Archive for the ‘Արցախ’ Category

Պատերազմը` խաղաղության հաստատման միջոց

7 Հունիսի, 2012

Հունիսի 4-ին հայ-ադրբեջանական սահմանում ռազմական գործողությունները հերթական անգամ կյանքեր խլեցին: Դա տեղի էր ունենում Հիլարի Քլինթոնի Հայաստան կատարած այցի ժամանակ, եւ ցույց տվեց, որ հակամարտության լուծման միակ կողմը կարող է լինել Հայաստանը, քանի որ Ադրբեջանը չի պատրաստվում հաշվի նստել միջազգային հանրության հետ:

Հասկանալի է նաեւ, որ Ադրբեջանը պատրաստ է ժամանակ առ ժամանակ նման հարձակումներ կազմակերպել, որոնք մեծ վտանգ են պարունակում: Իսկ նման երեւույթներին վերջ տալու տարբերակներից մեկը կարծես թե դառնում է պատերազմը:

1994 թ. կնքված հրադադարի մասին եռակողմ պայմանագիրը պատերազմի ավարտի հիմք չհանդիսացավ: Այն ավելի շատ ռազմական մրցավազքի հիմք դարձավ, որի արդյունքում մինչ օրս կողմերը փորձում են կուտակել հնարավորինս շատ ռազմական ուժ` ակնկալվող պատերազմում հաղթանակ ապահովելու համար:

Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր Պետրոսյանը 1997 թ. գրեց «Պատերազմ, թե՞ խաղաղություն. Լրջանալու պահը» հոդվածը: Հեղինակը գտնում էր, որ իրականում մեր հակառակորդը միջազգային հանրությունն է, որին ձեռնոց ենք նետել: Կարծես թե միջազգային հանրության հանդեպ նույն վերաբերմունքը շարունակում է նաեւ ներկայիս իշխանությունը. «դրսին» հաշվետու լինելը ավելի կարեւոր է համարվում, քան սեփական հասարակության հանդեպ: Էդվարդ Նալբանդյանը Ադրբեջանին դատապարտում է Հիլարի Քլինթոնի հետ համատեղ մամլո ասուլիսում, իսկ մնացած կարեւոր պաշտոնյաները լռություն են պահպանում հարցի վերաբերյալ:

Արցախյան պատերազմի ժամանակ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը 4 բանաձեւ էր ընդունել, որոնց շատ լուրջ էին վերաբերվում Երեւանում, սակայն առաջին գծում զինվորականները շատ դեպքերում այդ բանաձեւերին ուշադրություն չէին դարձնում եւ կատարում էին կենսական անհրաժեշտության գործողություններ՝ ազատագրում էին Քաշաթաղի շրջանը, Ակնը (Աղդամ) եւ այլ տարածքներ, որոնք անհրաժեշտ էին Հայաստանի անվտանգության պահպանման համար: Առաջին գծում շատ լավ էին հասկանում, որ մեր անվտանգության երաշխավորը եղել եւ մնում ենք մենք ու միայն մենք:

1999 թ. Էդուարդ Լաթուակը (Edward Luttwak) հրապարակեց իր «Հնարավորություն տվեք պատերազմին» «Give war a chance» հայտնի հոդվածը Foreign Affairs պարբերականում: Հեղինակը հոդվածում փաստարկում է, որ հրադադարը, երբեմն, ավելի թանկ է արժենում հասարակություններին, քանի որ մրցավազքը կողմերի միջեւ բազմաթիվ կյանքեր է խլում: Իսկ երկարատեւ հրադադարից հետո սկսված պատերազմները ավելի լայնածավալ են լինում եւ ավելի մեծ գին են ունենում: Այդ իսկ պատճառով հեղինակը փաստարկում է, որ պետք է պատերազմ սկսել, որպեսզի խաղաղություն ստեղծելու հնարավորություն լինի: Ըստ հեղինակի, պատերազմի պարադոքսալ տրամաբանությունը կայանում է նրանում, որ հնարավորության դեպքում այն օգտակար գործառույթ է կատարում` խաղաղություն է բերում:

Լաթուակի փաստարկները, կարծես, մեր իրականությանը շատ մոտ են: Հայաստանը զինադադարի պայմաններում շարունակում է կորուստներ կրել եւ մեծ միջոցներ է ծախսում մրցավազքից հետ չմնալու համար: Կարծես թե պատերազմը անհրաժեշտություն է դառնում, որպեսզի վերջնական հաղթանակ հաստատելու հնարավորություն ստեղծվի: Հակառակ դեպքում մենք պետք է շարունակենք խաղաղ պայմաններում զոհեր ունենալ ու մրցել նավթային դոլարների հետ:

Արմեն Գրիգորյանը “Ժողովրդավարություն հանուն զարգացման” ՀԿ-ի նախագահն է:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

«Յուրաքանչյուր սպանված հայ զինվորի դիմաց հարկ է պարտադրաբար ոչնչացնել տասն անգամ ավելի ադրբեջանցի թուրք»

4 Հունիսի, 2012

Հայաստան Հիլարի Քլինթոնի այցելության նախօրեին ադրբեջանական կողմի կազմակերպած դիվերսիայի վերաբերյալ«7օր»-ի հետ զրույցում  իր մեկնաբանությունն է տվել «Հայկական ընտրություն» կուսակցության նախաձեռնող խմբի անդամ, քաղաքագետ Ալեքսանդր Քանանյանը։ Պատասխանելով հարցին՝ կարելի՞ է արդյոք այս դիվերսիան ինչ–որ կերպ կապել ԱՄՆ պետքարտուղարի այցի հետ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ այդ ժամանակ քննարկվելու է նաև ԼՂ հակամարտությունը, Քանանյանը պատասխանել է.

–Արցախյան հիմնախնդրի շուրջը բանակցային փուլի աշխուժացման կամ տարածաշրջան այցեր ծրագրած ազդեցիկ անձանց ժամանման օրերին հրադադարի գծում իրավիճակը սովորաբար ավելի լարված է դառնում: Ադրբեջանը երբեք չի թաքցրել, որ «ռազմական» դիվանագիտությունն իր քաղաքական զինանոցի կարևոր գործիքն է՝ Հայաստանի և արտաքին ուժի շահագրգիռ կենտրոնների վրա ճնշում գործադրելու համար:  Ակնկալել, թե միջազգային հանրությունը մի օր զսպելու է Ադրբեջանի հարձակողական նկրտումները, անլուրջ է այնքան ժամանակ, քանի դեռ բոլորը համոզված են, որ հայկական կողմն իր քաղաքական տհաս ու ապապետական ղեկավարության պատճառով համարժեք կանխարգելիչ քայլերի չի դիմի: Բացի դրանից, հրադադարն ընդամենը արձանագրել է Ադրբեջանի ընթացիկ ծանր պարտությունը, բայց ո՛չ բնավ՝ վերջինիս փաստացի ջախջախումը:

Քանանյանը ընդգծել է, որ հիմա Ադրբեջանը  ռևանշի է ձգտում.

–Այժմ Բաքուն ռևանշի է ձգտում, իսկ մենք ստիպված ենք անընդհատ մեր երիտասարդներին կորցնել, այդ թվում և այն պատճառով, որ 1992-1994թթ. միջազգային հանրության «դատապարտությունից» սարսափած Հայաստանի իշխանությունը Տավուշի մարզում ռազմաճակատի գիծն անհրաժեշտ չափով չի շտկել՝ հակառակորդի ձեռքում թողնելով բազում կարևորագույն բարձունքներ: Իհարկե, յուրաքանչյուր սպանված հայ զինվորի դիմաց հարկ է պարտադրաբար ոչնչացնել տասն անգամ ավելի ադրբեջանցի թուրք, բայց, միևնույն է, խնդիրն արմատապես և ընդմիշտ կլուծվի միայն հրադադարի գիծը Կուր գետին հասցնելուց հետո: Ներկա «կրպակատեր» իշխանիկների օրոք դա կարող է անհնարին թվալ, բայց երկրում ազգային-պետական իշխանության հաստատումից հետո դա միանգամայն հնարավոր և իրագործելի կլինի: Ռազմաքաղաքական առումով Կուրին այլընտրանք չկա:

7or.am

Արցախի հայկական բանակի հրազենը 1720-ական թվականներին

3 Հունիսի, 2012

Մատենադարանի ավագ գիտաշխատողքաղաքական գիտությունների դոկտոր Արմեն Այվազյանի հետ զրույցից տեղեկանալով, որ նրա «17221730 թթ. հայոց ազատագրական պատերազմի քննական պատմություն» մենագրությունը մոտենում է ավարտին, խնդրեցինք ժամանակից փոքր-ինչ առաջ ընկնելով՝ մեր ընթերցողին ներկայացնել այդ, մեր կարծիքով, հույժ այժմեական հետազոտությանանտիպ էջերից մեկը։ Ստորև հրապարակվող հետաքրքրահարույց նյութը մի փոքրիկ հատված է Ա. Այվազյանի գրքի՝ 1720-ական թվականների հայկական զորքի սպառազինությանը նվիրված առանձին գլխից։ Բնականաբար, թերթային հրապարակումից դուրս է մնացել գիտական ծավալուն ապարատը (աղբյուրագիտական բազան, պատմաբանասիրական վերլուծությունն ու բացատրությունները, ծանոթագրությունները և այլն)։

«Հայաստանի ԶՐՈՒՑԱԿԻՑ»

#37 (155), 29 հոկտեմբերի-5 նոյեմբերի 2010 թ.  

Արցախի հայկական բանակի հրազենը 1720-ական թվականներին

 Արմեն Այվազյան

 350 տարի անց

կամ

60.000-անոց հայկական բանակի վերածնունդը 

13-15-րդ դարերում Հայաստանի մահմեդական կառավարիչները՝ մոնղոլները, կարակոյունլու և ակկոյունլու թուրքմենները վարում էին հայ զինվորական դասի՝ ազնվականության ոչնչացման նպատակասլաց քաղաքականություն։ Թեև հայկական մանր ուժեր, ազգային ազնվականության մնացորդների գլխավորությամբ, կարողացան պահպանվել (Արևելյան Հայաստանում՝ Արցախում և Սյունիքում, ինչպես նաև վրացական ու խանական զորագնդերի կազմում, Արևմտյան Հայաստանում՝ Սասունում, Զեյթունում, Բաբերդում, Համշենում և Վասպուրականի որոշ գավառներում), սակայն 16-րդ դարի սկզբին դրանք արդեն այն աստիճան կազմալուծված էին, որ այլևս ի վիճակի չէին միայնակ լուծելու լուրջ, հատկապես հարձակողական բնույթի, մարտական խնդիրներ, ոչ էլ, առավել ևս, դիմադրել Հայաստանը ռազմակալած օսմանյան և պարսկական ահռելի բանակներին։

Սակայն, 1720-ական թվականներին Արևելյան Հայաստանում, ազգային-ազատագրական ծրագրով, պատմական թատերաբեմ է իջնում մարտունակ հայկական զինուժ, որի թվաքանակը և՛ հայկական, և՛ օտար աղբյուրների հավաստի գնահատմամբ միայն Ղարաբաղում (Արցախ) և Սյունիքում (Կապան) հասնում էր 60,000 մարտիկի, որից 40.000-ը Ղարաբաղում էին։ Հայկական բանակի այս` բոլորի համար անսպասելի վերածնունդը, որ տեղի ունեցավ հայկական վերջին՝ Կիլիկյան թագավորության անկումից 350 տարի անց, արդարև, հայոց պատմության առավել զարմանալի էջերից է։ (Հետաքրքիր զուգադիպությամբ՝ 12-14-րդ դարերում Կիլիկիայում հայկական բանակի թիվը պատերազմի ժամանակ նույնն էր՝ 60.000 մարտիկ – Ա.Ա.։) Թեև այդ նորաստեղծ զինուժը չկարողացավ լուծել սկզբնապես իր առջև դրված՝ Հայաստանի ազատագրության խնդիրը, սակայն հաջողեց իրականացնել արդյունավետ ինքնապաշտպանություն Սյունիքում և Արցախում, անպարտելի մնալով նույնիսկ այն ժամանակ, երբ 1725 թ. օսմանցիները գրավեցին ամբողջ Անդրկովկասը (բացի մերձկասպյան շրջաններից, որոնք զբաղեցրել էին ռուսական զորքերը) և հյուսիսային Իրանը։ 1722 թ. Պարսկաստանից փաստացիորեն անկախացած՝ միմյանց հետ սերտորեն համագործակցող, այս երկու հայկական լեռնային իշխանությունները 1725-1735 թթ. ընթացքում Անդրկովկասի օսմանյան ռազմակալմանը դիմադրող հիմնական կենտրոններն էին։ 1726 թվականի սկզբից ի վեր հայտնվելով լիակատար շրջափակման մեջ և չստանալով ռուսների խոստացած ռազմական օգնությունը՝ նրանք, այնուհանդերձ, փայլուն կազմակերպեցին իրենց երկարատև դիմադրությունն օսմանյան գերակշիռ ուժերի դեմ, կենտրոնանալով շրջանաձև պաշտպանության ապահովման վրա, ինչը նախատեսում էր բնական արգելքների ամրացում, ներառյալ լեռնանցքների վերահսկում։

Ռուս-թուրքական հավանական պատերազմի դեպքում հայկական զինուժն ի վիճակի էր ցանկացած ժամանակ կտրելու օսմանցիների և նրանց Կովկասյան դաշնակիցների միջև ռազմավարական նշանակություն ունեցող հաղորդակցությունը։ 1722-1724 թթ. պարսկական զորքերի, իսկ 1724-1735 թթ.՝ օսմանյան կանոնավոր բանակների դեմ մղած բազմաթիվ ճակատամարտերում հայկական զորքերը թշնամուն պատճառեցին ահռելի կորուստներ. միայն սպանվածների թիվը հարյուր հազարի էր հասնում։ Այստեղ պետք է հիշել նաև երևանցի և շրջակա գյուղերի 10.000 հայ զինյալներին, որոնք երեք ամիս շարունակ՝ 1724 թ. հունիսից մինչև սեպտեմբեր, կատաղի դիմադրություն ցույց տվեցին Երևանը պաշարած 70,000-անոց օսմանյան բանակին։ Բոլոր 10.000-ը ընկան հերոսի մահով, բայց կարողացան զգալիորեն կասեցնել օսմանյան ներխուժումը, հնարավորություն տալով Արցախին և Սյունիքին ավելի լավ պատրաստվել պաշտպանությանը։ Երևանի պատերի տակ թուրքերը կորցրեցին 20.000 ասկյար։ Օսմանյան ծավալապաշտության դեմ հիրավի անհաղթահարելի արգելք դարձավ Լեռնահայաստանը՝ Արցախն ու Սյունիքը։

Արցախը որպես «հանրապետություն» ճանաչվել է… XVIII դարում

Սկսած 1722 թվականից մինչև 1730-ական թթ. կեսերը՝ արտաքին ուժերը, ինչպես նաև իրենք՝ հայերը, Արցախն ու Սյունիքը կոչում էին իրենց նախորդ վարչաաշխարհագրական եզրերից բոլորովին տարբեր նոր անվանումներով՝ Հայոց Սղնախ(ներ) կամ Սղնախ(ներ) (սղնախ նշանակում էր մոտավորապես նույնը, ինչ 20-րդ դարի ռազմական տերմինաբանությամբ «ամրացված շրջանը» – Ա.Ա.), ռուսերենով նաև՝ Հայոց զորաժողով (Собрание Армянского Войска), կարճ՝ Собрание Армянское (Հայոց Զորաժողով), Армянское войско, Армянская Армия (Հայոց զորք, Հայոց բանակ)։ Ավելին, ռուսական մի շարք պաշտոնական վավերագրերում ինքնիշխան Լեռնահայաստանն անվանվում էր արդեն «Փոքր Հայաստան» (Малая Армения): Այսպես, 1733 թ. սեպտեմբերի 14-ին ռուս նշանավոր դիվանագետ Պավել Շաֆիրովն այն արձանագրում էր որպես «Փոքր Հայաստան, որն այժմ կոչվում է Հայոց Սղնախներ… Այդ տարածքներն ամբողջովին բնակեցված են քաջ հայ քրիստոնյաներով, որոնք մի քանի տարի է, ինչ իրենց սեփական ուժերով դիմադրում են թե՛ թուրքերին և թե՛ պարսիկներին» [“Малою Армениею, или ныне называемыми армянскими Сыгнаками… которые земли все армянскими храбрыми христианами населены, и оные сами собою несколько лет как от турок, так и от персиян оборонялись”]։

Իսկ անգլիացի անվանի ճանապարհորդ Ջոնաս Հանվեյը (1712-1786) 1753 թ. Լոնդոնում լույս տեսած՝ «Կասպից ծովի վրայով բրիտանական առևտրի պատմական ակնարկ» գրքում 1720-ականներին հայկական զինուժի վերահսկողության տակ գտնվող լեռնային երկիրը կոչում էր «հանրապետությաննման մի միավոր»` a kind of republic։ Հանվեյի այս բնորոշումը վերաբերում է առավելապես Արցախին, որովհետև նույն տարիներին Դավիթ-բեկի Սյունիքում ստեղծած իշխանապետությունը ռազմական դիկտատուրա էր, մինչդեռ Արցախն իսկապես նմանվում էր հինգ հիմնական սղնախներից բաղկացած մի դաշնության, որտեղ վճռորոշ որոշումները երբեմն ընդունվում էին նրանց ղեկավարների՝ մելիքների, զորահրամանատարների (յուզբաշիների) և արցախահայության հոգևոր առաջնորդի՝ Գանձասարի կաթողիկոսի մասնակցությամբ կայացող ընդհանուր խորհրդաժողովներում։

Վերոհիշյալ անվանումների առաջացումը հստակ մատնանշում էր Արևելյան Հայաստանի ապստամբած նահանգների տարածքում հայկական պետականության վերածնունդը՝ յուրօրինակ ռազմաքաղաքական ձևերի մեջ, ինչպես նաև այդ լեռնային տարածագոտու տասնամյա անկախության դե-ֆակտո ճանաչումը ժամանակակիցների կողմից։

«…և այդ զենքըինչպես նաև վառոդն ու արճիճե գնդակները, հայերն իրենք ենպատրաստում…»

1724 թ. նոյեմբերի 5-ին Ռուսաստանի արտաքին գործերի պետական կոլեգիայում Ղարաբաղից Ս. Պետերբուրգ ուղարկված պատվիրակներն այսպիսի տեղեկություններ էին հայտնում հայկական վերածնված բանակի սպառազինության մասին.

«Ղարաբաղի նույն նահանգից հավաքվել է մինչև 40.000 հայկական զորքորից 30.000-ը հեծելազոր է, 10.000-ը՝ հետևակ։ Այդ ամբողջ զորքը զինված է կայծքարի հրացաններով (фузеи) ու սրերովբացի այդհեծելազորայիններն ունեն նաև ատրճանակներ։ Վառոդ և արճիճ նույնպես բավարար չափով ունենևայդ զենքըինչպես նաև վառոդն ու արճիճե գնդակները, հայերն իրենք են պատրաստումքանի որայդպիսի հանքեր շատ ունեն։ Սակայն իրենց տրամադրության տակ թնդանոթներ առհասարակ չկան, քանզի թեև իրենք պղնձի և երկաթի հանքեր ունեն, բայց չունեն թնդանոթ ձուլող վարպետներ»։

Փաստաթղթի ռուսերեն բնագիրը՝ “собралось из той же карабахской провинции войска армянского всего до 40.000 человек, из которых 30.000 конницы и 10.000 пехоты… Ружье у того всего войска есть фузеи и сабли, и сверх того у конницы пистолеты, також пороху и свинцу у них довольно, и оное ружье и порох и свинец делают они, армяня сами, понеже у них таких руд довольно. А пушек при них ничего нет, понеже хотя у них руда медная и железная есть, но мастеров пушечных нет.”

 

Այս փաստաթղթում պետք է հատուկ ուշադրություն դարձնել ռուսերեն բնագրում գործածված фузея (հոգնակին՝ фузеи) բառին. այն նշանակում է ոչ թե պարզապես հրացան, այլ կայծքարի հրացան, որն այդ ժամանակաշրջանի ամենաարդիական հրազենն էր։ XVII դարի երկրորդ կեսից եվրոպական բանակներում սկսել էր գործածվել փողաբերանից լիցքավորվող երկարափող հարթափող կայծքարի փականքով հրացանը, որը մինչև XVIII դարի սկիզբն ամբողջովին փոխարինեց իր նախորդին՝ պատրույգավոր հրացանին (мушкет, аркебуза)։ Կայծքարի հրացանը բավականին թանկարժեք զենք էր. Արևմտյան Եվրոպայում նրա գինը հավասար էր գյուղատնտեսության մեջ մեկ աշխատողի տարեկան ընդհանուր վարձքին։ Այդ պատճառով էլ եվրոպական պետություններում այն փոխարինեց պատրույգավոր հրացաններին ոչ անմիջապես, այլ աստիճանաբար. Ավստրիայում՝ 1689 թ., Շվեդիայում՝ 1696 թ., Հոլանդիայում և Անգլիայում՝ մինչև 1700 թ., Ֆրանսիայում՝ մինչև 1703 թ., Ռուսաստանում՝ 1715 թվականին:

Կայծքարի հրացանը գերազանցում էր պատրույգավորին արագաձգությամբ (մեկ րոպեում մոտ 3-4 կրակոց՝ նախորդի առավելագույնը մեկ կրակոցի դիմաց), ավելի բարձր հուսալիությամբ (մասնավորապես, կայծքարն ավելի ջրադիմացկուն էր), ավելի թույլ հետահարումով ու պակաս քաշով (4,6-5,7 կգ՝ 7-10 կգ համեմատ), ավելի փոքր տրամաչափով (17,8-19,8 մմ՝ 18-25 մմ համեմատ), թեև արդյունավետ հրաձգության հեռավորությամբ (համազարկով՝ մինչև 250-300 մետր, մենահատ նշանառու՝ մինչև 100 մետր) այն զիջում էր 16-17-րդ դարերի իր պատրույգավոր նախորդին, որի որոշ տեսակները կրակում էին 300-ից մինչև 600 մետր։

1725 թ. Ղարաբաղի Հայոց Սղնախների 40,000 մարտիկներն արդեն բոլորը զինված էին կայծքարի հրացանով։ 1725 թ. օգոստոսի 16-ին կանցլեր Գ. Գոլովկինին գրած իր զեկուցագրում՝ Ղարաբաղի հայ զինվորական ղեկավարության շտաբում՝ գլխավոր հրամանատար Ավանի և նրա ամենամերձավոր զինակից Թարխան- զորահրամանատարի մոտ, 1723 թ. վերջից ի վեր գտնվող ռուսաց կայսեր պատվիրակ Իվան Կարապետն այս մասին լրացուցիչ կարևոր տեղեկություն է հաղորդում (փակագծերում արված պարզաբանումներն իմն են – Ա.Ա.).

Կայծքարի փականք

Ընթերցողին, հավանաբար, կհետաքրքրի նաև այս հաղորդման բնագիրը, որը լեցուն է բարբառային և օտար բառերով. «Էսպէս կռվարար խալղ, որ էս դեղ կայ, ոչինչ դեղ չկայ Ղզըլպաշի երկրում. էսօր ԺԲՌ մարդ ձիովոր ողջ չախմախով թուֆանկ, ողջ թուրով հազիր են։ Ու առանց ձիով էլ յէնչանք, որ Աստուած ա խպար, ու ողջին էլ թուֆանկ կայ։ Ամէն օր Ժ թուֆանկ այ շինում ու չախմախ այ շինում»:

Իվան Կարապետի հաղորդումն արժեքավոր է հատկապես նրանով, որ հնարավոր է դառնում պարզել, թե 1725 թ. դրությամբ Արցախում, տարեկան կտրվածքով, մոտավորապես որքան կայծքարի հրացան է արտադրվել։ Բազմապատկելով օրական պատրաստվող 10-ը հրացանը տարվա 365 օրով, ստանում ենք տարեկան արտադրանքի տպավորիչ ծավալը՝ 3650 հատ։ Հասկանալի է, որ սա անփոփոխ թիվ չէր ու ենթակա էր տատանումների՝ բազմազան ռազմաքաղաքական, սոցիալ-տնտեսական և այլ իրողությունների ազդեցության ներքո։ Այդուհանդերձ, քանի որ պատերազմը օսմանյան զավթիչ բանակների դեմ հետագա տարիներին ավելի սրվեց, թվում է, թե Արցախում 1726-1728 թվականներին հրացանների արտադրության ծավալը պետք է աճեր։ Իսկ եթե նաև նկատի ունենանք, որ կայծքարի փականքի և հրացանի արտադրության տեխնոլոգիան ու կատարելագործումներն Արցախի և Սյունիքի ղեկավարությունն անհրաժեշտաբար միմյանց փոխանցած պետք է լիներ և Դավիթ-բեկիիշխանապետության սահմանների ներսում (որտեղ նույնպես հնուց ի վեր շահագործվում էին պղնձի և երկաթի հանքերը և զինվորները դարձյալ գլխովին զինված էին հրացաններով) կազմակերպված պետք է լիներ այդ հրազենի արտադրությունը ևս, ապա կարելի է ենթադրել, որ 1720-ականների կեսերին Սյունիքն ու Արցախը միասին տարեկան արտադրել են շուրջ 5-6.000 կայծքարի հրացան։

Պատկերացնելու համար, թե արտադրության ինչպիսի ծավալի մասին է խոսքը, համեմատենք այս թիվը նույն 18-րդ դարում ամենազարգացած զինագործությունն ունեցող տերությունների արտադրանքի ծավալների հետ։ 1632 թ. Տուլայում բացված Ռուսաստանի զինագործության հիմնական գործարանում 1706 թվականին արտադրվել է 15,000, 1720 թ.` 22.000, 1737-1778 թվականներին, տարեկան, միջին հաշվով, մոտ 14.000 հրացան։ Իսկ 1760-ական թթ. Շարլեվիլում և Սենթ Էթյենում ֆրանսիացիները տարեկան արտադրում էին մոտ 23.000 հրացան։ Այսպիսով, 1720-ական թթ. Լեռնահայաստանում տարեկան 5-6.000 հրացանի արտադրությունը նախատեսում էր իր ժամանակի և տարածաշրջանի համար բավականին զարգացած ռազմական արդյունաբերության առկայություն՝ իր ենթակառուցվածքով հանդերձ, ներառյալ համապատասխան հանքերի շահագործում, նրանց մոտակայքում գործող զինագործական արտադրամասեր, զորքին զենքի մատակարարման վստահելի ծառայություն և, իհարկե, հարյուրավոր վարպետներ` զինագործներ, դարբիններ, ձուլորդներ, ատաղձագործներ, որոնց աշխատանքով անշուշտ հպարտացել են իրենց ժամանակակից հայերը։ Տեղին է նաև նկատել, որ 18-րդ դարում աշխարհում կային մեծաթիվ բանակներ ունեցող պետություններ, որոնք թեև լայնորեն օգտագործում էին հրազենը, բայց այլևս հրաժարվել էին եվրոպացիների հետ այդ զինատեսակի զարգացման հարցում համընթաց քայլելու մտքից. մասնավորապես, հարավ-արևելյան Ասիայի պետություններն այդպես էլ իրենց զինագործարաններում չձեռնարկեցին կայծքարի փականքի ու հրացանի արտադրությունը։ Հետևաբար, նորագույն հրազենի արտադրության հմուտ կազմակերպումը Հայաստանում՝ Արցախում և Սյունիքում, ազգային պետականության երկարատև բացակայության և օսմանյան ու պարսկական բանակների շրջափակման պայմաններում կարելի է համարել արտադրատեխնիկական իսկական սխրանք, որ հավասարապես կատարել են հայ ազատագրական շարժման ղեկավարությունն ու հայ զինագործները։

Եվ այնուամենայնիվ՝ Արցախի 40.000 մարտիկներին հրազենով ապահովելու խնդիրը լուծվել էր ոչ միայն տեղական՝ հայրենական, արտադրության շնորհիվ, այլև նշանակալից չափով այն ռազմավարի հաշվին, որ հակառակորդից խլվել էր մանրազնին ծրագրված և փայլուն իրականացված մի շարք հատուկ ռազմական գործողությունների ընթացքում։ Բայց սա արդեն առանձին խոսակցության նյութ է…

Հայկական դիվանագիտությունն այսօր հայտնվել է անկյունում

3 Հունիսի, 2012

«Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի տնօրեն,
քաղաքական գիտությունների դոկտոր Արմեն Այվազյանի հարցազրույցը
ԿԱՊԻՏԱԼ օրաթերթին, 18.07.2009

— Մադրիդյան սկզբունքները Հայաստանի հասարակական-քաղաքական շրջանակներում արժանացան տարաբնույթ մեկնաբանությունների: Ոմանք այն անվանում են ձեռքբերում, ոմանք էլ` պարտություն: Ձեր դիտարկումները:
— Այս ամենի մեջ ցավալին այն է, որ հայ հասարակական-քաղաքական միտքը չափազանց մեծ ուշացումով է արձագանքում իր համար աննպաստ զանազան քայլերին, որոնք տեղի են ունենում քաղաքական դաշտում, տեղեկատվական-հոգեբանական պատերազմի դաշտում: Այսօր կրկին հասանք մի հանգրվանի, որտեղ ժամանակին ամեն բան արդեն ասվել է: Տարիներ առաջ քննադատվել, վերլուծվել, մատնանշվել են այդ սկզբունքների անընդունելի լինելու հանգամանքները, սակայն այսօր նորից, անտեսելով բոլոր գրավոր և բանավոր քննադատությունները, մեր առջև դրել են Հայաստանի անվտանգության համար անընդունելի այդ սկզբունքները:

-Կնշե՞ք Մադրիդյան սկզբունքների «վտանգավոր» կողմերը:
-Այդ հարցերի մասին ես և այլ մասնագետներն այնքան ենք գրել, խոսել, գրքեր և հոդվածներ հրապարակել։ Ակադեմիական մակարդակով կատարված այդ քննադատությանը որևէ մեկը չի պատասխանել և չի էլ կարող պատասխանել: Բերել ենք փաստեր, վերլուծություն, համեմատել ենք համաշխարհային այս կամ այն նմանատիպ հակամարտության լուծման, կողմերին անվտանգության երաշխիքների տրամադրման հետ: Կարող ենք վերցնել հրապարակված «հիմնարար սկզբունքներից» յուրաքանչյուրը, և կտեսնենք, որ այն ամենևին մեր շահերից չի բխում։ Օրինակ, անընդունելի է ծրագրված խաղաղապահ ուժերը ներկայացնել որպես հայկական կողմի համար անվտանգության երաշխիք: Ինչո՞ւ. որովհետև պարզ չէ այդ ուժի կառուցվածքը, հրամանատարությունը, կա դրա մանդատի խնդիր, կա ֆինանսավորման հարց, որովհետև բազմազգ զորքերից բաղկացած խաղաղապահների ուժը արդյունավետ չի կարող լինել, քանի որ տեղյակ ենք միջազգային անփառունակ փորձերին՝ Լիբանանում, Բոսնիայում, Կոսովոյում… Փաստաթղթում խոսվում է միջանցքի մասին, սակայն Մինսկի խմբում ավանդաբար միջանցք ասելով հասկանում են հենց Լաչինի միջանցքը՝ Գորիս-Ստեփանակերտ ճանապարհն ու դրանից դեպի հարավ և հյուսիս ընկած 20-25 կմ տարածքը։ Բայց եթե Լաչինի հետ միասին նույնիսկ հասկանանք Քաշաթաղն ու Քարվաճառն ամբողղջությամբ, միևնույն է, մնացած հինգ շրջանների հանձնումը աղետալի հետևանքներ կունենա Հայաստանի պետականության համար: Ադրբեջանն ունենալու է ռազմաճակատ տանող բազմաթիվ ճանապարհներ, այդ թվում՝ երկաթգծեր, իսկ Հայաստանը մեկ կամ երկու ճանապարհ: Նշված չէ, թե ինչպես է լուծվելու պաշտպանական խորության հարցը, օրինակ` եթե հանձնում ես Աղդամը, նախկին ԼՂԻՄ սահմանից մինչև Ստեփանակերտ մնում է 18 կմ, իսկ այդ հեռավորությունից Ստեփանակերտին կարող են հարվածել անգամ ականանետով: Իսկ սահմանից մինչև Ասկերան, Մարտակերտ և Հադրութ շրջկենտրոնները կլինի ընդամենը 5 կմ։
Ղարաբաղյան հակամարտության մեջ ՀՀ դիվանագիտությունը հիմնական խնդիր է համարում Արցախի կարգավիճակը, մինչդեռ ազատագրված տարածքի խնդիրն անչափ ավելի կարևոր է: Եթե նույնիսկ Արցախին տրվի անկախ պետության կարգավիճակ, միևնույն է դրա նշանակությունը շատ ավելի պակաս է, քան Հայաստանի ազատագրված տարածքը, որն ապահովում է ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև Հայաստանի Հանրապետության անվտանգությունն արդեն 15 տարի շարունակ: Ի վերջո, այս հարցերից յուրաքանչյուրի մասին գրված են գիտական լուրջ ուսումնասիրություններ։ Հարցը շատ պարզ ու հստակ է դրված. կպահպանենք մեր հայրենիքի ազատագրված տարածքը, կունենանք Հայաստան պետություն կառուցելու հնարավորություն, չենք պահպանի` կկորցնենք և՛ ԼՂՀ-ն, և՛ ՀՀ-ն:
Մադրիդյան սկզբունքների պաշտպաններն ասում են, թե կարող են այսօր ստորագրել այդ փաստաթուղթը, հետո տարիներով բանակցել: Սա բոլոր առումներով սխալ մոտեցում է: Նախ` այդ հիմնարար սկզբունքները որոշում են բանակցությունների հետագա ուղղությունը, որն ամբողջապես Ադրբեջանի օգտին է: Մադրիդյան սկզբունքներում հստակ պահանջ կա` դուրս բերել հայկական զինուժն ազատագրված շրջաններից: Մինչդեռ առաձգական է ձևակերպված, օրինակ, ապագայում Արցախի ինքնորոշման հարցով հանրաքվե անցկացնելու դրույթը (ընդ որում՝ հանրաքվե անունն էլ չի տրված)։ Իսկ եթե միջազգային փաստաթղթերում չկա հստակություն, ապա ոչ հստակ բանաձևումներն աշխատում են ուժեղ կողմի օգտին: Մերոնք համաձայնում են այս առաձգականությանը, բայց սա նույնիսկ առաձգականություն չէ, քանի որ Ադրբեջանն իր նախագահի մակարդակով անընդհատ հայտարարում-ըդգծում է, որ Արցախի անկախության հետ չի համաձայնելու ո՛չ 5, ո՛չ 10, ո՛չ 100 տարի հետո: Բանակցել մի գործընկերոջ հետ, որն ի սկզբանե հայտարարում է, թե չունի բանակցելու որևէ բան, անիմաստ է:

-Այսինքն` Հայաստանը պետք է դո՞ւրս գա բանակցություններից:
-Ո՞րն է բանակցության իմաստը, եթե ի սկզբանե քո դեմ են դնում մի փաստաթուղթ, որով զիջումներ կատարողը դու ես միայն: Հայաստանի աշխարհաքաղաքական կշիռն ու ռազմական ներուժն այսօր մեծապես պայմանավորված են ազատագրված տարածքով, դրա շնորհիվ է, որ արդեն մեկուկես տասնամյակ ապրում ենք հարաբերական խաղաղության պայմաններում: Հայրենիքի ազատագրված հատվածների հանձնումը կբերի Հայաստանի անվտանգության մակարդակի կտրուկ անկման, երկրի՝ իր դաշնակիցների համար որևէ հետաքրքրության կորստի, հասարակության հուսալքման: Եթե Ադրբեջանն այսօր է հայտարարում, որ չի ճանաչելու ԼՂՀ-ի անկախությունը, պատկերացնո՞ւմ եք ինչ կանի, երբ իրեն հանձնեն մեր անվտանգության կարևորագույն երաշխիքը՝ հողը: Եթե օգտագործենք բռնցքամարտի տերմինաբանությունը, ապա հայկական դիվանագիտությունն այսօր հայտնվել է անկյունում, որտեղ մեկը մյուսի հետևից ուժգին հարվածներ է ստանում: Այդ իրավիճակից պետք է ամեն գնով դուրս գալ, այլապես ելքը մահացու կլինի՝ մեզ համար։ Միջոցներից մեկը կարող է լինել արտաքին քաղաքական կուրսի փոփոխությունը: Անհրաժեշտ է բացեիբաց հայտարարել թույլ տրված սխալների մասին և պաշտոնանկ անել կոպտագույն սխալներ, ավելի շուտ՝ հայ ժողովրդի շահերի դեմ ոտնձգություններ թույլ տված պետական գործիչներին։ Ջրի երես է պետք հանել նաև այն «վերլուծաբաններին» , որոնք շարունակաբար պատվեր են կատարել, հանդես եկել ապակողմնորոշիչ վերլուծություններով, մասնավորապես «հայ-թուրքական հարաբերությունների շուտափույթ կարգավորման» մասին լավատեսական քարոզներով։ Դա պետք է անել, որպեսզի գոնե ապագայում ժողովուրդն ու ինչ-որ չափով նաև իշխանությունն այդքան հեշտությամբ կուլ չտան ապատեղեկատվությունը։ Սակայն այս ամենը բավարար չէ։ Փոփոխությունները կյանքի կոչելու համար պահանջվելու է ամենօրյա տքնաջան աշխատանք, մի բան, որ ՀՀ պետական կառույցներում, մեղմ ասած, ավանդույթ չէ:
Հայության լրջագույն խնդիրներից մեկն էլ ռազմավարական թույլ հիշողությունն է: Քաղաքական գործիչները, որոնք թույլ են տվել կոպտագույն սխալներ, չեն ստանում իրենց արժանի գնահատականը, չեն հեռանում քաղաքական ասպարեզից։ Ավելին` քաղաքական ուժերն ու գործիչները կարող են մի ամիս առաջ մի բան ասել, իսկ մի ամիս հետո կանգնել ու ասել ճիշտ հակառակը: Օրինակ` Վարդան Օսկանյանը քննադատում է իշխանություններին, սակայն հենց իր պաշտոնավարության օրոք են սկսվել հայ-թուրքական գաղտնի բանակցությունները, իր ժամանակ են ընդունվել տխրահռչակ Մադրիդյան սկզբունքները: Հասարակությունն այնքան թուլացած է, որ չի կարողանում ազդել պետության և ազգի ճակատագրի համար կենսական որոշումներ ընդունելու վրա:

-Մի՞թե ամեն ինչ այդքան հեշտ է: Ադրբեջանը կարո՞ղ է այսօր ասել մի բան, վաղն անել մեկ այլ բան: Վերջին հաշվով` կա միջազգային հանրություն, կան երաշխիքներ:
-Իհարկե` կարող է: Ի՞նչ է նշանակում միջազգային հանրություն: Աշխարհում միջազգային հանրությանը չվստահելու ամենաշատ իրավունքն ունեն Հայաստանը և հայերը: Այդ նույն միջազգային հանրությունը 19-րդ դարի վերջին Սան-Ստեֆանոյի պայմանագրով ասաց, որ Արևմտյան Հայաստանում պետք է կատարվեն բարեփոխումներ, որի երեշխավորն ինքն է։ Այդ ամենը վերջացավ ցեղասպանությամբ: Հենց այդ նույն միջազգային հանրությունը մինչ օրս չի ճանաչել Ցեղասպանությունը, թեև ժամանակին խոստանում էր պատժել հայության դահիճներին: Այդ միջազգային հանրությունը որևէ գնահատական չի տվել ու չի տալիս Ադրբեջանի բացահայտ հակահայկական գործողություններին (ինչպես, օրինակ, Նախիջևանի խաչքարերի ջարդն էր կամ Գուրգեն Մարգարյանի վայրագ սպանությունը) կամ ջավախահայության ու Հայ եկեղեցու նկատմամբ Վրաստանի իշխանությունների խտրական քաղաքականությանն ու ոտնձգություններին։ Եթե ԱՄՆ-ի պես գերտերության նախագահը կարող է, աչքը չթարթելով, խաբել իր իսկ քաղաքացի հայերին և դրժել տարիներ շարունակ հրապարակավ տված իր խոստումը, ապա ինչու՞, ո՞ր իրավունքով մենք պետք է վստահենք այդ այսպես կոչված միջազգային հանրությանը։

-Կա տեսակետ, որ տարածքները ազատագրվել են հետագայում Ղարաբաղի անկախության դիմաց Ադրբեջանին վերադարձնելու համար:
-Ժամանակին այդպիսի գաղափարներ ունեցել են մեր ղեկավարները, սակայն դա հուշում է ընդամենը, որ հայ ռազմավարական միտքը խիստ թերի զարգացածություն ունի։ Այո, 1991-1994 թթ. հայկական բնիկ տարածքն ազատագրելիս առաջնորդվում էին նախևառաջ ռազմական նկատառումներով: Պետք էր ճնշել այս կրակակետը, ճնշում էին, հետո` այն բլուրն էր պետք գրավել` թշնամու կրակը լռեցնելու համար, գրավում էին: Գրավողներն այնքան էլ լավ չէին հասկանում, որ իրենք լուծում են ոչ թե միայն ռազմական խնդիր, այլ լուծում են նորաստեղծ հայկական պետականության երկարաժամկետ անվտանգության, այն տարածքային երաշխիքներով ապահովելու խնդիրը: Այս ամենի համար պետք էր Հայկական հարցի էության և արդի փուլի մասին տեսաբանական խորը պատկերացում ունենալ։ Չունեինք։ Իսկ Հայկական հարցն այսօր էլ հողային հարց է՝ Հայաստանի պետականությունը տարածքային երաշխիքներով ապահովելու հարց: Դաշտային հրամանատարներն իրենց գործն էին անում, հող էին ազատագրում, առանձնապես չխորանալով Հայկական հարցի տեսաբանության մեջ (Լեոնիդ Ազգալդյանի նմանները բացառություն էին), իսկ Հայաստանի Հանրապետության քաղաքական ղեկավարությունը գտնվում էր արևմուտքից փչող՝ համընդհանուր բարեկեցության, համաշխարհային ժողովրդավարության ֆանտաստիկ հովերի ազդեցության տակ: Ցավն այն է, որ վերջին 15 տարիներն էլ չդարձան հայ քաղաքական վերնախավի հասունացման շրջան, հատկապես ազգային անվտանգության բնագավառում: Ո՛չ Լևոն Տեր-Պետրոսյանի, ո՛չ Ռոբերտ Քոչարյանի, ո՛չ էլ Սերժ Սարգսյանի վարչախումբը չհասկացավ, թե ի՞նչ բան է Հայկական հարցը և ի՞նչ մոտեցումներով պետք է վարել բանակցությունները Ադրբեջանի և Թուրքիայի հետ:
Տեղին կլինի, եթե հիշեցնեմ, որ այս տարվա ապրիլի 30-ին «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի նախաձեռնությամբ և բազմաթիվ մասնագետների մասնակցությամբ անցկացված հասարակական լայն քննարկումն ընդունեց մի քանի պահանջներից բաղկացած հայտարարություն, որն առաջին իսկ շաբաթների ընթացքում ստորագրեցին ավելի քան 850 մարդ Հայաստանից և աշխարհի տասնյակ երկրներից ։ ՀՀ նախագահին ուղղված այդ պահանջներն այսօր էլ ուժի մեջ են՝
— անհապաղ չեղյալ հայտարարել հայ-թուրքական «ճանապարհային քարտեզը»։
— Անհապաղ կասեցնել հայ ժողովրդի թիվ 1 թշնամու` Թուրքիա պետության հետ տարվող ներկա բանակցությունները, մինչև վերջինս չդադարեցնի Հայաստանի դեմ իրականացվող թշնամական քաղաքականությունը, պաշտոնապես չընդունի հայոց ցեղասպանության փաստը և չստանձնի դրա հետևանքների վերացման պատրաստակամությունը։
— Անհապաղ պաշտոնանկ անել հայ ժողովրդի կենսական շահերի դեմ ոտնձգություն կատարած արտաքին գործերի նախարար Էդուարդ Նալբանդյանին և պաշտոնատար այն անձանց, ովքեր նպաստել են այդ ստորացուցիչ համաձայնագրի ընդունմանը:
— Հրահանգել Ազգային անվտանգության խորհրդին` մշակել թուրք-ադրբեջանական դաշինքի համաձայնեցված հակահայկական գործողություններից բխող` ՀՀ-ի և ԼՂՀ-ի ազգային անվտանգության մարտահրավերների հաղթահարման հատուկ ծրագիր։
Այժմ ուրախությամբ կարող եմ արձանագրել, որ այս պահանջներին, թեկուզև դանդաղորեն ու մասնակիորեն, սկսում են միանալ հասարակության լայն շրջանակները և ազդեցիկ քաղաքական ուժերը։ Վերջին օրերին Է. Նալբանդյանի հրաժարականի պահանջով արդեն հանդես եկան ՀՅԴ-ն, ՀՌԱԿ-ը, զանազան հկ-ներ և հարյուրավոր անհատներ։

-Եթե Մադրիդյան սկզբունքները բխում են Ադրբեջանի շահերից, այդ դեպքում ինչո՞վ է պայմանավորված Ադրբեջանում տիրող խուճապը:
-Ադրբեջանում որևէ խուճապ չկա։ Բաքուն ճիշտ է վարվում, որ վազեվազ չի հայտարարում իր համաձայնությունն առաջադրված սկզբունքներին: Սա դերասանություն է, թե տեսե՛ք, մեզ էլ ձեռնտու չէր, բայց դե համաձայնում ենք: Բաքուն ադպես է անում Հայաստանից ավելի մեծ զիջումներ կորզելու և հմտորեն իր ձեռքբերումները որպես զիջում ներկայացնելու համար:

-Ըստ Ձեզ, ո՞րն է լուծումը. ստատուս քվոյի պահպանումը և տարածաշրջանային հաղորդակցուղիների ծրագրերից դուրս մնա՞լը:
-Հայկական հեռուստաեթերով և որոշ ԶԼՄ-ներով այնքան են կրկնել այդ կլիշեները՝ «դուրս մնալ», «մեկուսանալ», «հայտվել տարածաշրջանային ծրագրերից դուրս»… Մոռանում են ասել, սակայն, որ այդ ամենը մեր թշնամի զույգ պետություններն են ցանկանում, ծրագրում և փորձում իրականացնել ՝ նպատակ ունենալով Հայաստանի վերջնական ոչնչացումը։ Իսկ երբ փորձում ես հանդես գալ հայ ժողովրդի անվտանգության տարրական իրավունքների պաշտպանությամբ, նույն հայկական լրատվամիջոցները դա որակում են ոչ ավել, ոչ պակաս, քան Թուրքիային և Ադրբեջանին «պատերազմի հայտարարում»… Ողբալի վիճակ է։ Ի՞նչ է նշանակում դուրս մնալ կոմունիկացիոն ծրագրերից: Դե, բացվիր թշնամուդ առաջ՝ առանց տնտեսության ու տեղեկատվության բնագավառներում պաշտպանական մեխանիզմներ ունենալու, թող գա, քեզ տնտեսապես, մշակութապես, հոգեբանորեն գրավի, ու միանգամից կներգրավվես տարածաշրջանային կոմունիկացիոն նախագծերի մեջ…

-Ի՞նչ եք կարծում, Սարգսյան-Ալիև առաջիկա հանդիպմանը կստորագրվի՞ որևէ փաստաթուղթ, թե՞ ոչ:
-Կարծում եմ` չի ստորագրվի: Սակայն եթե Մադրիդյան սկզբունքներով երբևէ մի փաստաթուղթ ստորագրվի, ապա այն կդառնա դամոկլեսյան սուր` կախված Հայաստանի անվտանգության գլխին, քանի որ միջազգային ասպարեզում այն կամրապնդի և կվավերացնի Ադրբեջանի դիրքերը` դառնալով մեզ վրա նորանոր արտաքին ճնշումների պատճառ:

-Օրերս ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը դրական գնահատեց Մադրիդյան սկզբունքները և բանավեճի հրավիրեց բոլոր նրանց, ովքեր կարող են իրեն հակառակն ապացուցել: Դուք կգնա՞ք բանավեճի:
-Էդուարդ Շարմազանովը թող կարդա իմ խմբագրությամբ դեռևս 2006 թ. հրապարակված՝ «Հայաստանի ազատագրված տարածքը և Արցախի հիմնախնդիրը» վերլուծական և փաստագրական նյութերի ընտրանին, նաև Հայաստանի անվտանգության վերաբերյալ իմ և այլ մասնագետների բազմաթիվ ուսումնասիրությունները, որոնք գիտական հակաճառություն են իր և ՀՀ ԱԳՆ-ի տեսակետներին: Թող կարդա ու ինքը գա ինձ հակառակը համոզի:

Զրույցը վարեց
Արփի Մախսուդյանը

Արմեն ԱՅՎԱԶՅԱՆԻ հարցազրույցը «Հայաստանի Զրուցակից» շաբաթաթերթին

3 Հունիսի, 2012

«Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի տնօրեն, քաղաքագիտության դոկտոր Արմեն ԱՅՎԱԶՅԱՆԻ հարցազրույցը «Հայաստանի Զրուցակից» շաբաթաթերթին

Ինքնորոշման իրավունքը գերտերությունների մենաշնո՞րհն է

__ Միջազգային հարաբերություններում նոր գործընթաց է սկսվում, որը կարելի է անվանել կիսաճանաչված պետությունների ժամանակաշրջան: Նոր իրավիճակը խուճապ է առաջացրել Բաքվում, որովհետև առաջին անգամ կասկածի տակ է դրվում տարածքային ամբողջականության սկզբունքը: Այս նախադեպի հենքին ի՞նչ հեռանկար կունենա ԼՂՀ-ի միջազգային ճանաչման գործընթացը:

__ Պետք է հիշենք, որ գերտերությունների կողմից ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունքն ընդունելի ու կիրառելի է միայն այն դեպքում, եթե դա բխում է նրանց շահերից: Եվ այսօր այդ սցենարի ականատեսն ենք: Կոսովոն, որպես անկախ պետություն, ճանաչել են միայն մի խումբ երկրներ, մյուսները մերժել են, այսինքն` ինքնորոշման իրավունքն ընտրովի է մեկնաբանվում: Նույնն է Հարավային Օսիայի ու Աբխազիայի ճանաչման պարագայում. առայժմ միայն Ռուսաստանն է ճանաչել նրանց անկախությունը: Բայց նույն Ռուսաստանը չի ճանաչել Արցախի, Կոսովոյի, Մերձդնեստրյան Հանրապետության անկախությունը:

Օրերս ԵՄ-ն ընդունեց մի որոշում, ուր նշվում է, որ վրացական հակամարտությունը պետք է լուծվի անկախության, ինքնիշխանության և տարածքային ամբողջականության սկզբունքների հիման վրա, և ոչ մի խոսք ինքնորոշման իրավունքի մասին, այսինքն` այդ ամենը միայն մեծ պետությունների շահերով է պայմանավորված: Ինչ վերաբերում է Արցախին` վերջին զարգացումները մեզ համար, անշուշտ, նպաստավոր են, քանի որ ավելանում է նախադեպերի թիվը: Իսկ Հարավային Օսիան ու Աբխազիան այն երկրներն են, որոնք Արցախյան հիմնախնդրի հետ շատ ընդհանրություններ ունեն, ավելին` Արցախի պարագայում ինքնորոշման կռվանները` իրավական, պատմական, ժողովրդագրական (Արցախում հայությունը միշտ մեծամասնություն է կազմել), շատ ավելին են: Բայց կրկնում եմ` այդ առավելություններով հանդերձ ինքնորոշման իրավունքի խնդիրը դարձյալ գալիս ու հանգում է գերտերությունների շահերին: Սակայն կասկած չկա, որ ապագայում տարածաշրջանային կամ միջազգային քաղաքականության մեջ դարձյալ կլինեն նման լուրջ տեղաշարժեր, ինչպիսին եղավ 2008-ի օգոստոսին: Մեկ տարուց հետո, թե 20 տարուց` միևնույնն է` լինելու են, մեզ մնում է ամրապնդել Հայաստանի և Արցախի անվտանգությունը` ռազմական և հատկապես ժողովրդագրական առումով, և սպասել մինչև հաջորդ տեղաշարժը:

__ Այս օրերին շատ է խոսվում Ռուսաստանի կողմից ԼՂՀ անկախության ճանաչման մասին, այդ քայլը բխո՞ւմ է մեր ռազմավարական գործընկերոջ շահերից, որպես Մինսկի խմբի համանախագահող երկիր` Ռուսաստանը Հարավային Օսիայում ու Աբխազիայում ձեռք բերած փորձը կկիրառի՞ նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում

__ Այսօր դժվար է տալ դրա պատասխանը, քանի որ ամեն ինչ կախված է հետագա զարգացումներից: Ինչո՞ւ Ռուսաստանը չի ճանաչում Արցախի անկախությունը. դարձյալ գործ ունենք շահերի հետ` Ադրբեջանը կարևոր գործոն է Ռուսաստանի համար, իսկ ԼՂՀ ճանաչմամբ տեղի կունենա Ադրբեջանի ու Ռուսաստանի շահերի բախում, Արցախի ճանաչման դեմ կընդվզեն նաև Թուրքիան ու Արևմուտքը: Բայց մենք չպետք է կենտրոնանանք միայն Ռուսաստանի վրա, չնայած նա ամենահավանական թեկնածուներից է, որ կարող է ապագայում ճանաչել Արցախի Հանրապետությունը: Միջազգային տեղաշարժերը կարող են այնպիսին լինել, որ առաջին ճանաչողը լինի, օրինակ, Չինաստանը: Իսկ այսօր թե’ Ռուսաստանը, թե’ մեկ այլ պետություն առայժմ շահագրգռված չեն ճանաչելու Արցախի անկախությունը, որովհետև Հայաստանը դեռ չունի այն ուժը, որը կգրավեր հավանական դաշնակիցներին ու նրանց կդրդեր դիմել այդ քայլին: Բայց մենք չպետք է ընկնենք տվայտանքների գիրկը, թե ո՞վ, ե՞րբ, ինչպե՞ս կճանաչի Արցախը: Մեզ համար առաջնայինը պետք է լինի Հայաստանի ու Արցախի անվտանգությունը, այն պետք է ապահովվի շնորհիվ Հայկական բանակի, շնորհիվ այն տարածքների, որ ազատագրել են մեր զորքերը, և շնորհիվ ժողովրդագրության` Արցախը պետք է արագ վերաբնակեցվի:

__ Մինչ օրս Հայաստանը ԼՂՀ ճանաչման հարցը չի շոշափել, հիմնավորումը եղել է այն, որ Մինսկի խմբի շրջանակներում բանակցություններ են ընթանում, ու պետք չէ խանգարել խաղաղ գործընթացին: Սակայն, երբ այսօր Հարավային Կովկասում նոր իրավիճակ է ստեղծվել, գուցե Ժամանա՞կն է, որ Հայաստանը ճանաչի ԼՂՀ անկախությունը:

__ Նախ պետք է մտածել, թե այսօր Հայաստանի կողմից Արցախի ճանաչումը դրական ազդեցություն կարո՞ղ է ունենալ: Այս պահին ես դրական ակնկալիքներ չունեմ: Շտապել պետք չէ, չմոռանանք, որ մենք ունենք Խորհրդային Հայաստանի ԳԽ-ի և ԼՂ ինքնավար մարզի խորհրդի 1989-ի դեկտեմբերի 1-ին ընդունած որոշումը` Արցախի վերամիավորման մասին: Գուցե ինչ-որ պահի գործի դնենք հենց այդ որոշումը: Ինչ վերաբերում է Մինսկի խմբին` ես համամիտ չեմ Հայաստանի` ամեն գնով խմբի շրջանակներում մնալու քաղաքականության հետ: Եղել են պահեր, երբ Հայաստանը պետք է դուռը շրխկացնելով հեռանար, գոնե ժամանակավոր, բայց մենք կորցրել ենք այդ պահերը: Օրինակ` Բուդապեշտում հայ սպայի սպանության ու Ադրբեջանի արձագանքից հետո կամ Նախիջևանի հուշարձանների ոչնչացման ժամանակ բացարձակ անիմաստ էր բանակցությունները շարունակելը, եթե մի կողմը կատարում էր ցեղասպանական գործողություններ: Մինչդեռ մենք նման հարցերին շարունակում ենք «դիվանագիտորեն» մոտենալ, մոռանալով, որ դիվանագիտության մեջ կան ոչ միայն զիջումներ ու կլոր-կլոր խոսքեր, այլ վերջնագրեր և կտրուկ քայլեր:

__ Իսկ ինչպե՞ս եք վերաբերվում այն կոչերին, թե Հայաստանը պետք է անմիջապես ճանաչի Հարավային Օսիայի, Աբխազիայի, Կոսովոյի, անգամ Հյուսիսային Կիպրոսի անկախությունը:

__ Հայաստանի կողմից Կոսովոյի ու Հյուսիսային Կիպրոսի ճանաչումը համարում եմ սխալ: Ինչո՞ւ. Հյուսիսային Կիպրոսը Թուրքիայի կողմից օկուպացված տարածք է և այն ճանաչելով` մենք Թուրքիային ընդամենը հնարավորություն կտանք ևս մեկ պետության միջոցով իրականացնել իր հակահայկական գործունեությունը, իսկ Հյուսիսային Կիպրոսը, բնականաբար, բոլոր միջազգային ատյաններում կրկնելու է թուրքական դիրքորոշումները: Նույնը վերաբերում է և Կոսովոյին: Ինչ վերաբերում է Հարավային Օսիային ու Աբխազիային` պետք է հաշվարկել մեր օգուտներն ու վնասները, հարկ եղած դեպքում նաև առևտրի մեջ մտնել կողմերի հետ` ի՞նչ ենք ստանալու ճանաչման դիմաց: ԼՂՀ-ի կողմից ևս Հարավային Օսիայի ու Աբխազիայի ճանաչումը պետք է հիմնվի փոխհամաձայնության վրա` դու ինձ, ես քեզ: Կարծում եմ` ճիշտ կլինի այդ երկու պետությունների անկախությունը ճանաչել, եթե նրանք համաձայնեն ճանաչել Արցախի անկախությունը:

__ Ձեր կարծիքը նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի այն դիտարկման առնչությամբ, թե «նոր իրադրությունը Ղարաբաղի համար նման է երկսայր դաշույնի», քանի որ այն նպաստելու է, որ ռազմաշունչ գործողություններն այլևս չհանդուրժվեն, բայց միաժամանակ` ազգերի ինքնորոշման իրավունքի հանդեպ սաստկացնելու է միջազգային հանրության վերաբերմունքը:

__ Սաստկացման մասին խոսք չկա, որովհետև ինքնորոշման իրավունքի հանդեպ ԱՄՆ-ի ու Եվրոպայի դիրքորոշումը միշտ էլ եղել է բացասական, եթե դա չի բխել իրենց շահերից: Այնպես որ այսօր էլ նույն վերաբերմունքը պահպանվելու է: Համամիտ չեմ նաև Օսկանյանի այն մտքի հետ, թե ռազմական գործողություններն այսուհետ չեն հանդուրժվելու: Հարվային Օսիայի դեմ Վրաստանի ագրեսիան խրախուսել են արևմտյան որոշ ուժեր, իսկ արդյո՞ք ներքին կամ արտաքին պատճառներով պայամանավորված` նրանք չեն ցանկանա մի «փոքր» հակամարտություն էլ բորբոքել Ռուսաստանի ու Իրանի հարակից տարածքներում (նկատի ունեմ հայ-ադրբեջանական հակամարտությունը): Ուրեմն չի կարելի նման դիտարկումներով մեր զգոնությունը թուլացնել: Այսօր միջազգային քաղաքականությունը դարձել է չափազանց անկանխատեսելի ու մեր ժողովրդի գլխի տակ փափուկ բարձ դնել չի կարելի:

Հարցազրույցը վարեց Արմինե ՍԻՄՈՆՅԱՆԸ

Մտորումներ Արցախեան Գոյամարտի 20ամեակին Առիթով

3 Հունիսի, 2012

«Հայաստանը չի կարող դառնալ կենսունակ,
պետութիւն՝ առանց Արցախում հայկական
իշխանութեան եւ զինուած ուժերի մշտական եւ
անկաշկանդ գոյութեան»:
ԱՐՄԷՆ ԱՅՎԱԶԵԱՆ

Յայտնապէս խօսքը կը վերաբերի՝ ազգային հիմնահարցերու նկատմամբ զգացականութենէ եւ կարգախօսային տզրուկ պարունակէ դուրս գալու հրամայական պահանջին:
Աւելի՛ն. քաղաքական տարտամ, անհեռատես եւ պարտուողական վարքագիծերէ միանգամընդմիշտ ձերբազատելու կամքի արտայայտութեան ամրագրումին մասին կը խօսի ան:
Եւ, մասնաւորաբա՛ր, անիկա կը վերաբերի ժամանակակից ազգային կեանքի արտասովոր կացութիւններու դէմ յանդիման, գիտակից հայրենասէրի եւ ոգեկան բարձրութեամբ յատկանշուող տիպար անհատականութիւններու առաւել ուժական ներկայութեան եւ տարազաւորումին,
Ինչպէս նաեւ յստակատեսաբար, ընկերատնտեսական համակարգի եւ պետականութեան ամրակայման համազգային կռուաններու եւ համապատասխան կառոյցներու էապէս ու աստիճանական բարգաւաճումին,
Հուսկ, ազգ, պետութիւն եւ անհատ-ղեկավարութիւն ներդաշնակ, անարգել եւ նպատակաուղղուած հայեցակարգերու յարատեւ շեշտադրումին:
Անցնինք:
Շատերու համար, սկսելով յօդուածի խորագիրէն՝ չափազանցուած մեկնակէտային ալիք մը կարելի է նկատել, իսկ, անոր դրդապատճառը՝ տակաւ վերացող երեւոյթ:
Միւս կողմէ, հայազգի նուիրեալ ակադեմականին, հայատրոփ պատմագէտին, աշխարհաքաղաքական մերօրեայ անցուդարձերուն եւ ամբողջ համակարգին՝ ներքին ու թաքուն ծալքերուն եւ տարածքներուն քաջատեղեակ քաղաքագէտին՝ Արմէն Այվազեանին վերոյիշեալ մտածումին կամ հաստատումին նկատմամբ, գէթ ընթերցասէր հասարակութեան մօտ ստեղծուին անմիջական հակազդեցութեան առիթ՝ յայտնելով, որ առկա՞յ են նմանօրինակ հասկացողութիւններու հակառակի մօտեցումներ կամ այսպէս ասած քաղաքական գործընթացներ:
Դժբախտ եղելութեամբ՝ հաստատական է փաստարկումը:
Որովհետեւ, քաղաքագէտի պատմուճանը հանդերձած եւ կամ ղեկավարի շքերթին ծառայող անհատներ, ամուլ եւ շատ անգամ ապազգային վարքագիծերու համընթաց, նոյնիսկ նուազագոյնին իրազեկ ըլլալու ափսոսանքը չեն ապրիր՝ հեռու մնալով հաստատագրուած իրողութիւնները՝ լոյսին բերելու յանդգնութենէն:
Հապա, վերոնշեալի կենդանի դրսեւորումը, հայկական շրջապատով հանդերձ, եւ դասականացած միջավայրերու կողքին, մինչեւ հայրենիքի քաղաքական առօրեան, ազգովին ականատես ենք, առանց դոյզն չքմեղանքի:
Սակայն, փափաքելին տեսնելու եւ ակնկալուածին նպաստաւոր չափորոշիչները ուրուագծելու բեմահարթակն անգամ այլայլող եւ անարձագանգ կը մնայ իր տարողութեամբ:
Այդուհանդերձ,
Իցիւ թէ, իրականութեան դարպասին բախող ամէն մարտահրաւէր ունենար ըմբռնելի բացատրելիութիւն, անհրմշտուկ իրավիճակ, տողատակի պատգամ, քաղաքական ոլորապտոյտ շրջածիրէ դուրս գալու զգաստ կեցուածք, խանդավառ ճիգ եւ նախանձախնդիր մտայղացք, աւելի՛ն. հակոտնեայ քաղաքական ոլորտ, ընդելուզուած հորիզոններու պայծառութեամբ:
Ասոր համար սերունդներ ամբողջ երախտագիտութեան իրենց գրաւչութիւնը արտայայտէին դժնդակ պայմաններու մէջ անգամ, եւ, այսպէս բոլոր ժամանակներուն:
Արդ,
Հայութեան համար վիճակուած իրողութիւն է ըստ ամենայնի յիշեցման կարգով ընթանալու, գոյութենական պայքարէի հանգրուանին իսկ, բացառաբար բոլոր բնագաւառներու համատեղելիութեամբ:
Ապա նաեւ, ներքին զսպուածութեամբ, բայց մանաւանդ աշխարհաքաղաքական ընկալումներու համեստ եւ ժուժկալ հասկացողութիւն ցուցաբերելու՝ ժողովրդային, հասարակական, կրօնական եւ քաղաքական շերտերու մասնակցութեամբ, որպէսզի պատմութեան ընձեռած կարելիութիւններուն եւ պատեհութիւններուն անկորնչելիութիւնը ապահովուի:
Ուստի,
Պատմութեան մեր տեսակի շտեմարանին շողարձակ իրաւութիւնը, իր տեղատուութիւններով հանդերձ, ժողովուրդին սեփականութիւնը դարձնելու գիտակցութեամբ, հասած է պահն ու գրաւը, առաւելագոյնս օգտուելու անկէ՝ այս պարագային ոգեւորուած եւ ազգային շունչով դաստիարակուած մեր ժողովուրդի իմաստութենէն, ասպետական ու քաջասիրտ պահուածքէն, որպէսզի գալիքի հաշուոյն, ամրապնդուին լիարժէք կեանքի մը կենսունակութիւնն ու անվտանգ ապրելու տարրական հասկացողութիւնը:
Հիմա,
Շնչասպառ ներածականէ ետք, ըսել ու անցնի՞լ, որ քսանամեակ մը բաւարար ժամանակ կþենթադրուի ըլլալ, մեր արդի պատմութեան այսօրուան հոլովոյթը սահմանելու եւ Արցախեան Գոյամարտի ամբողջ տեսադաշտը բնորոշելու:
Որովհետեւ,
Կրկնութեան իրաւունքին համապատասխան, գոռա՛լ պէտք է ամբողջ մարդկութեան պաստառին, թէ հայ բազուկի հրաշակերտ հարուածներուն շնորհիւ Հայաստանն ու հայութիւնը իր հերոսական Արցախով փաստեց.-
Իր առհաւական եւ անկորնչելի դիմագծային անաղարտութիւնը:
Հայ ազատամարտիկի ասպետական ոգիին թարմութիւնն ու հայավայել տոկունութիւնը:
Գաղափարանուէր սերունդի մը աւետաբեր ներկայութիւնը:
Հայ շինականին կառչածութիւնն ու հողի պաշտամունքը:
Արցախեան խոյանքին ազգային տիպականութիւնը, որ իր կարգին, հայ քաղաքական մտքին փոխանցեց իրատեսական հանգրուանի մը հաստատագրումը, պետական մտածողութեան առաւե՛լ ամրապնդումը, ազգի յարատեւութիւնն ու ցեղային առանձնայատկութիւններու անկաշկանդ շարունակականութիւնը:
Ուրեմն,
Այս հիմնաւորումով եւ տեսակէտի յստակութեամբ, երբ ականջալուր կþըլլանք հայ ակադեմականներու, մտաւորականներու թէ գործիչներու նմանատիպ կողմնորոշումին, հպարտութեան աւիւնն ու զգացողութիւնն է, որ կը տողանցէ նեարդներէ ներս, բացագանչելով լպիրշ եւ անփառունակ պետական այրերու երեսն ի վեր.- թէ՝
Հայ ժողովուրդը շնորհիւ իր անձնուրաց, խիզախ ու գաղափարանուէր հերոսներուն, փշրեց արուեստական պատուարները, ջրդեղեց ազգային արժէքները եւ հայութեան հետագայ սերունդներուն վերադարձուց թշնամիին դէմ կռուելու ոգեկան արիութիւնը, թուրք-ազերիին բարբարոսութիւններուն դէմ դնելու եւ յաղթելու ամենանուիրական զգացողութիւնը, կամքը:
Սակայն,
Վերադառնալով էականին, այսօրուան կացութեամբ ստեղծուած իրավիճակին, քաղաքական այլանդակ պատկերին եւ աշխարհաքաղաքական նկրտումներուն, հարկ է, երկու հիմնական եւ պատճառական հասկացողութեամբ, հայ ժողովուրդի մտային ու զգացական աշխարհին կիզակէտը դարձնել հետեւեալ իրողութիւնները.
ա) Զանգուածային լրատուական թէ ընդհանրապէս քարոզչական տարաբնոյթ աշխատանքով անընդհատ լոյսին բերել Հայաստանի եւ Արցախի տարածքային ամբողջութիւնն ու անփոխարինելիութիւնը, անվտանգութեան հայեցակարգի ընդգծեալ իրականութեամբ:
Նաեւ, այս շրջածիրին մէջ, թուրք-ազերիական վտանգի հասանելիութիւնը նկատել ամէնօրեայ ահազանգ, որուն չէզոքացման, ձախողութեան եւ պարտութեան մեծագոյն երաշխիքը հայ բանակի եւ ազատամարտիկի որակային եւ արհեստագիտական զարգացումն է:
բ) Հաւանական ամէն փորձութենէ խուսափելու համար, պատրաստ ըլլալ դիմակայելու ներքին թէ արտաքին ճնշումներու ստեղծուած կացութիւնները: Փաստօրէն, երբ պետական այրերու ճահճահուտ եւ սին մտածումներուն մէջ, այսպէս ասած փոխդրացիական, հողատարածքներու զիջումին, բարի կամեցողութիւններու թէ առեւտրաշահակցական թաքուն եւ բացայայտ միտումներ կը տեսնուին, պարտաւոր է ազգի պարունակը իր շառաչիւն կեցուածքն ու դիմագիծը յայտնաբերելու, համապատասխան գործելակերպային ոճաւորումով:
Այլապէս,
Ցաւ ի սիրտ, թուրքի զազրութիւնը խորամանկութեան վերածուած, հայրենիքի թէ Սփիւռքի տարածքին, թէեւ անհատական մակարդակի վրայ, այդուհանդերձ, կարմրաթուշ եւ գաճաճ մարդոցմով փերեզակներու վոհմակը կը պատրաստէ: Այո՛, ներքնապէս ջլատելու եւ գրաւելու ամրոցը:
Իսկ, պատմութեան ընթացքին, նուազ թուային պատկեր ունեցած են նման հերետիկոսներ:
Իրօք, միւս կողմէ ալ, ազգը իր ծոցէն ծնունդ կու տայ հաւատաւոր հայորդիներու փաղանգի մը, մշակութային թէ քաղաքագիտական, մտաւորական թէ ազնուազարմ պատրաստուածութեամբ, որոնք օրն ի բուն իրենց հոգեմտային բիւրեղ հարստութիւնը կը կարկառեն յանուն ազգի գոյատեւման եւ վերապրելիութեան:
Հաւանաբար,
Արցախեան Գոյամարտին ամբողջական արժեւորումը դեռ իր լրումին չհասաւ: Հակառակ, կարգ մը փայլուն իրագործումներու, ատիկա ըլլայ գրականագիտական թէ արուեստի բնագաւառներէ ներս: Սակայն, բացորոշ է մէկ բան, որքան ժողովրդականացուին ազգային արժէքներու շտեմարանային հարստութիւնները, այնքան փառահեղ են ապագայի տեսլականները:
Հոս, տեղին է յիշել, թէ հայ ժողովուրդին աշխարհահայեացքին ամէնէն բոցկլտուն պահուածքը ազնուադրոշմ եւ հայրենասէրի տարրերն են, որոնց ջրդեղումը կþապահովուի գիտակցական հայրենանուիրումի եւ խիզախ արեւելումի բարացուցական եղելոյթով:
Հետեւաբար,
Հայ Դատի ամբողջական խորապատկերին եւ անոր հասանելիութեան երաշխիքը՝ առաջին հերթին, ազգային ներուժի անմնացորդ օգտագործումն է, ժողովրդային շերտերու մասնակցութեամբ եւ առաւել շեշտադրումով:
Ատոր համար ժողովրդականացնել ամէն արժէք, որ պիտի սպառազինէ հաւաքական յիշողութիւնն ու պատկանելիութեան անկրկնելի զգացողութիւնը:
Արցախեան գոյամարտը փաստեց ըսուածին իրաւացիութիւնն ու ճանաչողութիւնը:

ՀԱՄԲԻԿ ՊԻԼԱԼԵԱՆ

Ֆեյսբուկյան Գրառումներ

11 Մայիսի, 2012

Իւրաքանչիւր անձ, ով այսուհետ հաւակնելու է երկրի բարձրագոյն քաղաքական եւ զինուորական պաշտօնների, ի լուր համայն Հայութեան պէտք է բացարձակ պարտաւորութիւն ստանձնի՝ Ադրբեջանին տարածքային որեւէ զիջում չկատարելու, ներկայ հայ-թուրքական բաժանարար գիծը՝ որպէս միջպետական սահման չճանաչելու եւ Ադրբեջանի կողմից պատերազմի վերսկսման դէպքում միջազգային յորդորներին անձնատուր չլինելու եւ հրադադարի նոր գիծը Կուր գետին հասցնելու վերաբերեալ:

Երբ «ցեղասպանութիւնների ժխտման քրէականացման» օրինագծի «հաստատման» կապակցութեամբ գրառում եմ թողել, թէ ազատագրուած տարածքում ամէն մի նոր վերաբնակիչն ու ամէն մի ծնուած երեխան աւել արժեն, քան աշխարհի բոլոր «ճանաչումները», իմ վրայ ահագին մարդ հարձակուեց: Դէ կերա՞ք: Դրսի սենատորներին ու կոնգրեսականներին միլիոններով զաւեշտաբար կաշառող ու ազգի հարստութիւնը լափող Հայ դատի գրասենեակներդ, կերա՞ք: ճճ Բաւական է յիմարութեամբ զբաղուել, արժանապատւութիւն ունեցէ՛ք Հայաստան վերադառնալու, իսկ եթէ ապահով վայրում «երշիկ ուտելուն» շատ էք սովոր, գոնէ Մռաւից Արաքս տներ կառուցէք: Լաւ են արել ֆրանսիացիք. բուն հայրենաշինութիւնը թողած յիմար գործերով զբաղուած տխմար հայրենակիցներիս լիուլի հասնում է: Դէ կերէ՛ք:

«Քրէականացման» օրինագծի «հաստատման» առթիւ Երեւանում Ֆրանսիայի դեսպանատան առջեւ «Մերսի Ֆրանսիա» գոռացողներին խորհուրդ եմ տալիս կրկին Ֆրանսիայի դեսպանատուն այցելել եւ այս անգամ ասել «ամօթ»: Տեսնես, քանի՞ հոգի են գնալու: Ճ Առաջարկում եմ նաեւ այդ երթերը «ոգեշնչած» կուսակցութիւններին ինքնալուծարուել: ՃՃ Իսկ եթէ աւելի լուրջ, ապա «առակը» հետեւեալ է. ցեղասպանութեան հետեւանքների վերացումը պէտք է իրականանայ միայն հայերի ձեռքով՝ հայրենադարձութեամբ, իրաւական պետութեան կառուցմամբ, բանակաշինութեամբ եւ մնացած բոլոր առաջնահերթութիւնների ճիշտ ընտրութեամբ:

2009 թ. թուրք-սերժական արձանագրությունների սրբապղծությունը ինձ համար բացարձակ ջրբաժանի պահն էր: Այսօր, խոնարհվելով Մաշտոցի պուրակում Հայաստանի համար մաքառող հայության նոր սերնդի անվեհերության առջև (անգամ եթե նրանք դեռ ժամանակավրեպ հույսեր են տածում եվրաստանդարտ պետության մոդելի հանդեպ), հիացմունքով զորակցում եմ նրանց ազատագրված Հայոց Քարվաճառի լեռներից: Ձեր դեմ դուրս ելած ողորմելիները պարտված են ի սկզբանե: Ազատագրված Հայրենիքը հանձնող, ցեղասպանությունն ու Հայրենի ժամանակավորապես կորուսյալ սահմանները ուրացող խորշելիների հետ չի կարելի մի հարկի տակ գտնվել, նրանց հետ հաց կիսել, նրանց ձեռք մեկնել, նրանց մարդ դիտարկել անգամ: Արմեն Հովհաննիսյան ջան, պինդ կա՛ց, Աստուած ընդ քեզ:

Երբ չկա իրական համակարգային այլընտրանք՝ ընտրություններն ինքնաբերբար վերածվում են թշվառատրտում խեղկատակության: 1991 թ. հիմնադրված քաղաքական դաշտի արտադրանք դեմքերից և «ուժերից» ոչինչ ակնկալել չի կարելի: Նրանց ճահիճը կուլ է տալիս «ոգով տկարներին» և հուսալքության ճիրանների մեջ նետում դյուրահավատներին: Հիշենք, որ պատմության մեջ ամենամեծ հաղթանակները կերտվել են անհամաչափ ուժին հակադրվելու ապագծային եղանակով: Վեր եղեք սրանց ճահճից, մեռելածին գաղափարախոսություններից, ոչ մի տեղ չտանող ճանապարհներից: Հայաստանը պետք է կերտի պետականաշինության իր ուրույն ճանապարհը և միայն այդ դեպքում մի քանի հարյուրով մենք կվերափոխենք Հայրենիքը:

Այսօր՝ Շուշիի ազատագրման վսեմահրաշ օրվա նախաշեմին պարզապես կամենում եմ ասել, որ իրական հայեցի կյանքը, Հայոց ուժն ու հարամնա կենաց բանալին նախ կերտվում են հենց ազատագրված տարածքում: Այստեղ է վերածնվող Հայաստանի սիրտն ու հառնող զորության խորհրդահրաշ բազուկը, նահատակված հայրենակիցների փառքի խորանն ու դեպի կորուսյալ Հայրենիք դարձի ճանապարհը: Հիշե՛ք դա, երբ հուսահատված եք, կամ այլևս պայքարելու ուժ չունեք: Ժիրայրը սրանց հրաւէրին կարօտ չէ: Ժիրայրը Հայրենիքի առջեւ իր սրբազան պարտքը պատուով է կատարել եւ նրա անունն արդէն իսկ արձանագրուած է ազգային պատմութեան եւ խմբագրման ոչ ենթակայ Կենաց Մատեանում:

Այսօր հայրենաշեն ռազմաճակատի կիզակետն ազատագրված տարածքն է, որը սպասում է անկախության առաջին հրաշք սերնդին՝ իրենց կամքն ու սերը յուր գրկում կենսագործելու նվիրական ու մերժման ոչ ենթակա ակնկալությամբ: Ազատագրված Արցախը կենդանի պարսավանք է օտարության մեջ քարշ եկող «նեղացածներին» կամ ունայնաբար փքված համացանցային հայրենասերներին: Սա է ձեր դարձի և պատիվ վերականգնելու ճանապարհը:

Հպանցիկ ակնարկ՝ Քարվաճառի շրջանի ենթակառուցվածքների արդի դրության վերաբերյալ

11 Մայիսի, 2012

Ալեքսանդր Քանանյան

Թեև Քարվաճառի շրջանում վերջին տարիների ընթացքում արձանագրվել է բնակելի տների շինարարության չափերի համակողմանի նվազում, միևնույն ժամանակ որոշակի քայլեր են ձեռնարկվել հաղորդակցային և սոցիալ սպասարկման ենթակառուցվածքների վերականգնմանև արդիականացման ուղղությամբ: Ակնառու ձեռքբերումներից է Քարվաճառ շրջկենտրոնում «Արցախբանկի» տարածքային մասնաճյուղի բացումը, որը մեծապես հեշտացրել է շրջանում աշխատավարձ ստանալու և մանր ու միջին վարկավորման ծրագրերից օգտվելու հնարավորությունը: Նախորդ տարիներին բանկի բացակայությունը վարչակազմի և բնակիչների համար ստեղծում էր ահռելի դժվարություններ: Շրջվարչակազմի և պետական մնացած հիմնարկների հաշվապահությունը հարկավ մնում էր Ստեփանակերտում՝ ֆինանսական և հաշվապահական գործարքներն իրականացնելու անհրաժեշտության պատճառով: Պետական հիմնարկությունների ղեկավարները կամ այլ լիազորված անձինք ստիպված էին ամեն ամիս մեկնել Ստեփանակերտ՝ հաշվապահական ընթացիկ գործավարությունն իրականացնելու և աշխատավարձ բերելու համար: Այսօր այս բնագավառում մնում է կատարել ևս մի հանգուցային քայլ՝  շրջվարչակազմի հաշվապահությունը Ստեփանակերտից տեղափոխել Քարվաճառ: Դա, թեև անհրաժեշտ, բայց բավականին բարդ ձեռնարկ է՝ հաշվի առնելով շրջկենտրոնում ազատ բնակելի տների բացակայությունը և՝ դրանք չկառուցելու կառավարության համառ միտումը: Այնուամենայնիվ, Քարվաճառի վերին թաղում կառուցված չորսհարկանի պաշտոնեական հանրակացարանում դեռևս ազատ է մի քանի բնակարան, որոնք կարող են տրամադրվել շրջան փոխադրվելիք հաշվապահությունների աշխատակիցներին: Հույս ենք տածում, որ Արցախի կառավարության և վարչակազմի համատեղ վարչական կամքի շնորհիվ՝ հաշվապահությունները շրջան փոխադրելու, ոլորտի հրավիրյալ մասնագետներին ծառայողական բնակարանով ապահովելու, ինչպես նաև տեղի համալսարանական կրթություն ունեցող անձանց վերապատրաստելու միջոցով հնարավոր կլինի խնդիրը մեկամյա ողջամիտ ժամկետի մեջ լուծելու համար:

Ի տարբերություն փաստացի կասեցված բնակարանաշինության՝ նկատելի աշխուժացում է տիրում ճանապարհաշինության և էլեկտրամատակարարման բնագվառներում: Նախ խիստ ուշացած, բայց և մեծապես ոգևորիչ է Սոթք-Դրմբոն հողե ճանապարհի հիմնարար բարեկարգումը: Թեև այս ճանապարհը շրջանցում է շրջկենտրոնն ու Քարվաճառի շրջանի հիմնական բնակավայրերը, իսկ ներկա շինարարությունը գերազանցապես նպատակամղված է սպասարկելու Մարտակերտի շրջանում աճի բուռն միտում արձանագրող հանքարդյունաբերությանը, միևնույնն է, այն զգալիորեն բարելավելու է Քարվաճառի և Մարտակերտի հաղորդակցային կապը Գեղարքունիքի ու Կոտայքի մարզերի և Երևանի հետ: Քանի որ հիշյալ ճանապարհի որոշ հատվածներ անցնում են նոր ուղիով և ճանապարհի մակերեսն ամենուր երկու-երեք անգամ ընդլայնված է, իսկ հողային նստվածքներն անխուսափելի են, անհրաժեշտ է այսուհետ պատկան մակարդակով կազմակերպել ճանապարհի սպասարկումն ու անընդհատ պահանջվելիք բարեկարգման ծառայությունը, հատկապես՝ հաշվի առնելով սույն ճանապարհով հանքանյութ տեղափոխող ծանր բեռնատարների երթևեկությունը:

Թեպետև ներկայումս Արցախի կառավարությունում բացակայում է ճանապարհաշինական խնդիրների ընկալման պատշաճ մակարդակը, իսկ ռազմավարական մոտեցումները ստորադասված են գործարար՝ տվյալ դեպքում՝ հանքարդյունաբերողների շահին, դժվար է ակնկալել Վարդենիս-Նորաբակ-Քարվաճառ ուղղությամբ արցախյան ասֆալտապատ երկրորդ մայրուղու կառուցման աշխատանքների մեկնարկը: Այնուամենայնիվ, վերաբնակեցման, հայրենադարձության և Արցախի զարգացման քննարկումների շրջանակում անընդհատ բարձացվելու է սույն ճանապարհի գեթ մասնակի բարեկարգման հրամայականը՝ այն բոլոր տեսակի ավտոփոխադրմիջոցների համար ողջ տարվա ընթացքում անցանելի պահելու առումով: Խնդրի մանրամասներին հետագայում անդրադռնալու ենք առանձին հրապարակմամբ:

Այլ գլխավոր ճանապարհները՝ Քարվաճառ-Գետավան և Դուտխուի խաչմերուկ-Զուարի ջերմաջուր ուղղությունները գտնվում են շրջանի ճանշինի հոգածության ներքո, թեև վերջինիս մակերեսային բնույթը սկզբունքորեն չի կարող ապահովել որակյալ արդյունք: Պարբերական տեղումները, մանր և միջին սողանքները, ճանապարհի վրա հաճախակի թափվող խոշոր քարաբեկորները դեռևս խոչընդոտում են երթևեկության բնականոն ընթացքին: Եթե սողանքներից և թափվող քարաբեկորներից պաշտպանվելու համար անհրաժեշտ են դեռևս բացակյող հիրավի մեծ միջոցներ, ապա ճանապարհափոսերը հողով լցնելու եղանակը չի ապահովում անգամ կարճաժամկետ արդյունք և դառնում է ճանապարհաշինությանը հատկացվող պետական սակավ միջոցների անարդյունավետ վատնման պատճառ: Հարկ է մասնագիտորեն ուսումնասիրել լեռնային տեղանքի հողե ավտոճանապարհների սպասարկման միջազգային փորձը և փոխառել համապատասխան արդյունավետ տեխնոլոգիաներ:

Վերջին տարիների ընթացքում էապես բարելավվել է շրջանի էլեկտրամատակարարման ոլորտը, որտեղ նկատվում են աշխատանքային արդյունավետության, տեխնիկական սպառազինման և ենթակառուցվածքային արդիականացման միտումներ:

Բնակչության սոցիալական սպասարկման ոլորտում առաջընթացը կրկին ակնառու է, թեև այն կարող էր շատ ավելի մեծ լինել, եթե պետությունը շարունակեր տարիներ առաջ ընդհատված բնակարանաշինության և նոր գյուղերի հիմնադրումը: Թեև այսօր շատ է խոսվում, որ վերաբնակեցման գոտուց բնակչության արտագաղթի պատճառը կենսապայմանների անբավարարությունն էր, (հաստատումը միանշանակ չէ և կարոտ է առանձին քննության) հարկ է հիշեցնել, որ հատկապես քաղաքային տիպի բնակավայրերի սոցիալական սպասարկման ենթակառուցվածքների բնականոն և ինքնաբուխ զարգացումն ուղղակիորեն կապված է բնակչության նվազագույն «ճգնաժամային զանգվածի» առկայության հետ: Քարվաճառի պարագայում օրինակ, «ճգնաժամային զանգվածի» շեմին հասնելու համար անհրաժեշտ է քաղաքի բնակչությունը առնվազն կրկնապատկել: Ի հեճուկս կառավարության կողմից հնչող տարակուսելի հայտարարությունների՝ խնդրին դեռևս կարելի է տալ լիարժեք լուծում՝ վերականգնելով շուրջ երկուհարյուր վերակառուցմանը միանգամայն ենթակա կիսավեր շինություններ: Այս ամենի առավելագույն ծախսը չի գերազանցի 1.3 միլիարդ դրամ: Հնգամյակի ընթացքում ծախսային նման ծավալի ապահովումը միանգամայն հնարավոր է, հատկապես, եթե սահմանափակվի Հայաստանի «միջպետական» վարկի շինարարության համար նախատեսված մասնաբաժնի հաշվին Ստեփանակերտի էլիտար շենքերի շինարարությունը:

Այսուհանդերձ, Քարվաճառում և շրջանի այլ խոշոր բնակավայրերում գործում է խանութների կայացած ցանց, իսկ շրջկենտրոնում անգամ բացվել է հանրային սնունդի երկու օբյեկտ: Սակայն բարդ է մնում բնակչությունը վառելիքով և հեղուկ գազով ապահովելու դրությունը: Խոհանոցում օգտագործվող գազի բալոնները լիցքավորելու համար Քարվաճառի շրջանի բնակչությունը ստիպված է հասնել Վարդենիս, Գետավան կամ Հաթերք: Քանի որ ուղևորատար փոխադրամիջոցներով գազի տեղափոխությունն արգելված է, իսկ մինչև գազալցման կետ հասնելու ծախսն ավելին է, քան բուն լիցքավորմանը: 2009 թ. մասնավոր մի ձեռներեց փորձել է քաղաքում կազմակերպել հեղուկ գազի վաճառք, բայց, բախվելով հարկային օրինականությանը վերաբերող ինչ-ինչ ոչ թափանցիկ խնդիրներին, հարկադրվել է տարածքից հեռանալ: Թեպետև նման հարցերը շուկայական տնտեսության կայացած երկրներում կարգավորվում են մասնավոր սեկտորի միջոցով, վերաբնակեցման գոտում այս և սոցիալական սպասարկման ոլորտին վերաբերող մի շարք այլ խնդիրներ պետք է գտնվեն պետության կարգավորիչ և աջակցող հսկողության ներքո: Վաղուց ժամանակն է մշակել և օրենսդրորեն ամրագրել տնտեսվարող սուբյեկտների հարկման ճկուն սանդղակ և, ըստ այդմ, գոտևորել Արցախի տարածքը, որպեսզի Ստեփանակերտի կենտրոնի և սակավաբնակ լեռնային գյուղի ձեռներեցները չհարկվեն միևնույն չափով և սխեմաներով: Հարկման ճկուն սանդղակարգի և տարածքային գոտևորման հարցը, բնականաբար, պահանջում է առանձին քննություն:

Ճանաչել Արցախը` Արաքսից Քարվաճառ

11 Մայիսի, 2012

Ալեքսանդր Քանանյան

2010 թ. հուլիսին ԼՂՀ «Մշակույթի և երիտասարդության հարցերի» նախարարությունը, ընդառաջելով մինչ այդ իմ արտահայտած որոշ մտքերի գործնականացմանը, կազմակերպորեն և ֆինանսապես աջակցել է Քարվաճառում մեկշաբաթյա «ամառային դպրոցի» նախագծի փորձնականիրականացմանը: Հինգ օրերի ընթացքում Երևանից ու Ստեփանակերտից ժամանած երիտասարդները ոչ միայն ի մոտո ծանոթացան Քարվաճառի հասարկությանն ու վերաբնակեցման գոտու կյանքին, այլև շարունակաբար քայլել ու փարվել են ազատագրված հայրենի բնության քարվաճառյան հրաշալիքներին: Ակտիվ զրույցի տեսքով ծավալված դասընթացներն ու քննարկումները համարյա միշտ ընթացել են բնության գրկում` գետի ափին կամ անդնդախոր կիրճի պռնկին: Ամեն օր մասնակիցների քայլարշավի երկարությունն աճում էր, իսկ վերջինիս պսակը` հնամենի Ծար բերդավան կատարած այցելությունն էր:

Այստեղ` ամեհի ժայռապարերի ու ձորերի վրա սավառնող անմատչելի լեռնային կղզու`«Աստվածապահ Ծար ամուրի» բարձունքում խումբն ամփոփել է տպավորությունների, գիտելիքների ու հուզական ապրումների անցած փորձառությունը: Հետևում մնացին Քարվաճառ քաղաքում, Խոլոզանցի Ջերմաջրում և Տրտուի կիրճում անցկացրած օրերը, որոնք, մի տեսակ, նախապատրաստեցին բոլորին Ծար բարձրանալու օրվան:

Ի՜նչ խոսք, «ամառային դպրոցի» առօրյան միշտ չէ, որ ընթացել է նախատեսված ծրագրի համաձայն: Կյանքն այստեղ էլ մտցրել է մի շարք շտկումներ, որոնց շնորհիվ օրերն ավելի հետաքրքիր ու հիշարժան են անցել: Ամեն օր յուրովի ու անկրկնելի էր անցնում` հաստատելով համակեցության ու փոխօգնության նոր կանոններ և ընդարձակելով աշխարհընկալման հորիզոններ: Ամեն ոք գիտեր իր անելիքը` ճաշ պատրաստելու, սեղան հարդարելու, աման լվանալու և այլ ծառայություններ մատուցելու առումով:

Փորձը հիասքանչ էր, նախ և առաջ` մասնակիցների գնահատմամբ: Անգամ երկու տարի անց համացանցում դեռևս կարելի է հանդիպել նրանց զետեղած քարվաճառյան լուսանկարներին, հիացական ու կարոտալից հուշերին: Ասեմ, որ Երևանից եկած երիտասարդները միշտ չէ, որ լիովին գիտակից էին ազատագրված տարածքի ռազմավարական նշանակությանը և տեղ-տեղ գտնվել են երևանյան քաղաքագիտական դպրոցի «տարածք` կարգավիճակի դիմաց» հանձնողական բանաձևի ազդեցության ներքո: Ազատագրված Քարվաճառին հոգեպես ունյութապես հաղորդակից դառնալու շնորհիվ հաշված ժամերի ընթացքում վերափոխվել է Հայոց ազգային-պետական խնդիրների գիտակցման նրանց պատկերացումների ողջ համակարգը:

Այս և ավելի փոքր երիտասարդ խմբերին Քարվաճառում հյուրընկալելու իմ և համանման այլ փորձերը միանգամայն բավարար են` արցախաճանաչության սույն եղանակը կարևորելու, խրախուսելու և կանոնավոր դարձնելու համար: Այսօր ոչ միայն սփյուռքում ու Երևանում, այլև Ստեփանակերտում քիչ չեն ազնիվ ու խոստումնալից այնպիսի երիտասարդներ, որոնք Արցախը լավագույն դեպքում խորհրդանշաբար ճանաչում են Շուշիից-Գանձասար` Խուդափերինից-Քարվաճառ ճանաչելու փոխարեն:

Եզրահանգելով հուշերի ու ձեռք բերված փորձառության արդյունքները` արձանագրենք, որ «ամառային դպրոցների», «արտագնա դասընթացների», «ուսուցանող քայլարշավերի» կազմակերպված ու մշակված համակարգը մեծապես շահավետ է` երիտասարդությանը միավորելու, նրանց կյանքն իմաստավորելու, պատկերացումները ոգեղենացնելու և նոր սերունդները Մայր երկրին խորապես, զգայապես և բնազանցապես (մետաֆիզիկապես)կապելու համար:

Արցախյան դրախտն ու համացանցային հայրենասիրությունը

11 Մայիսի, 2012

Ալեքսանդր Քանանյան

Թե՛ Հայաստանում, և թե՛ մերձավոր ու հեռավոր սփյուռքում բազում են ամենօրյա հայրենասիրական կոչերով, քաղաքական դատողություններով կամ ուսուցողական վերամբարձ քննադատությամբ հանդես եկող հայրենակիցներ : Համացանցը լի է ֆորումների կամ սոցիալական ցանցերի էջերում թուրքական դրոշակներն այրող վերիրային ազգայնականներով, անկեղծ նվիրյալներով, իմաստուն կամ իմաստակ վերլուծաբաններով և այլն: Արդար լինելու համար՝ չարժե հապճեպ ու ընդհանրացնող եզրակացություններ անել նրանց հայրենասիրության անկեղծության չափի ու խորության վերաբերյալ: Սակայն, վերիրային տիրույթը, որքան էլ կարևոր է Հայաստանի տեղեկատվական անվտանգության համար, այնքան էլ ինքնաբավ չէ՝ համազգային խնդիրներին գործնական և արդյունավետ ընթացք հաղորդելու առումով: Ամենաառաջնայինն ու միակ էականը եղել է և մնում է հայրենադարձությունը:

Հայաստանում և սփյուռքում կան հարյուրավոր, թերևս՝ հազարավոր հայեր, որոնք անկեղծորեն երազում են Հայրենիքում ապրելու, ստեղծագործելու, չարչարվելու և վայելելու մասին: Նրանցից շատերը տարակուսում են, արդյո՞ք նրանք ի վիճակի են ընտելանալ հայաստանյան միջավայրին, Հայաստան տեղափոխել և պահպանել իրենց ձեռներեցության մի մասը, հաղթահարել հայերենի անբավարար իմացությունը և այլն: Ի՜նչ խոսք, ներկայիս հայոց միջավայրը հեռու է կատարյալ լինելուց, բայց, միաժամանակ, այն ոչ մեկի առջև անհաղթահարելի պատնեշներ չի հարուցում, առավել ևս՝ երիտասարդների համար: Դրա մասին վկայում են գիտակից հայրենադարձության տասնյակ հաջողված նախադեպեր: Իհարկե, խնդիրները, արհեստական և անտրամաբանական խոչընդոտները լինելու են դեռ երկար ժամանակ, բայց սրանցից և ոչ մեկն իր բնույթով անհաղթահարելի համարվել չի կարող:

Խոսքս, սակայն, այլ բանի մասին է: Ո՞վ է խանգարում ցանցային հայրենասերներին իրականություն դարձնել Հայրենիքում ապրելու իրենց ամենահամարձակ երազանքները: Ինչո՞ւ սեփական ուժերով և նախանձախդրությամբ չձգտել Հայրենիքում ստեղծել ազգային կամ բնապահպանական երազած անաղարտ միջավայր:

Այսօր մենք ունենք ազատագրված Արցախ: Արցախի լեռներում և դաշտավայրերում կան հարյուրից ավելի լքված դրախտային բնակավայրեր: Ի՞նչ է խանգարում համացանցային հայրենասերներին, ազգայնականության կամ բնապահպանության ջատագովներին ըստ գաղափարական և կացութաձևային նախասիրությունների խմբեր կազմավորել, ճանաչողական, ապա և գործնական քայլեր ձեռնարկել՝ երազած դրախտն ազատագրված հայրենի հողում արարելու և ընդհանուր գաղափարի շուրջ կենդանի համայքներ հիմնադրելու ուղղությամբ: Այդպիսի խմբերի ինքնակազմավորումից հետո կարելի է ծավալել համահայկական արշավ՝ նրանց համար բնավորման անհրաժեշտ ծախսերը հայթայթելուև աջակցությունն ապահովելու համար:

Վա՞տ է, որ ազգայնականներն ի մի հավաքվեն, համայնք  ստեղծեն, ազգագրական կենցաղի վերժամանակյա գեղեցիկ ավանդույթներ վերականգնեն, անգամ՝ տեղում (ցանկության դեպքում) ազգային տարազ կրեն և այլն: Գաղափարական կամ հայրենակցական սկզբունքով համայնքներ հիմնադրելու համաշխարհային փորձը վկայում է վերջինիս արդյունավետ լինելու մասին՝ պատմական արհավիրքների բերմամբ ազգային հանրության որոշ շերտերի համար առավել հարմար միջավայր ձևովորելու հարցում:

Արդյո՞ք չարժե միասնական ջանքերով օգնել Հայրենիքի մասին երազող մեր հայրենակիցներին՝ երազանքներն իրականություն դարձնելու և նրանց հայրենասիրական մղումները կյանքի կոչելու գեղեցիկ աառաքելության հարցում:

Վերաբնակեցման օրենսդրական խնդիրը

11 Մայիսի, 2012

Ալեքսանդր Քանանյան

Վերաբնակեցման արդյունավետ կենսագործման ճանապարհին տեղի վերնախավի պատկերացումներում առկա ակներև թյուրըմբռնումներից և քողարկված արտաքինխոչընդոտներից բացի, գործընթացը սկսելու առաջին իսկ պահից պետությունը բախվել է ևս մի գործնական արգելքի` մշակված հայեցակարգի բացակայության պայմաններում ձևավորված վերաբնակեցման օրենսդրական հենքի բազմաշերտ անկատարությանը:

Վերաբնակեցումը կարգավորող «առավել կատարյալ» օրենսդրության մշակումն ու ընդունումը, բնականաբար, իրատեսական է միայն անորոշ միջնաժամկետ հեռանկարում` Հայաստանում ազգային-պետական իշխանության հաստատմամբ սկզբնավորվելիք պետաիրավական համակարգի համապարփակ վերափոխման գործընթացի շրջանակներում: Այնուամենայնիվ, վերաբնակեցման ներկա փուլի արդյունավետությունը բարձրացնելու համար, միանգամայն տեղին է քննել գործող օրենսդրության թերությունները` դրանք վերացնելու կամ գեթ որոշակիորեն մեղմելու համար:

Նախ` որպես ընդհանուր սկզբունք արձանագրենք, որ վերաբնակեցման գործող օրենսդրությունը միանգամայն զուրկ է նման «ոչ ստանդարտ» ոլորտը կարգավորելու համար խիստ անհրաժեշտ ներքին հատկանիշից` ճկունությունից: Ճկունության բացակայությունը հաճախ հանգեցնում է անհեթեթ իրավիճակների, իրավախախտումների և այլ անպատեհությունների: Պետք չէ նաև թերագնահատել յուրաքանչյուր օրենքի հետևում կանգնած ներքին տրամաբանությունը` օրենքն արտադրած անձանց խնդրո առթիվ ունեցած համոզմունքները: Վերաբնակեցման առաջին ալիքի (լայն իմաստով` 1994-2004/7 թթ.) վերաբնակիչներին հաճախ դիտարկում էին սոցիալապես «լուսանցքային» տարր և, ցավոք, նման մտայնությունը շատերի մոտ դեռևս չի հաղթահարվել: Զարմանալիորեն ոչ ոք չի կամեցել մտածել, որ աշխարհի ցանկացած նոր տարածքի վերաբնակեցումը, ներառյալ հրեաների Պաղեստին ներգաղթը ենթադրում էր հենց «սոցիալապես լուսանցքային» տարրերի թվային գերակշռություն: Սակայն, միևնույն համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ հենց ազգային նման տարրը դրսևորում է առաջին փուլին բնորոշ բարդությունները հաղթահարելու և տարածքը ժողովրդագրորեն յուրացնելու լավագույն կարողություն: Դեռևս 10 տարի առաջ «լուսանցքային» թվացած բազում ընտանիքներ այսօր տարածքի կայացած, հողից կառչած և ի դեմս այնտեղ ծնված երեխաների` մարդկային որակների առումով մեծապես բարեփոխված հասարակություն են: Այդ հասարակության հետ վաղուց ի վեր հարկ է աշխատել համագործակցային եղանակով` բացառելով տեղում վարչական և ոստիկանական իշխանության չարաշահման և նեղհայրենակցական խտրականության անպատվաբեր երևույթները:

Այսօր վերաբնակեցման գոտում բնակվել կամեցող հայրենակիցը կարող է հանդիպել ամենատարբեր խնդիրների: Ամենամեծ բարդություններին են բախվում ոչ ՀՀ քաղաքացի մեր հայրենակիցները: Արցախում գոյություն չունի ոչ մի գործնական մեխանիզմ` այդ մարդկանց ՀՀ անձնագրով օժտելու և Արցախում մշտական հաշվառման կանգնեցնելու համար: Թե ինչո՞ւ ԼՂՀ կառավարության և ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության միջև գոյություն չունեն` ոչ ՀՀ քաղաքացիներին արցախյան հաշվառմամբ ՀՀ անձնագիր շնորհելու պարզեցված կարգի շուրջ համապատասխան ներքին պայմանավորվածություններ, թերևս տեղին է այլ տեղում քննարկել: Բայց խնդրի «չկարգավորվածությունը» չպետք է խոչընդոտի ամենագլխավորին` մարդկանց վերաբնակվելու ցանկության ու հնարավորությունների արհեստական սահմանափակմանը: Այսօր, քանի դեռ վերաբնակիչը չունի արցախյան հաշվառում, նա փաստացի ոչ մի արտօնությունից կամ պետական օգնությունից օգտվել չի կարող: Եթե նա կամենում է տեղում մշտակպես հաշվառվել, բայց համապատասխան մարմիններն ի վիճակի չեն նրան «Արցախի քաղաքացու» լիարժեք կարգավիճակ ընծայել, ապա որքանո՞վ հիմնավոր է այդ պատճառով փաստացի զրկել նրան վերաբնակչի կարգավիճակից: Դա շատ լուրջ խնդիր է, որը կարոտ է գերհրատապ լուծման` ամենաբարձր մակարդակով:

Կրկին`ամենացավոտ` բնակարանաշինության հարցի մասին: Քանի դեռ առկա են վերականգնման համար միանգամայն պիտանի կիսավեր շինություններ, քանի դեռ դրանք վերջնականապես չեն քայքայվել, հարկ է յուրաքանչյուր բնակավայրում հրատապ ցուցակագրել դրանք և մշակել նվազագույն ծախսերով դրանց վերականգնումն իրականացնելու արդյունավետ մեխանիզմ, որը սովորական պետպատվերի շրջանակներում իրականացվող շինարարությունից բացի պետք է ենթադրի նաև տեղափոխվողներին կամ նոր ընտանիք ստեղծող վերաբնակիչների երեխաներին շինանյութ և հարակից ֆինանսական աջակցություն տրամադրելու և շինարարության ընթացքը վերահսկելու ճկուն և համապատասխան գերատեսչական ակտերով ամրագրված մեխանիզմի առկայություն:

Մինչ օրս վերբնակեցման գործընթացի շրջանակներում պետական մարմինները մշտապես նշել են, որ պետական աջակցություն կարող են ստանալ բացառապես տարածք փոխադրվող ամուսնացյալ զույգերը: Սկզբունքն ինքնին հասկանալի և ընդունելի լինելով հանդերձ` վերստին ճկուն չէ, հատկապես` երիտասարդների մասով: Այսօր ամենուր կան Արցախում վերաբնակվել կամեցող բազմաթիվ, այդ թվում և` լուրջ կրթություն ստացած երիտասարդներ: Նրանցից շատերն ամուսնանալու հարցում չեն կամենում շտապողականություն դրսևորել, քանի որ ամեն մի երևանաբնակ կամ սփյուռքաբնակ կին չէ, որ կարող է «կամովին և ընդմիշտ» ստանձնել նման ընտրությունից բխող կենսաձևի փոփոխությունները: Ուստի, հարկավոր է տարածքում բնակվել կամեցող ամուրի երիտասարդների համար ևս պայմաններ ստեղծել` նրանց արհետսականորեն չվանելու և քաջալերելու համար: Խնդիրը կարող է կարգավորվել հանրակացարանային տներում ժամանակավոր բնակարանաբաշխության, երիտասարդներին` տիպային պայմանագրի կնքմամբ կիսավեր տների վերականգնման ծրագրի շրջանակներում շինանյութ տրամադրելու միջոցով, իսկ ապա` տան սեփականաշնորհումը և որոշ արտոնություններից օգտվելը պայմանավորել ամուսնության հանգամանքով:

Եզրափակելու համար կրկին արձանագրենք, որ վերաբնակեցումը բարդ, մեծ և օրենսդրական ճկունություն պահանջող գործընթաց է: Ժամանակն է սկսելու հանրային քննարկումներ` վերաբնակեցման աջակցային նոր ձևերի, մեխանիզմների և եղանակների որոնման,  ուսումնասիրման և հետագայում դրանց օրենսդրական ամրագրման համար:

«Ով որ քաջ է, ի՞նչ կը սպասէ»

11 Մայիսի, 2012

Ալեքսանդր Քանանյան

Այսօր հայությունը կրկին ոգկոչում է 1915 թ. ցեղասպանության զոհերի հիշատակը: Հայաստանում և սփյուռքում հարյուր հազարավոր մարդիկ սգո լուռ երթով գնալու են դեպիԾիծեռնակաբերդի բարձունքը և համայն Հայոց եկեղեցիներում կմատուցվի հոգեհանգստյան սուրբ պատարագ՝ «արդարոց հիշատակն» օրհնությամբ հավերժացնելու համար: Տասնյակ երկրների մայրաքաղաքներում տեղի հայկական համայնքների ջանքերով կկազմակերպվեն բողոքի երթեր կամ նստացույցներ թուրքական դեսպանատների առջև, իսկ մի քանի հռչակավոր համալսարաններում կհնչեն ցեղասպանության թեմային նվիրված հուզական դասախոսություններ: Սփյուռքի ավանդական կառույցների երիտասարդները և աշխարհի չորսբոլորը ցրված համացանցային հայրենասերները կրկին կաշխուժանան՝ հրճվելով թուրքական դրոշներն հրկիզելու «քաջագործությամբ»: Սակայն այս ամենը շատ քիչ արժեք ունի, եթե ազգն՝ ի դեմս իր քաղաքական, հոգևոր և մտավորական վերնախավի ընդունակ չէ կամ հանցավորաբար խուսափում է գերագույն հստակությամբ և պարզությամբ ձևակերպել և հռչակել բուն նպատակը, որի համար արժե ապրել և արժե զոհվել: Ցավոք, ցեղասպանության արհավիրքին ի պատասխան մեր ազգային և պետական կառույցների՝ որպես գերնպատակ հռչկաված «ճանաչումը» ոչ միայն կատարելապես անհամարժեք է մեր ունեցած կորուստներին, այլև իսպառ անընդունակ է երաշխավորել նույնանման ոճիրների չկրկնությունը և ոգեշնչելու հայությանը՝ հետամուտ լինել ազգային բուն նպատակների և հրամայականների կենսագործմանը:

Մենք այնքան ենք սովորել թույլի և պարտվածի կարգավիճակով հանդես գալ, որ «ճանաչում» բառը մեր մեջ ստվերել է «հատուցում» և «Հայրենիք» հասկցությունները: «Ճանաչեք ցեղասպանությունը, ճանաչեք արցախահայության ինքնորոշման իրավունքը» գոռում և աղաղակում են օտարության մեջ միլիոններով ապրող մեր հայրենակիցները: Հայաստանի քաղաքական գործիչներն էլ «ցեղասանության ճանաչման» մասին միջազգային ատյաններում երկյուղածաբար արտաբերված մի քանի նախադասությունները դարձնում են իրենց «խիզախության» ապացույց: Այդ նույն գործիչներից շատերը և նրանցից ոչ նվազ խորշելի «վերլուծաբան-թուրքագետները» պատեհապաշտության նողկալի առաջին իսկ մղմամբ ընդունակ եղան ուրանալ ցեղասպանությունը, նահատաակների արյունը և Հայրենիքի ամբողջականությունն ազգային պատմության որևէ փուլում վերականգնելու հայության բացարձակ, անվիճարկելի և աստվածային հարամնա իրավունքը:

Այսքան տարի ծամծմված և հային անվայել «ճանաչում» կարգախոսը մեր անելիքների հետ շատ քիչ առնչություն ունի: Հայաստանում ազգային-պետական իշխանության հաստատումից հետո տարատեսակ «ճանաչումները» լինելու են ընդամենը սպասարկու երկրորդական միջոց՝ Հայաստանի՝ ցեղասպանությամբ ոտնահարված իրավունքները վերականգնելու համար: «Ճանաչումը» համարյա բացառապես անհրաժեշտ է հենց ժողովրդագրորեն մեռնող Արևմուտքին և բյուզանդական ճակատագրի խարանը կրող Ռուսաստանին: Պատմական անշեղ օրինաչափությունների բերմամբ՝ քաղաքակրթական բնական սկզբունքների ոտնահարմամբ և այլոց արյան ու գոյության հաշվին կեղծ բարեկեցության մեջ հայտնված և տարակուսելի աշխարհաքաղաքական խաղերի մեջ ընկղմված «հզորներին» արդեն իսկ մոտակա տասնամյակներին սպասում է դառնագին ու գահավեժ «արթնացում»:

«Հատուցումը», բուն իմաստով, նույնպես հայության գերնպատակը չէ, քանզի այն պատճառահետևանքային շղթայի երկրորդ՝ հակադարձող մասնիկն է: Սակայն, քանի դեռ վերացված չեն ցեղասպանության գլխավոր հետևանքները, հատուցումը պետք է մնա ազգային կյանքի կարևորագույն հրամայականը: Ցեղասպանության կրկնությունից մեզ կերաշխավորի ոչ թե հատուցում չենթադրող  անմարմին «միջազգային ճանաչումը», այլ՝ կենսունակ հայոց պետականության զորությունը:

Պետք չէ ապրել՝ օտարից «ճանաչումը» աղերսելու համար: Չարժե կյանքի օրերը քարշ տալ՝ սպասելով հատուցման հարմար պահին ու ժամանակին: Եթե սպասես, քեզ համար այն երբեք չի գա: Ցեղասպանությունը միայն ազգային մեծագույն ողբերգությունը չէ: Այն նաև յուրաքանչյուրիս երեսին  հասցված ամոթաբեր ապտակ է: Քանի դեռ ցեղասպանության հետևանքները վերացված չեն՝ ոչ մի հայ չի կարող իրեն արժանապատիվ համարել, իսկ Ծիծեռնակաբերդի բարձունքին խորհրդանշաբար դրվող ծաղիկներն ընդունելի կլինեն միայն այն ժամանակ, երբ եղեռնագործին մնացած մեր հովիտների ու գետերի վրա վերստին կծածանվի հայոց դրոշը:

Հատուցման պատեհ պահն ու առիթը կար միշտ: Բայց այսօր այն մեծ և անմիջական է, քան երբևէ: Աշխարհի «հզորներից» «ճանաչում» մուրալու փոխարեն վաղուց եկել է Հայրենիք վերադառնալու և ազատագրված Արցախը բնակեցնելու ժամանակը:  «Ով որ քաջ է, ի՞նչ կը սպասէ»:

Վերաբնակեցումն ու հանրային պատասխանատվության խնդիրը

11 Մայիսի, 2012

Ալեքսանդր Քանանյան

Տողերիս հեղինակն, անտարակույս, պատկանում է մինչ օրս վարած վերաբնակեցման պաշտոնական քաղաքականության առավել արմատական քննադատների շարքին: Ես և համախոհներս պարբերաբար խոսել ենք վերաբնակեցման գործընթացի համակարգայինթերությունների, ծավալային և աշխարհագրական սահմանափակվածության, վերաբնակեցման օրենսդրության ոչ «ճկուն» բնույթի կամ ընթացիկ վարչարարության սակավարդյունավետ լինելու մասին: Անձամբ բազմիցս նշել եմ, որ այս ամենն առաջացնում է նաև քաղաքական պատասխանատվության խնդիր:

Սակայն, բոլորովին սխալ և անպատասխանատու կլիներ մինչ օրս իրականացրած վերաբնակեցումը թերի կամ չհաջողված հռչակելուց հետո հետ քաշվել և բավարարվել քննադատողի կամ դատապարտողի կեցվածքով: Ազգային-պետական պատասխանատվությամբ առաջնորդվող յուրաքանչյուր հայ չպետք է կրավորաբար արձանագրի պաշտոնական քաղաքականության բացթողումները և դրանով իր «առաքելությունն» ավարտված համարի: Պետական քաղաքականության իրական կամ թվացյալ թերությունները չպետք է պատճառ կամ պատրվակ հանդիսանան՝ վերաբնակեցման նոր ալիքն անորոշ ժամանակով հետաձգելու համար: Ավելին` պետական քաղաքականության կողքին համահայկական ուժերով հարկ է ծավալել վերաբնակեցման հանրային նոր շարժում: Ազատագրված տարածքի բնակեցումը ոչ միայն իշխանական կառույցների, այլև հանրության պետականակերտ գիտակցության ու պատասխանատվության խնդիր է: Ամեն ոք, ով կամենում կամ հավակնում է հայոց հանրային և քաղաքական կյանքում խոսք ունենալ, վերաբնակեցման հարցում պարտավոր է ունենալ մասնակցության իր ավանդը:

Ժամանակն է հանրային ուժերով սկզբնավորելու վերաբնակեցման նոր ալիքը: Հանրությունը` որպես ցանցային իրողություն, հատկապես սկզբնական շրջանում, չի կարող տիրապետել լուրջ և կենտրոնացված դրամական միջոցների կամ օժտված լինել ուղղաձիգ կառավարման պաշարով: Այդ իսկ պատճառով, պայմանականորեն կոչված՝ վերաբնակեցման «երկրորդ» ալիքը սկզբնական փուլում թվապես մեծ չի լինելու: Սակայն վերջինիս բուն առաքելությունը որոշակիորեն այլ է. ազատագրված տարածքը հարկ է վերածել բոլորիս երազած նոր Հայաստանի նախօրինակ օրրանի: Ապագա օրինապաշտ, բնապահպանորեն անաղարտ, հայեցի և առաջադեմ, մոխրից հառնող և կորուսյալ ոգեղեն ու տարածքային ամբողջականությունը վերականգնող Հայաստանը պատշաճ և հարկ իսկ է սկզբնավորել հենց մեր անկախության ամենամեծ նվաճումից՝ արցախյան ազատագրված տարածքից: Այն յուրաքանչյուր գիտակից հային բացառիկ հնարավորություն է տալիս խոսքից գործի անցնելու և սեփական ձեռքով իր երազանքի Հայաստանը կերտելու համար:

Խորապես հավատում ենք, որ իրավիճակը բեկումնային կերպով բարեշրջելու համար բավական են անգամ սակավ թվով երիտասարդ, գրագետ ու վճռական հայրենակիցներ, որոնք պատասխանատու ու նախադեպային որոշում կկայացնեն՝ երևանյան կենցաղի իրական կամ թվացյալ առավելություններից՝ հանուն վեհ ու գիտակից ընտրության հրաժարվելու հարցում: Վերաբնակիչ դառնալու որոշումն իմաստավորում և ամբողջապես հեղաշրջում է յուրաքանչյուր հայի կյանքը, որը նախկինի նման այլևս երբեք չի լինելու: Պետք չէ երկյուղել, որ ազատագրված տարածք փոխադրվելու որոշումը ձեզ հետ կպահի հանրային կյանքին մասնակցելու հնարավորությունից կամ աշխատանքային ու գիտական ոլորտներում առաջադիմելուց: Այսօր բարձրագույն տեխնոլոգիաները և համացանցը թույլ են տալիս անմիջականորեն խորամուխ լինել հայոց կյանքի ալեկոծ ընթացքին և՛Քարվաճառի բարձունքից և՛ Արաքսի մերձարևադարձային մրգաստաններից: Երևանում ֆիզիկապես գտնվելու հանգամանքը երկրորդական է բոլոր նրանց համար, ով ունակ է արարել մտավոր արտադրանք: Եվ, վերջապես, հաստատ իմացե՛ք, որ ազատագրված տարածքից հնչած ձեր խոսքն անհամեմատ ավելի մեծ կշիռ ու տարողություն կունենա, քան խորը լճացման ու սնանկության մեջ դեգերող երևանյան քաղաքական դաշտի բովանդակազուրկ ասելիքը:

Վերաբնակեցման երկրորդ՝ նախադեպային զորեղ ու հուսշատ ալիքի  ակնկալիքով հաստատենք, որ պատրաստ ենք ընդունել և օգնել ձեզ՝ մեր բոլոր՝ նյութապես սակավ, բայց ոգեպես՝ անսպառ հնարավորություններով: Միասնական ջանքերով՝ «բարյավ կամ հարկավ» մենք կառուցել կտանք կամ համայն ուժերով ինքներս կկանգնեցնենք ձեր տներն ու կստեղծենք ձեզ համար մարդկային և ընկերային ջերմության միջավայր: Կարևոր է, որ դուք լինեք:Անտեղի չէ ասել, որ ձեր լինել կամ չլինելը լավագույնս կվկայի հայության՝ պատմության գիրկն անցնող կամ գալիք ժամանակաշրջանի հաղթանակները կերտող հանրություն լինելու մասին:

Վերաբնակեցման հայեցակարգի հիմնատարրեր. նոր բնակավայրերի հիմնադրման հարցը

11 Մայիսի, 2012

Որքան էլ ցաւալի է, հարկ է հաստատել, որ 1994 թ. կնքված հրադադարից ի վեր Հայությունն՝ ի դեմս վերահաստատված Հայոց պետականության ունակ չեղավ համազգային ուժերով մշակել և անհրաժեշտ չափով իրականացնել արցախյան ազատամարտի շնորհիվ ազատագրված տարածքների ռազմավարական յուրացման և բնակեցման գերխնդիրը: Ազատագրված տարածքների ռազմաքաղաքական անվտանգության, պատմական հայապատկանության և կենսական կարևորության մասին հրապարակվել են անթիվ հոդվածներ և հետազոտություններ, գումարվել են փորձագիտական ժողովներ և կոնֆերանսներ: Շատ է խոսվել նաև վերաբնակեցմանը խոչընդոտող արտաքին և ներքին քաղաքական գործոնների մասին: Հնչել են խիստ քննադատություններ, հանրային և քաղաքական լուրջ մեղադրանքներ՝ վերաբնակեցման քաղաքականությունը փաստացիորեն ձախողեցնելու, քաղաքական անհրաժեշտ կամք չդրսևորելու կամ խնդրին պատշաճ կարևորություն չընծայելու կապակցությամբ: Առավել արմատական քննադատողների շարքին է պատկանում նաև տողերիս հեղինակը:

Այսուհանդերձ, վերաբնակեցումը միայն կորսված հնարավորությունների տխուր պատմությունը չէ: Այն նաև իրողություն է. Մռավի լանջերից մինչև Արաքս ընկած ընդարձակ տարածության վրա և պեղված արցախյան Տիգրանակերտի շուրջ ձգվող դաշտավայրում այսօր առկա է վերանորոգ բնակավայրերի մի ամբողջ ցանց: Հրադադարից անցած տարիների ընթացքում պետական աջակցությամբ վերակառուցվել են հարյուրավոր տներ, դպրոցներ, վերականգնվել են մի շարք առանցքային ենթակառուցվածքներ: Այս տարածքում արագորեն ընթանում է հայության նոր՝ վերաբնակիչ տեսակի ձևավորումը: Ձևավորվում և ամրապնդվում է այդտեղ բնակություն հաստատած մարդկանց ուրույն համայնքային գիտակցությունը: Վերաբնակեցման գոտու բնակավայրերը չունեն ժաղովրդագրորեն սպառվելու խնդիր՝ ծնելիությունն այստեղ ոչ միայն արձանագրում է նախանձելի ցուցանիշներ, այլև պետության համար արդեն իսկ ստեղծել է վերաբնակիչների ներքին աճը պատշաճաբար սպասարկելու հրամայականը: Նոր սերնդի համար այս տարածքներն ի ծնե նեղ իմաստով հայրենիք են: Վերաբնակեցման գոտի այցելողը համարյա անմիջապես համակվում է վերընձյուղված հայոց կյանքի ողջ հմայքով և ձեռք է բերում մեր ժամանակների համար հազվագյուտ լավատեսությունը:

Վերջին տարիներին Արցախի քաղաքական ղեկավարությունն ազատագրված տարածքների քաղաքական ճակատագրի հարցում դրսևորում է առավել համարձակ և անվանապես սկզբունքային կեցվածք: Խոսվում է “սահմանադրորեն ամրագրված” Արցախի տարածքային ամբողջականության մասին. վերաբնակեցումը հռչակվում է համապետական գերակա առաջնահերթություններից մեկը: Անգամ՝ Արցախի ԱԺ խորհրդարանական հանձնաժողովներից մեկի ղեկավարի մակարդակով վերջերս հնչել է ինքնին ողջունելի մի առաջարկ՝ վերախմբագրել 2006 թ. ընդունված սահմանադրության վերջին հոդվածը՝ Արցախի ներկայիս ողջ տարածքի անձեռնմխելիությունն աներկիմաստ ձևակերպմամբ ամրագրելու համար: Մյուս կողմից, ի հեճուկս որոշ ենթակառուցվածքների վերականգնման ոլորտում նկատվող աշխուժության, ներկայիս վարչակազմը համարյա ամբողջությամբ կասեցրել է ազատագրված տարածքներում բնակֆոնդի շինարարության կամ վերականգնման գործընթացը՝ զրկելով Քաշաթաղի ու Քարվաճառի շրջանները ոչ միայն մինչև 2004-2007 թթ. արձանագրված վերաբնակեցման ծավալներն ապահովելու, այլև շարունակական կերպով ներհոսքը սպասարկելու որևէ հնարավորությունից: Ուստի, եթե անկեղծ խոսենք, այսօր վերաբնակեցումը կաթվածահար վիճակում է: Սակայն, առաջնորդվելով անմեղության կանխավարկածի մոտեցմամբ, ընդունենք, որ Արցախն՝ ի դեմս ներկա իշխանության, իրոք, անկեղծաբար կամենում է շարունակել վերաբնակեցումը, վերանայել նախորդ տարիների բացթողումները և գործընթացին հաղորդել նոր՝ հիրավի ռազմավարական ծավալն ու կարևորությունը:

Վերաբնակեցումը՝ որպես Հայոց պետության ազգային անվտանգության առանցքային հրամայականներից մեկը պետք է ունենա հստակ մշակված և հետևողականորեն գործադրվող հայեցակարգ: Ցավոք, այն ցայսօր, մեղմ ասած, գոյություն չունի: Հասկանալի է նաև, որ այն պետք է մշակվի տեսական և գործնական փորձառություն ունեցող անձանց աջակցությամբ:

Սույն հոդվածաշարով մենք ձգտելու ենք պարբերաբար անդրադառնալ վերաբնակեցման հետ առնչվող այլազան խնդիրներին, մոտեցումներին և կատարվելիք սրբագրումներին: Այսօր, վերաբնակեցմանը նվիրված քննարկումների շրջանակում մենք կշոշափենք Քարվաճառի տարածքում լքված բնակավայրերի հիմնական խմբի վերաբնակեցման ու նոր համայքների հիմնադրման խնդիրը:

Վերաբնակեցման առաջին տասնամյակը նշանավորվել է ազատագրված տարածքներում նոր բնակավայրերի ու համայնքների ձևավորմամբ: Դա միանգաման բնական էր՝ ազատագրումից հետո կայնքը հարկ էր կառուցել մոխրից: Թե ինչու մոխրից, միանգամայն այլ քննարկման նիւթ է:

Մինչև 1998 թ. վերաբնակեցման գործառույթը համարյա բացառապես դրված էր Քաշաթաղի շրջանի վարչակազմի վրա, որն իր գործունեության առաջին տասնամյակում օժտված էր վարչական նշանակալից ինքնուրույնությամբ և ուներ ֆինանսավորման յուրահատուկ եղանակ: Պատերազմից նվազ տուժած Քաշաթաղի հյուսիսային թևի բնակավայրերում պահպանվել է լքված բնակելի շինությունների մեծ մասը: Սկզբնական փուլում էլեկտրականությունը հասանելի էր միայն սակավաթիվ բերձորամերձ գյուղերում, բայց այդ և մնացյալ դժվարությունները չեն խանգարել հաշված տարիների ընթացքում բնակեցնել հյուսիսային թևի համարյա բոլոր բնակավայրերը: Քաշաթաղի առաջին վարչակազմն արդարացիորեն գտնում էր, որ “վերաբնակեցման ծածկույթը” պետք է համաչափորեն ներառեր շրջանի ողջ տարածքը:  Ինչ խոսք, որոշ առավել հեռավոր և բարձրադիր գյուղերում բնակչությունը երբեմն մի քանի ընտանիքից էր բաղկացած, սակայն պետական հոգածության պարագայում այն կարող էր արագորեն աճել: Քանի որ կարևորագույն՝ բնակարանային խնդիրն այդ տարածքում որոշակիորեն լուծված էր, մնում էր բնակավայրերն օժտել էլեկտրականությամբ և ապահովել դրանց ուղևորատար հաղորդակցությունը շրջկենտրոնի հետ: Սակայն, արդեն 2000 թվականից նկատելի է դարձել հյուսիսային թևից վերաբնակիչների արտահոսքը, որը կապված էր գյուղերն էլեկտրականությամբ ապահովելու գործնական քայլերի բացակայությամբ:

2004-2006 թթ. ընթացքում Քաշաթաղի շրջանի ղեկավարության և ոստիկանական մարմինների ծայրահեղ ապօրինությունների և հակապետական կեցվածքի հետևանքով տեղի է ունեցել շրջանի հյուսիսային թևից բնակչության ճգնաժամային չափերի արտահոսք, որը դատարկել կամ չգոյության եզրին է հասցրել բազում բնակավայրեր: Միաժամանակ, հենց նույն թվականներին դադարեցվել է Քարվաճառի (այժմ՝ Շահումյանի) շրջանում նոր համայնքների հիմնադրման գործընթացը: Այն, որ հիշյալ դադարեցումը պատահական չէր, կարելի էր եզրակացնել հենց Արցախի ԱԺ որոշ պատգամավորների և կառավարության անդամների խնդրո առթիվ արված դատողություններից: Բացեիբաց ասվում էր, թե “անիմաստ է պահպանել հեռավոր լեռնային բնակավայրեր”: Ավելին՝ առաջարկվում էր (Քաշաթաղի պարագայում) ապաբնակեցնել արդեն իսկ կայացած մի շարք համայնքներ՝ նրանց բնակիչներին փոխադրելով և կենտրոնացնելով շրջկենտրոնից ոչ հեռու գտնվող մի քանի խոշոր բնակավայրերում: (Քարվաճառի շրջանում այս մոտեցմանը զոհ է գնացել 1997-2001 թթ. վերաբնակեցված ու ապա լքված Թութխուն գյուղը, որի բնակիչները ստիպված են եղել փոխադրվել “խոշորացվող” Զուար գյուղը:) Առավել անհեթեթ էին տեղի վարչական և իրավապահ գործիչների՝ ապաբնակեցումը՝ վերահսկելիության դյուրացմամբ հիմնավորելու “փաստարկները”: Բարեբախտաբար, բնակավայրերի խոշորացման անվան ներքո վարած քաղաքականությունը բախվել է առավել գիտակից ու հողից կառչած վերաբնակիչների լռելյայն դիմադրությանը, որի շնորհիվ գյուղերի մեծ մասը հնարավող եղավ փրկել, իսկ “խոշորացման միտումն” արտահայտվել է սոսկ մի քանի գյուղերի՝ մեկ վարչական համայնքի մեջ միավորելու արարով:

Վերջին տարիներին՝ հուրախություն Քաշաթաղի հյուսիսային թևի բնակիչների պետությունը կրկին սկսել է որոշակի ուշադրություն դարձնել տարածքում ենթակառուցվածքների վերականգնմանը: Բարեկարգվել են հիմնական ճանապարհները, վերսկսել է գործել շրջկենտրոնի հետ տրանսպորտային կապը և ամենակարևորը՝ էլեկտրական հոսանքը հասել է համարյա բոլոր համայնքներ:

Այսպիսով Քաշաթաղի հյուսիում համարյա բոլոր բնակավայրերը կենդանի են, թեև՝ հիմնականում սակավաբնակ: Այսօր պետությունը պետք է մտածի հյուսիսային թևի 2004-2006 թթ. առավել տուժած բնակավայրերը “խոշորացնելու” ուղղությամբ, իսկ դրա համար հարկ է աջակցել դրանցում նոր ընտանիքների հաստատմանը և, հատկապես, տեղում վաղուց ի վեր մնացած ու մաքառած բնակչության բնական աճի կարիքների սպասարկմանը: Բնակարանային կապիտալ շինարարության համար ռազմավարական կարևորության տեսանկյունից ոչ առաջնային գոտի լինելով՝ այստեղ կարելի է հիմնականում բավարարվել ագարակային տեսակի անհատական տնտեսություններին վարկային արտոնյալ աջակցություն ցուցաբերելու և աճող ընտանիքներին՝ սեփական ուժերով բնակարանները վերականգնելու համար անվճար շինանյութ տրամադրելու մոտեցումներով:

Քարվաճառի շրջանի պարագայում բնակավայրերի “խոշորացման” գաղափարը հանգեցրել է նոր բնակավայրերի հիմնադրման կասեցմանը: Վերաբերմունքի նման փոփոխությունն արդարացվում էր իբր արդեն եղած գյուղերի ամրապնդման, խոշորացման և ենթակառուցվածքային զարգացման նկատառումներով: Ցավոք, արդյունքները բոլորովին էլ դրական չեղան:

Քարվաճառի շրջանին բավարար չափով ծանոթ անձը գիտի, որ Տրտու (Թարթառ), Դուտխու (Թութխուն) և Լև գետերի կիրճերն ու նեղ հովիտները կազմում են շրջանի տարածքի շատ փոքր մասը: Գետերի երկայնքով ձգվող մայրուղիների վրա գտնվող բնակավայրերը ո՛չ պատմական անցյալում, և ո՛չ էլ ազատագրումից առաջ տնտեսապես առաջատար ու բազմաբնակ չեն եղել: Գերազանցապես անասնապահական Քարվաճառի շրջանում անասնապահական համալիրների և բնակչության մեծ մասը (ներառյալ Քարվաճառ շրջկենտրոնը) կենտրոնացած էր անտառային և (ալպիական) մարգագետնային գոտիների սահմանագծին: Գյուղերի այս դիրքը թույլ էր տալիս առավելապես օգտվել թե՛ անտառի բարիքներից, և թե՛ անտառային շերտից ի վեր ձգվող անծայրածիր արտոավայրերից: Պատահական չէ, որ այսօր էլ շրջանի Նոր Մանաշիդ գյուղում, որը հենց այդպիսի դիրք ունի, կենտրոնացած է ամենախոշոր անասնապահական տնտեսությունների մեծ մասը:

Գետերի նեղ ձորերում գտնվող բնակավայրերում արդեն այսօր առկա է արոտավայրերի զգալի խնդիր, հատկապես, խոշորի մեկ տասնյակից ավելի անասնաքանակ ունեցող բնակիչների համար: Մասնավորապես, նկատելի դժվարությունների են բախվում շրջանի առավել բազմամարդ՝ Նոր-Վերինշեն, Նոր-Բրաջուր, Նոր-Գետաշեն, Դադիվանք և Եղեգնուտ համայքները: Շարքային քաղաքացիների անասնապահական տնտեսությունների զարգացման առջև հետզհետե ծառանում է ևս մեկ խոչընդոտ, որը պայմանավորված է լքված գյուղերի շուրջ գտնվող առավել մատչելի արոտավայրերի՝ շրջանի մասշտաբով ինչ-ինչ “ազդեցիկ” անձանց վարձակալությամբ հատկացված լինելու հանգամանքով: Իրականում, ըստ կադաստրային քարտեզի վարձակալված են ոչ ընդարձակ հողատարածություններ, բայց գործնականում լքված գյուղերի շուրջ վարձակալված հողատարածք ունենալու հանգամանքը թույլ է տալիս “վարձակալատերերին” զգալիորեն սահմանափակել կամ իսպառ արգելել սովորական գյուղացիներին օգտվել անբնակ գյուղերի արոտներից: Նոր համայնքների հիմնադրումը նվազեցնելու է հողատարածքների փաստացի զավթման տարածված այս ապօրինի երևույթը և թույլ է տալու վերադարձնել դրանք արդյունավետ տնտեսական շահագործման դաշտ՝ մեղմելով սրման միտում արձանագրող սոցիալական լարվածության մթնոլորտը:

Նախքան ազատագրումը Քարվաճառի շրջանն ունեցել է շուրջ 122 բնակավայր, որոնցից այսօր վերաբնակեցված է ընդամենը 15 համայնք: Այս համայնքների մեծ մասն արդեն իսկ սպառել է էապես ընդարձակվելու թե՛ ռազմավարական նպատակահարմարությունը, և թե՛ աշխարհագրական դիրքի ընձեռած հնարավորությունները: Ժամանակն է օր առաջ վերանայել առկա գյուղական բնակավայրերը “խոշորացնելու” և “ամրապնդելու” անվան ներքո վերաբնակեցման կարևորագույն բաղադրիչի՝ նոր համայնքների հիմնադրման կասեցման անթույլատրելի իրողությունը: Գործող համայնքների մեծ մասն այնքան կայացած են որ ի վիճակի են այսուհետ զարգանալ ի հաշիվ առկա բնակչության բնական աճի: (“Խոշորացումն” ու “ամրապնդումը” հարկ է կիրառել Քարվաճառ շրջկենտրոնի (որին կանդրադառնանք առանձին հոդվածով), Ծարի և Դուտխուի հովտի բնակավայրերի հանդեպ:)

Հարկ է հրատապ վերսկսել շրջանի անասնապահական հիմնական գոտու բնակավայրերի վերակառուցման և բնակեցման քաղաքականությունը՝ կայացնելով պատշաճ և պարտավորեցնող քաղաքական որոշում: Նոր համայքների հիմնադրումը թույլ է տալու կենդանացնել 2007 թվականից ի վեր Քարվաճառում համարյա մեռած վերաբնակեցումն ու բնակչության ներհոսքը և ստեղծել անհրաժեշտ նախապայմաններ՝ տարածքի անասնապահական անսպառ ներուժից ռազմավարական չափերով օգտվելու և Արցախի պարենային ինքնաբավությունն ու անվտանգոիւթյունն ապահովության նոր մակարդակի վրա բարձրացնելու համար: Հիշյալ գոտում բնակավայերի հիմնադրմանն ուղղվելիք պետական միջոցները հաշված տարիների ընթացքում կհատուցվեն ժողովրդագրական և տնտեսական աճի պատկառելի ցուցանիշներով: Տեղական մանր տնտեսություններին պետական աջակցություն ցուցաբերելու դեպքում կարելի է հասնել դրանց արտադրական հզորության շեշտակի աճի:

Հ.Գ. Քաշաթաղի և Հադրութի շրջանների մերձարաքսյան հատվածներում բնակավայրերի հիմնադրման, վերբնակեցման և տնտեսական զարգացման ռազմավարական ծրագրերը հարկ էքննարկել առանձին փաթեթով:

Ալեքսանդր Քանանյան

Երբ Տեր-Պետրոսյանը հեռանա, մեկ ուրիշն ընդդիմություն «կխաղա». Արմեն Աղայան

11 Մայիսի, 2012

14 Դեկտեմբերի 2011 —

Երեք նախագահների արտաքին քաղաքականության, Արցախի ճակատագրի, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման և ընդդիմության իրական կերպարի շուրջ հարցազրույց «Հայազն» միության անդամ, քաղաքագետ Արմեն Աղայանի հետ:

Երեք նախագահների արտաքին քաղաքականությունն իրարից շա՞տ էր տարբեր և ի՞նչ առաջընթաց է արձանագրել ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում հայկական դիվանագիտությունը վերջին տարիներին:

-Հրադադարից հետո, առանձնացվում է հակամարտության կարգավորման 3 փուլ և ամեն հերթական իշխանափոխությունից հետո, գործընթացում «հանգստի» շրջան է սկսվել: Լևոն Տեր Պետրոսյանի ժամանակ գործընթացը նոր էր մեկնարկել, բայց հենց այդ ժամանակ էլ կատարեցինք ճակատագրական սխալներ` 1. Հայտարարեցինք, որ Հայաստանը պատերազմի կողմ չէ և Արցախը պետք է բանակցի: 2. Հայաստանն իր ստորագրությունը ՄԱԿ-ում և ԵԱՀԿ-ում դրեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը վերաբերող հայտարարությունների տակ: 3. Ընդունեցինք սկզբունքներ, որոնք իրենց մեջ տարածքների վերադարձ են ներառում: Եվ Լևոն Տեր Պետրոսյանի փուլային –փաթեթային տարբերակում կար տարածքների հանձնում և Արցախի կարգավիճակի հարց, և Ռոբերտ Քոչարյանի «քիվեսթյան» տարբերակում և այսօր` Սերժ Սարգսյանի, «մադրիդյան սկզբունքներում»: Մինսկի խումբը և մեր երկրի ղեկավարները խնդրի կարգավորման միշտ նույն տարբերակն են ունեցել, միակ տարբերությունը` մատուցման ձևի մեջ է եղել: Մեր մեծագույն սխալը նաև Արցախի հիմնախնդրի միջազգայնացումն էր, նույնքան մեծ սխալ, որքան պատերազմն ավարտին չհասցնելը: Միջազգային հանրությունը չի կարող լուծել այս հարցը, որովհետև կողմերն ունեն պատկերացումների իրենց սահմանը, իսկ նոր լուծում գտնելն էլ կամ պարտադրելը չավարտված պատերազմի պայմաններում` պատեազմի վերսկսման վտանգը կուժեղանա: Եթե մեկ նախադասությամբ ամփոփենք. Սերժ Սարգսյանը և Ռոբերտ Քոչարյանը Լևոն Տեր Պետրոսյանի արժանի շարունակողներն են այս հարցում:

Արցախը ե՞րբ պետք է վերադառնա և իր խոսքն ասի բանակցությունների սեղանի շուրջ:

Երբեք, որովհետև Արցախը երբեևէ չի էլ եղել ըստ էության բանակցային կողմ. երբ Արցախի ղեկավարությունից որևէ մեկը մասնակցել է բանակցություններին, հակակշռությունը պահելու համար` մասնակցել է նաև Արցախի ադրբեջանական համայնքի որևէ ղեկավար և այս դեպքում ասել, որ Արցախը եղել է բանակցային կողմ, իսկ Քոչարյանն էլ հեռացրեց բանակցային սեղանից… Սա Լևոն Տեր Պետրոսյանի հնարած խաղն էր, թե վերջին խոսքը պիտի լինի Արցախինը, դրանով փորձելով միաժամանակ դուր գալ և ներսի գործիչներին ու հասարակությանը, և միջազգային հանրությանը: Արցախն առանձին սուբյեկտ չէ, այլ Հայաստանի մի մասը և բնականաբար չի կարող լինել հակամարտող առանձին կողմ` սա հայ-ադրբեջանական, ավելին` հայ-թուրքական կոնֆլիկտ է : Ի դեպ, այն հայտարարությունները , թե վերջին խոսքը պիտի լինի Արցախինը, բանակցությունների սեղանի շուրջ մեր ղեկավարությունը երբևէ չի ասում, որովհետև գիտեն, միջազգային հանրությանը «մանկական խաղ» է թվալու:

Ճիշտ է, թե՞ սխալ , Արցախն անկախ պետություն է :Այս դեպքում, որքանո՞վ է արդարացի, որ Հայաստանը միայնակ որոշի Արցախի ճակատագրի հետագա ընթացքը:

Անարդարացի կլիներ, եթե որոշեինք Զիմբաբվեի ճակատագրի հարցը: Արցախը Հայաստանի մի մասն է, մի մարզը: Անարդարն այն էր, որ 1. ՀՀ Սահմանադրության մեջ Լևոն Տեր Պետրոսյանը չներառեց Արցախի տարածքը, 2. ՀՀ նախագահի ընտրության ժամանակ ընտրատեղամասեր չբացվեցին Արցախում, մինչ դեռ նրանք մասնակցել էին Հայաստանի անկախության հանրաքվեին: Լևոն Տեր Պետրոսյանը նման մի քանի դավաճանական քայլ արեց` Արցախը Հայաստանից օտարելով, որովհետև դեմ էր ընդհանուր զորահավաքին, վախենում էր պատերազմում պարտվելուց, հաղթանակի դեպքում` ագրեսորի պիտակից, բայց Արցախի «ներքին գործերին» Տեր Պետրոսյանը դրանից հետո էլ շարունակում էր խառնվել. բանակի և այլ մարմինների ղեկավար կազմից հեռացրեց դաշնակցականներին, ավելի ուշ` ստեղծեց պաշտպանական կոմիտե և Ռոբերտ Քոչարյանին դրեց ղեկավար: Այն, որ Արցախի նախագահը չի ընտրվում, այլ որպես «մարզպետ» նշանակվում է Երևանից, հաստատում է Արցախն առանձին սուբյեկտ չլինելու փաստը: Արցախը 1989 թվականին միացել է Հայաստանին և սա անհերքելի փաստ է և սա էր Արցախյան շարժման հիմնական գաղափարը, ուստի Արցախի հանրաքվեի գաղափարը համարում եմ ազգային դավաճանություն :

Դուք կարծում եմ, որ այսօր Արցախի և Հայաստանի հասարակությունները հոգեբանորեն, գաղափարապես պատրաստ ե՞ն «միակեցությանը» :

Բաժանում կա, բայց սա պայմանավորված է հենց Արցախի անկախացմամբ: Արցախցին ասում է, եթե ունենք մեր բանակը, մեր նախագահը, ո՞վ է Հայաստանը մեզ համար: Շատ հաճախ էլ հայաստանաբնակ վատ իմպուլսներ են հաղորդվում, թե Արցախի խնդիրը բեռ է դառձել Հայաստանի ուսերին, խոչընդոտում է տնտեսական զարգացմանը: Արհեստական հակասություն է երկուստեք ներարկվում, որը գնալով սրվում է, լավ է, որ Արցախի անձնագիր միջազգային հանրությունը չթողեց ներդրվի: Այս վիճակը ձեռնտու էլ բոլոր ժամանակների և իշխանությանը, և ընդդիմությանը , այնպես չի, որ սա միայն Լևոն Տեր Պետրոսյանի մեղավորությունն է:

Հայ –թուրքական հարաբերությունների կարգավորման ի՞ նչ հեռանկար եք տեսնում և առհասարակ, ի սկզբանե ո՞ր կողմն էր առավել շահում արդյունքում:

Իմ դիրքորոշումը ՀՅԴ-ից կոշտ է: Ես սկզբում միացա նրանց «ոչին», պարզվեց` նրանց ուզածն ընդհամենը արձանագրությունների բարեփոխում էր: Իրականում մենք ավելի լուրջ և վտանգավոր քաղաքականության հետ գործ ունենք. երկրի և գործադրի ղեկավարները փորձում են ամրապնդել մի գաղափար, ըստ որի, պոստինդուստրիալ հասարակարգում մրցակցել կարող ենք միայն գիտելիքով, արդյունքում տարածքի խնդիրը հետ է մղվում: Ըստ այդ գաղափարի, պիտի զիջումներ թույլ տանք տարածքային հարցերում, հարևանների հետ լավ լինենք, որ կարողանանք հաղթել գիտելիքի մրցաասպարեզում: Աստիճանաբար ռազմական ծախսերը կկրճատվեն և կուղղվեն կրթությանը: Ինչ վերաբերում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին , ապա ի սկզբանե, դրա նախաձեռնողը մենք ենք եղել ու հետո էլ` վերականդանացնողն ենք լինելու. մեզ ոչ մեկ չի պարտադրել և չի պարտադրելու: Թուրքիան և Ադրբեջանն այս հարցում ևս պասիվ են, իսկ եթե անդրադառնանք երբեմն միջազգային կառույցների այս հարցի վերաբերյալ հայտարարություններին, ապա պիտի ասեմ, որ ԱՄՆ-ն, Եվրոպան ասում է այն, ինչ մեզանից է լսել: Բերեմ մեկ այլ օրինակ. ճգնաժամային խումբը ճանապարհային քարտեզը գծեց երկու կողմերի դիրքորոշումների հիման վրա, հետո կարողացավ անհամատեղելին համատեղել, բարեբախտաբար հասարակությունը մեր մերժեց: ԵԱՀԿ Մինսկի խումբը հենց այնպես չի ասում. «Նախագահները պատրաստ են Արցախի խնդիրը լուծելու, հասարակությունն է արգելք հանդիսանում», հաշվի առնելով , որ Ադրբեջանի հասարակությունը պասիվ է, այս կոմպլիմենտը մեզ է ուղղված: Այնպես որ, և Արցախի հիմնախնդրի, և հայ-թուրքական հարաբերությունների հարթությունում չենք «այրվել» շնորհիվ հասարակության, բայց վտանգն ընդհամենը սառեցված է :

Տեղափոխվենք ներքաղաքական դաշտ, ին՞չպես եք գնահատում ընդդիմադիր ուժերի գործելաոճն ու պայքարը, որքանո՞վ է այն ընդդիմական:

Մենք չունենք ընդդիմություն, առավել ևս` արմատական, մենք ունենք ընդհամենը ռեվանշիստական խմբեր, ժամանակին իշխանությունից զրկված և վերադարձած առաջնորդներ, գաղափարական որևէ տարբերություն չկա իշխանական կուսակցությունների և ընդդիմադիր ուժերի միջև: Միակ տարբերություն առաջին դեմքերի բնավորությունների մեջ է ` մեկն արտահայտվող է, մյուսը` ոչ: Առհասարակ Հայաստանում կա քաղաքական 3 խումբ `1. Իշխանության միջոցով հարստացած բիզնեսմենների, 2 . դեմոկրատիայի և սոցիալիզմի սուտ գաղափարներին հավատացողների, 3 .ազգային պատասխանատվություն ունեցողների: Առաջին երկուսը ներսից և դրսից ֆինանսական միջոցներ ունեն, ուստի ծաղկում են, իսկ երրորդը բաղկացած է հասարակական շերտերից, որը չունի ֆինանսական այդչափ ռեսուրսներ և հետո, այս տարիների ընթացքում կորցրել ենք ինքնակազմակերպվելու ունակությունները, ուստի զուտ տեխնիկական պատճառներով 3 խումբն այն երկուսին, դեռ բավարար կերպով չի կարողանում հակազդել : Ցավալի է նաև, որ այսօր ազգային բևեռը ընդդիմություն չի համարվում և այսօր միայն ՀԱԿ-ն է ընդդիմության խորհրդանիշ համարվում, բայց երբ Լևոնը հեռանա ասպարեզից, որը սարերի հետևում չէ, այլևս չի գտնվի մեկ ուրիշը, ով այդքան լավ «ընդդիմություն» կխաղա:

Փաստորեն, դուք կանխատեսում եք ՀԱԿ-ի մոտալուտ վախճա՞նը :

Ոչ միայն ես. ԵԺԿ-ն տեսավ, որ ՀԱԿ-ն այլևս այն թափը չունի, ՀՀԿ-ին իրեն գործընկեր ու դաշնակից տեսավ: Եվրոպային շատ քիչ է հետաքրքրում Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման խնդիրները: ՀԱԿ-ը Եվրոպայից նեղացած է, քննադատում է միջազգային դիտորդներին, որովհետև իր ասած ավազակապետությանն ընդունեցին Եվրոպայում, իսկ ՀՀԿ-ի համար սա լավ նախընտրական PR – էր. տեսեք, որ մենք ավազակապետություն չենք կամ Եվրոպան էլ է մեզ հետ հաշվի նստում:

Խոսեցինք 3 նախագահների, քաղաքական բոլոր ուժերի քաղաքականությունից ու գործելաոճից, ճանաչելով նրանցից շատերին, ի՞նչ եք կարծում «ժառանգություն» կուսակցության «Լուստրացիայի մասին» օրենսդրական նախաձեռնության մասին, դրա անհրաժեշտությունը ներկա պահին կա՞ :

Գաղտնազերծումն արդարացված կլիներ, եթե իշխանափոխություն լիներ և ստեղծվեր նոր անվտանգության համակարգ, այս դեպոում կողմ կլինեի, իսկ հիմա դրա մասին խոսելն անիմաստ է , ավելին` ընդհամենը PR ակցիա : Իրենք էլ լավ գիտեն, որ օրենքի նախագիծը չի անցնելու: Ի՞ նչ է նշանակում մինչև 91 թվականը գործունեություն ծավալածներին գաղտնազերծել: Շատերը խորհրդային կարգերին են ծառայել, բայց միշտ չէ, որ վատ մարդ են եղել կամ գիտակցել են, որ խորհրդային շահերը հակասում են Հայաստանի շահերին, կամ էլ վտանգավոր են այդչափ եղել. Ես չէի ասի, որ Մարիուս Յուզբաշյանն, ով եղել է Արցախյան շարժման աջակիցներից, կամ Էդուարդ Սիմոնյանցն ավելի վատ մարդ են, քան Ղարաբաղ կոմիտեի շատ անդամներ: Այս դեպքում պիտի սկսել հենց նրանցից : Ես կարծում եմ հիմա ժամանակը չէ գաղտնազերծման, բայց հետաքրքիր կլիներ իմանալ անհատապես շատերի «մութ գործերը»:

Մարիամ Պետրոսյան

HayNews.am

Դեկտեմբերի մեկն Արցախի կարեւորագույն հաղթանակներից մեկի օրն է. կարծում է քաղաքագետը

11 Մայիսի, 2012

1 Դեկտեմբեր, 2011

ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախյան կարեւորագույն հաղթանակներից մեկն է 1989 թ. դեկտեմբերի մեկը, երբ Հայկական ԽՍՀ–ի եւ Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին որոշում կայացվեց: Այդկերպ հաջողվեց կոմունիստական իշխանության օրոք արդեն քայլ կատարել’ հաշվի չառնելով որեւէ երրորդ կողմի դիրքորոշում: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը, այս մասին դեկտեմբերի մեկին լրագրողների հետ հանդիպմանն ասաց բլոգեր, քաղաքագետ Արմեն Հովհաննիսյանը: Նրա խոսքով’ այս օրը հիշատակման արժանի է, թեեւ իբրեւ տոն ճանաչված չէ: Քաղաքագետը նշեց, որ դեռ հստակ չէ’ արդյոք մենք պետք է հետամուտ լինենք այդ որոշմանը, թե շարժվենք անկախության հանրաքվեի արդյունքներով: Արցախը, ըստ նրա, անկախացել է Հայաստանի հետ’ դուրս գալով ԽՍՀՄ կազմից:

ՀՀ ԱԺ պատգամավոր Ստեփան Սաֆարյանը նկատեց, որ հայ հասարակությունը կողմնակից է Արցախի’ Հայաստանին միացմանը կամ անկախացմանը: Ինքը’ պատգամավորը, անկախացման տարբերակի կողմնակից է: «Եթե մենք գտնում ենք, որ խնդիրը պետք է լուծվի միջազգային իրավունքի շրջանակներում, ապա միակ լուծումը ժողովուրդների ինքնորոշման’ տվյալ վայրում բնակվող ժողովրդի’ իր ճակատագիրը տնօրինելու իրավունքն է»,-նշեց բանախոսը:

Սաֆարյանի խոսքով’ ԼՂ անկախության ճանաչումը’ թե միջազգային հանրության, թե Հայաստանի կողմից, իբրեւ վերջինիս մաս, դառնում է առաջին էտապ Արցախի տունդարձի իրավական ընթացքն ապահովելու առումով: «Եթե երեկվա սերնդի խնդիրը ճակատամարտը հաղթելն էր, այսօրվա եւ վաղվա սերունդների խնդիրը առնվազն դրան իրավական ձեւակերպում տալն է»,-ասաց նա’ նկատելով, որ շատ ավելի բարդ է պահպանել այն, ինչը մերն է եւ ինչի համար հայորդիների արյուն է թափվել:

Պարտվողականության լոկոմոտիվները

17 Փետրվարի, 2012

Վերջերս, Արցախի նախագահ Բակո Սահակյանը, հունահայ «Հայաստան» թերթին տված հարցազրույցում ակնարկեց փոխզիջումների հնարավորության մասին: Այս հարցազրույցով ավելի ամբողջականացավ պատկերացումը, որ Արցախն այլևս ֆակտոր չէ, այլ ընդամենը` Երևանի կցորդը: Խոսքը, մասնավորապես, պաշտոնական Արցախին է վերաբերվում: Բակո Սահակյանի ասածը դիվանագիտական հնարք չէր կամ Ադրբեջանի ռեակցիան ստուգելու համար արված հայտարարություն: Այն տրամաբանորեն շարունակում է Սերժ Սարգսյանի` 2010թ. գարնանը սիրիական «Ալ-Վաթանին» տված հարցազրույցում հնչեցրած միտքը` չենք բնակեցնում ազատագրված տարածքները, քանզի հանձնելու ենք:

Հայկական երկու հանրապետությունների բարձրագույն ղեկավարության պարտվողական այս տրամադրությունները լրացնելու է գալիս Արցախի թերբնակեցված շրջանների վերաբնակեցման խիստ ձևական գործընթացը, ավելի շուտ` վերաբնակեցման ծրագրի թաղումը:

Արտաքին քաղաքական խնդիրների մասին արտահայտվող Բակո Սահակյանն իր նախագահության տարիներին «ակնառու հաջողություններ» է ունեցել այս բնագավառում: Մասնավորապես նրան հաջողվել է ժողովրդավարության մակարդակով Արցախը հավասարեցնել Ադրբեջանին: «Ֆրիդըմ Հաուս» միջազգային իրավապաշտպան կազմակերպության կողմից յոթ տարի անընդմեջ մասամբ ազատ տարածք համարվող Լեռնային Ղարաբաղը երկու տարի շարունակ համարվում է ոչ ազատ` զրկելով հայկական կողմերին և հայկական լոբբիին Արցախի ժողովրդավարությունը վկայակոչել հայանպաստ տարբեր ձեռնարկներում: Միջազգային արձագանքը չուշացավ. ԱՄՆ` Հայաստանից բացի միակ երկիրը, ով ֆինանսական օժանդակություն էր ցույց տալիս Արցախին, դադարեցրեց օգնությունը:

Միջազգային արձագանքը մի կողմ, ավտորիտարիզմի շունչն Արցախում զգացվում է նաև անզեն աչքով: Ընդդիմության բացակայություն, անկախ մամուլի չգոյություն, սեփականության և ազատ ձեռնարկատիրության իրավունքի կոպիտ խախտումներ, վախեցած և զգուշավոր հասարակություն:

Արցախում ավտորիտար ռեժիմի հաստատումն անձամբ Սերժ Սարգսյանի վաստակն է: Հենց նա է ՀՀ վարչապետ եղած ժամանակ պնդել Բակո Սահակյանի թեկնածության վրա: Սերժ Սարգսյանի ենթականներն են անմիջականորեն օգնել Բակո Սահակյանին Արցախի քաղաքացիական հասարակության դեմ կատարվող «օպերացիաներում»: Հետևաբար Արցախի վարկանիշի իջեցման պատասխանատվությունն անձամբ կրում է նաև ՀՀ գործող նախագահը:

Ի վերջո, կասեք դուք, ի~նչ միջազգային վարկանիշ, ի~նչ ժողովրդավարություն, ավելի կենսական հարցեր կան, ասենք` ստուգարքների միջնորդությունը, հասարակական կազմակերպություններին դոնորներից զրկելը կամ տարբեր անձանց աշխատանքից հանել տալը: Աʹյ սա է հիմնական աշխատանքը, որին պետք է ուղղված լինեն Արցախի իշխանությունների ջանքերը և նրանց հայրենապաշտպան գործունեությունը դյուզն ինչ քննադատողները պետք է լրջագույնս պատժվեն:

Իսկ մի՞թե այսպես չէ: Մի՞թե Արցախում հենց այսպիսի իշխանություններ չի ցանկացել ու արդեն իսկ ունի ՀՀ ներկայիս ղեկավարությունը: Չէ՞ որ Արցախում նման իշխանությունների առկայության դեպքում է միայն, որ ՀՀ նախագահը կարող է ռիսկ անել հայտարարել, թե ազատագրված տարածքները չեն վերաբնակեցվում, որովհետև հանձնվելու են:

Հայկ Խանումյան

7or

«Երկխոսող» և հանձնող Սարգսյանը

19 Հուլիսի, 2011

7or.am

Քաղաքագետ Հմայակ Հովհաննիսյանը Ա1+ –ին տված հարցազրույցում ասել է, թե իր ունեցած տեղեկություններով՝ «Գոլոս Արմենիի» թերթի խմբագրակազմի հետ հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը Ղարաբաղի խնդրի կարգավորմանն առնչվող որոշ մանրամասներ է ներկայացրել (http://www.youtube.com/watch?v=RM-OWFxGsi4&feature=youtube_gdata_player):

Ս. Սարգսյանն, ըստ Հովհաննիսյանի, լրագրողների ներկայությամբ հայտարարել է, թե ազատագրված հինգ շրջանի հանձնման դիմաց ակնկալում է Ադրբեջանի կողմից ԼՂՀ միջանկյալ կարգավիճակի ճանաչումը, իսկ Քարվաճառի (նախկին Քելբաջար) ու Բերձորի (նախկին Լաչին) հանձնման դիմաց՝ նախկին ԼՂԻՄ տարածքում ղարաբաղցիների հանրաքվե անցկացնելու հնարավորությունը։

Ինչ վերաբերում է ԼՂՀ–ն ՀՀ–ին կապող ցամաքային հատվածին, ապա Սերժ Սարգսյանը «կռիվ» է տալու միջանցքի լայնության շուրջ։

Եթե Հ. Հովհաննիսյանի ունեցած տեղեկությունները համապատասխանում են իրականությանը (ինչին կասկածելու որևէ հիմք չունենք՝ ելնելով ներկա գործընթացներից) և Սարգսյանը, ըստ էության, գնում է տխրահռչակ փուլային լուծման տարբերակը հիշեցնող ճանապարհով, ապա մենք գործ ունենք երկրի ազգային անվտանգությանը սպառնացող զարգացումների հետ։

Այս ամենը հաշվի առնելով՝ կրկին համոզվում ենք, որ կոալիցիա–ՀԱԿ «երկխոսությունը» միտված է Սերժ Սարգսյանի համար ազգային համաձայնության պատրանք ստեղծելուն և Ղարաբաղյան խնդրից հանրության ուշադրությունը գյալաջիով շեղելուն, իսկ Լևոն Տեր–Պետրոսյանը պարզապես օգտագործվում է, ինչպես որ օգտագործվեց հայ–թուրքական «ֆուտբոլի»  ժամանակ։ Դա էր պատճառը, որ հապշտապ ձևով «երկխոսությունը» գործի դրվեց։ Ու արդեն էական  չէ, թե ՀԱԿ առաջնորդը գյալաջիի շրջանակներում սեփակա՞ն նախաձեռնությամբ է ծառայություններ մատուցում «Եղիազարին», թե՞ նա այդ ամենն անում է, այսպես ասած, գաղափարական սկզբունքներից ելնելով։ Էականն այստեղ այն է, որ Սարգսյան–Տեր–Պետրոսյան զույգի գործողություններն ուղղված են Հայաստանի ու Ղարաբաղի շահերի դեմ։ Հետևաբար՝ երկուսն էլ պետք է շուտափույթ դուրս մղվեն մեր քաղաքական դաշտից՝ լինի դա հերթական կամ արտահերթ տարբերակով։

Կարեն Հակոբջանյան

Հ.Գ.։ ՌԴ արտգործնախարար Լավրովի բերած առաջարկներին Ադրբեջանն արդեն արձագանքել է, իսկ ահա Հայաստանը դեռ չի շտապում դա անել։ Սա նշանակում է, որ նոր առաջարկները մեզ համար ավելի վատն են, քան Կազանում սեղանի վրա քննարկվողը։ Այսինքն՝ Մեդվեդեվն ընդառաջ է գնացել Ալիևի տասը նոր պահանջներին կամ դրանց մի մասին։ Սա էլ իր հերթին նշանակում է, որ ՀՀ ներքաղաքական կյանքում ակնհայտորեն ֆորս–մաժոր է հասունանում, ինչին ուզում են պատրաստվել քիրվայական մտածողության երկվորյակներ Տեր–Պետրոսյանն ու Սարգսյանը՝ չեզոքացնելու համար հակահանձնողական ուժերի հնարավոր հակազդեցությունը։ Կհաջողվի դա «երկխոսողներին», թե ոչ՝ կախված է Հայաստանի ապագայով մտահոգ հասարակության վարքագծից։

WikiLeaks-ի հերթական բացահայտումը վերաբերվում է Արցախյան հիմնախնդրին

4 Հուլիսի, 2011

neonews.am

«Ազատություն» ռադիոկայանը տեղեկացնում է, որ WikiLeaks-ի կողմից գաղտնազերծված հերթական փաստաթուղթը վկայում է, որ «Անկարան եւ Վաշինգտոնը 2008 թվականին լուրջ հույսեր էին փայփայում, որ կարճ ժամանակահատվածում հնարավոր կլինի գտնել ղարաբաղյան  հիմնախնդրի լուծման բանալին»: Դիվանագիտական հաղորդագրությունը Թուրքիայի փոխարտգործնախարար Էրթուղրուլ Ափաքանի` 2008 թվականի դեկտեմբերին Վաշինգտոն կատարած այցի հաշվետվությունն է և բավական մանրամասնորեն ներկայացնում է Ափաքանի եւ Միացյալ Նահանգների փոխպետքարտուղար Դենիել Ֆրիդի բանակցությունների ընթացքը: Մասնավորապես, WikiLeaks-ի կողմից գաղտնազերծված փաստաթղթից պարզ է դառնում, որ ամերիկացի եւ թուրք դիվանագետների քննարկման հիմնական թեմաներից մեկը  ղարաբաղյան կարգավորումն էր:

«Վաշինգտոնում կայացած հանդիպման ընթացքում թուրք դիվանագետներն ընդգծում էին, որ  Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարները, ինչպես նաեւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը իրենց հավաստիացրել են, թե բանակցությունները բավական հաջող ընթացք ունեն, եւ խնդրի լուծման բավական լավ հնարավորություններ առկա են», – 2008 թվականի դեկտեմբերին  նշել են Պետդեպարտամենտի աշխատակիցները:

Ֆրիդի եւ Ափաքանի հանդիպմանը ներկա` ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի այն ժամանակվա ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան կողմերին  տեղեկացրել է. – «Սերժ Սարգսյանն ավելի մեծ ռիսկի է գնում` գործընթացն առաջ տանելով, եւ հարկ է նկատել, որ Իլհամ Ալիեւը բավական բարձր է գնահատում նրա այդ փոխգործակցությունը»:

Գաղտնազերծված փաստաթղթից նաեւ պարզ է դառնում, որ թուրք – ամերիկյան բանակցությունների մի զգալի հատվածը նվիրված է եղել Հայաստանի նախագահի անձի եւ գործունեության քննարկմանը:

«Թուրքիայի փոխարտգործնախարարը նշեց, որ Իլհամ Ալիեւը բավական բարձր է գնահատում Սերժ Սարգսյանի կառուցողական դիրքորոշումը եւ ընդհանուր առմամբ բավական դրական կարծիք ունի նրա մասին», – նշված է Պետդեպարտամենտի հաշվետվության մեջ:

Ուշագրավ է, որ Թուրքիայի արտաքին գործերի փոխնախարարը ցյուրիխյան արձանագրությունների ստորագրումից ընդամենը 10 ամիս առաջ նշել էր.  – «Ադրբեջանա – հայկական եւ թուրք – հայկական խնդիրների միջեւ մենք ուղղակի կապ չենք տեսնում: Այնուհանդերձ, կարծում ենք, որ Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերություններում հնարավոր առաջընթացը կարող է դրական ազդեցություն ունենալ նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ընթացող բանակցությունների վրա»:

Ափաքանը մեկ անգամ եւս կրկնել էր, որ երկու խնդիրները փոխկապակցված չեն, եւ պաշտոնական Անկարան դրանցով զբաղվելու է առանձին-առանձին:

Ամերիկացիները, իրենց հերթին, հույս էին հայտնել, թե թուրքական կողմը օգտակար դերակատարություն կունենա` մասնավորապես, դրդելով Ալիեւին ավարտուն տեսքի բերել կարգավորման համաձայնագիրը:

«Ազատություն» ռադիոկայանը նաև նշում է, թե փաստաթղթում ասված է, որ «ընդհանուր առմամբ, թե’ Անկարայում եւ թե’ Վաշինգտոնում որպես համաձայնագրի ստորագրման հնարավոր ժամկետ բանակցության մասնակիցները նշում էին 2009 թվականի կեսերը»:

Արցախյան ազատամարտն անջատողական պիտակողները գալիս են Արցախ… ուսուցանելու

2 Հուլիսի, 2011

Հրատապ թեմա

Եվ այս պիտակումն արևմտյան «հայագիտության» զանցանքներից ընդամենը մեկն է: Հայոց պատմության ու հայ ինքնության ժխտման, մեծագործ հայորդիներին վիրավորական որակումներ տալու, ազատագրական ոգին ու ազգային գիտակցությունը նոր սերնդի մեջ սպանելու մոլուցքը հատկապես ամերիկյան «հայագիտությունում» շարունակում է տիրապետող մնալ, ավելին՝ այն ներմուծվում է ոչ միայն անկախ Հայաստանի Հանրապետություն, այլև Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն:

Թեման արծարծելու նպատակով զրույցի ենք հրավիրել քաղաքական գիտությունների դոկտոր Արմեն ԱՅՎԱԶՅԱՆԻՆ

— Պարոն Այվազյան, մայիսին Երևանում անցկացվեց մի գիտաժողով, որ շատ խոստումնալի վերտառություն ուներ՝ «Պատմություն և մշակույթ. ընդդեմ կեղծիքի և ոտնձգության»: Ասում եմ խոստումնալի՝ նկատի ունենալով սպասվող արդյունքները, առաջին հերթին հայ ժողովրդի պատմության կեղծարարությանը հակահարված տալը: Թեև դուք այդ գիտաժողովին հրավիրված չեք եղել՝ խնդրում եմ ասեք՝ նման հակահարված տրվե՞ց և արդյո՞ք մենք այդ ճակատում ձեռքբերումներ ունենք:

-Անչափ ուրախ կլինեի, եթե հատկապես Հայաստանում հայոց պատմության և մշակույթի՝ միջազգային մակարդակով իրականացվող կեղծարարության դեմ մղվեր պետական հովանավորություն ունեցող համակարգված պայքար: Ցավոք՝ այդպիսի բան գոյություն չունի: Ավելին՝ մեր պատմության կեղծարարներն այսօր դեսանտով իջեցվում են Հայաստանի Հանրապետություն և անգամ ճակատային գծում գտնվող Արցախ: Արևմտյան կեղծ տեսակետները, թե հայերը բնիկ չեն, մեր պատմության ոսկեդարի սկզբնաղբյուրներն արժանահավատ չեն, հայերն իրենց հայրենիքում մեծամասնություն չեն կազմել, հայկական ինքնությունը շատ ուշ է ձևավորվել, մեր հին և միջնադարյան պետությունները եղել են ընդամենը խաղալիք՝ հզորների ձեռքին և այլն, բազմիցս քննադատության են արժանացել, ինքս այդ մասին շատ եմ գրել, այդ թվում երկու գիրք եմ հրապարակել (առաջինը՝ «Հայաստանի պատմության լուսաբանումը ամերիկյան պատմագրության մեջ. Քննական տեսություն», Երևան, 1988): Սակայն այս հակագիտական և հակահայ տեսակետները, ՀՀ ակադեմիական և պետական շրջանակների, ինչպես նաև Սփյուռքի կողմից հակահարվածի չարժանանալով, արևմուտքում տիրապետող են դարձել, ավելին՝ այժմ կազմակերպված ձևով ներդրվում են արդեն Հայաստանում: Ձեր նշած գիտաժողովը ես համարում եմ ձախողված և ձևական, քանի որ այնտեղ խոսք է եղել միայն ադրբեջանա-թուրքական կեղծարարության մասին, իսկ ավելի վտանգավոր՝ արևմտյան, հատկապես ամերիկյան կեղծարարությունն, ինչպես միշտ, այս անգամ էլ անտեսվել է (այդ մասին տե՛ս մայսիսի 4-ին «Անկախ» շաբաթաթերթում հրապարակված Անի Գասպարյանի հաղորդագրությունը)։ Այդ գիտաժողովին հրավիրվել է նույնիսկ «Կովկասի ինստիտուտը», որը հայտնի է հայոց պատմության աղավաղման գործում իր ուրույն «նպաստով» (այդ մասին բազմաթիվ հրապարակումներից վերջինը՝ պատ. գիտ. դոկտոր Է. Դանիելյանի անդրադարձը լույս տեսավ օրեր առաջ՝ հունիսի 14-ին «Գոլոս Արմենիի» թերթում)։ Իսկ 2009 թ. «Կովկասի ինստիտուտը» Երևանում անգլերեն և ռուսերեն գիրք էր տպագրել, ուր մի թուրք հեղինակ ժխտում էր Հայոց ցեղասպանությունը՝ ինչպես բաց տեքստով, այնպես էլ 34 անգամ (!) այն չակերտելով: Այդ հարցով «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնը դատական գործ էր հարուցել «Կովկասի ինստիտուտի» դեմ (տե՛ս Հայցադիմումի ամբողջական տեքստը), որը նույնպես լայնորեն լուսաբանվեց մամուլում, ներառյալ ձեր թերթում (տե՛ս «Ապագա բանտարկյալը. Երբ հայն է ժխտում ցեղասպանությունը»)։ Եվ հիմա այդ «ինստիտուտը» հրավիրվել է մասնակցելու հայոց պատմության ու մշակույթի կեղծարարության դեմ իբր պայքարելու կոչված գիտաժողովի: Սա մեզանում արդեն տարածում ստացած մի գործելաոճ է, երբ վեհ գաղափարների, հատկապես հայրենասիրության դրոշը պարզելով՝ անում են ճիշտ հակառակը: Մինչդեռ արտասահմանում ամեն տարի բազմաթիվ գրքեր ու հոդվածներ են տպագրվում, որոնցում հայ ժողովրդի պատմությունը՝ աշխարհաքաղաքական նպատակներից ելնելով, շարունակաբար կեղծվում ու խեղաթյուրվում է: Օրինակները բազմաթիվ են և շատ մտահոգիչ:

— «Արցախ» հասարակագիտական ամառային դպրոցի նախագիծը և՞ս այդ շարքում է. դրա վերաբերյալ համացանցում հաղորդագրություն կար, արտաքուստ շատ անմեղ, նույնիսկ օգտակար միջոցառում թվաց:

— Այդ դպրոցը բացվելու է հունիսի 26-ին, ֆիանանսավորումը կատարում է Հայ բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ), դասախոսելու են գալու Ռազմիկ Փանոսյանը, Ասպետ Քոչիկյանը, Ռոբերտ Նալբանդովը, Գրիգորի Ավթանդիլովը՝ բոլորն ԱՄՆ-ից: Այդ դպրոցն ունենալու է մասնագիտական երկու խմբակ՝ քաղաքագիտական և պատմագիտական: Ահա թե ինչ են գրում. «Պատմագիտական խմբակի ուշադրության կենտրոնում կլինեն հայ պատմագիտության ձեռքբերումները և հիմնախնդիրները»: Այժմ տեսնենք, թե, օրինակ, Ռազմիկ Փանոսյանն ինչն է պատմագիտական ձեռքբերում համարում: 2006 թ. Կոլումբիայի համալսարանի հրատարակչությունում լույս է տեսել նրա գիրքը՝ «Հայեր. թագավորներից և հոգևորականներից մինչև վաճառականներ և կոմիսարներ» (The Armenians: From Kings and Priests to Merchants and Commissars): Արդեն վերնագրից ընդգծվում է արհամարհանքը՝ հայոց պատմության և ժողովրդի հանդեպ՝ իբր՝ որտեղից ուր են հասել: Այս մարդը հավանաբար մոռացել է, որ բոլոր դարերում, հայերը տվել են տաղանդավոր գործիչներ, ընդ որում՝ կենսագործունեության բոլոր բնագավառներում՝ լինի մշակույթ, թե գիտություն, ռազմարվեստ, թե քաղաքականություն:

— «Կոմիսար» պիտակով երևի խորհրդային հային է ծանակում:

— Այդ ընդգծումը պատահական չէ, որովհետև ԱՄՆ-ում կոմունիստական որևէ առնչություն ընթերցողի վրա միայն բացասական տպավորություն է թողնում: Անգլախոս ընթերցողի համար վաճառականը ևս դրական կերպար չէ: Փանոսյանն ամբողջ գրքում կուրորեն պաշտպանում է ամերիկյան հայագիտության ամենախայտառակ կեղծիքները: Սա հերթական ծրագրված հարձակումն է հայոց ազգային պատմագրության դեմ: Որոշակի թերություններով հանդերձ՝ վերջին տասնամյակներին Հայաստանում ստեղծվել է պատմագիտական դպրոց, որը Փանոսյանը համարում է նացիոնալիստական: Մասնավորապես նացիոնալիստ և ռևիզիոնիստ են պիտակվում հայոց բնիկությունը հաստատող հեղինակները (էջ 33-34): Հայերի բնիկ լինելու վերաբերյալ բոլոր տեղեկություններն ու հետազոտություններն շրջանցված են։ Ըստ նրա՝ «Հայաստանի մտավորականների և պատմաբանների մեծամասնությունը» հարում են «նացիոնալիստական գծին» և չեն ընդունում «արևմտյան (քննական) միտքը», որն այս դոգմատիկի համար միակ ճշմարիտն է (էջ 16, ծնթ. 32)։ Հայ գիտնականներից հականե-հանվանե նացիոնալիստ են կոչված պատմաբաններ Լենդրուշ Խուրշուդյանը, Մանվել Զուլալյանը, Մուրադ Օհանյանը, ես, Երևանի պետհամալսարանի Հայոց պատմության ամբիոնն ամբողջությամբ, փիլիսոփա Համլետ Գևորգյանը, բանասեր Վարդան Դևրիկյանը (էջ 14-17, 34, 114) և այլոք։ Փանոսյանը որևէ արևմտյան պատմաբանի երբեք նացիոնալիստ կամ, եթե իրերն իրենց անունով կոչենք, իմպերիալիստ, բնականաբար, չի անվանում։ Պատմության ադրբեջանա-թուրքական կեղծարարության քննադատությունը նրա գրքում նույնպես բացակայում է։ Նրա գլխավոր խնդիրը հայ պատմագիտական դպրոցը վարկաբեկելն է, այն նացիոնալիստական, այսինքն՝ անհավաստի հռչակելը։ Միաժանակ «ծայրահեղ նացիոնալիստ» են անվանված նաև ՀՀ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանը և Հանրապետական կուսակցության որոշ հին անդամներ, որոնք նաև ծաղրի են ենթարկված՝ նժդեհյան ցեղակրոնության գաղափարներին հարելու համար (էջ 389-392)։ Ցեղասպանությունից մազապուրծ փրկված և օտարության մեջ տառապող հայության լայն խավերին նա պիտակավորում է «ռադիկալ» անվամբ, պատճառաբանելով՝ թե նրանք համակրում էին 1970-1980-ական թթ. ԱՍԱԼԱ-ին և հայկական մյուս գաղտնի կազմակերպություններին։ Մինչդեռ Փանոսյանը այդ հայ վրիժառուներին՝ բոլորին՝ այլընտրանք չհանդուրժող «տեռորիստ» տերմինով է կոչում, ընդգծելով, թե նրանք «նացիոնալիստական պահանջներ» էին առաջ քաշում ու չհամաձայնվելով նրանց «ազատամարտիկ» համարողների հետ (էջ 227, 310-311): Իսկ XIX դ. վերջի-XX դ. սկզբի հայ հեղափոխական-ֆիդայիների գործողությունների մասին նա խորշանքով գրում է. «Նրանք աղտոտեցին իրենց ձեռքերը մեծավ մասամբ Օսմանյան և պակաս չափով Ռուսական կայսրություններում» (էջ 226)։

Առհասարակ՝ Փանոսյանի զրպարտչագիրն ընթերցելուց հետո այն տպավորությունն է ստեղծվում, թե այժմ Հայաստանում՝ քաղաքական և հատկապես ակադեմիական բնագավառներում իշխում է մոլի նացիոնալիզմը, որն իհարկե բացահայտ սուտ է: Եվ նա ի՞նչ է սովորեցնելու արցախցի ուսանողներին. ինքնապախարակու՞մ՝ հայությանը նացիոնալիզմի մեջ անհիմն մեղադրե՞լ…

-Միշտ թվացել է, թե «նացիոնալիստը» զուտ բոլշևիկյան մեղադրանք է, պարզվում է՝ առաջադեմ ԱՄՆ-ում ևս դա գործածվող մտրակ է:

— Այդ հասկացությունը նույն կերպ է գործածում նաև արևմուտքը: Կայսրությունները և բազմազգ պետությունները մեծ վախ ունեն ազատագրական շարժումներից: Դրանք անվանելով ազգայնամոլական՝ փոքր ազգերի հետ իրենց ուզած ձևով են վարվում: Նացիոնալիստը բացասական պիտակ է, և Փանոսյանը լինելով ամերիկյան «հայագիտության» սանիկ՝ հենց այդ իմաստով էլ այն օգտագործում է:

-Չխորշելով ազգանվան յան-ից: Բնականաբար նա փոքրիկ «հունձքով» չի սահմանափակվել, այդ վերաշարադրանքում ուրիշ ի՞նչ «հայտնագործություններ» է ընդգծում:

— Փանոսյանի նմաններին ես կոչում եմ երիտսյունիներ։ Ինչպես և տխրահռչակ կեղծարար Ռ. Սյունին, նա երբևէ գիտական որևէ լուրջ ուսումնասիրություն չի հեղինակել, նրա այս գիրքն էլ ընդամենը կրկնությունն է այն բոլոր կեղծ դրույթների, որոնք ժամանակին հնչեցրել են Նինա Գարսոյանը, Ռոբերտ Թոմսոնը, Ջեյմս Ռասելը, Ռոնալդ Սյունին, ամերիկյան «հայագիտական» դպրոցի այլ ներկայացուցիչները: Օրինակ, Փանոսյանը կրկնում է այն սուտ դրույթը, թե հին Հայաստանը եղել է «կախյալ թագավորություն՝ որոշակի ներքին ինքնավարությամբ» (էջ 38): Այսինքն՝ իբր մենք չենք ունեցել հզոր պետություն՝ 120 հազարանոց զորքով, այլ ընդամենը՝ ներքին ինքնավարություն:

Իհարկե՝ Ուրարտուն նա հայկական պետություն չի համարում: Գրում է Հայաստան, փակագծում ավելացնում թուրքական հնարովի տերմինը՝ Անատոլիա (էջ 34): Ավելին, ըստ նրա՝ «հայերի պատմական հայրենիքը գտնվում է Անատոլիայի սրտում», ընդ որում հայերն իրենց հայրենիքում լավագույն դեպքում կազմել են «հարաբերական մեծամասնություն» (էջ 387)։ Փանոսյանը նսեմացնում է նաև հայ արքայատոհմերին, օրինակ գրում է, թե հայտնի չէ՝ Երվանդունիները հա՞յ են, թե այլազգի, որովհետև «նրանք հավանաբար խառնամուսնությունների մեջ էին մտնում Պարսկաստանի իշխող [ընտանիքների] հետ» (էջ 35): Իսկ ո՞ր երկրի արքայատոհմերում դրանք հնարավոր չէին, հենց այսօր Անգլիայի թագուհու արյան մեջ անգլիականը որքա՞ն է, բայց մի՞թե կարելի է նրան անգլուհի չհամարել: Կամ՝ Փանոսյանը անհիմն թեականությամբ է խոսում Արշակունիների հայախոս լինելու մասին, անհարկիորեն շահարկելով առաջին Արշակունիների պարթևական ծագումը (էջ 38-39): Իսկ «իսկական հայկական առաջին պետության հիմքերը», ըստ նրա՝ դրվել են Արտաշես Ա-ի օրոք միայն (էջ 36):

-Հայ ժողովրդի ծագման և ինքնության խեղաթյուրումն ի՞նչ «հիմնավորումներով է» հրամցվում:

— Հիմնավորումներ չկան, կան անհեթեթ հայտարարություններ, որոնք լուծում են քարոզչական խնդիր՝ նսեմացնել հայերին, նրանց անցյալն ու ներկան, պատմությունն ու մշակույթը։ Գալով, օրինակ, Արշակունյաց շրջանի հայի ինքնությանը՝ անապացույց ասում է, որ այն իբր «տեղական, պարսկական, հունահռոմեական տարրերի մի յուրահատուկ սինթեզ էր» (էջ 40): Այսինքն, հայերը մշակութային առումով հայ էլ չէին դեռ, այլ մի ինչ-որ խառնուրդ։ Փանոսյանը, չափազանցնելով, քանիցս կրկնում է, որ հայոց լեզուն, հայկական մշակույթն ու սովորույթներն «խորապես ազդվել են» պարսից լեզվից, զրադաշտական կրոնից և սովորույթներից, թե հայերի «ինքնությունը հիմնված էր մի մշակույթի վրա, որը մասամբ փոխառված էր Հռոմից և Պարսկաստանից, սակայն արմատներ էր գցել Հայաստանում։ Հայոց լեզուն էլ ազդված էր պարսկերեն փոխառումներից, բայց (?!-Ա.Ա.) շարունակում էր լայնորեն գործածվել» (էջ 35, 39): Գրում է, թե հայկական Արտաշեսյանների ժամանակ հայկական վերնախավն իբր «ամենայն հավանականությամբ, խոսում էր հունարեն և պարսկերեն, մինչդեռ արամեերենը մնում էր վարչարարական լեզու, իսկ հայերենը հասարակ ժողովրդի խոսակցական լեզուն էր» (էջ 37): Այս իր հայտարարությունն անելուց հետո վկայակոչում է Ստրաբոնին, իհարկե՝ առանց բառացի մեջբերում կամ որևէ հղում անելու, որպեսզի չբացահայտվի կեղծիքը։ Ստրաբոնը նման բան չի գրել, այլ ընդամենն ընդգծել է Հայաստանի բնակչության հայալեզու լինելը՝ «բոլորը միալեզու են» ասելով։ Փանոսյանը թութակի պես կրկնել է նաև այն հին ու անհեթեթ, միայն վարկաբեկիչ նպատակներով օգտագործվող «թեզը», թե հայ ժողովրդի մեջ ռեգիոնալ տարբերություններ են եղել (էջ 40): Իսկ որտե՞ղ դրանք չեն եղել. ռեգիոնալ տարբերություններ կան անգամ ներկայիս Գերմանիայում և Իտալիայում, Շվեյցարիայում և Բելգիայում։ Իսկ, օրինակ Անգլիայում, հե՛նց նրա մայրաքաղաքում քանի՞ բարբառով են խոսում:

 

-Թոմսոնը Խորենացուն 5-րդ դարից տեղափոխում է 8-րդ՝ համոզելու համար, որ նրա աշխատությունը հավաստի չէ, հաղորդած տեղեկություններն էլ ամբողջությամբ կեղծիք են: Պարոն երիտսյունին ավելի հեռուն չի՞ գնացել:

— Պարզապես կրկնել է Թոմսոնի ասածները, շողոքորթելով, թե իբր Թոմսոնը «համոզիչ փաստարկներ է բերում առ այն, որ Խորենացին գրել է 8-րդ դարի կեսերին», և անտեսելով Թոմսոնի բազմաթիվ քննադատների բոլոր փաստարկները։ Փանոսյանը ևս մեկ անգամ մեջբերում է Պատմահոր հասցեին Թոմսոնի հայհոյանքը՝ «Մովսեսը մի լկտի և կեղծարար խաբեբա է»՝ մտքի ծայրով իսկ չանցկացնելով, որ հայոց Պատմահոր հասցեին այս վիրավորանքն ուղղված է յուրաքանչյուր հայորդու դեմ (էջ 50)։ Խորենացին մեր պատմագրության հիմքն է, ամբողջությամբ հերքելով նրա երկի արժանահավատությունը, նրան կոչելով «լկտի խաբեբա»՝ փորձում են զրկել մեր հավաքական հիշողությունն իր հիմքից, փլուզել հայ պատմագրության մեծ շենքը: Խորենացու հաղորդած ահռելի և բացառիկ նյութի քննական վերլուծության հիման վրա միայն կարելի է պարզել, թե Հայաստան պետությունը երբ է ստեղծվել, պետական ինչ կառուցվածք ու ռազմական հզորություն է ունեցել: Մինչդեռ Թոմսոնը Խորենացու «Հայոց պատմությունը» թարգմանել է միտումնավոր սխալներով՝ նպատակ ունենալով ոչ թե արևմտյան պատմագիտության շրջանառության մեջ մտցնել համաշխարհային պատմագրության այդ խոշորագույն կոթողներից մեկը, այլ թույլ չտալ, որ այն արևմուտքում պատշաճ հետազոտության արժանանա: Ցավոք, ՀՀ ԳԱԱ-ի, պետության և Սփյուռքի կառույցների կրավորականության պատճառով դա նրան մեծապես հաջողվել է։ Այսօր Խորենացու երկի արժանահավատությունը ժխտվում է անգամ Բրիտանիկա հանրագիտարանում։ Մինչդեռ թե՛ Թոմսոնի թերի թարգմանությունը, թե՛ նրա «Առաջաբանը» դասական կեղծարարության օրինակ են: Ի դեպ, հենց վերջերս Երևանում պաշտպանած թեկնածուական իր դիսերտացիայում բանասեր Լուիզա Գասպարյանը հիմնավոր կերպով ևս մեկ անգամ հերքել է Թոմսոնի միտումնավորությունն ու սխալները՝ սկսած վերնագրի սխալ ընթերցումից («Հայաստանի պատմության» փոխարեն՝ «Հայերի պատմություն») մինչև Ատրպատականի փոխարեն Ադրբեջան գրելը։

— Հետաքրքիր է, թե ազգային-ազատագրական պայքարն ի՞նչ բնութագրումների է արժանացել:

— Հայոց ազգային-ազատագրական շարժումները կեղծարարների ամենագլխավոր թիրախներից են։ Օրինակ՝ Դավիթ-բեկի գլավորած Սյունյաց ապստամբությունը, ըստ Փանոսյանի, ազգային-ազատագրական պայքար չէր, այլ… այն այդպես են կոչում «նացիոնալիստ պատմաբանները», ընդ որում՝ իբր «այդպիսի մեկնաբանության արմատները գալիս են խորհրդային ժամանակաշրջանից» (էջ 114)։

Խոսելով Վարդանանց պատերազմի մասին՝ նա, հետևելով Ռ. Սյունիին՝ անտեսում է նրա ազգային-ազատագրական բնույթը՝ անհեթեթ կարծիք հայտնելով, որ դա միայն կրոնական պատերազմ էր: «Մահ իմացեալ անմահութիւն է» արտահայտությունը նրա կարծիքով վերաբերում է միայն հոգու անմահությանը, մահվանից հետո կյանքի գոյությանը, և ոչ մի դեպքում՝ հայրենիքի ազատության համար զոհվելուն (էջ 197): Այնինչ քրիստոնեական կրոնն այն ժամանակվա գաղափարախոսությունն էր և բնականաբար շաղկապված էր ազգային ինքնագիտակցությանը, այլ կերպ չէր կարող լինել: Արևմտյան Հայաստանը նկատի ունենալով, նա չակերտների մեջ է դնում՝ «կորուսյալ հողեր» արտահայտությունը, փաստորեն ծաղրելով հայրենիքի նկատմամբ հայոց ունեցած զգացմունքները (էջ 317, 388)։ Մի խոսքով՝ մեր ազգային բոլոր խորհրդանիշերն արևմտյան կեղծ-հայագիտության հարվածի տակ են հայտնվել: Եթե կարողացան դրանք ջարդել՝ հայ ժողովրդի արժանապատվությունը կկործանվի վերջնականապես: Այնուհետև հայերի հետ ցանկացած բան կարելի կլինի անել. նրանք ոչ զենքով կդիմադրեն, ոչ էլ առանց զենքի:

— Ուզում եմ առարկել. իմ կարծիքով մեր ազգային համընդհանուր դիմադրողականությունը դեռ ամուր է, միգուցե ճեղքեր կան, բայց խելացի գործողություններով դրանք կարելի է վերացնել:

– Բանն էլ հե՛նց այն է, որ մենք արդեն 20 տարի շարունակ ականատեսն ենք ոչխելացի գործողությունների։ Ցավոք և՛ Հայաստանում, և՛ Սփյուռքում տեղեկատվական-հոգեբանական անվտանգության ճակատը լայնորեն բաց է ամեն տեսակի ներխուժումների և ավերածությունների առջև, որովհետև այդ ճակատի պատասխանատվությունը հրապարակայնորեն ստանձնած հայկական կառույցները, մեղմ ասած, չեն կատարում իրենց գործը, այդ թվում՝ պետությունն իր բազմաթիվ պատկան մարմիններով, Սփյուռքի տարատեսակ կազմակերպությունները, եկեղեցին։ Թեկուզ հիշենք, թե հեռուստաեթերով զօրուգիշեր ինչ է մատուցվում մեր երիտասարդությանը. միայն սերիալները հերիք են, որ նրանց ազգային ոգին մեռնի: ՀԲԸՄ-ի կողմից «Արցախ» հորջորջված հասարակագիտական ամառային դպրոցի ֆինանսավորումն ինքնին խոսուն փաստ է։ Լրացուցիչ մեկնաբանությունների կարիք չունի նաև այն, որ անգամ Արցախում՝ հայոց սահմանագծին չեն հասկանում, թե ում են պատրաստվում գրկաբաց ընդունել և վստահել հայ երիտասարդների կրթադաստիարակչական գործը: Կրկնեմ հարցս՝ հայ ուսանողներին երիտսյունիներն ի՞նչ են սովորեցնելու՝ կեղծ պատմությու՞ն, ինքնատյացությու՞ն, կամազրկությու՞ն, պարտությու՞ն:

— Ուրիշ օրինակներ ձեզ հայտնի՞ են, թե սա մի անզգույշ սայթաքում է:

— Խնդրեմ՝ թուրքական «Անադոլու կուլտուր» կազմակերպությունը, հայկական Ազգաբանական հետազոտությունների կենտրոն «Հազարաշենը» և Հայաստանի դերասանների միությունը նախաձեռնել են մի հերթական հայ-թուրքական «երկխոսության» ծրագիր: Արևմտյան կեղծ հայագետները հաճախ են խոսում այն մասին, թե իբր պատմության ուսումնասիրությունը կապ չունի քաղաքականության հետ: Սակայն թեկուզ միայն այս ծրագրի նախաձեռնումը ցույց է տալիս, թե որքան մեծ է այդ կապը: Հապա ինչո՞ւ է օտար պետության քաղաքական կառույցը՝ Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունը՝ ֆինանսավորում մի ծրագիր, որն իբր կոչված է «լայնացնելու մասնակիցների գիտելիքները՝ պատմությունն ուսումնասիրելու մոտեցումների և գործիքների մասին»: Իսկ այդ ծրագրի հարցերից մեկը ձևակերպված է այսպես՝ «Անատոլիայի հայկական համայնքների ոչնչացումը 1915 թ.»: Այս կարճ ձևակերպման մեջ աղավաղված է միանգամից չորս հարց.

    1. Իրավական կշիռ ունեցող Հայոց ցեղասպանություն տերմինը չի գործածվում, փոխարենը խոսվում է ոչնչացման (destruction) մասին, որը կարող է նաև ցեղասպանություն չլինել և չնշանակել:
    2. Բնիկ հայ ժողովրդի իր հայրենիքում բնաջնջումն անվանված է ընդամենը «հայկական համայնքների» ոչնչացում, տպավորություն ստեղծելով, թե հայ բնակչությունն իբր թուրքական օվկիանոսի մեջ ցրված մեկուսի կղզյակներ էր ներկայացնում:
    3. Այդ «ոչնչացման» ժամանակը սահմանափակվում է միայն 1915-ով՝ պատրանք ստեղծելու համար, թե ոճրագործությունը պատերազմական թոհուբոհի հետևանք էր, այնինչ Հայոց ցեղասպանությունն իրականացվել է 1893-1923 թթ. ընթացքում՝ մի քանի փուլով:
    4. Վերջապես՝ Արևմտյան Հայաստանը թուրքավարի անվանված է Անատոլիա, որպեսզի իսպառ մերժվի հայերի՝ իրենց հայրենիքում բնաջնջված լինելու իրողությունը:

Թե ինչպես են կազմակերպիչները «լայնացնելու» հայ երիտասարդների գիտելիքները՝ արդեն հասկանալի է՝ աղավաղելով նրանց պատկերացումները սեփական պատմության մասին և Հայաստանում թուրքական ժխողականություն սերմանելով: Եթե թուրքական որևէ կազմակերպություն կամ անհատ չի ընդունում Հայոց ցեղասպանության փաստը, ապա նրա հետ որևէ համագործակցությունն անիմաստ է, այն կարող է միայն վնաս հասցնել հայկական կողմին։ Սա, իհարկե, առաջին դեպքը չէ. եռանդուն աշխատանքներ են տարվում հայ հասարակության, հատկապես երիտասարդության շրջանում թշնամու հետ համագործակցողներ՝ կոլաբորացիոնիստներ դաստիարակելու համար: 2009 թ. փետրվարին Թուրքիայի Նևշեհիր քաղաքում տեղի ունեցած նման մի հավաքում, որը կազմակերպել էին տնտեսական և սոցիալական ուսումնասիրությունների թուրքական TESEV հիմնադրամը (ի դեպ՝ սա վերոհիշյալ «Կովկասի ինստիտուտի» մշտական գործընկերն է), Հելսինկյան քաղաքացիական ասամբլեան և Կ. Պոլսում լույս տեսնող «Ակոս» օրաթերթը, ընդունել էր հայ և թուրք ուսանողների մի համատեղ հայտարարություն, որը ժխտում էր Հայոց ցեղասպանությունը՝ այն թուրքավարի անվանելով «1915թ. դեպքեր»: Հայաստանցի 20 հայ ուսանողներ այդ խայտառակ փաստաթղթի տակ դրել էին իրենց ստորագրությունները:

-Նման հակահայ գրոհները կանխելու հարցում, փաստորեն, մեր պետությունն անկարող է, մնում է դրանց հասարակական հնչողություն տա՞լը:

– Ես բազմիցս գրել և ահազանգել եմ, այժմ հնարավոր եմ համարում միայն ևս մեկ անգամ դրանց անդրադառնալը և ուշադրություն հրավիրելը: Խորհելու համար ևս մի քանի փաստ բերեմ Արցախում դասավանդելու հրավիրված Ռ. Փանոսյանի հակահայ գաղափարական դիրքորոշումների մասին։ Նա անվանում է Ջավախքը վրացական տերմինով՝ Ջավախեթի, հայոց այդ տարածքի նկատմամբ ազգային զգացմունքներն ու քաղաքական մոտեցումները դարձյալ բացասաբար է բնութագրում՝ դրանք իռեդենտիստական և նացիոնալիստական պիտակավորելով (էջ 317)։ Ավելին՝ 1988-1994 թթ. արցախյան ազգային-ազատագրական շարժումը Փանոսյանն անվանում է անջատողական` secessionist movement (էջ 317), ավելացնելով, թե այն՝ «նացիոնալիստական պահանջների կիզակետ դառնալով եկավ ամբողջովին փոխարինելու Սփյուռքի ահաբեկչական շարժմանը» (էջ 311)։ Փաստորեն, սա հե՛նց այն է, ինչ ասում են Բաքվում և Անկարայում՝ արցախյան գոյամարտը ոչ այլ ինչ էր, քան հայերի նացիոնալիստական և ահաբեկչական մի շարժում։ Ես ուզում եմ հարցս ուղղել Արցախի ղեկավար այրերին՝ արդյո՞ք տեղյակ եք այս ամենի մասին։ Իսկ եթե տեղյակ չե՞ք՝ դրանում ո՞վ է մեղավոր… Այսպես շարունակվելու պարագայում, չեմ զարմանա, եթե շուտով Ստեփանակերտում Ամառային դպրոց անցկացնեն Բաքվից ժամանած բունիաթովական «պատմաբանները»…

Հրաչուհի Փալանդուզյան

«Հայաստանի զրուցակից»,