Վարչախումբը չի կարողանա ևս հինգ տարի իշխել

by

534070_10151568815225821_1265546667_n

Հարցազրույց «Սարդարապատ» շարժման եւ «Նախախորհրդարան» քաղաքացիական նախաձեռնության ներկայացուցիչ Ժիրայր Սեֆիլյանի հետ.

-Պարո՛ն Սեֆիլյան, որոշ ժամանակ առաջ մեզ հետ զրույցում Դուք նշեցիք, որ նախագահական այս ընտրություններից հետո սկիզբ առած հետընտրական զարգացումները տարբերվում են 2008 թվականի հետընտրական իրադարձություններից, և որ իշխանափոխության շանսերը ներկայումս ավելի մեծ են, հիմա ի՞նչ կարծիքի եք:

-Նույն կարծիքին եմ: Այս անգամ ժողովուրդն ընդվզեց միահամուռ և ինքնաբուխ կերպով՝ ավելի մեծ ծավալով, և հանդես եկավ որպես համակարգային փոփոխություններ ակնկալող պահանջատեր ու իրավատեր: Դրա ակնհայտ ապացույցն էր նաև այն հանգամանքը, որ ծրագրային քայլերի սպասող ժողովուրդը ապրիլի 9-ին չընդունեց համակարգի ներսում շարժումը շարունակելու վերաբերյալ Րաֆֆի Հովհաննիսյանի մոտեցումները, թեև նա իր ընտրած թեկնածուն էր:

-Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորած շարժումն ապրիլի 9-ի իրադարձություններից հետո արդյո՞ք կարող է ինչ-որ հաջողությունների հասնել, ի՞նչ է առաջարկում «Նախախորհրդարան» քաղաքացիական նախաձեռնությունը և արդյո՞ք այժմ շարժման կողքին է:

-Այս շարժումը, հատկապես ապրիլի 9-ից հետո, չի կարող համարվել որևէ մեկի գլխավորած շարժում: Ժողովուրդը քաղաքական զարթոնք է ապրում ինչպես իր երկրում, այնպես էլ արտերկրում: Այն, ըստ էության, բոլոր նախադրյալներն ունի վերածվելու նորգաղութային տիրապետությունը թոթափելու և Հայաստանում իրապես ինքնիշխան նոր որակի պետություն կառուցելու ազգային-ազատագրական շարժման՝ սկիզբ դնելով հայության ու Հայաստանի վերածննդին: Ուստի, Նախախորհրդարանը ոչ թե շարժման կողքին է, այլ շարժման լիարժեք բաղադրիչ է: Ավելին, Նախախորհրդարանը շարժումը հաղթական ավարտին հասցնելու հստակ ծրագիր ունեցող ուժ է: Այդ ծրագիրը ենթադրում է հետևյալ հիմնական քայլերը.

1. ժողովրդի ինքնակազմակերպման միջոցով ստեղծել Հայաստանում (Արցախը՝ ներառյալ) և արտերկրի գաղթօջախներում գործող համահայկական ցանց՝ վերածվելով անհաղթահարելի ուժի:

2. Այլընտրանքային ընտրությունների միջոցով ձևավորել առկա կառավարման համակարգին

զուգահեռաբար գործող կառավարման մարմիններ (դրանցից գլխավորը նոր որակի պետության Հիմնադիր խորհրդարանն է):

3. Հիմնադիր խորհրդարանի և քաղաքացիների միջև անձ առ անձ պայմանագրեր կնքելու միջոցով լեգիտիմացնել այդ կառավարման մարմիններին:

4. Ազդեցության և ճնշման, այդ թվում՝ քաղաքացիական անհնազանդության, տարբեր մեթոդների ու միջոցների գործադրմամբ կիրառել համահայկական ցանցի անհաղթահարելի ուժը և անցնցում կերպով հեռացնել վարչախմբին:

