Կարծում եմ, որ Քարվաճառյան այս սկզբունքներից դուրս հայկական քաղաքականություն, քաղաքական գաղափարներ չեն կարող գոյություն ունենալ, իսկ եթե ոմանց մոտ գոյություն ունենան, ապա դրանք չեն կարող հայկական համարվել:
Միաժամանակ պարզ է, որ Սկզբունքները դեռ քաղաքական ծրագիր չեն և գուցե դրանց շրջանակներում հնարավոր են բավականին սուր քաղաքական բանավեճեր: Օրինակ, արդյո՞ք անդամակցությունը Եվրոխորհրդին կամ ԱՊՀ-ին սահմանափակում է Հայաստանի ինքնիշխանությունը, կամ արդյո՞ք ներկա սահմանադրությունը ընդունված է ազգային համաձայնությամբ, գիտակցված և ազատ կամարտահայտությամբ, թե անտեղի նմանակված է և անօրինաբար պարտադրված:
Հայկական որևէ քաղաքական ծրագիր, պլատֆորմ կամ գաղափարախոսություն պետք է անպայման ներառի Քարվաճառյան սկզբունքները`դրանց սեփական մեկնաբանությունը, ինչպես նաև բազմաթիվ այլ, լրացնող սկզբունքներ, նպատակներ, դիրքորոշումներ, որոնք սակայն չպետք է հակասեն հիմնարար սկզբունքներին:
ՔԱՐՎԱՃԱՌՅԱՆ ՀՌՉԱԿԱԳԻՐ
Վերջին տարիներին, ազատագրված Քարվաճառ քաղաքում, Հայոց պետականակերտմանը հետամուտ բազմաթիվ անձանց մասնակցությամբ կայացած քննարկումների ընթացքում ուրվագծվել են հետևյալ հիմնարար և անբեկանելի շրջանակային սկզբունքները.
Ա. Ինքնիշխանություն
Ինքնիշխան և անկախ պետականությունը ազգային ինքնակազմակերպման գերագույն ձևն է և Հայության հարատևման միակ երաշխիքը: Անվերապահորեն մերժելի է Հայա
ստանի ներգրավումն ազգային ինքնիշխանությունը սահմանափակող որևէ դաշնային, համադաշնային, նորակայսերական, վերազգային կամ վերպետական կառույցին:
Բ. Հայրենատիրություն
Հայությունն՝ ի դեմս ազգային պետականության, հայրենի ողջ տարածքի նկատմամբ ունի անժամանակյա, անօտարելի և բացարձակ հայրենատիրության իրավունք:
Ըստ այդմ.
— Հայոց առկա ազգային-պետական սահմանները, ներառյալ Արցախի ողջ ազատագրված տարածքը, ամբողջությամբ անձեռնմխելի և անսակարկելի են:
— Մերժելի է ցեղասպանության իրավաքաղաքական և տարածքային հետևանքները վերացնելու հրամայականից հրաժարվելու, ինչպես նաև հայ-թուրքական ապօրինի բաժանարար գիծը որպես պետական սահման ճանաչելու որևէ ոտնձգություն:
Գ. Հայոց լեզու
Հայաստանում հայերենը՝ որպես միակ պետական լեզու, վայելում է բացարձակ գերակայություն : Պետական կառավարման, կրթության, պաշտոնական գործավարության և հանրային նշանակության բոլոր ոլորտներում Հայոց լեզվի բացարձակ կարգավիճակի դեմ յուրաքանչյուր ոտնձգություն իսպառ մերժելի է:
Դ. Սահմանադրական կարգ
Հայոց պետության կայացման պարտադիր նախապայման է ազգային համապարփակ համաձայնությամբ, գիտակցված և ազատ կամարտահայտմամբ սահմանադրական իրավակարգի հաստատումը և խստագույն պահպանումը: Կտրականապես մերժելի է սահմանադրական կարգով հաստատված քաղաքացիների իրավահավասարության դեմ որևէ ոտնձգություն:
Թողնել պատասխան