Հեռակա երկխոսություն տեր ասողիկ կարապետյանի հետ կամ խելք սովորեցնելուց առաջ հարկ է խելք հավաքել

by

ՃԱՆԱՉԵՆՔ ԵՎ ԱՆԽԱԹԱՐ ՊԱՀԵՆՔ ՄԵՐ ԻՆՔՆՈՒԹՅՈՒՆԸ

Խոստմանս համաձայն, սիրով և ամենայն պատասխանատվությամբ, անդրադառնում ենք մեր հեռուստահարցազրույցի ձայնագրությունից կտրված և օրեր առաջ շրջանառության մեջ դրված այն հատվածին, որը, երբ հատվում է զրույցի թեմայի ամբողջականությունից, ինքնին դառնում է անհասկանալի: (Տեր Ասողիկ Կարապետյան)
Երկու ամսից ավել է, ինչ զբաղվածության պատճառով ՖԲ-ում գրառում չեմ կատարել: ՖԲ-յան ձեր այս գրառման մասին ինձ տեղեկացրեց ընկերներիցս մեկը: Հարցը կարևորելով, որոշեցի հանդես գալ որպես ձեզ ընդիմախոս: Նախ նշեմ, որ հեռուստահարցազրույցում ձեր արտասանած նախադասությունն ամբողջական էր, արտահայտած միտքը միարժեք: Ճիշտն ասած ես հույս ունեի, որ դուք կընդունեք ձեր սխալը, այն համարելով օրինակ մտքի կամ լեզվի սայթաքում: Սակայն դուք որոշեցիք արդարացումներ գտնել, իսկ ձեր ընդիմախոսներին էլ տգետ ու մոլորյալ որակել:(Համլետ Մարտիրոսյան)

Անկեղծորեն կուզենք նշել, որ չափազանց տարօրինակ է, երբ ամիսներ առաջ ներկայացված հեռուստահաղորդումից հատվում է խոսք, արտահայտություն և նույնիսկ գտնվում են մարդիկ, ովքեր «ջանասիրաբար» կարծիքներ են բարձրաձայնում, հոդվածներ գրում: Մեզ համար միանշանակ է, որ այս ամենը որոշ անձանց չարամտության արդյունք է:
Այս հատվածից արդեն հետևում է, որ ձեր հոգում չարություն ու վրդովմունք կա և դուք չեք կարող անաչառ լինել ձեր վերլուծության մեջ: Անաչառ ու ներողամիտ լինելու փոխարեն անհանդուրժողական կեցվածք եք ընդունում այլոց կարծիքների վերաբերյալ: Ինչու՞ չկարողացաք մնալ քրիստոնեական ներողամտության, հանդուրժողականության ու խոնարհության ծիրի մեջ: Ժողովրդական ասացվածք է. «Արջն իր ահից է գոռում»: Ձեր ահն ու վախը անձնական հեղինակությանը սպառնացող վտանգի գիտակցումն է: Այդ վտանգը վնասազերծելու համար ընդիմախոսների առաջ պարզում եք «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի» վահանակը:

Հույժ զարմանալի էր նաև այն աղմուկը, որ համացանցում ստեղծեցին իրենց աթեիստ ու հեթանոս համարողները. անտարակույս, նման կերպ կարող են արձագանքել միմիայն նրանք, ովքեր իրապես կասկածներ ունեն իրենց համոզմունքների, իրենց նկարագրի, իրենց ինքնության:
Ահա անհանդուրժողականության ու դիմացինին վիրավորելու շատ վատ թաքցված դրվագ: Ես էլ եմ արձագանքում, չունենալով ոչ մի կասկած իմ համոզմունքների ու ինքնության վերաբերյալ:

Արդարև, ամեն մարդ ի վերուստ օժտված է ազատ կամքով և իր տեսակետն անկաշկանդ հայտնելու իրավունքով, ուստի սիրով և ներողամտությամբ, նաև շնորհակալությամբ ենք ընդունում այն բոլոր կարծիքներն ու մեկնաբանությունները, որոնք գրվեցին:
Ահա այստեղից ու այսպես պիտի սկսեիք ու նույն ոգով շարունակեիք ձեր խոսքը: Բայց ավաղ, այդպես չվարվեցիք:
Մյուս կողմից, եթե ազատ կամքի շնորհն ԱԾ-ուց է, ապա դատելն էլ նրա իրավունքն է: Այս պարագայում պետք է հարգել դիմացինի կարծիքը և ձգտել փոխըմբռնման և ոչ առճակատման կամ պիտակավորման: Սակայն ԱԾ տվեց նաև 10 պատվիրանները, որոնք սահմանափակում են մարդու ազատ կամքի դրսևորումները: Դրանցից է մի խաբիր, սուտ վկայություն մի տուր: Այս պատվիրանը ձեր թղթի մեջ
շատ անգամներ է խախտվում (տես ստորև): Հուսանք, որ դրանք անգիտությունից են և ոչ միտումնավոր:

Իսկ այժմ նույն սիրով հրավիրում ենք ընթերցելու և ունկնդրելու մեր կարծիքը, մեր համոզմունքը, որն անձնական չէ, այլ դարերով հաստատված ճշմարտություն է, այլև այն արդար ու վավերական նժարն է, որով կշռվում է մեզանից յուրաքանչյուրի տեսակետն ու համոզմունքը:
Քանի որ ձեր գրածը ընթերցելուց հետո եմ պատասխան գրում, ապա միանգամից ասեմ, որ այնտեղ «դարերով հաստատված ճշմարտության» ստվեր իսկ չկա: Մեծ ի մասամբ չհիմնավորված դեկլարատիվ հայտարարություններ են, անհիմն ու անտեղյակ մարդկանց մոլորության մեջ գցող «վկայություններ»: Եւ այդ ֆոնի վրա, ո՝վ մահկանացու, հարկ չկա ներկայանալ որպես վերին ու բացարձակ ճշմարտության կրող: Ոչ երանի նրան, ում կարծիքը քո նժարով կկշռվի:

Ազգային պատկանելությունն ունի հստակ կառուցվածք, որի բաղադրիչներն են հոգեշունչ ու սրբազան հողը՝ Հայրենիքը, մարդու կենսաբանական ծագումը, մայրենի լեզուն, հավատքը և մշակույթը: Այս բաղադրիչները հիմնասյուներ են, որոնց վրա կառուցվում է անձի ազգային պատկանելությունը, նկարագիրը, ինքնությունը: Եվ եթե չկա այդ հիմնասյուներից գեթ մեկը, ապա վնասվում է ազգային շինվածքը, խաթարվում և թերի է դառնում ինքնությունը:
Մի փոքր ճշգրտում. ձեր նշած բաղադրիչներով տրվում է «ազգ» հասկացության մոտավոր սահմանումը: Անձի ազգային պատկանելիությունը որոշվում է այդ սահմանմամբ առանձնացված այս կամ այն խմբին տվյալ անձի պատկանելիությամբ: Տարբերությունը այն է, որ այդ հայտանիշների կրողն ամբողջությունն է՝ ազգը, և ոչ թե անհատը, ով այդ ամբողջության մի մասնիկն է և հայտանիշները, որպես կանոն, կրում է որոշ շեղումներով:

Շուրջ երկու հազար տարի է, որ հայ ժողովուրդը՝ մերժելով մոլոր կռապաշտությունը, դավանում է միակ ճշմարիտ Աստծուն՝ դառնալով Հիսուս Քրիստոսի հետևորդը:
Ինչպես դուք, այնպես էլ ցանկացած կրօնի (իսլամ, հուդաիզմ, բուդդիզմ և այլն) վարդապետ նույնն է կրկնում, թե իր աստվածն է միակ ճշմարիտը: Իսկ քանի որ ողջ Տիեզերքի ու մարդկության Արարիչ Աստվածը մեկն է, ուրեմն ստում եք բոլորդ: Քանզի բոլորդ ճշմարիտ աստվածապաշտությունից հեռացած աղանդներ եք, ձեր ենթաաղանդներով հանդերձ:
Ճշմարիտ Աստծո պաշտամունքը և այդ պաշտամունքը վարելու լեզուն ժամանակակից տիպի մարդուն տրվել է վերին հին քարի դարի Հայաստանի (Եդեմ) բնիկներին, իր մեջ կրել է Սուրբ Երրորդության, Որդի Աստծո պաշտամունքները, մկրտության ծեսը և այլն: Ավելի քան 15.000 տարի ճշմարիտ աստվածապաշտություն է եղել Հայաստանում և «մոլոր կռապաշտներ» անվանելով մեծ վիրավորանք եք հասցնում այն հայորդիներին, ովքեր առայժմ միայն գենետիկ հիշողությամբ են զգում այդ աստվածապաշտության գոյությունը: Սա ազգը պառակտելու ամենակարճ ճանապարհն է և դուք գնում եք այդ ճանապարհով: Այն դեպքում, երբ իրականում քրիստոնեության ու նախաքրիստոնեական ազգային կրօնի դավանաբանության միջև արմատական ընդհանուր եզրեր շատ կան: Քրիստոնեությունը, համեմատ մյուս կրօնների, ամենամոտն է կանգնած ճշմարիտ աստվածապաշտության բնին: Այդ է պատճառը, որ քրիստոնեա առաջին վարդապետները Հայաստանի քրիստոնեացումը «դարձ» անվանեցին: Պարսկա-հունական, հաճախ բռնի, ազդեցության տակ մարում էր հայոց ճշմարիտ աստվածապաշտության լույսը: Սակայն Հայաստանը քրիստոնեացնող պարթևա-ասորա-հրեա-հունական հոգևոր վերնախավն իսպառ հանգցրեց այդ լույսը:
Եթե նույնիսկ կարդացել եք քրիստոնեա վարդապետ Եզնիկ Կողբացու «Եղծ աղանդոցը», ապա ուշադրություն չեք դարձրել, որ նա հերքելով տարածաշրջանի բոլոր կրօնները, հայոց ազգային դիցարանի ոչ մի Աստծո անուն չի հիշատակում և չի հակադրում քրիստոնեական ուսմունքին: Մտածեք, քահանա Ասողիկ, ինչու՞: Իսկ դուք, որ քրիստոնեական դավանաբանության հարցերում դժվար թե գերազանցեք Եզնիկ վարդապետին, շտապում եք իրեն հեթանոս անվանող հային զրկել հայ կոչվելու իրավունքից:
Ոչ Աստված, ոչ էլ եկեղեցու կանոնակարգերը ձեզ նման իրավասություն չեն տվել: Դա ձեր անձնական տեսակետն է, որ դուք փորձում եք փաթաթել Հայ Առաքելական եկեղեցու վզին: Քրիստոնեության 1700 ամյա պատմության մեջ ոչ մի հայ վարդապետ նման միտք չի արտահայտել. անհավատ, ուրացող, թե ոճրագործ՝ արժանացել են համարժեք դատաստանի, սակայն նրանցից ոչ ոք չի զրկվել հայ կոչվելու իրավունքից, քանզի նրա ու նրա նախնիների հայ կոչվելու իրավունքը Աստծուց է: Ո՞վ եք դուք, Ասողիկ քահանա…

Քրիստոնեական հավատքի սուրբ պատվիրաններն ու պատգամները դառնում են այն բարոյական հենքը, որի վրա էլ խարսխվում է հայ անհատի, հայ ընտանքի, հայ հասարակության կյանքը: Հայ քրիստոնյան՝ ճշմարիտ աստվածաճանաչողությամբ այլակերպված ու պայծառակերպված իր հանճարով, մեծ լիցք է հաղորդում հազարամյակների խորքից եկող հայ մշակույթին:
Նորից սուտ վկայություններ են, նորից անհիմն դեկլարատիվ հայտարարություններ են (ինչպես ձեր գրած այս տեքստի մեծ մասը): «ճշմարիտ աստվածաճանաչողությամբ այլակերպված ու պայծառակերպված» — Ո՞րն է այդ այլակերպությունը: Ա՞յն, որ ողջ հայ ժողովուրդը (այդ թվում շատ հոգևորականներ) Վարդավառ է տոնում, բայց ոչ Քրիստոսի պայծառակերպությու՞ն: Ա՞յն, որ հայ գեղջուկն իր տան մեջ պահպանեց ազգային կրօնի էլեմենտներով գորգագործությունը, թե՞ այն, որ հայ գեղջուկը սերնդե- սերունդ բերանացի փոխանցեց ազգային դիցաբանության էպիկական պատումը՝ «Սասնա Ծռեր» էպոսը, և այլն, և այլն: Ու այս ամենը քրիստոնեությունն ուզում է կլանել և իրենից ու իրենով ծնված ներկայացնել: Հազարամյակների խորքից եկող մշակույթը հայ ազգի հանճարի արգասիքն է, բայց ոչ քրիստոնեության: Հոգևորականներդ պատեհ անպատեհ առիթով սիրում եք թվարկել Խորենացի, Շիրակացի, Նարեկացի, Տրդատ, Մոմիկ, Ռոսլին և այլ հանճարների անուները և նրանց հանճարեղ գործերը ներկայացնել որպես քրիստոնեական միջավայրի արդյունք (ընդ որում սրանցից շատերն իրենց կենդանության օրոք հալածվել են եկեղեցու կողմից): Հազար անգամ ոչ. նրանք պատկանում են հայոց արգանդի ծնած հանճարների շարքին, ովքեր ծնվել են և քրիստոնեությունից առաջ, և քրիստոնեության ժամանակներում, և սովետական շրջանում ու ծնվում են հիմա, ծնվելու են հետո և իրենց հանճարը դրսևորել ու դրսևորելու են անկախ այն հոգևոր-գաղափարական միջավայրից, որի մեջ կլինի ազգը:
Դեռևս բաց է այն հարցը, թե Հայաստանի բռնի քրիստոնեացումն իրականացնող հոգևոր վերնախավն ինչ ավերածություններ է գործել հայոց ազգային մշակույթի դաշտում: Հանրահայտներին հավելեմ մի օրինակ. քրիստոնեության մուտքով հայերենը հեղեղվեց օտար անուններով (Աբրահամ, Իսահակ, Պողոս, Պետրոս, Սիմոն և այլն) ու ծիսապաշտամունքային տերմիններով: Հայերենից դուրս մղվեցին շատ դիցանուններ, քրմական դասերի անվանումները, ծիսապաշտամունքային տերմիններ… Արդյունքում անվերադառնալիորեն կորցրինք հարյուրավոր բնիկ հայերեն բառեր:
Այստեղ տեղին է հիշել իմաստունների այն խոսքը, թե մի պղտորի այն աղբյուրի ակնը, որից ջուր ես խմում: Քրիստոնեությունն է խմել հայոց ազգային արժեքների ակնից (սկսած իր առաջացման օրիվանից), բայց ոչ հակառակը: Մի՛ պղտորեք այդ ԱԿՆԸ:

Հայ իրականության մեջ հավատքը նույնականանում է հայ ինքնությանը, դառնում հայի մաշկի գույնը: Հայ ժողովուրդը մշտապես մնում է այն համոզմունքին, որ առանց սուրբ մկրտության և հայաշունչ մյուռոնադրոշմի՝ հայկականությունը թերի է: Այդ մասին են վկայում նաև ժողովրդական ասույթները, որոնք դարեր շարունակ հնչում են հայ օջախներում, զոր օրինակ՝ «Հայոց հիմք` երկինց հեղված սուրբ մյուռոն», «Տանենք մեր զավակին մկրտենք, որ հայ դառա», «Ահա, հիմա, հայացա´վ մյուռոնով»:
Մի այլ սուտ վկայություն, որն այս անգամ հաստատ անգիտությունից է: Մկրտության նկատմամբ հայոց վերաբերմունքը կապ չունի քրիստոնեության հետ: Ջրով մկրտվելու ծեսը, որպես Հայ Աստծուց ծնված լինելու հիշողության վերարտադրում, որպես Հայ Աստծո ժառանգ համարվելու վկայական ու նրա կողմից հովանավորվելու գրավական, հայերը կատարել են քրիստոնեացումից շատ հազարամյակներ առաջ: Ք.ա. III-I հազ. սեպագիր տեքստերը վկայում են, որ Հայ Աստծո և նրա որդու տաճարներում եղել են սրբազան ջրի ավազաններ: Սա այն Աստվածն է, որից ծագել ենք մենք՝ հայերս և կրում ենք նրա սուրբ անունը: Սեպագիր աղբյուրներից զատ, դրա վառ ապացույցներն են այն փաստերը, որ Վահագնը ծնվում է Ծիրանի Ծովից, որ Սանասարն ու Բաղդասարը ծնվում են քաղցրահամ աղբյուրի ջրից, Սանասարն իր զօրությունը յոթնապատկում է, խմելով Ծովի ընդերքում բխող աղբյուրից, Սասնա հերոսների հզօրության ակունք Կաթնաղբհուրի ջրերն են և այլն: Որևէ այլ ազգ իր ծագումը Հայ Աստծո հետ կապելու հիմք ու հավակնություն չունի: Հայ ազգը աշխարհի միակ ազգն է, ով ընդերքից բխող քաղցրահամ ու կենսատու ջրերը համարել է իր Արարիչ Աստծո՝ Հայ Աստծո, մարմնավորումը: Հովհաննեսի ավետարանը Քրիստոսի բերանով է հնչեցնում. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում քեզ. եթէ մէկը Ջրից ու Հոգուց չծնուի, չի կարող Աստուծոյ արքայությունը մտնել.» (Հովհաննէս Գ, 5): Ո՞րն է պատճառը, որ Քրիստոսի աշակերտն իր ուսուցչի բերանով Ջրին ու Ս. Հոգուն ներկայացնում է հավասար կարգավիճակով: Պատճառը վերը գրվածն է: Այս պարագայում «Աստծո ընտրյալ ազգ» բնորոշման վերամեկնաբանման խնդիր կա նաև:
Իսկ մկրտության ծեսի քրիստոնեական մեկնաբանությունը Հովհաննես Մկրտիչի ձեռամբ Քրիստոսի մկրտության դրվագից այն կողմ չի անցնում և չի տրվում մկրտության խորհուրդի լիարժեք մեկնությունը:
Նախաքրիստոնեական շրջանում տաճարի ավազանը համարվել է ստորերկրյա քաղցրահամ ջրերի ավազանի (Ծիրանի Ծով, Արուն Ծով) մոդելը: Ըստ հին աշխարհընկալումային մոդելի, քաղցրահամ ջրերի ավազանը գտնվում էր պատմական Հայաստանի ընդերքում (Հայքը համարվում էր այդ ավազանի ծածկոցը, կափարիչը): Հայաստանից՝ նրա ընդերքում գտնվող ավազանից, են սկիզբ առնում Առաջավոր Ասիայի բոլոր խոշոր ու կենսատու գետերը և տարածվում դեպի աշխարհի չորս կողմերը: Այստեղից է գալիս Հայաստան=Եդեմի այն նկարագիրը, որ բերված է Ծննդոց գրքում: Ու նորից Հայաստանն ու հայոց մշակույթն են եղել այն ակունքը, որից սնվել են հին կտակարանի ու ավետարանների հեղինակները:
Վերադառնալով մկրտությանը, հավելեմ, որ մկրտվելը յուրաքանչյուր զտարյուն հայի անբեկանելի իրավունքն ու պարտքն է, Հայ Աստծուց ստացած շնորհն է՝ հայ=ջրածին կոչվելու: Մկրտելով հային, չի կարելի նրան ստիպել, որ ընդունի
քրիստոնեական դավանանքը: Հայ Առաքելական եկեղեցու առաջնային բարեփոխումներից մեկը պիտի լինի ամեն հայի մկրտելը, առանց այդ պարտադրանքի:

Եվ այսօր համայն աշխարհը հայ ժողովրդին ճանաչում է որպես քրիստոնյա ժողովուրդ, իսկ հայոց քրիստոնեական մշակույթը` որպես մեծ ավանդ համաշխարհային քաղաքակրթության մեջ: Հիրավի, կենսաբանական ծննդյամբ տրված ազգային պատկանելությունը դեռ բավարար չէ, քանի որ ազգային ինքնության ամբողջականության ընդունման դեպքում միայն անձը կարող է լինել ՀԱՅ:
Նախ, չկա «հայոց քրիստոնեական մշակույթ» ընդհանրական բնորոշում: Նման բնորոշումներ տվողներին է, որ անվանում եմ ակունքը պղտորողներ: Ընդհանրականը «հայկական մշակույթ» բնորոշումն է, որի մի կարճ ժամանակային փուլը պայմանականորեն կարող ենք կոչել «հայոց քրիստոնեական մշակույթ», ինչ մասին նշեցի վերը: Նշեցի նաև, որ հայոց մշակույթի ակունքները վերին հին քարի դարում են և 1700-ամյա քրիստոնեական շրջանը մի փոքրիկ դրվագ է միայն: Հիշեք, մասը չի կարող ներկայացնել ամբողջի լիարժեքությունը:
Երկրորդ՝ այսօր հայ կոչվելու կեսաբանական ծննդականը մի օղակն է հազարավոր սերունդներից կազմված մի անխզելի շղթայի, որի առաջին օղակը գտնվում է արարչության ժամանակներում: Կենսաբանական ծնունդների այս շղթայի միջոցով սերնդից սերունդ է փոխանցվել տեսակի գենետիկ համակարգում գրառված աստվածատուր ինֆորմացիան, որի դրսևորումներն են ազգային ինքնագիտակցությունը, լեզուն, հավատքը, մշակույթը: Զտարյուն կենսաբանական տեսակն է այդ ինֆորմացիայի կրողը, այն բացահայտողն ու մեկնաբանողը և նա վեր է ամեն ինչից:

Հայոց պատմությունն է փաստում, որ բոլոր նրանք, ովքեր ուրացել կամ հեռացել են Աստծուց, իրենց հայրերի սուրբ հավատքից՝ կորցրել են իրենց ազգային ինքնությունը, դարձել են կամ չարագործ, կամ ուծացել են և կորչել անհետ…:
Դուք շատ պատասխանատու ու միաժամանակ չհիմնավորված հայտարարություն եք անում, որով նաև ցեխ եք շպրտում շատ ու շատ մեծատաղանդ հայազգի մարդկանց վրա (հիմնականում սովետական շրջանի և սփյուռքի), ովքեր ոչ քրիստոնեության, ոչ եկեղեցու հետ ոչ մի առնչություն չունեին:
Ձեր ցուցակում անշուշտ դուք առաջին հերթին նկատի ունեք Վասակ Սյունուն, ով ավելի հեռատես քաղաքագետ էր քան Վարդան Մամիկոնյանը և ազգի ու ազգային պետականության գոյությունը իրավացիորեն վեր էր դասում հավատքից (ի դեպ նա էլ Վարդանի ու մյուսների հետ գնաց կեղծ հավատափոխության): Ձեր ցուցակի հաջորդը հավանաբար Մերուժան Արծրունին է, ով հավատափոխվեց (կեղծ թե իրական հայտնի չէ), բայց մի կարևոր գործ կատարեց. Հայաստանը մաքրեց մոտ կես միլիոն քաղաքաբնակ հրեաներից ու հրեադավան հայերից: Քրիստոնեական խմբագրված մատյանները խիստ կողմնակալ են այս հարցերում:
Քրիստոնեությունն իր մեջ առնելով հայոց ազգային կրօնի կարևոր բաղադրիչներից մեկը՝ մկրտության խորհուրդը, այն տարածեց բոլորի վրա, անկախ նրանց ազգային պատկանելիությունից: Նպատակը մեկն էր. ազգային, ցեղային պատկանելիությունը ստորադասել հավատքից, ինչը դարձավ քրիստոնեության տարածման մեծագույն գրավականը: Հին աշխարհում շատ-շատերի երազանքն էր հավասարվել աստվածազարմ արմեններին: Դրա մասին կան բազմաթիվ հնագիտական ու գրավոր փաստեր:
Հայոց պարագայում առաջնային ազգն է: Չկա ազգ, չկա ճշմարիտ աստվածապաշտություն, չկա պետականություն, լեզու, մշակույթ: Սակայն եթե կա ազգը (զտարյուն կենսաբանական տեսակը), ապա նա իր պետականությունն ու ճշմարիտ աստվածապաշտությունը, իր անաղարտ լեզուն ու մշակույթը վերականգնելու ուժ միշտ էլ կգտնի: Վկան մեր պատմության անցյալի էջերն են:
Հավատացնում եմ ձեզ, կյանքը տեսակների կռիվ է (այս հարցում Դարվինը ճիշտ է): Կռիվը հողի, փողի, փառքի ու մյուս նյութական արժեքների համար լոկ շղարշ է, որով ծածկվում ու թաքցվում են տեսակների միջև ընթացող կռիվը:

Ոչ հեռավոր անցյալում՝ Խորհրդային Հայաստանում, 1920-30-ական թվականներին, հենց աթեիստ հայն էր, որ իր ազգի մեջ թշնամիներ էր որոնում և կորստյան մատնում, պայթեցնում ու քանդում էր իր պատմամշակութային հուշարձանները՝ իր պապերի ու հայրերի կառուցած եկեղեցիներն ու վանքերը, գնդակահարում ու աքսորում էր հոգևորականներին և հավատքը չուրացող հայորդիներին:
Ձեր նշած և այդ ժամանակներում կատարված այլ ոճրագործությունների հեղինակի անունը հանրահայտ է — կոմունիստական տոտալիտարիզմ: Դա աթեիստ հայերի առանձնահատկությունը չէր: Շատ աթեիստ հայերի ջանքերով Սովետական Հայաստանում վերելք ապրեցին գիտություններն ու ազգային մշակույթը:

Իսկ այսօր, բոլոր մոլորյալ հայորդիք, ովքեր խաբեության ու անգիտության զոհը դառնալով հարել են աղանդներին՝ ուրանում են ոչ միայն իրենց հայրերի հավատքը, այլև մերժում են Հայրենիքը, լեզուն, մշակույթը…
«հայորդիք…խաբեության ու անգիտության զոհը դառնալով» — իսկ ու՞ր եք դու՛ք, հոտի «զգոն» պահապաններդ: Քահանա, քանի՞ հայ աթեիստի օջախում եք եղել ու զրույցով, քարոզով փորձել հավատքի բերել: Պատասխանն է. ոչ մի: Քահանա, քանի՞ հայ հեթանոսի հետ եք զրուցել ու փորձել փոխընբռնման եզրեր գտնել: Պատասխանն է. ոչ մի: Նրանց զոհ եք անվանում, բայց զոհին փրկելու համար ոչինչ չեք ձեռնարկում: Շատ հաստափոր քահանաններ եկեղեցում ձեռքերը կրծքին խաչած սպասում են, թե քանի հոգի է գալու եկեղեցի: Այդպիսինները իրենց համար միայն մի անելիք են տեսնում. ինչպե՞ս ծախսել նվիրատվություններից ու մոմավաճառությունից գոյացած գումարները:
Ետ նայեք ու տեսեք, թե ինչ սար ու ձորեր կան այժմեան քահանաների ու քրիստոնեական առաջին քարոզիչների միջև: Նրանք մեծագույն զրկանքների գնով բնակավայրից բնակավայր էին գնում ու հեթանոսներին քրիստոնեություն քարոզում: Դուք քահանայությունն ընկալում եք որպես եկամտաբեր պաշտոն ու ալարում եք քրիստոնեա համարվող Հայաստանում որևէ օջախ մտնել մտերմիկ զրույցներով քարոզելու համար: Հայոց օջախները ձեզ համար կամ մեռելատներ են, կամ՝ հարսանքատներ:

Հետևաբար, այն հայը, ով մասամբ կամ ամբողջապես հեռանում է իր ազգային արժեքներից՝ օտարանալով, խորթանալով հայկականությունից, նա բնավ չի կարող հայ ինքնության լիարժեք կրողը լինել և ծառայել Հայաստանի ու հայ ժողովրդի կենսական շահերին:
Սա ճիշտ է, մի բացառությամբ. այն է, որ դուք «հայկականության» վերաբերյալ կիսատ-պռատ, իսկ հաճախ կեղծ, պատկերացումներ ունեք:

Հայոց ազգային եկեղեցին հայ ինքնության կերտողն է եղել և շարունակում է մնալ:
Դուք հոտը հավաքող հովիվ եք, թե՞ հոտը ցրող գայլ: Չէ որ նման անհիմն ու անպատասխանատու հայտարարությամբ մարդկանց վանում եք ոչ միայն ձեզնից, այլ
նաև քրիստոնեությունից ու եկեղեցուց: Հայ ազգի ինքնության կերտողը ինքը՝ հայ ազգն է: Նորից կրկնեմ. 1700 տարին ավելի քան 17000 տարվա մի չնչին մասն է:
Գոնե Գրիգոր Տաթևացուն հիշեք, ով հայոց ինքնության 10 գլխավոր բաղադրիչները համարում է աստվածատուր շնորհներ, բայց ոչ երբեք եկեղեցու գործունեության արդյունք: Ավելին, հայոց ինքնությանը զգալի վնաս են հասցրել այլասերված բարքի տեր շատ հոգևորականներ, որոնց թիվն այսօր էլ զգալի է:

Հետևաբար, նա, ով իրեն դուրս է համարում Հայոց Եկեղեցուց՝ հեռու է ազգային ինքնությունից:
Ի վերջո դուք ձեր ճախարակն անարդյունք պտտեցիք ու այս վերջին նախադասությամբ վերադարձաք ձեր այն կեղծ տեսակետին, ինչից սկսվեց այս պատմությունը, ինչն իրավացի բողոքի պատճառ դարձավ:

Ահա սա է մեր՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հոգևոր սպասավորիս տեսակետը, համոզմունքը և առաքելությունը: Այո, առաքելությունը, քանի որ կոչված ենք նաև դեպի ազգային ինքնությանը վերադարձնելու այն հայորդիներին, ովքեր այս կամ այն կերպ պարպվել են հայկականությունից:
Անշուշտ այսպես ամպագոռգոռ էլ պիտի ավարտեիք, քանզի ձեր խնդիրը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն պաշտպանելը չէր, այլ ձեր անձը, անունն ու հեղինակությունը վարկաբեկվելուց փրկելու փորձը:

Մնում ենք սիրով և հանապազօրյա աղոթքով, որ բոլոր հայորդիները ճանաչեն և անխաթար պահեն իրենց ազգային ինքնությունը և շեն ու պայծառ լինի Հայոց աշխարհը:

Ասողիկ քահանա Կարապետյան
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի
Թանգարանների և արխիվի տնօրեն

P.S. — Հրապարակայնորեն անկեղծանալուս նպատակը ձեզ վարկաբեկելը կամ նվաստացնելը չէ և կարծում եմ այդպես կընկալեք թե դուք, թե մյուս ընթերցողները: Իմ նպատակն է սթափության կոչ անել թե ձեզ, թե ձեր որոշ ընդիմախոսներին, որպեսզի ազգը պառակտման տանող նման պատասխանատու հարցերի վերաբերյալ տեսակետներ բարձրաձայնելուց առաջ երկար խորհեք: Բարին ընդ ձեզ:

 

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s


%d bloggers like this: