Մեծազոր Միհրի Ծնունդը

by

Այս կամ այն ցեղը մոտավոր ճշտությամբ դիմագծելու համար` նրան պիտի դիտել իր հոգու հայելու` իր կրոնի մեջ, որովհետև ցեղի մոտավոր ինքնահայտնությունը հնարավոր է միայն իր աստվածների՛ միջոցով: Իր մտաբարոյական զարգացման չափով, ցեղն իր կրոնի մեջ դնում է իր հոգեբանական գծերը, իր աշխարհզգացությունը, իր բնազանցական էությունը: Հայը լինելիական է, — հաստատում է հայոց հեթանոս կրոնը: Լինելիակա՛ն է հայը – ահա՛ ակն ու աղբյուրը՝ մեր մեծ Հույսի և Զորույթի: Այս է, որ հուրախություն թուրքի, դեռ չի գիտակցում հայ մտավորականությունը` իր մեծամասնության մեջ:
Գարեգին Նժդեհ

Ձմեռային արևադարձ է, և Հայը հազարամյակներ շարունակ, այս օրը տոնել է Մեծազոր Միհրի ծնունդը: Երկնային Լույսի և Արեգակի, Ճշմարտության, Ներազգային Համաձայնության լուսաճաճանչ Դիցն է Միհրը՝ Արարչադիր օրենքի մարմնավորողն ու հովանավորը: Արարչի ամենատես ու արդարադատ որդին, Տիեզերական Ջահը ձեռքին հսկում է Արարչական օրենքների, Աստվածադիր կարգի պահպանմանը, նաև՝ օրենքներ է սահմանում, հետևում տիեզերական ներդաշնակությանը, Հայորդիների համաձայնությանն ու միաբանությանը: Ժայռածին է մեծազոր Դիցը: Ամեն օր, իր ոսկյա մարտակառքով նա բարձրանում է Արագածի վեհաշուք գագաթն ու այնտեղից հսկո՛ւմ Հայոց Հայրենիքին: Ստի ու կեղծիքի ոխերիմ թշնամի՛ն է Արդարադատ Դիցը, ուստի Հայը երբե՛ք չի ստել: Պահիր ու պաշտպանի՛ր Ազգդ ու Հայրենիդ,- պատգամում է Միհրը, և Միհրապաշտ Հայքում ծաղկո՛ւմ էին մեր Ազգն ու Հայրենին: Ոչնչացրո՛ւ թշնամուդ,- պատգամում է Միհրը, և Հայոց Արևապաշտ Տիրակալներն իրենց կյա՛նքն էին անցկացնում՝ մեր Տեսակին սպառնացող ամենաչնչին վտանգն իսկ, իր բնում խեղդելու համար: Եղիր հաստատակամ ու խիզախ՝ ռազմի դաշտում,- կամենում է Միհրը, և Հայ զինվորի անունը հոմանիշ էր քաջության ու արիությա՛ն: Ապրիր ազատ ու պատվավոր, — պատգամում է Միհրը, և հեթանոսը Հայն իր ամենազոր Դիցի այս պատգամնե՛րն էր տարածում՝ մինչև այնտեղ, ուր հասնում էր Հայոց ռազմիկների սուրը:

Դարերի ընթացքում, նենգափոխվեց ու գլխիվայր շրջվեց Հայոց Արէգ-Դիցի պաշտամունքի խորհուրդը, և նրա կենսածին, արդար ուժի և հպարտանքի աղբյուր հանդիսացող պատգամները փոխարինվեցին «սնանկների ու տնանկների» վարդապետությամբ: ՈՒ Հայոց Լուսեղեն Դիցի հմայքը, ուժն ու խորհուրդն հիշեցնող ամեն ինչ խարանվեց ու պարփակվեց չարամտորեն հորինված մեկ անվան մեջ՝ «Վատմիհր»: Բայց իզուր. Ագռավաքարում անշե՛ջ է պահվում արտացոլումը մեհենական սրբազան հրի՝ Միհրական Օխնուկ Կրակը, որ, ժայթքե՛լու է դեռ, դո՛ւրս է ելնելու Մհերի հետ ու մաքրագործելով յուրաքանչյուրիս սիրտն ու հոգին, Հայ Ոգու Փառքի նոր ոսկեդա՛րն է բերելու աշխարհին: Մեր գյուղերում, դեռ ավետո՛ւմ են աքաղաղները սրընթաց վերելքն ամեծազոր Դիցի՝ Արագածն ի վեր. ամեն այգաբաց, այստե՛ղ է հսկվում, նախապատրաստվում այն օրը, երբ Միհրի տոնը նշող Հայկազունները կվերականգնեն մեհյանները նաև՝ Դերջանում, Վասպուրականում, ու այլուր: Իսկ մինչ այդ,
Միհրական Հուրը թող երբե՛ք չլքի Հայոց սրտերը: Բարի Լույսն ու Արեգակը թող պահպանե՛ն Հայի ուժը, արարելու կամքն ու նվիրումը: Մեծազոր Դիցի կամքով երկնքում ամբարվող սրբազան մեղրը թող ծորա՛ ամեն պահ՝ Հայոց սուրբ հողին: Թող բարի՛ք երկնեն Հայոց դաշտերը: Թող երկա՛թ կռեն Հայոց լեռները: ՈՒ թող մեծ Միհրի սուրբ հրո՛վ օծվեն Հայոց սրտերը: Շնորհավոր և Ավետիս՝ բոլո՛ր Հայերին:
«Հայրենիք» Ակումբ 

Պատմական տեղեկանք*)

1. Հայկական Լեռնաշխարհից՝ Միհրի մասին առաջին գրավոր հիշատակությունը մեզ է հասել մթա 14-րդ դարից: Դրանից միայն 1000 տարի անց՝ մթա 4-րդ դարից սկսած է Միհրը հիշատակվել՝ պարսից սեպագրերում և հնդկական վեդաներում: Արդեշիր Բ Բարեպաշտ արքան (մթա 405-359), կրոնական հեղափոխության արդյունքում, մթա 395 թ. Միհրի և Անահիտի պաշտամունքները ներմուծեց Պարսկաստան՝ դրանք միաձուլելով զրադաշտականությանը: Մթա 1-ին դ. Միհրի պաշտամունքը ներթափանցեց Հռոմ: Մթ 3-րդ դ. այն արդեն տարածված էր Հնդկաստանից մինչև Իսպանիա ընկած ողջ տարածքում:

2. Միհրապաշտ հոգևորականությունն ուներ 7 կարգ. Ագռավ: Սրանք մեհյանի սպասարկուներն էին: Անգղ: Միհրի նորահաս նվիրյալներն էին: Զինվոր: Միհրական զինվորներն են: Զինվորն անցնում էր քննության երկար ու բարդ ճանապարհ: Դժվարին պայմաններում կռվում էր գայլի դեմ, պետք է կարողանար ջրից ազատվել՝ նույնիսկ ձեռքերը կապված վիճակում, ձյան վրա պետք է ոտաբոբիկ անցներ երկար ճանապարհ, դիմանար երկարատև քաղցի ու ծարավի: Վերջին փորձությունը՝ քաղցած ու տանջահար վիճակում, մեհյանում փորված գերեզմանափոսի մեջ գիշերելն էր, որն հաջող անցնելուց հետո, նրան էին մատուցում արյունոտ սրի ծայրին դրված թագը: Զինվորն այն դնելով իր ուսին՝ ասում էր զինվորական երդումը. «Միհրն է իմ թագը»: Ապա ջրով կնքվելուց, այսինքն, անցյալը ջնջելուց ու վերածնվելուց հետո՝ նրա ճակատին էր խարանվում Միհրական կնիքը: Առյուծ: Այս կարգի մասին տեղեկությունները շատ սակավ են: Համարվում է, որ Միհրի սպասարկուն է, նվիրատուն: Պատկերված է միշտ Միհրի ներկայությամբ: Խուսափում էր ջրից, խորհրդանիշն էր կրակը: Ձեռքերը ջրով չէր լվանում: Պերսես: Հ. Ներսիսյանը նմանեցնում է «պարսիկին»: Խորհրդանշում է լուսինը: Ձեռքերը օծման ժամանակ մեղրով է լվանում, քանզի խորհրդանշում է պտուղների պահապան լինելը: Ըստ հին հավատալիքների, մեղրը ստացվում է լուսնյակից, ուր անարատանում է Միհրի սպանած սրբազան ցլի սերմը՝ նոր պտուղների և բույսերի մայրը: Այսպիսով, լուսինը՝ պերսեսի խորհրդանիշը, պտուղների պահպանիչն է: Արև. Արևի գործակալը երկրի վրա: Հայր. բարձրագույն դասը: Նշաններն էին՝ գավազանն ու օղը: Գավազանը խորհրդանշում է իշխանություն, օղը՝ դաշինք, ուխտ, սեր: Այստեղից, մինչ օրս պահպանված՝ ամուսնության, նշանի ժամանակ օղերի փոխանակման սովորույթը: Ծեսերի ժամանակ Հայրն էր դնում Միհրի գլխարկը:
Բացի այս 7 հիմնական կարգից, կային նաև 12 ենթակարգեր, բաշխված ըստ չորս տարրերի. Օդ. ագռավ, անղ, ջայլամ: Հող. զինվոր,ուղտ, ցուլ: Հուր. քաղ, ձի, արև: Ջուր. հայր, արծիվ, պապ:

3. Արևապաշտ հայը կրակը բաժանել է 4 դասի. Աշտ — Հավերժ սուրբ կրակը, որի ակնաղբյուրը վառվում է երկնակամարում Արամազդի առջև: Աշտի շնորհիվ է սրբանում մեհյանների կրակը: Ատր — Երկնային, կայծակե կրակը, որ տարածվելով երկնքում՝ հալածում է վիշապներին: Կրակ — Գոյատևում է բույսերի ու փայտի մեջ: Ծնվում է մորից, հատկապես՝ մայրի ծառի փայտից: Մեհյանների սուրբ կրակը սնում էին մայրիի ոստերով: Հուր — Արարչի ցոլքն ու պարգևը, վառվում է մեր մեջ, նրանից է կյանքը:

*) Միհրի և Միհրականության մասին տեղեկությունները քաղված են Հովիկ Ներսիսյանի «Հայկական Լեռնաշխարհը ըստ Զրադաշտն ու իր Ավեստան», «Նախաքրիստոնեական Աստվածները Հայոց» և Վարդան Լալայանի «Հայոց Դիցաբանական Համակարգ» աշխատասիրություններից:

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s


%d bloggers like this: