Սերժ Սարգսյանն առաքելություն չունի

by

88–ի շարժումը քաղաքական բեմահարթակ բերեց տարբեր տիպի մարդկանց՝ խարիզմատիկներից մինչև գորշություններ,վառ անհատականություններից մինչև միջակություններ, սեփական «ես»–ն ունեցողներից մինչև չկայացած նոմենկլատուրշիկներ։

Սերժ Սարգսյանը շարժման մեջ հայտնվեց կուսաշխատողի կաբինետից։ Մշտապես լինելով ստվերում՝ նա ձեռք բերեց գորշ գործչի համբավ։ Նրա գորշությունը շատերը շփոթում էին իմաստուն լինելու հետ։ Մինչև վերջերս Սերժին հաջողվում էր լռակյացությունը խելացիության, իսկ ստվերային գործելու հակվածությունը՝ խորաթափանցության տեղ անցկացնել։

Ոչինչ չասող ելույթների հետևում թաքնվելով՝ ՀՀԿ ղեկավարը պատնեշ էր դրել իր իրական «ես»–ի ու հասարակության միջև։ Այս նախագահական ընտրություններում, սակայն, նա ստիպված էր բացվել, քանզի այդպես են պահանջում խաղի կանոնները։

Սերժը բացվեց, ու բոլորը տեսան, որ գործ ունեն միջակությունից էլ ցածր մակարդակի գործչի և քյաբաբախորովածային մտածողությամբ օժտված ղեկավարի հետ։ Դա է պատճառը, որ ոչմրցակցային ընտրություններում նա դե ֆակտո պարտվեց անգամ սեփական «ֆեյքին»՝ Րաֆֆի Հովհաննիսյանին։

Հարցն այն չէ, որ նման մարդիկ չպիտի լինեն։ Սերժի տիպի մարդիկ շատ կան մեր ազգի մեջ, և դա նորմալ երևույթ է։ Բոլոր ազգերի մեջ էլ կան գորշություններ և միջակություններ։ Հարցը տվյալ դեպքում այն է, որ այդ տիպի մարդը չպետք է հայտնվի պետության ղեկին, քանզի գորշությունն ու միջակությունը համապետական ու համազգային առաքելություն չեն ունենում այնպես, ինչպես Սերժ Սարգսյանն առաքելություն չունի։ Իշխանությունը նրան հարկավոր է հանուն իշխանության։

Երբ 2008թ. Սերժ Սարգսյանն ընտրակեղծիքների ու մարտի 1–ի միջոցով եկավ իշխանության, այսպես կոչված առաքելություն ձևակերպեց։ Նա խոստացավ բացել հայ–թուրքական սահմանը, կառուցել Իրան–Հայաստան երկաթգիծը, գործարկել նոր ատոմակայանը, Դիլիջանը դարձնել միջազգային ֆինանսական, իսկ Ջերմուկը՝ առողջարանային կենտրոն, հինգ տարվա ընթացքում կրկնապատկել ՀՆԱ–ն, կրճատել աղքատությունը և այլն, և այլն, և այլն։

Իրականում եղավ ճիշտ հակառակը։ «Ֆուտբոլային» դիվանագիտությունը հարվածեց ՀՀ և ԼՂՀ անվտանգությանը, իսկ տիգրանսարգսյանական «բարեշրջումները» հանգեցրին տնտեսական անկման և աղքատության ավելացման։ Աճ գրանցվեց միայն Սերժ Սարգսյանի նեղ շրջապատի տնտեսական ակտիվներում։ Անգրագետ Սաշիկը փոխարինվեց գրագետ Միշիկով։ Սա՛ էր «բարեշրջման» ամբողջ էությունը, բայց դրանից բիզնես դաշտում կենտրոնացվածությունն ավելի մեծացավ և տնտեսական կյանքն է՛լ ավելի մենաշնորհայնացվեց։

Ինչ վերաբերում է պետական կառավարման համակարգին, ապա խաղի կանոն է դարձել  բանսարկությունը, դեմագոգիան ու անսահման ցինիզմը։ Պետությունը կառավարվում է բացառապես «մուտիլովկաներով» և կեղծիքի միջոցով։

Ձախողելով նախագահության առաջին հնգամյակը՝ Սերժն ընտրակեղծիքների միջոցով գնում է երկրորդ ժամկետի։ Նրա թիմը հիմա նոր առաքելություն է ուզում ձևակերպել։ Ուզում են համոզել, թե նախորդ հինգ տարիներին նա տապալվեց ՀՀ ներքին ու արտաքին քաղաքական հարցերում,  քանի որ շրջապատված էր չար օլիգարխներով, իսկ Ռոբերտ Քոչարյանը, Գագիկ Ծառուկյանն ու Լևոն Տեր–Պետրոսյանը չէին թողնում, որ մարդն աշխատի։ Եվ հետևաբար՝ պետք է շանս տալ, որ նա իրեն առաջիկա հինգ տարիներին արդարացնի։

«Ընտրության» արդյունքների մասով էլ հետևյալ հեքիաթն է դրվել շրջանառության մեջ. «Ճիշտ է, Սերժը կրկին կեղծիքներով դարձավ նախագահ, բայց դա իր մեղքը չէ։ Մեղավոր են լիսկաները և Բռնակոթի գյուղապետը» (ի դեպ, Րաֆֆի Հովհաննիսյանն ամեն կերպ նպաստում է այդ հեթիաթի տարածմանը՝ պահանջելով գյուղապետների հրաժարականը)։

«Եկեք, ուրեմն, միավորվենք Սերժի շուրջը և նրանից պահանջենք ազատվել ընտրակեղծարար մարզպետներից ու համայնքապետներից, հղփացած պաշտոնյաներից ու հարուստներից, և կտեսնեք, թե դրանից հետո Հայաստանն ինչպիսի դրախտավայր կդառնա»,–հերթական բլեֆն են շրջանառության մեջ դրել Սերժի շրջապատն ու «անկախ» մամուլը (Րաֆֆին էլ՝ վրադիր)։

Նույն շրջանակները տողատակում նաև քարոզում են՝ եթե չեք հավատում Սերժին, ապա «վաբշե տո» ճիշտ եք անում, բայց ամեն դեպքում պետք է նրան աջակցեք, որպեսզի նա մաքրի պետական ապարատը, սեփականության վերաբաշխում իրականացնի, պայքարի հարուստների դեմ ու հետագայում իշխանությունը հանձնի փեսային՝ Միքայել Մինասյանին։

«Այ, կգա 2018–ին առաջադեմ Միքայել Մինասյանը, ամեն ինչ կբարեփոխի»,– թուրքմենբաշիական ծրագրերին առաջադեմ տեսք են ուզում տալ ոչ անհայտ շրջանակները։

Նկատենք, սակայն, որ ինչպիսի հեքիաթներ էլ դրվեն շրջանառության մեջ և ինչպիսի բլեֆ էլ ուզենան անել, դրանից Սերժի ու իրեն կցված երիտօլիգարխիայի հետադիմական ու հակապետական էությունը չի փոխվում։ Սերժ Սարգսյանն առաքելություն չունի և հետևաբար՝ պետք է հեռանա։ Ավելի ճիշտ՝ պետք է հեռացնել։ «Սառը» պատերազմի մեջ և բարդ տարաշրջանում գտնվող Հայաստանի համար պարզապես աններելի շռայլություն է նման ղեկավար ունենալը։ Իսկ թե ով և ինչպես պետք է հեռացնի Սերժին, այլ խոսակցության թեմա է։

Մեկ բան ակնհայտ է. Սերժին թողած՝ Բռնակոթի գյուղապետի դեմ պայքարելով, հաստատ, բարև չես տա իշխանափոխությանը։ Պետք է վերջ տալ մեյմունությանը։

 Կորյուն Մանուկյան

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s


%d bloggers like this: