Archive for the ‘Մարզական’ Category

Հիմա թուրքերի հետ քույրիկ-եղբայրի՞կ ենք դառնալու

18 Սեպտեմբերի, 2009

Ձյուդոյի առաջնության ժամանակ բացասական պատասխանեց հանդիսատեսը

Երեւանում սեպտեմբերի 11-ին մեկնարկած ձյուդոյի Եվրոպայի երիտասարդական առաջնության պաշտոնական բացման արարողությունը կայացավ սեպտեմբերի 12-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Արարողությանը ներկա էր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Հայաստան էին ժամանել 38 երկրների ներկայացուցիչներ (295 մարզիկներ, մարզիչներ, լրագրողներ):
Առաջնության պաշտոնական բացման արարողության համար երբ բեմ հրավիրվեցին մասնակից երկրների դրոշակակիրները, Թուրքիայի ու Ադրբեջանի ներկայացուցիչների երեւալուն պես դահլիճը դժգոհության “նոտա” արձակեց: Լրագրողական աշխարհի մի հատված այդ դժգոհությանը բավականին ընդգծված ջղային պահվածքով մոտեցավ. “Ախր չի կարելի”: Մյուս հատվածը կատաղեց. “Ինչու՞ չի կարելի, չե՞ք տեսնում՝ ի՞նչ են անում միջազգային խաղերի ժամանակ մեր գլխին”: “Ախր չպետք է իջնենք նրանց (թուրքերի-ադրբեջանցիների-Ա. Ք.) մակարդակին”,- լրագրողների “քաղաքակիրթ” հատվածն էր: “Դե մի իջե՜ք, վաղն էլ կդնեն ու խոզի պես էլի կմորթեն: Դուք էլ քաղաքավարի-քաղաքավարի կմորթվեք”,- մյուս հատվածն էր: Ու այդպես վիճաբանեցին “քաղաքակիրթ” ու “գեղցի” հայերը: Ես, որպես լրագրող, առաջին անգամ չներքաշվեցի այս կարգի վիճաբանության մեջ: Բայց ուշադիր զննում էի երկու կողմերին էլ. հայ-թուրքական հարաբերությունների մասին խոսելիս չափից ավելի քաղաքակիրթ երեւալ ջանացողներից քաղքենու հոտն առա, իսկ “գեղցիները” պարզապես իրատեսներ էին: Վեճը երեւի երկար կշարունակվեր, եթե դահլիճի լռությունը չճեղքեր հայ հանդիսականների երգը՝ “Ուս-ուսի տված, առյուծի նման, եկել է ժամը, ժամը հաղթության”… Միայն թե երգից հետ մի հատվածը հիստերիկաբար զզվեց “գեղցիներից”, մյուսն էլ առողջ ծաղրեց “քաղաքակիրթներին”…

Աստղինե Քարամյան

“Լուսանցք”  Թիվ 117, սեպտեմբերի 18 — 24, 2009թ.