«Դավանել հայ առաքելական եկեղեցի՝ նշանակում է փորել սեփական գերեզմանը»

by

religions.am

03.04.2014
Սամվել Կարապետյան, «Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի» երևանյան գրասենյակի նախագահ, հուշարձանագետ

 

-Քրիստոնեության 1700-ամյա պատմության ընթացքում հայ եկեղեցին ժամանակային որոշ հատվածներում եղել է քաղկեդոնական: Արտաքուստ՝ առաքելական և քաղկեդոնական եկեղեցիների միջև տարբերությունը դավանաբանական է, սակայն չե՞ք կարծում, որ կրոնական վարագույրի հետևում կանգնած են աշխարհաքաղաքական խնդիրներ: 
— Առևերույթ այն դավանաբանական է, բայց խորքում միանշանակ քաղաքական բովանդակություն ունի: Հայ Առաքելական եկեղեցին հովանավորվում էր մեզ նվաճած ազգերի կողմից` քաղկեդոնականության շրջանում՝ ընդդեմ քաղկեդոնականների, կաթոլիկության շրջանում` ընդդեմ հայ կաթոլիկների: Թե պարսից շահերը, թե օսմանյան սուլթանները հովանավորում էին Հայաստանի իրենց հատվածում գտնվող առաքելադավանությանն ընդդեմ նույն հատվածի հայերի, որոնք չէին դավանում Հայ Առաքելական եկեղեցուն: Օրինակ, սուլթանները հովանավորում էին Պոլսո պատրիարքին և Մշո Սուրբ Կարապետ վանքի վանահորը, որ թեմական կենտրոն էր՝ ընդդեմ նույն Տարոն գավառի հայ կաթոլիկ գյուղերի: Պարսից շահերը հովանավորում էին էջմիածնի կաթողիկոսին`ընդդեմ Նախիջևանի տարածքում գտնվող հայ կաթոլիկ գյուղերի: Երևանի խանի տրամադրած խանական զորագնդի գլուխ անցած էջմիածնի վարդապետները 16-17 դարերում արշավում էին Նախիջևան և հրդեհում էին հայ կաթոլիկ գյուղերն ու եկեղեցիները: Սրանք շատ կարևոր փաստեր են և միշտ պետք է իմանանք, որ դրսից շատ ավելի լավ է երևում հայ առաքելականի ու կաթոլիկի միջև տարբերությունները:
Երբ նայում ենք դարերի խորքերը`տեսնում ենք, որ հայ կաթոլիկը զենք էր վերցնում. Կիլիկիան, հակառակ անտանելի իրավիճակի, ամեն դեպքում բավական հարատևեց, և պետական կրոնը`գոնե վերջին շրջանում, կաթոլիկ էր: Արտազի իշխանությունը`Մակու կենտրոնով, որ Կիլիկիայից հետո միակ ազգային տարածքն էր և 1426թ. ընկավ, դարձյալ կաթոլիկ իշխանություն էր: Վերջին բերդի իշխանը, որ Ատրպատականի շահ Իսմայիլի շուրջ 6 տարվա պաշարմանը դիմադրելուց հետո 1500-ականների սկզբներին ընկավ, դարձյալ կաթոլիկ էր:
Մեզ նվաճաճ օտար ազգերը մեր ատամները հաշված ունեին և շատ լավ տեսնում էին, որ կաթոլիկը զենք է վերցնում: Իսկ Հայ Առաքելական եկեղեցին գերազանց աշխատող, պարտաճանաչ հարկահավաք կառույց էր, որի կարիքը ցանկացած նվաճողը ունի: Ընտրագույն հավաքում էր՝ քամելով սեփական ազգին, հավաքում էր  վերջին կաթիլներն ու բարեխիղճ փոխանցում՝ Արևելյան Հայաստանի պարագայում՝ շահական գանձարանին, արևմտյանի դեպքում՝ սուլթաններին ու փաշաններին: Առաքելական եկեղեցին ընտիր ստրկամիտ  ու ստրկամտական ծառայություն մատուցող կառույց է, և բոլոր մեր կաթողիկոսները պարգևատրվում էին սուլթանական շքանշաններով՝ զարդարելով կուրծքը կիսալուսիններով:
-Անկախ դավանանքից՝ երկու դեպքում էլ գործ ունենք հայ ազգի հետ: Ըստ ձեզ՝ ո՞րն է պատճառը, որ նույն ազգը տարբեր դավանանքների դեպքում իրեն տարբեր կերպ է  դրսևորում: 
-Դա հասկանալու համար գաղափարաբանական տարբերությունների ակունքը պիտի հասնել, որն անելու համար՝ ի հակառակ իմ մեծ ցանկության`ժամանակի սղության պատճառով չեմ կարող անել, սակայն շատ կուզենայի, որ ինչ-որ մեկը պրպտեր գաղափարաբանական կոդերն ու պարզեր, թե ինչ սերմեր է պարունակում տվյալ դավանանքի գաղափարաբանությունը, որ իր ցանքսի դեպքում աշխարհընկալման տեսանկյունից բոլորովին տարբեր պտուղներ են մեջտեղ գալիս: Սակայն ես կարող եմ խոսել այս երկու դավանանքների արդյունքների մասին: Հայ կաթոլիկի և մեկ այլազգի կաթոլիկի վերաբերմունքը տարբեր երևույթների վերաբերյալ գրեթե նույնն են: Այսինքն գաղափարաբանությունը ազգային տեսակ է ձևավորում, ու այստեղ խնդիրը լավն ու վատը չէ, այլ՝ կենսունակ և նվազ կենսունակ լինելը:
Եթե դիտարկենք ճարտարապետությունը որպես գաղափարաբանություն արտահայտող միջոց և վերցնենք առաքելական եկեղեցին, ապա կտեսնենք, որ այն ունի բարձ բեմ, որը չունի քաղկեդոնական եկեղեցին ու նաև կաթոլիկ եկեղեցին, որը ես համարում եմ  քաղկեդոնականության իրավահաջորդը և, անշուշտ՝ ոչ առանց հիմքի: Այս իմաստով կաթոլիկ կամ քաղկեդոնական եկեղեցում բեմը, որտեղ հովիվն է կանգնում, աղոթասրահի համեմատ ուղղակի կես աստիճան է բարձր ու հոգևոր հովվի` ծիսակատարություն իրականցնելու վայրը իր հոտի կանգնելու վայրից շատ աննշան է ընդգծված: Իսկ մեր մոտ պիտի աստիճաններով բարձրանաս, այսինքն կես մարդաբոյ բարձր է: Բարձր բեմը շեշտում է «ես»-ը: Քահանան բարձրից ու վերևից է նայում իր սեփական հոտին:  Ես կուզենայի նաև տարբերությունները դիտարկել երաժշտության պարագայում, քանի որ հոգևոր երաժշտություն շատ եմ սիրում, և նույնիսկ շարականներ եմ երգել երիտասարդ տարիքում: 22 տարեկանում Ստեփանակերտի հանրախանութում մի ձայնապնակ գնեցի` կաթոլիկ հոգևոր մեսսաներ էին: Ես չեմ կարող բացատրել, թե ինչ զգացողություններ ունեցա այն ժամանակ: Տարիների հեռվից` հիմա, կարող եմ ասել, որ ոգու ու շնչի հարց էր: Ինձ միշտ քաղցր են մեր շարականները, բայց հայ հոգևոր երաժշտությունից խեղճությունն ուղակի ծորում է: Հայ հոգևոր երաժշտությունը հոգևոր աղերսական է, իսկ կաթոլիկ հոգևորը`մարտական ու ռազմական: Երկուսի մեջ էլ ասում է. «Ողորմիր», բայց մեր մոտ «Ողորմյա տեր» ասում է լացելով, խնդրելով ու աղերսելով. նոտաները խեղճություն են բուրում միայն: Իսկ կաթոլիկ մեսսաներում նույն «Ողորմյա տերը» պահանջ ու հրաման է, կռիվ է բարձրյալի հետ. սա է իմ ուզածը:
-Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ հայ եկեղեցին չի կարողանում վեր կանգնել 5-րդ դարից հետո՝ աշխարհաքաղաքական ընտրության հետևանքով ստեղծված  իրավիճակից ու ադեկվատ լինել ազգային խնդիրների հանդեպ: 
-Ես տարբեր դրվագներում նկատել եմ, որ հայ առաքելական եկեղեցու պարագայում գաղափարը շատ է կարևորում «ես»-ը, իսկ քաղկեդոնականությունը գործում է «մենք»-ի համար:  Քաղկեդոնական կամ կաթոլիկ եկեղեցու ուսմունքի գերակա արժեքը` հանուն որի կարող էին ապրել ու պետք եղած ժամանակ նվիրվել ու կյանքը զոհաբերել՝ դա հայրենիքն  է: Կաթոլիկ եկեղեցին իր հոտին դարեր շարունակ դա է փոխանցել՝ վասն հայրենյաց: Մինչդեռ մեր պարագայում կարևորվել է հավատքը, Քրիստոսը, խաչը:  Սա փաստող բազմաթիվ օրինակներ կան: Դեռևս Պապ թագավորի սպանությունը, երբ եկեղեցին դաշնակցեց թշնամու`հույների հետ և դուրս եկավ սեփական թագավորի դեմ: Երկիրը պահելու համար պետությունը բանակ պիտի ունենար, իսկ զորք պահելու համար լուրջ ներդրումներ էին հարկավոր: Մինչդեռ  այնպիսի վիճակ էր, որ երկրի կեսը վանքապատկան էր. ամբողջ գավառներ՝ 150 գյուղերով, հասույթն ամբողջը վանքինն էր, ու վանքը պետությանը հարկ չէր տալիս: Թագավորը ճարահատ դուրս եկավ վանքի դեմ,  հոգևորականությունից ուժով բռնագրավվեց և արքունի կալվածք հայտարարեց, այսինքն պետականացրեց, որպեսզի հասույթը գնա պետությանն ու պետությունը երկիր պահի: Այս կառույցն, ըստ իս՝ ի ծնե-ի բնե, պետականամետ չի եղել և իր գրպանն ավելի է կարևորում, քան սեփական հարազատ հայրենի թագավորությունն ու դավադիր ձևով սպանեց թագավորին: Իսկ շարժառիթն այն էր, որ թագավորը գրպանին էր կպել: Բայց ո՞ւմ գրպանին: Հայ չե՞ք : Ինչ կառո՞ւյց եք դուք:
Ես ուզում եմ այստեղ հիշել նաև Խրիմյան հայրիկի՝ հայտնի ժողովին մասնակցելու պատմությունը, որտեղ տարբեր ազգերի ներկացուցիչներ էին եկել իրենց դարդն ու ցավը ներկայացնելու համար: Տեղական թերթերը, որ լուսաբանում էին այս ժողովի աշխատանքները՝ ծաղրանկարներ էին արել այս մասին: Ծաղր են նկատել, որովհետև մեր մեջից մի աշխարհիկ ներկայացուցիչ չենք կարողացել գտնել ու որպես պատգամավոր` հոգևորական ենք ուղարկել: 19-րդ դարում հոգևորականը քաղաքական խնդիրներ հետապնդի և ազգի իղձերը բերի ներկայացնի՞: Այդ ժողովին միակ ազգը, որի ներկայացուցիչը սևազգեստ մի հոգևորական էր` մերն էր: Համեմատության համար եթե նայենք հարևան Վրաստանի պատմությանը, ապա կտեսնենք, որ քանի-քանի վրաց թագավորներ, երբ իրավիճակը ծայրահեղորեն  դժվար էր, մահմեդականություն ընդունեցին և թագավորությունը պահեցին, այսինքն կրոնը դա վարագույր է: Եթե երկիրը պահելու համար պետք է որ ես լինեմ կանաչ, խնդրեմ՝ կլինեմ կանաչ և պետությունս կպահեմ. այդպես քանի-քանի վրաց թագավորներ 16-18 դարերում կոչվել են խաներ: 1724թ., երբ Օսմանյան զորքը մտավ Թիֆլիս ու գրավեց Տփխիսը, թագավորը միանգամից մահմեդականություն ընդունեց, իսկ մելիքների տոհմից հայ քաղաքապետ Բեհբությանը հանուն խաչի նահատակվեց որդու հետ, և որի մարմինը քաղաքի պարիսպից կախ էին տվել թուրքերը և դեռ օրեր շարունակ այդպես կախված մնաց, որովհետև դիակը հուղարկավորելու համար խոշոր գումար էին պահանջել, և հանգանակությամբ են այդ գումարը հավաքել ու հետո նրա աճյունն ամփոփել Խոջիվանքում:
Մեր տեղական տարբերությունը նշեմ: Ջավախքում կողք կողքի ապրող կաթոլիկ ու առաքելական գյուղեր կան: Առաքելական գյուղ մտնելիս, երբ հարցնում եմ նրանց որպիսությունը, որպես պատասխան միայն բողոք եմ լսում: Լացում են, թե ջուր չունեն, շենքը փլվեց, սա եղավ, այն եղավ: Մտնում ես հարևան հայ կաթոլիկ գյուղը, ասում են. «Փառք աստծո, լավ ենք, ջուրը չունեինք, բայց 5 տարի առաջ միացանք  ու մեր ուժերով էսինչ տեղից բերեցինք»:
Դարերի բովում երևում է երկու եկեղեցիների ճկունության հարցը, թե որն է ավելի կենսունակ և սուր իրավիճակներում հնար տալիս, որ մարդը ինչ-որ մի այլ ձևի մեջ շարունակի գոյատևել և գոյատևեցնել երկիրն ու պետությունը:  Եթե քարտեզի վրա ներկենք այն տարածքները, որոնք այսօր աշխարհում իրենց կամքն են թելադրում. Բրիտանիա, Գերմանիա, ֆրանսիա, ապա կտեսնենք, որ դրանք կաթոլիկ երկրներն են: Կամ՝ Իսպանիան: Այս պետությունները օվկանոսներն ու աշխարհամասերը միմյանց հետ կիսելու պատերազմներ էին տալիս: Լեհաստանն անգամ կայսրություն է ունեցել: Կարևոր ազգությունն ու ապրելու տեղը չէ, այլ՝ դավանանքը, որը  քաղկեդոնադավան ազգերին կայսրության մակարդակի հասցրեց, քանի որ այս դեպքում կարևորը «մենք»-ն է, ոչ թե՝ «ես»-ը:
-Մերօրյա իրականությունում այլ կրոնական կազմակերպությունների ներկայացուցիչները հանրությունում պիտակվում են որպես աղանդավորներ: Ինչո՞ւ մենք հանդուրժող չենք մեր իսկ ազգի նկատմամբ:
— Մի ժամանակ այս հարցը թուլացել էր, բայց վախենամ որ հիմա նորից կսրվի, որովհետև պատմությունը ցույց է տվել, որ հայ առաքելական եկեղեցին որքան զորացել է, այնքան հակադրվել է իր իսկ ազգի այլ հատվածներին: Նախորդ դարի 20-ականներին հայ կաթոլիկներին նույնիսկ հայ էլ չէին ասում, արհամարհաբար ֆռանգ էին կոչում: Հիմա նորից սկսել են, որովհետև առաքելականն իր տեղը նորից պնդացրել է: Որքան պնդացնում է, այնքան ազգի հերն անիծում է: Պառակտելով, չընդունելով իր ազգի տարբեր հատվածներին, կարևորելով  հավատքի իր նեղ ուղղությունը՝ փոխարենը կարևորելու իր ազգն ու հայրենիքը:  Թեպետ, պետք է ասել, որ քաղկեդոնադավանների նկատմամբ այս վերաբերմունքը երկուստեք է եղել, անշուշտ: Նրանք էլ հայ առաքելականներին անվանել են հերձվածողներ կամ ճշմարիտ ուղուց շեղվածներ: Բայց խնդիրն այն չէ, թե նրանցից ով էր հերձվածողը, կամ հերձվածող լինել-չլինելը չի խնդիրը, այլ թե հանուն ինչի է գաղափարն ուղղորդում իր հոտին: Եթե նայենք պատմությանը՝ հայ առաքելական կամ միաբնակ եկեղեցու հետևորդ են եղել մի քանի ազգեր. ասորիներ, ղպտիներ, հաբեշներ և ուտիները: Սա մի վիճակագրություն է, որին նայելով հասկանում ես, որ մենք դեռ լավագույն վիճակում ենք: Ասորիները մինչև այս վերջին տարիները դժվար կացության մեջ էին. շվեդները նրանց վերջին մնացորդներին հրավիրեցին իրենց մոտ, և իրենք Սիրիայի իրենց տարածքը միահամուռ լքեցին ու գնացին Շվեդիա: Այսինքն սա հավատքի այն ուղղությունն է, որ իր դավանանքը պաշտող ազգերին երբեք չի սովորեցրել ապրել հանուն հայրենիքի: Եթե գերագույն արժեքը հայրենիքը չէ, այլ հավատքն ու խաչը, որն ամեն երկրում ու հողում էլ կարելի է տնկել, ինչպես որ հայերն են անում, ու աշխարհի չորս ծայրերում էլ մի եկեղեցի կտեսնես, որովհետև կարևորել ենք խաչն ու տնկել էդ խաչը ամեն հողում: Սակայն եթե քո հայրենիքում չես՝ դպրոց էլ բացես, եկեղեցի էլ կառուցես` ոչինչ չես կարող անել. հայրենիքն է միայն, որ պայման է ազգի գոյության: Ամբողջ աշխարհով մեկ ուծացված համայնքներ են, ու այս պրոցեսն անվերջ կրկնվում է: 4-5 տարի առաջ Հայաստանից Կրասնոդար գնացած հայ ընտանիքի զավակներն արդեն հայերեն չեն կարողանում խոսել, ու եթե նախկինում մի դար կարելի էր քարշ գալ մինչև լեզվակորույս լինելը, ապա հիմա աշխարհը շատ արագ է զարգանում:
Ուտիները: Մի հրաշք ժողովուրդ: Կովկասյան լեռնցի, դաղստանյան ժողովուրդ են, որ 5-րդ դարում դժբախտություն են ունենում դառնալ հայ առաքելական եկեղեցու հետևորդ: Այսօր երկիր թատերաբեմը լքեցին. այլևս չկան: Ուտիները: Սարգիս Կուկունյան, Գրիգոր Նիկողոսյան՝ Սարդարապատի ճակատամարտում մեծ ներդրում ունեցող մարտիկներ, Արևմտյան Հայաստանի ազատագրության հարցում որքան ուտի ֆիդայիններ կային, դարերի ընթացքում մեր ճակատագիրը կիսած մի ժողովուրդ: Նրանք գիր չունեին ու իրենց գրավոր լեզուն հայերենն էր: Քուրի ձախ ափին էին ապրում` Կուտկաշենի շրջան՝ Վարդաշեն, որտեղ 1870թ. բացված սուրբ Մեսրոպյան դպրոց էր գործում մինչև 1945թ: Չորս եկեղեցիներ կային, գերեզմանոցներում միայն հայերեն արձանագրություններով հազարավոր տապանաքարեր, այսինքն կրոնի ճանապարհով հայ մշակույթի կրողներ էին: Սակայն ապրեցնող չի այս կրոնը: 1989թ. բռնագաղթի օրերին նույնիսկ Հայաստանում տեղ չտվեցինք, երբ ադրբեջանցիները նրանց որպես հայ դիտարկելով`վտարել էին: Ուտիները եկան Նոյմեբերյանի շրջան, որի առաջին քարտուղարն ասել էր. «Ու՞տի: Ուտին ինչ ա՞, իբր հայերի համար շատ տեղ ունե՞նք: Ուտի»: Վրաստանում տեղ տվեցին ու հիմա Ղվարելիում են՝ Կախեթի շրջանի: Այսինքն սա մի դավանանք է, որին դավանողը ինքն իրեն տիրություն անելու ունակությունից ընկնում ու կորցնում է իմունիտետ ասվածը. արտաքին ուժերի նկատմամբ դիմադրողականությունը թուլանում է:  Կարճ ասած, եթե ուզում ես, որ որևէ ազգ դադարի գոյություն ունենալուց՝ հաջողեցրու իրեն ընդունել տալ հայ առաքելական կրոն, մնացածը ժամկետի հարց է: Դավանել հայ առաքելական եկեղեցի՝ նշանակում է փորել սեփական գերեզմանը:
-Վերադառնալով մերօրյա այլ կրոնական կազմակերպությունների հարցին. նրանց որակելով որպես աղանդավոր, չե՞ք կարծում, որ մեր եկեղեցին ազգը երկճեղքում է:
-Այն կառույցը՝ լինի հոգևոր, թե աշխարհիկ, որը արժևորում և կարևորում է  ինչ-որ մի գաղափարաբանական ուղղության, որի հետևորդ չեն քո բոլոր ազգակիցները, արդեն իսկ պառակտիչ ու քայաքայիչ ներգործություն է ունենում: Նման կառույցը, որը միայն քայքայում և պառակտում է`այդ գործելաճով բարոյական իրավունք չունի մերօրյա հայրենիք սողոսկած այլ հոգևոր կառույցներին ինչ-որ մեղադրանք ներկայացնելու: Ես սա ասում եմ ցավոք սրտի, որովհետև ես կուզենայի, որ մեր հոգևոր կառույցը իրավունք ունենար սրան-նրան աղանդավոր անվանելու և լուրջ պայքար տանելու, բայց դրա համար դու պիտի միավորող գաղափարի կրող լինես, իսկ միավորող գաղափարը միայն հայրենիքը կարող է լինի: Մեր եկեղեցին 1700 տարի ոչ սովորեցրեց ապրել հայրենիքի պաշտամունքով, և ոչ էլ այսօր է այդ ճանապարհով առաջանում` շարունակելով իր պառակտիչ, քայքայող, մասնատող, «ես»-ը կարևորող գործունեությունը, որի արդյունքում ամեն հայ մյուսի տակը փորող է և մեկի հաջողությունից նախանձից տրաքող է: Դեռ սրանք արյունով ու սրով չեն գալիս, այլ ժպիտով ու գրքերով են գալիս, ի տարբերություն հայ առաքելական եկեղեցու:  Ես մի առիթով ասել եմ, որ կրոնը կարևոր չէ, ու եթե քրիստոնեություն, ապա`մարտական: «Հանուն»-ները պիտի ուղղված լինեն դեպի հայրենիքը: Եթե մահմեդականությունն է սովորեցնում` ուրեմն թող լինի մահմեդականություն, եթե Եհովայի վկան է սովորեցնում` ուրեմն թող լինի եհովայական: Ես շատ կուզենայի, որ կաթիլ-կաթիլ, փոքր աշխատանքներով փորձենք մեր ազգին հուշել, որ հարատևել և ժամանակի մեջ հզորացում են արձանագրել այն ազգերը, որոնց հանունները ուղղված են դեպի հայրենիքը: Որովհետև դրան հավասար այլ արժեք չկա, և մեր  պատմության մեջ որոշ դրական փաստեր որ մենք ունենք, դրանք այն իրավիճակներն են, երբ ազգը կամ ազգի մի հատված իր մեջ ուժ է գտել այդ ճանապարհով առաջանալով՝ հանուն հայրենիքի:
— Բոլոր դեպքերում այն արժեքները, որ ստեղծել է հայ մշակույթը՝ լինի դա քաղկեդոնական, թե առաքելական՝ մերն է: Բայց փաստացի, այդ պատմության մի զգալի հատվածին մենք գրեթե ծանոթ չենք: Ինչո՞ւ, ըստ Ձեզ՝  դպրոցներում դասավանդվող «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայում  քաղկեդոնականությունը ներկայացված չէ:
— Այդ առարկայով նրանք թլպատում ու կռտում են մեր երեխաների ուղեղները: Այնտեղ, բնականաբար, քաղկեդոնական եկեղեցիների մասին չկա, այնտեղ նույնիսկ հայ ժողովրդի մասին չկա: Կա հրով-սրով մեր ազգին ընդունել տված մի օտար կառույցի գաղափարաբանության պատմություն՝ վերնագրից սկսած կեղծ է: Քաղկեդոնականության վերաբերյալ մեկ փաստ ևս ուզում եմ նշել: Մենք 1700 տարվա քրիստոնեական պատմություն ունեցող ազգ ենք, սակայն այդ 17 դարերի մեջ միայն մեկ դար կա, որ ժամանակի հեռավորությունից մենք այն որակել ու առանձնացնում ենք որպես Ոսկեդար: Դա 7-րդ դարն է: Սովորաբար, մշակույթն ինքն իրենով չի կարող միայնակ բարձրանալ, ու եթե մի երկրում մշակույթը զարգանում է՝ նշանակում է, որ գիտություն, գյուղատնտեսություն և այլ ճյուղերը, այսինքն՝ ամբողջ  երկիրը համասեռ զարգանում է: 7-րդ դարում, երբ արաբներն իրենց ավերիչ արշավանքներով ներս ու դուրս էին անում, մենք ոչ միայն ազգային պետություն չունեինք, այլև ոտատակ վիճակում էինք, բայց հենց նույն այդ դարում՝ զուտ գաղափարի փոփոխության պատճառով՝ ճարտարապետական արժեքների իմաստով, մենք կարողացել ենք ստեղծել այնպիսի արժեքներ, որ դարերի հեռավորությունից ստվերել է բոլոր այն դարերը, որ մենք ապրել ենք: Եվ դա եղել է այն դարը, երբ Եզր կաթողիկոսից սկսած 7-8 իրար հաջորդող կաթողիկոսներ, պաշտոնապես հրաժարվել էին առաքելադավանությունից և ընդունել էին քաղկեդոնականություն, և որի դավանաբանական արժեքների արդյունքում էլ ստեղծվել էին այդ արժեքները: Անվանելով այն Ոսկեդար՝ մենք միաժամանակ լռում ենք այդ մասին: Դա խնամքով թաքցվել է: Մեր պատմիչները Զվարթնոցի պես տաճարին անունը չեն տվել, խորշել ու հեգնական տոնով անվանել են Առապարի եկեղեցի: Ինչո՞ւ: Որովհետև առաքելական չէր: Եզր կաթողիկոսի մասին դարեր շարունակ գրել են. «Հիրավի ե~զր եղար ազգիս հայոց՝ անվանդ համապատասխան», և Եզր կաթողիկոսի անվան առաջին՝ «Ե» տառը շրջված էին գրում, իսկ Հովհաննես Օձնեցու մասին էլ գրում են. «Երկրորդ լուսավորի~չը եղար արար ազգիս հայոց»: Լուսավորել՝ նշանակում է ունենալ նոր բարձունքների նվաճում, թռիչքներ: Սակայն նայեք Ոսկեդարն ու դրան հաջորդած 8-րդ դարը, որի սկզբին Հովհան Օձնեցին, որ 726թ. Մանազկերտի ժողովով հրաժարվեց քաղկեդոնականությունից և վերադարձավ առաքելականին, ամբողջ Մեծ Հայքի տարածքում 8-րդ դարի մի հուշարձան չունենք: Կարծես վակուում լինի, կարծես չենք ապրել այդ դարը, դա ի՞նչ լուսավորություն էր:  Մինչդեռ արձանն են դրել իր հայրենի Օձուն գյուղում ու փառաբանում են: Այսինքն դուք տեսեք ի~նչ անդունդի մեջ ընկղմեց հայ ազգին գաղափարի փոփոխությունը: Ազգը մեկ ամբողջ դար իր զորու չեղավ որևէ արժեք ստեղծելու:  Մենք չունենք մեկ հուշարձան, որը թվագրվի 8-րդ դարին: Ոսկեդար և վակուում: Մինչդեռ արաբները Հայաստանին կուլ տալու համար պետք ունեին մեզ կտրել Բյուզանդիայից և քաղկեդոնական աշխարհից. Վրաստանը հաջողեց մնալ, նրանց վրա էլ ճնշում եղավ, բայց Վրաստանը իր աշխարհագրական դիրքի շնորհիվ հաջողեց մնալ և ունեցավ շարունակական զարգացումներ, ու դրանից մեր երկու դար հետո Կասպից ծովից մինչև Կերչ գրեթե Վրաստան էր:
-Այսօր Տայքում գտնվող մի խումբ հուշարձաններ՝ համարվելով վրացական մշակույթի ժառանգություն, հանձնվում են նրանց տնօրինությանը, մինչդեռ հայտնի է, որ դրանք հայկական են: Եթե մենք տեր չենք կանգնում մեր մշակութային ժառանգությանը, ինչո՞ւ ենք մեղադրում այլոց:
— Տայքի շրջանում ամենը իրենք իրենցն են համարում, բայց անկեղծ ասած մոտ 150 տարի մենք ոչինչ չենք արել այդ ուղղությամբ, ու առաքելական եկեղեցին հայտ չի ներկայացնում այդ ուղղությամբ: Քանի որ նա միայն առաքելադավանության նեղ ճանապարհն է կարևորել, իր ազգի այլ հատվածների՝ թե կենդանի մարդկանց, և թե նրանցից ստեղծված մշակութային արժեքների նկատմամբ անտարբեր է եղել ու անտեսել: Իրենց համար կարևորը հին ու նոր կտակարաններն են, ոչ թե հայրենիքը:  Տայքի հուշարձանների միակ ուսումնասիրողը կաթոլիկ հայր Ներսես Սարգսյանն է, որ 1864թ. աշխատություն հրատարակեց, որում ներառված են իշխանները, բանակը, հուշարձանները և այլն: Միակ հայ հոգևորականը, որ այցելեց Տայք և խտրություն չդրեց, թե սա քաղկեդոնական է, իսկ սա առաքելական` սրա հետ գործ չունեմ, ինչպես նախորդ բոլոր ուսումնասիրողներն են արել՝ մեծ մասամբ հոգևորականներ:
Հայ առաքելական եկեղեցին եթե մի քիչ ինքն իրենից լուր ունենար, շատ հանգիստ կարող էր ասել, որ այդ վանքերը թե առաջին օծմամբ, և թե վերջին օծմամբ պատկանում են Հայ Առաքելական եկեղեցուն: Միջանկյալ շրջանում, այո, տիրապետել է քաղկեդոնական համայնքը, սակայն դա միջանկյալ է, իսկ գոյության մեծ մասում դրանք եղել են առաքելական: Այդ եկեղեցիների անուններն անգամ եթե նայենք` Գայանե, Սարգիս և այլն,  որոնք, իհարկե, հայկական անուններ չեն, սակայն գործածվում էին հայ իրականության մեջ, և հակառակը` չէին գործածվում վրաց իրականությունում: Տայքում` Արդահանի, Թորթումի շրջաններում և այլուր, բազմաթիվ եկեղեցիներ ուշ միջնադարյան հայերեն արձանագրություններ ունեն: Հետաքրքիր է փաստել, որ այստեղ կան 10-րդ դարի և ուշ միջնադարյան խաչքարեր: Տայքում՝ ամենախաչքարաշատ՝ 12-13-րդ դարաշրջանի խաչքարեր չկան: Ինչո՞ւ: Որովհետև այդ շրջանում քաղկեդոնականությունն էր իշխում:
Քանի որ խոսեցի խաչքարերի մասին, ուզում եմ նաև նշել, որ խաչքարը որպես մշակույթի տեսակ` կարելի է ասել, որ Հայ Առաքելական եկեղեցու մենաշնորհ ֆենոմենն է. որևէ քրիստոնյա այլ ազգ խաչքար չի կերտել: Գոնե այս մասով կարող ենք ասել, որ պարտական ենք առաքելական եկեղեցուն, որը, թեպետ նպաստել է, որ ազգն անհետանա, բայց այնպիսի մի հիշատակ է թողել, որով ամբողջ աշխարհին որպես այցետոմս կարող ես ներկայանալ: Իսկապես հրաշք են մեր խաչքարերը, և դա գոնե արել է, թեպետ կարելի է մտածել, որ այդքան բազալտն ու տուֆը արժե՞ր խաչքարի համար փչացնել, թե՞ դրանք պետք էր օգտագործել բերդերի պարիսպների համար:
Ինչ վերաբերվում է վրացական կողմի վերաբերմունքին, ներկայիս Տավուշի կամ Լոռվա մարզերից Խուճապի կամ Կիրանց վանքը, Ախթալան կամ Քոբայրը, որոնց նկատմամբ վրացական կողմը դավանաբանական հիմքի վրա պահանջատիրություն է ներկայացնում՝ ասելով, որ դրանք վրացական են, հիմքում այս եկեղեցիների քաղկեդոնական լինելն է: 14-րդ դարում գավառների կամ գոնե համայնքների մակարդակներով, դեռևս քաղկեդոնական կղզյակներ կային պահպանված, որոնք մերժված էին հայ առաքելական եկեղեցու կողմից, իսկ անտեր ոչխարին միշտ տեր է գտնվում, և վրացական թագավորությունը`արագ օգտվելով առիթից, հայ քաղկեդոնական կղզյակ համայնքները միավորեց վրաց եկեղեցու թևերի մեջ և այդ պատճառով եկեղեցիների վիմագրությունները վրացերեն են: Բայց այդ նույն վիմագրությունները քաղկեդոնականություն ընդունած մեր հայ Զաքարիա և Իվանե իշխանների ժառանգներն են արել, բայց հայ ազնվատոհմիկը հո վրացի չէ՞ :  Այնուհետև, 14-15-րդ դարերից ի վեր` դարձի գալու ճանապարհով այդ վանքերն անցել են առաքելական եկեղեցուն, որովհետև քաղկեդոնականությունն ընկել էր. չկար Բյուզանդիան, ոչ էլ Վրաստանը, որը տրոհված ու կախման մեջ էր պարսկական իշխանություններից, իսկ պարսից շահերի կողմից հովանավորվում էր առաքելադավանությունը: Եվ բոլոր այդ վանքերը դարձի գալու ճանապարհով անցան առաքելական եկեղեցուն և ուշ միջնադարում՝ մինչև ռուսական տիրապետության հաստատումը, առաքելական էին, և դա հավաստող տապանաքարեր կան: Իսկ ռուսական տիրապետությունից հետո`19-րդ դարի սկզբներից, այդ վանքերը շատ արագ դադարեցին գործելուց և ամայացան:
-Դուք ձեր տեսաբլոգում խոսելով չորս կաթողիկոսների հետ ձեր հանդիպումների մասին՝ խիստ բացասաբար եք անդրադարձել նրանց գործունեությանը: Ըստ Ձեզ, ո՞րն է պատճառը, որ չկա այն կաթողիկոսը, որը կհամապատասխաներ «իսկական» կաթողիկոսի կերպարին: 
-Որովհետև պիտի դավաճանի այն ուսմունքին, որը ներկայացնում է: Ո՞ւժ ունի դավաճանելու: Խիզախություն ո՞ւնի ավելի կարևորելու ազգն ու հայրենիքը, քան «ես»-ը: Ուսմունքն ուղղորդում է հայ մարդուն պարզ դռնապանից մինչև կաթողիկոս: Մեր ազգային տեսակ ձևավորած ուսմունքը ուղղորդում է հանուն «ես»-ի, և հայ առաքելական մարդու աշխարհընկալման, աշխարհաճանաչման մեջ «ես»-ը գերակա է, իսկ կաթողիկոսը այդ ուսմունքի գերագույն հովվապետն է, և իր մեջ նա ավելի «ԵՍ» է, քան հասարակ դռնապանը:
-Փակում եք բոլոր ճանապարհները:
-Գիտե՞ք, կարծում եմ, որ կարող է լինել, եթե մարդուն ի վերուստ տրված է մտքի լույսը տեսնելու և դեպի դրան ձգտելու կարողությունը: Բայց դա չի վերաբերվում մեր ներկա կաթողիկոսներին, որովհետև այս եղածներն իրենց ներկա գործունեությամբ դրա հույսը չեն տալիս, մեղմ ասած: Դա վերաբերվում է գալիք ինչ-որ իքս կաթողիկոսի:
— Այսինքն համակա՞րգն է պատճառը, որպեսզի Ձեր նշած X կաթողիկոսը գահակալի:
-Ընդհանուր մթնոլորտը կամ համակարգը այն է, որը ծնունդ  է առել ազգային տեսակից, այսինքն մենք մեզ շրջապատել ենք մեր տեսակով, իսկ հայ ազգը «ես» է կարևորում, ու հայրենիքը չի կարևորում:
-Որտեղ հաց, այնտեղ՝ կա՞ց:
-Դա, ի դեպ, պատահական չէ: Մի այսպիսի անեկդոտ կա: Դժոխքում, ուրեմն տարբեր ղազանների մեջ տարբեր ազգերի են եփում, ու ամեն ղազանի մոտ երեք սատանա են հսկում` եռաժանիով, որպեսզի ոչ ոք չփախչի: Մի անտեր ղազան է լինում, որտեղ ոչ ոք չի հսկում, ու երբ հարցնում են, թե ինչու այդ ղազանը պահակ չունի, ասում են, որ այնտեղ հայերն են եփվում, եթե մեկն ուզում է փախչել, ներսից ոտքը քաշում են, և այդ ղազանը հսկելու կարիք չկա. իրենք իրենց հսկում են:  Սրանից ավելի դառն ու ճշմարիտ իրականություն չի կարող լինել:
-Ստացվում է, որ փաստորեն, լուծում չկա՞: Չի կարելի՞ արդյոք իրավիճակը փոխել:
— Կարելի է՝ փոքրիկ քայլերով: Օրինակ, հայրենաճանաչությունը խթանող տարբեր աշխատանքներով: Մենք հիմա մի նախագիծ ենք իրականացնում՝ հրատարակության պատրաստելով Հայաստանի պատմությունը ներկայացնող 36 հատոր՝ գավառ առ գավառ, գյուղ առ գյուղ: Այս ձեռնարկը պիտի հանրակրթական ոլորտ էլ մուտք գործի, սակայն ինչքան փորձել ենք կրթության նախարարության հետ համագործակցել` ոչ մի արձագանք չի եղել: Մի անհեթեթ իրողություն էլ ասեմ: Սկսած Մովսես Խորենացու «Հայոց պատմությունից» մինչև խորհրդային ժամանակներ, մենք շարադրում ենք ոչ թե Հայաստանի, այլ՝ հայ ժողովրդի պատմությունը: Սա աբսուրդի ժանրից է:  Չկա ֆրանսիացիների պատմություն. կա Ֆրանսիայի պատմություն: Չկա ռուսների պատմություն. կա Ռուսաստանի պատմություն: Մեր կոդերը խոտանված են էն գլխից, և հայրենիքը չէ, որ կարևորվել է, այլ` ժողովուրդը: Եվ ակամայից ստացվում է, որ մեր հայագիտության մի ահռելի մասը Հայաստանի հետ ոչ մի կապ չունի, որովհետև ժողովրդի մեծ մասն էլ հայրենիքում չէ: Մենք Մաշտոցի տառերի ստեղծումից ի վեր, փաստացի, հայրենիքի պատմությունը չէ, որ հեղինակում ենք, այլ` ժողովրդի:
-Սա է՞լ կապ ունի առաքելական դավանանքի հետ:
-Անշո~ւշտ: Մենք հեղինակներ ունենք, որոնք փորձեցին հայրենիքի պատմությունը շարադրել. Իճիճյան, Ալիշան: Բայց սրանք կաթոլիկ հոգևորականներ են: Իսկ հայ առաքելականներից որևէ մեկը ինչո՞ւ չփորձեց Հայաստան երկրի պատմությունը գրել: Հայ առաքելական հոգևորականներից Մանվել վարդապետ Միրախորյանը, որ իսկապես վաստակ ունի և որից շատ ենք օգտվում, իր աշխատությունը վերնագրել է. «Նկարագրություն Արևելյան Տաճկաստանի հայաբնակ գավառների», տպված՝ 1884-85թթ, երեք հատորով: Ստրո~ւկ: Ինչպե՞ս կարող ես քո հայրենիքը Արևելյան Տաճկաստան կոչել, երբ օսմանյան քարտեզներում անգամ Էրմենիստան էր գրված: Այսօր թուրքերն այն կոչում են Արևելյան Անատոլիա, դու էլ նույնն ես արել` չասելու համար Հայաստան:
Աննա Մուրադյան

 

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s


%d bloggers like this: