Հարցազրույց հայ ազգայնական գործիչ, սփյուռքահայ լրագրող եւ պատմաբան Գեւորգ Յազըչյանի հետ
— Դուք Ազգային արժեքների պաշտպանության հանձնախմբի անդամ եք ու նաեւ անհատական լուրջ գործունեություն եք ծավալել հայապահպանության խնդիրների շուրջ, հատկապես՝ լեզվաքաղաքականության ոլորտում: Տեղյակ ենք, որ այս բնագավառում փոխզիջումներ չեք ընդունում:
— Թվում է, թե որպես պատմաբան ես պետք է ավելի շատ կարեւորեի պատմության գործոնը մեր ազգային ինքնության այսօրվա եւ վաղվա կտրվածքներով։ Սակայն, մեր ազգային ինքնության հիմքերի հիմքը հայոց լեզուն եմ համարում։ Պետք է բավական մեծ կարեւորություն տալ Մեսրոպ Մաշտոցի դերին։ Օտար լեզվով անհնար է ապահովել հայ ազգի շարունակականությունը, հետեւաբար, նաեւ հայրենիքի գոյատեւումը եւ այլ արժեքների պահպանությունը: Հայրենիքը, ազգը եւ ազգային մշակույթը (հասկանալի է՝ նաեւ լեզվամշակույթը) նմանեցնում եմ եռոտանու, որի կողմերից մեկը եթե չի լինում՝ փուլ է գալիս, այսինքն՝ եթե չկան հայրենիքը, ազգը, ազգային մշակույթը կամ դրանցից մեկնումեկը, հայրենասիրության կամ ազգապահպանության խնդիրներ էլ չկան… Եթե սփյուռքում օտարախոսություն է տարածվում, դա նույնիսկ կարող եմ համարել ինչ-որ տեղ բնական, ինչ-որ տեղ կարող եմ ըմբռնումով մոտենալ (ինչպես վերը նշեցիք՝ փոխզիջումով), որովհետեւ գտնվում են օտար երկրներում, օտար միջավայրում եւ այլն, մանավանդ, չկա իր սերունդը հետագայում հայրենիք վերադարձնելու գաղափարը: Իհարկե, ուծացումն սկսվում է առաջին հերթին լեզվական ոլորտից. սկսում են խոսել օտար լեզվով կամ գործածում են օտար բառեր։ Ողբերգություն է, որ այդպես խոսողները ենթադրում են, թե հայերեն են խոսում, մինչդեռ խոսում են կիսահայերեն-կիսաարաբերեն, կիսահայերեն-կիսաֆրանսերեն, կիսահայերեն-կիսառուսերեն, կիսահայերեն-կիսաանգլերեն եւ այլն: Լեզվամտածողության օտարացումը նպաստում է ուծացմանը, հետագայում՝ ձուլմանը: Սակայն ամենադատապարտելին այն է, որ այդ նույն երեւույթները տեսնում ենք Հայրենիքում, հենց մայրաքաղաքում, այն էլ անկախության հռչակումից ավելի քան 17 տարի հետո։ Սա ոչ միայն անթույլատրելի է, այլեւ՝ հիմնովին անընդունելի ու դատապարտելի: Նման երեւույթներ դիտարկվում են նաեւ պետական իշխանավորների մոտ, պետական պատասխանատու կառույցներում եւ ամենուրեք: Այսօր ազատորեն գործածվում է հատկապես ռուսերենը. “Լեզվի մասին” օրենքի ամենավառ ոտնահարման դրսեւորմամբ ցուցադրվում են ռուսերեն հեռուստահաղորդումներ, շարժանկարներ, գովազդներ եւ այլն։ Շատ են նաեւ այլ օտար լեզվով ելույթները։ Հատկապես անգլերենով կամ անգլերենախառը “հայերենով” խոսելը համարվում է զարգացածության, քաղաքակրթության չափանիշ, մինչդեռ դրանով ավելի նսեմանում է անձն ինքը. նման հայազգի մարդուն ընկալում եմ որպես պատվազուրկ ու ստրկամիտ, ով ցուցադրաբար արհամարհում է նաեւ բոլորիս ազգային արժանապատվությունն ու անկախ պետության գաղափարը…
— Այո՛, բայց նույն պետությունը ինքն էլ է ոտնահարում “Լեզվի մասին” օրենքը. վկա՝ փողոցային մեծ գովազդային վահանակները, խանութների ու հիմնարկների օտարատառ ու օտարահունչ անվանումները…
— Սա էլ մի այլ խնդիր է։ Այո, պետության պատասխանատուների անփութությունն ու օրինազանցությունն են նպաստում անհատի նույնատիպ վերաբերմունքին: Գովազդային վահանակները, գնապիտակները, սպասարկման ոլորտում տրամադրվող կտրոնները հաճախ այլալեզու են (ռուսերեն կամ անգլերեն)։ Դրա համար էլ ասում եմ՝ հայոց լեզուն ՀՀ-ում ավելի շատ պաշտպանության կարիք ունի։ Մեր մայրենին անպաշտպան է հատկապես դպրոցներում, նախադպրոցական կրթարաններում։ Պատկերացրեք այս արտառոց երեւույթը. ՀՀ ավելի քան 1600 հանրակրթական դպրոցների մի մասն ունի տարբեր թեքումներ՝ բնագիտական, ֆիզիկամաթեմատիկական, լեզուների՝ անգլերենի, ռուսերենի, գերմաներենի, ֆրանսերենի… բայց գեթ մեկ հատ չկա հայերենի ուժեղացված թեքումով դպրոց՝ հայերենի հայրենիքում։ Դա ի՞նչ է նշանակում…
— Բոլոր դպրոցներն էլ հայերեն են, գուցե դրա՞ համար…
— Չէ՜, դրա մասին չեմ ասում։ Չկա որեւէ մեկ դպրոց, որտեղ անցնեն գրաբար, մատենագիտություն, արեւմտահայերեն, դասական ուղղագրություն, խորացված հայոց պատմություն, հավատքի ու կրոնի խորքային ուսումնասիրություն, ազգային մշակույթի պատմություն, հայագիտական այլ ուղղություններ։ Սրա մասին է խոսքս: Վստահ եմ՝ բազմաթիվ հայեր իրենց երեխաներին նման դպրոցներում կտեղավորեին: Ցավոք, չունենք հայապահպանության օրենք: Ունենք “Լեզվի մասին” օրենք, որն ավելին քան 15 տարի առաջ է ընդունվել, սակայն ազգային արժեքներից ամենախայտառակ վիճակում է հայտնվել հենց հայոց լեզուն։ Պետական կառույցներում մեծաքանակ ծառայողներ են աշխատում, ովքեր փողեր են ստանում պետբյուջեից, բայց Լեզվի պետական տեսչությունը նույնիսկ մեկ իրավաբան չունի, որպեսզի երբ հարցերը հասնում են դատարան, այդ իրավաբանը գնա եւ պաշտպանի հայոց լեզվի շահերը՝ իրավաբանական գիտելիքներով զինված: Այդ գործառույթները կատարում են Լեզվի պետական տեսչության աշխատակիցները…
— Գուցե օրե՞նքը ճիշտ չի պաշտպանում լեզուն կամ՝ այլ բան կա…
— Օրենքն իսկապես ամբողջական չէ, չնայած, ցանկության դեպքում, կարելի է այդ օրենքով էլ պաշտպանել հայոց լեզվի իրավունքները: Բայց հիշյալ օրենքի կիրառումը չի պարտադրվում։ Օրենքն առաջին հերթին խախտում են օրենսդիրները, պետության ղեկավարներն ու նրանց կուսակիցները, որոնց մեծ մասը նաեւ գործարարներ են (սա ինքնին սահմանադրական խախտում է, որովհետեւ օրենսդիրներն իրավունք չունեն գործարարությամբ զբաղվելու, բայց օրենսդիրներից ո՞վ է Սահմանադրությունը բանի տեղ դնում): Նրանք՝ հատկապես ոգելից խմիչքներ, ջրեղեն, կոնֆետեղեն, երշիկեղեն, մսեղեն, պահածոներ արտադրողները, իրենց արտադրանքների փաթեթավորումներում արհամարհում են հայերենը, որը կարծես գոյություն չունի, եւ փաթեթավորումները հիմնականում այլալեզու են: Այստեղ չի կարող արդարացում լինել, նույնիսկ եթե այդ արտադրանքը պատրաստված է արտահանման համար: Իհարկե հաճելի է, որ հայաստանյան ապրանքն արտահանվում է, պահանջարկ ունի արտասահմանում, սակայն դա երբեք պետք չէ անել հայոց լեզվի արհամարհումով։ Մեր լեզուն պետք է գործառվի առաջնային դիրքում, այսինքն՝ հայոց լեզուն գրառումներում պետք է լինի անպայման։ Օտար լեզուներով նշումներ թող լինեն, խնդրեմ՝ հարց չկա, բայց՝ հայերենի պարտադիր եւ առաջնային կիրառման նախապայմանով: Ապշելու է, բայց մեր պետական ու ազգային լեզվի հաշվին պետական ու մասնավոր հիմնարկներում, օդանավակայանում, տարաբնույթ խանութներում ու սպասարկող հիմնարկներում տրվում են տարբեր փաստաթղթեր՝ ռուսերենով կամ անգլերենով, իսկ արտգործնախարարությունը հայաստանյան մամուլին ուղարկում է տարբեր տեսակի փաստաթղթեր՝ անգլերենով, այլ նախարարություններ՝ նաեւ ռուսերենով, ասելով, թե այդ փաստաթղթերն ուղարկվելու են ՌԴ, եվրոպական որեւէ երկիր, ԱՄՆ կամ պարզապես արտերկիր եւ ի՞նչ կարիք կա քաղաքացուն ծանրաբեռնել թարգմանության եւ դրա նոտարական հաստատման ծախսերով… Սա՞ է մեր պետական մոտեցումը: Այս ամենը տեսնելով՝ օտարերկրյա դեսպանատներն էլ են իրենց լեզուներով գրագրություն անում ՀՀ քաղաքացիների, ԶԼՄ-ների ու հիմնարկների հետ: Նրանք մեր երկրում մեզ հետ իրենց լեզուներով են առնչվում ու մեզ էլ պարտադրում են հարգել իրենց լեզուն ու պատասխանել կամ դիմել իրենց լեզվով: Ահա թե ուր ենք հասել: Պատկերացրեք, որ ՌԴ մի որեւէ պաշտոնյայի (նույնիսկ ամենացածր) ՀՀ քաղաքացին մի փաստաթուղթ է ներկայացնում, որը միայն ռուսերենով է գրված, ոչ թե թարգմանված հայերենից։ Վստահ եմ՝ այդ պաշտոնյան չի հարգի ոչ տեղեկանքը ներկայացնողին, ոչ էլ ներկայացնողի երկիրը: Զայրույթով եմ հիշում հետեւյալ արտառոց երեւույթը։ Չեմ հասկանում՝ ինչպե՞ս էին հանդուրժում, որ մինչեւ 1998թ. ՀՀ մուտքի ու ելքի համար խփվում էր մի կնիք, որում ռուսերենով գրված էր “Ոոսսիա, ԿՊՊ (հսկիչ-սահմանային կետ — խմբ.) Երեւան”, կարծես թե ՀՀ-ն ՌԴ մի քաղաք էր, կամ Կալինինգրադի շրջանի պես մի անկլավ: Հետագայում պետական մեր “կարգավիճակը” բարձրացվեց, քանզի գրվում էր “Արմենիա, ԿՊՊ Երեւան”: Միայն 2005թ. աշնանը հայոց լեզվի տառերը հայտնվեցին ՀՀ մուտքի ու ելքի կնիքների վրա, թեեւ մինչեւ այսօր էլ մեր պետական գերբը չկա այդ կնիքներին, ինչն էլ դատապարտելի է։ Այս ամենը նշանակում է արհամարհանք պետական խորհրդանիշների եւ, նույնինքն, պետության նկատմամբ: Շատ երկրներում եմ եղել, նման անհարգալից վերաբերմունքի չեմ հանդիպել:
— Սրան գումարած՝ օդանավակայանից մեկնելիս էլ մի շարք վճարումների կտրոնները անգլերեն են տրվում…
— Այո՛, շատ տարօրինակ փաստ է։ Ո՞ւր մնացին հայոց լեզվի գործառույթները։ “Լեզվի մասին” օրենքում հստակորեն գրված է, որ ՀՀ պետական լեզուն հայերենն է եւ բոլոր գործառույթները, առանց բացառության, պետք է իրականացվեն հայերենով: Հնարավոր է, որ միջազգային որեւէ կազմակերպություն ցանկանում է սպասարկում մատուցել նաեւ այլ լեզուներով, ուրեմն՝ փաստաթղթեր կազմելուց պետք է հայերենի կողքին այլ լեզուներով ներկայացնի փաստաթղթի բովանդակությունը: Մեկ այլ երեւույթի եւս անդրադառնամ։ Հայերեն՝ նշանակում է մաշտոցյան այբուբեն։ Հայերենը չի կարող գրվել արաբական, կյուրեղյան, լատինական տառերով, չինական, ճապոնական հիերոգլիֆներով եւ այլն։ Սակայն, ՀՀ հեռախոսակապի բոլոր ծառայությունների հաղորդագրությունները լատինատառ հայերեն են։ Այս այլանդակությանը տուրք է տալիս նաեւ Մայր աթոռը՝ “մոռանալով”, որ մեր եկեղեցին սրբացրել է Մեսրոպ Մաշտոցին։ Մեր եկեղեցականները այսպե՞ս են հարգում հայոց մեծագույն սրբի հիշատակը, չե՞ն ամաչում… Ինչո՞ւ չեն բողոքում եւ ՀՀ պետությունից չեն պահանջում ՀՀ էլեկտրոնային հեռահաղորդամիջոցներում մեսրոպյան այբուբենը կիրառել…
Մութ ուժերն են խեղաթյուրում մեր պատմությունը
— Շարունակենք լեզվական թեման: Միասնակա՞ն ուղղագրության կողմնակից եք:
— Միանշանակ այո՛, որովհետեւ ցանկանանք թե ոչ, այսօր գտնվում ենք տեխնոլոգիական հեղափոխության դարում, եւ էլեկտրոնային կապն այսօր դարձել է օդի-ջրի նման անհրաժեշտություն: Հետեւաբար, եթե ուղղագրությունն այսօր չմիասնականացնենք, հետագայում, ունենալով նաեւ հնչյունային տարբերություն արեւելահայերենի եւ արեւմտահայերենի միջեւ, նաեւ բառական կազմի տարբերություն, հայաստանահայերն ու սփյուռքահայերը կհեռանան միմյանցից: Սա երկար չի տեւի, ընդամենը մի քանի տասնամյակի մասին է խոսքը: Կհասնենք մի պահի, որ չենք կարողանա այլեւս իրար հասկանալ: Ես դասական ուղղագրության կողմնակից եմ։ Հակիրճ բացատրեմ՝ ինչու: Լեզուն նաեւ մտածողություն է. երբ գրում կամ խոսում ենք, մտածելով ենք խոսում, իսկ մտածելու ընթացքում նաեւ լեզվի բառերի արմատներն ենք ընտրում: Դասական ուղղագրության դեպքում այդ արմատները ճիշտ են ընտրված։ Օրինակ՝ հարություն բառը եթե գրում ենք հո տառով (հարություն)՝ դառնում է հարված, իսկ եթե գրում ենք յի տառով (յարութիւն)՝ նշանակում է դեպի արարում, դեպի նոր կյանք (ի դեպ, հայոց այբուբենի տառերը, մեզ նման, հատուկ անուններ ունեն՝ “այբ, բեն, գիմ…” եւ ոչ թե “ա, բը, գը…” են, ինչպես սովորաբար կրկնում են հիմարաբար)։ Ուղղագրության փոփոխումն արեցին խորհրդային իշխանությունները, որպեսզի ավելի հեշտությամբ կտրվենք մեր անցյալի ժառանգությունից։ Ինչպես գիտեք, որեւէ հեղափոխական գաղափարական շարժում փորձում է ջնջել մինչ իրեն եղածը, որպեսզի իրենը պարտադրի։ Այդպես եղավ նաեւ “Լուսավորչի” ժամանակ. քարուքանդ արվեցին մեր հազարամյակների մշակույթը, մեր գիտությունը եւ այլն։ Նույնը փորձեցին անել նաեւ խորհրդային իշխանությունները ուղղագրության փոփոխությամբ, թեեւ իրենց նպատակը մինչեւ վերջ չհաջողեցին իրականացնել…
— Որպես պատմաբան, նաեւ հայագիտության շրջանակներու՞մ եք լուրջ վտանգներ տեսնում:
— Այո՛, պատկերացրեք, որ այս ոլորտում իրավիճակն ավելի քան լուրջ է։ Կեղծիքն ու անճշտությունները (հաճախ՝ պատվիրված) հարվածում են նաեւ մեր ինքնության մեկ այլ կարեւոր գործոնի՝ մեր պատմությանը՝ հազարամյակների անցյալին: Պատմությունը պարզապես ինքն իր համար գիտություն չէ, այսինքն՝ պարապ ժամանակի խաղալիք չէ: Մեր պատմությունը մեր լինելիության եւ հավիտենականացման մեծագույն “ռեսուրս” է՝ անցյալը արժեւորելով, այսօրը հասկանալով եւ վաղը ճիշտ ծրագրավորելով: Պատմությունը ճիշտ իմանալը կարեւոր է։ Անհրաժեշտ է, որ մեր պարտություններից, ձախողումներից, անհաջողություններից դասեր քաղենք, որպեսզի դրանք չկրկնենք։ Իհարկե՝ դասեր պետք է առնենք նաեւ մեր հաջողություններից, հաղթանակներից, որպեսզի հաղթանակի գործոնները խելամիտ օգտագործելով ժամանակի ընթացքի համեմատ կարողանանք դրանք բազմապատկել: Եվ պատահական չէ, որ մեր թշնամիները, Հայաստանի նկատմամբ անբարյացակամ տրամադրված երկրները, ուժերը եւ այլք հարվածում են նաեւ մեր պատմությանը։ Սա հոգեբանական, տեղեկատվական ահռելի մի զենք է մեզ մեր ինքնությունից զրկելու համար: Պատահական չէ, օրինակ, որ Քյազիմ Քարաբեքիրը, 1920թ. նոյեմբերի վերջին վերջնագիր ներկայացնելով առաջին հանրապետության պատվիրակությանը, դրան կցել էր մի հուշագիր, որը պարտադիր չէր, բայց տեղեկացնելու բնույթ էր կրում։ Հուշագրում նա շատ հստակ ասում էր, թե մենք՝ հայերս, չունենք ո՛չ սեփական պատմություն, ո՛չ սեփական խոհանոց, ո՛չ սեփական բառեր, ո՛չ սեփական երգ ու պար եւ այլն: Այսինքն՝ ոչնչացնում էր մեզ, ամրագրելով, որ մենք որեւէ արժեք չունենք, իսկ այն, ինչ որ ունենք՝ բոլորը թուրքերից ենք վերցրել… Եվս մեկ օրինակ. մոտ 3 ամիս առաջ, Կարինում, տեղի Աթաթուրքի անվան համալսարանը կազմակերպել էր միջոցառում՝ թուրքերի նկատմամբ հայերի կիրառած զուլումի վերաբերյալ: Կազմակերպիչը համալսարանի մի դասախոս էր, ով 88 տարի անց Քարաբեքիրի բառերն էր համարյա կրկնում, ասելով, թե հայերը սեփական պատմություն չունեն։ Ինչո՞ւ են թուրքերն անընդհատ նման հորինվածքներ պնդում։ Նրանք շատ լավ գիտեն, որ եթե պատմություն՝ անցյալ չունես, ուրեմն այսօրն ունենալու իրավունք չունես, իսկ այսօրից զրկված լինելով՝ նաեւ վաղն ունենալու իրավունքը չունես… Մի խոսքով՝ ապրելու իրավունք չունես, մեջտեղից վերանալու “իրավունքն” ունես միայն։
— Հայրենիքու՛մ ապրելու իրավունքը չունես…
— Հայրենիքից դուրս ապրելը գոյություն քարշ տալ է: Թուրքերը նախահարձակ են լինում՝ հասկանալով, որ ամենալավ պաշտպանությունը հարձակողական քաղաքականությունն է: Ի տարբերություն թուրքերի, մեր այլ թշնամիների, ցավոք, թե՛ սփյուռքահայ պատմագրությունը, թե՛, տարօրինակորեն, ՀՀ պատմագրությունը համարժեք հակահարված չեն հասցնում։ Գուցե չե՞ն գիտակցում այդ վտանգի տարողությունը։ Չգիտեմ։ Բայց եթե գիտակցում ու լռում են, առավել եւս պետական մակարդակով, ապա դա, մեղմ ասած, անընդունելի է: Դեռ չեմ խոսում մեր ազգակիցը համարվող պատմագետների՝ մեր դեմ ելույթներ ունենալու փաստերի մասին…
— Վերջերս պետական որոշ անձինք արդեն բացահայտ ասացին, որ տեղեկատվական պատերազմում տանուլ ենք տալիս մեր թշնամիներին:
— Այո՛, շատ հստակ դրված է այդ հարցը, քանզի չտեսնելն ու չբարձրաձայնելն այլեւս կործանարար է:
— Երեւի հենց պատմագիտությո՞ւնը տանուլ տվեց նախ եւ առաջ:
— Իհարկե: Պատմագիտությունը եւ, ընդհանրապես, գիտության ոլորտները ռազմավարական նշանակություն ունեն, բազմաբնույթ մարտավարական ուղղություններ են: Վերջերս կարդում էի “Նորավանք” գիտակրթական հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանի մի հոդվածը, որում ինքն էլ է խոստովանում, թե մենք տանուլ ենք տալիս տեղեկատվական, հոգեբանական պատերազմում: Համեմատելու համար ասեմ, որ Թուրքիայի պետական անվտանգության մարմինը՝ “ՄԻԹ” կոչեցյալն իր կառույցում ունի 6-րդ վարչությունը… Հոգեբանական պաշտպանության գլխավոր վարչությունը, որի գործառույթներից է ոչ միայն թուրքերի, այլեւ ընդհանրապես աշխարհի թուրքալեզու եւ թուրքազգի ժողովուրդների առկա ու հնարավոր թշնամիների նկատմամբ հոգեբանական-տեղեկատվական պատերազմի սանձազերծումը: Սրա մեջ մտնում է նաեւ այդ ժողովուրդների պատմության խեղաթյուրումը: Այսինքն՝ թուրքական պետությունը պատմության խեղաթյուրումը եւ իր թշնամիների հանդեպ անբարյացակամ տրամադրվածության ստեղծումը, ներկա ու ապագա ժամանակներում իրեն թշնամի ժողովուրդների ու երկրների նկատմամբ հոգեբանական ու տեղեկատվական պատերազմի խնդիրները դրել է պետական բարձր մակարդակի վրա: Եվ այս գործը վստահել է իր անվտանգության մարմիններին։ Դրանք էլ համապատասխան ձեւերով հարցը փորձում են լուծել՝ ի տարբերություն մեր անվտանգության մարմինների, որ չգիտես թե որ երկրի անվտանգությանն են ծառայում կամ որ դեսպանատան բողոքներն են սպասարկում մեր երկրում… Մեր պետության “Ազգային անվտանգության հայեցակարգ” կոչվող փաստաթղթում տեղեկատվական ու հոգեբանական պատերազմներ մղելու, թշնամիներին բարեկամներից զանազանելու որեւէ լուրջ բան չեմ տեսել եւ չգիտեմ, թե մեր Ազգային անվտանգության ծառայության կառույցում կա՞ գուցե նման մի մարմին, որը նույնն է անում մեր թշնամիների նկատմամբ, ինչը թուրքերի անվտանգության մարմիններն են անում, կամ մշակվե՞լ է մի գործելաձեւ՝ այդ թշնամական տեղեկատվական ու հոգեբանական պատերազմին դիմագրավելու ուղղությամբ:
— Եթե կա էլ՝ կարծես մեր թշնամիների վրա դա չենք զգում: Կարծես նրանք էլ չեն զգում…
— Այո՛, գոնե ես չեմ զգում ոչ Հայաստանում, ոչ էլ՝ սփյուռքում: Հայտնի չէ՝ նման մի կառույց կա՞ կամ գործու՞մ է։ Եթե կա ու չի գործում, դա շատ վատ է, եթե ընդհանրապես չկա՝ է՛լ ավելի վատ է. դա նշանակում է, որ մեր իշխանավորները դրա կարեւորությունը դեռ չեն գիտակցում…
— Դուք հրապարակել եք մասոնականության, սիոնականության վերաբերյալ շատ նյութեր, գրքեր, որոնցում նշվում է, թե ինչպես է հատկապես կեղծվել հայոց պատմությունը եւ նույնիսկ հայերի եկվորության խնդիր է առաջադրվել: Այսինքն՝ ոչ միայն թուրքական, այլեւ՝ համաշխարհային համապարփակ ու դավադիր ինչ-որ մի վտա՞նգ կա:
— Այո՛: Դա միջազգային մութ ուժերի (մասոնական, գլոբալիստական եւ այլ) սանձազեծած պատերազմն է, որ ընթանում է ոչ միայն հայ ժողովրդի, այլեւ՝ աշխարհի բոլոր ժողովուրդների նկատմամբ: Նպատակն է համաշխարհային տիրապետության հասնել: Ուստի ամեն ինչ անում են, կեղծում ու պղծում են, որ չճանաչենք ինքներս մեզ, դառնանք կոսմոպոլիտ՝ անդեմ աշխարհաքաղաքացի, որ սպառողական հոգեբանություն ձեռք բերենք, որպեսզի հեշտ կառավարելի լինենք եւ իրենք առանց դժվարությունների ու բարդությունների հասնեն համաշխարհային կառավարման: Սա սիոնականության եւ դրա գործիք դարձած մասոնականության գործելաոճն է։ Ցավոք, հատկապես մասոնականությունը բավականին մեծ տարածում ունի սփյուռքահայ հասարակական ու քաղաքական կառույցներում, ղեկավար շրջաններում։ Վերջին տարիներին, ըստ ունեցած տեղեկության, նաեւ բավական եռանդուն գործունեություն է ծավալել ՀՀ-ում՝ տարբեր քաղաքական ու պետական կառույցներում: Արդեն բացահայտ, առանց ամոթի զգացումի, որոշ մարդիկ ոչ միայն չեն թաքնվում, այլեւ հպարտանում են, թե մաս են կազմում այս կամ այն մասոնական օթյակին՝ “մոռանալով”, որ մասոնականությունը կարեւոր դերակատարություն է ունեցել մեր ժողովրդի, ներառյալ այսօրվա մասոնների պապերի ու ապուպապերի ցեղասպանության ծրագրավորման եւ գործադրման մեջ, որը առ այսօր էլ շարունակում է ցեղասպանության ճանաչման համաշխարհային ուրացման քաղաքականությունը: Հաճախ հայտարարում են՝ իբր մասոնականությունը բարեգործական կամ այլ անմեղ կազմակերպություն է, սակայն ինքս հրապարակել ու թարգմանել եմ գրքեր, որոնցում մասոնականության հակազգային ու հակամարդկային դերը պարզորոշ ցույց եմ տվել:
— Լեզվաքաղաքականության եւ պատմագիտության այս դժվարությունները տեսնելով, հասկանալով հակահարվածի, եթե չասեմ նախահարձակ լինելու կարեւորությունը, ամեն դեպքում ելք տեսնո՞ւմ եք։
— Իհարկե: Լեզվական ոլորտում հակահարվածը պետք է լինի երկու ուղղությամբ: 1-ինը՝ հանրությունը պետք է գիտակցի իր ազգային ու պետական միակ լեզվի կարեւորությունը, բոլոր ոլորտներում ազգային լեզվաքաղաքականություն կիրառելու անհրաժեշտությունը։ 2-րդը՝ որ ավելի կարեւոր է, նույն բանը պետք է գիտակցի պետությունը: Այս երկու դեպքում էլ դրական բան չի նկատվում: Տարբեր երկրներում, երբ մարդիկ փորձում են խախտել իրենց պետական լեզվի իրավունքները եւ այլ բաներ, պետությունը համապատասխան գործառույթներ ունեցող մարմիններով, պատիժների կիրառմամբ փորձում է կարգի հրավիրել նրանց։ Օրինակ՝ Ֆրանսիայում այսօր գործում է օրենք, որ եթե իրենց լեզվում կան համապատասխան ֆրանսերեն բառեր, բայց որեւէ մեկը գործածում է դրանց անգլերեն կամ այլ լեզվի տարբերակը, ապա տուգանվում է։ Իսկ մեզ մոտ “իմիջ”, չգիտես ինչ այլ “էլիտար” բառեր կան, որոնք ունեն իրենց հայերեն հոյակապ համարժեքները, սակայն օտար բառերն այնքան են մտել գործածության մեջ, որ նույնիսկ մեր օրենսդիրներն ու գործադիրները ուրախությամբ են արտասանում դրանք՝ սկսած ՀՀ առաջին դեմքից: Այսպես հայկական պետություն չի կառուցվում: Պատմության մասին էլ կասեմ նույնը, մեր գիտնականները համարձակ մոտեցումներ պետք է դրսեւորեն եւ ձերբազատվեն օտարի “ռեւիզիոնիստական” մտքերից ու վերստեղծեն, վերականգնեն մեր իրական պատմությունը՝ իր դրական ու բացասական կողմերով, բայց մերը…
— Ավելի ճիշտ չի՞ լինի, որ լեզվի օրենքը խախտողները եւ հայոց պատմության դեմ հանդես եկող հայերը Հայաստանում պարզապես զրկվեն գիտական կոչումներից եւ պաշտոններից: Գուցե սա պայքարի ծայրահեղ միջոց է, բայց կարեւորը լուծումն է, դավադիրների ու ծախուների դեմն առնելը:
— Համաձայն եմ, լեզվի հարցում կամ ընդհանրապես ազգային արժեքների հարցում ծայրահեղ դրսեւորումների կիրառումը լուրջ պայքարի ձեւ է, որովհետեւ եթե մարդիկ չեն դաստիարակվում, չեն մտածում իրենց ազգի ու հայրենիքի մասին, ապա մնում է, որ վերոնշյալ պատժի միջոցները կիրառվեն նրանց նկատմամբ:
— Կա հայազգի, ով պաշտպանում է Հայկական բարձրավանդակում հայերի եկվորության մասին թեզը եւ ունի… գիտական աստիճան:…
— Եվ ոչ միայն գիտական աստիճան, այլեւ՝ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս է, մեր եւ ձեր՝ հարկատուների հաշվին, թոշակ էլ ստանում է մեր պատմությունը խեղաթյուրելու համար: Քավ լիցի, սա չի նշանակում, թե մենք առաջարկում ենք գիտության առաջ փակել բանավիճելու հնարավորությունը, կոշտ գրաքննություն մտցնել։ Չէ՛, տարբեր տեսակի բանավեճերի շատ ու շատ նյութեր ունենք, բայց այսօր հաստատված իրողություններ կան, որոնք դիտավորյալ կամ պատվերով շահարկվում են, այդ թվում հենց եկվորության հարցը…
— Եթե ամբողջ աշխարհին է հայտնի, որ մենք մեր՝ Հայկական լեռնաշխարհի բնիկներն ենք, ինչպե՞ս է դա հնարավոր:
— Դա պատվերով խեղաթյուրվում է, ինչը կատարվում է մեր թշնամիների փողերով, հաճախ մեր դավաճանների ձեռքերով։ Պատմական իրողությունը նաեւ քաղաքականացվում է, որպեսզի մենք չկարողանանք ավելի հեշտ ու իրավականորեն հիմնավորել մեր հայրենիքի բռնագրավյալ տարածքների ազատագրության խնդիրը:
— Ձեր վերոնշյալ եռամիասնությունը, հայոց լեզուն (իմա՝ ազգը), հայրենիքը եւ մշակույթը ազգային հավիտենական արժեքներ են, կարեւոր են բոլոր ժամանակներում։ Այսօրվա հային, Հայաստանին Ձեր կարծիքով ի՞նչ կարող են տալ դրանք՝ ներկա համապարփակեցման համաշխարհային գործընթացներում:
— Փոքրաթիվ ժողովուրդների գլխավոր զենքերից մեկը հենց իրենց ազգային, ուրիշներից իրենց տարբերակող հիմնարար հատկանիշների պահպանումն է: Դրանք հենց ազգային մնայուն արժեքներն են, որոնք կերտվել են հազարամյակներով՝ սերունդների միջոցով: Դրանց անտեսումն էլ հենց կհանգեցնի ձուլման՝ համաշխարհային համահարթեցման գործընթացներում: Ծաղկեփունջը այնքանով է սիրուն լինում, երբ տարբեր ծաղիկներից է փնջվում եւ ամեն մեկն իր ուրույն բույրով, գույնով է հարստացնում ծաղկեփունջը: Իսկ համաշխարհային կառավարման ձգտողները, “գլոբալիզացիա” անվան տակ թաքնվելով կամ սիոնականությամբ ու մասոնականությամբ փորձում են համահարթեցնել, միադեմ դարձնել մարդկությանը՝ ոչնչացնելով ազգերը, նաեւ մեզ՝ հայերիս: Եվ ազգային արժեքները միակն են, որ մեզ տալիս են դիմադրելու, հաղթելու կարողություն: Զարմանալի է, բայց մեզանում կան ոմանք, ովքեր բացատրում են ճիշտ հակառակը. ասում են, թե մենք իբր կոչ ենք անում մեկուսացման, քարացածության, օտարից որեւէ բան չվերցնելու քարոզ ենք անում, սակայն դա այդպես չէ։ Մշակույթը եւ քաղաքակրթությունը փոխլրացնում, հարստացնում են միմյանց, բայց դա չպիտի արվի մեր ազգայինի կորստյան հաշվին, առավել եւս օտարի բարքերն ու կյանքը ուղղակիորեն պատճենահանելով, ավելին՝ վերցնելով օտարի ամեն մի երեւույթ (հատկապես՝ բացասական), դրանք մտցնելով հայ իրականություն, առանց հաշվի առնելու՝ այդ երեւույթը կհամապատասխանի՞ մեր պատմական զարգացմանը, մեր ժողովրդի աշխարհահայացքին, մտածողությանը, հոգեբանությանը…
— Այսինքն՝ ազգային արժեքները նախապայմա՞ն են օտարին դիմադրելու եւ մեզ զարգացման տանելու:
— Այո՛, մեր ազգային արժեքները կարող են զարգանալ ոչ թե մեկուսացման մեջ, ինչում մեզ անհիմն մեղադրում են, այլ աշխարհի հետ մշակութային երկխոսությամբ, փոխհարստացմամբ: Այսօր մեր լեզվի մեջ շատ օտար բառեր կան, որոնք “հայացվել” են։ Սակայն երեւույթներ ու անհարիր բարքեր կան, որոնք օտար են եւ պետք է միանշանակ մերժվեն, որոնք մեզ համար անընդունելի են՝ ինչպես ասենք համասեռականության եւ աղանդավորականության օրինականացումը կամ գենդերային հավասարություն կոչեցյալը, ընտանիքի պլանավորումը եւ այլն։ Սրանք միանշանակ մերժելի են:
— Այսինքն՝ գլոբալիզացիային դեմ եք, ինտեգրմանը կո՞ղմ:
— Իհարկե, կան երեւույթներ, որոնք կարելի է հայկական միջավայր բերել՝ պատվաստելով մերինի վրա, բայց հիմքը մերինը պետք է լինի։ Ասենք, բջջային հեռախոսն այսօր դարձել է անհրաժեշտություն աշխարհի գրեթե բոլոր ժողովուրդների համար։ Այսօրվա քաղաքակրթության ռիթմը պարտադրում է բջջային հեռախոս ունենալ: Եվ մենք վերցնում ենք այդ բջջային հեռախոսը, սակայն ինչո՞ւ դրա գործառույթները, գրառությունները չենք անում մեսրոպյան այբուբենով։ Վերցնենք օտարի լավը, պատվաստենք մերինով, դարձնենք մերը, եւ ոչ թե պատճենենք, կրկնօրինակենք, մեր լեզուն էլ դուրս մղենք՝ լատինատառ այբուբենով փոխենք: Նույնն է համակարգիչների առումով:
— Ձեր օրինակը գիտատեխնիկական ոլորտից բերեցիք, բայց հիմա մշակութային ոլորտում պարտադրում են, որ միջազգային չափանիշներին համապատասխան երգ, երաժշտություն, պար, կինոնկար ստեղծենք։ Դրա մասին ի՞նչ կասեք:
— Եվրատեսիլի մրցույթի օրերին Բեյրութում էի։ Երբ մեր երգչուհին ելույթ ունեցավ, լիբանանահայերի մեծ մասը զարմացավ. սա հայուհի՞ է, թե՞ ոչ, իր երգածը հայերենի հետ կապ ունի՞, թե՞ ոչ: Ո՛չ հայկական երաժշտության ակունքները կային, ո՛չ հայերեն բառերի հնչողությունները, ո՛չ էլ երգչուհու շարժուձեւերն էին հայկական, իսկ հագած “տարազը” բնավ համահունչ չէր հայուհու կերպարին: Բայց չէ՞ որ նա Եվրատեսիլում Հայաստանը պիտի ներկայացներ եւ ոչ թե Եվրոպան կամ Թուրքիան։
— Նման դեպքերում ասում են, թե կարեւորը Հայաստանի անունը հնչեցնելն է: Ստացվում է այսպես՝ կարեւորն այն է, որ լինի Հայաստան, եթե նույնիսկ այդ Հայաստանն առանց հայահոգի է…
— Այ հիմա հանգեցինք մի կարեւոր խնդրի։ Ազգային արժեքները ընդհանուր մի համակարգ են կազմում։ Այդ համակարգում կան նաեւ համամարդկային արժեքներ, բայց առանց բուն հայկականի. դրանք անդեմ ու անզոր են, առանց հայկական երաժշտության ոգու, հայկական տարազի ընկալունակության, հայկական մտածելակերպի, հոգեբանության ու էության‘այդ համակարգը չգործող է: Հիմա դա աղավաղվել է՝ հայկականն են խառնում օտարի արժեքային համակարգին. հայանուն մարդիկ փորձում են հայկական բառերով թուրքական, արաբական, պարսկական մուղամա-նաղլային երաժշտության ճաշակ ձեւավորել, հայերենի հետ կապ չունեցող “երգեր” երգել, ինչն ավելի շատ խեղկատակություն է՝ անդուր եւ անիմաստ բառակույտերի հավաքածու: Եվ այսպես է արվեստի բոլոր բնագավառներում՝ թատրոնում, գրականության կամ նկարչության մեջ: Իսկ հայերեն երգն ունի իր ուրույն դեմքը, հոգեբանությունը։ Նույնն էլ՝ հայկական պարը։ Այսօր երբեմն քոչարի են պարում, որն ինչպես հայկական պարարվեստի ջատագով Գագիկ Գինոսյանն է ասում, ավելի շատ հիշեցնում է բրազիլիական լամբադան կամ սամբան, քան ազգային քոչարին, որովհետեւ չեն թափանցում այդ պարի էության խորքերը, իսկ քոչարին հայկական լեռնականների մարտական պարն է, ոչ թե քամակ խաղացնելու պար… Այսպես ձեւախեղվում ու աղավաղվում է ամեն բան, նաեւ հայկական խոսքը: Ահավոր է տեսնել ներկայիս մշակութային աղավաղումները…
— Իռլանդացիներն իրենց “ստեպ” պարի հիմքով ժամանակակից երաժշտությամբ հիանալի պարարվեստ են ներկայացնում: Իմիջիայլոց, տեսակետ կա, որ “ստեպ” պարը, որը ոտքերի խրոխտ շարժումներով պար է, փոխառված է մեր նմանատիպ պարերից՝ ստեպ-ստեպ՝ քայլ առ քայլ…
— Շատ հնարավոր է, նրանք էլ հնդեվրոպական-արիական արմատներ ունեն եւ կարող են լինել մշակութային նմանություններ: Շատ կարեւոր է ամեն բանում բովանդակությունը նույնը պահել։ Ձեւը կարելի է փոխել, բայց ոչ այն աստիճանի, որ ձեւազրկությունը հանգեցնի բովանդակազրկության, կլինի դա թատրոն, քանդակագործություն, ճարտարապետություն եւ այլն: Այսօր Երեւանում տեսնում ենք նորակառույց շենքեր, հատկապես բարձրահարկ, որոնք նույն ձեւով կարելի է աշխարհի որեւէ տեղում կառուցել, ասենք՝ Չինաստանում, Արգենտինայում եւ այլուր. դրանք անարժեք շինություններն են։ Կան կառույցներ էլ, որոնք նույնպես բուն հայկական ճարտարապետական տեսք չունեն, սակայն վեր են խոյանում հայկական ճարտարապետության տարրեր պարունակելով…
— Այսինքն՝ մեր ազգայինի հիմքի վրա գնանք համամարդկայինի, ազգայինն ու համամարդկայինը համադրելի դարձնենք, ոչ թե հակադրելի, իսկ որ ավելի վատ է՝ ճնշենք մեր ազգայինը:
— Եվ դրանով ոչ միայն կզարգացնենք մեր ազգայինը, այլեւ մեր ներդնումը կունենանք համաշխարհային քաղաքակրթության մեջ, կզարգացնենք նաեւ համամարդկայինը: Ազգայինով պիտի գնալ դեպի համամարդկայինը եւ ոչ թե այդ համամարդկայինը անդեմորեն պատճենել ու կիրառել։ Այսօր օտարին չես զարմացնի կիսամերկ հայուհու տեսարանով՝ արեւելյան կամ արեւմտյան երաժշտության ներքո: Ովքեր ուզում են արաբերեն լսել կամ պարել՝ կան հոյակապ արաբ երգիչ-երգչուհիներ, որոնց էլ կնայեն ցանկացողները, նաեւ հենց հայերը: Սփյուռքահայը երբ դիտում է հայկական պետական (հանրային կոչեցյալ, իրականում՝ հանրատնային — Գ. Յ.) հեռուստատեսությունը, պարզապես փնտրում է հայկական ինչ-որ բան, բայց պատկերացրեք՝ չի գտնում: Կարճ ժամանակ առաջ ցավալի մի իրողություն արձանագրեցի. երբ Հայաստանից գնում ենք բարեկամների ու հարազատների մոտ, ուզում ենք անպայման հայկական նվերներ տանել, որոնց վրան հայերեն գրված լինի, ինչը հաճելի է սփյուռքի հայերի համար։ Պատկերացրեք՝ մեծ խնդրի առաջ կանգնեցի, երբ հայկական արտադրանքի վրա հայերեն գրված գնապիտակ չտեսա: Սա ոչ միայն անգրագիտություն է, այլեւ՝ ազգադավություն: Հետո երկար ժամանակ ման էինք գալիս, որ գտնեինք մի գիրք, որը լինի հայ մանուկի հոգեբանությանը, նկարագրին հոգեհարազատ, որ սփյուռքահայ մանուկի հայապահպանմանը նպաստի, այնտեղ չլինեն միայն Փարիզի էյֆելյան կամ Պիզայի աշտարակները, Ջորջ Վաշինգտոնի կամ Նյու Յորքի Ազատության արձանը կամ նման բաներ, այլ լինեն Արարատները, Սեւանը, Գառնին, Գեղարդը, Էջմիածինը, Հայկ Նահապետը, Երեւանի հուշարձանները, մեր խաչքարերն ու կոթողները, մեր անցյալն ու ներկան:
— Հանրակրթական ոլորտում էլ դժվար թե գտնես այնպիսի գրքեր կամ դասագրքեր, որոնք բավարարեն այդ պահանջները:
— Մեր հակառակորդները հարվածում են հայոց արժեհամակարգին բոլոր ոլորտներում, դա լինի լեզուն, կրթությունը, գիտությունը, երգը, պարը, թատրոնը, կրոնը, հավատքը եւ այլն: Համակարգային հարձակումներին պիտի պատասխանել համակարգված ձեւով, իսկ մեր պետությունը դա չի իրականացնում, հայության մասնակի հակահարձակումներն էլ բռունցքված չեն:
— Տնտեսական ոլորտում կան հստակ պատժամիջոցներ, որոնք ստիպում են օրինազանցին խստագույնս հատուցել, նույնիսկ քրեական պատժամիջոցներ կան: Իսկ լեզվախախտը կամ ազգային արժեքներն ապականողը խստորեն չի պատժվում, ուր մնաց՝ դատապարտվի։ Այդ օրինախախտը հանկարծ “դառնում” է հայրենասեր, քանզի “բարեգործ” է: Արդյո՞ք դրամական մեղմ պատժի գործելակերպը չէ ազգակործան երեւույթների պատճառը:
— Միայն դրամական պատժով էլ դժվար կարգավորվի: Բայց դա իհարկե ազդեցիկ լծակ է: Նման միջոց պետությունը կիրառում է իր օրինախախտ (լեզվական կամ այլ ոլորտում) քաղաքացու նկատմամբ՝ օրինական դաշտ բերելու նպատակով, մի բան, որը մեզ մոտ չի կատարվում: Զարմանում եմ՝ ճանապարհային ոստիկանությունը երթեւեկության կանոները խախտած վարորդներին կամ հետիոտներին երբ տուգանում է՝ շատ ճիշտ է անում, հարկայինը նույնպես տուգանում է անբարեխիղճ հարկատուներին եւ այլն (այս պահին մի կողմ թողնենք անարդարություններն այդ ոլորտներում)։ Սակայն տեսնում ենք, որ Լեզվի պետական տեսչությունը նման գործունեություն չի ծավալում, իսկ եթե մի քանի տուգանումներ էլ լինում են՝ չնչին պատիժներ են. օրինախախտը տուգանվելուց հետո շարունակում է իր գործը՝ պատրաստ նոր չնչին տուգանումների: Շատերը նույնիսկ չգիտեն, որ ՀՀ-ում Լեզվի պետական տեսչություն գոյություն ունի: Մինչդեռ պիտի դողային այդ պետական մարմնից…
Մեզ հայկական հզբոլլահական շարժում է պետք
— Մամուլում շրջանառվեց, որ Լեզվի պետական տեսչության աշխատակիցները համագործակցում են օրինախախտների հետ:
— Սա մի այնպիսի ոլորտ է, որտեղ կոռուպցիոն ռիսկերը շատ մեծ են։ Դժբախտաբար, չեն կարողանում (կամ չեն ցանկանում) գտնել կաշառատու անձանց եւ կաշառառու տեսուչների։ Լուրեր են շրջում, թե լեզվատեսուչները հասկացնում են օրինախախտներին, որ որոշակի գումարի դիմաց կարող են ազատվել իրավական գլխացավանքից, դատարան գնալու եւ հետագայում 2-3 հարյուր հազար դրամ տուգանք մուծելուց, չնայած շփացած գործարարների համար դրանք փողեր չեն:
— Կրթության ոլորտում էլ պարբերաբար խոսում են հակակոռուպցիոն պայքարի մասին, բայց…
— Այո՛, նախարարությունն ահազանգում է, թե դպրոցական ֆոնդ կոչվածին գումարներ մի տվեք, բայց տնօրեններն անտեսում են: Ի՞նչ փաստեր են ուզում, եթե գիտեն, որ նման բաներ բացահայտորեն արվում են բոլոր դպրոցներում, ուրեմն՝ գիտեն նաեւ որտեղ փնտրել մեղավորին, ու՞մ աչքին են թոզ փչում: Դպրոցականի ծախսը քիչ է, հիմա էլ դպրոցի ծախսերը պիտի հոգան ծնողները, սա բարբարոսություն է: Կամ՝ դասագրքերը դպրոցներում գումարով են բաժանում. իսկ տարվա վերջում դրանք հավաքում են բոլորից, բայց չէ՞ որ դասագրքերն արդեն գնողի սեփականությունն են, ի՞նչ իրավունքով են հետ վերցնում՝ առանց գումարը վերադարձնելու: Սա կոռուպցիա չէ՞: Մասնագիտական տետրեր են վաճառում դպրոցներում, ինչ-որ պատի թերթեր կամ ծանոթի գրքեր ու տոմսեր… Ո՞րն ասենք: Ամենաթողություն է:
— Նույն ամենաթողությունն է նաեւ հավատքային առումով։ Աղանդավորների բազմացումն այլեւս վտանգավոր է: Դուք հավատքին ինչպե՞ս եք վերաբերվում:
— Ես հավատացյալի դասական իմաստով քրիստոնյա չեմ, անձնապես հավատում եմ հարության գաղափարին եւ քրիստոնեության որոշակի հայացված տարբերակին համամիտ եմ, բայց նաեւ ընդունում եմ, որ մենք մինչքրիստոնեությունն ունեցել եւ այսօր ել ունենք մեր ազգային հավատքը։ Ինքս ինձ համարում եմ արիա-քրիստոնյա։ Մեզ համեմատում եմ ճապոնացիների հետ. կան բուդդայական ճապոնացիներ, ովքեր երբեք չեն հրաժարվում իրենց ազգային հավատամքից, որը կոչվում է սինտոականություն: Մենք էլ կարող ենք համադրել հեթանոսությունն ու արիա-քրիստոնեությունը, որովհետեւ ազգային հավատքն ընդունում եմ որպես ազգային արժեհամակարգի մի մաս։ Մենք օտար կրոնական գաղափարախոսությունն ընդունել ենք, բայց ժամանակի ընթացքում որոշակիորեն, շեշտում եմ՝ որոշակիորեն ազգայնացրել ենք։ Մեր եկեղեցին ազգայնացված է, Հայ եկեղեցի է կոչվում եւ ոչ թե, ասենք, Հռոմեական կաթոլիկ եկեղեցի, որը տարբեր ազգություններ է ներգրավում իր հոտում՝ ներառյալ հայազգիներ։ Բայց մեր փոքրիշատե ազգայնացված եկեղեցին պետք չէ մերժի մեր ազգային՝ հեթանոսական հավատը: Մեր եկեղեցին մինչքրիստոնեական շրջանը վայրենության շրջան է համարում։ Այդպես չի կարելի։ Նույնիսկ արաբները, որ իսլամի ստեղծիչ ազգն են, չեն ընդունում, որ իրենք մինչ իսլամը քաղաքակիրթ չեն եղել, ասում են, որ մինչեւ Մուհամմեդի գալուստը պարզապես մեկ Աստուծո գաղափարին ծանոթ չեն եղել, բայց ունեցել են մեծ քաղաքակրթություն, զարգացած գրականություն, եւ նրանք նախանձախնդիր են մինչիսլամական շրջանի արաբական քաղաքակրթության նվաճումները քարոզելու հարցում, հպարտանում են, ի ցույց են դնում, փոխանցում սերունդներին: Իսկ մեր դեպքում, դժբախտաբար, եկեղեցին ժխտողական դրսեւորումներ է ունեցել եւ ցայսօր էլ ունի։ Պարզապես տգիտության կամ սնապարծության դրսեւորում է սա: Նույնիսկ հանդիպում ենք այնպիսի արտառոց եւ խեղաթյուրյալ տեսակետների, թե քրիստոնեության ընդունմամբ սկսվեցին հայկական մշակույթը եւ հայ ազգի ձեւավորումը… Վերը նշեցինք, որ կա սրբազան եռամիասնություն՝ Հայրենիք, ազգ, մշակույթ։ Սրանք մեկը մյուսից անջատ չեն կարող լինել։ Հետեւաբար, երբ ասում են, թե քրիստոնեության ընդունմամբ սկսվեց հայկական մշակույթը, դա նշանակում է, որ մինչեւ այդ հայ ազգ չի եղել: Մի՞թե այնքան տգետ են, որ չեն հասկանում, թե դրանով ջուր են լցնում մեր թշնամիների ջրաղացին։ Ո՛չ, սիրելիս, մինչեւ քրիստոնեություն մենք ազգ եղել ենք ու փառահեղ ազգ ենք եղել, ունեցել ենք մեր ամեն ազգայինը, մեր արժեհամակարգը: Անձնապես չեմ ընդունում Հին Կտակարանն իր սին առասպելաբանությամբ, դրանում առկա անբարոյականությամբ։ Ինչքան էլ փորձեն մեր կղերականները, քրիստոնյա աստվածաբանները դրանց այլաբանական ինչ-որ մեկնություններ տալ, միեւնույնն է՝ այնտեղ քարոզվում են օտարի ընտրյալությունը, ընտանեկան ու հանրային հարաբերություններում անբարոյականությունը, տարբեր տեսակի խաբեբայությունները, սեռական սանձարձակությունները, արյունապղծությունները եւ այլն։ Այսօրվա, ինքն իրեն հարգող մարդն ինչպե՞ս կարող է նման այլանդակություններ հանդուրժել: Իսկ գուցե աղանդավորականները հենց նման դաստիարակության հետեւանք են…
— “Լուսանցք”-ը փորձում է պարբերաբար այդ հաշտեցման համար ներկայացնել ե՛ւ հին հավատքը, ե՛ւ նոր կրոնը, իսկ թերթի էջերում առաջարկվել է արիա-քրիստոնեության համադրվող տարբերակը: Որպես մտավորական ու որպես երկու հավատքների միջեւ կանգնած անձնավորություն, ի՞նչ վերաբերմունք ունեք այս տեսակետի նկատմամբ:
— Քիչ առաջ ասում էի, որ երկուսն էլ ընդունում եմ, իհարկե քրիստոնեության բացառությունները վերը նշեցի: Շատ հետաքրքրական մի բանի հանդիպեցի վերջերս. Վազգեն Ա Ամենայն Հայոց կաթողիկոսը մի ելույթում բառացիորեն ասում է հետեւյալը՝ “Ես հայ ազգից դուրս քրիստոնեություն չեմ ընդունում”։ Պատկերացնո՞ւմ եք, Հայոց կաթողիկոսն ասում է, որ իր համար հայ ազգից դուրս քրիստոնեություն չկա: Հստակ է, որ նա ազգը գերադասում է կրոնից՝ քրիստոնեությունից։ Նման բան Հռոմի կաթոլիկ եկեղեցում կամ որեւէ այլ եկեղեցում չի կարող ասվել, այդ եկեղեցիներում գերադասվում է քրիստոնեությունը: Բայց չէ՞ որ ազգերն են ստեղծում կրոնները, ոչ թե հակառակը: Կաթոլիկ եկեղեցին բազմազգ եկեղեցի է՝ ի տարբերություն մերինի։ Մեր եկեղեցին հասկացավ, որ Գրիգոր Պարթեւի բերած-պարտադրած այդ նոր գաղափարախոսությունը, որ կրոնական քողի տակ է, չի համապատասխանում մեր ազգի էությանը եւ փորձեց այդ գաղափարախոսությունը վերջինիս հարմարեցնել: Շատ հեթանոսական տոների ու ծեսերի “հագցրեցին” քրիստոնեական քողեր եւ մոռացան իրենց պապերի անցյալը:
— Վերադառնանք Հայաստանի ներքին քաղաքական կյանքին, ընդդիմություն-իշխանություն անցուդարձերին:
— Ճիշտն ասած, ինձ համար այսօր երկու հակառակորդ գլխավոր կողմերի գործելակերպն էլ անընդունելի է։ Չի կարելի հատկապես ԶԼՄ-ներով իրար վարկաբեկել, թուքումրել, իրար թշնամի դիտարկել: Հակառակվել կարելի է գաղափարապես կամ գործելակերպի տարբերությամբ, բայց թե՛ Լեւոն Տեր-Պետրոսյանի, թե՛ Սերժ Սարգսյանի ճամբարում գործում է մի 5-րդ շարասյուն, որն էլ խնդիրը տարավ առճակատման: Կարողացան միեւնույն ազգի տարբեր հատվածներում իրար նկատմամբ ատելություն սերմանել այն աստիճան, որ փոխադարձ թշնամության հասցրեցին, մի բան, ինչը չեմ ընդունում։ Երկու կողմերն էլ թույլ տվեցին ճակատագրական սխալներ, ինչն էլ հանգեցրեց մարտյան ողբերգությանը: Ինքս որեւէ մեկին կողմնակից չեմ եւ, կարծում եմ, շատերի մոտ է հարց առաջանում քաղաքական երրորդ ուղղության ի հայտ գալու առումով։
— Արդեն հայտարարում են, որ ձեւավորվում է երրորդ ուժ…
— Մեծագույն անհրաժեշտությունը կա այդ երրորդ ուժի, որովհետեւ տեսել ենք թե՛ Լեւոնի նախագահական ժամանակաշրջանը, թե՛ Ռոբերտ-Սերժ զույգի իշխանության ավելի քան 10 տարվա ժամանակաշրջանը…
— Իրեն երրորդ ուժ հռչակած քաղաքական դաշինքը՝ “Թերջանի ֆորմատ” անվանումով, փաստորեն, նույն ժողովրդավարական-ազատական գաղափարներ կրողներն են, ինչպես առկա իշխանությունն ու ընդդիմությունը:
— Դրանք ձեւականություն են խաղում, երրորդ ուժի գործառույթներ են ստանձնել որեւէ մեկին ծառայություն մատուցելու համար: Կա նաեւ “Համերաշխություն” շարժում եւ այլն։ Մարդիկ, ովքեր երբեւէ չեն փայլել իրենց հասարակական կամ քաղաքական գործունեությամբ, էլ չեմ ասում գիտական, մանկավարժական ունակություններով, ինչպե՞ս կարող են հանդես գալ որպես երրորդ կամ չորրորդ ուժ:
— Քաղաքական ուժեր էլ կան, որոնք տարբեր գաղափարներ են դավանում, բայց միավորվում ու իրենց հայտարարում են նոր ուժ (քանի որ դեռ իշխանության մեջ չեն եղել) եւ հիմա էլ իրենք են ցանկանում իշխանության անցնել:
— Միայն ազգային եւ համամարդկային արժեքների վրա հիմնված մարդկանց հավաքականությունը կարող է ձեւավորել նոր քաղաքականություն: Ազգայնական հզոր ուժ է պետք ստեղծել: Մի շարժում է պետք, որը պայմանականորեն կարող եմ կոչել հոգեվերանորոգչական շարժում, որը մեր ազգին կարող է ճիշտ ուղու վրա բերել մի նոր, հուժկու վերելքով: Հոգեվերանորոգչական շարժումն է, որ կապահովի վերադարձը դեպի ազգային արժեքներ, դեպի մարդկային արժեքներ եւ, իհարկե, վերադարձը դեպի Գերագույն Էությունը եւ ոչ թե դրանց կեղծ՝ օտար բառով ասած՝ իմիտացիային: Իսկ ժողովրդավարական ու ազատական եվրաարժեքները բոլորս էլ գիտենք (իրենք էլ գիտեն), որ կեղծավորության գործիքներ են: Անհրաժեշտ է կամք դրսեւորել եւ նախկին սխալները թույլ չտալ, շարժվել դեպի առաջ՝ հենվելով մարդկային եւ ազգային համադրելի արժեքներին՝ մեր պատմության փորձի վրա հիմնվելով եւ այլ ժողովուրդների փորձը հաշվի առնելով:
— Դուք իրակա՞ն եք համարում ազգայնական իշխանությամբ Հայաստանի լինելիությունը:
— Հայաստանի լինելիությունը տեսնում եմ նման մարդկային ու ազգային հուժկու շարժման իշխանության գալով եւ ոչ միայն։ Նաեւ հանրությունում գերիշխող դիրք ունենալու, այդ գաղափարները կենսակերպ դառնալու մեջ եմ տեսնում: Այսինքն՝ համեմատելով ասեմ, մի հայկական հզբոլլահական շարժում է պետք, մարդկային համախումբ, որին հաղթելու հավանականությունը չնչին է, որովհետեւ հենված են իրենց արժեհամակարգի վրա: “Հզբոլլահ”-ի դրական օրինակը պատճենելուն էլ դեմ եմ, որովհետեւ մենք ունենք մեր աշխարհահայացքը, մեր սկզբունքները, մեր թշնամիները, բայց կարելի է ստեղծման ձեւը ստեղծագործաբար ընդօրինակել։ Նրանք էլ սկսեցին փոքր շարժումով, մի քանի տասնյակ հոգի էին, սակայն այսօր բազմաբյուրանոց կառույց են, որի դիմացն Իսրայելը, ԱՄՆ-ն ու Եվրոպան են կանգնած, բայց չեն կարողանում խորտակել։ Նրանց կամքն անսասան է: Ինչո՞ւ, որովհետեւ նրանք առաջին հերթին զինված են ոգով, ազգային նպատակներով, որոնք հենված են ազգային, մարդկային ու կրոնական իրական արժեքների վրա: Այո՛, հզոր են նաեւ ռազմական զենքով, որը ոգով ուժեղի ձեռքին է միայն հաղթանակներ կերտում:
— Թե ՀՀ-ի ներքին քաղաքականությունը ինչպիսին կլինի նման արժեքներ կրող ազգային իշխանության դեպքում՝ գրեթե ներկայացրեցիք, իսկ արտաքին քաղաքականությունն ինչպիսի՞ն կլինի, ասենք՝ Թուրքիայի եւ մեր այլ հարեւանների հանդեպ, Արցախի եւ այլ պատմական տարածքների հարցում:
— Նախ ասեմ, որ միանշանակ այնպիսի քարոզչություն է պետք, որ Արցախն ու ազատագրված տարածքները Հայաստանի անբաժան մասն են։ Զիջումների մասին նույնիսկ ակնարկները պետք է դատապարտվեն, ուր մնաց խոսվի զիջումներից կամ փոխզիջումներից: Արցախը Հայաստան է եւ վե՛րջ, սա պիտի լինի մեր Հայրենիքի այդ երկրամասի նկատմամբ մեր մոտեցումը: Թուրքիայի նկատմամբ էլ միանշանակ պետք է ասվի՝ Թուրքիան եւ Ադրբեջանը մեր թշնամի պետություններն են, որոնք ունեն Հայաստանը եւ ընդհանրապես հայությունը վերացնելու ռազմավարական հեռահար ծրագրեր, եւ պետք չէ շատ խելոք լինել սա գիտակցելու համար: Նման փաստի գոյությունը պիտի զգոն պահի մեզ ու անիմաստ “սիրախաղերի” չմղի, ինչպես այսօր անում է ՀՀ նախագահը՝ դավաճանելով ազգի ոգուն եւ նժդեհականությանը, որից պարբերաբար բարբաջում են ինքն ու իր կեղծ-ցեղակրոն (ավելի դիպուկ՝ ցեխակրոն) ՀՀԿ-ն: Մյուս հարեւանի՝ Վրաստանի հետ, պիտի կարծրորեն բանակցել Ջավախքի հարցում։ Հասկացնել է պետք, որ թեեւ վրացական պետության կազմում է Ջավախքը, բայց այդ տարածքը հայոց հայրենիքի մի մասն է: Եթե վրացիներն այնքան խելոք կգտնվեն, որ գոնե հոգեւոր-մշակութային ինքնավարություն տան ջավախքահայերին, ապա կարելի է որոշակի ժամանակ հանդուրժել նման իրավական կարգավիճակը, այլապես ամեն կերպ պետք է օժանդակել մեր հայրենակիցներին՝ ազատագրվելու վրացական բռնագրավման լծից (գիտենք, թե վրացիք ինչ հիմարություն եւ հանցագործություններ արեցին Հարավային Օսիայում, ինչը երբեք թույլ չենք տա անել Ջավախքում): Բայց պիտի գիտակցենք, որ ինքնավարությունը չի նշանակում, թե Ջավախքը հավիտյանս պետք է մնա Վրաստանի կազմում: Մեր երազած հզոր ազգայնական Հայաստանը նման հարցերին ավելի ուրիշ լուծումներ կտա… 10 տարի իշխանության գլխին գտնվող ՀՀԿ-ն եթե առաջնորդվեր ցեղակրոնությամբ, այսօր, օգտվելով տարածաշրջանում ստեղծված նոր իրադրությունից, կլուծեինք նաեւ Ջավախքի հարցը, սակայն նույն ՀՀԿ-ականները չեն էլ ուզում լսել Ջավախքի մասին՝ փաստորեն դավաճանելով հայոց ազգային էությանը։ Մեր արտաքին քաղաքականությունն ավելի սերտ կապեր պետք է հաստատի Իրանի եւ արաբական արեւելյան առաջադիմական ուղղության երկրների հետ, նաեւ՝ Հարավային՝ Լատինական Ամերիկայի հայրենասիրական վարչակարգեր ունեցող երկրների (Կուբա, Վենեսուելա, Բոլիվիա եւ այլն), Չինաստանի, Ճապոնիայի եւ Հնդկաստանի հետ, այսինքն՝ պետք է միանալ ստեղծվող նոր՝ բարի առանցքին, ի հակադրություն չարի առանցքի, որը գլխավորում են ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան ու Իսրայելը, որոնց դաշնակիցներն են մեր տարածաշրջանի երեք պետություններ՝ Թուրքիան, Ադրբեջանը եւ Վրաստանը, որոնք պետական ցեղասպանության քաղաքականություն են տարել եւ այսօր էլ տանում են:
— Սփյուռքահայ հայրենաբնակ մտավորականն ի՞նչ կասի Հայրենիք-սփյուռք կապերի մասին:
— Վերջերս ստեղծվեց սփյուռքի հարցերի պետական կոմիտե, որը գուցե շուտով ստանա նախարարության կարգավիճակ։ Սա ողջունելի է, բայց կարելի էր միանգամից հայապահպանության նախարարություն ստեղծել, որում սփյուռքի բաժին կլիներ: Նման առաջարկի նաեւ ձեր թերթում եմ հանդիպել: Կառույցի խնդիրների առավել արդյունավետ լուծման համար նախընտրելի պիտի լիներ, որ այդ կառույցի կարգավիճակը ոչ թե պետական, այլ հասարակական լիներ։ ՀՀ-ն պետք է ունենա հստակ քաղաքականություն սփյուռքի նկատմամբ, որին պետք է նայել ոչ միայն “կթու կովի” տեսանկյունից: Սփյուռքահայությունը, բացի դրամա-տնտեսական լծակ լինելուց, լուրջ քաղաքական ու դիվանագիտական գործոն է, ում հետ փոխշահավետ համագործակցությունը կարող է մեծապես նպաստել Հայաստանի միջազգային վարկի բարձրացմանը:
— Բոլորն ասում են՝ սփյուռքը պիտի հայաստանակենտրոն լինի, այսինքն՝ Հայաստանը ոչինչ չտա՞ սփյուռքին:
— Չէ՛, չէ՛, ճիշտ հակառակը, երկու կողմերն էլ մեկը մյուսի նկատմամբ ունեն իրավունքներ ու պարտականություններ, մի բան, որը չի գիտակցվում երկու կողմում էլ, կամ՝ գերադասվում են իրավունքները: Սփյուռքում շատ են ասում, թե Հայաստանը մեզ համար ի՞նչ է անում, բայց նույն հարց տվողը չի ասում՝ իսկ ես ի՞նչ եմ անում հայրենիքիս համար։ Նույնն էլ այստեղ է, ասում են՝ սփյուռքի ինքնությունը մենք ենք պահպանում, առանց մեզ սփյուռք չի լինի եւ այլն: Այո՛, ճիշտ է, սփյուռքի հայապահպանության գործում Հայաստանի դերն անուրանալի է, քանզի մենք ասորիների կամ քրդերի նման չենք, որոնք պետություն չունեն ու ավելի ծանր վիճակում են: Սակայն սա չի նշանակում, որ սփյուռքին վերամբարձ տոնով պետք է մոտենալ։ Խոսում են Հայաստան-սփյուռք համագործակցությունից, բայց մարդկային տարրական անձնային գործակցության մակարդակներում պատշաճ հարաբերություններ չկան: Համագործակցությունն առաջին հերթին սկսվում է ճանաչողությամբ, եթե մեկի հետ պիտի գործակցես, սկզբում պետք է ճանաչես նրան, ընթացքում կձեւավորվի փոխադարձ վստահություն, որն էլ հետագայում կամրապնդվի տարբեր տեսակի գործերով: Հիմա, երբ իրար չեն ճանաչում Հայաստանն ու սփյուռքը, ինչպե՞ս պիտի գործակցեն, միայն սփյուռքահայի հայրենասիրությա՞նն ապավինելով: Նման բան արդեն եղել է, սակայն բավական է մեկ սխալ ՀՀ իշխանությունների կողմից, եւ սփյուռքահայը հեռանում է, քանզի վստահության հողն ամուր չէ: Հետո՝ սփյուռքն էլ շատ բարդ ու հարաշարժ “մարմին” է, դինամիկ մի վիճակում է, նույնիսկ գաղթօջախների մի մասը մյուս մասի արածը չգիտե, միմյանց հետ շփում չունեն, օրինակ՝ Դամասկոսի հայը տեղյակ չէ Կամիշլիի հայի վիճակից, սա միայն Սիրիայի վերաբերյալ եմ ասում: Այ սա էլ պետական կարեւոր խնդիր է՝ ճանաչել սփյուռքը եւ սփյուռքահայերին միմյանց ճանաչել տալ, մի բան, որը չի կատարվում: Այսօր եթե չլինեն հաղորդակցության միջոցները կամ գնացող-եկողները, ես, որ Լիբանանից եմ, չգիտեմ, թե լիբանանահայությունն ի՞նչ է անում, ասենք՝ ի՞նչ թատերական ներկայացումներ են ներկայացվում, ի՞նչ գիրք են տպագրել Անթիլիասում եւ այլն։ Տեղյակ չենք, կարծես ուրիշ ազգեր լինենք: Մենք մեր տներում նստած կարող ենք իմանալ, թե ի՞նչ է կատարվում Չիլիում, Հունաստանում, Սոմալիում կամ աշխարհի որեւէ անկյունում, ովքեր ինչ բան են անում, բայց մեր գաղթօջախներից տեղյակ չենք. օրինակ՝ 2,5 մլն. ռուսաստանյան սփյուռքը կարծես մեզ համար ֆիջիցիներ են կամ ավելին՝ մարսեցիներ, անտեղյակ ենք՝ ի՞նչ են անում, ինչպե՞ս են ապրում, ի՞նչ հաջողություններ ունեն կամ ի՞նչ ցավեր ու հոգսեր: Չգիտենք, թե ավելի քան 100.000-անոց աբխազահայությունն այսօր ի՞նչ վիճակում է։ Նախ՝ պետք է ճանաչենք, մերձենանք, հետո էլ փորձենք համատեղ լուծել բոլոր հիմնահարցերը: Հուսով եմ, որ նման պետական քաղաքականության հիմքում կդրվի սփյուռքի ճանաչողության խնդիրը։ Լինում են խորհրդաժողովներ, որոնք հիմնականում զբոսաշրջության են վերածվում, նույնն էլ համահայկական խաղերն են, “Բազե” կոչված երիտասարդական հավաքները: Իհարկե լինում են առկայծումներ, ինչ-որ միջոցառումներ, հայկական շաբաթներ ու միամսյակներ՝ որեւէ երկրում, բայց կարճ ժամանակ անց նորից խամրում են: Չկան հետեւողականություն ու համակարգվածություն:
— Երկքաղաքացիությունը կնպաստի՞ փոխադարձ ճանաչմանն ու առկա խնդիրների կարգավորմանը:
— Կարծում եմ՝ ոչ: Երկքաղաքացիություն հնարավոր է, որ ձեռք բերեն միայն նրանք, ովքեր ունեցել են մի ժամանակ կամ խորհրդային անձնագիր կամ ՀՀ-ի քաղաքացի են եղել եւ ուրիշ քաղաքացիություն ձեռք բերելու համար հրաժարվել են դրանից: Հիմա նրանց մեծ մասը կդիմի, որն էլի դրական մոտեցում է։ Ժամանակ առաջ լինելով Լիբանանում, ասեմ՝ հունիսի սկզբին այսպիսի վիճակ ստեղծվեց՝ դեսպանատունը հայտարարեց, որ ով ուզում է ՀՀ քաղաքացիություն ստանալ, թող դիմի ՀՀ դեսպանատուն: Հայտերն ընդունվեցին բառացիորեն 7-10 օրում. “էյֆորիայի” վիճակ էր, բոլորը խանդավառված գնում էին դեպի դեսպանատուն՝ ինչպես ուխտագնացության: Սակայն, հետագայում, երբ բացահայտեցի իրականությունը, հասկացա, թե շատերն ինչ են հասկանում երկքաղաքացիություն ասելով: Որեւէ պետության քաղաքացիությունը ենթադրում է ե՛ւ իրավունքներ, ե՛ւ պարտականություններ։ Մերոնք դժբախտաբար հասկանում են միայն իրավունքների մասը, իսկ այն պարզ պայմանները, որ պետք է իմանալ հայերեն, իհարկե ոչ բանասերի մակարդակով, ՀՀ Սահմանադրությունը, իհարկե ոչ անգիր անելով եւ այլ ընդհանուր գիտելիքներ, ոմանք դրանից դժգոհում էին, բայց ասում էին՝ կսովորենք։ Մանավանդ թուրքախոսները չէին ցանկանում հայերեն սովորել, բայց ուզում էին ՀՀ քաղաքացիություն ստանալ: Դիմողների մեծագույն մասը հրաժարվեց, գիտե՞ք հիմնականում ինչու, շատ ամոթանքով եմ ասում, բայց փաստ է. աղաղակում էին, թե մեր որդիները ինչո՞ւ պիտի ծառայեն ՀՀ բանակում։ Լիբանանում պարտադիր զինծառայություն չկա, իսկ երկքաղաքացիության օրենքում գրված է, որ այն անձինք՝ ովքեր չեն ծառայել այլ երկրի զինված ուժերում, պարտադիր պետք է ծառայեն ՀՀ բանակում, այսինքն՝ նրանց պարտադրվում է ծառայել ՀՀ բանակում, որից սարսափելիորեն խուսափում էին։ Ոմանք մեջբերում էին, թե հայկական բանակում խաղաղ պայմաններում տարբեր տեսակի այլանդակությունների պատճառով տղաներ են զոհվում եւ այլն: Ասում էի, որ դա պատճառ չէ, ճիշտ է, ՀՀ բանակում դատապարտելի բաներ լինում են, բայց հավիտյանս ռուսը կամ այլ մեկը չպետք է պահպանի մեր պետական սահմանները, փոխանակ հպարտանաք, որ ձեր որդիները ծառայելու են հայրենի բանակում, մի բան էլ խուսափում եք:
— Հայաստանը նաեւ տարանցիկ գոտի են դիտում Եվրոպա մեկնելու համար:
— Այո՛։ Երբ հարցնում էի՝ ինչո՞ւ եք այդպես խանդավառված դիմում, պատասխանում էին՝ ինչ-որ տեղ, ասենք Եվրոպա գնալու՝ վիզա հանելու հարցում անհամեմատ հեշտ է ՀՀ անձնագրով դա անելը: Այստեղ էլ շահադիտական մոտեցումներ կային։ Ուզում են օգտվել ընձեռած իրավունքներից, բայց երբեք պարտավորություններ չունենալ։ Դա անհեթեթություն է։ Պետք է ավելի խիստ լինել, նոր պայմաններ առաջադրել, սփյուռքահայը գոնե ասենք վերջին 10 տարիների ընթացքում 3 տարի պետք է ՀՀ-ում ապրած լինի, սակայն չկա նման պայման։ Եթե երկքաղաքացիություն ակնկալողը տարին 3 ամիս էլ Հայրենիքում ապրած լիներ՝ դա էլ էր բավական Հայաստանն զգալու, սիրելու եւ նվիրվելու համար:
— Ըստ էության աշխարհի շուրջ 100-120 երկրներում ապրում են 10-15 մլն. հայեր, եւ նրանք կարող են ավելի շատ գործեր անել, քան Հայաստանի դեսպանությունները, հյուպատոսությունները, եթե Հայոց պետությունն իսկապես պաշտպանի բոլոր հայերի իրավունքները: Գուցե այդ ժամանակ իրապես սփյուռքը հայաստանակենտրոն կդառնա, եւ եթե երկքաղաքացիությունն էլ չլինի, միեւնույնն է՝ բոլոր հայերն իրենց անձնական շահերը կկապեն Հայաստանի հետ: Սա մի սփյուռքի կոմիտեի խնդիր չէ, այլ համակարգված, համապետական անվտանգության ծրագիր է, հայության համապարփակ ծրագիր:
— Ձեր ասած վերջին դիտարկումները մեկը մյուսին չեն հակասում, նույնիսկ կարելի է մեկը մյուսին զուգորդել: Օրինակ՝ հենց խորհրդային ժամանակաշրջանի սփյուռքահայության հետ մշակութային կապի կոմիտեն, բոլորը գիտեն, որ պետական գործառույթներ էր իրականացնում, նույնիսկ Կրեմլից թելադրված գործեր էր անում, անվտանգության որոշակի հարցեր էր լուծում՝ հետախուզության, հակահետախուզության՝ բայց կարգավիճակով հասարակական կազմակերպություն էր, պետական չէր: Հիմա, երբ ունենք սփյուռքի հարցերի պետական կառույց, ես դա ճիշտ չեմ համարում, որովհետեւ կան պետություններ, որոնք շատ զգայուն են իրենց ներքին գործերին, իրենց քաղաքացիների՝ թեկուզ հայազգի, գործերին միջամտելու հարցում: Օրինակ՝ ենթադրենք սփյուռքի հարցով պետական պատասխանատուն գնում է Սիրիա եւ ուզում է հանդիպել սիրիահայերի հետ։ Միջազգային ընդունված կարգի համաձայն, նա պարտավոր է դա համաձայնեցնել տեղական իշխանությունների հետ, այսինքն՝ ինքը որպես ՀՀ պետական ներկայացուցիչ պետք է դիմի տվյալ երկրի համապատասխան պետական մարմնին, նրանք էլ պետք է համապատասխան ձեւերով ուղեկցորդ եւ թարգմանիչ տրամադրեն եւ այլն: Բայց եթե այդ պատասխանատուն հանդես գար որպես հասարակական կառույցի ներկայացուցիչ, ինչպես ժամանակին սփյուռքահայության հետ մշակութային կապի կոմիտեի նախագահ Վարդգես Համազասպյանը, ապա նման խնդիր չէր ծագի. ինքը “պետական մարդ” չէր լինի, սակայն որպես հասարակական կառույցի ղեկավար կկատարեր նաեւ պետական գործառույթներ: Սա արդարացնում էր խորհրդային տարիներին եւ հիմա էլ կարդարացնի: Կարծում եմ՝ այս սխալը հետագայում կուղղվի: Բայց սա չի նշանակում, թե պետք չէ պետական քաղաքականություն ունենալ սփյուռքի հանդեպ։ Պետք է, այն էլ՝ տարբերակված քաղաքականություն։ Վերցնենք՝ հունահայ գաղթօջախը։ Այնտեղ կան “դասական” սփյուռքահայեր, մոտ 2-3 հազար եւ կան Հայաստանից գնացածներ, ովքեր “դասականներին” գերազանցում են թվաքանակով, հայերենի իմացությամբ եւ այլն։ Նրանց միջեւ կան փոքրիկ հակամարտություններ, աշխարհահայացքային տարբերություններ. մի մասը դեռ շատ կապված են ՀՀ-ի հետ, մի մասն ընդհանրապես լքել է Հայրենիքը, շատ արագ ձուլվում է։ Այս բոլոր խավերի նկատմամբ չի կարելի միատեսակ մոտեցում ունենալ, որովհետեւ նույնիսկ նույն գաղթօջախում, նախկինում նույն տեղից տարբեր ժամանակներում տեղափոխվածների աշխարհահայացքների տարբերություններ կան։ Ուրեմն շատ նուրբ խնդրի ենք առնչվում: Հոգեբանական այս հարցերը առնչվում են նաեւ տվյալ պետությունների՝ Հայաստանի ու հայության նկատմամբ դիրքորոշումներին։ Օրինակ, իրանահայության հետ ավելի հեշտ է հարաբերություններ մշակել՝ հաշվի առնելով Իրանի պետության վերաբերմունքը, քան՝ Թուրքիայի, թեկուզ հայաշատ Ստամբուլի հայության հետ, որովհետեւ Թուրքիայի իշխանությունները հաստատ անվստահությամբ կհետեւեն իրենց հայազգի քաղաքացիների՝ ՀՀ-ի հետ հարաբերություններին:
— Զբաղվել եք ազատագրված տարածքների վերաբնակեցման ու նաեւ հայրենադարձության հարցերով, փորձել եք հայրենադարձությունն ուղղել դեպի ազատագրված տարածքները։ Կա՞ն հաջողություններ, կա՞ սփյուռքահայության որոշակի հատված, որ կարող է լսել Ձեր կոչն ու կանչը:
— Դա իմ երազանքներից մեկն է, չգիտեմ կհաջողվի՞, թե ոչ, բայց դեռ պիտի փորձեմ: Անհրաժեշտ է ավելի շատ ժամանակ տրամադրել նման երազի իրականացմանը, ինչը հիմա, ցավոք, չունեմ։ Սա մի քանի անձերի խնդիր չէ, պետական մոտեցում է պետք…
— Չկա՞ որեւէ պետական աջակցություն…
— Ընդհակառակը՝ կան պետական խոչընդոտներ, որոնք խանգարում են նման հայրենադարձությանը ե՛ւ ՀՀ-ում, ե՛ւ ազատագրված տարածքներում: 8-10 հազար սփյուռքահայեր հաստատվել են ՀՀ-ում, քանզի տարվա կեսից ավելին անցկացնում են Հայրենիքում, այսինքն կարելի է ասել՝ մասամբ հայրենադարձվել են (փորձում են հաստատվել)։ Սակայն նրանք բախվում են որոշակի խնդիրների, որոնք ինչ-որ չափով տարբերվում են տեղաբնակ հայերի խնդիրներից, ունեն որոշակի առանձնահատկություններ, ասենք՝ իրենց իրավական կարգավիճակը կամ անձնական բնույթի խնդիրները: Օրինակ՝ մեկի ազգանունը Մանուկօղլի է, Թուրքիայի քաղաքացի է, ժամանակին Մանուկյանը դարձրել են Մանուկօղլի եւ հիմա այդ անձը ինքն է ցանկանում ՀՀ փաստաթղթով դառնալ Մանուկյան, բայց մեր իշխանությունները նրա ազգանունը այդպես էլ Մանուկօղլի են թողնում։ Հասկանո՞ւմ եք՝ սա հոգեբանական ցնցում է առաջացնում մարդու մոտ։ Նա ասում է՝ տասնամյակներով Թուրքիայում մնացինք էրմենի. հայ էինք թուրքի համար, Հայաստան եկանք՝ թուրք եղանք հայերի համար, որովհետեւ այստեղ հենց “օղլի” են տեսնում՝ ասում են թուրք ես: Վրացիներն ու թուրք-ադրբեջանցիք հայերին ուծացրին՝ վրացացրին ու թուրքացրին, մենք մերիններին տեր չենք լինում: Սա ի՞նչ մոտեցում է:
— Իսկ եթե Մանուկօղլու օրինակը մասնակի դեպք չէ, ինչը նույնպես ցավալի է, ապա արդյո՞ք ընդհանուր առմամբ տեղական իշխանություններին ձեռք չի տալիս մեծաքանակ հայերի ներկայությունն իրենց “գլխավորած” տարածքներում։ Չէ՞ որ իրենք կօգտվեն նրանց աշխատանքի արդյունքից եւ այլ ծառայություններից:
— Դրական կողմն եք ասում իհարկե, սակայն պետական վերաբերմունքի բացակայություն կա։ Գուցե անհատապես որոշ պաշտոնյաներ շահ ունենալով նպաստում են մի քանի ընտանիքների վերաբնակեցմանը, սակայն դա հարցի լուծում չէ: Մենք ունենք մարդկային, ժողովրդագրական լուրջ խնդիր, որի լուծումն առավել առաջնային է: Եթե տարածքներն ազատագրված են, սակայն այնտեղ հայն իր կյանքը չի կառուցում, տեր չի լինում իր հողին, ապա մտածելու բան կա: Ուրեմն՝ ոմանք ազատագրված տարածքները հանձնելուն պատրաստ են… Ազգովի պիտի հասկանանք այս հիմնախնդիրը եւ վերաբնակեցնենք մեր հայրենիքի բոլոր հատվածները, հայրենադարձվենք ու շենացնենք մե՛ր երկիրը: Եթե Արեւմտյան Հայաստանն էլ ազատագրենք ու չվերաբնակեցնենք, էլի կկորցնենք:
Հարցազրույցը՝ Անդրանիկ Թանգամյանի
“Լուսանցք” Թիվ 70, 5 – 11 սեպտեմբերի, 2008թ.
“Լուսանցք” Թիվ 71, 12 – 18 սեպտեմբերի, 2008թ.
“Լուսանցք” Թիվ 72, 19 — 25 սեպտեմբերի, 2008թ.