5. Քաղաքացիների հետ կնքվող պայմանագրում սահմանված ժամկետով հայտարարել անցումային ժողովրդավարության սկզբունքով իրականացվող անցումային կառավարման փուլ և ստեղծել նոր որակի պետության ձևավորման ու զարգացման համար անհրաժեշտ համակարգային նախադրյալներն ու պայմանները:

6. Անցումային կառավարման փուլի ավարտին կազմակերպել ժողովրդավարական ընտրություններ և ձևավորել պետական կառավարման մարմիններ:

-Արդյո՞ք կարելի է ամեն ինչ վերջացած համարել, թե հետընտրական պայքարը դեռևս հնարավոր է առաջ տանել: Եւ ի՞նչ կարելի է անել ժողովրդի շրջանում առկա հերթական հիասթափությունը կանխելու համար:

-Մեկ ճշգրտում: Հետընտրական փուլն առկա համակարգի գործընթաց է: Այն սկսվել է Սահմանադրական դատարանի որոշման օրվանից և ավարտվել է պաշտոնական երդմնակալության օրը՝ ապրիլի 9-ին: Եթե պայքարը շարունակի մնալ արդեն ավարտված գործընթացի տրամաբանության մեջ, շատ շուտով կմարի: Սակայն մեր ժողովրդի ուզածն ավելին է, քան գործող նախագահին մեկ ուրիշ անձով փոխարինելը: Ժողովուրդն ազատ, արժանապատիվ ու արդար կյանք է ուզում ինչպես ամեն մարդու, այնպես էլ ամբողջ ազգի համար, ինչը հնարավոր է միայն ազատ, արժանապատիվ ու արդար պետություն՝ նոր որակի պետություն, կառուցելու պարագայում: Ուստի, շարժումը պետք է կերպափոխվի ավելի երկարաժամկետ և ռազմավարական նպատակի համար, որը, ինչպես արդեն ասացի, ազգային-ազատագրական պայքարի միջոցով նոր որակի պետության ստեղծումն է: Մենք պետք է կարողանանք մեր ժողովրդի հետ միասին հաղթահարել ներհամակարգային մտածելակերպը, փրկիչներ որոնելու փոխարեն հույսը դնել մեր կոլեկտիվ մտքի, կամքի ու գործի վրա, և վերը նշված եղանակով ինքնակազմակերպվելով՝ կերտել մեր երազած Հայաստանը: Մենք համոզված ենք, որ մեր ժողովուրդը համախմբվելու է և հասնելու է հաղթանակի: Ժողովրդի իշխանությունը յուրացրած հանցավոր վարչախումբն ու նրա պարագլուխը չեն կարողանա ևս հինգ տարի իշխել, նրանք շատ ավելի շուտ հեռացվելու են ասպարեզից, և ժողովրդի կամքն իրականություն է դառնալու:

-Գնահատեք նաև ՀԱԿ –Ժառանգություն կուսակցությունների միջև սկիզբ առած վերջին տարաձայնությունները: Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց, թե ինչ պատճառով չի միացել Րաֆֆի Հովհաննիսյանին՝ նշելով. «Միանայի՝ ի՞նչ անեի, Վովա Գասպարյանի հետ աղոթե՞ի, դա չի եղել իմ մանկության երազանքը»,- սրան Ժառանգության ներկայացուցիչները պատասխանեցին՝ նշելով, թե տասը զոհերի երազանքը չի եղել Տեր-Պետրոսյանին լսելը: Ընդդիմադիր ուժերին հարիր պահվա՞ծք է սա:

-Այս ամենը ներհամակարգային մտածելակերպի և գործելակերպի հետևանք է: Մեր պետությունը կայացած չէ, ուստի կայացած չեն նաև նրա քաղաքական կուսակցությունները: Դրանք կամա թե ակամա վերածվել են ժողովրդին ու երկիրը կեղեքող նորգաղութային համակարգի բաղադրիչների: Համակարգի ներսում մնալով՝ նրանք նպաստում են այդ կեղեքմանն ու վարչախմբի վերարտադրությանը: Այդ է նաև պատճառը, որ նրանց ներկայացուցիչները հաճախ դրսևորում են ոչ քաղաքական վարքագիծ: Ուստի հերթական անգամ համակարգի ներսում գործող ընդդիմադիր ուժերին հորդորում եմ ձեռնպահ մնալ միմյանց հակադրվելուց և համակարգից դուրս գալով՝ համախմբվել ու լծվել ազգային-ազատագրական պայքարին: Բոլորս պետք է նկատի ունենանք, որ մեր հակասությունները թուլացնում են ընդդիմադիր ներուժը, պառակտում են ժողովրդին և ջուր են լցնում վարչախմբի ջրաղացին՝ նպաստելով նրա տիրապետության երկարաձգմանը:

-Ո՞րն է այս ամենի ելքը, ի՞նչ ճանապարհով են գնում ընդդիմադիր քաղաքական ուժերը և ում վրա կարող է այլևս հույս դնել ժողովուրդը:

-Քանի դեռ այդ ընդդիմադիր ուժերը գործում են վարչախմբի յուրացրած պետական կառավարման համակարգի ներսում, ոչ մի ճանապարհով էլ չեն գնում, այլ դոփում են տեղում: Ուստի ժողովուրդը պետք է հույսը դնի միայն իր վրա, հենվի համակարգից դուրս գտնվող իր քաղաքական և քաղաքացիական ակտիվի վրա և ինքնակազմակերպվելով՝ ստեղծի նոր որակի պետություն: Առիթից օգտվելով ուզում եմ տեղեկացնել, որ Նախախորհրդարանը պատրաստվում է հանրահավաքների և այլ միջոցառումների միջոցով իրազեկել մեր ծրագրերի մասին և մեկնարկ տալ ազգային-ազատագրական պայքարին: Հանրահավաքները նախատեսվում են հիմնականում մայիս ամսվա ընթացքում: Մինչ այդ, աշխատանքը առավելապես կատարվելու է հանդիպումների ձևաչափով: Օրերս Նախախորհրդարանի արտագնա նիստի շրջանակներում նման հանդիպում տեղի ունեցավ Վանաձորի համակիրների հետ, հաջորդը տեղի կունենա ապրիլի 20-ին՝ Գյումրիում տեղի ունենալիք արտագնա նիստի շրջանակներում:

Հարցազրույցը՝ Հերմինե Մկրտչյանի

One Response to “Վարչախումբը չի կարողանա ևս հինգ տարի իշխել”

  1. Armine G Says:

    Հրաշալի ծրագիր, որը պետք է իրագործենք միասնաբար: Ժողովուրդ, եկեք ուշադիր ընթերցեք յուրաքանչյուր բառը, յուրացևենք մեր այս ծրագիրը և գործի անցնենք: Նույնիսկ այս գաղափարների բացատրությունն ու տարածումը մեծ օգուտ կտա մեր ընդհանուր գործին: Ուրեմն.
    — Մեր հաղթանակը մեր միասնության մեջ է: Այսինքն մի կողմ դնենք մեր ԵՍ-ը ու անցնենք ՄԵՆՔ-ի:
    — Հրաժեշտ տանք մեր սովետական մտածելակերպին: Այսինքն մեր միջի վախը, կասկածը, դյուրահավատությունը դնենկ մի կողմ և ամրապնդվենք հույսով, հավատով ու համարձակությամբ:
    — Մերժենք կաշառքն ու անարդարությունը, չծախենք մեր հոգիներն ու մեր հայրենիքը: Այսինքն չհանդուրժենք սուտն ու անիրաւությունը:
    — Չծաղրենք մեր սայթաքած գործընկերներին, ներենք նրանց վրիպումները, չպառակտենք մեր իսկ շարքերը: Այսինքն ակամա չօգնենք քրեածին ներկա կառավարությանը:
    — Պրովոկացիաների չենթարկվենք: Այսինքն միշտ արթուն լինենք և չշեղվենք մեր ընթացքից:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s


%d bloggers like this: