուծելու կարիք չկա։

Սերժ Սարգսյանի երեկվա ուղերձը լրիվ տեղավորվում էր ժանրի կանոնների մեջ և դրան անդրադառնալու կարիք չէր լինի, եթե նախագահն իր ելույթում չնշեր, թե մենք կարողացանք զսպել Ադրբեջանի օրեցօր մեծացող ախորժակը։

Իրականում, սակայն, տեղի է ունեցել ճիշտ հակառակը։ Հակառակորդի ախորժակը զսպում են սեփական երկիրը հզորացնելով ու արժանապատիվ քաղաքացի ունենալով, այլ ոչ թե դրսից վարկ բերելով ու արտագաղթին նպաստող տնտեսական քաղաքականություն վարելով։

Հարկ է արձանագրել, որ Սերժ Սարգսյանի «նախաձեռնողական» քաղաքականությունը ոչ թե«տուզիկացրել», այլ լկտիացրել է Ալիևին ու գրգռել Ադրբեջանի ռազմական ախորժակը։ Պատճառը՝«ֆուտբոլային» դիվանագիտության բուռն շրջանում ՀՀԿ «ճկուն» ղեկավարի՝ ամեն գնով «խաղաղության աղավնու» իմիջի մեջ մտնելու և միջազգային «ձյաձյաներից» ու «ծյոծյաներից» դրական գնահատականի արժանանալու գորբաչովյան սինդրոմով տառապելն էր։

Սերժ Սարգսյանի միակողմանի զիջողականություն ցուցաբերելու քաղաքականությունն էր, որ թևեր տվեցին Ալիևին ու վերջինս Կազանում տեղի ունեցած բանակցությունների ժամանակ 10 նոր պահանջ ներկայացրեց հայկական կողմին, ինչը նշանակում է, որ Ադրբեջանի հին պահանջները բավարարվել էին։

Ի դեպ, պաշտոնական Երևանն այդպես էլ չհրապարակեց Ալիևի 10 նոր պահանջները, ինչը տարօրինակ է, քանզի հայկական կողմը մերժել էր դրանք ու գաղտնազերծելը պետք է, որ բխեր «նախաձեռնողականների» շահերից. չէ՞ որ «հայրենասիրություն» խաղալու առիթ էր ստեղծվել։ Մեր կարծիքով, Ալիևի նոր պահանջները չհրապարակվեցին, որովհետև դրանցից հետո արդեն լրիվ պարզ կդառնար, թե ինչին է համաձայնել Սերժ Սարգսյանը մինչև այդ։

Հիշեցնենք, որ սիրիական «Ալ Վաթան» օրաթերթին տված հարցազրույցում, չնայած Ալևի անզիջում կեցվածքին, Սերժ Սարգսյանը պատրաստակամություն էր հայտնել Ադրբեջանին զիջել ազատագրված տարածքները՝ Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի իրացման հնարավորության դիմաց։ Եթե այս ձևով է Սարգսյանը պատկերացնում Ադրբեջանի օրեցօր մեծացող ախորժակի զսպումը, ապա նա առնվազն մոլորության մեջ է։

Եվ այսպես, Սերժ Սարգսյանի նախագահության չորս տարիների ընթացքում Հայաստանն այնքան է թուլացել, որ Ադրբեջանն իրեն թույլ տալիս այնպիսի լկտիություն, ինչպիսին, օրինակ, Սաֆարովի հետ կապված պատմությունն էր, որով Ալիևը միտումնավոր գնաց իրավիճակի սրման։

Թշնամու ախորժակը զսպելը միայն խոսքերով չէ։ Եթե երկրից ամեն օր մոտ 400 մարդ է հեռանում, իսկ տիգրանսարգսյանական «բարեշրջումների» օգնությամբ մեր տնտեսությունը, լավագույն դեպքում, տեղում դոփում է, ապա տոնական ուղերձներում հնչեցրած գնահատականներն արդեն կենացի մակարդակի էլ չեն ձգում, այլ նմանվում են ինքնահանգստացնող մեդիտացիայի, ինչով էլ զբաղված է արտաքին ու ներքին քաղաքականությունը տապալած այս իշխանությունը։

Կորյուն Մանուկյան

Հ.Գ.։ Ադրբեջանի ու Հունգարի միջև կայացած սաֆարովյան տխրահռչակ գործարքի մասին շատ է խոսվել։ Պատվերով հայրենասերները հասցրել են լոլիկներով ու Հունգարիայի դրոշն այրելով ցույց տալ իրենց«նախաձեռնողական» շեֆերի անզորությունը։

Շատերը մեղադրում են հունգարական կողմին, սակայն թողնենք Հունգարիայի կոռումպացված վարչապետին ու տեսնենք, թե ինչու հնարավոր եղավ նման բան։ Պետք է ուղիղ նայել ճշմարտության աչքերին ու ասել, որ Հունգարիայի կառավարության ղեկավարի գործունեությունը Սերժ Սարգսյանի վարած«նախաձեռնողականության» հետևանքներից մեկն է։ Ադրբեջանը 2006թ. սկսած գործարք էր առաջարկում հունգարական իշխանություններին, սակայն ապարդյուն։ Գործարքը հնարավոր դարձավ Հայաստանի շուրջ ստեղծված «ֆուտբոլային» մթնոլորտի արդյունքում։

Ամբողջ աշխարհը տեսավ, որ Հայաստանի նախագահը հանուն իր աթոռի ու հանուն կասկածելի անձնական դիվիդենտների պատրաստ է առևտրի առարկա դարձնել Հայոց ցեղասպանության հարցն ու ձեռքի հետ զիջել Ղարաբաղի տարածքները։ Դրանից հետո ի՞նչը պետք է խանգարեր Հունգարիային։

«Սերժը 1,5 միլիոն սպանվածի մոռացության տալու գնով է գործարքի գնում Թուրքիայի ու Ադրբեջանի հետ, իսկ ես՝ ընդամենը 1 սպանվածի»,– թերևս ինքն իր արած քայլը բարոյական տեսանկյունից արդարացրել է Հունգարիայի վարչապետն ու նախաձեռնողականություն ցուցաբերել Սաֆարովի հարցում։ Այնպես որ, մեր պարտությունների պատճառները պետք է փնտրել Հայաստանի ներսում։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s


%d bloggers like this: