Քրիստոնեության մուտքը հայաստան. Առասպե՞լ, թե՞ իրականություն

by

Համաձայն Մովսես Խորենացու` դեռ Տրդատ Գ արքայից շատ առաջ` I դարում, Եդեսիայի հայոց Աբգար թագավորի օրոք հայերը քրիստոնեություն են ընդունել: Պատմաբանները, մեկնաբանելով Խորենացու հաղորդումը, նրա մեջբերումներն ավանդապատում են համարել: Չնայած պատմությանը հայտնի է Եդեսիայում Աբգար անունով քրիստոնյա թագավոր (Աբգար 9-րդ, 179 – 214), սակայն այս Աբգարն ապրել է Հիսուսի մահից շատ անց, և Խորենացու հաղորդումը նրան չէր կարող վերաբերել:

Քերթողահոր մեջբերումը կարող է վերաբերել թերևս Եդեսիայի Աբգար 5-րդ Ուքամ (Սև) թագավորին, որ ապրել ու թագավորել է I դարում:

Վաղնջական ժամանակներից հյուսիսային Միջագետքը եղել է հայաբնակ և հայոց քաղաքական ոլորտում: Այն սկզբնաղբյուրներում հայտնի է Միջագետք հայոց անվամբ, որի կենտրոնական գավառն էր Արվաստանը` Մծբին կենտրոնով: Այստեղ դեռ մ.թ.ա. III դարից իշխում էր հայ Երվանդունիներից սերված Աբգարյանների տոհմը:

Համաձայն Խորենացու` Աբգար թագավորը այցելում է իր ազգակից պարթև Արշակունիներին և այնտեղ ծանր հիվանդանում: Չկարողանալով բուժվել` թագավորը որոշում է դիմել Պաղեստինում քարոզող Հիսուսին: Համաձայն ավանդույթի` Աբգարը Հիսուսի մասին լսել էր Աղձնիքի բդեշխից և Ապահունյաց նահապետից: Նրանցից լսելով Հիսուսի գործերի մասին`  արքան ասում է. «Դրանք մարդու զորություններ չեն, այլ աստծո, որովհետև մարդկանցից ոչ ոք չի կարող մեռելներ հարուցանել, այլ միայն աստված»:

Ապա Աբգար արքան նամակ է ուղարկում Հիսուսին. «Լսել եմ քո մասին և այն բժշկությունների մասին, որ կատարվում են քո ձեռքով  առանց դեղերի ու արմատների… Երբ այս ամենը քո մասին լսեցի, մտքում դրեցի այս երկուսից մեկը.  կա՛մ դու Աստված կլինես, որ երկնքից իջել ես, այս բաներն անում ես, կա՛մ Աստծո որդի: Այս պատճառով քեզ գրեցի աղաչելով, որ նեղություն կրես, գաս ինձ մոտ և բժշկես իմ հիվանդությունը: Նաև լսեցի, թե հրեաները քեզնից դժգոհում են և ուզում են քեզ չարչարել: Բայց ես մի փոքր և գեղեցիկ քաղաք ունեմ, որ երկուսիս էլ բավական է…»:

Աբգարի սուրհանդակները Աբգարի նամակը Անդրեաս և Փիլիպոս առաքյալների միջոցով հանձնում են Հիսուսին:

Խորենացին մեջբերում է նաև Հիսուսի խոսքը Աբգարին, որ նրա հանձնարարականով գրի է առել Թովմաս առաքյալը. «Երանի նրանց, ովքեր ինձ հավատում են, ինձ տեսած չլինելով… Իսկ դու ինձ գրեցիր, որ գամ քեզ մոտ: Ես այստեղ պիտի կատարեմ այն բոլորը, որի համար ուղարկված եմ… Քեզ մոտ կուղարկեմ իմ այս աշակերտներից մեկին, որ քո ցավերը բժշկի և կյանք շնորհի քեզ և քեզ հետ եղողներին…»:

Հիսուսը Աբգարի սուրհանդակ Անանի հետ պատասխան նամակի հետ ուղարկում է նաև իր պատկերը:

Համաձայն ավանդության` Հիսուսի խաչելությունից հետո Հայաստան են այցելում և նրա խոսքն են քարոզում Թադևոս ու Բարդուղիմեոս առաքյալները:

Դեռ I-IV դարերում Հայաստանում քրիստոնյա շատ քարոզիչներ են գործել: Երկրում որոշ տեղեր քրիստոնյա համայնքներ գոյություն ունեին: Նոր կրոնը մուտք է գործում անգամ հայոց արքունիք, թագավորական ընտանիք և ազնվականության դասը:

Բագրատունի իշխաններն ավանդաբար քրիստոնեության դրոշակակիրներն էին (հավանաբար այդ է պատճառը, որ հետագայում քերթողահայր Խորենացին նրանց հրեական ծագում է վերագրել):

II դարում Հայաստանում ամենահայտնի քարոզիչը Բարդածան ասորին էր, որին հայոց Խոսրով Ա թագավորը հրավիրել է հայոց արքունիք և հանձնարարել գրել Արշակունյաց տոհմի պատմությունը:

III դարում Մեծ Հայքում գործել է Արքեղայոս եպիսկոպոսը: Իսկ քրիստոնեությունը Հայաստանում վերջնականապես ամրապնդվեց Տրդատ Գ Արշակունու օրոք (287 – 330):

Ավանդույթը պատմում է Տրդատի` քրիստոնյաներին հալածելու, Գրիգոր Պարթևին բանտարկելու, արքայի այլակերպության և նրա քրիստոնեական դարձի մասին:

Իրականում, քրիստոնեության ընդունումը որևէ աղերս չէր կարող ունենալ նշված ավանդույթի հետ: Այն ուներ խոր քաղաքական, սոցիալական արմատներ: Մինչ 301 թվականն էլ քրիստոնեությունը Հայաստանում առկա էր և պետության կողմից այն ուժեղ հալածանքի չէր ենթարկվել: Վկան` Հայաստանի տարածքում գործած քրիստոնեական համայնքները, Դարանաղում, Դերջանում, այլուր հաստատված եպիսկոպոսությունները:

II-III դարերում քաղաքակիրթ հանրությունը հասարակական կացության նոր էտապ էր ապրում: Քայքայվում էր ստրկատիրական հասարակարգը, և նրան փոխարինելու էր գալիս ավատատիրությունը: Փոփոխությունների էին ենթարկվում սեփականության ձևերը, հասարակական հարաբերությունները: Այս համապատկերում էլ Հայաստանի ավատատիրական էլիտան նոր կրոնի մեջ տեսնում էր իր շահերի պաշտպանին ու հենարանին:

Իսկ հայկական ավանդույթը քրիստոնեության մուտքը Հայաստան կապում է մեկ մարդու հետ: Գրիգոր Պարթև. ո՞վ էր նա:

226 թ. Հայաստանի հարևան և բարեկամ երկրում ռազմական հեղաշրջման արդյունքում Արշակունիների թագավորությունը տապալվում է, սպանվում է Արտավան Ե արքան, և գահ է բարձրանում Արտաշիր Պապականը` հիմք դնելով Սասանյանների հարստությանը:

Բնականաբար, այս հեղաշրջումը չէր կարող անարձագանք մնալ Հայաստանում, որտեղ իշխող Արշակունի Խոսրով Ա արքան պատերազմ է հայտարարում Սասանյան Պարսկաստանին և երկար տարիներ ավերածությունների ենթարկում Իրանը:

Միաժամանակ Սասանյանների դեմ պատերազմ են սկսում Միջին Ասիայի քուշանները, Մազքութաց Արշակունիները:

Օղակի մեջ հայտնված պարսից Շապուհ Ա արքան դիմեց խորամանկության: Նրա պատվերով, իբր Շապուհի հալածանքներից խուսափելու համար, ընտանիքով Հայաստան է «փախչում» Սուրենյան Պահլավ տոհմից Անանկ Պարթևը: Խոսրովը երկու պատճառ ուներ Անանկին ընդունելու համար: Նախ` Շապուհի «թշնամին» էր, ապա` Սուրենյան Պահլավի տոհմը ազգակից էր Արշակունիներին:

Եվ Անանկ ստահակը կատարում է իր սև գործը. երեք տարի հայոց արքայի հյուրընկալությունը վայելելուց հետո նա դավադրաբար սպանում է Խոսրովին: Հայոց նախարարները, բնականաբար, ոչնչացնում են Անանկի ողջ ընտանիքը, բացի Գրիգոր անունով մանուկից, որին ստնտուները փախցնում են արտասահման: Ահա այս Գրիգոր Պարթևն է, որ հայոց աշխարհում շատ խառնակությունների և դարակազմիկ իրադարձությունների պատճառը պիտի դառնար:

Գրիգոր Պարթևը մեծացավ և ուսում առավ Կապադովկիայի Կեսարիա քաղաքում: Մանկուց նա քրիստոնյա համայնքի մեջ էր, իսկ երբ չափահաս դարձավ, Դավիթ անունով մի հավատացյալ (հավանաբար հրեա) նրան պսակեց իր Մարիամ անունով դստեր հետ: Սակայն երեք տարի անց Գրիգորը լքում է կնոջն ու ընտանիքը և գալիս Հայաստան` ծառայելու Տրդատ III-ի արքունիքում: Հավանաբար Գրիգոր Պարթևի Հայաստան գալու բուն նպատակը հենց քրիստոնեություն քարոզելն էր, այլապես քիչ հավանական է, որ նա իր կյանքը վտանգի ենթարկեր` Տրդատի արքունիք գալով: Ամեն դեպքում, նախնական շրջանում նա ծպտված էր հանդես գալիս, և ոչ ոք չգիտեր, որ նա Անանկ ստահակի որդին է:

Սակայն հայկական ավանդույթը պատմում է, որ Անահիտ աստվածուհու Երիզայում գտնվող սրբավայրում ծիսակատարության ժամանակ Տրդատ արքան հրամայում է Գրիգորին, որ երկրպագի աստվածուհուն: Գրիգորը հրաժարվում է կատարել հրամանը, և ահա պարզվում է Գրիգորի ոչ միայն քրիստոնյա լինելը, այլև` ծագումը:

Երբ զայրացած արքան հարցաքննում է Գրիգորին, վերջինս իրեն ավելի անսանձ ու անպարկեշտ է պահում` արքային անվանելով «ապուշ, ձի, ջորի» , «մտքով եզից ու էշից պակասամիտ»:

Տրդատ արքան ստիպված էր տանջանքների ենթարկել ամբարտավանին և նետել Խոր Վիրապ կոչվող արքայական զնդանը: Համաձայն առասպելի` Գրիգորն այս զնդանում մնաց 13 տարի: Նույն առասպելը պատմում է, որ մի կին, երազում հրաման ստանալով, ամեն օր մեկ նկանակ է նետում, որպեսզի բանտարկյալը կարողանա ուտել և գոյատևել: Սա, իհարկե, միայն առասպել է: Ոչ մի կին չէր կարող անգամ մոտենալ արքայական զնդանին, ուր մնաց` այնտեղ հաց նետեր:

Ապա առասպելը պատմում է Տրդատի` Հռիփսիմե կույսի հանդեպ տածած անզուսպ կրքի և նրանց պայքարի մասին: Պայքար, որ ավարտվում է Հռիփսիմեի ու նրա ընկերուհիների նահատակությամբ, Տրդատի հիվանդությամբ: Եվ արքային հիվանդության ճանկերից ազատելու համար հիշում են Գրիգոր Պարթևին, ստիպված են լինում ազատել նրան զնդանից և դիմել նրա օգնությանը…

Եվ այստեղ սկսում է քաղաքական և հոգևոր հեղաշրջումը… Հավատափոխ արքան, առաջնորդ ունենալով Գրիգոր Պարթևին, հրով ու սրով իր երկրում տարածում է նոր հավատը: Արքայի հրամանով քանդվում են հայոց հրաշագեղ տաճարները, երկրից արմատախիլ է արվում բնապաշտական մշակույթը, ավերակների է վերածվում ամեն ինչ. կարծես դրանք օտարի, թշնամու ստեղծածն էին:

Տարօրինակ է, բայց փաստ. հայը, որ անգամ նվաճելիս խնայել ու պահպանել է ուրիշի ստեղծածը, այն ամենը, ինչ գեղեցիկ է, արմատախիլ արեց ու ոչնչացրեց սեփականը…

 

 Վահե ԱՆԹԱՆԵՍՅԱՆ

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s


%d bloggers like this: