Archive for the ‘Զանազան’ Category

Կողմնորոշվեք ու… հայակենտրոն եղեք

19 Մարտի, 2010

Մեր թերթի նախորդ թողարկումում անդրադարձել էինք եզդի-քրդական նոր տարաձայնություններին (“Հայերը եւ քրդերն ու եզդիները” հոդվածում), որը երկար տարիների պատմություն ունի: Այսօր էլ աշխարհում ապրում են տասնյակ միլիոնավոր եզդիներ եւ քրդեր, որոնք միշտ ծագումնաբանական ու հավատամքային խնդիրներ են ունենում: Հիմնական տեսակետներից մեկն այն է, որ նույն ծագումնաբանությամբ եզդիներն ու քրդերը տարաձայնությունների մեջ են հայտնվել այն բանից հետո, երբ միասնական այդ ժողովրդի մի մասը մահմեդական կրոնն ընդունեց, իսկ մի մասն էլ մնաց իր հին՝ արեւապաշտական հավատին: Մահմեդական մասը քրդացավ, իսկ արեւապաշտները շարունակեցին մնալ եզդի: Սակայն քրդական տեսակետ կա նաեւ, որ քրդերը մարերի հետնորդներն են, կա նաեւ նրանց պարսկական ծագում ունենալու տեսակետը: Այսօր ոչ միայն Հայաստանում կամ Կովկասյան տարածաշրջանում, այլեւ Մերձավորարեւելյան տարածքում միլիոնավոր քրդեր եւ եզդիներ են բնակվում, որոնք միմյանց հետ առավել խիտ են բնակեցված հատկապես Իրաքում: Թուրքիայի, Սիրիայի եւ Իրանի տարածքներում գերակշռում են քրդերը:

Եթե քրդերն իրենց համարում են մարերի (Մարաստան) ժառանգորդներ, ապա առնվազն զարմանալի է, որ նրանք տարիներ շարունակ պայքարում են Մերձավորարեւելյան Միջագետքի տարածքում Քրդստան (Հայաստանի (Արեւմտյան Հայաստանի), Իրանի, Սիրիայի եւ Իրաքի տարածքներում) ստեղծելու համար` մոռանալով ժամանակին Իրանից դեպի հյուսիս-արեւելք եղած Մարաստանի մասին: Իսկ եթե քրդերը Միջագետքի տարածքում բնակված եզդիների մի մասն են, ապա ի՞նչ խնդիր են լուծում, երբ այդ տարածքում (եւ այլուր) երբեւե գոյություն չունեցող Քրդստան են ուզում ստեղծել: Այս դեպքում, Միջագետքյան այդ տարածքում (իհարկե որոշակի սահմաններրի մեջ) առավել հասկանալի (գուցե նույնպես ոչ ընդունելի) կլիներ Եզդիստանի ստեղծումը, քան՝ Քրդստանի:

Իսկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ “Աշխարհի եզդիների միության” նախագահ Ազիզ Թամոյանն ասաց, որ ինքը նամակով դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն, ԱԺ, որում բողոքել է, թե ՀՀ-ում ապրող քրդացած եզդիները իրավունք չունեն մի ամբողջ եզդի ազգի քուրդ անվանելու: Նա նամակում նշել է, որ Հայաստանում փակեն բոլոր քրդական թերթերն ու կազմակերպությունները, քանի որ դրանք իրականում պատկանում են ոչ թե քրդերին, այլ՝ քրդացած եզդիներին:

Ա. Թամոյանը նշել է, որ “եզդիները քրդերի հետ ծագումնաբանական կապ չունեն”, եւ իրենք լրիվ տարբեր մշակույթ ու տարբեր լեզու ունեն. “Մենք Թուրքիայում ապրող քրդերի լեզուն չենք հասկանում, իսկ Հայաստանում քրդացած եզդիները խոսում են նույնպես եզդիերեն, ուղղակի նրանք քրդացել են՝ ելնելով որոշակի շահերից: Եթե իրենք իրենց քուրդ են անվանում, ապա թող քրդերեն խոսեն ու իրենց մշակույթն ու ավանդույթները պահպանեն… Բայց ինչու՞ են այդ քրդացած եզդիները խոսում եզդիերեն ու ապրում մեր ավանդույթներով”,- բարձրաձայնել է նա եւ ակնկալում է պատասխանն ստանալ ՀՀ քրդական համայնքից:

Իսկ մենք` հայերս, ակնկալում ենք հայակենտրոն քաղաքականություն եւ եզդիներից, եւ քրդերից… Վահագն Նանյան “Լուսանցք” թիվ 141, մարտի 19-25, 2010թ.

Հա՞րց, թե՞ պատասխան

19 Մարտի, 2010

Մեր օրերում շատ է լինում, երբ ծնողդ, բարեկամդ, ընկերդ ու հարեւանդ ինչ-որ բանով մտահոգված, կամ տոգորված- ոգեւորված խոսք են բացում, խորհուրդ տալիս ու խրատում եւ այնուհետ վիրավորվում ու նեղսրտում, որ բնությամբ կամ ընտրությամբ հարազատը իր լավ միտքը չի ընկալում-չի հասկանում:
Եվ նա բնավ չի ենթադրում, որ քեզ համար չեղած հարցին պատասխան է պարտադրում:
Դրա համար ինչ-որ չափով չեղած հարցեր մտքից պեղենք:
Ո՞րն է Իմաստությունը, հասկանա՞լը, թե՞ հասկացնելը:
Թե հասկանալը, ապա ու՞ր է այն: Այնպես է չքվել, որ թվում է` երբեք չի եղել:
Իսկ հասկացնողի հասկանալն ու՞ր է:
Ինչու չգիտի՞, որ բղավելով խոսելը զուր է:
Մերօրյա կյանքում ինչքա՜ն առատ է հասկացնողի կեցվածքն ու ջանքը:
Որքա՜ն առատ է ինքնաքծնանքի ձեւ հանդիսացող ենթադրության “ապացուցումը”:
Որքա՜ն առատ է անորոշ ուղու մատնացուցումը:
Որքա՜ն առատ են չիրականացած ակնկալիքից լարված ջղերը:
Որքա՜ն առատ են անակնկալից ծալված ծնկները:
Երբվանի՞ց խզվեց աչք ու ականջի փոխադարձ կապը:
Երբվանի՞ց սրված ականջի լուրը ստիպեց խոհեմ աչքերին չռվել:
Ե՞րբ է չքացել եւ ու՞ր է կորել մեր Նախնիների կուտակած փորձը:
Այս ե՞րբ շփոթվեց գործիքն ու Գործը:
Այս ե՞րբ գործիքը դարձավ նպատակ, իսկ Գործը՝ միջոց:
Մինչեւ ե՞րբ պիտի հավատի համար մարդը վճարի ու ոչ էլ ճարի:
Մինչեւ ե՞րբ պիտի մարդու ուղեղը անբանությունը նպատակ համարի:
Միտքս ավարտեմ իմ լավ ընկերոջ՝ հորից ժառանգված գործածող խոսքով. “Ցավներդ տանեմ վարդի մուրաբով”, ձեր մտերիմին օգտակար կլինեք, եթե այդ պահին նրան անհրաժեշտ հարցերը ուղղեք: Իսկ պատասխանը թող ինքը գտնի, որ չկորցնի:

Անդրանիկ Աթոյան

“Լուսանցք” թիվ 141, մարտի 19-25, 2010թ.

Շնորհավոր երկնային ու երկրային գարնանամուտ

12 Մարտի, 2010


… Այլեւս իր իրավունքների մեջ է Ջրհոսի Տիեզերաշրջանը:
Մենք արդեն անդրադարձել ենք, որ ՏԻԵԶԵՐԱԿԱՆ (…ոչ ՀԱՄԱՏԻԵԶԵՐԱԿԱՆ, այլ՝ մեր Արեգակնային համակարգի գալակտիկական պտույտների) յուրաքանչյուր ամիս տեւում է 2.160 երկրային տարի, յուրաքանչյուր եղանակ (Գարուն, Ամառ, Աշուն, Ձմեռ)՝ 6.480 երկրային տարի, յուրաքանչյուր տարի՝ շուրջ 25.920 երկրային տարի: Մենք արդե՛ն դուրս ենք գալիս ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ՁՄՌԱՆ “խոր քնից” եւ մեզ 3X6480 =19.440 երկրային տարի ուղեկից են լինելու ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ԳԱՐՈւՆԸ, ԱՄԱՌԸ եւ ԱՇՈւՆԸ:
Տիեզերական Ձմեռը (առհասարակ՝ ձմեռը) ԲՆՈւԹՅԱՆ մեջ հարաբերական մահ (քուն, գենետիկ պասիվացում) է խորհրդանշում: Այս ժամանակահատվածում ԱՐԵԳԱԿԻ (ԱրԷգԱկ-ի) ազդեցության չափը նույնպես թուլանում է, եւ դա, բնականաբար, փոխանցվել էր հենց ԱՐԻԱԿԱՆ (ինքնըստինքյան՝ նաեւ ՀԱՅ-ԱՐԻԱԿԱՆ) տեսակին, որն առժամանակ “գենետիկ նիրհի” մեջ էր հայտնվել……
Հարաբերական մահվան տիեզերաշրջանում, օգտվելով ԱՐԻԱԿԱՆ տեսակի ԲՆԱԿԱՆ տկարությունից (նաեւ սա իմանալով), հողածինները հուրածիններին պարտադրեցին իրենց քաղաքակրթությունը……
Հետզհետե տկարացող ՀԱՅ-ԱՐԻԱՑԻՆԵՐԻՆ շուրջ 1800 տարի առաջ պարտադրվեց քրիստոնեական քաղաքակրթությունը, որն ունենալով որոշակի (հնից փոխառած) լուսավոր դրույթներ, ամբողջապես հենվեց հուդայականության (հողածնային) հիմքին եւ պարուրվեց սարսափազդու եհովականությամբ՝ ջհուդական հին կտակարանով… “Հուր էիր՝ հուր դարձիր”-ը փոխվեց “Հող էիր՝ հող դարձիր”-ով, եւ ԱՐԻԱԿԱՆ տեսակի Հոգե-Ոգեղեն՝ միշտ դեպի ՏԻԵԶԵՐՔ սավառնող ԼՈւՅՍԸ թաղվեց անդրաշխարհում՝ ԱրԷգԱկ-ի բնական Լույսը փոխարինվեց Լու(յ)սնի՝ ԼույսՍին-ի սին լույսով… Եվ ավերվեցին ու այրվեցին ՀԱՅՈՑ ՏԱՃԱՐՆԵՐԸ, ԳԻՐՆ ու ՄԱՏՅԱՆՆԵՐԸ, ՊԱՏՄՈւԹՅՈւՆՆ ու ԱՐՄԱՏՆԵՐԸ… Մեզ հրամցվեց այլը՝ օտարինը:
Սակայն, արթնանում է ԱՐԻԱԿԱՆ (ՀԱՅ-ԱՐԻԱԿԱՆ) ԳԵՆԸ եւ շուտով (նաեւ կախված մեր գիտակցության վերականգնման ընթացքից)՝ մոտ 26 հազար երկրային տարի, ՆԱ գերիշխելու է ՄՈԼՈՐԱԿԻ վրա: Սա գիտակցում են նաեւ հողածինները (բնազդով) եւ… պատրաստվում են ԵՐԿՐԱՅԻՆ ՊՂԾՎԱԾ ԻՇԽԱՆՈւԹՅՈւՆԸ հանձնել ԵՐԿՆԱՅԻՆ ՍՐԲԱԶԱՆ ԻՇԽԱՆՈւԹՅԱՆ կրողներին: Սա ԲՆՈւԹՅԱՆ պահանջն է, այլապես՝ ՄԱՐԴԿՈւԹՅՈւՆԸ կրկին ստեղծելու է իր “Նոյյան Տապանը”, որպեսզի հանգրվանի ԱՐԱՐԱՏ-ի ԼԵՌՆԱՇԽԱՐՀՈւՄ… Կամ՝ մարդկությունը պետք է նախապատրաստվի մեկ այլ Տիեզերական աղետ-պատժի……
Միշտ պետք է հիշել — ԱՐԱՐԻՉԸ ԱՐԱՐԵՑ ԱՐԱՐԱԾԻՆ ԱՐԱՐԱՏՈւՄ, ԵՎ ԱՅԴ ԱՐԱՐՎԱԾ ԱՐԻԱԾԻՆ ԱՐԱՐԱԾԸ ԱՐԻԱՑԻՆ Է՝ ԱՐԻ ՄԱՐԴԸ՝ ԱՐԻ ՄԱՆԸ՝ ԱՐՄԱՆԸ ԿԱՄ ԱՐՄԵՆԸ……
Այս համապատկերում էլ “Լուսանցք”-ը շնորհավորում է հայությանը, բոլոր արիներին, այդ թվում՝ մեր ընթերցողներին, երկրային գարնան նորամուտով, իսկ հայուհիներին՝ պետականորեն կանանց տոնական մեկամսյակի (մարտի 8-ապրիլի 7) առթիվ:
Ապրե՛ք սիրո մեջ, երջանիկ ու բախտավոր, հա՛յ կանայք:
Թո՛ղ ազատ ու հպարտ ապրեն հայե՛րն ու Հայաստա՛նը:
Թո՛ղ վերականգնվի Արարչության Օրրան՝ Արիական Հայաստանը…

Արման Դավթյան

“Լուսանցք” թիվ 140, մարտի 12-18 2010թ.

Եզդա-քրդական զգուշացու՞մ` ուղղված ՀՀ իշխանություններին

12 Մարտի, 2010

Եզդիների միության երեւանյան գրասենյակում օրերս հավաքվել էին ՀՀ տարբեր մարզերից եկած մի խումբ եզդիներ, ովքեր բողոք ունեին արտահայտելու:
Նրանց մի մասը գնացել էր Եվրոպայի խորհրդի գրասենյակ` դիմում-նամակ հանձնելու, իսկ մյուս մասը տեղում իրենց անելիքներն էր որոշում: “Մենք եզդի եղել ենք, կանք ու կլինենք”,- ասել է Մասիսի տարածաշրջանի եզդիների միության համայնքի անդամ Քյարամ Սոլոյանը: Հավաքվածները բողոքում էին, թե ՀՀ իշխանությունները փորձում են իրենց քրդացնել եւ անտեսել որպես եզդի ազգ. “Եզդի ազգը խանգարում է քրդական համայնքներին, նրանք իշխանությունների միջոցով փորձում են մեզ միավորել իրենց հետ: Ասում են 22 գյուղ քուրդ կա, բայց ընդամենը մի ընտանիք քուրդ կա: Եվրախորհուրդը մեզ որպես ազգ է ներկայացրել, բայց Հայաստանում մեզ ուզում են քրդացնել”:
Արարատի մարզի բնակիչ Ահմադ Վարոսյանը նշել է, թե ՀՀ գյուղատնտեսության նախարարն ասել է, որ եզդի ժողովուրդ չկա: “Բայց որ համայնքներով պտտեն, կտեսնենք` քրդեր կա՞ն, թե՞ ոչ (այս վեճը տասնյակ տարիներ առաջ է սկսել Հայաստանում)”,- ըստ որոշ եզդիների, ՀՀ իշխանավորները մտածում են, որ Հայոց ցեղասպանությունը քրդերը պետք է հաստատեն, “դրա համար նրանց լավ երեւալու համար եզդիներին անտեսում են”:
Բողոքավորները տեղեկացրին, որ ՀՀ քրդական համայնքը մի քանի դիմում-բողոքներ է ուղարկել վարչապետին, նախագահին, թե եզդի ազգ գոյություն չունի, նրանք ազգությամբ քուրդ են, իսկ եզդին կրոնական պատկանելություն է:
Եվ ահա, եզդիներն էլ զգուշացնում են, որ եթե “իրենց լեզվին, ազգին “կպչեն”, ապա իրենք հաճախակի դիմում-ակցիաներ կանեն տարբեր կառույցների մոտ”:

* * *
Թուրքիան պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը եւ ներողություն խնդրի Հայաստանից: Այսպես հայտարարել է Թուրքիայի խորհրդարանի քրդական “Խաղաղություն եւ ժողովրդավարություն” կուսակցության Բիթլիսից ընտրված պատգամավոր Մեհմեդ Նեզիր Քարաբաշը՝ մեկնաբանելով օրեր առաջ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում Ցեղասպանության բանաձեւի ընդունման փաստը:
Մ. Ն. Քարաբաշը նշել է, որ դարասկզբին հայերի հետ տեղի ունեցածը երբեք Թուրքիայում չի քննարկվել ու չի ընդունվել, եւ ամոթ է, որ ապրիլի 24-ից առաջ ԱՄՆ-ն եւ եվրոպական երկրների խորհրդարաններն են քննարկում դա եւ ոչ թե Թուրքիան:

Վահագն Նանյան

Հ. Գ. — Հետաքրքիր է, որ պատմագրության մեջ մեկ այլ փաստ էլ է առկա:
Ըստ այդ փաստերի, Արեւմտյան Հայաստանի տարածքում ապրող քրդերը 1915-1923թթ. ցեղասպանության ընթացքում հաճախ են օժանդակել օսմանյան ջարդարարներին, սակայն, հիմնականում օրինակներ են բերվում, թե ինչպես են որոշ քրդեր փրկել հայերին՝ զանգվածային կոտորածների ժամանակ: Այս առումով եղել են նաեւ թուրք ընտանիքներ, որոնք փրկել են հայերի, սակայն… ցեղասպանությունը եղել է, եւ դա անհերքելի է:
Եթե եզդիները ճիշտ են, եւ ներկայիս իշխանությունները փորձում են աշխատել քրդական գործոնի հետ ինչպես Հայաստանում, այնպես էլ Թուրքիայում, ապա պետք է հիշեն, որ քրդերը թուրքերից ոչ պակաս ուժգնությամբ են ցանկանում տիրել Արեւմտյան Հայաստանի հողերին՝ ապագա Քրդստանի ստեղծման համար:
Հիշեցնենք` ժամանակին քրդերը հայերին նույնիսկ առաջարկել են (իհարկե` ոչ պաշտոնապես) Արեւմտյան Հայաստանի տարածքում (նաեւ` Իրանի, Իրաքի եւ Սիրիայի) հայ-քրդական պետություն ձեւավորել……
Այնպես որ, անհրաժեշտություն է բոլոր կողմերի հետ աշխատելը, սակայն, հարկ է լինել միշտ զգույշ եւ հայակենտրոն:

“Լուսանցք” թիվ 140, մարտի 12-18 2010թ.

Շամիրամի բարդույթ կամ իգական հաննիբալիզմ

26 Փետրվարի, 2010

Պատմական զուգահեռներ, որ էպոսներից մեր օրերն են հասնում

Կենսաբանական միեւնույն տեսակի առանձնյակների՝ միմյանց խժռելու, ոչնչացնելու երեւույթն ընդունված է անվանել հաննիբալիզմ: Դա դիտվում է թե ցածրակարգ եւ թե բարձրակարգ կենդանիների` սարդերի, շնաձկների, գայլերի մոտ: Ինչպեսեւ` մարդկանց շրջանում: Հաննիբալիզմի յուրաքանչյուր դրսեւորում ունի իրեն հատուկ դրդապատճառային համակարգը, որի հենքը բնազդային գործոններն են: Հաննիբալիզմի դրսեւորումները կարելի է դասակարգել ըստ սեռային, տեսակային, մարդկանց մոտ նաեւ անձնային, կրոնական, կենցաղային, ռազմաքաղաքական եւ այլ հատկանիշների: Ընդհանուր գծերով արական ագրեսիվությունը վարքի բնական առողջ մակարդակում չի վերածվում էգի դեմ ուղղված հաննիբալիզմի: Արական ագրեսիվությունն ունի ներսեռային ուղղվածություն՝ պայմանավորված բազմացման հետ առնչվող մրցակցությամբ, ասենք, առյուծների խմբում ավելի կենսունակները ոչնչացնում կամ խմբից հեռացնում են թույլ մրցակիցներին` էգերի մոտ բազմացման բնազդն ակտիվացնելու համար: Պայմանավորված տեսակի գենդերային զարգացմամբ՝ առանձնակի հետաքրքրություն է իգական ագրեսիայի եւ հաննիբալիզմի ուսումնասիրումը:
Տրիբոլիում բզեզների պոպուլիացիայի վրա կատարված գիտափորձերը ցույց են տվել, որ, սննդաքանակի փոքր պաշարով պայմանավորված, էգերը սկսում են խժռել ոչ միայն իրենց ձվերը, այլեւ սպանում են թրթուրների որոշակի քանակություն: Էգը թողնում է այնքան ձու կամ թրթուր, որոնց համար կբավականացնի սննդի առկա պաշարը: Դրանով էգ օրգանիզմը սերնդի մի մասի համար իրական հնարավորություն է ստեղծում վերածվելու առողջ եւ հասուն բզեզների:
Վ. Ի. Լունկեւիչը նկարագրում է հացաբզեզների՝ արուների մեռնելը էգերին բեղմնավորելուց հետո: Այս երեւույթը հատուկ է նաեւ շատ ձկնատեսակների, որոնք ձկնկինթ դնելուց հետո մեռնում են եւ ամբողջ կենսատարածքը թողնում աճող սերնդին: Որոշ տեսակի միջատների (սարդեր, աղոթարարներ) էգերը բեղմնավորումից հետո խժռում են արուներին: Նման ձեւով էգը լուծում է`
ա. բազմացնան նոր փուլ մտած իր օրգանիզմի համար սննդի հարցը,
բ. տվյալ կենսատարածքում նույն որձի կողմից իրեն մրցակից այլ էգի չբեղմնավորելու հարցը,
գ. ծնվելիք ձագերին ներտեսակային մրցակցությունից առավելագույն պաշտպանության հարցը:
Թռչունների էգերը, հանդես բերելով ընտրողականություն, սպանում են հիվանդ ճտերին: Նույն կերպ են վարվում էգ խոզերը թույլ, հիվանդ ձագերի հետ: Էգ գայլը սովի դեպքում ուտում է առավել թույլ ձագերին, որպեսզի ուժեղներին կաթ տա, իսկ վտանգի դեպքում, առաջին հերթին, փրկում է առավել ուժեղ ձագին: Հնդկական կոբրան, որ սնվում է օձերով, շուրջ 60 օր հերթապահում է իր ձվերի մոտ, սակայն ձագերի ծնվելուց անմիջապես առաջ հեռանում է, որպեսզի չուտի նրանց:
Ըստ Վին-Էդվարդսի տեսության, կենդանական յուրաքանչյուր տեսակ ձգտում է վերարտադրել իրեն այնպիսի քանակությամբ, որպեսզի լրիվ զբաղեցնի իր բնակատեղին առանց գերբնակեցման: Համաձայնելով այս տեսությանը՝ նկատենք միայն, որ վերարտադրման մեխանիզմում, գործընթացում, եթե արուները կենսատարածքին տիրանալու, էգին բեղմնավորելու համար մեկը մյուսին անմիջականորեն վնասում են կամ խժռում, ապա էգերի մոտ, որպես օրինաչափություն, բացակայում է անմիջական ներսեռային պայքարը:
Սոցիալական կազմակերպվածության հոմեոստատիկ տեսությունը բացատրում է պոպուլիացիայի պահպանման մեխանիզմը, ըստ որի՝ կենդանիների սոցիալական կյանքի բոլոր ձեւերն առաջ են եկել որպես միջոցներ իրենց տեսակի տեղաբաշխման խնդիրը լուծելու համար: Ցածրակարգ կենդանիների մոտ դրանք վարքի բնազդային, ինքնաբերաբար եւ անգիտակցաբար գործող մեխանիզմներ են:
Բնական է ենթադրել, որ մարդու, որպես կենսաբանական տեսակի, վարքում որոշակի իրավիճակներում դրսեւորվում են բնազդային հիմքով պայմանավորված ֆիզիկական եւ հոգեկան ագրեսիայի դեպքեր: Ըստ հոգեբան Ա. Նալչաջյանի, “մարդկային հասարակության մեջ եւս բնակչության աճի ու տեղաբաշխման խնդիրներն առաջ են գալիս եւ լուծվում են մի շարք կենսաբանական ու մշակութային, կամածին եւ ոչ կամածին մեխանիզմների օգնությամբ”: Մարդկային ագրեսիվ վարքագիծը՝ պայմանավորված բազմացման գործոններով, մարդիկ նկարագրել ու քննարկել են անհիշելի ժամանակներում: Այդպիսով նման իրադարձությունները, երեւույթները մտել են առասպելներ, հեքիաթներ, պատմվածքներ, դրամաներ եւ արտահայտվել մշակութային այլ դրսեւորումներում:
Կին-երեխա-տղամարդ հարաբերությունները Հին աշխարհում արտացոլվել են Միջագետքում (Սենաար, Աքքադ, Ասորիք), Արարատում, Հին Եգիպտոսում, Հելլադայում:
Որպես խնդրո առարկա կամ նախապատմություն, պահպանված ստեղծագործություններից կերպարների գունեղությամբ առանձանանում է հատկապես Ասորեստանի թագուհի Շամիրամի անվան հետ կապված առասպելը: Պետք է նշել, որ տվյալ կերպարը հավաքական է եւ սերտորեն առնչվում է սենաարցիների (շումերներ) եւ արարատցիների առասպելներին ու պատմական դեպքերին:
Ըստ “Գիլգամեշ” էպոսի, Իշտար աստվածուհին սիրահարվում է իր ազգական Դումուզ (Թումուզ) գեղեցկատես երիտասարդին ու ամուսնանում նրա հետ: Հետո դավաճանում է Դումուզին եւ նրան ուղարկում հանդերձյալ աշխարհ՝ իր քույր-աստվածուհու մոտ: Հետագայում նա սկսում է սիրահետել Ուրուկ (Արեկ) քաղաքի թագավոր, մարդաստված Գիլգամեշին: Իր սերը մերժած Գիլգամեշին Իշտարը փորձում է սպանել տալ Էնկիդու անտառամարդու միջոցով: Մահափորձը չի ստացվում: Էնկիդուն ու Գիլգամեշը սկզբում կռվում են, բայց հետո տուրք տալով բանկանությանը՝ եղբայրանում են: Իշտարն այս անգամ որոշում է սպանել երկուսին էլ: Այդ նպատակով հոր օգնությամբ Երկիր է ուղարկում Երկնային ցուլին: Եղբայրները սպանում են ցուլին, սակայն ծանր վիրավորված էնկիդուն զոհվում է: Գիլգամեշը որոշում է ոչ թե վրեժխնդիր լինել Իշտարից, այլ հաղորդակցվել նախնիների իմաստությանն ու Ուտնափիշտիմից իմանալ անմահության գաղտնիքը:
Հետագայում Նինվեում Իշտարը նույնացվեց գեղեցկուհի Շամիրամի հետ: Շամիրամն ամուսնանում է Նինվեի արքա Նինոսի հետ եւ որդի է ունենում: Նրան կոչում է Նինուաս: Շամիրամը սպանում է ամուսնուն ու տիրանում գահին: Որդին հեռանում է տանից, Շամիրամը սիրո եւ ամուսնության առաջարկ է անում Հայոց Արա Գեղեցիկ արքային: Արան, պաշտպանելով իր երկիրը բաբելոնյան բարքերից, Շամիրամին հայտնում է, որ ինքը չի դավաճանի կնոջն ու մերժում է առաջարկը: Մերժված Շամիրամը որոշում է բռնությամբ տիրանալ Արային եւ արշավում է Հայաստան: Նախնիների բարքերն ու իր ընտանիքը պաշտպանող Արա Գեղեցիկը ճակատամարտում զոհվում է: Շամիրամը փորձում է կենդանացնել Արա Գեղեցիկի դիակը, որպեսզի բավարարի իր մարմնական ցանկությունը: Հետո սկսում է հուռութքներով դյութել հայ տղաներին: Նինվեում ապստամբում է ու գահին տիրանում Նինուասը: Հարազատ որդուց հալածվող Շամիրամը վերածվում է աղավնու, համբարձվում երկինք ու դառնում աստվածուհի:
Այս առասպելում կնոջ կողմից տղամարդու ոչնչացմանն ուղղված ցանկությունն ու դրա իրականացման փորձն է:
Հիմք ընդունելով “Շամիրամ” գրական կերպարի հնությունը, խորությունն ու գունեղությունը՝ նպատակահարմար ենք գտնում բազմացման գործոններով պայմանավորված, կնոջ կողմից իր տեսակի մյուս ներկայացուցիչների ոչնչացմանն ուղղված հոգեվիճակն անվանել “Շամիրամի բարդույթ”: Հիշատակված օրինակներում իգական ագրեսիան ուղղված է ամուսնու, իր սերը մերժած տղամարդու եւ ամուսնու իրավահաջորդ որդու դեմ: Իգական ագրեսիան արտացոլված է նաեւ հելլենական առասպելներում: Հերակլեսի կինը՝ Դեյանիրան, անհանգստանալով, որ ամուսինը կամուսնանա ուրիշ կնոջ՝ Իոլեի հետ, ամուսնուն է ուղարկում իր ձեռքով հյուսած մի թիկնոց: Թիկնոցին քսում է Նեսոս կենտավրոսի արյունը՝ հուսալով, որ այդպես կվերադարձնի ամուսնու սերը: Դեյանիրան չգիտեր, որ այդ արյունը վարակված է Լերնեյան հիդրայի թույնով:
Հերակլեսն իր վրա գցելով թիկնոցը՝ թունավորվում է: Աստվածները մահամերձ հերոսին տանում են երկինք, անմահություն են պարգեւում եւ ամուսնացնում: Անսահման է լինում Հերակլեսի որդու՝ Հելիոսի զայրույթն ու վիրավորանքը՝ ուղղված մորը: Նա ասում է.
— Օ՜, ինչպես կուզենայի երեքից մեկը գոնե տեսնել. կամ դու կենդանի չլինեիր, կամ ուրիշը քեզ մայր կոչեր եւ ոչ թե ես, կամ ավելի խելամիտ լինեիր, քան ես: Իմացիր, ուրեմն, դո՛ւ եղար ամուսնուդ՝ իմ հոր մահվան պատճառը:
Դե, իսկ “Ոդիսականում” կախարդուհին տղամարդկանց վերածում է խոզերի` նրանցով սնվելու համար: Աստվածաշնչում նույնպես կան խնդրո առարկա պատկերներ: Օրինակ, Ռաքելը՝ Հովսեփի եւ Հակոբի մայրը, նախընտրում է խելացի Հակոբին որսորդ Հովսեփից: Օգնում է Հակոբին խաբել հորը եւ արժանանալ հայրական օրհնանքին: Հակադրվելով ամուսնուն՝ մայրն օգնում է ինտելեկտուալ զավակին՝ ամրացնել սոցիալական դիրքերը:
Հերովդեան ուզում էր ամուսնանալ մահացած ամուսնու եղբոր հետ: Եվ իր ամուսնությանը խանգարել փորձող բարոյագետ Հովհաննես Մկրտիչի ոչնչացմանն են ուղղված Հերովդիայի ջանքերը (Մարկոս, գլ. 6): “Եվ Հերովդիան նրա դեմ ոխ էր պահում եւ ուզում էր սպանել նրան եւ չէր կարողանում: Որովհետեւ Հերովդեսը Հովհաննեից վախենում էր նրան արդար ու սուրբ մարդ ճանաչելով”: Սակայն, այնուամենայնիվ, դստեր` Սաղոմեի օգնությամբ Հերովդիան ստանում է Հովհաննես Մկրտիչի գլուխը:
“Հազար ու մեկ գիշեր” հեքիաթաշարի հերոսուհիներից մեկն ամորձատում է իրեն լքած տղամարդուն: Մեկ այլ հերոսուհի իր ամուսնուն կիսով չափ քարի է վերածում, քանի որ սա մահացու վիրավորել էր կնոջ հոմանուն: Իգական ագրեսիայի ուշագրավ դրվագ կա նաեւ Ֆիրդուսու “Շահնամե” էպոսում: Իրանի շահի՝ Քեհ Քաուսի երկրորդ կինը սկսում է սիրահետել Սիավուշին՝ Քեհ Քաուսի որդուն: Սիավուշը մերժում է վավաշոտ թագուհու սերը: Թագուհին Սիավուշին ոչնչացնելու համար նրան զրպարտում է արքայի մոտ: Զրպարտված որդին պետք է անցներ կրակի միջով, այսինքն՝ ենթարկվեր մահացու փորձաքննության: Սիավուշն անցնում է կրակի միջով ֆիզիկապես անվնաս, բայց հոգեպես վիրավորված՝ հեռանում է հայրական տնից: Իգական ագրեսիայի դրվագներ կան նաեւ հայոց “Սասունցի Դավիթ” էպոսի համահավաք բնագրերում եւ մշակումներում: Բախումները հիմնականում հետեւյալ կերպարների միջեւ են` ա. տարբեր ցեղամայրեր՝ Արմաղան եւ Իսմիլ Խաթուն, բ. Սասունցի Դավիթ եւ նրա հորեղբոր կին Սառյե, գ. Սասունցի Դավիթ եւ Արտատեր Պառավ, դ. Սասունցի Դավիթ եւ Չմշկիկ Սուլթան, ե. Սասունցի Դավիթ եւ Խանդութ Խանում, զ. Սասունցի Դավիթ եւ իր Դուստրը՝ Չմշկիկ Սուլթանից, է. Փոքր Մհեր եւ մոլորված հարս (ջուր փնտրող):
Արմաղանի եւ նրա հակառակորդ Իսմիլ Խաթունի միջեւ պայքարը ծպտված է: Վերջինս որդի ունենալու համար Մեծ Մհերին հարբեցնելով՝ պահում է իր տանը: Մհերը սթափվում է այն ժամանակ, երբ պատահաբար լսում է, թե ինչպես է Իսմիլն իրենց որդուն՝ կրտսեր Մսրա Մելիքին խրատում՝ քանդել հայի տունը: Մեծ Մհերը, թողնելով որդուն եւ օտար ցեղի կնոջը, վերադառնում է պապենական տուն: Որդի ունենալուց հետո մահանում են ինքն ու կինը: Նրա որդին՝ Մանուկ Դավիթը, անցնում է հորեղբոր՝ Ձենով Օհանի խնամքի տակ: Պատանի Դավթին սիրահետում է հորեղբոր կինը՝ Սառյեն: Դավթին առաջարկում է իր գլխին ջուր լցնել՝ հուսալով, որ Դավիթը կտեսնի իր մարմինն ու իրեն կցանկանա: Բայց տեսնելով, որ Դավիթն աչքերը փակած է ջուր լցնում ու իրեն չի նայում՝ արյունոտում է դեմքն ու զրպարտում Դավթին սեռական նկրտումների համար: Դավթի առաջ փակվում է հայրական տան դուռը: Դավիթը, հորեղբորն ասելով, որ նա իր լիրբ կնոջից խաբված է, հեռանում է քաղաքից: Ավելորդ չէ նշել, որ ցեղի կացարանից հեռացվելն անհատի համար հավասար էր ոչնչացման: Հետաքրքիր իրողություն է այն, որ էպոսում բեղունության արական խորհրդանիշ Ջրհոս Վերգոն եւս ապաստան չի տալիս եղբորորդուն: Դավիթը գնում ու ապաստանում է Արտատեր Պառավի մոտ:
Սասունցի Դավիթը նշանվում է Չմշկիկ Սուլթանի հետ, սակայն արձագանքում է Խանդութ Խանումի սիրո հրավերին: Սկզբում նա մենամարտում է զինվորի շոր հագած Խանդութի հետ: Երբ Դավիթը գետնում է նրան ու պատրաստվում սպանել, Խանդութը բացում է կուրծքը եւ խնդրում խնայել իր կյանքը: Դավիթը թուրն իջեցնում է ու ամուսնանում նրա հետ: Տարիներ անց, Դավիթը սպանվում է իր այն աղջկա ձեռքով, որ ծնել էր իր կողմից լքված Չմշկիկ Սուլթանը: Այն բանից հետո, երբ Փոքր Մհերը փակվում է Ագռավաքարում, Համբարձման գիշերը նրա քարայրն է մտնում մի մոլորված հարս, որ տանից դուրս էր եկել ջուր կամ լույս գտնելու: Փոքր Մհերը նրա հետեւից դուրս չի գալիս իր ապաստանից՝ սպասելով մարդկային մտավոր ու բարոյական առաջընթացին:
Սասնա տան տղամարդիկ կարող են ջարդել բանակներ, զոհվել կնոջ ձեռքով, բայց զենք չեն ուղղում նույնիսկ հակառակորդ երկրի կանանց դեմ՝ Իսմիլ Խաթուն, Չմշկիկ Սուլթան, Մսրա Մելիքի քույր:

Այլազգիների հետ կապերը մեզ համար աղետ են դառնում

Կնոջ կողմից ամուսնուն սպանելու վերաբերյալ տեղեկություններ է հաղորդում Ալեքսանդր Մակեդոնացու կենսագիրներից Ռուֆուսը: “8. (Կնոջ) կեղծ հնազանդությունից խաբված Սպիտամենը հրամայում է օրը ցերեկով խնջույք սկսել. նրան, գինուց ու կերակրից ծանրացած, քունն աչքերին տանում են ննջասենյակ: Կինը համոզվելով, որ նա խոր քնած է, մերկացնում է հագուստի տակ պահված սուրը եւ գլխատում ամուսնուն: Մյուս կողմից (Մակեդոնացու) մոտ զազրանք է առաջացնում այն, որ կինը նենգորեն սպանել էր մի մարդու, ով այդքան սիրել է իրեն, իր զավակների հորը: 15. Այդ ոճրագործության առաջացրած նողկանքն ավելի ուժեղ գտնվեց, քան շնորհակալության զգացումը եւ արքան հրամայեց ասել նրան (Սպիտամենի կնոջը), որ նա հեռանա ճամբարից…”:
Կնոջ ագրեսիայի վերաբերյալ շատ գունեղ գործ է ստեղծել Հովհաննես Թումանյանը՝ հանձին “Թմբկաբերդի առումը” պոեմի: Մեր քննարկվող թեմայի հետ է առնչվում Հովհ. Թումանյանի հետեւյալ գրառումը. “Երբ մարդը (ամուսինը) հաղթվել է՝ միշտ կինը հաղորդակից է եղել թշնամուն”:
Այս առումով հետաքրքիր գործ է ստեղծել Վերածննդի շրջանի գրականության սկզբնավորողներից Մատթեո Բանդելլոն: Նրա “Կոմսուհի դի Չելլան” նովելում հերոսուհին որոշում է սպանել իր սերը մերժած տղամարդուն: Նպատակին հասնելու համար սիրային կապ է ստեղծում ուրիշ տղամարդու հետ: Եվ այս մեկին դրդում է սպանել առաջինին:
Ըստ Շեքսպիրի, առողջ, բանական կինն ընդունակ չէ մահափորձի, դրա համար նրա էությունը պետք է փոխվի: Լեդի Մակբեթն իր ազգական Դունկան թագավորին սպանելուց առաջ օգնության է կանչում չար ոգիներին. “Եկեք, ոգիներ,/ Դուք, որ մահադավ մտածումներին սպասարկում եք,/ Անսեռեցեք ինձ. լցրեք ինձ այստեղ գանգից գարշապար, Ամենավայրագ անողորմությամբ: Թանձրացրեք արյունս:/ Եկեք, կանացի իմ ստինքներիս,/ Եվ փոխարկեցեք իմ կաթը մաղձի,/ Ով սպանության Դուք պաշտոնյաներ”:
“Սասունցի Դավիթ”-ում, երբ հակառակորդ երկրի կանայք՝ Իսմիլն ու նրա դուստրը, վկայակոչում են իրենց կանացի այնպիսի հատկանիշներ, ինչպիսիք են մայրությունն ու քույրությունը, ապա կարողանում են ազդել հայ տղամարդու վրա, որպեսզի նա իջեցնի իր զենքը: Բայց բավական է, որ կինը զենք վերցնի ու նենգորեն նետահարի տղամարդու թիկունքը, Սասունցի Դավթի գոռոցն իսկ մահաբեր Է դառնում նման կնոջ համար, նույնիսկ եթե դա հարազատ աղջիկն է:
Հայ իրականությունում սեռային հողի վրա զարգացող ընտանեկան կոնֆլիկտներին արձագանքել են նաեւ Շիրազը (“Մոր սիրտը”), Զորյանը (“Խնձորենու այգին”), գեղանկարիչ Վարդգես Սուրենյանը… Ի դեպ, ըստ հոգեբան Ի. Ստեփանյանի, իգական ագրեսիայի ցայտուն օրինակ են գրեթե բոլոր հեքիաթներում առկա չար վհուկներն ու ջադու պառավները:
Թերթելով հազարամյակների էջերը, քննելով համաշխարհային դասականների գործերը՝ առանց դժվարության կարելի է նկատել, որ քննարկվող երեւույթը արվեստի գործերի մեջ մուտք է գործել մարդկային սովորական կենցաղից: Կենցաղային փոխհարաբերություններում գրեթե ամեն օր մարդիկ առնչվում են այս երեւույթին: Մարդիկ սիրում են, ատում, պաշտում, հիասթափվում, դյութում-դյութվում, պարզապես առօրյա կենցաղային խնդիրները լուծելիս առանձնակի վերլուծության չեն ենթարկում իրենց նախանձը, խանդը, մրցակցությունը, քանի դեռ այն ձեռք չի բերել ծանր ողբերգական գծեր: Ուշագրավ են հարս ու սկեսուր, հարս եւ տալ, տեգոր կանայք, զոքանչ-փեսա հարաբերությունները: Երբ ամուսնանում է տղամարդը, նրա մայրն ու կինը սովորաբար սկզբում շատ հպարտ ու երջանիկ են: Սակայն դա երկար չի տեւում, երբ` ա. սկեսուրը հարսի ու թոռների մեջ չի տեսնում իր եւ որդու կենսաբանական ու սոցիալական շարունակությունը: Հարսին սկսում է դիտարկել որպես իր շատ վատ մրցակից, ձգտում է նրան երկրորդական պլան մղել ներընտանեկան կյանքում կամ էլ իրենց տանից հեռացնել, որ նախկինում միայն իր կենսատարածքն էր, բ. հարսը սկեսուրի մեջ չի տեսնում իր սոցիալական հիմքը եւ դադարում է սկեսուրին ընդունել որպես իր զավակների եւ ամուսնու կենսաբանական ակունք: Նա հիանում է իր երեխաներով ու երկրորդական պլան է փորձում մղել սկեսուրին, երբեմն եւ՝ ամուսնուն:
Խախտվում է ընտանիքի սովորութային հիերարխիան, որը հավասարակշռված էր պահում երեխաների բնականոն զարգացման գործընթացը:
Փեսա-զոքանչ հարաբերություններում կնոջ մայրը, ձգտելով իր աղջկան ավելի ապահով ու պաշտպանված տեսնել, փորձում է գերազանցության հասնել ոչ միայն փեսայի, այլեւ նրա ամբողջ ընտանիքի նկատմամբ: Կենցաղում կանայք իրենց ամուսնուն անիծում են, “թաղում-հանում” են, “հողում են գլուխը” կամ էլ չարությունն ուղղորդում երեխաների դեմ: Հայտարարում, որ իր լակոտը “այլանդակ” հորն է քաշել, երազում են “թաղել արեւը”, “պատանքը կարել”, “քոքը կտրել” եւ այլն: Կենցաղային որոշ կոնֆլիկտներ կարող են վերածվել ողբերգությունների եւ կարիք ունենալ իրավաքրեական միջամտության…
Շարունակենք խնդրո առարկա օրինակները: Շամիրամյան առասպելաշարում որդու հասունանալով՝ Շամիրամի մոտ թուլացել է մայրական բնազդը: Ամուսնու մեծանալը տվյալ կնոջ մոտ առաջացրել է անբավարարվածության զգացում, Շամիրամի համար ամուսնական կապը դադարել էր ցանկալի լինել եւ, որպես փոխադարձ պարտականությունների համակարգ, վերածվել էր բռնության կապանքի: Շամիրամը գիտեր, որ արքունիքից իր ամուսինը կամավոր չի հեռանա, ուստի սպանում է նրան ու հրավերք ուղարկում Արա Գեղեցիկին, ինչպես նման այլ վիճակում Իսմիլ Խաթունը՝ Մեծ Մհերին: Շամիրամը զորքի միջոցով սպանում է իր հետ ամուսնանալ չցանկացող, ուրիշ կնոջ ամուսնուն` դրանով իսկ թուլացնելով մրցակից կնոջ դիրքը, իսկ արդեն երեխա ունեցած Իսմիլ Խաթունին Մեծ Մհերն այլեւս պետք չէր, եւ նա հորդորում է իր զավակին “հանգցնել հայի լույսը”, իսկ լույսի խորհրդանիշը ինքը՝ Արեւ Մհերն էր: Արա Գեղեցիկը, որ հնում երկրագործ հայերի մեռնող ու հարություն առնող աստվածն էր, համարժեք նենգությամբ չի արձագանքում Շամիրամին: Որպես հայ տղամարդ եւ արքա, իրեն թույլ չի տալիս դավաճանելու կնոջը ու իր գիրկն ընդունել ամուսնասպան թագուհուն: Ամուսնանալով Շամիրամի հետ՝ նա Հայոց աշխարհ կներմուծեր բաբելոնյան բարքեր: Հետագայում Տիգրան Մեծը եւս մերժում է Փյունիկիայի թագուհու ամուսնության առաջարկը՝ նախընտրելով նրա դեմ պատերազմելը:
Այնքանով, որքանով Մեծ Մհերը ռազմիկ հայերի արեւ-աստվածն էր, ապա ենթադրելի է, որ Իսմիլ Խաթունի եւ նրա միջեւ կապը, գինարբուքը, Իսմիլի վրեժի կոչը ռազմավարի վերածված կնոջ եւ նրան տիրացող ռազմիկի միջեւ ավելի վաղ ժամանակներում ընթացած փոխհարաբերությունների արձագանքն է էպոսում: Ժողովրդի գնահատմամբ՝ նման կապը վերածվում է աղետի, այսինքն՝ խստորեն դատապարտվել է հայոց մեջ:
Ի տարբերություն տղամարդկանց, կանանց միջեւ բազմացման բնազդով պայմանավորված ագրեսիվությունը՝ ուղղված մեկը մյուսի ոչնչացմանը, հիմնականում անմիջականորեն չի դրսեւորվում: Այն հանդես է գալիս միջնորդավորված: Կռիվը, սպանությունը կնոջ փոխարեն իրականացնում են այլ մարդիկ կամ խորհրդանշական իրերը՝ զորքը, զավակը, Ոսկե խնձորը, թունավորված խնձորը, թիկնոցը: Ըստ էության տրոյական պատերազմը երեք կանանց միջեւ մղված պատերազմի արդյունք է: Հայհոյելիս՝ կինն իրեն վերագրում է արական հատկանիշներ կամ վկայակոչում իր ազգականների առնականությունը: Երբ կինը գնում է կռիվ կամ սպանության, ապա նա իր “ես”-ը քողարկում է զինվորի կամ ծերացած կնոջ հագուստով (ծերացած կինն այլեւս պետք չունի կռվել սիրո համար): Նման վարքագիծը խորթ է տղամարդկանց: Կենցաղում, երբ տղամարդը նենգ պայքարի մեջ է մտնում, ապա հասարակությունը դա գնահատում է “ոչ ասպետական վարքագիծ”, եւ նա որակվում է որպես անբարո մարդ:
Ամփոփելով իգական սիրախաղային ակտիվությունը սեռական ագրեսիվության վերածվելու վերաբերյալ վերը բերված գեղարվեստական եւ կենցաղային օրինակները` կարելի է նկատել, որ բնականոն դրսեւորման մեջ այն ուղղված է տղամարդուն գրավելուն եւ երեխաներ ունենալուն: Ընդ որում, տղամարդը կնոջ կողմից դիտվում է ոչ միայն զուգավորող, այլեւ իրենց երեխաների կենսասոցիալական պաշտպան: Կին-երեխա-ամուսին հարաբերությունները սովորաբար բնականոն են զարգանում այն դեպքերում, երբ թե կինը, թե տղամարդը գենետիկական ու բարոյական հակվածություն ունեն դեպի մոնոգամ կապը, ինչպես օրինակ, արագիլների կամ կարապների մոտ է:

Աշոտ Մանուկյան

“Լուսանցք” թիվ 138, փետրվարի 19- մարտի 4 2010թ.

Ի՞նչ սովորել

26 Փետրվարի, 2010

Ռուսները հաճախ են գործածում “հիմարը սեփական սխալների վրա է սովորում, խելոքը՝ ուրիշների” ասացվածքը: Սակայն, այս “ոսպնյակի” միջով կյանքին նետված հայացքը չի կարողանում խելոքներին գրանցել: Եվ նույնիսկ հիմարների թիվն է սակավ, քանզի սեփական սխալներից փորձ հավաքածներն էլ առանձնապես վիճակագրություն չեն կազմում: Չնայած, գուցե ասացվածքը վերաբերվում է ինչ-որ բան սովորելուն:
Համենայնդեպս, այս ասացվածքում կամ թերի, կամ էլ ժամանակի ընթացքում կրճատված ինչ-որ բան կա: Միգուցե այդ ասացվածքը եղել է, կամ պատրաստվում է հասունանալ հետեւյալ տարբերակով.
“Իմաստունը սովորում է այլոց սխալներից, խելոքը` սեփական, իսկ հիմարը առհասարակ ոչինչ էլ չի սովորում”:
Եվ ի՞նչ ասել է “սովորել”:
Եթե նպատակը արտասովորը սովորական դարձնելն է, ապա մարդկությունը իսկապես սովորելու մեծ ցատկեր է կատարում:
Մարդու հարմարվողականության սահմանները թերեւս ճշգրտումների գործընթացում են:
Այնպիսի կարծիք է դեմքերի մկաններ կառավարում, թե շատ գիտելիքներ ունենալը բավարար պայման է մեծ գործեր կատարելու համար:
Եվ այդ կարծիքն է, որ առիթ է դառնում ամենայն անծանոթ եւ խորթի բնորոշումը շրջանցած սովորույթների յուրացման տենդագին համաճարակի:
Եվ այդ համաճարակն է, որ խորթն ու մերժելին մատուցում է որպես անհրաժեշտից զրկվածություն:
Եվ դրանից է, որ մարդը իր հոգին գրավ է դնում իրեն կործանող՝ բութ ցավ պատճառող սուր զգացողությանց բաղձանքի դիմաց:
Արթնացի՛ր, Հայ մարդ:
Միթե՞ առաջին նախագահիդ օրինակից փորձ չքաղեցիր, որ շատ գիտելիքը կարող է նաեւ վնասակար լինել, քանզի իմացությունն ու Իմաստությունը տարբեր բաներ են:
Դեռ որքա՞ն պիտի քաղցր խոստումներով հավատդ սիրաշահեն եւ չարաշահեն:
Չին իմաստունը ճիշտ է հարցնում. “Մե՞ծ է արդյոք խոստումի եւ քծնանքի տարբերությունը”:
Դեռ որքա՞ն պիտի քո իսկ զավակին քո իսկ տալիքը այլին վստահես:
Բա՛վ է հնարավորություններդ սնունդ դարձնես հարմարվողականությանդ:
Քո գլխին եկած արհավիրքներից ի՞նչ ես սովորել:
Եվ սովորածիդ արդյունքը ո՞րն է:
Քո գլխին իշխան լինել ցանկացող քո մի հատվածը քո իսկ թշնամուց խաբելու դասը լավ է սովորել:
Բայց մի՞թե անվերջ պիտի կուլ գնաս միեւնույն ստին:
Քո Նախնիների Ճշմարտությունը փնտրիր քո՛ ներսում, ո՛չ թե քեզնից դուրս:
Եվ քո խնամքով Նրան աճեցրու քո՛ ներաշխարհի ողջ տարածքով մեկ:
Թող Ճշմարտությունը վերստին դառնա քեզ սովորական:

Անդրանիկ Աթոյան
Ռուսաստանի Դաշնություն, ք. Կրասնոդար
Հայ Արիական Միաբանության ՌԴ կառույցի պատասխանատու

“Լուսանցք” թիվ 138, փետրվարի 19- մարտի 4 2010թ

Խիղճը խեղճությունը չէ

12 Փետրվարի, 2010

Ազգականներիցս մեկը վերջերս իր ջահել ժամանակներից մի զվարճալի պատմություն պատմեց:
Մի անգամ երեք ընկերով որոշում են որսի գնալ: Անտառում եղնիկի հետքը բռնելով գնում են, եւ մի տեղ տեսնում են այդ հետքին գումարված մարդու հետքեր: Նրանց զարմացնում է մարդու քայլերի չափը, քանզի աջ եւ ձախ կոշիկների դրոշմները 6-7 մետրանոց հեռավորության վրա են լինում: Նրանց վախահամակ եւ զարմանալեցուն գիտակցությունները շուտով պարպվում են, երբ հետքերը հանգեցնում են մեկ ուրիշ որսի ելած համագյուղացու հետ հանդիպմանը: Բանից պարզվում է, որ վերջինս իր թաքստոցից հասցնում է կառչել կողքով միամիտ անցնող եղնիկի “դմակից”, որը իրեն, մեր օրերի տերմինով ասած, “ադեկվատ” չի պահում, եւ փախչում է` ետեւից քարշ տալով իր մսի սիրահարին: Թե ինչին բախվելով է պոչը բաց թողնում, ցատկերի հեղինակը համեստորեն լռում է:
Այդ “սուտլիկ որսկանին” ինքս ճանաչում եմ բավական մոտիկից: Նա շատ է սիրում դիտել Նիկոլայ Դրոզդովի “կենդանիների աշխարհում” հաղորդաշարը: Եվ առհասարակ կենդանիներին վերաբերող ֆիլմեր: Առանձնապես նախապատվում է եղնիկների, այծյամների եւ այլ` մարդու կողմից որպես “դելիկատես” համարվող տեսակներին ներկայացնող ֆիլմերը: Դիտում եւ անընդհատ թուքը կուլ է տալիս:

Մի անգամ Ռուսաստանի Նիժնի Նովգորոդ քաղաքում պատրաստվում էի տեղ գնալ հայ եւ վրացի երկու ընկերներիս հետ: Մեքենան վարող հայ ընկերս տեղից պոկվելով ցածր արագության վրա վրաերթի ենթարկեց մի շան, եւ կատարվածին նշանակություն չտալով ցանկացավ շարունակել ճանապարհը: Մեծ զարմանքից եւ փոքր վեճից հետո վրացի ընկերս համոզեց (իմ աջակցությամբ) շանը անասնաբույժի մոտ տանել:

Իմ զայրույթը ավելին եղավ, քան` վրացունը: Քանզի զայրույթիս պատճառն էլ ավելին է: Դուրս է գալիս, որ այլ ազգերը արդեն հայերին խղճի դասեր են տալիս:

Արթնացի՛ր, Հայ մարդ:

Հիշի՛ր Արի Նախնիներիդ “չվնասելու” Մեծ Սկզբունքը, եւ վերահաստատվի՛ր դրանում:
Փոքր կյանքին նշանակություն չտալով` Մեծ Կյանքին ինքդ չես հասնի:
Մաքրիր աչքերիցդ սպառողի պղտոր եւ արարելու համար կույր հայացքը:
Շան հետ ընկերություն անելը չի նշանակում նրանից շնություն սովորել:
Իսկ շնություն անողը շան հանդեպ չի անում, այլ` մարդու:
Կենսատեսակների հետ անկեղծ Ընկերությամբ ոչ փայտի կարիք կլինի, ոչ էլ հրացանի:

Անդրանիկ Աթոյան
Ռուսաստանի Դաշնություն, Կրասնոդար

”Լուսանցք”Թիվ 136, փետրվարի 12 — 18, 2010թ.

Թղթաբանություն

5 Փետրվարի, 2010

Հնդարիները ժամանակը բաժանել են 4 մասի՝ “սկիզբ”, “երկրորդ”, “երրորդ”, “վերջին” դարաշրջաններով:
Հին հույները այն բաժանել են 5 մասի՝ “ոսկե”, “արծաթե”, “պղնձե”, “պղնձարույրի”, “երկաթե” դարաշրջաններով: Հեսսիոդոս իմաստասերի մոտ “պղնձարույրի” փոխարեն “հերոսների” դարաշրջանն է, որը համապատասխանել է Տրոյական պատերազմի ժամանակներին:
Գիտնականները այն թերեւս դեռ վերջնականապես չեն բաժանել, այլ համբերատար թվարկում են: Եվ այդ առումով հաշվել են արդեն “քարե”, “պղնձե”, “պղնձարույրի” եւ “երկաթե” դարաշրջանները: Վստահության շեշտով ակնարկներ են հնչում, որ գիտատեխնիկական առաջընթացը կհանգեցնի ոսկե դարին:
Սակայն, ըստ իս, մարդկությունը ներկայումս ապրում է, եւ ըստ երեւույթին դեռ երկար կապրի թղթե դարում:
Այսօր կյանքի ցանկացած դրսեւորում պայմանավորված է թղթով: Իսկ ինչ էլ մնացել է թղթի տիրույթից դուրս, կարելի է համարել որպես ժամանակի քամահրանք:
Մարդ կոչվածը չի էլ նկատում, որ ինքզինքը մարդությունից մեկուսացնում է թղթով:
Եվ դա դարձել է բնազդ:
Թրթուռը նույնպես բնազդով է առաջնորդվում, երբ իրեն մետաքսաթելով բոժոժում է: Դժվար է իմանալ, թե ինչ է գիտակցում թրթուռը բոժոժվելուց առաջ, սակայն որ հետեւանքը թիթեռ է լինելու, բոլորի համար անհերքելի փաստ է:
Բայց ու՞ր կհասցնի մարդուն թղթե բոժոժը:
Դեռ որքա՞ն պիտի մարդը բախվի թղթե պատերին` մեջքին թեւեր աճելու սին հույսերով:
Թե՞ նա կտրականապես որոշել է առանց թեւերի դուրս չգալ բոժոժից:
Իսկ միգուցե այդ թեւերը հոգեւո՞ր են, եւ իմ նմանների համար անտեսանելի:
Գուցե դա՞ է պատճառը, որ թուղթ ստանալով մարդ այդպես ցնծում է, իսկ թղթից բաժանվելիս տրտմությունն է համակում խեղճիս:
Եվ թղթեր ստանալու համար որքա՞ն ջանքեր, ջղեր, դռներ, հերթեր, ժամանակ, պարապ զրույց…
Արթնացի՛ր, Հայ մարդ:
Բա՛վ է միջոցը նպատակ կարծես:
Դեռ որքա՞ն պիտի թուղթ հավաքես ու քամուն տաս:
Բա՛վ է թղթին դրոշմվածը հասկանալով դադարես բնությամբ եւ ընտրությամբ մտերիմներիդ հասկանալ:
Մինչեւ ե՞րբ պիտի Կյանքի գույները թղթի վրա փնտրես, եւ թուղթ չունենալիս դրանք չնկատես:
Թուղթը կարող է Գործի ավարտից հետո պիտանի լինել: Սակայն չպետք է Գործին սկիզբ լինի, կամ էլ խոչընդոտ:
Տեղին է ասել. “Թղթի բերածը թուղթն էլ կտանի”:

Անդրանիկ Աթոյան
Ռուսաստանի Դաշնություն, Կրասնոդար

“Լուսանցք” թիվ 135, Փետրվարի 5-11, 2010թ.

Խելամոլագար սեռափոխները

29 Հունվարի, 2010

Լինել ասուն, թե՞ ան-ասուն
Մարդկային ախմախությունը դրսեւորվում է հատկապես սեռամոլագարական հակումներով: Ի թիվս մարդկային սեռամոլագար տականքների՝ համասեռականների, պոռնիկների, մանկապիղծների եւ այլն, շարունակում են ի հայտ գալ լրիվ այլ սեռախեղվածներ, որոնց կարելի է նաեւ սեռափոխներ կոչել, որ մի քիչ նուրբ հնչի: Սրանք մարդկությանը հետ են տանում անգամ սին մի թեորիայից՝ կապիկից կամ այլ անասունից առաջացած լինելու տեսությունից……
Այս պատմության մեջ 2-րդ հղի տղամարդը կծննդաբերի փետրվարին: Սրա անունը Սքոթ Մուր է, ապրում է Կալիֆոռնիայում (մարդկային տականքաստեղծության “հայրենիք” Արեւմուտքում): Նրա ամուսինը՝ Թոմասը, անհամբերությամբ սպասում է երեխայի լույս աշխարհ գալուն (խե՜ղճ երեխա): Այս մոլագար երիտասարդներն արդեն երկու երեխա ունեն՝ նախորդ ամուսնություններից: Այսպես կոչված ամուսիները երկուսն էլ կանայք են եղել, այնուհետ որոշել են փոխել իրենց սեռը. “Մենք գիտենք, որ մեզ քննադատում են, բայց մենք երջանիկ ենք, մենք չենք ամաչում”,- ասել է Մուրը:
Նման երեւույթները հիշեցնում են, որ իրապես անհրաժեշտ է մի նոր համաշխարհային ջրհեղեղ կամ մեկ այլ պատիժ, քանզի մարդկության (որին հաճախ միջազգային հանրություն են հորջորջում) գերիշխող մասը անասնականը եւ հակաբնականը դարձրել է առօրյա եւ, սա քիչ համարելով, սկսել է այս կացութաձեւը պարտադրել բոլորին… Օրենքներ է պահանջում……
Միայն բնական եւ աստվածահաճ “աղետը” կամ էլ բնախոսական կարգերի հաղթանակը կվերացնի ասուն մարդկության անասուն հատվածին եւ կամրագրի մարդկային օրենքները:

Արտակ Հայոցյան

Հեռու՛ մեր ազգից
Համաշխարհային հանրության լայն շրջաններում, այնուամենայնիվ, հրաժարվում են ընդունել տրանսսեքսուալությունը, սեռի փոփոխման վիրահատությունը խեղում է համարվում:
Ինգա Իվանովային Բաքվում հանդիպելիս, շատերին կթվա, թե սովորական 23-ամյա աղջիկ է անցորդը: Սակայն, նրա պատմությունն անսովոր է եւ արհամարհանքի է արժանանում Ադրբեջանում: Նա տղա է եղել. “Զգում էի ինձ ինչպես կինը տղամարդու մարմնում… Շրջապատողները խորշում էին ինձանից: Ես երբեք շատ չէի կոտրատվում, մարդկանց շոկի չէի ենթարկում, փորձում էի թաքցնել, թե ինչպիսին եմ ես, թաքցնել այն, ինչ սովորական վարքի շրջանակներից դուրս էր, սակայն միեւնույն է` ես նման չէի մյուսներին”,- ասում է նա, ով այսպես խուսափել է նաեւ բանակում ծառայությունից:
Տրանսսեքսուալիզմը որակվել է որպես հոգեկան խանգարում 20-րդ դարի սկզբին, եւ առ այսօր էլ այս երեւույթի նկատմամբ վերաբերմունքը չի փոխվել: Տրանսսեքսուալներին “նորմալ” դարձնելու բոլոր փորձերը միշտ դատապարտված են եղել անհաջողության:

Վահագն Նանյան

“Լուսանցք” Թիվ 3 (134), հունվարի 29 — փետրվարի 4, 2010թ.

Ժամանակի ոտքով

29 Հունվարի, 2010

Աշխարհը զարթնելու փորձեր է անում…
Աշխարհի զարթոնքի գործընթացը նման է մի ինչ-որ “դիսկո ակումբ”-ի կեսօրական զարթոնքին: Բժժած գլխով յուրաքանչյուրը նայում է շուրջը ու փորձում հիշել, թե ինչի՞ց հետո եւ ինչպե՞ս եղավ, որ հայտնվեց ուրիշի ծոցում, կամ էլ օտարին գիրկը ընդունեց: Փորձում է հիշել` ինչի՞ց է թմրել, դեպի բազմոցը ի՞նքն է եկել, թե՞ քարշ են տվել: Մասնակցությունը այդ մեծ օրգիային ի՞նչ ձեւ է եղել եւ ինչքա՞ն տեւել: Արդյո՞ք ապրել է բավականություն…
Հետո հիշողության դավաճանությունից վհատված սկսում է հարցնել մյուս արթնացողներին, ովքեր նույն հիմար վիճակում են: Սակայն գտնվում են ոմանք, ովքեր սկսում են տեղում “բանահյուսել”, ինչով եւ տպավորություն են գործում որպես “արտակարգ հիշողության տեր անձնավորություն”: Եվ “տպավորվածները” որոշում են կրկին գալ այդ ակումբ` “հիշողությունը մարզելու” վճռականությամբ:
Մերօրյա աշխարհակարգերը մաշվածությունից հատակը պատռված տակառի նման սպառում են իրենց: Եվ պարունակությունը չգիտես ուր է հոսում ու անհետ ներծծվում:
Սակայն, դեռեւս պարունակության մակարդակի անկումն է գիտակցվում եւ փորձ արվում ներմուծումը բազմապատկելու շնորհիվ մակարդակը պահել: Սակայն “թագավորի մերկությունը” արդեն ժողովրդական քննարկումների առարկա է, որը մարդկային որոշ միավորների արտամղում է ինքնամոռացությունից եւ հանգեցնում ինքնագիտակցման սկզբնավորման:
Սակայն, ինքնագիտակցումը պարզ լինելով հանդերձ, դյուրիններից չէ, եւ այն յուրացնելու համար ազնիվ ու անկեղծ ջանքեր են հարկավոր: Եվ այդ ջանքերին ժամանակ է պետք:
Եվ ժամանակին լուրջ վերաբերմունք:
Եվ մարդիկ հաճախ են անտեսում վերաբերմունքի այդ լրջությունը եւ փորձում ցատկել ժամանակի վրայով: Նրանք չեն գիտակցում, որ ժամանակը կրճատելով, կրճատում են ջանքերը եւ, համապատասխանաբար, ինքնագիտակցումը:
Մարդիկ հաճախ են մարդկայնությունից իրենց նահանջը ժամանակին վերագրում:
Հաճախ են մարդիկ իրենց իսկ քծնում, թե իբր իրենք մեծ ժամանակի ոտքով են քայլում:
Հաճախ են մարդիկ ժամանակի մեջ անվերջ ուշանում, զի շատ են շտապում:
Արթնացի՛ր, Հայ մարդ:
Թափ տուր գլուխդ ունայնությունից:
Չէ՞ որ Հավերժություն տանող միակ հոսանքը ժամանակն է:
Քո Արի Նախնիք այդ մեծ հոսանքը ընկալում էին ներզգացությամբ ու չէին չափում:
Եվ ժամանակը չէին մասնատում, չէին վաճառում:
Գիտեին այդ մեծ Գետի հոսանքին առագաստ բացել եւ թիավարել:
Նրանց Տոհմակարգ կոչվող նավերը չէին խորտակվում այդ հզոր գետի ոլորապտույտում:
Երբեք էլ ուշ չէ լողալ սովորել:
Եվ անհնար չէ Տոհմակարգի մեջ վերահաստատվել:

Անդրանիկ Աթոյան
Ռուսաստանի Դաշնություն, ք. Կրասնոդար

“Լուսանցք” Թիվ 3 (134), հունվարի 29 — փետրվարի 4, 2010թ.

“Ես” եւ ինքնություն

22 Հունվարի, 2010

Ի՞նչ է մարդը, մեղքի արդյո՞ւնք, մարմի՞ն արդի, թե՞ միտք արդար:
Մի՞ թե մարդը իր նմանի ճանապարհին ոստայն հյուսող մի նենգ սարդ է, կամ պճնանքի արդուզարդ է, կյանքի ճահիճ նետված կարթ է, ոգելիցից հյուծված լյարդ է, ծեծ ու ջարդ է…:
Մի՞թե մարդը այդքան բարդ է:
Ի՞նչ է մարդը, երկոտանի կենսատեսա՞կ, ձեւակերպու՞մ, թե՞ հոգեւոր կայուն արժեք:
Երբ նայում ենք մարդկանցից հիասթափվածների քանակին, մտորումներ են առաջանում, թե արդյո՞ք մարդը կայուն որակ է: Երբ դիտարկում ենք հիասթափվածների գանգատների նմանությունը, մտորումները հանգեցնում են հարցերի, թե ինչու՞ են մարդիկ մարդկություն փնտրում: Չէ՞ որ փնտրում են չեղածը, կամ` կորցրածը:
Իսկ ինչու՞ են իրենցից դուրս փնտրում: Ներմուծելու՞ համար, թե՞ ընդօրինակելու:
Եվ երբ նայում ես հիասթափվածների եզրահանգմանը, ապա տեսնում ես, որ նրանք վճռել են այլեւս ընդօրինակել իրենց իսկ ճաշակած անմարդկայինը:
Եվ այդպես, անմարդկայինի թվաբանական աճ (պրոգրեսիա):
“Հիասթափություն” բառը ինքնին խոսուն է: Այն ներառում է թե թմբիրը եւ թե նրանից դուրս վիճակը: Սակայն շատ դեպքերում այդ վիճակը հանգեցնում է մի նոր թմբիրի՝ “ես”-ի:
“Ես”-ը որպես թմրամիջոց անհամեմատելի եւ անգերազանցելի է: Նա անբաժան է մարդուց, ինչպես ստվերը:
“Ես”-ը մարդու Հոգու ստվերն է: Եվ մարմնի եւ հոգու ստվերների մեծության պատճառները ուղիղ համեմատական են: Որքան բարձր է Լույսը, այնքան չնչին` ստվերը:
“Ես”-ը բոլոր ժամանակների մարդակերն է եւ սնվում է բացառապես մարդով:
“Ես”-ի սնունդը մարդու “Ինքնություն”-ն է՝ նրա Ներաշխարհը:
Եվ նա հոշոտում է մարդուն ներսից` առաջացնելով նրա մեջ վախ եւ արյան ծարավ:
“Ես”-ը գործում է գայթակղությամբ եւ մարդուն պատում երեք գրգիռով: Որոնք են “ագահություն”-ը, “իշխանության բարդույթ”-ը եւ “սեռական սանձարձակություն”-ը:
Եվ այդ երեքից կամքը թուլանում, իսկ ինքնությունը թմրապատվում է:
Արթնացի՛ր, Հայ մարդ:
Վար ձգիր ուսերիցդ “ես”-ի բեռը եւ թոթափիր Ինքնությանդ հետ նրա շփոթը:
Մոռացի՛ր “ես”-դ եւ հիշի՛ր Մենք-դ:
Քո ներսում եղած Լույսը բարձրացրու, եւ թող որ “ես”-դ միանա մարմնիդ ստվերի սկզբին:
Որքան ցածր է “ես”-ը, այնքան առողջ է մարդը, ամուր` բազուկը եւ թեթեւ` քայլքը:
Այնպես որ վստահ, ոտքերիդ տակ տուր Ինքնությանդ հանդեպ ատամները սուր պահող քո անհատական “սեւ խոռոչ”-ը:
Գիտցիր, որ “ես”-իդ “քաղցաբուժությամբ” կլուծես կյանքիդ հարցերը բոլոր:
Եվ վստահ եղիր, որ “ես”-ի քաղցից դեռ չի մահացել ոչ մի ԻՆՔՆՈւԹՅՈւՆ:

Անդրանիկ Աթոյան
“Լուսանցք” Թիվ 133, հունվարի 22 — 28, 2010թ.

Մեր փոստից. ամենայն պարզությամբ

15 Հունվարի, 2010

Ընտրություն
Վերջերս երիտասարդ ընկերներիցս մեկը մի հղում ուղարկեց համացանցային մի ֆորումից, որտեղ ոմն Դուգին փորձել է փայլել հայոց ավանդույթների իր իմացությամբ:
Նրա զգուշորեն հյուսված մտքերը բավականին լավ են քողարկում ասելիքի իրական նպատակը: Սակայն ասելիքը չի քողարկում նրա թյուրիմացությունը: Սա թերեւս արդի իրողությունում հաճախ հանդիպող դեպքերից է, երբ ասելիքը թյուրիմացություն է, իսկ ասածը` չգիտակցված ճշմարտություն:
Եվ եթե այդ անձնավորությունը զուրկ չլիներ խորիմաստական վերլուծությունից, թերեւս գլուխը կրծքին կհակեր իրեն բաժին հասած Ճշմարտության ամոթալիությունից:
Լավ, ընթերցողներիս համբերությունը չչարաշահեմ: Այդ Դուգինն ասում է, որ հայկական հոգեւոր ավանդությունում բացակայում են «մեսսիականություն»-ը (փրկչականություն), «էսխատոլոգիզմ»-ը (կործանաբանություն) եւ «աստծո ընտրյալություն»-ը: Եվ այնուհետեւ շեշտում է, որ դրանք բնորոշ են եբրայացիներին ու ռուս ազգայնականներին: Հետո ներկայացնելով իր հանդիպումները եւ ուսումնասիրությունները` հայտնում է եզրակացությունը, որ հայերս սեմականների դասին չենք պատկանում, այլ պարզորոշ հաբեթական ենք:
Դուգինի մտքի խորամանկ ելեւէջները հուշում են իր ով լինելը, եւ եթե նա հասկանար, թե ինչպիսի ծառայություն է մեզ մատուցում, դժվար թե այդպիսի վերլուծությամբ հանդես գար: Մեր եւ ոչ միայն մեր մասին թյուրիմացություններ մոգոնողները տգիտության մեջ այնքան են խորացել, որ օրինաչափորեն անցել են իրենք իրենց հերքելուն:

Իրականում նրա նշած երեք «առաքինություններ»-ը իսկապես խորթ են Հայի Ոգուն էլ, Հոգուն էլ:
Հային հարիր չէ թոշակառուի հոգեբանությունը, քանզի Ժամանակ կոչվող Դիցը ի սկզբանե մեր վկան լինելով, մեզ հնացնելով՝ չի ծերացրել:

Հայը թոշակառու չէ: Այդ պատճառով էլ իր Փրկությունը ինքն է իրականացնում եւ այն երեւակայությունից չի հայցում:

Եվ Հայը ունի միայն սեփական վրիպումների հետեւանքներից փրկվելու խնդիր:

Հայի խոհերի համար աշխարհի կործանումն ու կյանքի ավարտը տարբեր բաներ են:

Աշխարհի կործանումը նոր չէ, որ մեկնարկել է: Փոքր Մհերը դեռեւս Ագռավաքար չէր մտել, երբ կործանումը սկսվել էր: Եվ թերեւս անհրաժեշտ էլ լինի, որ Հայը մեղավոր աշխարհի կործանման ավարտը մոտեցնի:

Իսկ ընտրյալության բարդույթը իրական Հայի Շունչը չի կարող պղծել:

Հայը ինքնահաստատման խնդիր չունի:

Այդ պատճառով էլ ինքնավկայության վրա վատնելու ժամանակ չունի:

Բնության մեջ չկա երեւույթ ու սկզբունք, որը դուրս է Արարչի Ընտրությունից:

Արարչի Ընտրության մեջ չկա երեւույթ կամ սկզբունք, որը դուրս է Ճշմարտությունից:

Կյանքի բոլոր տեսակներն են Ընտրյալ:

Սակայն ամեն տեսակ ընտրյալ է իր ուրույն դերի համար:

Եվ ամեն տեսակ ազատ է Ընտրություն կատարելու իր տիրույթում:

Ամեն միտք, խոսք եւ գործ՝ ընտրություն է:

Արթնացի՛ր, Հայ մարդ:

Վերահաստատվիր քո Ընտրության մեջ:

Կամրջիր անցյալդ ու ապագադ քո Ճշմարիտ ներկայով եւ վերգտիր կապդ Հավերժացած Նախնիներիդ հետ:

Անցյալն ունի հետեւանք,
Իսկ ապագան էլ` պատճառ,
Նրանք հյուսված են իրար
Ներկայի մեջ անաչառ:

Անդրանիկ Աթոյան
Ռուսաստանի Դաշնություն, Կրասնոդար

“Լուսանցք” Թիվ 132, հունվարի 15 — 21, 2010թ.

Արեւագալ է` Միհր Աստծո ծնունդը

25 Դեկտեմբերի, 2009

Դեկտեմբերի 22-ին հայ արիադավանները՝ հեթանոսները, հերթական անգամ հավաքվեցին Գառնո տաճարում: Այդ օրը հայ-արիները նշում են Տիեզերական կարեւոր տոներից՝ Ձմեռային Արեւադարձի եւ Հայոց Արդարադատության Աստված Միհրի ծննդյան օրը:

Գառնո արիական տաճարն իրապես արեւավառ էր ձմռան այդ օրը եւ տոնական հանդեսի մասնակիցները՝ Հայ Արիական միաբանության եւ Հայ ազգայնականների համախմբման անդամները, մեծ նվիրումով մասնակցեցին օրվա խորհրդի ծիսական, ազգային եւ տոնական արարողություններին:
Հայ արիները, հայ ազգայնականները գինեձոնով փառաբանեցին Միհր Աստծուն, Հայ Աստվածներին, Տիեզերքի Արարչին եւ երգեցին Արեւագալը…

Հիմն Միհրին
Ո՜վ, դու, Մի՛հր, ո՜վ, Արտի Աստվա՛ծ,
Դու, որ արարման օրենքն ես կերտում
Եվ արդարության ուժն ես խթանում
Բարձր երկնքում ու երկրի վրա,
Քո Ոգու փայլով հայտնվիր դու մեզ
Եվ արարչական Խորհուրդն Արայի,
Վահագնի Ուժով հաստատիր մեր մեջ:
Եվ շողարձակիր ամենքի հոգում
Քո Աստվածային Օրենքները վեհ,
Որ քո Օրենքով դատողը դատի,
Որ քո Օրենքով դատվողը դատվի,
Ու էլ չլինեն դատող ու դատվող:

Հիմն Արտին
Արդարը Արտի Օրենքն է մեր մեջ.
Թե կյանքում չապրես Արտի Օրենքով,
Թե ինքդ Միհրին կամավոր լքես
Ու կյանքդ կապես կեղծ օրենքներին,
Թե ինքդ մերժես Արարչից տրվող,
Արարչից սնվող ուժը քո հոգու,
Ուժը քո բազկի, լույսը արեգի,
Խավարով սնես քո հոգին անվերջ,
Ինքդ ուրանաս քո ծագումն, անգամ,
Օտար զորությանց դու երկրպագես՝
Ինչպե՞ս պահպանես զորությունը քո.
Դու կտկարանաս եւ քո թուլությամբ,
Մաղձը քո հոգու կցանես քո շուրջ
Եվ հենց քո վրա:
Զորավորն է լոկ ապրում արդարով,
Զորավորն է լոկ վառ սիրով ապրում:
Իսկ թույլը՝ միայն կարգախոս ստեղծում՝
Կարգախոս սիրո, արդարի, բարու…
Բայց ինքն՝ անարդար, ինքը՝ չսիրող,
Ինքը՝ ոչ բարի…
Եվ տկարությունը ոճիր է արդեն,
Անօրինությունն է օրենքը թույլի:
(Հատվածներ` “Ուխտագիրք”-ից)

Օրը նշանավորվեց եւս մի քանի խորհուրդներով:
…Դեռ ամիսներ առաջ ՀԱՄ-ը, ՀԱՀ-ը եւ “Լուսանցք” շաբաթաթերթը հայտարարություն էին տարածել Երեւանում Արիական մայր տաճար կառուցելու համար:

Հայտարարությունը արձագանքներ է գտել ինչպես Հայաստանում, այնպես էլ Արցախում, Ջավախքում եւ սփյուռքում: Եվ ահա, դեկտեմբերի 21-ին նախաձեռնողները Երեւանի “Էյչ-Էս-Բի-Սի” բանկում բացեցին հաշվեհամար այդ գործն իրականացնելու համար նվիրատվական գումարներ հանգանակելու նպատակով (հոդվածի վերջում կտեղադրվեն հաշվեհամարները): Հիշեցնենք, որ հայտարարությունում մասնավորապես ասվում էր. “…Տարբեր դարերում հայերը հնարավորինս պաշտպանել են իրենց հին հավատը… Հայ Աստվածների պաշտամունքը: Մինչեւ ներկայիս սերունդը, վերջին անգամ Դանիել Վարուժանի, Կոստան Զարյանի ու Գարեգին Նժդեհի նմաններն են փորձել վերականգնել Հայոց հավատը… Հիմա կարիք կա քաղաքամայր Երեւանում առավել ազդեցիկ միջոցառումներ կազմակերպելու: Ուստի՝ վաղուց ծրագիր կա Երեւանում արիական-հեթանոսական Մայր Տաճար կառուցելու համար… Երբ բացի նշյալ կազմակերպություններից այլոք նույնպես ցանկություն հայտնեն միանալու, մենք հատուկ հաշվեհամար կբացենք Երեւանի բանկերից մեկում, որպեսզի գործն առաջ ընթանա”:

Նույն ժամանակահատվածում Հայ Արիական միաբանությունը հայտարարել էր, թե ձեռնամուխ է լինելու Հոգեւոր դասի ձեւավորման գործին, որն էլ կկազմավորի Հայոց քրմական դասը: Ահա այդ օրը ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանը տոնակատարության մասնակիցներին ներկայացրեց, որ ՀԱՄ-ը կազմավորել է Հոգեւոր դաս եւ այն արդեն առաջադրել է 2 քրմերի թեկնածուներ: ՀԱՄ առաջնորդը ներկայացրեց նրանց եւ նշեց, որ քրիստոնեության բռնի ներխուժումից, Հայոց քրմական դասի դավադիր ոչնչացումից հետո առաջին եւ առայժմ միակ քուրմը (քրմապետը) եղել է ու կա տիար Սլակ Կակոսյանը, ում երկրային մահից հետո ՀԱՄ-ը եւ ՀԱՀ-ը այլեւս չեն տեսնում քրմերի (թերեւս միայն քուրմ Մանուկը (Սերգեյ Մանուկյան) կարող է լինել այդ գործի շարունակողը, ով օծված է Ս. Կակոսյանի կողմից): Ներկաները կարեւորեցին Սլակ Կակոսյանի ավանդը քրմական դասի վերաձեւավորման առումով, եւ Գառնո տաճարում Միհր Աստծո փառաբանումից հետո, մոտեցան երկրային կյանքին հրաժեշտ տված քրմապետի հուշաքարին ու հավաստեցին, որ նրա գործը անպայման կշարունակվի:

Տոնակատարության մասնակիցները իրենց հարգանքի տուրքը մատուցեցին նաեւ Գառնո տաճարի վերականգնմանը մասնակցած հայորդիների հուշաքարին եւ փառաբանեցին նաեւ նրանց:

Արման Դավթյան
“Լուսանցք” Թիվ 131, դեկտեմբերի 25 — 31, 2009թ.

Սոկրատեսի դեմոնապաշտությունը եւ իմաստասիրությունը

25 Դեկտեմբերի, 2009


Երկիրը` տիեզերական ձմռանը

Ըստ հին ավանդական-դիցաբանական (հայկական, վեդայական, հունական, եգիպտական…) եւ նախնական-իմաստասիրական (հնդկական, չինական, հունական…) պատկերացումների՝ երկրային կյանքի ժամանակը ընթանում է ոչ միայն ըստ սովորական երկրային, այլեւ ըստ՝ ուշ-ուշ եկող՝ տիեզերական տարվա պարբերության: Տիեզերական 1 տարին մոտավորապես տեւում է 12 հազար երկրային տարի: Դա էլ, ինչպես երկրային տարին, իր եղանակներն ունի՝ գարուն, ամառ, աշուն, ձմեռ (եղանակների անվանումները տարբեր ավանդույթներում տարբեր են, բայց էությունը նույնն է), յուրաքանչյուրը, դարձյալ մոտավորապես, 3.000 երկրային տարվա պարբերությամբ: Երկիր մոլորակն ու երկրային կյանքը, վերջին 2.5-3.0 հազար երկրային տարիներին ապրում է իր վերջին տիեզերական տարվա ձմեռային դարաշրջանը: Տիեզերական ձմռանը երկրում սկզբունքորեն նույնպիսի փոփոխություններ են տեղի ունենում, ինչ երկրային ձմռանը, բայց, պարզ է, մե՜ծ ընդգրկումներով ու խորություններով. այդ՝ հայ հեքիաթի լեզվով ասած՝ երբ “երկիրը հեռանում է երկնքից” ընթացքում, երկրի՝ տիեզերքից (տիեզերական զորություններից, դրանց մեջ առանցքայինից-հուր-զորությունից) սնուցումը նվազագույնի է հասնում, որի հետեւանքով այն կարծես պարփակվում է ինքն իր մեջ, դառնում “իր մեջ եւ իր համար” մի գնդի, այն կարծես անկախանում է երկնքից, որի հետեւանքով գլուխ են բարձրացնում զուտ երկրային ուժերը, “հողը,- հայ էպոսի լեզվով ասած,- թուլանում” է, զրկվում իր՝ նախորդ դարաշրջաններում իրեն հատուկ կենսունակությունից: Համապատասխան փոփոխություններ է ապրում նաեւ երկրային կյանքի մի արտահայտություն՝ մարդկային կյանքը. այդ՝ դարձյալ հայ էպոսի լեզվով ասած՝ “աշխարհի վերջ”-ում մարդը “պզտգնում է”, նրա հողածին, զուտ երկրածին տեսակն է դառնում նրա աշխարհի գլխավոր դերակատարը, որի հետեւանքով մարդը քաշվում է իր երկրա-մարդկային “քարանձավը”, ձմռանը “չմրսելու” համար տեսակ-տեսակ արտաքին՝ “տաքացնող” զգեստներ ու տաքացուցիչներ է ստեղծում, նախկին՝ աստվածային տիեզերական իմաստություններին նրանում փոխարինելու են գալիս երկրակենտրոն ու մարդակենտրոն աշխարհընկալումներն ու իմաստասիրությունները, նա դառնում է Արարչին, Աստվածներին ու նրանց արարած զորությունները (բնություն, ազգ, ցեղ, հայրենիք, ծագում…), դրանք արտահայտող ավանդույթները մոռացող կամ մերժող… Երկրային կյանքի տիեզերական ձմռան ընթացքում մարդ աշխարհում առաջացան մինչ այսօր մարդկությանը ձմեռային քնի մեջ պահող երկրակենտրոն ու մարդակենտրոն կրոնները (հուդայականություն, բուդդայականություն, զրադաշտականություն, քրիստոնեություն, մահմեդականություն), իմաստասիրությունները, արվեստներն ու գիտությունները՝ իրենց մարդ-կուռքերով: Երկրագնդի արիա-եվրոպական հատվածի մարդաշխարհում երեւան եկած այդպիսի (ոչ, իհարկե, առանց սեմական հողածին աշխարհի ազդեցության) հոգեւոր երեւույթներից էր հին հունական իմաստասիրությունը, որի չափ տվողը, վերջ ի վերջո, եղավ ոչ այլ ոք, քան… “շուկայի իմաստասեր” Սոկրատեսը, ինչպես նրան ատող ժամանակակիցներն են նրա մասին ասում: Հետեւաբար, քննելով Սոկրատեսի իմաստասիրութունը, դրա ծագումնաբանությունը, դրանով հիմքեր կստեղծվեն ընդհանրապես հին հունական իմաստասիորւթյան ծագումնաբանությունն ու որպիսին լինելը հասկանալու համար: Դրա հետ մեկտեղ նաեւ` հունական իմաստասիրության հիմքի վրա առաջացած եվրոպականինը:

Սովորաբար հետազոտողները, Սոկրատեսի իմաստասիրությունը ներկայացնելիս, դրա “հավատքային” հիմքը՝ դեմոնապաշտությունը չեն նշում՝ չհասկանալո՞վ, թե դա ինչ է. ցանկանալով սքողե՞լ Սոկրատեսի իմաստասիրության թերին ու այն ինչ-որ բացարձակ, ժամանակից դուրս մի բան ներկայացնելու մտադրությունն ունենալո՞վ. իրենց՝ անհավատության դիրքերից ընդամենը հասկանալո՞վ Սոկրատեսին ու ըստ այդմ վերակազմելո՞վ նրա իմաստասիրությունը. Սոկրատեսի իմաստասիրության նկատմամբ իրենց կռապաշտությու՞նը դրսեւորելով. թե՞ չկարողանալով վերապրել ու հասկանալ ժամանակի իրարամերժ հոգեւոր խմորումներն ու ուժագծերը, որոնցից մեկի՝ դեմոնականի գլխավոր կրողներից ու ներկայացնողներից մեկը Սոկրատեսն էր,- դրա պատճառների մասին որոշակի մի բան դժվար է ասել: Բայց դե չխոսելը դեռ չի նշանակում, թե դա չկա:

Սոկրատեսի դեմոնապաշտության մասին խոսում են անմիջականորեն նրա ժամանակակից հեղինակներ Պլատոնը, Քսենոփոնը եւ Արիստոփանեսը, առանց սակայն պարզորոշ բացատրելու, թե ինչ է դեմոնն ու ինչ՝ դրա պաշտամունքը: Այդպես են նրանք վարվել, թերեւս, իրենց ու իրենց ժամանակակիցների համար դա ինքնին հասկանալի լինելու պատճառով: Բայց քանի որ մեզ համար էլ այդպես չէ, փորձենք դա հասկանալի դարձնել:

1. Հունական դիցաբանության դեմոնը:
Ի՞նչ է դեմոնապաշտությունը

Հունական դիցաբանությունում դեմոնը հանդես է գալիս որպես մի այնպիսի անորոշ ու տարերային, հանկարծակի առաջացող ու անսպասելի անհետացող երկրային ու մարդու ներսից եկող բավականաչափ զորեղ, հիմնականում չար ուժի ընդհանրացված արտահայտություն, որը մարդու կյանքի ընթացքի վրա որոշակիորեն ազդելու “գայթակղանքն” ունի: Այդ ուժին անուն տալ, դա հասկանալ, դրա հետ կապի մեջ մտնել` հնարավոր չէ. այն անսպասելի ու հանկարծահաս վրա է տալիս, կայծակնորեն իրենն անում ու անհետանում է՝ հանդես գալով որպես տվյալ ակնթարթի մի յուրահատուկ տիրակալ: Հոմերոսի “Իրիական”-ում ու “Ոդիսական”-ում դեմոնի հետեւյալ վարքագրությանն ենք ականատես լինում. նա “Ժանտ աղետներ է հորինում” մարդու համար (Ոդիսեւս, 12, 295), գայթակղեցնում ու “դյութում” (16, 194), “տանջանք ու անչափ վիշտ” է շնորհում (19, 513), “չարագույժ երազներ է բերում” (20, 87) նրան: Դեմոնը մարդուն անսպասելի այս կամ այն միտքն է ներշնչում (3, 27), նրա խելքն է առնում, երբեմն` կուրացնում: Հին հունական դից ընկալման մեջ երկրային կյանքում դիտվող բոլոր անբացատրելի ու չարաղետ երեւույթները (ջրհեղեղ, փլուզում, երկրաշարժ, փոթորիկ, համաճարակ, երաշտ եւ այլն) կապվում են դեմոնների հետ: Ըստ Հոմերոսից հետո եկող հույների, դեմոնը մարդու՝ ողջ կյանքի ընթացքը որոշող ճակատագիրն է (Էսքիլլես). կա ծննդյան դեմոն ու մահվան դեմոն, ինչպես նաեւ՝ բարի դեմոն ու չար դեմոն (Պինդարոս). մարդու բնավորությունը նրա դեմոնն է (Հերալիտես). ամեն մարդ ծնվելուց մինչեւ մահ ունի իրեն առաջնորդող դեմոնը (Պլատոն): Հեսիոդոսը դեմոնի մեկ այլ՝ որպես նախնյաց ոգի՝ տեսակ էլ է նկատում. ըստ նրա, երբ ոսկե դարաշրջանի “ցեղը հողը ծածկեց իր ընդերքում”՝ Զեւսի կամքով այդ ցեղի մարդիկ դարձան “բարի դեմոններ, պահպանելով երկրի վրա մահկանացու բոլոր մարդկանց ու հսկելով նրանց արդարացի ու անարդար արարքները” (“Աշխատանքներ եւ օրեր”, 121-124):

Այսպիսով՝ ըստ հունա-դիցաբանական ընկալման՝ դեմոնները Աստվածներ՝ տիեզերական բացարձակ զորություններ չեն, դրանք աստվածների հետ համեմատած, զորությունների աստիճանակարգում ցածր տեղ են գրավում (կիսաստվածներ կամ ոչ աստվածներ են), քանի որ երկրային (կամ մերձերկրային) ու երկրային մարդ արարածի հետ կապվող, դրանցից ծնված ուժերի մարմնավորումներ են հանդիսանում (դրանք, ըստ Հոմերոսի, երբեմն նույնիսկ աստվածներին ընդդեմ են գործում): Ընդհանուր առմամբ, հունական դիցաբանության մեջ դեմոնները երկրածին ու մարդածին չար (բացասական կարգի) ոգիների կարգավիճակն ունեն: Եվ դա այդպես է, որովհետեւ արիական աշխարհընալում ունեցող հին հույնը հասկանում էր, որ երկիր մոլորակը ինքնին բացասականորն լիցքավորված մի սառը գունդ է եւ, հետեւաբար, դրանից ծնված ուժերն էլ նույնպիսին են: Նույնը երկրածին (հողածին) մարդու, մասամբ նաեւ՝ հրածին մարդու, վերաբերյալ ասած:

Հունական դիցաբանության դեմոնը ավելի պարզորոշ պատկերացնելու համար այն թարգմանենք հայ լեզվամտածողությամբ: Դա հայ դիցաբանությունից, ասք-էպոսներից, հեքիաթներից ու գրականությունից հայտնի դեւերն1 են (սրանք երկրային բացասական-դիվային ուժերն են մարմնավորում), ինչպես նաեւ, այլ անվանումներով, երկրածին ոգիները (անտառի ոգիները, ջրի ոգիները, ընդերքի ոգիները, քարանձավի ոգիները եւ այլն), հրեշտակները, փերիները, պայիկները եւ այլն: Հայոց լեզվում դեւ բառ-խորհրդից են ածանցվել նույնպիսի բացասական իմաստ արտահայտող դիվային, դիվոտել, դիվապաշտ, դիվահար, դիվակործան, դիվահալած,…, ըստ երեւույթին, նաեւ դիվան բառերը:

Ավելացնենք նաեւ, որ բուն հույն՝ արիական ծագում ունցող այդ ազգի մեջ նախասկզբնապես դեմոնապաշտությունը (դիվապաշտությունը) հատուկ չի եղել: Այդ պաշտամունքը Հունաստան են բերել հողածին սեմականները (փյունիկիացիները, եգիպտացիները…), որոնց ի վերուստ, իրենց ծագումի բերումով, հենց այդ պաշտամունքն է հարազատ եղել (սեմական բոլոր հավատքները՝ ոչ բացահայտ, եւ կրոնները՝ բացահայտ,- ոչ այլ ինչ են, եթե ոչ դիվապաշտություն): Գանք, սակայն, Սոկրատեսի դեմոնին:
Հիշեցնենք ընթերցողին, որ հին հունական դիցաբանության դեմոնը բացասական ու չ-ար ուժերն է մարմնավորում ի հակադրություն տիեզերական դրական (բարի) ուժերի, որոնց մարմնավորումն են աստվածները, հունական դիցաբանական հասկացողությամբ՝ դիոսները: Դեմոնը հայ դիցաբանության՝ երկրային բացասական ուժերի մարմնավորում դեւն է: Հետեւաբար՝ հունարենի դեմոնոպաշտությունը հայ լեզվամտածողությամբ ստացվում է դիվապաշտություն: Այսպիսի մի պաշտամունք ուներ Սոկրատեսը՝ հունական իմաստասիրության հայրը:

Ամբողջ Աթենքին հայտնի Սոկրատեսի դիվապաշտությունը պաշտոնական հաստատումը գտավ աթենական դեմոկրատական՝ Սոկրատեսի նախընտրած վարչաձեւի դատարանում: Սոկրատեսի դեմ այդ դատարանում մեղադրական հայց է ներկայացվում առ այն, որ նա “այլասերում է երիտասարդներին եւ չի ընդունում այն աստվածներին, որոնց ընդունում է քաղաքը, այլ դավանում է ինչ-որ նոր դեմոնների” (Պլատոն), որ նա իր զրույցներում երբեք չի երդվում ու վկա չի բերում հունական աստվածներին, այլ դա անում էր ինչ-որ դեմոնների դիմելով, որ “Զեւսի, Հերայի եւ մյուս աստվածների փոխարեն զոհեր է մատուցում ինչ-որ նոր դեմոնների” (Քսենոփոն): Հետագայում “իմաստունի մարմնացում” հորջորջվածը այն աստիճան արհամարհած ուներ հին հունական ավանդույթները, որ անգամ դատարանում բոլոր հույների առաջ երդվում է ոչ թե հունական աստվածների, այլ “շուն” եգիպտական դեմոնի անունով (Պլատոն):

Դատարանում մեղադրողներն ու վկաները Սոկրատեսի այս գլխավոր հանցանքից ածանցվող այլ հանցանքների մասին էլ են խոսում. նա “սրբապղծություն, տան կողոպուտ, մարդկանց ստրկացում, պետական դավաճանություն” կատարելու (Քսենոփոն), “քիթը” հունական ընտանքների մեջ խոթելու եւ զավակներին ծնողների դեմ հանելու, մարդկանց խաբելու՝ իր ճարտասանությամբ սուտն ու կեղծիքը ճշտի տեղ անցկացնելու, “վատ խոսքը որպես լավ ներկայացնելու” (Պլատոն) մեջ էլ է մեղադրվում: Մի զզվելի հանցանքի՝ տղամարդկանց հետ “սիրային հարաբերությունների” մեջ լինելու մասին է վկայում հունական իմաստասիրության պատմիչ Դիոգեն Լաերտացին: Ինչու՞ միայն նա, այլեւ այլոք էլ, այդ թվում՝ Սոկրատեսի սիրելի աշակերտ Պլատոնը:

Սոկրատեսի վարք ու բարքը մեղադրողներին գրգռում էր ոչ միայն այն, որ նա իմաստազուրկ էր համարում հունական ավանդական արժեքները, այլեւ դրանց կրողներին, այդ կրողների կողմից այդ արժեքների իմացությունը: Ով պատահեր՝ նա բռնում էր եւ “ապացուցում”, որ նա տգետ է, թեեւ գիտունի ու իմացողի տեղ է դնում իրեն: Դարեր ի վեր հույնը իմաստապաշտ ազգ է եղել: Ճիշտ է՝ այդ որակը Սոկրատեսի ժամանակներում հույնի մեջ բավականաչափ թուլացեր էր, եւ նա ավելի շատ իրեն իմաստունի տեղ էր դնում, քան իրականում էր, բայցեւ այնպես՝ բանը չպետք է հասներ դա լիովին ժխտելուն, ինչպես վարվեց Սոկրատեսը, ոչ ազնվական այդ՝ Աթենքի շուկաներում, արհեստանոցներում ու փողոցներում “իմաստասիրող” հույնը. “կեղտաջրի” (որն անտարակույս հույն կյանքում առկա էր) հետ մեկտեղ նա “երեխային” էլ դեն շպրտեց: Ահա թե ինչ է ասում այդ կապակցությամբ Սոկրատեսը հույներին դատարանում. “Աթենացի՛ այրեր, այդ (իմաստուն այրի,-Ս.Մ.) համբավը վաստակել եմ ոչ այլ բանի, քան ինչ-որ իմաստնության շնորհիվ: Ի՞նչ իմաստություն է դա: Գուցե մարդկային: Այդպիսի իմաստություն կարծես իսկապես ունեմ, իսկ նրանք, ում քիչ առաջ հիշատակեցի, կարծես աչքի են ընկնում ավելի մեծ, մարդկայինից ավելի բարձր իմաստությամբ, որի մասին չգիտեմ էլ ինչ ասեմ: Ես չեմ հասկանում այդ (աստվածային,-Ս.Մ.) իմաստությունը, իսկ նա, ով ասում է, թե հասկանում եմ, ստում է” (Պլատոն): Ասվածից հետեւում է, որ Սոկրատեսը այն, ինչը (այսինքն՝ աստվածային բացարձակ իմաստությունը) իրեն հասու չէ՝ համարում է չգո` այդպես համարելով նաեւ այլոց համար: Նա այդպես հստակեցրեց հույն հոգեւոր կյանքում վաղու՜ց, սեմականների հետ խառնվելու հետեւանքով սկսված՝ աստվածային իմաստությունը մարդկային “իմաստությամբ” փոխարկվելու ընթացքը: Հետագայում հունական ու եվրոպական իմաստասիրության դիրիժոր դարձածն իր “իմաստությունը” հասկանալով որպես ամեն մի իմաստության, անգամ ամեն մի իմացության ժխտում՝ խոստովանում է, որ “ես գիտեմ, որ ոչինչ չգիտեմ”, դա պարտադրելով նաեւ ամեն մեկին. “Երբ հեռանում էի նրանից (խոսքը գիտունի համբավ ձեռք բերած հույներից մեկի մասին է,-Ս.Մ.), ինքս ինձ մտածում էի, որ ես ավելի իմաստուն եմ, քանզի մեր երկուսից ոչ ոք կարգին ոչինչ չգիտի, մինչդեռ նա չիմանալով կարծում է, թե գիտի, իսկ ես թեեւ չգիտեմ, բայց չեմ էլ կարծում”: Ահա Սոկրատեսի կողմից մարդկային իմաստությունը ժխտող մեկ այլ վկայություն էլ. “Իմաստունն աստված է` մարդկային իմաստությունը չնչին արժեք ունի եւ ոչինչ է”,-ասում է նա դատարանում: Ելնելով այդ գիտակցումից՝ ահա թե ինչպես է պատկերացնում իր “դերը” աթենական իրականության մեջ. “Ինձ (աստված) կցել է քաղաքին, ինչպես մի մեծ ու ազնվացեղ ձիու, որը, սակայն, իր պարարտությունից ծուլացած՝ կարիք ունի, որ նրան ուշքի բերի մի ինչ-որ բոռ: Ես կարծում եմ, աստված ինձ կցել է քաղաքին իբրեւ մեկի, որն ամբողջ օրը առանց դադարի կշրջի ամենուր եւ ձեզնից յուրաքանչյուրին կսթափեցնի, կհամոզի ու կնախատի”: Ա՜յ թե դեր է…

Սոկրատեսն այսպիսով ելնելով իր դիվապաշտությունից՝ ըստ ամենայնի ծաղրում, ձեռք է առնում հին հունական ավանդական արժեքները, այն տիեզերական զորությունները, որոնցից ծնունդ էին առել այդ արժեքները:

Սոկրատեսի դեմ մեղադրանքները նրա դատից առաջ էլ հունական իրականության մեջ հա՜ հնչում էին: Դա հնչեցնողներից մեկը՝ Արիստոփանեսը, հույն կատակերգու գրողն էր: Սա իր “Ամպեր”-ում Սոկրատեսին ներկայացնում է որպես աստվածամերժ, եթերին, ամպերին աստված ներկայացնող, ավանդամերժ, նախնյաց օրենքներն ու կանոնները ժխտող, ճամարտակող, շաղակրատ, իր աշակերտներին “խոսքով հաղթել սովորեցնող”, “միտքն ու ուղեղը” օդի մեջ կախող, հասարակական չար ուժերը ուղղորդող, արվամոլ, “մտածմունքներ հերձող”, “գազազած մարդ”, “ամեն ճշմարիտ բան բացասող”, ընտանեական ու հասարակական խռովություններ սերմանող, մարդկանց վարք ու բարքի սանձարձակության (“ազատության”) դրդող (Արիստոփանես, “Ամպեր”):

Վերադառնանք, սակայն, Սոկրատեսի ներմուծած “նոր դեմոններին”: Դրանցից մեկը, նախ, իր՝ Սոկրատեսի ներսից եկող կույր, անբացատրելի, իռացիոնալ, անվերահսկելի ուժերն են, որոնք դրանք կրողին, որպես կանոն, բացասական գործողությունների են դրդում: Այսպես, այդ դեմոնը Սոկրատեսին դրդում է դատարանում խոսել ոչ թե նախօրոք պատրաստած ճառով, այլ՝ “առաջին իսկ պատահած բառերով”, այն լեզվով, որով նա “սովոր է եղել խոսել ագորայում՝ դրամափոխների հետ” (Պլատոն): Ըստ դիվապաշտի՝ այդ ներքին դեմոնն է (ժամանակակից հոգեբանության լեզվով ասած՝ ներքին անգիտակցական ու ենթագիտակցական եսը) միշտ եղել իրեն ներսից ուղղորդողը՝ ինչ անել եւ ինչ խոսել: “Ինձ դեմոնային ինչ-որ բան է պատահում,-ասում է նա դատարանում,- դա ինձ մոտ նկատվել է դեռ մանկուց. առաջանում է մի դեմոնային ձայն, որն ամեն անգամ ինձ շեղում է որեւէ (բարի,-Ս.Մ.) մտադրություն կատարելուց, բայց երբեք չի ուղղորդում դեպի մեկ ուրիշը”: Այդ դիվային ձայնը, դժվար չէ կռահել, Սոկրատեսի (ու նրա պես “հույների”) մեջ գլուխ բարձրացրած “չափազանց մարդկային”-ի (Նիցշե)՝ ամենայն աստվածայինից խզված ձայնն է:

Սոկրատեսի ներմուծած, հիշատակվածին հար նման մյուս դեմոնը ամբոխային, դեմոսական, կյանքը չստացվածների դժգոհության ձայնն է: Այսպես, դրանցից մեկի՝ “նոր հույների” դեմոնի մասին նա ասում է. “… Երիտասարդները, որոնք լինելով հարուստների որդիներ՝ կատարյալ պարապության են մատնված, լսելով, թե ինչպես եմ փորձում (հիմարացնում,-Ս.Մ.) մարդկանց, իրենք էլ հաճախ ընդօրինակել են ինձ եւ փորձել ուրիշներին”: (Մեր օրերում էլ չե՞նք լսում այդ դեմոնական ձայնը, որը սակայն Սոկրատեսի պես մշակողներ չկան:) Հունաստանում այդ ժամանակներում դեմոսական մի ահավոր ավերիչ ուժ էր խմորվում: Սոկրատեսը դրան ձեւ ու ուղղություն տվող գլխավորներից էր: Նա համոզված էր, որ իր մահից հետո (աթենական դատարանը նրան գրեթե միաձայն մահվան դատապարտեց) այդ՝ հասարակական դեմոնն իրեն արդարացնելու, իմաստուն էր հռչակելու, իսկ իրեն դատ տվողներին՝ դատապարտելու ու սպանելու: Այդպես էլ եղավ: Հույնը դարձավ դիվապաշտ: Հունական՝ Ապոլլոն աստծուց իրեն տրված իմաստությանը փոխարինելու եկան անհատ հույների անհատական “իմաստությունները”, որոնցից էլ հետո սերվեցին քրիստոնեությունն ու եվրոպական իմաստասիրությունը:
1 Նախաարիական մայր լեզվի (որի կրողը հայոց լեզուն է) այս խորհուրդը Հունաստան տարվելով՝ դարձել է դեմոն:

Հունական դատարանի վճռով պայմանավորված Սոկրատեսի մահը վերջ չտվեց դեմոնապաշտությանը եւ դրանից բխող իմաստասիրությանը Հունաստանում: Ճիշտ հակառակը. քանզի նա խառնածին՝ ոչ զտարյուն հույն էր1 (որպիսիներով լեփ լեցուն էր Հունաստանը)՝ նրա մահից հետո այդպիսիք նրան՝ իրենց հոգեմտային “որակների” լավագույնս արտահայտչին աստվածացրին ու նրա ասածները այս կամ այլ կերպ հիշելով-իրենց մեջ որոճալով՝ ի՜նչ իմաստասիրություններ ասես չստեղծեցին: Հունական հոգեւոր մթնոլորտը դեմոնային՝ երկրակենտրոն ու մարդակենտրոն իմաստասիրություններով ողողվեց, որոնք այն աստիճան կլանեցին զտարյուն հույնի միտքն ու հոգին, որ նրա ավանդական իմաստության աղբյուր՝ Ապոլլոն աստծուն նվիրված Դելփյան տաճարն արդեն սկսեց նրան քիչ հետաքրքրել: Նա աստիճանաբար դադարեց իր՝ “Աստծո զարմից” լինելը (տես Հոմերոս), դրանով պայմանավորված՝ իր բացարձակ որակները գիտակցելը՝ տրվելով զուտ երկրային ու մարդկային անցողիկ մղումներին ու ցանկություններին: Երբեմնի՝ տիեզերքում, տիեզերական զորությունների մեջ իրեն տեսնող հույնը սկսեց, լավագույն դեպքում, տիեզերքը, նրա զորությունները իրենում տեսնել, իրենից դրանց մակաբերել, այդպես իրենից տիեզերքի մասին հազար ու մի սխալ ու կեղծ պատկերներ հանելով, իսկ, վատագույն դեպքում, նույնիսկ դա էլ չտեսնել ու չանել, այլ, պարզապես, բավարարվել ինքնահայեցմամբ. Դելփյան տաճարի՝ հի՜ն արիական ժամանակներից եկող “Ճանաչիր ինքդ քեզ եւ կճանաչես աստվածներին (կամ՝ աստվածայինը քո մեջ,-Ս.Մ.)” պատգամին փոխարինելու եկավ եսապաշտական “ճանաչիր ինքդ քեզ”-ը, — խնդիր, որը Հունաստանի խառնածիններն իսկապես որ ունեին. ինչ իմանային՝ ում վաստակածն են: — Դեռեւս Հոմերոսի ու Հեսիոդոսի ժամանակներից սկիզբ առած հունական ոգու այդ այլասերումին2 թափ հաղորդողը եղավ Սոկրատեսը, որն էլ արագացնողը՝ նրա մահը: (Նմանատիպ մի բան էլ հետո՝ Հունաստանի ժառանգորդ Հռոմի հետ տեղի ունեցավ. այս անգամ այդ ամենի սուբյեկտը Հիսուսը՝ Սոկրատեսին հար նմանն էր):

Որպեսզի ասվածները ավելի հիմնավոր դառնան՝ խոսքը տանք Սոկրատեսին ամենից խորը հասկացածին՝ Նիցշեին, ումից իմաստասերներն խույս են տալիս՝ իրենց սոկրատականությունը քողարկելու համար. “Ես Սոկրատեսին ու Պլատոնին ճանաչել եմ որպես անկման ախտանշաններ, որպես հունական քայքայման գործիքներ, որպես կեղծահույներ, որպես հակահունականներ: Սոկրատեսն իր ծագմամբ պատկանել է ամենացածր ժողովրդին. նա խաժամուժ էր: Մենք գիտենք,…, թե ինչ այլանդակ է եղել նա: Սոկրատեսն ընդհանրապես հու՞յն էր արդյոք: Այլանդակությունը բավական հաճախ խաչասերված, խաչասերմամբ արգելակված զարգացման արտահայտություն է… Տիպական հանցագործն այլանդակ է… Սոկրատեսը տիպական հանցագործ էր: Սա առնվազն չի հակասում այն դիմագետի հռչակավոր դատողությանը, ով Աթենքով անցնելիս Սոկրատեսի երեսին ասաց, որ նա իր մեջ կրում է բոլոր հոռի արատներն ու կրքերը… Սոկրատեսով հունական ճաշակը շուռ է գալիս ի նպաստ դիալեկտիկայի… Դրանով պարզվում է՝ ազնվականական ճաշակը խաժամուժը դիալեկտիկայի հետ վերեւ է բարձրացնում… Սոկրատեսի հեգնանքը խռովության արտահայտություն է, խաժամուժի ռեսենտիմենտ (ոխակալության արտահայտություն,-Ս.Մ.): Նա, որպես ճնշված, իր սեփական արյունառուշտությունն է ճաշակում հետեւաբանության (տրամաբանության,-Ս.Մ.) դանակի հարվածներով, նա ազնվականներից վրեժ է լուծում… Նա ազնվական աթենացիների հետեւը նայեց. նա հասկացավ, որ իր դեպքը արդեն ամենեւին բացառիկ դեպք չէր: Այլասերման նույն կերպը նախապատրաստվում էր ամենուր լռության մեջ. հին Աթենքը առ վախճան էր գնում: Եվ Սոկրատեսը հասկացավ, որ բոլորն իր կարիքն ունեն”: Դա հասկացողներից, գլխավո՜ր հասկացողներից մեկը Պլատոնն էր՝ Սոկրատեսի սիրելի աշակերտներից մեկը, ով ջերմեռանդորեն զարգացրեց Սոկրատեսի դեմոնապաշտության ատահայտություններից հատկապես մեկը՝ գաղափարա(կաղապարա)պաշտությունը՝ ողջը համահարթեցնող, աստիճանակարգությունը, կյանքի բազմազանությունը ժխտող մտածողության այդ եղանակը:

Կրկին խոսքը տանք շատ առումներով ազնիվ Նիցշեին. “Ես նրան հելլենների բոլոր հիմնաբնազդներից այնքան շեղված եմ գտնում,…, այնքան քրիստոնեական նախաձեւ…, որ ես Պլատոնի ողջ երեւույթի համար ավելի շուտ խիստ “բարձրագույն խաբեություն” բառը կօգտագործեի, քան այլ մի բառ:
Ստիպված են եղել (հույները,-Ս.Մ.) թանկ վճարել, որ այդ աթենացին եգիպտացիների (Սոկրատեսի հետ մեկտեղ,-Ս.Մ.) մոտ է դպրոց գնացել ( — թե՞ Եգիպտոսում հրեաների մոտ…): Քրիստոնեության ճակատագրական մեծ իրադարձության մեջ Պլատոնն այն “իդեալ” կոչեցյալ երկդիմությունն ու դյութանքն է, որը հնադարի ավելի ազնիվ բնավորությունների համար հնարավոր դարձրեց թյուր ըմբռնել իրենք իրենց եւ ոտք դնել այն կամրջին, որը դեպի “խաչը” տարավ… Եվ դեռ ինչքա՜ն շատ Պլատոն կա “եկեղեցի” գաղափարի մեջ”: Այս իմաստասերի՝ իր ուսուցչից ժառանգած մի՝ արվամոլական իմաստասիրման բնույթի (որը ժխտում է իմաստասիրման մեկ այլ գլխավոր աղբյուր` ծնող զորություն մորը, կնոջը…) մասին էլ հարկ համարենք երկու խոսք ասել: Ըստ այդ “մեծ” իմաստասերի, Հունաստանում ոչ մի մաքուր փիլիսոփայություն չէր լինի, եթե այդտեղ գեղեցիկ պատանիներ չլինեին. այդ նրանց հմայիչ տեսքն էր, որ, նախ, իմաստասերների հոգին գցում էր էրոտիկական աբշռանքի մեջ եւ նրան հանգիստ չէր տալիս, մինչեւ այն ամենայն վսեմի սերմերը գցեր իմաստասերի գեղեցիկ հողի մեջ:

Եթե նկատի ունենաք, որ Սոկրատեսից, նրանով հաստատված կամ ստեղծված` հին հունական պես-պես դպրոցներից հետագայում սերվեց գրեթե ողջ եվրոպական իմաստասիրությունը (այդ թվում՝ այդ իմաստասիրության մերօրյա արտահայտություն պոստմոդեռնիզմ կոչվածը), ապա պարզ կդառնա, թե Սոկրատեսը, նրա դեմոնապաշտությունը ի՜նչ “դեր” է կատարել համաշխարհային իմաստասիրության պատմության մեջ:

Երկիր մոլորակը վերջին 2.5-3 հազ. տարիներին տիեզերական ձմեռ է ապրում, եւ այդ ընթացքում, պարզ է, մարդու, այդ թվում՝ արի մարդու հոգին պետք է սառչեր, կորցներ մեծ թե փոքր կյանքերի, դրանց աստիճանակարգության բնական զգացողություն-գիտակցումը: Բայց, միեւնույն է, գարուն է գալու, եւ արարչածին մարդը գալու է իր արարչատու հավատքին ու իմաստությանը:

Սերգեյ Մանուկյան
ԵՊՀ փիլիսոփայության եւ հոգեբանության ֆակուլտետի դոցենտ

1 Այն, որ նա ոչ ազնվական հույն, այլ խառնածին (սեմականի, ըստ երեւույթին, փյունիկիացու կամ եգիպտացու եւ հույն արիացու) է՝ դա անտարակուսելի է. չէ՞ որ այդպիսին է չարացած լինում, ճանաչողական թերարժեքության գիտակցումն եւ զանազան նմանատիպ այլ` բացասական ապրումներն ունենում: Այդ մասին են վկայում նաեւ Սոկրատեսի ոչ ազնվական վարք ու բարքը:
2 Հիշենք, որ Հոմերոսի էպոսը ավարտվում է ոդիսեւսապատումով. Տրոյայի պատերազմում բոլոր՝ “Աստուծո զարմից” սերված աքայացիները զոհվել էին, “մարդու որդի” Ոդիսեւսը կենդանի էր մնացել. եւ նա ու նրա պեսներն էին հետայդու Հունաստանի ընթացքը որոշելու (այս ողբերգական անցումը Հոմերոսն արդեն զգացել էր):

“Լուսանցք” Թիվ 129, դեկտեմբերի 11 — 17, 2009թ.
“Լուսանցք” Թիվ 130, դեկտեմբերի 18 — 24, 2009թ.
“Լուսանցք” Թիվ 131, դեկտեմբերի 25 — 31, 2009թ

Ստազանցություն

25 Դեկտեմբերի, 2009

“Մի անգամ մարմնի զգայարանները սկսեցին քննարկել, թե իրենցից որն է ամենակարեւորը:

Յուրաքանչյուրը խոսում էր իր բացառիկության մասին, եւ գնալով զրույցը վերածվեց վեճի: Աղմուկն այնքան ուժգնացավ, որ ստիպված միջամտեց գիտակցությունը եւ առաջարկեց, որ զգայարանները հերթով հեռանան մեկամսյա ժամկետով: Եվ 5 ամսից բոլորին պարզ կլինի, թե որ մեկի բացակայությունն էր բոլորի համար ծանր: Եվ դրանով իսկ կպարզեն ամենակարեւորին:

5 ամսից, սպասվածին հակառակ, վեճը կրկնվեց նույն ոգով: Բոլոր զգայարաններն էլ խոսում էին, որ իրենք մյուսների կարիքը չունեն, քանզի մնացածի բացակայության ժամանակ իրենք ավելի են հզորացել ու նրբացել: Ստեղծված իրավիճակից գիտակցությունը բոլորովին շփոթվեց: Այն ժամանակ Ոգին խոսեց եւ հայտնեց, որ հեռանալու հերթը իրենն է: Չանցած 2 րոպե, բոլորը հասկացան, թե ով է ամենակարեւորը եւ աղերսեցին Ոգուն վերադառնալ` խոստանալով այլեւս չվիճել”:

Առակս ի՞նչ կցուցանե:

Նույն իրավիճակն է մոլորակի եւ, մասնավորապես, մեր Հայրենիքի հասարակական-քաղաքական ասպարեզում: Մի կուսակցություն գովում է իր տեսողությունը՝ տեսակետի բարձրությունն ու տեսածի բացառիկությունը, մյուսը` լսողությունը՝ լսածի թովչությունն ու զարմանալու կարողությունը, 3-րդը` հոտառությունը՝ հոտոտելու առանձնակի սրությունը, 4-րդը` համի զգացողությունը՝ ախորժակն ու որկոր կրելու ձիրքը, 5-րդը` շոշափելիքը՝ շոշափածն ու ճմրթածը: Եվ այդպես համադրելին ոչ միայն հակադրում են, այլ առճակատում ու իրար բախելով, այնուհետ մեկը մյուսին անհանդուրժուղության մեջ մեղադրում:

Եվ այդպես ազգեր են մեռել, քանզի Ազգային Ոգուն շատ են ձանձրացրել:
Սեւակի խոսքով ասած` “ազգերը մեռնում են տխմարությունից”:

Արթնացի՛ր, Հայ մարդ:

Հիշի՛ր Ցեղակարգդ, եւ նրանում վերահաստատվելով, դատարկի՛ր երկիրդ պառակտող կուսակցությունները:

Բա՛վ է քեզ ուղղված սուտը դիվանագիտական որակ համարես եւ հուսաս, որ քեզ խաբողը կկարողանա նաեւ անապատի խաբեբա զավակներին գերազանցել:

Խաբվածության վրեժխնդրությունը շատ դեպքերում ուղղված է լինում դեռեւս խաբել չփորձածներին, քանզի դժվար է խաբել հմուտ խաբեբաներին:

Ստին հավատալը սուտ խոսելուց ոչ պակաս զանցանք է:

Դու՛րս արի, Հա՛յ մարդ, ստի շղթայից:

Սուտը նման է ճահիճի: Նրանում որքան շատ ես շարժվում, այնքան շուտ ես ընկղմվում:

Սուտը հնարավոր չէ ներսից ճանաչել, քանզի ճանաչելու համար տեսնել է պետք: Իսկ տեսնելու համար տեսողությունից բացի լուսավորվածություն էլ է պետք:

Հիշի՛ր, Հայ մարդ:

Քեզ չեն կարողանա խաբել, եթե չկարողանան շահդ բորբոքել:

Շահդ չեն կարողանա բորբոքել, եթե չկարողանան քծնելով քեզ ծուլացնել:

Քեզ չեն կարողանա ծուլացնել, եթե չկարողանան քեզ բարկացնել:

Քեզ չեն կարողանա բարկացնել, եթե չկարողանան քեզ հետ գործակցել:

Անդրանիկ Աթոյան
Ռուսաստանի Դաշնություն, Կրասնոդար
“Լուսանցք” Թիվ 131, դեկտեմբերի 25 — 31, 2009թ

Հիշեցնող հուշաքարեր

18 Դեկտեմբերի, 2009

Սանկտ-Պետերբուրգում բազմաթիվ եկեղեցիներ կան, սրանք կառուցվել են տարբեր ժամանակներում, եւ յուրաքանչյուրն ունի կառուցման իր պատմությունը: Ռուսական ուղղափառ քրիստոնեական հավատքի բազմաթիվ մեծ ու փոքր շքեղաշուք կառույցների թվում կա մեկը, որն առավել ուշագրավ ու հետաքրքիր է կառուցման, տեղի ընտրության պատմությամբ ընդհանրապես, եւ մասնավորապես մեզ՝ հայերիս համար: Ասենք, որ նմանատիպ կառույցների եւ, ընդհանրապես, անվանումները կառուցողների, հովանավորների եւ այլոց մասին տեղեկություն տալիս են մուտքի մոտ, պատերին փակցված տարբեր ձեւի եւ չափերի վահանակները: Այս եկեղեցու մասին, ում անունով որ այն կոչվում է, տեղեկությունները գրված են գրանիտե խոշոր քարերին, որոնց չափերն անցնում են 1 մետրից: Նախ նշենք, որ եկեղեցու դուռը նայում է այդտեղով հոսող ոչ խոշոր “Մոյկա” գետին: Մուտքի դռան վերնամասում պատրաստված է խոշոր խճանկար: Այստեղ պատկերված է Քրիստոսը` շալակած տանում է ծանր խաչը: Կքված այդ ծանրության տակ, շրջապատված թշնամիներով եւ հետաքրքրասեր ամբոխով, նա հազիվ քայլում է: Հաջորդ պատկերում նա արդեն խաչին է բարձացվել: Բայց, քանի որ այդտեղ խաչված են նաեւ ուրիշներ, ուստի, որպեսզի Քրիստոսն առանձնացվի բոլորից եւ հիշեցվի նման “հանցագործին” սպասվող պատիժը, ապա խաչի ուղղահայաց ձողի վերեւում, Քրիստոսի գլխավերեւում փոքրիկ փայտ է ամրացված եւ գրված` “… Քրիստոս Նազարեցի…” եւ այլն: Այդ նույն ուղղահայաց ձողի ներքեւում խաչվողի ոտքերը չի տեղավորվում մեխելու համար, ուստի՝ այստեղ եւս փայտ է ամրացվում, բայց թեք վիճակում: Ահա թե ինչու է ռուսական խաչը այսպես պատրաստվում եւ ցուցադրվում ինչպես բոլոր եկեղեցիների գմբեթներին, այնպես եւ՝ այլուր: Ասացինք, որ եկեղեցու պատին՝ աջից ձախ ամրացված են գրանիտե խոշոր հուշաքարեր: Եկեղեցին կառուցվել է այն վայրում, որտեղ Ալեքսանդր II կայսրը կառքով անցնելիս՝ ռուս հեղափոխականները՝ նարոդնիկները մահափորձ են կատարում: Առաջին ռումբի պայթյունից վայր են ընկնում կառքի ձիերից 1-2-ը: Ցարն իջնում է կառքից, եւ երկրորդ ռումբը գտնում է նրան ու մահ պատճառում: Մինչ այդ, Ալեքսանդր II կայսեր հանդեպ կատարվել էին բազմաթիվ մահափորձեր, ինչպես 1866թ., 1867թ., 1879թ., 1880թ., սակայն բոլորն էլ անհաջող էին անցել: Ահա այդ եւ 1863-1864թթ. Լեհաստանում բռնկված ապստամբությունը եւ դրա դաժան ճնշումից հետո Ռուսաստանում նույնպես ընդդիմադիրներից վախենալով, ցարը սկսեց մի շարք սահմանափակումներ մտցնել, ուժեղացնել հսկողությունները այլախոհների եւ այլոց հանդեպ:

Վերադառնանք նրա պատվին կառուցված եկեղեցու պատին ամրացված գրանիտե հուշաքարերին: Ժողովուրդն այդպես էլ այն անվանում է “ղՐՈՎ վՈ ԽՐՏՉՌ” (եկեղեցի արյան վրա): Պատին ամրացված քարերից առաջինի վրա փորագրված եւ ոսկեգույն փայլատակող տառերն ասում են` ովքեր են ծնողները (ումից է սերված), երբ է ծնվել… եւ այսպես: Հաջորդներին՝ թագադրվել է 1855թ., 1863թ. Ռուսաստանում վերացնում է ճորտատիրական իրավունքը (որով սկիզբ է դրվում կապիտալիզմի զարգացմանը), ապա կատարում դատական, հողի, ռազմական, կրթական եւ այլ բարեփոխումներ եւ այլն: Հաջորդներին գրված է, որ նրա ջանքերով ավարտվում են Կովկասի (1864թ.), Ղազախստանի (1865թ.), Միջին Ասիայի (մասնակի՝ 1865-1881թթ.) միացումները ռուսական կայսրությանը:

Այսքանը պատմական փոքր ակնարկ էր, եւ կարծում եմ ընթերցողը չի դժգոհի բուն էությանն անցնելուց առաջ: Այսպես` “ղՐՈՎ վՈ ԽՐՏՉՌ” եկեղեցու պատին փակցված գրանիտե 16-րդ եւ 17-րդ հուշաքարերին գրված է, որ կայսր Ալեքսանդր II-ի շնորհիվ թուրքական տիրապետությունից ազատագրվեցին (15.11.1878թ.) Ղարսը, Արդահանը եւ Արեւմտյան Հայաստանի մի շարք այլ տարածքներ: Եվ դրանք ոչ միայն միացվեցին Ռուսաստանին, այլ “ԱՌՀԱՎԵՏ” անցան ռուսական կայսրությանը: Այդ մասին է գրված 1878թ. փետրվարի 19-ին Սան-Ստեֆանոյում կնքած ռուս-թուրքական պայմանագրում: Սա փորագրված է գրանիտե հուշաքարերին, եւ եթե ժամանակի ընթացքում այդ տառերին քսած ոսկեգույնը զգալի թափվել եւ շատ տեղերում դժվար ընթեռնելի են, փույթ չէ, այն փակ թղթապանակում չի դրված, փակի տակ չէ, այն հասանելի է բոլորին-բոլորին: (Գուցե գտնվի մեկը` հուշի քաղաքային իշխանություններին վերականգնել նախկին տեսքը, կամ հայ բարերար գտնվի…): Եվ եթե այսօրվա ռուսաստանյան իշխանություններին նպատակահարմար չէ այդ մասին բարձրաձայնել, մեր իշխանությունների կոկորդը եւ ձայնալարերը մաքուր են եւ ազատ: Ուստի ինչու համապատասխան վայրերում, համապատասխան ատյաններում չբարձրաձայնել: Ասել եւ կրկնել, որ այդ տարածքները ժամանակին եղել են հայ ժողովրդի բնօրրանը, եւ հիմա ժամանակն է, որ զավթիչը դրանք վերադարձնի իսկական տիրոջը՝ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻՆ:
Անգամ հարյուրամյակ առաջ քարերին գրվածը հուշում է մեզ՝ հայերիս, պահանջատեր լինելու պապական մեր տարածքներին:

Սերգեյ Ավագյան

“Լուսանցք” Թիվ 130, դեկտեմբերի 18 — 24, 2009թ.

Մի կտոր չոր հաց էն էլ հրեն հա երկնքից կախված

18 Դեկտեմբերի, 2009


Համաշխարհային բանկն օրերս հրատարակել է “Աղետների ռիսկի նվազեցումը եւ արտակարգ իրավիճակների կառավարումը Հայաստանում” զեկույցը:

Ըստ դրա, երկրաշարժերը, ջրհեղեղը, կարկուտը, սողանքները, սելավները, երաշտը, էրոզիան եւ անապատացումը ՀՀ-ում հսկայական սոցիալական եւ տնտեսական վնասի պատճառ են դարձել: Միայն 1988թ. Սպիտակի երկրաշարժի պատճառած նյութական վնասը հավասար է ՀՀ-ի 2007թ. ՀՆԱ-ի ավելի քան կրկնապատիկին (այս թվականին ՀՀ-ի ՀՆԱ-ն 9,2 մլրդ ԱՄՆ դոլար էր): ՀՀ-ի 48 քաղաքներում շուրջ 2.541.200 մարդ գտնվում է սեյսմիկ ակտիվ տարածքներում: ՀՀ-ի տարածքի սողանքային տեղամասերի ընդհանուր մակերեսը շուրջ 122 հազար հա է, որը կազմում է երկրի ընդհանուր տարածքի շուրջ 4,1%-ը. բնակավայրերի 35%-ը սողանքավտանգ վայրերում է գտնվում: Սողանքների հետեւանքով վնասվում են 233 համայնքներ, որը համայնքների ընդհանուր թվի 25%-ն է կազմում: 100-ից ավելի համայնքներում նկատվում է սողանքների զգալի ակտիվություն, որոնց հետեւանքով վնասվել են հարյուրավոր բնակելի տներ, հաղորդակցության ուղիներ եւ կենսապահովման օբյեկտներ, որը ներառում է 1744 հա կամ ընդհանուր բնակելի տարածքի 5,2%-ը, 240 կմ ճանապարհներ կամ մայրուղիներ կամ ընդհանուրի 3,2%-ը, 4,8 կմ երկաթգիծ կամ ընդհանուրի 0,5%-ը: ՀՀ-ի կեսից ավելին սելավավտանգ է, հատկապես միջին բարձրության լեռնային շրջաններում. հեղեղները սպառնում են նաեւ Երեւան, Կապան քաղաքներին եւ մերձակա շրջաններին: 2004-2007թթ.. սելավները վնաս են հասցրել շուրջ 200 բնակավայրերի եւ հիմնական տրանսպորտային ուղիների վրա գտնվող 600 տեղանքների:

Կարկտահարությունը գյուղատնտեսական ոլորտի ամենամեծ տարերային աղետներից է. կարկտահարության հասցրած միջին տարեկան վնասը գնահատվում է 30-40 մլն. դոլար: Կարկտավտանգ տարածքներում են շուրջ 368 գյուղեր: Վերջին 30 տարիներին ՀՀ-ում արձանագրվել է միջին ջերմաստիճանի բարձրացում. տաք քամիներն ավելացել են, իսկ տեղումներն ու խոնավությունը` նվազել: Գյուղատնտեսական տարածքների շուրջ 15%-ը երաշտավտանգ է:

Անապատացման ցուցանիշը եւս բարձրացել է, ընդ որում` ոչ միայն կլիմայի փոփոխության, այլեւ` մարդու գործունեության պատճառով: 1990-2005թթ. ընթացքում ՀՀ-ն կորցրել է իր անտառային ծածկույթի մոտավորապես 20%-ը կամ շուրջ 63 հազ հա: Ըստ ՀՀ-ի փրկարար ծառայության, անապատացումն այժմ սպառնում է մեր երկրի տարածքի 80%-ին, իսկ խիստ անապատացումը` 50%-ին: Երկրի կեսն էլ տուժում է էրոզիայի հետեւանքով:

Մի խոսքով, ՀՀ-ում աղետների մի ամբողջ “փունջ” է, բայց դրա որոշ մասի համար պետք չէ մեղադրել բնությանը. անապատացման, էրոզիայի, սողանքների պատճառը մարդն է, այո, նույնիսկ սողանքների: Մասնագետներն են ասում, որ այն առաջանում է նաեւ ոչ ճիշտ ոռոգման հետեւանքով: Կամ` ունենք մասնագետներ, ովքեր արդյունավետ ու էժան եղանակներ են առաջարկում (“Լուսանցք”-ն անդրադարձել է այս թեմային) սողանքների դեմ պայքարելու համար: Բայց չէ, մեզ մինչեւ միջազգային կառույցները չասեն ու վզներիս էլ վարկ չփաթաթեն, գործի չենք լծվի: Բա սելավները:
Հասկացանք, անձրեւներ են ու հեղեղումներ, ինչու՞ պիտի հեղեղատարները խցանված լինեն, որ սելավի պատճառած վնասներն էլ մեծ լինեն: Ամեն տարի այս մասին ասվում է, բայց ոչինչ չի փոխվում, որովհետեւ ՏԻՄ-երին իրավունքներ ենք տալիս, բայց ոչ պարտականություն (սա էլ առանձին թեմա է), որովհետեւ… գուցե մերոնց պե՞տք են աղետների այդչափ վնասները, քանզի դա դրսից փող բերելու կարճ եղանակ է…

Ինչեւէ, զեկույցը լսվեց, վարչապետը ճիշտ համարեց կանխարգելիչ միջոցառումները` աղետների ռիսկերը նվազեցնելու նկատառումով: Հետո խոսեցին միջազգային տարբեր կառույցների ղեկավարներ, առաջարկեցին այս կամ այն ձեւը աղետների դեմ պայքարելու: Մակերեսային խոսվեց ու անցավ…

Այս գարնանն էլի հեղեղումներ ու սելավ կլինեն այն վայրերում, որտեղ հեղեղատարներ կան, կարկուտը կխփի նույնիսկ այն վայրերում, որտեղ հակակարկտային կայաններ կան եւ այսպես շարունակ: Մինչդեռ ժամանակակից աշխարհը վաղուց ապրում է աղետների “հետ”, անգամ դրանից օգուտներ քաղում: Ասենք` ընդերքի էներգիան “դուրս թողնելու” ու վնասներ ստանալու փոխարեն երկրաջերմային կայաններ է հիմնում ու էլէներգիա ստանում: Իսկ մենք արդեն տարիներ քննարկում ենք ՀՀ-ում երկրաջերմային էներգետիկայի զարգացման խնդիրը, անգամ գումար տվող կար (իրանական կողմը` էլէներգիա ստանալու պայմանով), բայց գործը կիսատ մնաց, որովհետեւ տարածքը գնեց արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանը, ով եթե ուզի, այդ տեղում կարող է անգամ զուգարաններ տեղադրել զբոսաշրջիկների համար…

Սա է իրականությունը աղետների ռիսկերը նվազեցնել չկարողանալու:
Կամ` անապատացումից ենք խոսում: ՀՀ-ում երբեւէ որեւէ մեկը պատժվե՞լ է անտառհատումների համար: Ոչ: Շատ-շատ անտառի պահակը` այն էլ ծառ կտրելու: Իրական տերերը միշտ ստվերում են:

Այնպես որ, մեզ տեղն է: Բնության հետ ինչպես վարվում ենք, այդպես էլ պատասխան ենք ստանում…

— Մենք պետք է սովորենք ապրել արտակարգ իրավիճակների պայմաններում, Հայաստանը առավել, քան որեւիցե մեկ երկիր քաջ գիտակցում է, թե ինչ հետեւանքեր է ունենում աղետալի դեպքը: 21 տարի է անցել Սպիտակի ավերիչ երկրաշարժից հետո, բայց դեռեւս զգում ենք տնտեսական, սոցիալական եւ հոգեբանական հետեւանքները,- զեկույցի ներկայացման օրն ասաց վարչապետ Տ. Սարգսյանը:

Բայց նա չասաց, որ վաղը, եթե երկրաշարժ լինի Երեւանում, այդ ո՞ր նորակառույցը կանգուն կմնա: Քանի՞ շենք է կառուցվել ոչ սովետական հոգեբանությամբ:

Բայց ասաց, թե աղետների կանխարգելման բնագավառում բեկումնային ծրագրեր իրականացնելու նպատակով էլ ՀՀ-ում ստեղծվեց արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Բայց չասաց, որ բեկումնային ծրագիր գրելուց առաջ տեղական ինքնակառավարման մարմնի ղեկավարի ականջները պետք է ձգել, եթե գարնանը հեղեղատարները խցանված “հայտնաբերվեն”:

Չասաց այն, ինչ պիտի ասվեր: Դա էլ ձեւ է. կարելի է չասել, բայց ձգել ՏԻՄ-ի ականջները: Չնայած ինչպե՞ս կարելի է, մենք քաղաքավարի ենք, ականջները քաշելու փոխարեն ասում ենք` ծրագիր գրիր, թե ինչպես քաշել ականջները, որպեսզի ցավ չպատճառել, որպեսզի քաղաքավարի լինի: Ու ստացվում է այն, ինչ վերնագրում է` Թումանյանից լավ ոչ ոք չէր ասի: Ու քանի որ մեր հարուստները երկնքից հացին կարոտ չեն, արագ ու պարզ քայլ անելու փոխարեն ծրագիր են մշակում, թե ինչպես արագ ու պարզ քայլել: Ժամանա՜կ ունեն…

Աստղինե Քարամյան

“Լուսանցք” Թիվ 130, դեկտեմբերի 18 — 24, 2009թ.

Քաղ

18 Դեկտեմբերի, 2009

Ընթերցողիս թերեւս ծանոթ կլինի իրավիճակը, երբ մարդիկ հանրակառքում (ավտոբուս) տրտունջներով գրեթե ծանոթանում են միմյանց: Նրանք կյանքից դժգոհում են գրեթե նույն խոսքերով եւ դժգոհ մնալու հաստատակամությամբ:
1996 թե 97թ. ընկերոջս հետ Երեւանից Աբովյան էինք գնում: Դաժան կյանքի օրինակներով, ուղեւորների՝ մեկը մյուսին զարմացնելու ջանքերում բոլորից առաջ անցավ Աբովյանի գյուղերից մեկի մի բնակչուհի, ով սկսեց բղավել. “Ժողովուրդ, բա գիտե՞ք, մեր գյուղում սովից մարդ ա մեռել:

Ուղեւորները դրան արձագանքեցին վրդովված բվվոցով, եւ գլխի դրական տմբտմբոցով ըմբռնողություն արտահայտեցին: Սակայն, հանրակառքի հերոսուհին փառքը երկար չվայելեց:
— Ո՞րն է ձեր գյուղը,- հարցրի ես:
Կ……., — հաղթողի հպարտ քմծիծաղով պատասխանեց նա:
— Ամո՛թ ձեր գյուղին եւ անձամբ Ձեզ:
— Ինչի՞ համար:
— Անտարբերությամբ ձեր համագյուղացուն սպանելու համար:

Ուղեւորների բվվոցը փոխեց բնույթը, նրանք մի պահ հիշեցին, որ հային վայել չէ դրկիցի հանդեպ անտարբերությունը: Սակայն շուտով երթուղին ավարտվեց, եւ թերեւս յուրաքանչյուրը նորից տրվեց իր անձնական հոգսերի ունայնության գգվանքներին:

Շատ բան է կյանքում գլխիվայր:

Մեր օրերում վաղուց արդեն ընդունված չէ հեքիաթների եւ Դյուցազներգությունների հավատալ եւ դրանցով զավակներ դաստիարակել: Ընդհակառակը, ծնողները աշխատում են զավակների մեջ հեքիաթների հանդեպ “իմունիտետ” ձեւավորել եւ դրանով նախանշում են իրենց ետեւից դեպի վիշապի երախ տանող ուղին: Մարդիկ դադարել են կերպարների լեզուն հասկանալ: Եվ չեն էլ գիտակցում, որ իրենք իսկ հեքիաթային իրողության բաղկացուցիչ են: Չեն էլ հասկանում, որ հեքիաթների վիշապը, որի ճաշին մարդիկ ժամանակ առ ժամանակ իրենց զավակներին են հրամցնում, աղբյուրից մի պուտ ջուր ստանալու համար, դա մեր օրերի իշխանավորն է, աշխարի որ ծայրում էլ լինի: Հեքիաթների ջուրը մեր օրերի փողն է, որի ակունքներին վիշապազունները բացել են երախները ողջը կլանելու ախորժակով: Եվ մարդիկ որքան շատ են կերակրում վիշապազուններին, այնքան շատ են իրենք քաղցում:

Երբեմն մարդկանց համբերությունը սպառվում է, եւ նրանք հարձակվում են վիշապներից մեկի վրա, բռնում նրա պոչից: Բայց վիշապը մողեսի պես արձակում է պոչը, անհետանում: Հետո մարդիկ վիշապի գահին են կարգում մի նոր մարդակերպ վիշապի:

Սրան էլ են լավ կերակրում: Հետո փոշմանում, որ հնին գահընկեց արին` կարծելով, թե նա արդեն կուշտ էր եւ այս նորի նման շատ ուտել չէր կարող:

Արթնացի՛ր, Հայ մարդ:

Մինչեւ ե՞րբ պիտի վիշապների մեջ մարդկություն փնտրես:

Մինչեւ ե՞րբ պիտի քաղցր խոսքին կուլ գնաս ու չհասկանաս, որ դրանից հետո կոպիտին ես կլանվելու:

Մի՞թե դեռ չես հասկացել, որ քծնանքը քեզ տոկոսադրույքով են տալիս, որ հետո հանապազօրդ ապահովելու համար ճարահատյալ բազմապատիկը վերադարձնես:

Մի՞թե դեռ վիշապազունին քայլվածքից ու կեցվածքից չես ճանաչում:

Բա՛վ է ժամանակդ ու ջանքդ վիշապազունին տրամադրես:

Հիշի՛ր Ինքնությունդ, Հայ մարդ:

Անդրանիկ Աթոյան
Ռուսաստանի Դաշնություն, Կրասնոդար

“Լուսանցք” Թիվ 130, դեկտեմբերի 18 — 24, 2009թ.

21 տարի անց էլ կառուցումներ` սեյսմիկ մեծ ռիսկով

11 Դեկտեմբերի, 2009

Ահավոր երկրաշարժից անցել է 21 տարի: 1988թ. դեկտեմբերի 7-ին, ժամը 11:41-ին ՀՀ տարածքի շուրջ 40%-ը մի քանի ակնթարթում վերածվեց ավերակների: Պաշտոնական տվյալների համաձայն՝ երկրաշարժը խլեց 25 հզ. մարդու կյանք: Երկրաշարժի ուժգնությունը էպիկենտրոնում, որն ընդգրկում էր Սպիտակ քաղաքն ու նրա շրջակա 12 գյուղերը, կազմել էր 10 բալ, հիմնական ցնցման մագնիտուդը՝ 7: Երկրաշարժից տուժեց 363 բնակավայր՝ 21 քաղաք եւ 342 գյուղ, անօթեւան մնաց 514 հզ. մարդ, լիովին ավերվեց երկրի բնակֆոնդի 17%-ը:

Չնայած կատարված հսկայական վերականգնողական աշխատանքներին, աղետի գոտի հասկացությունը դեռ չի վերացել:

Ըստ պաշտոնական տվյալների, Երեւանն ամենավտանգավոր սեյսմիկ գոտում է, իսկ ժամանակին Սպիտակի երկրաշարժի զոհերի թիվը մոտ 8000-ով հնարավոր կլիներ կրճատել, եթե մարդիկ իմանային սեյսմիկ պաշտպանության վարքականոնները: Դա անհրաժեշտ է, քանզի Հայաստանը 100%-ով սեյսմիկ վտանգի գոտում է, եւ մենք պետք է միշտ պատրաստ ու զգոն լինենք:

Ինչ վերաբերում է մեր մայրաքաղաքին, ապա սեյսմիկ ամենամեծ ռիսկն այստեղ է, քանի որ այն գտնվում է 8-9 բալանոց գոտում: Այդ ռիսկայնությունը պայմանավորված է նաեւ այն բանով, որ այստեղ շատ են բավականին խիտ կառուցված բարձրահարկ շենքերը, այստեղ է կենտրոնացված ՀՀ-ի բնակչության մեծ մասը, ինչպես նաեւ՝ Երեւանն աչքի է ընկնում ենթակառուցվածքների, վթարավտանգ, պայթունավտանգ օբյեկտների խտությամբ:

Ըստ մասնագետների, Երեւանի կենտրոնում տեղի ունեցող կառուցապատումը սեյսմիկ պաշտպանության տեսանկյունից այնքան էլ ճիշտ չէ, որն ուժեղ երկրաշարժերի դեպքում կմեծացնի մարդկային եւ նյութական կորուստների թիվը: Շատ նորակառույցների դեպքում չեն պահպանվում սեյսմակայունության նորմերը: Շինարարություն իրականացնում են մասնավոր կազմակերպությունները, որոնք շատ դեպքերում շրջանցում են օրենքը, շենքի նախագծի փորձաքննության ժամանակ չեն ներկայացնում սեյսմակայունության մասին տեղեկանք եւ այլն:
Իհարկե, շենքը կարող է նաեւ ամուր լինել, սակայն երկրաշարժի ժամանակ` կողքի ընկնել ու վնասել մյուս շենքերին՝ մեծացնելով սեյսմիկ վտանգը: Այնուամենայնիվ, տարեցտարի երկրաշարժերի քանակը նվազում է. եթե 2008թ. գրանցվել է 50 երկրաշարժ, ապա 2009թ. այդ թիվը 35 է:

Ամենալավ պաշտպանվածությունը, այդուհանդերձ, ամուր կառուցված շենք-շինություններն են եւ իմացությունը՝ երկրաշարժերի ու դրանցից ճիշտ պաշտպանվելու մասին:

Անի Մարության

“Լուսանցք” Թիվ 129, դեկտեմբերի 11 — 17, 2009թ

Գոյատեւողի իրավու՜նքը որն է

11 Դեկտեմբերի, 2009

Երեկ մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրն էր, եւ այդ առիթով Երեւանում կազմակերպված կլոր սեղանին ՀՀ վարչապետը նույնպես ներկա էր ու հանդես եկավ ողջույնի խոսքով (միջազգային միջոցառումները նա հազվադեպ է բաց թողնում):

Գործադիր իշխանության ղեկավարը նշեց, թե պետությունները պետք է իրականացնեն պրոգրեսիվ միջոցառումներ եւ ծրագրեր, որպեսզի լուսավորության եւ կրթության ճանապարհով մարդկությունն ըմբռնի մարդու իրավունքների էությունը եւ դրա համար ստեղծվեն համապատասխան միջավայր ու հնարավորություններ. “Այսինքն՝ այն արժեհամակարգը, որ նկարագրված է ՄԱԿ-ի մարդու իրավունքների հռչակագրում, յուրաքանչյուրիս համար պետք է դառնա օդի եւ ջրի նման անհրաժեշտություն, առանց որի մենք չենք կարող բարեկեցիկ կյանք պատկերացնել: Հասկանալի է, որ ժամանակակից հասարակությունն առանց մարդու իրավունքները հարգելու չի կարող զարգանալ: Կրթություն եւ գիտելիք ստացող մարդը, որ ժամանակակից հասարակության շարժիչ ուժն է, չի կարող կյանքը պատկերացնել առանց ազատությունների: Ուստի՝ մեր պարտականությունն է ստեղծել այնպիսի միջավայր, որպեսզի ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի կարողանա իրացնել իր սահմանադրական իրավունքները, քանի որ ՀՀ Սահմանադրության մեջ արտացոլված են Մարդու իրավունքների հռչակագրի 30 հոդվածի բոլոր դրույթները”:

Այս ամենը լսելով մի հարց է միայն առաջանում, ո՞վ պիտի ապահովի մեր բարեկեցիկ կյանքն ու մեր իրավունքները պաշտպանի, նպաստի մեր գիտելիքների ձեռքբերմանը… Կարծում ենք՝ մեր կառավարությունը, իշխանությունները: Բայց մեր երկրում դեռեւս մարդն է պայքարում իր՝ մարդու իրավունքների պաշտպանության եւ “բարեկեցիկ” գոյատեւման համար…

Նազելի Մանուկյան

“Լուսանցք” Թիվ 129, դեկտեմբերի 11 — 17, 2009թ.