Archive for the ‘Արցախ’ Category

Արցախի ընդդիմությունը Րաֆֆի Հովհաննիսյանի և ժողովրդի կողքին է

Մարտի 4, 2013

Արցախի ընդդիմությունը միացել է Րաֆֆի Հովհաննիսյանի շարժմանը

http://www.pressing.am/?p=1695&l=am

Այսօր «Առաջին լրատվական»-ի կայք էջում տեղադրվել է մի հոդված, որում մասնավորապես ընդգծվել է, որ առաջիկայում Արցախի ընդդիմությունն՝ ի դեմս «Սահմանադրական Արցախ» հասարակական կազմակերպության, ակտիվ է լինելու հայաստանյան ներքաղաքական գործընթացներում՝ իր խոսքն ասելով հետընտրական Հայաստանում ձևավորված շարժման շրջանակում: Այդ մասին տեղեկացրել է ՀՅԴ շարքերից հեռացված, Արցախի ԱԺ անկուսակցական պատգամավոր Վահան Բադասյանը, ով օրեր առաջ միացել էր «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի՝ Ազատության հրապարակում կազմակերպած հանրահավաքին:

Վահան Բադասյանն շեշտել է, որ նախքան ՀՀ-ում փետրվարի 18-ին կայացած նախագահական ընտրությունները, ամռանն Արցախում տեղի ունեցան սկանդալային քաղաքական իրադարձություններ՝ պայմանավորված Արցախում ընդդիմադիր գործիչ Վիտալի Բալասանյանի թեկնածությամբ:

Նա հիշեցրեց, որ ՀՅԴ հայաստանյան կառույցը որոշում էր կայացրել Արցախի նախագահական ընտրություններում սատարել Վիտալի Բալասանյանի թեկնածությունը, հետո չսատարելու որոշում կայացրեց, որի արդյունքում ծավալված խոսակցությունների հետևանքով Վիտալի Բալասանյանն ու ինքը, որոնք ԱԺ «Դաշնակցության» խմբակցության պատգամավորներ էին, հեռացվեցին խմբակցությունից և դարձան ընդդիմադիր անկախ պատգամավորներ:

«Արցախում նախագահական ընտրություններին մեր թեկնածու Վիտալի Բալասանյանին որևէ կուսակցություն, գործիչ չսատարեց, նույնիսկ Դաշնակցությունը:

Մենք էլ չարձագանքեցինք հայաստանյան ընտրություններին, որովհետև չգիտեինք, թե ով ինչի համար է թեկնածություն դրել»,- նշել է վերջինս:

Ըստ նրա, քանի որ, ակնհայտ է, որ ժողովուրդը վերջապես քսան տարիների ընթացքում վստահության քվե տվեց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին, հիմա նրանք պատրաստ են կանգնել, հայ ժողովրդի կողքին:

Նրա կարծիքով՝ այս պահին հայ ժողովրդի ճնշող մեծամասնությունը մերժում է գործող վարչախմբին՝ ինչպես Սերժ Սարգսյանին, այնպես էլ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, որոնք, նրա համոզմամբ, միմյանց շարունակությունն են:

«Ժողովուրդը ցանկանում է թոթափել այս լուծը:

Այսօր ՌԴ-ն տիրապետում է մեր հանքերին, ջրային ռեսուրսներին, ժողովուրդը պետք է վերջապես ազատագրվի, հայ մարդն իր կյանքն ուզում է որոնել օտար տեղերում: Իսկ Հայաստանում տպավորություն է, որ ԼՂ-ն, որպես ֆակտոր, այս վարչախմբին է պաշտպանում, բայց այդ տպավորությունը սխալ է:

Ցանկանում եմ, որ կոտրվի այդ տպավորությունը, հայ ժողովուրդը պետք է իմանա, որ սա մեր միասնական հայրենիքն է»,- նշել է վերջինս:

Վահան Բադասյանն ընդգծել է, որ Հայաստանում գլուխ բարձրացրած շարժմանը միանալու որոշում «Սահմանադրական Արցախ» հասարակական շարժումը կայացրել է՝ Վիտալի Բալասանյանի գլխավորությամբ:

«Այս վարչախմբին փոքրաթիվ մարդիկ են պաշտպանում:

Մենք սատարում ենք հայ ժողովրդին, իսկ ժողովրդի ստվար մեծամասնությունը դեմ է վարչախմբին: Մենք առաջիկայում ընտրելու ենք առավել ակտիվ ձևաչափ և որպես կազմակերպություն առավել ակտիվ ենք ներկայանալու Հայաստանում, մասնակցություն ենք ունենալու ոչ միայն հանրահավաքներին, այլև առաջիկայում ժողովրդի կողմից որոշված գործողությունների շրջանակում ենք լինելու ակտիվ»,- իր խոսքն ավարտել է Վահան Բադասյանը:

ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ. 2012թ. սեպտեմբերի 9-ին, Արցախի Շուշի քաղաքում տեղի է ունեցել «Սահմանադրական Արցախ» քաղաքացիական շարժման նախաձեռնող խմբի ժողովը: Նոր քաղաքացիական շարժման նախաձեռնողների թվում են Վիտալի Բալասանյանը` ԼՂՀ ԱԺ պատգամավոր, Մասիս Մայիլյանը` ԼՂՀ արտաքին քաղաքականության և անվտանգության հանրային խորհրդի նախագահ, Գեղամ Բաղդասարյանը` Ստեփանակերտի մամուլի ակումբի նախագահ, Գրիգորի Հայրապետյանը՝ ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր, Վահան Բադասյանը` ԼՂՀ ԱԺ պատգամավոր: Նախաձեռնող խումբն ընդունել է հայտարարություն, որը ներկայացված է ստորև.

Հայտարարություն «Սահմանադրական Արցախ» քաղաքացիական շարժման ստեղծման մասին.

Արցախյան շարժումը ոչ միայն ՀՀ-ի հետ վերամիավորվելու շարժում էր, այլև արժանապատիվ կյանք ունենալու և հայրենի հողում սեփական իրավունքների իրացման գործընթաց: 1988թ.-ից առ այսօր կան խնդիրներ, հատկապես արցախյան հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ, որոնց լուծման համար հարկավոր է նոր համախմբում և քաղաքացիական մեծ պատասխանատվություն: Այսօր մեր հասարակությունը բախվել է լրջագույն ներքին մարտահրավերի՝ պետական կյանքից քաղաքացիների համընդհանուր օտարվածությանը և սահմանադրական օրինականության ոտնահարմանը:

Հանրության կողմից իշխանության անվերահսկելիությունը հանգեցրել է պետական միջոցների յուրացմանն ու փոշիացմանը, մեծ չափերի հասնող կոռուպցիային, կամայականություններին և ազգային հարստության անարդար տնօրինմանը: Արատավոր բոլոր երևույթների նկատմամբ հասարակական կարծիքն ու ընդվզումն էլ չեն արտահայտվում այն պարզ պատճառով, որ ապահովված չէ խոսքի ազատությունը և չի կայացել անկախ մամուլի ինստիտուտը։

Այս ամենը մեծապես բերում է ազգային պետության հանդեպ քաղաքացիների անվստահությանը, վնասում Արցախի միջազգային վարկանիշին և լրջագույն սպառնալիք է երկրի ազգային անվտանգության ու պաշտպանունակության համար:

Հռչակված նպատակներին հասնելու համար «Սահմանադրական Արցախ» քաղաքացիական շարժումն Արցախի հանրության գիտակից մասնակցությամբ իրականացնելու է.

Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման աջակցություն, Ազգային և հոգևոր արժեքների վրա հիմնված և երկրում բարոյահոգեբանական մթնոլորտի առողջացմանը միտված նպատակասլաց գործունեություն, Ազատ կամքի արտահայտման արգելակման և իր օրինական գործառույթների կատարումից հասարակությանը հեռացնելու ապօրինի մեխանիզմների վերացում, Պետական իշխանության ձևավորման և վերջինիս վերահսկման գործընթացում հասարակության ակտիվ ներգրավման համար պայմանների ստեղծում, Օրինական ընտրությունների անցկացման կայուն երաշխիքների ապահովում, Սոցիալական արդարության հաստատման և մարդու իրավունքների պաշտպանության աջակցություն, Քաղաքացիական շարժման կողմից իրականացվող գործունեության և քայլերի վերաբերյալ բնակչության իրազեկում:  

«Սահմանադրական Արցախ» քաղաքացիական շարժումը համագործակցելու պատրաստակամություն է հայտնում Արցախում, ՀՀ-ում և Սփյուռքում մեր մոտեցումներին և սկզբունքներին համախոհ բոլոր հայրենակիցների հետ:

 

Ե՞րբ և ի՞նչ պայմաններում է Սերժ Սարգսյանը ստացել «Նարիմանով» ծածկանունը

Նոյեմբերի 8, 2012

Գաղտնիք չէ, որ Սովետական Միության տարիներին ադրբեջանական ՍՍՀ–ի կազմում գտնվող ԼՂԻՄ–ում Ադրբեջանի կուսնոմենկլատուրան իրականացնում էր հայաթափման քաղաքականություն։ Այդ իսկ նպատակով ԼՂԻՄ–ի ղեկավարներ էին նշանակվում ազգությամբ հայ, սակայն ամբողջությամբ հայատյաց մարդիկ, ովքեր Բաքվի ծրագրերն էին առաջ մղում։

Ադրբեջանի հակահայկական քաղաքականության մյուս առանձնահատկություններից էր այն, որ ԼՂԻՄ–ի դրածո և հայատյաց ղեկավարների կողքին ներդրվում էին ԿԳԲ-ի կողմից հավաքագրված կադրեր, ովքեր, մի կողմից՝ պետք է օգնեին հայատյաց կեւորկովներին, իսկ մյուս կողմից էլ՝ լրացուցիչ «աչքի» և տեղեկատվական խողովակի դեր կատարեին Բաքվի համար։ Լավատեղյակները պնդում են, որ նմանատիպ մարդկանց, որպես կանոն, հավաքագրում էին Բաքվում գտնվող «Անդրկովկասյան կոմերիտական դպրոցից», որի հայ շրջանավարտները Բաքվի աջակցությամբ հետագայում նշանակվում էին ԼՂԻՄ կուսվերնախավը ներկայացնող գործիչների օգնականներ, կուսակցական ֆունկցիոներներ կամ հրահանգիչներ։ Հայաստանի ոչ օրինակարգ նախագահ Սերժ Սարգսյանն, օրինակ, տարբեր պաշտոններ է զբաղեցրել ԼՂԻՄ–ի կուսհամակարգում, եղել տխրահռչակ Կեւորկովի օգնականը և զբաղվել պրոպագանդիստական աշխատանքներով։ Կարելի է միայն պատկերացնել, թե ինչ տիպի պրոպագանդա է իրականացրել Սարգսյանն ադրբեջանական կոմկուսի ու ԿԳԲ–ի հսկողության ներքո։

Ցավալի է արձանագրելը, որ Հայաստանն այսօր ունի մի նախագահ, ով ժամանակին հավաքագրվել է ադրբեջանական ԿԳԲ-ի կողմից։ Այդ տեղեկության իսկությունը հաստատվում է այն փաստով, որ Սերժ Սարգսյանը եղել է վերոհիշյալ կոմսոմոլական դպրոցի սան։

Սերժ Սարգսյանի հետ այն տարիներին ԼՂ մարզկոմում աշխատած մարդկանցից շատերը պնդում են, որ «Նարիմանով» մականունը կամ ավելի ճիշտ՝ ծածկանունը, Սերժ Սարգսյանն ստացել է հենց Բաքվի «Անդրկովկասյան կոմերիտական դպրոցում» սովորելու տարիներին, երբ հայտնվել է ադրբեջանական հատուկ ծառայությունների ուշադրության կենտրոնում։

Ղարաբաղի հարցը դեռևս 60–ականներից բարձրացնող մարդիկ գիտեին, որ «Նարիմանով» ծածկանունը կրող Սարգսյանն ադրբեջանական ԿԳԲ-ի գործակալ է և զբաղված է ԼՂԻՄ–ում ազգային խնդիրներ բարձրացնելու պոտենցիալ ունեցողների հայտնաբերմամբ և այդ մարդկանց մասին Բաքվին զեկուցագրերի փոխանցմամբ։ Մեր ձեռքի տակ կա այն ավարտական լուսանկարը (վինետկա), որից պարզ է դառնում, որ Ս. Սարգսյանն «Անդրկովկասյան կոմերիտական դպրոցն» ավարտել է  26 տարեկան հասակում՝ 1980 թվականին։ Նկարում կարմիր շրջագծի մեջ վերցվածը հենց Սերժ Սարգսյանն է։ Ի դեպ, նրա համակուրսեցիների 90 տոկոսն ադրբեջանցիներ են եղել, մյուսները՝ ռուս, թալիշ ու վրացի, և միայն ինքն է եղել ազգությամբ հայ։

Հետաքրքրական է, որ Սերժ Սարգսյանի պաշտոնական էջում տեղադրված կենսագրականի մեջ շրջանցված է Բաքվի «Անդրկովկասյան կոմերիտական դպրոցն» ավարտելու փաստը, ինչը հուշում է, որ ոչ օրինակարգ Սերժ Սարգսյանն ամեն կերպ փորձում է սրբագրել սեփական կենսագրությունը և կոծկել իր անցյալին վերաբերող որոշ փաստեր։

Ընթերցելով Սարգսյանի կենսագրականը՝ հեշտությամբ կարելի է հայտնաբերել, որ բացակայում է 1979-1980 թթ. ընթացքում կոմերիտական դպրոցում սովորելու պահը և նշված է միայն, որ նա այս կամ այն կարգավիճակով կուսաշխատանքներով է զբաղվել։ Բաց է մնում այն հարցը, թե ինչպե՞ս է համալսարանը նոր ավարտած Սարգսյանն անմիջապես ընդգրկվել կուսնոմենկլատուրայի մեջ։ Այդ հարցի պատասխանը տալիս է հենց «Անդրկովկասյան կոմերիտական դպրոցը», որի մասին համառորեն լռում է Սարգսյանը, քանի որ գիտի՝ անմիջապես հայտնվելու է մի շարք տհաճ հարցերի պատասխանելու անհրաժեշտության առջև։

Ադրբեջանական ԿԳԲ-ի կողմից ժամանակին հավաքագրված լինելու հանգամանքն է, թերևս, պատճառ դառնում, որ ՀՀ նախագահի պաշտոնը զավթած Սարգսյանը պարբերաբար ադրբեջանանպաստ հայտարարություններով ու գործողություններով է հանդես գալիս։ Դա հատկապես ակնհայտ դարձավ Սերժ Սարգսյանի այն հայտարարության ժամանակ, երբ նշվեց, թե Հայաստանը պատրաստ է զիջել ազատագրված տարածքները, մինչդեռ Ալիևը հանդես էր գալիս ագրեսիվ հռետորաբանությամբ և որևէ փոխզիջման մասին չէր խոսում։

Երկրորդ կարծիք լինել չի կարող՝ Հայաստանի նախագահ չի կարող լինել մեկը, ում մտածողությունը ձևավորվել է ադրբեջանական «ԿԳԲ-ի կադրային դարբնոց համարվող «Անդրկովկասյան կոմերիտական դպրոցում», ով կուսակցական կարիերա է արել Բաքվի հատուկ հովանավորչությունից օգտվելով և ԼՂԻՄ–ում հակահայկական քաղաքականությանն օժանդակելով։

Ա.Վ.

ՔԱՐՎԱՃԱՌՅԱՆ ՀՌՉԱԿԱԳԻՐ

Սեպտեմբերի 27, 2012

Կարծում եմ, որ Քարվաճառյան այս սկզբունքներից դուրս հայկական քաղաքականություն, քաղաքական գաղափարներ չեն կարող գոյություն ունենալ, իսկ եթե ոմանց մոտ գոյություն ունենան, ապա դրանք չեն կարող հայկական համարվել:
Միաժամանակ պարզ է, որ Սկզբունքները դեռ քաղաքական ծրագիր չեն և գուցե դրանց շրջանակներում հնարավոր են բավականին սուր քաղաքական բանավեճեր: Օրինակ, արդյո՞ք անդամակցությունը Եվրոխորհրդին կամ ԱՊՀ-ին սահմանափակում է Հայաստանի ինքնիշխանությունը, կամ արդյո՞ք ներկա սահմանադրությունը ընդունված է ազգային համաձայնությամբ, գիտակցված և ազատ կամարտահայտությամբ, թե անտեղի նմանակված է և անօրինաբար պարտադրված:
Հայկական որևէ քաղաքական ծրագիր, պլատֆորմ կամ գաղափարախոսություն պետք է անպայման ներառի Քարվաճառյան սկզբունքները`դրանց սեփական մեկնաբանությունը, ինչպես նաև բազմաթիվ այլ, լրացնող սկզբունքներ, նպատակներ, դիրքորոշումներ, որոնք սակայն չպետք է հակասեն հիմնարար սկզբունքներին:

ՔԱՐՎԱՃԱՌՅԱՆ ՀՌՉԱԿԱԳԻՐ

Վերջին տարիներին, ազատագրված Քարվաճառ քաղաքում, Հայոց պետականակերտմանը հետամուտ բազմաթիվ անձանց մասնակցությամբ կայացած քննարկումների ընթացքում ուրվագծվել են հետևյալ հիմնարար և անբեկանելի շրջանակային սկզբունքները.

Ա. Ինքնիշխանություն

Ինքնիշխան և անկախ պետականությունը ազգային ինքնակազմակերպման գերագույն ձևն է և Հայության հարատևման միակ երաշխիքը: Անվերապահորեն մերժելի է Հայա
ստանի ներգրավումն ազգային ինքնիշխանությունը սահմանափակող որևէ դաշնային, համադաշնային, նորակայսերական, վերազգային կամ վերպետական կառույցին:

Բ. Հայրենատիրություն

Հայությունն՝ ի դեմս ազգային պետականության, հայրենի ողջ տարածքի նկատմամբ ունի անժամանակյա, անօտարելի և բացարձակ հայրենատիրության իրավունք:
Ըստ այդմ.
— Հայոց առկա ազգային-պետական սահմանները, ներառյալ Արցախի ողջ ազատագրված տարածքը, ամբողջությամբ անձեռնմխելի և անսակարկելի են:
— Մերժելի է ցեղասպանության իրավաքաղաքական և տարածքային հետևանքները վերացնելու հրամայականից հրաժարվելու, ինչպես նաև հայ-թուրքական ապօրինի բաժանարար գիծը որպես պետական սահման ճանաչելու որևէ ոտնձգություն:

Գ. Հայոց լեզու

Հայաստանում հայերենը՝ որպես միակ պետական լեզու, վայելում է բացարձակ գերակայություն : Պետական կառավարման, կրթության, պաշտոնական գործավարության և հանրային նշանակության բոլոր ոլորտներում Հայոց լեզվի բացարձակ կարգավիճակի դեմ յուրաքանչյուր ոտնձգություն իսպառ մերժելի է:

Դ. Սահմանադրական կարգ

Հայոց պետության կայացման պարտադիր նախապայման է ազգային համապարփակ համաձայնությամբ, գիտակցված և ազատ կամարտահայտմամբ սահմանադրական իրավակարգի հաստատումը և խստագույն պահպանումը: Կտրականապես մերժելի է սահմանադրական կարգով հաստատված քաղաքացիների իրավահավասարության դեմ որևէ ոտնձգություն:

Պատասխան Արման Մելիքյանին

Սեպտեմբերի 27, 2012

Փաստորեն մեր դեմ շատ «մեծ» կոալիցիա են կազմել,դեմքի «բարի» արտահայտությամբ հատուկ ասուլիսներ են անում, որ մեզ պատասխանեն:

Սուտ 1, թե իբր չմիավորվելու շնորհիվ է, որ Հայաստանն «ագրեսոր» չդիտարկվեց: Ոչ, ամբողջ աշխարհն էլ համարում է, որ հենց Հայաստանն է վերահսկում Արցախի ներկա ողջ տարածքը ու, չնայած դրան, մեզ ագրեսոր չեն համարում բոլորովին այլ պատճառով, քանի որ բոլորին էլ ակնհայտ էր, որ ագրեսորը Բաքուն էր ու հայերը միայն իրենց կյանքն էին փրկում, նախահարձակ չեն եղել:

Սուտ 2, թե իբր Հայաստան — Արցախ վերամիավորման արդյունքում կկորցնենք ազատագրված տարածքները: Այսօր փաստացի միավորված ենք ու չենք կորցնում, վաղը եթե արցախցիները մասնակցեն ՀՀ նախագահի ընտրությանը, դրա հետևանքով դարձյալ ոչինչ չենք կորցնի: Փոխարենը, որպեսզի բանակցություններում մենք տարածքի մեծ մասը հանձնենք, անհրաժեշտ է, որ ինքներս այդ տարածքը չհամարենք Հայաստանի անբաժան մաս ու թշնամու հետ քննարկենք, թե դրա որ մասն ենք վախից իրեն նվիրելու:

Սուտ 3, թե իբր 1989 թվականի դեկտեմբերի 1-ի Հայաստան-Արցախ միավորման ակտը գործնականում չկիրառվեց: Կարդացեք Հայաստանի անկախության հռչակագիրը, հիշեք, թե Արցախը քանի պատգամավոր ուներ անկախություն հռչակող այդ ԳԽ-ում և թե մինչև այսօր ինչպես են արցախաբնակ ՀՀ քաղաքացիները պաշտոնական առաջխաղացման գալիս Երևան:

Սուտ 4, թե իբր Հայաստանն առանց Արցախի անկախացավ և իր տարածքով դարձավ ՄԱԿ-ի անդամ: Որտեղ է դա գրված: Հայաստանը ինչպես ԽՍՀՄ-ի մեջ մտել էր Արցախով, այնպես էլ դրանից դուրս է եկել Արցախով:

Սուտ 5, թե իբր Հայաստան- Արցախ սահմանների ճշտումից հետո հակամարտությունը կտեղափոխի Արցախ -Ադրբեջան հարթություն: Ոչ, քանի դեռ Արցախի սահմանները պահպանում է Հայոց միակ բանակը, այնտեղ շրջանառվում է հայկական տարադրամը, բյուջեն տրամադրվում է Երևանից, բացառված է, որ ինչ-որ մեկը համարի, որ Երևանը այս ամենի հետ կապ չունի ու բանակցի Ստեփանակերտի հետ:

Ասա, պարոն Մելիքյան, գնա Արմենիկումովդ զբաղվիր, կամ Բաղրամյան 26-ից 8 միլիոն խնդրիր, նորից նախագահականին մասնակցիր, որ այս անգամ էլ կես տոկոս ստանաս: Ծայրահեղ դեպքում Մանուչարյան Աշոտի ադրբեջանահայության նախագծով ժամանակ սպանիր: Ի՞նչ ես ընկել… Թե հիմա էլ սա է հանձնարարությունդ:

Մենք խնդիր ունենք վերաարժևորել ՆԱՏՕ-ի հետ մեր համագործակցությունը.

Սեպտեմբերի 27, 2012

Razm.info — Պարոն Աղայան, թե Հայաստանում, թե Ադրբեջանում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դատապարտել է Սաֆարովին ներում շնորհելը: Դա կարո՞ղ է անդրադառնալ ՆԱՏՕ-ի և Ադրբեջանի հարաբերությունների վրա:

Արմեն Աղայան. Անկեղծ ասած, Ադրբեջանի և ՆԱՏՕ-ի հարաբերությունները կարծում եմ մեզ այնքան էլ հետաքրքիր պետք է չլինեն, ավելի հետաքրքիր են Հայաստանի և ՆԱՏՕ-ի հարաբերությունները:

Խնդիրն անգամ այդ դեպքը չէ, ընդամենը բացահայտվել են այն դժվարությունները, որ կարող ենք ունենալ ՆԱՏՕ-ի հետ համագործակցության շրջանակներում, երբ այդ համագործակցության մեջ առկա են թշնամի երկրներ, օրինակ՝ Ադրբեջանը կամ Թուրքիան, և մենք ստիպված ենք նրանց հետ ինչ-որ առաքելությունների, դասընթացների կամ խաղաղարար գործողությունների մասնակցել: Հարց է ծագում, թե ինչու պետք է Հայաստանը փաստացի վարձկաններ ուղարկի երկրներ, որտեղ ինքը որևէ շահ չունի, ասենք Իրաք, Աֆղանստան, Կոսովո։ Հետևաբար մենք վաղուց խնդիր ունենք վերաարժևորել ՆԱՏՕ-ի հետ մեր համագործակցությունը, այս վերջին իրադարձությունը ևս մեկ առիթ է, որ այդ հարցը հնչեղություն ստանա հայկական օրակարգում:

Ադրբեջանին ՆԱՏՕ-ն կարող է ձևական դիտողություններ անել, իր հիասթափությունը հայտնել, քննդատություն հնչեցնել, բայց դրանք գործնական ոչ մի ազդեցություն չեն ունենա, և Ադրբեջանը կշարունակի ՆԱՏՕ-ի հետ լիարժեք համագործակցել՝ ունենալով նաև այնպիսի միջնորդ երկիր, ինչպիսին Թուրքիան է:

Razm.info — Որքանով լուրջ, կարևոր գործընկերներ են Հայաստանն ու Ադրբեջանը ՆԱՏՕ-ի համար:

Ա. Ա. Իսկ որքանո՞վ է կարևոր և լուրջ գործընկեր ՆԱՏՕ-ն Հայաստանի համար: Այն, որ Հայաստանը ՆԱՏՕ-ի համար ինչ-որ չափով գործընկեր է տեսնում ենք այն ծավալից, որով Հայաստանին ներգրավել են իրենց գործողություններին, բայց դա ՆԱՏՕ-ին է անհրաժեշտ, որպեսզի ցույց տա «միջազգային կոալիցիա» [Աֆղանստանում և Իրաքում]։ Սակայն արդյո՞ք դա Հայաստանին պետք է, արդյո՞ք ՆԱՏՕ-ն Հայաստանի համար լուրջ գործընկեր է: Արդյո՞ք ՆԱՏՕ-ն ինչ-որ ռազմական համագործակցություն է առաջարկել Հայաստանինին մեր անվտագության խնդիրները լուծելու համար: Միթե՞ մենք համագործակցում ենք ՆԱՏՕ-ի հետ։ Ի՞նչ է՝ մենք Թուրքիայի հե՞տ էլ ենք համագործակցում։
Ես կարծում եմ ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը Հայաստանիի համար ամենաանլուրջ քաղաքականությունն է, որը մենք 1991 թվականից ձևականորեն կամ իրապես որդեգրել ենք, և դրանից ժամ առաջ պետք է ձերբազատվել:
Հայաստանը կարող է ռազմական համագործակցություն ունենալ ՆԱՏՕ առանձին երկրների հետ, ինչպես, օրինակ՝ Հունաստանի, Ֆրանսիայի, Միացյալ Նահանգների: Սակայն նատօյական համագործակցություն, ՆԱՏՕ-ի ծրագրերում ներգրավվածություն Հայաստանին բացարձակապես պետք չէ։ Անգամ ՆԱՏՕ ռազմական խորհրդատվությունը, որ իրականցվում է վերջին շրջանում (և դա դրսևորվում է մեր պաշտպանական դոկտրիններում, անվտանգության դոկտրիններում), մեզ հարկավոր չեն. Այդ դոկտրիններն՝ այնքանով, որքանով դրանք ներկայացվում են մեր հանրությանը, ծիծաղելի են և չեն բխում մեր ազգային շահերից: Պետք է արձանագրել, որ ՆԱՏՕ-ն մեզ համար անլուրջ գործընկեր է: Իսկ Հայաստանն իր համար ինչ է, թող ինքը որոշի:

Razm.info — Ձեր կարծիքով, ՆԱՏՕ-ի նկատմամբ Հայաստանում հնչեցված դժգոհությունները կարո՞ղ են անդրադառնալ Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունների վրա, մասնավորապես, խաղաղապահ առաքելությունների վրա:

Ա. Ա. Ես շատ կուզենայի, որ խաղաղապահ առաքելություններին Հայաստանի մասնակցությունը դադարեցվեր և այսուհետև բացառվեր, բայց վստահ չեմ, որ մեր կառավարությունը պատրաստ է այդ քայլն անել։ Ամեն դեպքում ուրախ եմ, որ վերջին դեպքերի հետ կապված որոշ ճնշում կա կառավարության վրա՝ հանրային ճնշում, և գոնե այդ կերպ կառավարությունը իր նեղացածի կեցվածքով որոշ բաներ փորձում է ՆԱՏՕ-ին հասկացնել: Բայց դա խիստ անբավարար է: Կարծում եմ ճիշտ կլինի հետ կանչել բոլոր խաղաղապահ ստորաբաժանումները։
Հանուն արդարության ասեմ, որ ՀԱՊԿ-ի հետ մեր հարաբերությունները պետք է նույն սկզբունքով լինեն, ինչ ՆԱՏՕ-ի հետ:
Այսինքն. երանի Հայաստանը հնարավորություն ունենար համագործակցել ուղղակի Ռուսաստանի հետ և չանդամակցել ՀԱՊԿ-ին, որովհետև այնտեղ շատ երկրներ մեզ հետ ընդհանուր շահ չունեն:
Ցավալի է, որ նման երկրները երկկողմ հարաբերությունների փոխարեն ցանկանում են ռազմական դաշինքի իմիտացիա ստեղծել:
Իրականում ՀԱՊԿ ռազմական դաշինք որպես այդպիսին գոյություն չունի, ՆԱՏՕ-ն դեռ տրամաբանական է , բայց ՀԱՊԿ-ն ընդհանրապես անիմաստ է:

Կոչ են անում ցուցակներում ընդգրկել արցախցիների

Սեպտեմբերի 27, 2012

01 Փետրվարի 2012 — 00:15

“Ազատ Դեմոկրատներ” Կուսակցության
“Բարգավաճ Հայաստան” կուսակցության
“Ժառանգություն” կուսակցության
Հայաստանի Ժողովրդական Կուսակցության
Հայաստանի Ժողովրդավարական-Ազատական Միության
Հայաստանի Կոմունիստական Կուսակցության
Հայաստանի Հանրապետական Կուսակցության
Հայ Հեղափոխական Դաշնակցության
“Հանրապետություն” Կուսակցության
“Օրինաց Երկիր” Կուսակցության

Մշտական գործող ղեկավար մարմիններին

Հարգելի պարոնայք,

Հայտնի է, որ 1989թ դեկտեմբերի 1-ի որոշմամբ Արցախը միավորվել է ՀԽՍՀ-ի հետ: Վերամիավորման այդ որոշումը դրվել է Հայաստանի անկախության հռչակագրի հիմքում: Հայաստանի անկախությունը հռչակող ՀԽՍՀ Գերագույն խորհրդի կազմում ընտրված էին արցախցի պատգամավորներ, որոնք եղան առաջին ու առայժմ վերջին խորհրդարանականները Հայաստանի Հանրապետության օրենսդիր մարմնում:

1989թ դեկտեմբերի 1-ի վերամիավորման որոշումը չեղյալ չի հայտարարվել: Արցախը և նրա պետական կառույցները փաստացի ՀՀ և նրա համապատասխան կառույցների մասերն են: Արցախում ապրում են բացառապես ՀՀ քաղաքացիներ, որոնք սակայն զրկված են իրենց սահմանադրական իրավունքներից, մասնավորապես, ՀՀ համապետական ընտրություններին մասնակցելու իրավունքից:

Պատճառները նույնպես հայտնի են: Տեր-Պետրոսյանի վարչախմբին ինչ-ինչ պատճառներով խանգարում էր Արցախյան շարժման գլխավոր նվաճումներից մեկը` վերամիավորման որոշումը և նրանք մոռացության տվեցին այն: Նախ, կազմակերպելով ՀՀ անկախության հանրաքվեն, հետագայում նաև նախագահական ընտրությունները, Արցախի ընտրատեղամասերը չներառեցին դրանցում: Օգտագործելով առաջին իսկ առիթը` Ադրբեջանի անկախության հռչակումը, պատճառ բերելով միջազգային հանրության խիստ ենթադրյալ պահանջը, ստիպեցին արցախցիներին ձևական անկախություն հռչակել: Հետո էլ ստիպեցին դա վերահաստատել հանրաքվեով` հարցում, սակայն, չնշելով, որ խոսքը Ադրբեջանից, այլ ոչ թե Հայաստանից անկախանալու մասին է: Իսկ գործնականում այդ որոշման միակ իմաստը պատերազմի նախօրեին Արցախը Հայաստանից օտարելն էր: Հետևանքները զգում ենք մինչ օրս:

Բարեբախտաբար, այդքանից հետո Երևանը գոնե պաշտոնապես չի ճանաչել Արցախի անկախությունը Հայաստանից և այդ տեսակետից այն շարունակում է Հայաստանի մաս հանդիսանալ: Արցախում բնակվում են շուրջ հարյուր հազար ՀՀ քաղաքացիներ, որոնք սեփական հայրենիքում բնակվելով հանդերձ, զրկված են նախագահ կամ պատգամավոր ընտրելու և ընտրվելու իրավունքից: Թեև եղել են հատուկ բացառություններ (Քոչարյան Ռոբերտ, Բաբայան Սամվել), սակայն այլ դեպքերում ընտրական հանձնաժողովները մերժել են գրանցել արցախցի թեկնածուներին:

«Հայազն» միությունը առաջարկում է.
2012թ ընտրություններին մասնակցող կուսակցություններին, իրենց ցուցակներում, ցանկացած հորիզոնականի վրա, ընդգրկել արցախցի թեկնածուների:

Հույս ունենք, որ իշխանական ճամբարի կուսակցություններն առաջինը օրինակ ցույց կտան: Հակառակ դեպքում, հույս ունենք, որ իրենց ցուցակներում արցախցի թեկնածուներ ընդգրկած ընդդիմադիր կուսակցությունները խնդրին հանրային հնչեղություն կհաղորդեն և ընտրական հանձնաժողովների կողմից այդ թեկնածուներին չգրանցելու դեպքում, հարցը կհետապնդեն դատական կարգով:
Կոչ ենք անում նաև հարցը քննարկելու, դրա շահեկանությունը պարզելու համար արդեն հիմա կազմակերպել միջկուսակցական կլոր սեղաններ և հանրային լսումներ:

Դրական արձագանքի սպասումով`
«Հայազն» Միության Կենտրոնական Մարմին

Արցախցիները ներգրավումը նախնտրական ցուցակներում միթե՞ նոր թափ չի տա Արցախի ապաբնակեցմանը: Հայազնը Արցախում կատարված ընտրությունների ժամանակ արդյոք դիմե՞լ է այնտեղ գործող կուսակցություններին նույն պահանջով, բանց հայաստանցիներին ներգրավելու համար

”Ժողովրդավար” երկիր է Հայաստանը , ու ցանկացած հարց կարելի է քննարկման դնել բայց դրանից առաջ նախ այն շարժումը որ ուզում է սոյն հարցը արծարծել պետք է ինք համապարփակ քննարկման ենթարկէ իր անդամների միջեւ կշռելով դրական կամ բացասական հետեւանքները , ու ենթադրելով որ արդէն արած կլինէք այդ մէկը , զայն ներկայացնել ԱԺ ում ձեր վստահած կուսակցական խմբավորումին զայն օրակարգի վրայ դնելու , ձեր պահանջը արձագանք չգտնելու պարագային կամ մերժվելու պարագային միայն կազմակերպել կլոր սեղան որուն կարծում եմ կուսակցութիւնների մասնակցութեան սպասումը անհուսալի է :

Արմեն Աղայան, լավ կլիներ ենթադրություններ անելու փոխարեն ուշադրություն դարձնեիք փաստերին: Արցախից ոչ միայն ԱԺ պատգամավոր, այլ նաև նախարար, վարչապետ և նախագահ ունենք ու ունեցել եք: Հիմա ինձ ասեք, թե նրանցից քանի՞սն են մշտապես բնակվում Արցախում, դեռ չհաշված, որ ամեն Հայաստան եկող իր հետ Արցախից բերում է հավատարիմ “զինակիցների” և ստանձնելով պաշտոնը նրանց նույնպես տեղավորում աշխատանքի, որոնք իրենց հերթին հաստատվելով Երևանում հետ չեն վերադառնում Արցախ:
Ու եթե նույնիսկ այսօրվա դրությամբ Հայաստանի ԱԺ-ի բոլոր կոճակաները Արցախցիներ սեղմեին, Արցախինն էլ Հայաստանցիներ, արդյո՞ք դրանից մի բան կփոխվե՞ր մեր կյանքում, չե՞որ մեր դժբախտության պատճառներն այլ են, ավելի լավ չէ՞ր լինի դրանց վրա կենտրոնանայինք…
Հայ ժողովուրդն այսօր, բուն նյութից շեղվելու «գերպրոֆեսիոնալ» է դարձել ու կարող է Գինեսի գիրք մտնել…

ԱԱ  Այսպես կոչված ԼՂՀ ԱԺ-ն, իր փաստացի կարգավիճակով, ընդամենը մարզային խորհրդարան է, ուստի բնական է, որ “Հայազնը” անիմաստ է համարում, որ դրանում մասնակցեն թեկնածուներ Հայաստանի այլ մարզերից: Փոխարենը ողջունելի կլիներ, որ մյուս մարզերն էլ խորհրդարաններ ունենային կամ ավագանիներ` Երևանի նման: Իսկ ահա ընդհանուր հայկական խորհրդարանում բոլոր մարզերի, այդ թվում արցախցիների ներկայացվածությունը անհրաժեշտություն է: Եվ ինչպես Լոռիից ԱԺ պագամավորների առկայությունը չի կարող պատճառ համարել Լոռվա գյուղերի դատարկման համար, այնպես էլ Արցախի: Ծայրամասային, լեռնային գյուղերի դատարկվելը բոլորովին այլ պատճառներ ունի այդ թվում դա կանխելուն միտված անհրաժեշտ քաղաքականության բացակայությունը:

ԱԱ Արցախի և Հայաստանի միջև իրավական կամ քաղաքական հարաբերություններ չեն կարող լինել, որովհետև դրանք հավասարազոր միավորներ չեն` Արցախը ընդամենը Հայաստանի բաղկացուցիչ մաս է: Ամեն դեպքում ժողովրդավարության բացակայության խնդիրը, որը շատերի համար այսօր կարևր հարց է, չպետք է խանգարի այս խնդրի արծարծմանը: Ավելին, հենց նման` ազգային անվտանգության տեսակետից անչափ կարևոր հարցերի քննարկումից էլ սկսվում է ազգային ինքնավարությունը:

ԱԱ քաղաքական դաշտում հարցը վաղուց է քննվում, շատ տարբեր հարթակներում` դեռ 1992թ-ից: “Հայազն” միությունում այն, բնական է, համապարփակ քննության ենթարկվել է: Իսկ թե ինչպես պետք է հարցը հետապնդենք այսօր, թույլ տվեք, որ ինքներս որոշենք` անպայման հաշվի առնելով Հայաստանի “ժողովրդավար” լինելը, ինչպես նաև կուսակցությունների ինչ լինելը:

Թե երբ է կարգավորվելու Արցախի ու Հայաստանի քաղաքական ու իրավական հարաբերությունները…թողել են ժողովրդին ու աշխարհին անկազմակերպ ու աննպատակ վիճակի մեջ, էվ դա նրանից է որ նույնիսկ Հայատանում օրինական ու ազնվորեն ընտրված իշխանություն չկա , ժողովուրդը չի կարողանում ինքը որոշի թե ինչպիսի ներկայացուցիչներ էվ կառավարություն է նա ցանկանում,…չկան օրինական ու բացահայտ հարաբերությունների ու օրինաչափության կանոններ…ու ստացվել է խառնաշփոթ ու անկարգ վիճակ…Այս ամենը նպաստում է որ Հայաստանի ու Արցախի ժողովուրդները չունենան լուրջ հասկացողություն ու ծրագիր իրենց պարգեվված ապագան… Ժամանակն է որ լինի ընտրությունների հետ զուգահեռ մի շարք քաղաքական էվ կենցաղային ընդհանուր հարցադրական կայքեր որպիսզի Հայաստանի ու Արցախի ժողովուրդները խոսեն ալյ ոչ թե թելադրվի մի քանի անունների կողմից թե ինչպիսի համակարգ, հարաբերություններ ու կապեր պետք է լինի Արցախի ու Հայաստանի համար…Ժողովուրդը հոգնել է Քոչարյան, ԼՏՊ, Սարգսյանին լսելուց..պետք է լսենք համայն Արցախի ու Հայաստանի ժողովուրդների բարձր ձայնը…այս գալիք ընտրություններում:

Ժիրայր Սեֆիլյան-Վարչախմբից միասնաբար պետք է հաշիվ պահանջենք

Օգոստոսի 6, 2012

Վերջին օրերին հերթական անգամ հանրության քննարկման առարկա է դարձել Շուշիի ազատագրման գործողությանը ՀՀ առաջին Նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի տեղեկացված լինել–չլինելու հարցը։

Տրամաբանությունից զուրկ այս անհեթեթ հարցադրմանը ստիպված եմ եղել բազմիցս պատասխանել և այսօր էլ շեշտում եմ, որ առանց Զինված ուժերի գլխավոր հրամանատարի գիտության այդպիսի գործողության իրականացումն անհնար կլիներ։

Միևնույն ժամանակ, բոլոր ին հորդորում եմ դադարեցնել այս բանավեճը և ակամա չմասնակցել տեղեկատվական հատուկ գործողությանը, որը կառավարման «բաժանիր, որ տիրես» գործելակերպին հետամուտ վարչախումբը հերթական անգամ իրականացնում է իր տիրապետոթյունը ամրապնդելու և երկարաձգելու նպատակով։

Նմանաբնույթ թակարդներից խուսափելու համար բոլոր ողջամիտ ուժերն ու մարդիկ պարտավոր են զգոն լինել և գիտակցել, որ սովորաբար այսպիսի բանավեճերի կողմերն ու թիրախները վտանգի պահին միավորվող ու հանուն Հայրենիքի պայքարող տեսակից են լինում: ՈՒստի, անկախ քաղաքական կողմնորոշումից, նրանք պետք է միասնական լինեն։
Իսկ ժողովրդին հանուն անձնական ու կլանային սպառողական նպատակների բաժան–բաժան անելու, հակադրելու և տիրելու մոլուցքով առաջնորդվող վարչախումբը, որի կարկառուն ներկայացուցիչների մեծ մասն ազատամարտի ժամանակ կամ թաքնված էր տաքուկ տեղերում կամ էլ զբաղված էր թալանով ու հաղթանակների պտուղներն իրեն վերագրելով, այսօր փորձում է այդ տեսակի ամբողջականությունը քայքայելով յուրացնել ու չեզոքացնել նրան։
Իսկ իրենց կյանքը ազատամարտին նվիրած և հաղթանակի գործում մեծ ավանդ ունեցող այն մարդիկ, ովքեր ինչ–ինչ պատճառներով հայտնվել են վարչախմբի վերահսկողության ներքո և հարկադրաբար հանդես են գալիս նրա թելադրանքով, մեր աջակցության ու պաշտպանության կարիքն ունեն։ Եվ մենք վարչախմբից միասնաբար պետք է հաշիվ պահանջենք նման անմարդկային վարքի համար։
Ժիրայր Սեֆիլյան

Լևոն Տեր–Պետրոսյանի, Կոմանդոսի և Շուշիի ազատագրման մասին

Օգոստոսի 6, 2012

Վերջին օրերին բավական ակտիվորեն քննարկվում է Շուշիիազատագրման թեման, ավելի ճիշտ՝ ազատագրման գործում այս կամ այն գործչի մասնակցության ու չմասնակցության, դրական ու բացասական դերի մասին։ Չեմ հասկանում, թե ինչու այս պահին թեման դրվեց շրջանառության մեջ, բայց եթե դրվել է, ուրեմն աչքաթող պետք չէ անել։

«Լևոնն անտեղյակ էր Շուշիի օպերացիայից»,– նշում է Կոմանդոսը և նրան ձայնակցում են տեղյակներն ու անտեղյակները։

«Ինչպե՞ս կարող էին առանց Լևոնի գիտության ազատագրել Շուշին»,– Կոմանդոսին ու նրան ձայնակցողներին հակադարձում են մյուս ճամբարից։

Նկատենք, որ տեղեկատվական դաշտում այս թեմայի շուրջ հիմնականում պարզունակ փաստարկներ ու հակափաստարկներ են ներկայացվում և ավելի շատ քաղաքական համակրանք–հակակրանք է խաղացվում։

Դատելով որոշ մարդկանց մեկնաբանություններից ու «հեղինակավոր» կարծիքներից՝ շատերը կա՛մ անտեղյակ են, կա՛մ այդպիսին են ձևանում։ Ոմանք հնարավորություն են ստացել «հայրենասիրություն» խաղալու։

Փորձեմ միջամտել այդ բանավեճ կոչվածին, բայց ոչ թե պատերի տակ լսած խոսակցություններին հղում անելով, այլ Ղարաբաղյան պատերազմի, թերևս, ամենակոմպետենտ մարդկանցից մեկի հուշերը մեջբերելով և որոշ փաստեր ներկայացնելով։ Խոսքս պատերազմի տարիներին ու դրանից հետո ԼՂՀ Պաշտպանության բանակի հրամանատար և Պաշտպանության նախարար եղած, Արցախի հերոս, գեներալ–լեյտենանտ Սամվել Բաբայանի՝ Կոմանդույուշչու հուշերի մասին է։

Մեզ հետաքրքրող հարցում, ի դեպ, Բաբայանի ասածները լրիվ օբյեկտիվ պետք է գնահատել, քանզի նրան մեծ ցանկության դեպքում անգամ դժվար է Լևոն Տեր–Պետրոսյանի կողմնակից համարելը։ Ճիշտ հակառակը.Կոմանդույուշչին այն չորս մարդկանցից մեկն էր, ով 1998–ին մտնում էր առաջին նախագահի նշած «հայտնի ուժերի» մեջ, ով չէր ընդունում Ղարաբաղի խնդրի կարգավորման փուլային տարբերակը և ով կողմ էր Տեր–Պետրոսյանի հրաժարականին։  Ասելս այն է, որ Բաբայանը հազիվ թե Լևոնին ինչ որ հարցում ռեվերանս անելու խնդիր ունենար։

Ոմանք կարող են ընդունել, իսկ ոմանք՝ չընդունել Բաբայանի քաղաքական գործունեությունը, բայց չեն կարող առարկել, որ ռազմական առումով նա օժտված է բարձրագույն լեգիտիմությամբ։ Ասել է թե՝ նրա ասածները կարող են վիճարկվել շատ քչերի կողմից, եթե իհարկե վիճարկվեն։

Այժմ անցնենք բուն թեմային՝ Շուշիի ազատագրմանը, Կոմանդոսի և մյուսների դերին ու Լևոն Տեր–Պետրոսյանի վարքագծին։

Սամվել Բաբայանի անցած ուղուն վերաբերող «Հաղթանակներն ինչպես եղել են. ազդականչ 44» գրքում մանրամասն նկարագրված են և՛ պաշտպանական, և՛ հարձակողական բնույթի բոլոր ռազմագործողությունները։

Մասնավորապես Շուշիի ազատագրման մասով կարդում ենք. «Շուշիի ազատագրման օպերատիվ պլանը, որի մասին տեղյակ էին Հայաստանի Հանրապետության նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանը, նախագահին առընթեր Ազգային անվտանգության խորհրդի անդամները, մշակվել է Ինքնապաշտպանական ուժերի հրամանատար (ԻՊՈՒ) Արկադի Տեր–Թադևոսյանի (Կոմանդոս) գլխավորությամբ, հրամանատարի տեղակալ Սամվել Բաբայանի, Ինքնապաշտպանության կոմիտեի նախագահ Սերժ Սարգսյանի, Ռաֆայել (Ֆելիքս) Գզողլյանի, Լեոնիդ Մարտիրոսովի, հարձակման ուղղությունների հրամանատարների (Վալերի Չիթչյան, Արկադի Կարապետյան, Սեյրան Օհանյան), ԼՂՀ պետական, քաղաքական մի խումբ գործիչների մասնակցությամբ»։

Շուշիի ազատագրման շրջանում դեռևս նոր–նոր էր դրվում կանոնավոր բանակի հիմքերը և այդ իսկ պատճառով մարտի էին նետվում կամավորական ջոկատները, որոնց կազմավորման գործում մեծ դերակատարում ուներՎազգեն Սարգսյանը։

Գրքից տեղեկանում ենք նաև, որ Բաբայանն ու Կոմանդոսը տարաձայնություններ են ունեցել Շուշիիազատագրաման օպերատիվ պլանի հետ կապված։ Կոմանդոսը համոզված է եղել, որ կարելի է 3ուղղություններով (Ստեփանակերտ–Շուշի մայրուղի՝ հյուսիսային, Շոշի՝ արևելյան և Ջանհասան–Քյոսալար՝ հյուսիսարևմտյան) ազատագրել բերդաքաղաքը, սակայն Բաբայանը պնդել է, որ առանց 4րդ՝Լաչինի հարավային գլխավոր ուղղության հնարավոր չէ հաջողության հասնել։

Կոմանդոսի առաջարկած պլանով մեր ազատամարտիկները երեք ուղղություններով փորձել են գրոհով վերցնել Շուշին, սակայն  չեն կարողացել։ Ունեցել ենք զոհեր և վիրավորներ։ Բաբայանը հենց դա էլ կանխատեսել էր։

Անհաջող գրոհից հետո արդեն գործի է դրվել 4 ուղղություններով քաղաքն օղակի մեջ վերցնելու պլանը, որի պայմաններում գլխավոր ուղղությունը հարավից՝ Լաչինի կողմից էր (ուղղության ընդհանուր հրամանատար՝ Սամվել Բաբայան)։

Սամվել Բաբայանը համոզված էր, որ հակառակորդի պաշտպանությունը ճեղքելու խնդիրը հնարավոր է լուծել միայն Լաչինի կողմից։ Նրա հիմնավորումները պաշտպանեց նաև այն ժամանակ ՀՀ և ԼՂՀ ԳԽ պատգամավոր, Պաշտպանության խորհրդի անդամ Ռոբերտ Քոչարյանը (ով, ի դեպ, նույն հարավային ուղղությունում մասնակցել է մարտական գործողություններին)։

Հարավային հատվածում հաջող ռազմագործողության արդյունքում Շուշիում գտնվող ադրբեջանցի զինվորականների ու բնակչության մոտ խուճապ է սկսվել, որից հետո նրանք քաղաքը լքել են։ Այսինքն՝ բուն Շուշիի վրա գրոհ որպես այդիսին չի եղել, այլ մարտավարական մանյովրներով մերոնք ստիպել են հակառակորդին առանց մարտի լքել քաղաքը։ Դա էր պատճառը, որ ադրբեջանական լրատվամիջոցներն այն օրերին գրում էին իրենց զինվորականների դավաճանության մասին, քանզի չէին պատկերացնում, թե ինչպես կարող էր այդպիսի դիրք ունեցող քաղաքը հանձնվել մեկ օրում։

Սա Շուշիի օպերացիայի մասով։ Եթե Կոմանդոսը (այլ ոչ թե ֆեյսբուքներում կռիվ–կռիվ խաղացող ֆեյքերը) վերը նշվածին հակադարձելու բան կունենա, ապա թող դա անի Սամվել Բաբայանի հետ առկա կամ հեռակա բանավեճի միջոցով։ Թե չէ անտեղյակների ականջին «լապշա» կախելով ու՞ր կհասնենք։

Ինչ վերաբերում է Կոմանդոսի գործունեությանը պատերազմի տարիներին, ապա պետք է նշել, որ Շուշիիօպերացիայից հետո նա որպես ԻՊՈՒ հրամանատար մի որոշ շրջան դեռ պահպանում էր իր դիրքերը։ Ավելի կոնկրետ՝ Կոմանդոսը ԻՊՈՒ–ի հրամանատար է եղել մինչև 1992թ օգոստոս ամիսը, որի ընթացքում նախկին ԼՂԻՄ տարածքի գրեթե կեսը հանձնվել է։ Ադրբեջանցիները ավերակների էին վերածել Շահումյանի, Մարտակերտի շրջանն ու ընդհուպ մոտեցել Ասկերանին, այսինքն՝ համարյա հասել էին Ստեփանակերտ(Ասկերանից մինչև Ստեփանակերտ 12 կմ է)։

Այդ ամենից հետո Կոմանդոսի լեգիտիմությունը որպես հրամանատարի, բնականաբար, ընկել էր և նա թողեց իր դիրքն ու հեռացավ Ղարաբաղից։ 1992թ. օգոստոսից նա եղել է Հայաստանում ու գործնականում ոչ մի կապ չի ունեցել Ղարաբաղում ու դրան հարող շրջաններում ռազմական գործողությունների և առավելևս՝ ազատագրական մարտերի հետ։ Իսկ թե ինչու էր Երևանում իշխանությունը  «ռասկրուտկա» անում Կոմանդոսին, արդեն այլ խոսակցության թեմա է։

Հիշեցնեմ, որ Երևանում այն օրերին պաշտոնական քարոզչամեքենան անընդհատ խոսում էր Շուշիից, բայց լռում էր դրան հետևած պարտությունների մասին։

Այդ օրերին էր նաև, որ հայաստանյան ընդդիմությունը պահանջում էր Տեր–Պետրոսյանի հրաժարականը, քանզի պարտությունների շարք էր սկսված։ Թույլ տանք մեզ ենթադրել, որ տերպետրոսյանական իշխանությունը Շուշիի ազատագրման կենդանի խորհրդանիշ համարվող Կոմանդոսին PR անելով և օգտագործելով՝ փորձում էր խլեցնել պարտությունների մասին բարձրաձայնող ընդդիմության ձայնը։ Կոմանդոսն, ըստ այդմ, պետք էր իշխանությանը և նրա մասին առասպելները շատ արագ տարածվեցին։

Անշու՛շտ, պատերազմի ժամանակ բոլորն էլ, այդ թվում՝ Կոմանդոսը, իրենց լուման ներդրել են ու դա ուրանալ հնարավոր չէ։ Սակայն կան բաներ, որոնք պատիվ չեն բերում մարդկանց։

Կարծում եմ, որ հիմա ճիշտ չի անում Կոմանդոսը, որ մտնում է ներքաղաքական ինտրիգների դաշտ՝ վերածվելով մանրադրամի։ ԻՊՈՒ–ի նախկին հրամանատարի համար մի քիչ անլուրջ է հայտարարելը, թե Տեր–Պետրոսյանից գաղտնի է իրականացվել Շուշիի օպերացիան, մանավանդ որ այն պլանավորվել էր դեռևս ապրիլ ամսից և ինչպես Բաբայանն էր նշել՝ նախագահը շատ լավ տեղյակ էր սպասվող ռազմագործողությունից։ Տեր–Պետրոսյանը մեր աչքի լույսը չէ, բայց սուտ բաներ չարժե տարածել նրա մասին, մանավանդ որ այնքան ճիշտ բաներ կան, որոնց օգնությամբ կարելի է քննադատել առաջին նախագահին, և հետևաբար՝ մանրություն պետք չէ դրսևորել։

Լրիվ այլ կերպ կդիտվեր ու մասնավորապես «7 օրի» կողմից դրական կընկալվեր Կոմանդոսի այժմյան վարքագիծը, եթե նա, ասենք, քննադատության ենթարկեր Լևոն Տեր–Պետրոսյանի մոտեցումները Ղարաբաղի խնդրի կարգավորման և հայ–թուրքական հարաբերությունների մասով։

Սերժ Սարգսյանի նախաձեռնած տխրահռչակ «ֆուտբոլային» դիվանագիտությունը գործնականում ցույց տվեց, որ Տեր–Պետրոսյանի մոտեցումներն այդ հարցերում, մեղմ ասած, սխալ են։ Այ եթե ա՛յս առումովԿոմանդոսը կամ մյուսները տեսակետներ հայտնեն ու դիմացինից հակափաստարկներ լսեն, ապա դա նորմալ կընկալվի, թե չէ էժանագին հայտարարություններ անելով ու ցածրորակ հարցազրույցներ տալով արժեզրկում ենք թե՛ մեր հաղթանակները, թե՛ մեր հերոսներին ընդհանրապես։

Ժամանակն է սթափվել։ Ու եթե ոմանք հայրենասիրությունը փեշակ են դարձրել, ապա ասեմ, որ ամենայն հավանականությամբ շուտով կավարտվի մեծ–մեծ խոսելու և «հավայի փրթելու» փուլը, քանզի Սիրիայից հետո կարող են այնպիսի զարգացումներ լինել, որ մենք արդեն ոչ թե հաղթանակներով թիթիզանալու, այլ կոնկրետ ռազմագործողություններին մասնակցելու միջոցով ստիպված կլինենք ապացուցել մեր կոմանդոսությունը և հայրենասիրությունը։

Կարեն Հակոբջանյան

Եւ զենքը շրջեն ներքին թշնամու դեմ…

Հունիսի 30, 2012

Մի առիթով, կարծես թե Գալուստ Սահակյանն էր, պատասխանելով լրագրողի հարցին, ասել էր, թե մտածո՞ւմ եք ինչ կլինի, եթե օլիգարխները փողոց դուրս գան: Հարցը վերաբերում էր քաղաքացիական նախաձեռնություններին, որոնք պայքարում էին Երեւանի կենսատարածքը հանրությանը վերադարձնելու համար:

Այդ հարցադրման մեջ պարունակվում էր այսօրվա հայաստանյան իրականությունը, եւ հասարակությանը փաստացի ասվում էր, որ գոհ ու երջանիկ լինեն, որ օլիգարխիային «ինտեգրել են» պետությանը, դարձրել պաշտոնյաներ ու պատգամավորներ, «քաղաքական գործիչներ», այլապես վիճակն ավելի վատ կլիներ:

Այս «դառը ճշմարտությունն» իրականում քաղաքական կոչված համակարգի երեսպաշտությունն է ու անզորությունը, որը վաղուց դարձել է երկրի ողջ ռեսուրսն ուզուրպացրած քրեաօլիգարխիկ համակարգի սպասարկուն եւ ցուցանակը: Իրականում, քրեաօլիգարխիկ դասը կայացել է փողոցում եւ երբեք էլ այնտեղից չի հեռացել: Ի տարբերություն քաղաքական ուժերի, այս դասը շատ լավ գիտե, որ իշխանությունը ոչ թե կաբինետներում է, այլ փողոցում: Եւ այն քայլ առ քայլ նվաճել է իր այսօրվա դիրքերը, միշտ մնալով փողոցում՝ սպանությունների, ահաբեկումների, անօրինականությունների տեսքով, մինչ քաղաքական ուժերը լքում էին փողոցն ու ժողովրդին՝ հանուն մանդատի ու անձնական բարեկեցության:

Այս դասը ներկայում հասել է իր պիկին, լիակատար վերահսկողություն սահմանելով երկրի քաղաքական ու տնտեսական համակարգի հանդեպ: Առավել քան երբեք, այս դասն իրեն զգում է ամենազոր ու վեր՝ ամեն ինչից, եւ հակառակ Գալուստի նախազգուշացման՝ երեկ երեկոյան հանրությանը նետեց իր երբեւէ ամենախոսուն մարտահրավերը. ռազմական բժիշկ Վահե Ավետյանի մահվանից հետո հրավառություններ կազմակերպեց ռեստորաններում, հասկացնելով, որ չի նահանջելու ոչ մի պարագայում եւ չի հեռացել փողոցից, եւ վաղը «անմեղ» հրավառությունը կվերածի կրակահերթերի, եթե փորձեն դիպչել իր շահերին:

Իհարկե, քրեաօլիգարխիկ դասը բոլոր հիմքերն առայժմ ունի նման պահվածքի համար: Օրինակ, Վահեի հետ կատարվածից հետո նրան հաջողվեց չեզոքացնել բանակի եւ պետական այլ կառույցների հնարավոր հակազդեցությունը եւ հասնել քաղաքական կոչվող ուժերի լռությանը: Երեկվա հրավառությունն արդեն ուղղված էր հանրությանը՝ որպես զգուշացում եւ սպառնալիք: Այլ մեթոդ ու մեխանիզմ քրեաօլիգարխիկ դասը չունի եւ չի կարող ունենալ՝ այն այնքան է խրվել հանցավորության մեջ, որ այլեւս նահանջի ճանապարհ չի մնացել:

Ինչ վերաբերում է հանրությանը, ապա այն կարծես թե արժանապատիվ կերպով է ընդունել այդ մարտահրավերը: Քաղաքացիների թեեւ փոքրաթիվ, սակայն արդեն հասուն խմբերը հաղթանակներ են արձանագրում այս համակարգի հանդեպ, որովհետեւ նրանք էլ են փողոցում եւ այդ պարագայում ավելի ուժեղ են, քան քրեաօլիգարխիկ համակարգը, որովհետեւ գործում են օրենքի մեջ: Այս օրերին քաղաքացիական խմբերը պատրաստվում են Վահեի հիշատակի միջոցառումները վերածել քաղաքացիական անհնազանդության եւ ըմբոստության ակցիայի:

Երեկվա հրավառությունը քաղաքացիական հասարակությունը վերածելու է քրեաօլիգարխիկ համակարգի վերջին «ակցիայի», որը նախանշում է այդ համակարգի վախճանը: Եւ սա լավագույն ելքը կլինի համակարգի համար, որովհետեւ, հակառակ դեպքում, օրենքի սահմաններում գործող քաղաքացիների փոխարեն փողոցում կհայտնվեն այլ մարդիկ՝ համակարգի կողմից նվաստացված, անկյուն քշված եւ կորցնելու այլեւս ոչինչ չունեցող, նրանք, ովքեր հնարավորություն չունեն նույնիսկ արդեն արտագաղթելու:

Նույնիսկ պատերազմի սպառնալիքն ու «հայրենասիրությունը», որը համակարգը զենք է դարձրել հանրությանը ճնշելու համար, չեն փրկի, որովհետեւ, արտաքին թշնամուն ջախջախելուց հետո, բանակի սպայակազմն ու զինվորները կվերագտնեն իրենց արժանապատվությունն ու քաջությունը, եւ զենքը կշրջեն ներքին թշնամու դեմ, այն համակարգի դեմ, որն ուզուրպացնում էր երկիրը, մինչ հայ ժողովրդի նվիրյալ զավակներն իրենց կյանքն էին դնում ազատ, անկախ ու արդար երկիր ունենալու համար մղվող անհավասար պայքարում:

Հայկ Արամյան

Սերժ Սարգսյանի «Աղդամը»

Հունիսի 29, 2012

Բրյուսելում Սերժ Սարգսյանը, ելույթ ունենալով Եվրոպական ժողովրդական կուսակցության գագաթնաժողովին, «ընդգծել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ողջամիտ փոխզիջումների հիման վրա Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի», ինչպես ասվում է պաշտոնական հաղորդագրության մեջ:

Սերժ Սարգսյանն առաջին անգամ չէ, որ խոսում է փոխզիջումների մասին: Ավելին, նա մի անգամ հայտարարել է, թե «Աղդամը մեր հայրենիքը չէ»:

Ընդհանրապես, Հայաստանի գրեթե ողջ քաղաքական դասը՝ ընդդիմություն թե իշխանություն, Ղարաբաղի հարցում իրենց դիրքորոշումը կառուցում են «փոխզիջման» վրա: Այլ գաղափարներ, առաջարկներ չկան: Հայաստանում «փոխզիջումը» համարվում է քաղաքական լավ տոնի, իմաստության նշան, բայց ամենակարեւորը՝ անկեղծ հավատամք: Այլ բան չէր էլ կարելի սպասել, նկատի առնելով այն, որ այդ դասն իրենից ներկայացնում է կոմֆորմիստների, բախտախնդիրների ու քաղաքական հանցագործների մի համախումբ, որը վաղուց վերածվել է քրեաօլիգարխիկ համակարգի սպասարկուի եւ քաղաքական ցուցանակի:

Դատելով լրատվական հոսքերից, տպավորություն է ստեղծվում, թե Արեւմուտքը մտադիր է արագացնել Ղարաբաղի հարցում որեւէ համաձայնություն, տարածաշրջանում տարբեր նախագծեր իրականացնելու համար: Հայաստանի պարագայում, պահանջվում է ըստ էության «փոքրիկ զիջում», ինչպես ակնարկել են Եվրամիության եւ ԱՄՆ տարբեր պաշտոնյաներ, տնտեսական եւ քաղաքական բազմաթիվ շահավետ ծրագրերի դիմաց: Բացի այդ, Բրյուսելում Սերժ Սարգսյանին ակնարկել են, որ Հայաստանի տնտեսության զարգացման համար գումարներ չեն տա, եթե չարագացնի իրական բարեփոխումները:

Սակայն, այնուամենայնիվ, բաց է մնում հարցը, թե արդյոք Արեւմուտքը Հայաստանի հետ կապված ծրագրերում պնդում է Ղարաբաղի հարցում «ողջամիտ փոխզիջումը»: Հայաստանի ներքին կյանքի արմատական բարեփոխման պարագայում այդ պահանջը աներկբա է եւ միանշանակ, որը բաց տեքստով Սերժ Սարգսյանին ասել են Բրյուսելում: Հայաստանի իշխանությունն այս հարցում, բացի դեկլարատիվ հայտարարություններից, որեւէ կոնկրետ քայլ փաստացի չի ձեռնարկել, որն էլ դարձել է Արեւմուտքի «վերջնագրի» պատճառը:

Այս իմաստով, չի բացառվում, որ «ողջամիտ փոխզիջումն» ընդամենը Հայաստանի իշխանության փորձն է՝ բարեփոխումների բացակայությունը «փոխհատուցելու» համար: Բացի այդ, չի բացառվում նաեւ, որ Ղարաբաղի հարցն իշխանությունը կրկին կարող է դարձնել Հայաստանի ներքին զարգացումների առանցքային գործոն, «մահակ», նախագահի ընտրությունից առաջ իրավիճակը վերահսկողության տակ պահելու համար:

Սակայն, դեսուդեն ընկնելու եւ «շուստրիության» ժամանակներն ավարտվել են: Հայաստանի ներքին կյանքը կամ պետք է արմատապես բարեփոխվի, կամ էլ մենք կկորցնենք զարգացման որեւէ հեռանկար եւ ստիպված կլինենք պարբերաբար «ողջամիտ փոխզիջումների» գնալ: Ոչ ոք չի օգնի եւ ներդրումներ չի անի մի երկրում, որի իշխանությունը պատրաստ է ամեն ինչի, միայն թե պահպանի քրեաօլիգարխիկ համակարգի դիրքերը:

Հայկ Արամյան

lragir.am

Քաղաքական սերնդափոխությունն անցումային հասարակություններում

Հունիսի 28, 2012

Ալեքսանդր Քանանյան

Սերնդափոխությունն անցավ չի լինում: Այն երբեմն զգայական խիստ երանգներ է ստանում անգամ առանձին վերցված մեկ ընտանիքի շրջանակում: Քաղաքական վերնախավի սերնդափոխությունն անհամեմատ ավելի բարդ և ցավոտ գործընթաց է, հատկապես, եթե այն տեղի է ունենում պետականության վաղեմի ավանդույթ, քաղաքական կայացած մշակույթ և ժողովրդավարություն չունեցող երկրներում: Քաղաքական սերնդափոխության խնդիրը կարելի է քննել ամենատարբեր դիտանկյուններից, որոնցից յուրաքանչյուրն, անկախ հարթակ չլինելով, փոխլրացնում է ընդհանուր պատկերը՝ բացահայտելով կայուն օրինաչափություններ և զարգացման կանխատեսվող ուղիներ:

Քննությունից դուրս թողնելով պատմական, էթնոհոգեբանական, քաղաքակրթական և տարածաշրջանային հարթությունները՝ մեր ուշադրությունը սևեռենք սոսկ սերնդափոխության եղանակի վրա: Խիստ պարզեցված բնութագրմամբ այն կարող է լինել էվոլյուցիոն և հեղափոխական: Միանգամայն բնական է նախապատվություն ընծայել քաղաքական սերնդափոխության էվոլյուցիոն եղանակին: Ի տարբերություն հեղափոխականի՝ էվոլյուցիոն ճանապարհը զերծ է պահում երկիրն ու հասարակությունը ցանկացած հեղափոխությունն ուղեկցող կործանարար բյուր բացասական հետևանքներից: Այսուհանդերձ, համակողմանիորեն ճահճացած ներպետական իրավիճակ հաղթահարելու միակ ուղին երբեմն հենց հեղափոխությունն է լինում:

Պատմության ընթացքն ու զարգացումը հնարավոր չէ արգելակել կամ կասեցնել: Դա սկզբից ևեթ անհույս և հակարդյունավետ ձեռնարկ է: Դա հնարավոր չէ անել ոչ միայն համաշխարհային մակարդակով, այլև առանձին վերցված որևէ երկրում: Դա առավել ևս անհնարին է, երբ «բաղձալի» իրավիճակը լճացնել կամեցող իշխանությունը չի տիրապետում ներազդման անհրաժեշտ պաշարին: Անցումային փուլի հասարակություններում իշխանական վերնախավերի քաղաքական մշակույթի ցածրագույն մակարդակը նրանց հիմնազուրկ կերպով գերագնահատել է տալիս սեփական ուժերը: Պատրանքը՝ իշխանական լծակների կարծեցյալ ամբողջականությանը տիրապետելու և հանրության թվացյալ կրավորականությունը՝ որպես իրավիճակի բացարձակ «կառավարելիության» ապացույց դիտելու մեջ է թաքնվում:

Որքան էլ ներփակ և «ամրակուռ» լինի անցումային փուլի լճացող իշխանական վերնախավը, նա պետք է քաջ գիտակցի, որ, ի հեճուկս բոլոր արհեստական պատնեշների, հնարավոր չէ անվերջ և անփոփոխ վերարտադրվել՝ արհամարհելով հանրության քաղաքացիական գիտակցության աճող պահանջատիրությունը և անտեսելով պետական համակարգի ներսում բնական ինքնակարգավորման հետզհետե ակներևացող գործընթացը: Իհարկե, միշտ էլ մանկամիտ գայթակղություն կա վերարտադրական սերնդափոխությունն իրագործելի համարել՝ միևնույն ներփակ շրջանակի արյունակից ժառանգներով և սակավ հրավիրելիք երիտասարդ պատեհապաշտներով «հներին» փոխատեղելու միջոցով: Սակայն այս դեպքում ամենից շատ տուժելու են հենց այս երիտասարդ «վերարտադրելիները», որոնց հեղինակությունը զրոյացվելու է դեռևս սաղմնային վիճակում, իսկ քաղաքական ճակատագիրը կրելու է վերափոխվելուն անընդունակ լճացած վերնախավերին սահմանված ավարտի կնիքը:

Յուրաքանչյուր պետականատեր հանրության համար քաղաքական սերնդափոխության լավագույն ճանապարհը մնում է էվոլյուցիոն գործընթացը: Անխտիր բոլորի համար շահավետ է, որ այն լինի հավասարակշռված, բնական, փուլային և անցնցում: Բայց դրա օգտին ընտրություն կատարելու համար նախ պետք է գիտակցել առկա մարտահրավերներին համապատասխանող քաղաքական նոր դաշտի ձևավորման բարեբեր անխուսափելիությունը և պատրաստակամորեն ընթանալ դրան ընդառաջ: Իհարկե, շատերի համար դա անասելիորեն դժվար է: Բայց սույն ընթացքի այլընտրանքը կարող է լինել միայն արհեստականորեն խցանված իրավիճակի պայթյունն ու հաշվեհարդարը՝ պատմական անշեղ օրինաչափություններն արհամարհել հանդգնած և պատմության դասերը չուսանած անցումային վերնախավերի նկատմամբ:

Վերոգրյալ դատողությունները, զուտ տեսաբանական լինելով հանդերձ, պետք է գործնական մտորումների և քաղաքական սթափությամբ թելադրված որոշումների կայացման հիմք հանդիսանան: Դա է պահանջում հետխորհրդային անցումային հասարակությունների և դրանց իսկ քաղաքական վերնախավերի կենսական շահը: Ինչպես կասեին մեր իմաստուն նախնիները. Որ ունկն ունիցի լսելոյ՝ լուիցէ. Ով ականջ ունենա լսելու՝ կլսի:

Արցախյան ապտակ Հրանտ Մարգարյանին

Հունիսի 26, 2012

Արցախի նախագահի ընտրության շրջանում ՀՅ Դաշնակցությունը կրկին ուշադրության կենտրոնում հայտնվեց իր «ավանդական» կեցվածքով: ՀՅԴ Արցախի կազմակերպությունը հայտարարել էր, թե նախագահի ընտրությանը պահպանելու է չեզոքություն եւ չի սատարելու ոչ մի թեկնածուի: Սակայն, բառացիորեն մեկ-երկու օր անց ՀՅԴ Արցախի կազմակերպությունը հայտարարել է, թե սատարելու է գործող նախագահ Բակո Սահակյանին:

Պարզվում է, շտապ Ղարաբաղ էր մեկնել ՀՅԴ ղեկավարներից Հրանտ Մարգարյանը, եւ առանց խորհրդակցելու եւ հաշվի առնելու ՀՅԴ անդամների կարծիքը, գրել ու տարածել այդ հայտարարությունը: Մեր տեղեկություններով, ՀՅԴ Արցախի կազմակերպության կոմիտեությունների մեծ մասը դեմ է եղել այդ որոշմանը, իսկ մյուսները հակված են եղել չեզոքություն պահպանելու: Փաստացի, Հրանտ Մարգարյանը միանձնյա է կայացրել այդ որոշումը:

Փաստացի, գործ ունենք իշխանությունների հետ հերթական ավանդական գործարքի հետ, Հրանտ Մարգարյանի կատարմամբ: Ըստ մեր հավաստի տեղեկությունների, Հրանտ Մարգարյանի այս արարքը խիստ դժգոհություն է առաջացրել Արցախի դաշնակցականների շրջանում, որոնք վերջինիս բավական կոշտ ու խիստ արտահայտություններով են «ճանապարհել»:

Ինչ վերաբերում է Արցախի դաշնակցականներին, վերջիններս ոչ միայն չեն ենթարկվել Հրանտ Մարգարյանի կամայական որոշմանը, այլեւ որոշել են աջակցել ԼՂՀ նախագահի թեկնածու գեներալ Վիտալի Բալասանյանին: Մեր տեղեկություններով, երբ Հրանտ Մարգարյանը չենթարկվողներին առաջարկել է դիմում գրել եւ դուրս գալ Դաշնակցությունից, վերջիններս նրան են առաջարկել դիմում գրել եւ հեռանալ:

lragir.am

«Պատերազմը դեռ չի ավարտվել, ավարտվել է միայն դրա առաջին փուլը»

Հունիսի 26, 2012

Ադրբեջանական ANS PRESS-ի փոխանցմամբ՝ այսօր Ադրբեջանում նշում են զինված ուժերի ստեղծման 94-ամյակը: Այդ կապակցությամբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ներքին լսարանին ուղղված բոցաշունչ ելույթ է ունեցել, որում անդրադարձել է նաև Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը.

«Ներկայիս Ադրբեջանում բանակաշինության գործընթացը սկսվել է 1993 թվականին, և այդ գործընթացը շարունակվում է նաև այսօր: Այդ ընթացքում ստեղծվել և ուժեղացվել է կանոնավոր բանակ: Ադրբեջանական բանակը ոչ միայն տարածաշրջանի, այլև համաշխարհային մասշտաբով ուժեղ բանակներից մեկն է: Մեր բանակի նյութա-տեխնիկական բազան զգալիորեն ամրապնդվել է:

Ռազմական ծախսերն աճում են ամեն տարի: Պետբյուջեում ռազմական ծախսերը զբաղեցնում են առաջին տեղը: Վերջին տարիներին ռազմական ծախսերն ավելացել են ավելի քան 20 անգամ և ներկայումս հասել են 3.6 միլիարդ դոլարի: Բնականաբար, դա հնարավոր է եղել մեր տնտեսական հաջողությունների շնորհիվ: Վերջին տարիներին Ադրբեջանը տնտեսական տեսանկյունից աշխարհի ամենաարագ զագացող երկիրն է:

Եվ դա բնական է, քանի որ պատերազմը դեռ չի ավարտվել, ավարտվել է միայն առաջին փուլը: Գոյություն ունի հրադադարի ռեժիմ, սակայն կնքված չէ խաղաղության համաձայնագիրը: Դրա համար էլ պատերազմական պայմաններում ապրող երկիրը պետք է առաջին հերթին ուշադրություն դարձնի բանակային հարցերին: Մենք հետագայում նույնպես կավելացնենք բանակին, բանակաշինությանը և զինծառայողներին ուղղված մեր ուշադրությունը:

Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի անբաժանելի ու պատմական մասն է: Ողջ աշխարհն է տեղյակ այդ մասին: Ոչ ոք չի ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Դրա համար էլ միջազգային իրավունքի տեսանկյունից Ադրբեջանի դիրքերն ամուր են: Սակայն, դժբախտաբար, ժամանակակից աշխարհում խախտվում են միջազգային իրավունքի նորմերը:

Ադրբեջանը երբեք չի հաշտվի օկուպացիայի հետ: Մենք երբեք չենք հանգստանա: Մեր պետության ու ժողովրդի թիվ մեկ խնդիրը Ղարաբաղյան հակամարտությունն է, մեր հողերի վերադարձը: Ադրբեջանը կվերականգնի իր տարածքային ամբողջականությունը: Օկուպացիան երբեք չի կարող ընդունելի լինել միջազգային հանրության համար»:

1in.am

Սարդարապատ նախաձեռնության հայտարարությունը

Հունիսի 26, 2012

Վերջին շրջանում Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտումների ուժգնացումը և հաճախակիացումը, դրանց ուղեկցող քաղաքական և տեղեկատվական գործընթացների առանձնահատկությունները, ինչպես նաև այդ ամենի ֆոնի վրա Փարիզում կայացած Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը և Մինսկի խմբի համանախագահող պետությունների նախագահների հայտարարությունը վկայում են պատմական ներկա փուլում Մեծ Մերձավոր Արևելքում ուրվագծվող աշխարհաքաղաքական նոր պատկերի մոտալուտ ամբողջացման մասին: 

Իրադարձությունների զարգացման միտումները խոսում են այն մասին, որ հայության ռազմավարական շահերը վտանգված են ինչպես Արցախում, այնպես էլ տարածաշրջանի մի շարք երկրներում, առաջին հերթին` Սիրիայում, որտեղ իրավիճակի հավանական վատթարացումը կարող է հանգեցնել հայերի զանգվածային տեղահանության և արտագաղթի: 

Տարածաշրջանի աշխարհաքաղաքական նոր պատկերի մեջ հայության կենսական շահերի առավելագույն իրացումն ապահովելու նպատակով առաջին հերթին անհրաժեշտ է հայ ժողովրդի ձեռքում պահել Արցախյան հակամարտության լուծման բանալին, ինչի գրավականը հետևյալ գործոններն են.

— Արցախի հայաբնակություն,

— ազգային բանակով պաշտպանվածություն,

— դիրքային և ռելիեֆային առումներով օպտիմալ սահմանային գծով պարփակված պաշտպանական ենթակառույցի առկայություն: 

Մինչդեռ Հայրենիքի հազարամյա հողին կյանք ու շունչ հաղորդելու փոխարեն ՀՀ և ԼՂՀ վարչախմբերը իրենց իշխանությունը ազգային շահերի հաշվին երկարաձգելու նպատակով որդեգրել են հակամարտության լուծման իրավունքն իրենց վերապահած ուժային կենտրոնների շահերին չխոչընդոտելու և դրանց համահունչ լինելու անողնաշար վարքագիծ: Նրանք հայրենի հողի ազատագրված հատվածները ներկայացնում են ընդամենը որպես անվտանգության գոտի ստեղծելու նպատակով զբաղեցված տարածքներ, որոնք հակամարտությունն այդ ուժային կենտրոնների շահերին համապատասխան լուծվելու պարագայում նախատեսում են վաճառքի առարկա դարձնել:

Այս անհեռանկար, պարտվողական և հայության ներուժն սպառող քաղաքականության հետևանքով ոչ միայն կասեցվել է հրադադարի հաստատումից հետո սկիզբ առած բնակեցման գործընթացը, այլև տեղի է ունենում վերաբնակիչների արտագաղթ, ինչը սպառնում է ազատագրված տարածքների վերջնական հայաթափման հետևանքով հակամարտությունն ի վնաս հայության լուծելու առարկայական նախադրյալների ձևավորմամբ:

ՀՀ և ԼՂՀ վարչախմբերն իրենց քաղաքական սնանկության բացը փորձում են լրացնել Ադրբեջանական կողմի դիվերսիոն ակտերին սիմետրիկ պատասխաններ տալով, ինչն իրականում ընդամենը բանակի նվազագույն ու առօրյա պարտականությունն է և նույնիսկ հակառակորդի գործողություններից մի քանի անգամ արդյունավետ իրականացնելու պարագայում չի կարող դառնալ զսպման գործոն: 

«Սարդարապատ» շարժումը մեկ անգամ ևս ազդարարում է, որ ռազմական առումով լուծված Արցախյան հարցի ամբողջական ու անշրջելի լուծման միակ տարբերակը անհապաղ կերպով ազատագրված տարածքներին համազգային նշանակության հատուկ գոտու կարգավիճակ տալն է և դրանց յուրացումն ու բնակեցումը զարգացման համընդգրկուն ազգային ծրագրի վերածելը: Որպես այդ ծրագրի բաղադրիչ պետք է դառնա Արևմտյան Հայաստանում Օսմանյան Թուրքիայի իրագործած ցեղասպանության զոհերի հետնորդներին իրենց ներկա բնակության երկրներում սպառնացող աղետալի հետևանքներից փրկելու նպատակով կենսական տարածքի տրամադրումը: Հապաղումը հավասարազոր է հանցավոր անգործության, քանզի անխուսափելիորեն կհանգեցնի տարածաշրջանի երկրների հայկական գաղութների, առաջին հերթին՝ սիրիահայության, գործոնի կազմալուծմանը և զգալի չափով կնվազեցնի Արցախի հարցի ամբողջական հայանպաստ լուծման փաստական նախադրյալների ձևավորման ռեսուրսը: Նման պայմաններում ընթացող Արցախի Նախագահի ընտրություններում ներգրավված ժողովուրդը, բանակն ու քաղաքական ուժերը պարտավոր են գիտակցել, որ Արցախի անկախությունը պետք է օգտագործվի բացառապես ի նպաստ Արցախը ՀՀ-ին վերամիավորման, նրա տարածքի հայացման և հայրենացման, քանզի մնացած բոլոր ճանապարհները Հայ ազատամարտիկների արյան ու Հայ ժողովրդի կրած զրկանքների ուրացում է և դավաճանություն:

Պետք է թմբկահարել սիրիահայության հնարավոր արտահոսքը դեպի ազատագրված տարածքներ ուղղելու գաղափարը

Հունիսի 26, 2012

Հարցազրույց <Սարդարապատ> նախաձեռնության անդամ Գարեգին Չուքասզյանի հետ

—         Պարոն Չուքասզյան, ծանոթացաք կառավարության ծրագրին: Ինչ կարծիք ունեք:

—         Ծանոթացել եմ: Շատ խոսվեց ծրագրի մասին: ԱԺ-ում հնչած ընդհանուր քննադատությունը մանրամասնորեն անդրադարձել է ծրագրի բովանդակությանը: Ավելացնելու գրեթե ոչինչ չկա, բացի այն, որ ծրագրում ներկայացվածը շատ քիչ կապ ունի մեր իրականության հետ: Երկիրը գտնվում է այնպիսի խորը փոսի մեջ, որ նման ծրագրով հնարավոր չէ փոսից դուրս գալ: Ընկղմող ճահիճ է, որովհետեւ կառավարման վատթարացող, ինքնափլուզվող համակարգ ունենք: Սա է վկայում այդ ծրագիրը:

—         Խորհրդանական ուժերը, որոնք քննադատության ենթարկեցին կառավարության ծրագիրը, փաստորեն, ոչինչ չկարողացան փոխել:

—         ԱԺ-ում ներկայացված ընդդիմադիր ուժերի օգտակար գործողության գործակիցը շատ փոքր է, քանի որ որքան էլ արդարացի լինի նրանց հնչեցրած քննադատությունը, միեւնույն է, ընդունվելու են այն որոշումները, որոնք մեր ժողովրդի շահերի հետ ոչ մի առնչություն չունեն: Քաղաքական իրական լծակները ընդդիմության ձեռքին չեն: Իշխանությունը բռնազավթած իշխանությունն անում է այն, ինչ իրեն է ձեռնտու:

—         Ընդդիմությունը, բացի ընդհանուր մթնոլորտի փոփոխություններից, չի կարող արձանագրել նաեւ իրավիճակային փոփոխություններ:

—         Ընդդիմությունը, լինելով ԱԺ-ում եւ կատարելով միայն խորհրդարանական աշխատանք, չի կարող նպաստել երկրի` <<փոսից>> դուրս գալուն: աշխատանքին: Ընդդիմությունը, դառնալով խորհրդարանական ամբողջական համակարգի մի մասը, կամա, թե ակամա, լեգիտիմացնում է այդ համակարգը: Եվ ինչպես նշեց Արմեն Աշոտյանը` պարտավորված է լինելու կիսել իշխանության պատասխանատվությունը:

—         Պարոն Չուքասզյան, <<Սարդարապատ>> նախաձեռնությունն առաջարկել էրնոր հանրապետության հիմնադրման ճանապարհային քարտեզԻնչհավանականություն կաոր այդ քարտեզը ռեալիզացվի:

—         Առաջիկա շաբաթներին կավարտենք ճանապարհային քարտեզի քննարկումը տարբեր շահագրգիռ խմբերի հետ: Հետո քայլ առ քայլ կփորձենք իրականացնել: <<Սարդարապատ>> նախաձեռնությունը պատրաստ է համագործակցել ներկա իրավիճակով մտահոգ բոլոր ուժերի հետ:

—         <<Հարսնաքարում>> պատահած դաժան միջադեպը ցնցեց ողջհասարակությանըԴուք ինչ եք կարծումպատահածի արմատներն ուր են հասնում:Արդյոք պատահականություն էր այնինչ եղավ այդ ռեստորանում:

—         Քրեաօլիգարխիկ համակարգից ուրիշ բան հնարավոր չէ սպասել: Սա առաջին դեպքը չէ եւ, ցավոք, կարծում եմ, վերջինը չէ; Քրեաօլիգարխիկ հակարգերում ամեն քաղաքացի վտանգված է բախվելու ամեն տեսակի հաշվեհարդարի հետ: Այս անգամ ՊՆ սպայերի նկատմամբ է կատարվել բռնություն. Այս ողբերգական իրադարձության, թերեւս, միակ նորությունը դա էր:

—         Հնարավոր համարում եք այն սցենարըոր մի օր պարզվիոր ՀՀքաղաքացիների մի զգալի շերտ`համակարգըիշխանություններինայս բարքերըմերժողները, այլեւս երկրի ներսում ստեղծել են ուրիշ Հայաստաններքինկանոնադրությամբօրենսդրությամբնոր արժեհամակարգով:

—         Ձեր ասածը շատ նման է մեր մշակած ուղեցույցին: Սակայն այս մասին հայտարարելը շատ հեշտ է, իսկ իրագործումը` բավական դժվար ու բարդ: Դա քայլ առ քայլ մտածված, մշակված ծրագիր է ենթադրում, քանի որ մենք ապրում ենք շատ ռիսկային երկրում: Բայց մենք հավատում ենք` փակուղուց այլընտրանք գոյություն ունի, որը կհանի մեր երկիրը այն խորը փոսից, որտեղ հայտնվել ենք բոլորս: Լայն քննարկումների արդյունքում ձեւավորված ճանապարհային քարտեզը նպատակ ունի փակուղում հայտնված հանրապետությունը նոր հանգրվանի բերելու: Մենք հավատում ենք, որ լինելու է նոր Հայաստան` մեր ժողովրդի ուժերով, Սփյուռքի լայն ներգրավվածությամբ: Մենք հավատում ենք մեր ժողովրդի ուժերին: Ու մինչեւ ինքնափլուզվող իրավիճակը կհասնի տրամաբանական ավարտին, կստեղծվի այն այլընտրանքը, որը կարող է ու պատրաստ է պատասխանատվություն վերցնել երկրի համար: Պետք է օր առաջ դա արվի, որովհետեւ ժամանակը կատաղած շան նման ընկած է մեր հետեւից:

—         Մերձավոր Արեւելքումմասնավորապես Սիրիայումիրավիճակըպայթյունավտանգ էԱյնտեղ բավականին մեծ թվով հայեր են ապրումԵթե մտածենքվատթարագույնըոր կարող է պատահել Սիրիայումինչ ազդեցություն կարող էունենալ Հայաստանի վրա եւ ինչ պետք է լինի այնտեղ ապրող հայերի ճակատագիրը:

—         Կարծում եմ` այն, ինչ տեղի է ունենում Մերձավոր Արեւելքում, ուղղակիորեն կապված է Հայաստանի ճակատագրի հետ: Մենք իրավունք չունենք անտարբեր մնալ Մերձավոր Արեւելքից, մասնավորապես Սիրայից հայերի դուրս գալուն: Եվ եթե պատահի նման բան, ապա պետք է ամեն ինչ անել, որպեսզի սիրիահայերի հոսքն ուղղենք դեպի Հայաստան, դեպի Արցախ եւ դեպի ազատագրված տարածքներ: Իսկ դրա համար օր առաջ պետք է հայրենադարձության ծրագիր մշակել: Սիրիահայությանը ոչ ՆԱՏՕ-ն, ոչ ՀԱՊԿ-ը տեր չեն կանգնելու: Հայաստանն է, որ պետք է տնօրինի իր զավակներին իր երկրում ընդունելու եւ կենսական պայմաններով ապահովելու հարցը: Մենք ունենք ռեսուրսներ նրանց ընդունելու եւ նրանց բնակեցնելու Արցախում եւ ազատագրված տարածքներում: <<Սարդարապատ>> շարժումն այս մասին արդեն հայտարարել է: Մենք չպետք է սպասենք, որ օրը գա, բանը բանից անցած լինի, նոր սկսենք այդ աշխատանքները: Այդ աշխատանքները պետք է սկսել հիմա: Խետք է որդեգրել հայաստանակենտրունության գաղափարը: Հակառակ դեպքում մեզ լուրջ վտանգներ են սպառնում:

—         Պարոն Չուքասզյանդատելով վերջին տարիների արտագաղթի տվյալներից,հնարավոր է մտածելոր իշխանությունը միտում ունի հաստատելհայաստանակենտրոնության գաղափարը:

—         Երկրից հայաթափության վտանգն աչքի առաջ ունենալով` պետք է թմբկահարել սիրիահայության հնարավոր արտահոսքը դեպի Հայաստան` ազատագրված տարածքներ ուղղելու գաղափարը:

 Մարինա Բաղդագյուլյան

Հայելի

Պատերազմի վերսկսման դեպքում Սփյուռքի արձագանքը կախված կլինի Հայաստանի քաղաքական վերնախավի հատկություններից.

Հունիսի 14, 2012

«88-յան շարժման օրերից սկսյալ Արցախը արտերկրում բնակվող հայության համար արժանացել է առանձնահատուկ ուշադրության, այսօր ևս շարունակում են դիտարկել այն մեր ազգի համար որպես մեծ ձեռքբերում և գուրգուրանքի զգացումով հետևում պահի զարգացումներին»,– Tert.am–ին տված հարցազրույցում նման կարծիք հայտնեց Շուշիի առանձնակի գումարտակի նախկին հրամանատար, «Սարդարապատ» շարժման նախաձեռնող Ժիրայր Սեֆիլյանը՝ ի պատասխան մեր հարցի, թե որպես նախկին հրամանատար ինչպե՞ս է գնահատում սփյուռքահայության վերաբերմունքը ղարաբաղյան խնդրի շուրջը այս պահին ընթացող զարգացումների նկատմամբ։

Ըստ Սեֆիլյանի, արտերկրում բնակվող հայության արձագանքը հայ — ադրբեջանական պատերազմի վերսկսման դեպքում գլխավորապես կախված է լինելու «այսօրվա Հայաստանի քաղաքական վերնախավի և մեր երկրի իշխող ռեժիմի որակական հատկություններից», ինչու չէ, նաև սփյուռքի ազգային հաստատությունների ղեկավարության որակական մակարդակից: «Մինչ պատերազմը, եթե մեզ չի հաջողվելու կատարել որակական հիմնավոր փոփոխություն կամ պատրաստել քաղաքական նոր վերնախավ, որը պատրաստ լինի տվյալ պահին ղեկը իր ձեռքը վերցնելու, ապա արդյունքը շատ ողբերգական է լինելու»,– նշեց շարժման նախաձեռնողը։

Մեր հարցին, թե արդյո՞ք, ինչպես Արցախի ազատագրման պատերազմի ժամանակ, նոր պատերազմի դեպքում էլ Սփյուռքը կկանգնի մայր Հայաստանի կողքին, Ժիրայր Սեֆիլյանը պատասխանեց. «Ամենայն պատասխանատվությամբ կարող եմ հաստատել, որ 90-ականների սկզբի և’ Հայաստանի և’ Սփյուռքի ապիկար քաղաքական ու ռազմական ղեկավարության պատճառով Արցախյան ազատագրական պատերազմին դժբախտաբար մեզ հայերիս չհաջողվեց լիարժեք օգտվել սփյուռքյան ներուժից։ Այդ ներուժի 2 %-ն անգամ չենք կարողացել մոբիլիզացնել: Այսօր ևս մեզ չի հաջողվի և հավանական է նույնիսկ ավելի վատ ցուցանիշի փաստի առաջ հայտնվենք եթե չգիտակցենք չկրկնել և ուղղել վերևում նշված կարևորագույն հանգամանքը»:

Նախկին հրամանատարի համոզմամբ՝ Արցախյան պատերազմի ժամանակ աշխարհասփյուռ հայությանը միավորող գլխավոր գործոնը եղել է ու շարունակում է մնալ սերունդից սերունդ փոխանցվող հայրենատիրության զգացումի պահպանումն ու զարգացումը։ «Բարեբախտաբար մեզ՝ Հայերիս, դա հաջողվել է և այսօր ունենք մի երիտասարդություն, որը գերազանցելու է իր նախորդին»,– ասաց նա։
«Այսօր հայաստանյան իրավիճակի մասին տեղեկանալու նախկինում գոյություն ունեցող խոչընդոտները հիմնականում հաղթահարված են, և մեծամասնության համար արդեն հստակ է այն անառարկելի իրականությունը, որ մեզ՝ հայերիս, այս 20 տարիների ընթացքում չի հաջողվել պետություն ստեղծել, առավել ևս Հայկական Պետություն»,– շարունակեց Ժիրայր Սեֆիլյանը՝ անդրադառնալով մեր հարցին, թե ինչպիսին են այսօր Սփյուռքում տիրող տրամադրությունները հայաստան իրավիճակի վերաբերյալ։ Սեֆիլյանի կարծիքով՝ տրամադրություններն ու մտորումները հիմնականում 2 մասի է բաժանել Սփյուռքի մեր ժողովրդին։

 

«Առաջին մասը գտնվում է խոր հուսահատության մեջ և այնքան խոր, որ երբ փորձում ես շոշափել նրանց տրամադրությունները, քո մոտ ձևավորվում է մի կարծիք, որ այս մարդիկ լինելով հանդերձ սրտացավ Հայրենիքի նկատմամբ, պատրաստվում են հենց իրենց կողմից շատ սիրելի Հայրենիքի թաղման արարողությանը: Իսկ երկրորդ մասը՝ գերազանցաբար երիտասարդներ, որի մեջ է իրեն տեսնում նաև «Սարդարապատ» շարժումը, առկա իրականությունը ընդունում է որպես մարտահրավեր և պատրաստվում ռազմավարական պայքարի, որից ծնունդ է առնելու շատերիս կողմից երկար սպասված Հայկական Պետությունը, այնպիսի մի պետություն, որն օրինակելի է լինելու համայն մարդկությանը և այդ նվաճմամբ աշխարհասփյուռ հայությունը պարծենալու է, ու այդ պարծանքի զգացումն է, որ իմաստավորելու է Հայ մարդուն շարունակելու Հայ մնալ»,– եզրափակեց Ժիրայր Սեֆիլյանը:

Մոնթեի խորհուրդը

Հունիսի 12, 2012

1993 թվականի հունիսի 12-ին հերոսի մահով զոհվեց ազգային հերոս Մոնթե Մելքոնյանը: Ամեն տարի այս օրը մենք հարգում ենք մեր հերոսի անմահ հիշատակը խոսքերով, Եռաբլուր այցելություններով։ Սակայն հերոսներին հիշելը միայն հարգանքի տուրք չէ նրանց կատարած սխրագործությունների համար։ Այն խորհուրդ է գալիք սերունդներին։ Իսկ ո՞րն է Մոնթեի խորհուրդը։

Մոնթեի մտերիմները վկայում են նրա չափազանց բարության, պարկեշտության, մտավոր հիանալի ունակությունների, ռազմական բացառիկ տաղանդի մասին։ Անշուշտ, նա ունի իր յուրօրինակ խորհուրդը բոլոր նրանց համար, ում ամուսինն էր նա, եղբայրը, զավակը, ընկերը։ Սակայն, այս ամենից զատ, հերոսանալով՝ Մոնթեն դարձավ ազգինը և մարմնավորեց այն խորհուրդը, որը հազարամյակներով փոխանցվել է սերունդներին հայ հերոսների օրինակով՝ վերադասել հայրենիքի շահն ամեն ինչից, զոհաբերել հանուն ազգի…

Մոնթեն իր ամբողջ կյանքի ընթացքում պայքարեց, որպեսզի վերականգնի արդարությունը հայի հանդեպ։ Նա զոհեց իր կյանքը, որպեսզի հայը վերականգնի իր հայրենիքում արժանապատվորեն ապրելու իրավունքը՝ թոթափելով թշնամու պարտադրած անարդարությունն ու նվաստացումը։ Թերևս սա է Մոնթեի խորհուրդը մեր սերնդին. ազատագրել բռնագրավված հայրենիքը և կառուցել արժանավայել երկիր։

Ասում են՝ Մոնթեն մի առիթով նշել է, թե պիտի ուզեր, որ ոչ թե խոսքով հարգեն իրեն, այլ գործով։ Ուստի, քո հերոսին արժանի՛ ժառանգ, սերտի՛ր Մոնթեի խորհուրդը։ Տե՛ր կանգնիր նրա ժառանգությանը՝ Հայաստանի ազատագրված տարածքին և ավարտի՛ր սկսած գործը։

«Հայրենասեր» կազմակերպություն

Ո՛չ մի թիզ

Հունիսի 11, 2012

«Սարդարապատ» շարժման հայտարարությունը.

Ինչպես եւ կանխատեսում ու զգուշացնում էինք` միջազգային քաղաքական որոշ կենտրոնների կողմից Հայաստանում զանգվածային ընտրակեղծիքներին ցինիկաբար հավանություն տալը նշանակում էր, որ նույն կենտրոնները շատ շուտով համապատասխան փոխհատուցում են պահանջելու Երեւանում վերարտադրված վարչախմբից` քաղաքական զիջումների տեսքով: Կեղծված ընտրություններից հետո բարձրաստիճան պաշտոնյաներ Ռուսաստանից, Եւրոպայից և ԱՄՆ-ից շտապեցին հայտարարել հայ-ադրբեջանական եւ հայ-թուրքական հարաբերություններում ինչ-որ «նոր մոտեցումների» ցանկալիության, անհրաժեշտության եւ անխուսափելիության մասին, ակնարկելով նաեւ այդ մոտեցումների «նորարարության» բովանդակությունը` այն է մեկ-երկու ազատագրված շրջանների հանձնումը Ադրբեջանին: Այսինքն, ռուս-ամերիկա-եւրոպական դիվանագիտական ողջ խորիմաստությունն ու նորամուծությունը սահմանափակվում է դեռեւս չարաբաստիկ «ֆուտբոլային դիվանագիտության» օրերին հնչած հին թուրքական վերջնագրերի կրկնությամբ: Երեւի, սույն պահանջներն առավել համոզիչ դարձնելու նպատակով, հետայսու բարձրաստիճան միջազգային միջնորդների նախաձեռնությունները զուգորդվում են բառի բուն իմաստով «մահաբեր դիվանագիտությամբ», երբ տարածաշրջան կատարվող պաշտոնական յուրաքանչյուր այց բերում է հայ-ադրբեջանական սահմանի ողջ երկայքով լարվածության կտրուկ աճի եւ մարդկային զոհերի:

«Սարդարապատ» շարժման նախաձեռնող խումբը խիստ դատապարտում է հայ ժողովրդի կենսական շահերի, արժանապատվության ու պատմական տարածքի հաշվին պատրաստվող ցանկացած գործարքի փորձ եւ հայտարարում է, որ հայ ժողովուրդը թույլ չի տալու այդպիսի դավադրությունների իրականացում:

Նմանօրինակ հակահայկական նախագծերը առաջանում են սոսկ Հայաստանում իշխող վարչախմբի ապիկարության, անսկզբունքայնության ու թուլության հետևանքով: Մինչդեռ Ցեղասպանության ու հայրենազրկման դժոխքային պատմություն ունեցող հայ ժողովուրդը իր արտաքին պետական քաղաքականությունը պետք է կառուցի Ցեղասպանության բազմաթիվ հետեւանքների վերացման սկզբունքի հիման վրա:
Հայ-ադրբեջանական սահմանի վրա տեղի ունեցած հերթական բախումները ապացուցում են որեւէ տարածքային զիջումների անթույլտրելիությունն ու նման պահանջների հեղինակների հանցավոր նպատակները:

Եթե առկա «ստատուս քվոյի» և համեմատաբար պաշտպանված սահմանային գծի պայմաններում հնարավոր են հայկական խաղաղ բնակավայրերի պարբերական ռմբակոծումներ և դիվերսիոն խմբերի հարձակումներ, ապա դժվար չէ պատկերացնել թե ինչպիսի կործանարար հետեւանքներ կունենա շփման գծի ընդլայնումը որեւէ տարածքային հետնահանջի դեպքում:

Ո՛չ մի թիզ հայրենի հողից ենթակա չէ սակարկումների: Առճակատումը իբր կանխելու պատրվակով՝ ո՛չ մի օտարեկրյա զինվորի ոտքը չպետք է տրորի հայրենի տարածքը: Կեղծ պայմանագրերի ու խոստումների ողջ քանակը չարժե հայ զինվորի արյան մի կաթիլը:

Տեղի է ունեցել սգո երթ՝ ի հիշատակ սահմանին զոհված հայ զինծառայողների

Հունիսի 7, 2012

Այսօր Արամ Խաչատրյանի արձանի մոտից մեկնարկել է «Հայազն» միության կազմակերպած սգո երթը՝ ի հիշատակ սահմանին զոհված հայ զինծառայողների և որպես բողոքի նշան վերջին օրերին Չինարի գյուղում տեղի ունեցած դեպքերի կապակցությամբ:

Երթի մասնակիցները նամակներ էին պատրաստել՝ ուղղված ՀՀ նախագահին և ԱԳ նախարարին: Նամակում ասված է.

«1994թ. մայիսին հաստատված կեղծ հրադադարի պայմաններում, յուրաքանչյուր տարի հայ երիտասարդ զինվորները տասնյակներով զոհ են գնում ադրբեջանական գրոհայինների հարձակումներին: Համարվում է, որ հայկական զորամասերը համարժեք պատասխան են տալիս թշնամուն: Սակայն, վերջին տարիներին ադրբեջանական հարձակումների և դրանց արդյունքում զոհվող հայորդիների թիվը միայն աճում է:

Տեղի ունեցողը հատուցումն է այն անպատասխանատու քայլի, որ Հայաստանի քաղաքական ու զինվորական ղեկավարությունը կատարեց 1994-ին՝ կիսատ թողնելով և հաղթական ավարտին չհասցնելով ազատագրական պատերազմը:
Ագրեսորին խաղաղություն պարտադրելու փոխարեն պաշտոնական Երևանը թույլ տվեց, որ իրեն ներքաշեն անիմաստ բանակցային գործընթացի մեջ, որի միակ նշանակությունը Հայաստանին անհնար տարածքային զիջումներ պարտադրելն է:
Բաքուն, իր հերթին, շահած ժամանակը արդյունավետորեն օգտագործում է իր սցենարով պատերազմի ավարտը նախապատրաստելու համար:

Այսօր հաճախ ենք լսում Բաքվին հասցեագրված դատապարտման խոսքեր: Սակայն թշնամուն ամոթանք տալը ամենաանիմաստ զբաղմունքն է, որը նաև ցուցադրում է սեփական անճարությունը: Մենք, իհարկե, հասկանում ենք, որ շարունակվող պատերազմը ընդհանրապես առանց զոհերի չի կարող լինել: Սակայն դատապարտում ենք այն թողտվությունը, որը ադրբեջանցիներին օրեցօր ավելի լկտի է դարձնում:
Պահանջում ենք պետական, բանակային և դիվանագիտական ղեկավարությունից.

1. Անհապաղ վերանայել «պատասխան գործողությունների» մեր չափանիշը:
Թվաբանական համարժեք հատուցումը համարժեք չէ ըստ էության: Իրական համարժեք պատասխանը պետք է էապես ավելի մեծ լինի և ներառի ժողովրդագրական համամասնության, ինչպես նաև պատժիչ և կանխարգելիչ նշանակություն հաղորդող
գործակիցները: Արդյունքում զոհերի մեկին տասը հարաբերությունը այն նվազագույնն է, որ կարող է ըստ էության համարժեք համարվել: Համարժեք պատասխանը, առանց վաղեմության սահմանափակման, պետք է վերաբերի նաև անցյալում պատճառված բոլոր կորուստներին:

2. Մինչև վերջին տարիների բոլոր կորուստներին համարժեք պատասխան տալու գործողությունների ավարտը, դադարեցնել ամեն տեսակի ուղղակի, անուղղակի և միջնորդավորված դիվանագիտական շփումները թշնամի պետության և նրա հովանավորների հետ:

3. Երբևէ այլևս չքննարկել տարածքային զիջումներ պարունակող որևէ միջնորդական առաջարկություն: Ապամիջազգայնացնել Արցախյան հիմնախնդիրը և ձեռնամուխ լինել բացառապես սեփական ուժերով դրա վերջնական լուծմանը, որը ենթադրում է.

• Արցախի չբնակեցված և թերբնակեցված բոլոր շրջանների լիարժեք բնակեցումը և տնտեսական յուրացումը:

• Վերացնել Արցախի կարգավիճակին վերաբերող իրավական հակասությունները՝ այն ամբողջությամբ ներառելով ՀՀ վարչական տարածքի մեջ և վերականգնելով ՀՀ արցախաբնակ քաղաքացիների սահմանադրական իրավունքները:

• Ամրացնել պաշտպանական գիծը և պատրաստվել դիմագրավել Բաքվի նոր հարձակումներին, միաժամանակ հայտարարելով այն գինը, որն Ադրբեջանը ստիպված կլինի վճարել լայնածավալ մարտական գործողությունները վերսկսելու և պարտվելու դեպքում, դրա մեջ հստակորեն ներառելով առնվազն Գարդմանքի և Նախիջևանի ազատագրումը»:

Նշենք, որ վերջին օրերին ադրբեջանական կողմը շարունակ կոպտորեն խախտում է հրադադարը՝ կրակելով Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի վրա: Նախ հունիսի 1-ին թշնամու գնդակից ծնկի հատվածում վիրավորում էր ստացել Ներքին Կարմիրաղբյուրի բնակիչը՝ դաշտում աշխատելիս: Այդ դեպքի կապակցությամբ ԵԱՀԿ առաքելությունը միակողմանի արտահերթ դիտարկում կազմակերպեց տեղանքում, սակայն դրանով չբավարարվեց հակառակորդը: Հունիսի 4-ի գիշերը ադրբեջանական կողմը դիվերսիոն հարձակում էր կազմակերպել Բերդավան և Չինարի գյուղերի մոտ տեղակայված հայկական հենակետերի ուղղությամբ: Տեղի էր ունեցել մարտ, որի ընթացքում հայ զինվորները հերոսաբար պաշտպանել էին իրենց սահմանը, ցավոք, տալով երեք զոհ և 6 վիրավոր:

Թշնամին, սակայն, այդքանով էլ չբավարարվեց և հաջորդ գիշերը նույնպես փորձեց դիվերսիոն հարձակում կազմակերպել հայկական դիրքերի ուղղությամբ: Այս անգամ, բարեբախտաբար, հայկական ուժերն ավելի զգոն էին, և թշնամու հարձակումը միանգամից տապալվում է: Ադրբեջանական կողմը պաշտոնապես հայտարարում է 5 զոհի և բազմաթիվ վիրավորների մասին, սակայն հայկական աղբյուրների տվյալների համաձայն՝ հակառակորդն ավելի մեծ թվով զոհ է տվել: Հայկական կողմն այս անգամ ոչ մի զոհ չի ունեցել:

Երեկ ուշ երեկոյան Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերում իրավիճակը կրկին անհանգիստ է եղել: Տևական ժամանակ կրակոցներ են տեղացել մի քանի գյուղերի ուղղությամբ, սակայն գիշերը հանդարտվել են:

Հիշեցնենք նաև, որ այս օրերին տարածաշրջանային այցով Հարավային Կովկասում է գտնվում ԱՄՆ պետքարտուղար Հիլլարի Քլինթոնը: Հետաքրքրական է, որ հենց այն օրը, երբ նա գտնվում էր Հայաստանում, ադրբեջանական կողմն իրականացրել էր իր դիվերսիոն հարձակումը: Տեղեկանալով դեպքի մասին՝ Հ.Քլինթոնն ասել է. «Ես տխրեցի վերջին զարգացումների հետ կապված: Ուժի կիրառումը չի կարող լուծել ղարաբաղյան հակամարտության խնդիրը, ուժը պետք է բացառվի… Հունիսի 6-ին ես կլինեմ Բաքվում և լուրջ հարցեր ունեմ տալու Ադրբեջանի ղեկավարին: Ես և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հավատացած ենք, որ ԼՂ հարցի լուծումը հնարավոր է միայն խաղաղ ճանապարհով, և այդ ուղղությամբ ճանապարհ պետք է գտնվի»: Այսօր սպասվում է ԱՄՆ պետքարտուղարի հանդիպումը Ադրբեջանի ղեկավարության հետ»:

7or.am

Պահեստային կապիտանը Ս. Օհանյանին առաջարկում է իրենց ուղարկել ռազմասահմանագիծ

Հունիսի 7, 2012
eMedia.am, 05.06.2012 | Հայոց Բանակի պահեստի սպա, կապիտան Արթուր Եղիազարյանը նամակ է հղել ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին, առաջարկելով իրենց՝ պահեստային զինվորականներին, որպես իրավիճակային արագ արձագանքման զինվորականների` զորակոչել և ուղարկել ռազմասահմանագիծ, մինչև այնտեղ կրկին կվերականգնվի հարաբերական անդորրը:
Նամակը ստորև.

«Հարգարժան պարոն Օհանյան, այն իրավիճակը, որ ստեղծվել է ՀՀ հյուսիս-արևելյան սահմանների մոտ, ստիպում է, որ Ձեզ դիմեմ կարճ խնդրանք-առաջարկով: Հին սպարտացիների պես, հանուն ազգի առողջ գենոֆոնդի (18-20 տարեկան զորակոչիկների) պահպանման, մեզ, այն պահեստային զինվորականներիս, որոնք որպես կամավորականներ ցանկանում են, ֆիզիկապես կարողունակ են և ունեն տված սերունդ, որպես իրավիճակային արագ արձագանքման զինվորականների` զորակոչել և ուղարկել ռազմասահմանագիծ, մինչև որ այնտեղ կրկին կվերականգնվի հարաբերական անդորրը:

Ես ներկայումս քաղաքացիական ծառայող եմ, բայց պատրաստ եմ մշտապես մասնակցել պլանային և ֆիզիկականվերականգնողական վարժանքների և նման իրավիճակների առաջացման դեպքում մեկնել վտանգավոր սահմանահատվածները` մեր ողջ ուժն ու գիտելիքները կրկին ի սպաս դնելով հանուն հավիտենական արժեքների` Ազգի և Հայրենիքի պաշտպանության:

Մենք պետք է լինենք Ազգ — Բանակ:

Կարծում եմ, որ այս հարցում ունեմ համախոհներ և իրավունք եմ ինձ վերապահում հանդես գալու Ազգի այդ հատվածի անունից:

Խնդրում եմ մտածել ասածիս ուղղությամբ և այս խնդրի իրագործման գործնական տարրերի ներդրման հարցում պատրաստ եմ համագործակցել:

Պատիվ ունեմ:

Հարգանքով` Հայոց Բանակի պահեստի սպա, կապիտան Եղիազարյան»: