Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ԵԴ) վճիռ է կայացրել ընդդեմ Հայաստանի Հանրապետության եւ հօգուտ Ժիրայր Սեֆիլյանի, ով 2006 թվականի դեկտեմբերին ձերբակալվել էր սահմանադրական կարգը բռնությամբ փոխելուն ուղղված հրապարակային կոչեր հնչեցնելու մեղադրանքով եւ մինչեւ 2008-ի հունիսը մնացել էր անազատության մեջ:
ԵԴ-ն արձանագրել է, որ Շուշիի առանձնակի գումարտակի նախկին հրամանատար Ժիրայր Սեֆիլյանի անձնական հեռախոսազրույցները 2006 թվականի ամռանից ամիսներ շարունակ գաղտնալսելու, այնուհետեւ նրան ազատազրկելու եւ շուրջ 8 ամիս նախնական կալանքի տակ պահելու գործընթացներն իրականացվել են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի խախտումներով, որի 5-րդ հոդվածով երաշխավորված է անձի ազատության իրավունքը, իսկ 8-րդ հոդվածը պետությանը պարտավորեցնում է առանց բավարար իրավական հիմքերի չմիջամտել մարդու անձնական կյանքին, հեռահաղորդակցությանն ու նամակագրությանը: Այդ խախտումների դիմաց Հայաստանի Հանրապետությունը պետք է Ժիրայր Սեֆիլյանին վճարի 6000 եվրոյին համարժեք փոխհատուցում:
Ինչպես «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում մանրամասնեց Սեֆիլյանի շահերը ներկայացնող փաստաբան Վահե Գրիգորյանը, ԵԴ-ն արձանագրել է, որ իր պաշտպանյալին կալանավորելու եւ կալանքի ժամկետը շարունակաբար երկարաձգելու համար ներկայացված չեն եղել բավարար հիմքեր, եւ դատարանի որոշումները կայացվել են «ստերեոտիպային» հիմնավորումներով:
«Այսինքն Ժիրայր Սեֆիլյանի եւ քաղաքական պատվերի շրջանակներում բոլոր գործերով պատկերը հետեւյալն է. դատարանները վերցնում եւ ուղղակիորեն արտագրում էին քննիչների կողմից ներկայացված միջնորդություններն ու պատճառաբանությունները: Ընդ որում Ժիրայր Սեֆիլյանի գործով ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գայանե Կարախանյանը ոչ միայն վերցրել, արտագրել էր քննիչի պատճառաբանությունը, այլեւ ինքն էր ավելացրել պատճառաբանություն, որ բացի քննությունից թաքնվելուց, Սեֆիլյանը, ազատության մեջ մնալով, նաեւ կխոչընդոտի քննությանը: Դատարանը նման եզրահանգման էր կայացրել առանց որեւէ նյութ ուսումնասիրելու», — ասաց Գրիգորյանը:
«Հայ կամավորականների համախմբում» նախաձեռնության համակարգող Ժիրայր Սեֆիլյանի աղմկահարույց ձերբակալությունը հաջորդեց կառույցի` 2006-ի դեկտեմբերի 2-ի հավաքին: Փաստաբանի պնդմամբ, նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի պատվերով այդ ձերբակալությունը եւ քրեական հետապնդման ողջ գործընթացն իրականացվել է «խայտառակ խախտումներով», որի համար այժմ պետք է վճարի Հայաստանի Հանրապետությունը: Սակայն Գրիգորյանն ասաց` իրենք պետք է առաջիկայում սկսեն պատասխանատու պաշտոնյաներին պատասախանատվության ենթարկելու գործընթացը:
«Սա քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ հաշվեհարդարի առաջին փորձերն էին, որոնք հետագայում ավելի զարգացան եւ լայնորեն կիրառվեցին 2008-ի մարտի 1-ի դեպքերի մասնակիցների նկատմամբ: Պատվիրատու Ռոբերտ Քոչարյանը պետք է կրի քաղաքական պատասխանատվություն, բայց պետք է պատժվեն նաեւ պատվեր կատարողները, քանի որ եթե պատվիրատուն իմանա, որ պատվերը չեն կատարի, չի պատվիրի», — ընդգծեց փաստաբանը` մանրամասնելով, որ Ժիրայր Սեֆիլյանի գործի վերաբերյալ ԵԴ-ի որոշման հիմքերով Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) համապատասխան պաշտոնյաներին, պատասխանատու քննիչներին, դատավորներին պատասխանատվության ենթարկելու հարցով դիմելու են Գլխավոր դատախազությանը, Արդարադատության խորհրդին եւ Հայաստանի նախագահին:
«Եթե նրանք պատասխանատվություն չեն կրելու, ուրեմն դատաիրավական բարեփոխումների մասին խոսողներն ուղղակի դատարկաբանությամբ են զբաղված եւ նախընտրական շրջանին հատուկ հռետորիկա են բանեցնում», — համոզված է Գրիգորյանը:
Թողնել պատասխան