Archive for the ‘Հայկականություն’ Category

Ռազմական Պրագմատիզմը՝ Ընդդեմ Կայսերական Նախապաշարմունքների

3 Հունիսի, 2012

կամ Ինչու՞ է Մորիկ կայսրը հայերին դուրս թողել «Ստրատեգիկոն»-ում թվարկված հավանական հակառակորդների ցանկից

Բյուզանդական կայսրությունում հայերի տարատեսակ կերպարների թեման արդեն դարձել է մի շարք ուրվագծային ուսումնասիրությունների և հետաքրքիր դիտարկումների առարկա։ Սակայն, որպես կանոն, այդ առումով քննարկման են ենթարկվել այն հայերը, որոնք գտնվել են Հայաստանից դուրս և ապրել, հնաբնակների կամ նորեկների կարգավիճակով, կայսրության ծայրամասային այլ նահանգներում կամ, առավել հաճախ, նրա մայրաքաղաքում։ Իբրև հետևանք՝ բյուզանդահպատակ հայերի մասինսոցիալական պատկերացումների քննարկումը կենտրոնացել է այնպիսի հարցադրումների վրա, ինչպիսիք են՝ Հունական և Հայկական եկեղեցիների միջև դավանանքային ու ծիսականտարբերությունները, հայերի և հույների առօրյա կենսակերպի էթնիկական առանձնահատկությունները, ինչպես նաև բյուզանդական վերնախավի այդ երկու խոշորագույն էթնիկ խմբավորումների մրցակցությունը՝ կայսերական պալատում։ Սույն հոդվածը, ընդհակառակը, հետազոտում է բյուզանդական պատկերացումներն այն հայերի մասին, որոնք ապրում էին իրենց հայրենիքում՝ որոշակիորեն պահպանելով իրենց ազգային ինքնուրույնությունը ռազմաքաղաքական, տնտեսական, կրոնական ու մշակութային ոլորտներում։ Ըստ այդմ, ստորև ուշադրության կիզակետում է բյուզանդական հասարակության իշխող շրջանակներում հայերի մասին պատկերացումների ձևավորման հիմնարար՝ աշխարհաքաղաքական որոշիչը։ Նախքան բուն խնդրին անդրադառնալը՝ հիշեցնենք, որ 387 թ. Հայաստանը բաժանվել էր Հռոմեական կայսրության և Սասանյան Պարսկաստանի միջև։ Պարսիկներին էր անցել նրա առավել մեծ՝ արևելյան մասը, որտեղ Մեծ Հայքի թագավորությունն իր գոյությունը պահպանեց ընդհուպ մինչև 428 թ.։ Իսկ Հայաստանի արևմտյան մասում, որն ընկել էր Հռոմեական ու շուտով նրան փոխարինելու եկած Արևելյան Հռոմեական (Բյուզանդական) կայսրության կառավարման տակ, հայկական թագավորությունը լուծարվել էր տակավին 390 թ.։

Բյուզանդական բանակի հրամանատարական կազմի համար նախատեսված մարտավարության և ռազմավարության հեղինակավոր ձեռնարկը՝ «Ստրատեգիկոնը», ներառում է մի առանձին գլուխ, որը հատկանշում է հեղինակի՝ կայսր Մորիկի (582-602) բառերով ասած՝ «մեր պետությանը վնաս հասցնելու ընդունակ ժողովուրդների մարտավարությունն ու առանձնահատկությունները»։ Այդ բաժնում հականե-հանվանե քննարկվում են «պարսիկները», «սկյութները, այսինքն՝ ավարները, թյուրքերը (խոսքը վերաբերում է կամ բուլղարներին, որոնց բյուզանդացիներն սկզբնապես ևս «թյուրք» կամ «թուրք» էին կոչում, կամ Սև Ծովի հյուսիս և հյուսիս-արևելքում քոչող թյուրքախոս ցեղերին) և նրանց նման ժողովուրդները», «շիկահեր ժողովուրդները՝ ֆրանկները, լանգոբարդները (գերմ. բառացի՝ երկայնամորուսներ,հին հայերենում՝ ղանկվատներ – Ա.Ա.) և նրանց նմանները», «սլավոնները, անտերը և նրանց նման ժողովուրդները»։

Այս հավանական հակառակորդներին Մորիկը բնութագրում է զինվորականի տեսակետից՝ հաճախ նույնիսկ դրվատելով նրանց մարտական կարողությունները։ Այսուամենայնիվ, այդ ռազմական պրագմատիզմը չի խանգարել, որպեսզի նշված ժողովուրդներից յուրաքանչյուրին «Ստրատեգիկոն»-ում տրվի նաև մեծապետական նախապաշարմունքների որոշակի չափաբաժին։ Այսպես, հռոմեացիների/բյուզանդացիների հին, ոխերիմ թշնամիները՝ պարսիկները, ներկայացվում են որպես «չար, կեղծավոր և ստրկամիտ», ավարները՝ «սրիկա, խորամանկ…, չարասիրտ, խարդախ, նենգաբարո, անասալի արծաթասեր…, ուխտադրուժ, պայմանագրերը չկատարող…, կառավարվում են ոչ թե սիրով, այլ վախի միջոցով, ծայրաստիճան անկայուն, ժլատ», ֆրանկներն ու լանգոբարդները՝ «իրենց առաջնորդներին անհնազանդ», «փողով դյուրությամբ գնվող, քանզի ժլատ են», սլավոնները՝ «միմյանց նկատմամբ չարամտորեն տրամադրված», «մշտապես իրար մեջ գժտված», «պայմանագրերը չհարգող» ու, հետևաբար, «վստահության բոլորովին անարժան» (այս վերջին հանդիմանանքը հատկապես դատարկ ու ցինիկ է հնչում, եթե նկատի ունենանք, որ մեկ-երկու էջ դրանից առաջ Մորիկը խորհուրդ է տալիս իր հրամանատարներին՝ «ձևացրեք, թե [հակառակորդի հետ] համաձայնության եք եկել»)։ Իրականում, այդ նախապաշարմունքները կազմում էին կայսերական քարոզչության և զորքերի հրահանգավորման անհրաժեշտ տարրը, այսինքն՝ մասամբ իրենք էլ նույն ռազմական պրագմատիզմի ծնունդ էին։

Կայսրության նկատմամբ ոչ-բարեկամաբար տրամադրված և նրան անհանգստություն պատճառող ժողովուրդներին թվարկելիս՝ «Ստրատեգիկոնն» ակնհայտորեն դուրս է թողնում հայերին, որոնք մինչ այդ բազմիցս մարտնչել էին բյուզանդական զորքերի դեմ կամ ինքնուրույնաբար, կամ, ավելի հաճախ, իբրև Պարսկաստանի դաշնակիցներ կամ ստորականեր։ Ավելին՝ VI դարի ընթացքում Հայաստանի բյուզանդական մասում տեղի էին ունեցել մի քանի ազգային-ազատագրական զինված ելույթներ։ Դրանցից ամենախոշորը 538-539 թթ. ապստամբությունն էր։ Սկզբում հայերը Հուստինիանոս Ա կայսրի (527-565) կողմից հայկական նահանգների գլուխ նշանակված Ակակիոսի դեմ մահափորձ ծրագրեցին ու հաջողությամբ այն իրականացրեցին։ Այնուհետև հավաքեցին ու կենտրոնացրին իրենց զորքերը՝ վերահսկողություն հաստատելով բյուզանդական Հայաստանի զգալի մասի՝ այսպես կոչված Ներքին Հայքի վրա։ Ապստամբների դեմ Հուստինիանոսի ուղարկած բանակը ստորացուցիչ պարտություն կրեց Մեծ Հայքի Այրարատ նահանգի արևմուտքում գտնվող Ավնիկ բերդաքաղաքի մերձակայքում։ Խիստ կտրտված տեղանքում տեղի ունեցած այդ ճակատամարտում հայերին հաջողվեց ոչնչացնել բյուզանդացիների գլխավոր հրամանատարին՝ ականավոր զորավար Սիտտասին (այդ ապստամբության և Ավնիկի մոտ ճակատամարտի մասին մանրամասն տե՛ս «Հայաստանի զրուցակից», 2011 թ., թիվ 20, 22, 27, 28)։

Հայոց զորքերի հակաբյուզանդական ելույթներ եղան նաև հե՛նց Մորիկի գահակալության օրոք՝ 589, 591 և 601 թթ., ու թեև դրանք խոշորածավալ ռազմական գործողությունների և արյունալի բախումների չհանգեցրին, ինչպես 538-539 թթ., բայց և այնպես կրկին բացահայտեցին հայոց զինուժի հետ ռազմական առճակատման բարձր հավանականությունը, ինչպես նաև հայկական զորքերի եզակի մարտական կարողությունները, որոնք, ի դեպ, հրապարակայնորեն ճանաչում էին և՛ բյուզանդացիները, և՛ պարսիկները։

«Ստրատեգիկոնի»՝ անբարյացակամ ժողովուրդների/հավանական հակառակորդների ցանկից հայերի բացակայությունն առավել ևս աչք է զարնում, երբ նկատում ենք, որ այդ երկի հեղինակը՝ Մորիկ կայսրը, ծայրաստիճան բացասական վերաբերմունք է ունեցել հայ ժողովրդի նկատմամբ։ Մասնավորապես, հայերին տված նրա կանխակալ բնութագրումը պահպանվել է VII դարի հեղինակ Սեբեոս եպիսկոպոսի «Պատմության» մեջ, որտեղ համառոտաբար վերաշարադրվում է, բառացիության հավակնությամբ, Մորիկի հատուկ ուղերձն իր դաշնակից պարսից Խոսրով Բ Փարվեզ թագավորին (590-628 թթ.)։ Մորիկն առաջարկում էր դավադրաբար ոչնչացնել Հայաստանի զինված ուժերը՝ հայոց զորքերն ու ռազմական դասը (այն է՝ ազնվականությունը)՝ հայրենիքից դուրս հանելու և նրանց Բյուզանդական կայսրության ու Իրանի հեռավոր շրջանները փոխադրելու միջոցով։ Ահավասիկ, ըստ Սեբեոսի, այդ ուղերձի բովանդակությունը՝ Մորիկի իսկ բառերով.

«Ազգ մի ինքնակամ և անհնազանդ կա մեր մեջտեղում և անընդհատ ըմբոստանում է։ Ուստի ե՛կ,- ասում է,- ես [Հայաստանի] իմ մասում եղածներին (այն է` հայ զինվորականությանը – Ա.Ա.) ժողովեմ և Թրակիայում հավաքեմ, իսկ դու քո մասում եղածներին ժողովիր և հրամայիր Արևելք տանել։ Որովհետև եթե նրանք մեռնեն, ապա մեր թշնամիները կմեռնեն, ու եթե սպանեն, ապա մեր թշնամիներին կսպանեն, իսկ մենք` կապրենք խաղաղության մեջ։ Որովհետև եթե դրանք իրենց երկրում լինեն, մենք հանգիստ չենք ունենա»։Եվ այս երկուսը համաձայնության եկան [առաջարկված քաղաքականության վերաբերյալ – Ա.Ա.]»։

Սեբեոսն այս առաջարկն արդարացիորեն գնահատում է որպես «հայ իշխաններից Հայաստանը պարպելու Մորիկի նենգավոր դավադրություն»: Նա նաև ընդգծում է այդ կայսեր մեղադրանքների անհանդուրժողական բնույթը՝ անվանելով նրա Պարսից թագավորին ուղղված ուղերձն «ամբաստանություն ամբողջ Հայաստանի իշխանների և նրանց զորքերի դեմ»: Այս առումով նկատենք, որ բացարձակապես անհամոզիչ է հնչում անգլիացի ճանաչված պատմաբան Ջ. Հովարդ-Ջոնսթոնի վերջերս առաջադրած ռևիզիոնիստական տեսակետն առ այն, թե իբր Բյուզանդիայի և Պարսկաստանի կողմից հայկական զորքերը «հավաքագրելու գործընթացի մեջ եղած մրցակցային տարրն աշխատում էր հայերի օգտին»։ Պատմական փաստերին հակասող նույնատիպ տրամաբանությամբ Հովարդ-Ջոնսթոնը հերքում է նաև Սեբեոսի օբյեկտիվ գնահատականը Մորիկի և Խոսրովի՝ Հայաստանի նկատմամբ վարած քաղաքականության մասին։

Իրականում, հայ ազնվականության դեմ քայքայիչ գործողությունները մինչ այդ էլ շատ հաճախանցկացվում էին Խոսրով Բ-ին Մորիկի արած վերոնշյալ առաջարկների համապատասխան։ Ինչպես նրանց ժամանակակիցները, այնպես էլ մերօրյա պատմաբաններն արդարացիորեն եզրակացրել են, որ բյուզանդական և պարսկական իշխանությունների այդ քաղաքականությունը հետամուտ է եղել Հայաստանի թուլացմանն ու նրա ռազմական կարողության քայքայմանը։ Այսպես, օրինակ, մինչև Մորիկը կսկսեր եռանդունորեն կենսագործել իր իսկ հստակ ձևակերպած գաղութատիրական քաղաքականությունը, դրա հատկանիշները, մի քանի տասնամյակ առաջ, արդեն նշվում էին բյուզանդացի պատմաբան Պրոկոպիոս Կեսարացու «Գոթական պատերազմի մասին» երկում (III.32.6-7), ուր մի հայ իշխանի շուրթերով բողոք է հնչեցվում առ այն, որ Հայաստանն «ամուր կապանքների մեջ է առնված, նրա վրա են դրված անօրինակ ծանր հարկեր», իսկ հայ ազնվականությունը «ստրկացված և ցրված է ամբողջ հռոմեական երկրով մեկ»։

Մորիկի՝ Խոսրովին հղած ուղերձը, ներառյալ նրա ռազմավարական պահանջները, անտարակույս, կարող են դիտվել որպես պատմական իրողություն։ Չի կարելի բացառել նաև այն, որ Սեբեոսը մոտավոր բառացի ստուգությամբ է հաղորդել այդ ուղերձի մեզ չհասած տեքստը, քանի որ նրա բովանդակությունը կամ գուցե անգամ բնօրինակի պատճենը հայ իշխաններին կարող էր փոխանցել ոչ այլ ոք, քան ինքը՝ Խոսրով Բ թագավորը, որը 602 թ. Մորիկի սպանությունից հետո անմիջապես նոր պատերազմ սկսեց Բյուզանդական կայսրության դեմ։ Խոսրովը հայերի օժանդակության կարիքն ուներ, իսկ այդ նամակը կարող էր ծառայել որպես Բյուզանդիայի հակահայկական մտադրությունները բացահայտող լավագույն ապացույց։

Ամեն ինչից զատ՝ Մորիկի ուղերձը լիովին համապատասխանում է հռոմեական ավելի հին ավանդույթին, ըստ որի հայերը ներկայացվում են որպես հռոմեական ու պարթևական/պարսկական գերիշխանությանը դիմադրել համարձակվող անհնազանդ մի ժողովուրդ։ Նույն աշխարհաքաղաքական հիմքը ունեցող երանգներով են հայերը պատկերված, օրինակ, հռոմեացի պատմաբան Պուբլիոս (Գայոս)Կորնելիոս Տակիտոսի (56-125 թթ.) հետևյալ մեկնաբանության մեջ.

«Այս ժողովուրդը հնուց ի վեր վստահելի չէ թե՛ իր բնավորության և թե՛ իր երկրի աշխարհագրական դիրքիպատճառովորովհետև մեր նահանգներին լայնորեն սահմանակից լինելովտարածվում է ընդհուպ մինչևՄարաստան։ Եվ նրանքընկած լինելով

    մեծագույն կայսրությունների միջևհաճախ գժտվում են նրանց հետ՝ատելով հռոմեացիներինև խանդ ցուցաբերելով պարթևների նկատմամբ»։

    Սեփական ազգային անկախությանը միտված հայերի արմատացած տրամադրվածությունն է փաստում նաև մեծանուն սպարապետ Վասակ Մամիկոնյանը (?-368 թթ.), որը պարսից Շապուհ Բ թագավորի (309-379) կողմից ուխտադրժորեն գերվելով և հարցաքննության ենթարկվելով, համարձակ ասում է (Փավստոս Բուզանդի փոխանցմամբ), թե քանի դեռ ինքն ազատության մեջ էր`

    «ես հսկա էի. մի ոտքս մի լեռան վրա էր, մյուս ոտքս` մեկ այլ լեռան վրա։ Երբ աջ ոտքիս վրա էի հենվում, աջ լեռն էի գետին կոխում, երբ ձախ ոտքիս վրա էի հենվում, ձախ լեռն էի գետին կոխում… Այդ երկու լեռներից մեկը դու էիր, մյուսը` Հունաց թագավորը։ Քանի դեռ Աստված հաճում էր՝ քեզ էլ էի գետին կոխում, հունաց թագավորին էլ

        (այն է՝ Հռոմի կայսրին – Ա.Ա.)

    »։

    Տակիտոսի ու Մորիկի՝ հայերի ազգային բնավորությանը տված գնահատականները գրանցվել են այն ժամանակներում, երբ Հռոմեական (ավելի ուշ` Բյուզանդական) և իրանական կայսրությունները վարում էին Հայաստանը հպատակեցնելու կամ միմյանց միջև բաժանելու համատեղ քաղաքականություն։ Ուստի` հայերի հակաբյուզանդական ու հակաիրանական զանգվածային տրամադրությունները միանգամայն հասկանալի են դառնում։ Ավելին` Տակիտոսի և Մորիկի այս գնահատականները, մատնանշելով հին ժամանակներում հայերի ձեռքբերած ազգային մշակութային կուռ համախմբվածությունը, միաժամանակ հիմնավորապես ապացուցում են սոցիալական հոգեբանության մեջ հայտնի, այսպես կոչված, ֆրուստրացիա-ագրեսիա-տեղափոխում տեսության այն կարևոր միջմշակութային բանաձևը, ըստ որի` «որքան մեծ է խմբի ներքին կոորդինացիան ու կարգապահությունը, ճիշտ նույնքանով աճում է դրսեցիների թշնամությունը» այդ խմբի և նրա անդամների նկատմամբ։

    Խոշոր բյուզանդագետ և ռազմական պատմաբան, Չիկագոյի համալսարանի պրոֆեսոր Վալտեր Քեգին վաղմիջնադարյան Հայաստանի հայերին բնորոշ որոշ էթնոհոգեբանական առանձնահատկությունների մասին խոսելիս՝ նկատում է, որ հայերն ունեին «տեղական ինքնավարության ուժեղ ձգտում» և «պարզորեն հայ մնալու կամք», ընդ որում՝ և՛ արաբները, և՛ բյուզանդացիները ստիպված էին հաշվի նստելու «հայերի անդրդվելի և խստաբարո բնավորության հետ»։ Քեգին ընդգծում է նաև, որ «Բյուզանդական կայսրության ոչ մի ուրիշ շրջանում… տեղի բնակիչները չունեին այդքան լավ զինված լինելու և հույսն իրենց, իրենց ընտանիքների և ազնվականության խմբերի վրա դնելու ավանդույթ», քան Հայաստանում։

    Վերոբերյալ պատմական տեղեկությունները վկայում են, որ Բյուզանդական կայսրության հավանական հակառակորդներ համարվելու համար հայերն ունեին լիակատար «որոկավորում»։ Ուստի՝ նրանց դուրս թողումը «Ստրատեգիկոնի» համապատասխան ցանկից պատահականություն համարել չի կարելի։ Նրանց բացակայության պատճառների մասին հարցադրում երբեք չի արվել (հայ պատմագիտությունը, որքան ինձ հայտնի է, առհասարակ աչքաթող է արել «Ստրատեգիկոնը» մասամբ, հավանաբար, այն պատճառով, որ այդ երկում Հայաստանն ու հայերը ոչ մի անգամ հիշատակված չեն)։ Այնինչ, այդ հարցադրման քննարկումը կարող է բերել մի շարք կարևոր հետևությունների և ենթադրությունների։ Ստորև առաջարկում ենք հնարավոր պատասխանները։

    1) Եթե Մորիկն իսկապես հայկական ծագում ուներ (այս կապակցությամբ գիտնականները տարբեր կարծիքներ են հայտնել), ապա այդ հանգամանքը նրան կարող էր հետ պահել՝ հայերին բացահայտորեն թշնամի ժողովուրդ ներկայացնելու մտքից, քանի որ այդպիսով նա կարող էր կողմնակիորեն հարվածի տակ դնել իր սեփական հեղինակությունը։ (Այս առումով արժե վերհիշել XI-XIII դարերի հայ պատմիչներ Ստեփանոս Տարոնեցի Ասողիկի, Անանուն զրուցագրի (Կեղծ Շապուհ Բագրատունի), Կիրակոս Գանձակեցու, ինչպես նաև ավելի ուշ շրջանի հայ հեղինակների երկերում պահպանված այն միջնադարյան ավանդությունները, ըստ որոնց՝ Մորիկը ծագումով հայ էր և ծնվել էր Հայաստանում՝ իբր Օշականում, Տարոնում կամ Անիում։ Ընդ որում, Օշականում մինչև այսօր էլ մասամբ կանգուն է մնացել այսպես կոչված Մորիկի հուշասյունը՝ VII դարի բազալտե մի եզակի կոթող, որն ավանդաբար համարվում է Մորիկ կայսեր մոր տապանաքարը։)

    2) Մոտավորապես նույն դրդապատճառով Մորիկն ինքն իրեն պետք է զսպեր հայերին բացասաբար պատկերելու մտքից, քանի որ նրանք արդեն կազմում էին բյուզանդական ռազմական և քաղաքականվերնախավի ազդեցիկ մասը՝ հայկական ծագում ունեին բյուզանդացի բարձրաստիճան պաշտոնյաներից շատերը ու հատկապես զորահրամանատարները։ Անվանի ամերիկացի բյուզանդագետ, պրոֆեսոր Պիտեր Խառանիսի հաշվարկով, «Պրոկոպիոս Կեսարացին հականե-հանվանե հիշատակում է ոչ պակաս, քան տասնյոթ հայ հրամանատարների, այդ թվում, իհարկե, մեծն Նարսեսին»։ Թեև, ինչպես նշում է Խառանիսը, բյուզանդական բանակում հայկական տարրը կարևոր տեղ էր զբաղեցնում տակավին կայսրեր Հուստինիանոսի և Տիբերիոս Բ Կոնստանտինի (574–582 թթ.) բանակներում, «իրադրությունը փոխվեց Մորիկի կառավարման օրոք, հիմնականում Բալկանյան թերակղզի կատարված ավարա-սլավոնական ներխուժումների հետևանքով։ Այդ ներխուժումները գործնականում ոչնչացրեցին Իլլիրիան որպես զինվորագրման աղբյուր և նվազեցրին Թրակիայի հնարավորությունները։ Դրանք կտրեցին կապն արևմուտքի հետ և խիստ բարդացրին այնտեղ զորահավաքների անցկացումը։ Իբրև հետևանք, կայսրությունը ստիպված էր զինվորներ հավաքագրել այլուր։ Նա շրջվեց դեպի Կովկասի և Հայաստանի շրջաններ։ Մորիկի բանակներում մենք դեռ հանդիպում ենք որոշ հոների, ինչպես նաև որոշ լանգոբարդների։ Հանդիպում ենք նաև բուլղարների։ Սակայն գերիշխող տարրն արդեն՝ հայերն էին»։

    Հայերին կայսրության անհանգիստ սահմանամերձ շրջաններ՝ Բալկաններ ու առավելապես Թրակիա,վերաբնակեցնելու իր կանխամտածված քաղաքականությունը հաջողությամբ իրականացնելու համարՄորիկը հետևողականորեն ու միտումնավոր կերպով սիրաշահում էր հայ զինվորականներին։ Նա մեծապես ապավինում էր նրանց հավատարմությանը և ռազմական հմտությանը։ Ուստի, միանգամայն անտեղի կլիներ հայերին որպես սպառնալիք և անբարյացակամ ժողովուրդ ներկայացնել հրամանատարների համար նախատեսված մարտավարության մասին գործող ձեռնարկում, չէ՞ որ այդ հրամանատարներից շատերն իրենք հայ էին։ Այս առթիվ օգտակար կլինի վերհիշել, որ Մորիկի նախորդներից մեկը՝ Հուստինիանոս կայսրն այն աստիճան ներողամիտ գտնվեց 538-539 թթ. հայոց ապստամբության նախկին ղեկավարների նկատմամբ, որ նրանցից մեկը՝ Արտավան Արշակունին, ի վերջո, մահափորձ ծրագրեց նրա կյանքի դեմ: Արդարև, Արտավանն այն մարդն էր, որն ըստ Պրոկոպիոս Կեսարացու՝ 538 թ. անձամբ սպանել էր Հուստինիանոսի նշանակած կուսակալին՝ Ակակիոսին, իսկ 539 թ.՝ հայոց ապստամբական բանակի դեմ ուղարկված զորավար Սիտտասին։ Հուստինիանոսն Արտավանին, փաստորեն, անպատիժ թողեց և շարունակեց օգտվել նրա զորավարական տաղանդից նույնիսկ իր դեմ մահափորձի ծրագրման մեջ նրա մասնակցության բացահայտումից հետո։ Այսպիսի փափուկ վերաբերմունքը հայ զորավարների նկատմամբ, որոնցից ոմանք նախկինում նույնիսկ կռվել էին նրա բանակների դեմ, ակնհայտորեն բխում էր նրանց ռազմական կարողությունները և զինուժը իր օգտին ծառայեցնելու ցանկությունից։ Վերջին հաշվով, այդպիսի քաղաքականությունը արդարացնում էր իրեն և տալիս իրական ռազմական արդյունքներ և՛ Արտավանի, և՛ Կամսարական եղբայրների, և՛ մեծն Նարսեսի, և՛ ծագումով հայ բազմաթիվ այլ տաղանդավոր զորավարների դեպքերում։ (Ի դեպ, այսպիսի վերաբերմունքը նախկինում ըմբոստ, բայց մեծատաղանդ զորահրամանատարների նկատմամբ համաշխարհային պատմության մեջ ունի նմանօրինակներ։ Այսպես, օրինակ, 1700 թ. Անգլիայի թագավոր Վիլհելմ Գ-ն լորդ Ջոն Մալբորոյին Հոլանդիայում անգլիական զորքերի հրամանատար և Եվրոպայում՝ հատուկ հանձնարարությունների գծով դեսպան նշանակեց, երբ անցել էր ընդամենը մի քանի տարի, ինչ վերջինս մասնակցել էր պետական հեղաշրջման փորձին։)

    3) 591 թ. Մորիկը պարտադրեց Հայաստանի բյուզանդական մասում գտնվող հայ հոգևորականությանը կայսրության գերիշխող քրիստոնեական վարդապետությունը՝ քաղկեդոնականությունը։ Դարձյալ, նպատակ էր դրված ոչ թե դաժան բռնությունների միջոցով ճնշել հայերին, այլ սահուն կերպով հելլենականացնել նրանց։ Հայերին թշնաբար տրամադրված ժողովուրդ ներկայացնելը կվնասեր նաև Մորիկի այս եկեղեցական նախաձեռնությանը։

    4) «Ստրատեգիկոնի» հավանական հակառակորդների ցանկից հայերին դուրս թողնելը կարող է ծառայելորպես ևս մեկ ապացույց առ այն, որ այդ ռազմական ձեռնարկը կազմվել է Մորիկի գահակալման օրոք՝ 582-602 թթ.։ Եթե այդ ձեռնարկի թվագրման հարցը (որը հետազոտողներին շատ է հուզել) քննենք միայն տվյալ բացթողման տեսանկյունից, ապա առավել հավանական է կարծել, որ «Ստրատեգիկոնը» կազմվել է Մորիկի գահակալման վերջին տասնամյակում, այսինքն՝ այն բանից հետո, երբ պարսից Խոսրով Բ Մորիկին զիջեց Արևելյան Հայաստանի մի մասը՝ Բյուզանդական կայսրությունը դարձնելով Հայաստանի մեծ մասի տիրակալ, իսկ հայերի մեծամասնությանը՝ կայսրության հպատակներ։ Դրանից հետո հայերին բացահայտորեն ներկայացնել իբրև անբարյացակամ ժողովրդի՝ գործնականում անհնարին պետք է լիներ։

    Այսպիսով, բյուզանդական կայսերական նախապաշարմունքները հայերի դեմ՝ քաղաքական և ռազմական նպատակահարմարության հիման վրա գրաքննության ենթարկվելով և մտածված կերպով թաքցվելով, այդուամենայնիվ ամբողջովին ուժի մեջ էին մնում և ծառայում կայսրության ծավալապաշտական և գաղութատիրական քաղաքականությանը Հայաստանի նկատմամբ։ Սակայն, ինչպես վերը ցույց տրվեց, դա բոլորովին չխանգարեց ազգային անկախության վերականգնմանը կամ, նվազագույնը, տեղական ինքնավարության պահպանմանը ձգտող հայերին ճիշտ գնահատել Մորիկի իսկական դիտավորությունը՝ Հայաստանի ռազմական ներուժի ոչնչացումը։ Համապատասխանաբար, իրենք՝ հայերը, Մորիկին ընկալում և բնութագրում էին որպես թշնամի միապետի, իսկ նրա կայսրությունը՝ սկզբունքորեն որպես գաղութատիրական։

    Արմեն Այվազյան

    Քաղաքական գիտությունների դոկտոր

    «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԶՐՈՒՑԱԿԻՑ»,

    թիվ 34, 35 (197, 198), 30 սեպտեմբերի, 7 հոկտեմբերի, 2011 թ.

    Հայկական մարտական դրոշները և 1730 թ. հուլիսի 26-ի ռուս-թուրքական դիվանագիտական միջադեպը

    3 Հունիսի, 2012

    Ինչպես հայտնի է՝ մարտական դրոշը մի միջոց է, նշան, որը միավորում է զորամասը, մատնանշում նրա պատկանելությունը որոշակի պետության կամ խմբի զինված ուժերին, խորհրդանշում զինվորական պատիվն ու միասնության գաղափարը, ճակատամարտի ժամանակ՝ ցույց տալիս զորքերի կենտրոնացման և հրամանատարության գտնվելու վայրերը։ Պատմականորեն մարտական դրոշների ներքո կատարվել են զանազան պաշտոնական արարողություններ, այդ թվում՝ զինվորական երդմնատվություն և պայմանագրերի կնքում։ Մարտադրոշը բարձրացնում է բանակի կամ առանձին ջոկատի բարոյական ոգին և մարտունակությունը, դառնում նաև ռազմական մասունք։ Այսպիսով՝ մարտադրոշն ուներ և ունի ինչպես գործնական, այնպես էլ բարոյական մեծ նշանակություն։

    Մամիկոնյանների զինանշանը
    Հին և միջնադարյան հայկական թագավորությունների և նախարարությունների բանակներն ունեին սեփական մարտական դրոշներ, որոնք որոշ չափով հետազոտված են։ Սակայն բացարձակապես չուսումնասիրված են մնում պատմական սկզբնաղբյուրներում առկա տեղեկությունները՝ 1720-ական թթ. Արցախում (Ղարաբաղ) և Սյունիքում (Ղափան) ստեղծված հայկական զորքերում մարտական դրոշների մեծաթիվ առկայության վերաբերյալ։ Ստորև նեկայացնում ենք այդ հարցի մասին մեր հետազոտության մի հատվածը, բնականաբար՝ առանց համապատասխան գիտական ապարատի (սկզբնաղբյուրների վրա հղումների, ծանոթագրությունների և այլն)։

    Թեև 1720-ական թթ. հայկական մարտական դրոշների վրա եղած պատկերները մեզ հայտնի չեն (բացառությամբ երկու դրոշի, որոնք քիչ անց կներկայացնենք), այդուհանդերձ մի շարք կողմնակի տեղեկություններ թույլ են տալիս որոշակի պատկերացում կազմել դրանց մասին։

    Հայ ազատագրական շարժման ռահվիրա Իսրայել Օրին (1659-1711) հե՛նց մարտական դրոշներ բաժանելու միջոցով էր ցանկանում խորհրդանշել հայոց զորքի ապագա կազմավորումը։ Նա իր ազատագրական և՛ պֆալցյան (1699 թ.), և՛ մոսկովյան (1701 թ.) ծրագրերում հատուկ ընդգծում էր մարտական դրոշները կանխավ պատրաստելու, ապա և դրանք հայկական նոր կազմավորվող գնդերին ռազմական գործողությունների բուն թատերաբեմում՝ Արևելյան Հայաստանում բաժանելու անհրաժեշտությունը։

    1699 թ. Իսրայել Օրին Պֆալցի կուրֆյուրստից հայցում էր «հարյուր դրոշակ, որոնք ներկայացնեն մի կողմից Խաչելությունը և մյուս կողմից՝ սուրբ Գրիգոր Լուսավորչին և պատշաճ մակագրությամբ՝ հայերեն լեզվով։ Դրանով ցույց ենք տալիս, որ այս լավ ժողովուրդը միշտ հուսացել է դուրս գալ գերությունից՝ խաչի զորությամբ և իր հովանավոր սուրբ Գրիգորի միջնորդությամբ։ Դրոշակները պիտի բաժանվեն [Արևելյան Հայաստանի] նահանգներում»։

    Մինչդեռ ռուսաց արքունիքին՝ 1701 թ. հուլիսի 25-ին ներկայացրած իր հուշագրում, Իսրայել Օրին առաջարկում էր, որ ռուսական օգնական զորքի Հայաստան մտնելու ժամանակ՝ տեղում կազմավորվելիք հայկական գնդերին բաժանվի 100 մարտական դրոշ, որոնց մի երեսին պատկերված կլինի Քրիստոսի Խաչելությունը, մյուսին՝ ռուսաց ցարի զինանշանը։ Ուշագրավ է, որ նա այլևս չէր խոսում Սբ. Գրիգոր Լուսավորչի պատկերի և հայերեն մակագրության մասին՝ այդպիսով ցանկանալով վստահություն ձեռք բերել ռուսաց արքունիքում, որտեղ Հայաստանի ազատագրության հարցին նոր էին ծանոթանում, ինչպես նաև իրավացիորեն համարելով, որ հայության ճնշված զանգվածների շրջանում միջազգային մեծ համբավ վայելող Պետրոս Ա-ի զինանշանն իրոք կառաջացնի անասելի ոգևորություն, որն այդքան անհրաժեշտ էր նախապատրաստվող ապստամբության հաջողության համար։ Ըստ Օրու ծրագրի, երբ Նախիջևան քաղաքն ազատագրելուց հետո այնտեղ հավաքվեն հայոց ղեկավարները և ամբողջ հայկական զորքը և «ընդունեն տիրակալի (իմա՝ Պետրոս Ա-ի) զինանշանով դրոշները, այնժամ նրանք մեծ խանդավառությամբ ու նախանձախնդրությամբ կշարժվեն թշնամիների դեմ, որպեսզի կարողանան նրանցից ձերբազատվել և իրենց բնակավայրերն ու քաղաքներն ազատագրել»։

    Հայկական կամավորական գումարտակների դրոշները, 1827 թ.
    Համաձայն XVIII դարի մի աղբյուրի՝ ֆրանսիացի հեղինակ դե Պեյսոնելի, 1751 թ. վրաց-հայկական միացյալ զորաբանակի «բոլոր զինվորներն իրենց հագուստի ու դրոշակների վրա կրում էին խաչի նշաններ»։ Սա էլ ևս մեկ լրացուցիչ վկայություն է առ այն, որ խաչի և Խաչելության պատկերները պետք է լինեին նաև ավելի վաղ՝ 1720-ական թթ. մարտնչող սյունյաց և արցախյան գնդերի դրոշներին։ Թվում է, թե ազատագրական պատերազմի այդ ամենաթեժ ժամանակաշրջանում, երբ ազգային պետականության վերականգնման հույսերը դեռ շատ մեծ էին, հայկական դրոշների մյուս երեսը հաճախ ներկայացնելու էր հայ թագավորների և իշխանների հին կամ նոր զինանշաններն ու հայոց ազգային եկեղեցու խորհրդանիշները, հատկապես՝ Սբ. Գրիգոր Լուսավորչի դիմապատկերը։ Այս առումով չպետք է բացառել նաև մեկ այլ հնարավորություն՝ այն, որ 1720-ական թթ. հայկական մարտական դրոշները նմանակել են ոչ թե (կամ ոչ միայն) Ռուսաստանի, այլ Մեծ Հայքի փառաբանված սպարապետների՝ Մամիկոնյանների տոհմական զինանշանն ու դրոշը, որոնց վրա նույնպես պատկերված էր երկգլխանի արծիվը, ինչի մասին ո՛չ թուրքերը, ո՛չ էլ ռուսները իմանալ չէին կարող։

    Սակայն 1720-ական թթ. կազմավորված հայկական զորքի մարտական դրոշների վրա եղած պատկերների մասին միակ առարկայական տեղեկությունը պահպանվել է շնորհիվ ռուս-թուրքական դիվանագիտական մի միջադեպի։ 1730 թ. հուլիսի 26-ին Կ. Պոլսում ռուսաց ցարի դիվանագիտական ներկայացուցիչ՝ ռեզիդենտ Իվան Նեպլյուևին այցելում է Բարձր Դռան ուղարկած թարգմանիչը, որը նրան բանավոր բողոք է ներկայացնում։ Օսմանցի պաշտոնյան Ի. Նեպլյուևին ցույց է տալիս (ռուսական երեք անձնագրերի ու հայերեն նամակների հետ միասին) հայկական մի անհայտ զորամասի պատկանող երկու մարտական դրոշ, որոնք նույն՝ 1730 թ. տեղի ունեցած մի ճակատամարտի ժամանակ ընկել էին Գանձակում նստող Իբրահիմ փաշայի հրամանատարության տակ գործող թուրքական զորքի ձեռքը։ Թուրքական հրամանատարության կարծիքով, այդ դրոշները ռուսական ծագում ունեին։ Դրանց առաքումն իրենց չհնազանդվող հայկական զորքերին՝ օսմանյան կողմը գնահատում է որպես ռուսների՝ Բարձր Դռան նկատմամբ ոչ բարյացակամ քայլ և միջամտության ապացույց։

    Նեպլյուևի նկարագրությունից դատելով՝ այդ դրոշներից մեկի վրա իրոք պատկերված է Ռուսաստանի զինանշանը, թեպետև որոշակիորեն ձևափոխված։ Այդ մի դրոշը «սպիտակ տաֆտայից (մետաքսե դիպակից) է եղել, սպիտակ գետնի (ետնախորքի) վրա պատկերելով ռուսական երկգլխանի թագակիր արծիվը»։ Սակայն նմանությունները դրանով էլ ավարտվում են, որովհետև ռուսական զինանշանի արծիվն այդ ժամանակ արդեն սև էր (մինչև Պետրոս Ա-ի ժամանակները՝ հիմնականում ոսկյա էր), իսկ հայկական դրոշի վրայի արծիվը՝ կարմիր։ Հայկական զորամասի այդ դրոշն ուներ նաև այլ տարբերություններ. արծվի գլուխների անջատման տեղում կար փոքր խաչ, արծվից և թագերից վերև մի քանի խաչեր ու Սուրբ Հոգին խորհրդանշող՝ ներքև սլացող աղավնի։ Վերևի անկյունում՝ երկնագույն ետնախորքի վրա, պղնձե դրոշակակիր նիզակ, որի մեջտեղում՝ խաչ։ Մյուս հայկական դրոշը, որ նույն սպիտակ տաֆտայից էր, առհասարակ նմանություն չուներ ռուսական դրոշների հետ. այն որևէ զինանշան չուներ, այլ պատկերում էր միայն նույն նիզակը՝ խաչերով և աստղերով։

    Բարձր Դռան բողոքին ի պատասխան՝ Ի. Նեպլյուևը, մատնանշելով իսկական ռուսական զինանշանի հետ տարբերությունները, հայտարարել է, որ այդ դրոշները հայերն իրենք են պատրաստել, ապա ավելացրել, որ այդպիսի նմանակումը դժվար չէ, օրինակ բերելով ծովահեններին, որոնք ունեն բոլոր տիրակալների իրենց իսկ պատրաստած դրոշակները։

    Այժմ դժվար է հստակորեն ճշտել՝ իրո՞ք հայերն իրենք էին պատրաստել այդ դրոշները, թե դրանք, այնուամենայնիվ, տվել էին ռուսները՝ ցանկանալով ոգևորել Սղնախների աստիճանաբար թուլացող դիմադրությունը (ռուսական պաշտոնական գաղտնի գրագրության մեջ նրանց այդ ցանկությունը բազմիցս բացեիբաց արտահայտվել է)։ Երկու տարբերակներն էլ միանգամայն հնարավոր էին։

    Նմանապես դժվար է միանշանակորեն եզրակացնել, թե որտե՞ղ էին առգրավվել այդ դրոշները՝ Արցախու՞մ թե Սյունիքում։ Այն, որ հայերի հետ բախվել են Գանձակում նստող Իբրահիմ փաշայի հրամանատարության ներքո գործող զորքերը, կարծես թե հուշում է, որ խոսքը վերաբերում է ղարաբաղյան հայկական ուժերին, մանավանդ, որ նրանք, ի տարբերություն սյունեցիների, ռուսների հետ մշտական կապի մեջ էին։ Վստահաբար կարելի է ասել, որ մինչև Դավիթ-բեկի մահը՝ նրա վարած քաղաքականության, մասնավորապես պարսկական ուժերի հետ դաշնակցելու իրապաշտ ռազմավարության պայմաններում Սյունիքում ռուսական դրոշների կիրառման հնարավորությունը չնչին էր։ Սակայն մեզ հայտնի է տակավին 1726 թ. մարտի 24-ին Մխիթար սպարապետի ուղերձը ռուսաց արքունիքին, որով ռուսներից ռազմական օգնություն էր հայցվում։ Ուստի չի բացառվում, որ 1728 թ.՝ Դավիթ-բեկի մահից հետո, Մխիթարը փորձած լինի խորացնել ռուսների հետ իր կապերը։ Այս դրոշները կարող էին թուրքերի ձեռքն ընկած լինել նաև Հալիձորի գրավման ժամանակ, որը տեղի է ունեցել 1730 թ.։

    Հայկական կամավորական գումարտակների դրոշները, 1827 թ.
    Նեպլյուևին Բարձր Դռան ներկայացրած բողոքից ընդամենը 16 օր առաջ՝ 1730 թ. հուլիսի 10-ին, Կ. Պոլսից Մխիթար Սեբաստացուն առաքված մի նամակում հաղորդվում է. «…Նաեւ ասի թէ տաճիկք զՍղնախի հայերն յաղթահարեալ, ու զգերդաստանիս նոցին գերի վարեալ՝ աւելի քան զքսան հազար բերեն աստ» (ընդգծումն իմն է՝ Ա.Ա.)։ Ինչպես ժամանակին նշել ենք, այս հաղորդումն ամենայն հավանականությամբ վերաբերում է Հալիձորի գրավմանը, քանի որ տեղյակ ենք, որ այդ բերդում գերեվարվել է սյունյաց գլխավոր զորահրամանատարի ընտանիքը՝ «եւ առին զկին եւ զորդիսն Մխիթարայ եւ զամենայն որ ինչ էր անդ, եւ թողին գնացին»։ Ուստի, 1730 թ. երկու վերոհիշյալ մարտական դրոշների վայրի՝ Արցախում կամ Սյունիքում կիրառվելու հարցը պետք է տակավին բաց համարել։

    Ամեն դեպքում՝ այն, որ հայերը փորձել են գործածել ռուսական զինանշանով դրոշներ, պարզվում է նաև մեկ այլ փաստից։ Ռուսաստանում հայ ազատագրական շարժման երկարամյա ներկայացուցիչ, Իսրայել Օրու զինակից Մինաս վարդապետ Տիգրանյանի մահից հետո (1740 թ.), Մոսկվայում նրա թողած ունեցվածքի մեջ գրանցվել է նաև երկու դրոշ. մեկը՝ դարձյալ «սպիտակ տաֆտայից՝ երկու կողմում էլ Ռուսաստանի զինանշանի պատկերը՝ 3 արշինից մեկ վերշոկ պակաս երկարությամբ (հավասար է մոտ 2 մետրի – Ա.Ա.) և նույն չափի լայնությամբ», երկրորդը՝ երկարությամբ և լայնությամբ նույն չափի էր՝ «բոսորագույն տաֆտայից, երկու կողմերում ոսկե և գունավոր պատկեր, թագի տակ աստղ և այլն»։ Հետաքրքիր է, որ այս նկարագրությունը բավականին նման է 1730 թ. թուրքերի ձեռքն ընկած դրոշներին, ինչը կարող է վկայել, որ այդ դրոշները Հայաստան է ուղարկել Մինաս վարդապետը՝ հայ ազատամարտի ներկայացուցիչների միջոցով։

    Վերջում նշենք ևս մեկ պատմական փաստ։ 1727 թ. մարտի 4-ին հայկական զորքերը Հալիձորի տակ ջախջախեցին 60.000-անոց թուրքական բանակը, ոչնչացնելով 13.000 ասկյար և խլելով նրանցից 148 օսմանյան մարտական դրոշ…

    Արմեն ԱՅՎԱԶՅԱՆ

    Քաղաքական գիտությունների դոկտոր

    ՀՀ արտաքին քաղաքականության սխալները պետք է շտկվեն

    3 Հունիսի, 2012

    Աղբյուրը՝ Idefacto.am, 10.07.2009թ.

    Հարցազրույց «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի տնօրեն, քաղ. գիտ. դոկտոր ԱՐՄԵՆ ԱՅՎԱԶՅԱՆԻ հետ

    -Հայ-թուրքական հարաբերություններն այս պահին ինչպե՞ս եք գնահատում:
    -Այսօր հայ-թուրքական հարաբերությունները գտնվում են նույն վիճակում, ինչ վերջին 18 տարիների ընթացքում: Ես բազմիցս իմ հոդվածներում, ելույթներում նշել եմ, որ հայ-թուրքական հարաբերություններ չկան, կա հակամարտություն: Եթե խնդիրն այդպես ձևակերպենք` հայ-թուրքական հակամարտությունը, իրավիճակը շատ ավելի հասկանալի կլինի: Հակամարտությունը ոչ միայն պատմական, այլև ներկա խորքային իրողություն է: Հակամարտության սկզբնաղբյուրը Թուրքիայի նպատակն է` ոչնչացնել Հայաստանը: Սա հենց այն հիմնական խնդիրն է, որ մեր քաղաքական վերնախավն անկախության հաստատումից ի վեր չի ուզում տեսնել և աչքերը փակում է դրանից բխող` Հայաստանի և հայության դեմ իրականացվող տասնյակ թշնամական գործողությունների վրա: Արդեն 18 տարի Թուրքիայի այդ գործողություններն անպատասխան են մնում: Սերժ Սարգսյանը ժառանգել է Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի արտաքին քաղաքականության սխալ ուղղություններն ու տրամաբանությունը, որոնք այսօր բերում են ՀՀ ամբողջ արտաքին քաղաքականության կրախին: Մինչ այժմ խնդիրները պարզապես կուտակվում էին, իսկ այսօր արդեն եկել է երկարամյա սխալ քաղաքականության և անգործության պտուղները քաղելու ժամանակը Հայաստանի արտաքին քաղաքականության պարտություններն ակնհայտ են:
    -Ինչո՞վ կհիմնավորեք Ձեր ասածը:
    -Ղարաբաղյան բանակցություններում Ադրբեջանի դիրքորոշումն է՛լ ավելի կարծրանալու և ուղղակի լկտիանալու փաստով, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Հայաստանին օկուպանտ անվանող փաստաթղթով, Թուրքիայի առաջադրած նախապայմանների մի մասի ընդունմամբ, այդ թվում՝ հայ-թուրքական պատմաբանների հանձնաժողով ստեղծելուն ՀՀ կապիտուլյանտական համաձայնությամբ, ապրիլի 24-ի նախօրեին հայ ժողովրդի թիկունքում թուրքերի հետ ստորագրված ստորացուցիչ «ճանապարհային քարտեզ»-ով, Հայաստանի բռնազավթված արևմտյան մասը մոռացության մատնելու ՀՀ բարձրագույն պաշտոնյաների փորձերով, ՀՀ կառավարության՝ Թուրքիային ուղղված հայկական նոր ԱԷԿ-ի բաժնետեր դառնալու անհեթեթության աստիճանի վտանգավոր առաջարկությամբ, տեղեկատվական պաշտպանության դաշտում ՀՀ լիակատար կաթվածահարությամբ… Կարելի է այս ցանկը շարունակել մասնակի բազմաթիվ դեպքերով։ Օրինակ, Իսլամական համաժողով կազմակերպության վերջին որոշման մեջ կա Խոջալուի դեպքերն իրենց երկրների դասագրքերում ընդգրկելու մի կետ: Ինչո՞ւ այդպես ստացվեց: Որովհետև մեր դիվանագիտական կառույցները ոչ միայն վատ են աշխատում, այլև շատ դեպքերում չեն էլ աշխատում, չեն էլ հակադարձում այն բոլոր հակահայաստանյան ու հակահայկական գործողություններին, որ չափազանց ակտիվորեն մեր դեմ իրականացվում են: Այս մասին խոսել և նախազգուշացրել ենք տարիներ շարունակ: Կամ` ֆուտբոլային դիվանագիտությունը: Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի և իրենց արտաքին գործերի նախարարների քաղաքականության բոլոր սնանկ կողմերը եկան ու վարդի պես բացվեցին ֆուտբոլային դիվանագիտության մեջ: Երեք նախագահների` Թուրքիայի նկատմամբ վարած քաղաքականության մեջ չնչին տարբերություններ կան։ Եթե Ռոբերտ Քոչարյանը եկավ ու ասաց` արտաքին քաղաքականության մեջ ես մտցնում եմ ցեղասպանության ճանաչումը, դա ընդամենը կոսմետիկ քայլ էր, որովհետև խնդիրն ամենևին ցեղասպանության ճանաչումը չէ, այլ Հայկական հարցը, Հայաստան պետության անվտանգության համար անհրաժեշտ տարածքային ու քաղաքական երաշխիքների ապահովումը: Թուրքիայի հետ հարաբերություններում այս տարածքային խնդիրը մնացել է անտեսված ՀՀ բոլոր իշխանությունների կողմից: Ֆուտբոլային դիվանագիտությունը կառուցված էր օդի վրա, մեռելածին էր, վերջին մեկ տարվա ընթացքում ես բազմիցս եմ հանդես եկել վերլուծություններով և նախազգուշացումներով, որ դա միայն վնասելու է Հայաստանին: Ի՞նչ ունենք այսօր: Արդեն մեծ կորուստներ:
    -Որո՞նք են այդ կորուստները:
    -Առաջին` ցեղասպանության ճանաչման գործընթացի կասեցումը միջազգային ասպարեզում։ Միջազգային հանրությունն ասում է` «Հայաստանը և Թուրքիան վարում են արդյունավետ բանակցություններ և պետք չէ խանգարել». այս պատրանքը Թուրքիան հաջողությամբ ներարկել է ամբողջ աշխարհին: Երկրորդ` Թուրքիան փորձում է ագրեսիվ կերպով մտնել արցախյան հիմնախնդրի կարգավորման բանակցությունների մեջ` որպես միջնորդ, իսկ Հայաստանն էլ օժանդակեց Թուրքիային՝ մասնակցելով Հայաստան-Թուրքիա-Ադրբեջան եռակողմ ձևաչափով հանդիպումներին: Իսկ ինչի՞ մասին պիտի իրար հետ խոսեին երեք նախագահները և արտգործնախարարները, եթե ոչ Ղարաբաղի։ Եղանակի՞: Ինչպե՞ս կարելի էր գնալ նման հանդիպումների, երբ երկու դաշնակից պետությունները՝ Ադրբեջանն ու Թուրքիան, ունեն միևնույն նպատակը՝ բռնազավթել Արցախը, որի մասին շատ պարզ արտահայտվել են միշտ: Երրորդ` Թուրքիայի կառավարությունն այսօր արդեն հանդգնում է հայտարարել` «Մենք պիտի հասնենք նրան, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը Հայաստանը ճանաչի որպես օկուպանտ պետություն»: Մինչև այսօր Հայաստանը չի համարձակվել միջազգային ասպարեզում Թուրքիային մեղադրանք ներկայացնել, որ իրավունք չունի խոսելու օկուպացիայի մասին, որովհետև ինքն է իսկական օկուպանտը, որը բռնազավթել է Արևմտյան Հայաստանը, այն էլ վայրագորեն` ցեղասպանության միջոցով: Նույն քաղաքականությունն էլ շարունակում է տեղեկատվական դաշտում` իրականացնելով բազմալեզու հակահայկական քարոզչություն, կեղծելով հայոց պատմությունն ու մշակույթը։ Այժմ արդեն թուրքերն արևելահայերենով հեռուստահաղորդումներ են սկսել հեռարձակել, ընդ որում` Հայաստանի համաձայնությամբ. անցյալ տարվա աշնանը Հանրային հեռուստատեսության տնօրեն Ալեքսան Հարությունյանը թուրքական TRT հեռուստառադիոըկերության հետ Անկարայում մի պայմանագիր կնքեց, որի բովանդակությունը մինչև այսօր չենք տեսել, թեպետ բազմիցս եմ կոչ արել հրապարակել այն: Վերջերս էլ ասուլիսում նախագահի աշխատակազմին կից ստեղծված տեղեկատվական նոր կառույցի ղեկավարին հարցնում են` ինչպե՞ս եք վերաբերվում թուրքական այդ նախաձեռնությանը, նա էլ պատասխանում է` դրական, եթե պիտի օբյեկտիվ տեղեկատվություն հեռարձակվի: Ո՞Ւմ ենք խաբում, մի՞թե պարզ չէ, որ թուրքերի տեղեկատվությունը լինելու է ոչ օբյեկտիվ: Վերջապես` «ճանապարհային քարտեզը»: Ինչո՞ւ մինչև այսօր այն չի հրապարակվել։ Սկզբից ասացին` մայիսին կհրապարակվի: Չէ՞ որ սա ՀՀ Սահմանադրության մեջ ամրագրված դրույթների (ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու տեղեկատվություն ստանալու (հ. 27) և հասարակական շահերի պաշտպանության նկատառումներով իրավասու պետական մարմիններից պատշաճ պատասխան ստանալու (27.1) սահմանադրական իրավունքները) խախտում է, նաև՝ պետական ավանդույթի խախտում. կնքվել է միջպետական պայմանագիր, ինչո՞ւ մինչև այսօր քաղաքական ուժերն ու հասարակությունն այն չեն տեսել: Սակայն գիտենք արդեն այդ տխրահռչակ փաստաթղթի մեջ եղած մի քանի կետերի մասին: Կետերից մեկը պատմաբանների հանձնաժողովի ստեղծմանն է վերաբերում։ Այժմ ՀՀ իշխանությունների որոշ կամակատարներ փորձում են ապացուցել անապացուցելին, թե իբր այդ հանձնաժողովը Հայաստանին օգուտ կտա: Թուրքերի անիրականանալի թվացող երազանքներից էր սա` ստեղծել պատմաբաններից բաղկացած հայ-թուրքական հանձնաժողով և դրանով մեկընդմիշտ կասկածի տակ դնել ցեղասպանության փաստը։ Ինչքան ուզում ես ապացուցիր, դիմացի կողմն իրական գիտական բանավեճի մեջ մտնելու խնդիր չունի, գալու է ու գործընթացը ձգձգի։ Այսպիսով, ՀՀ իշխանությունները զիջել են և այս ստեղծվելիք խայտառակ հանձնաժողովի հարցում։
    -Այնուհանդերձ, եթե հայ-թուրքական հարաբերություններ հասկացություն գոյություն չունի, հակամարտություն հասկացությունը` ևս: Թե ինչ հաջողություններ ու ինչ ձախողումներ ունեն դիվանագետները, հարցի մի կողմն է, գուցե ի սկզբանե է արվել սխալը` Հայաստանը չունի հստակ պատասխան «ի՞նչ է ուզում Թուրքիայից» հարցին: Ի՞նչ է նշանակում ցեղասպանության ճանաչում: Յուրաքանչյուր երկիր իր համար պիտի ունենա փոխհարաբերությունների հաստատմանը խանգարող հարցերի սեփական պատասխանները և փորձի համաձայնեցնել, իսկ առայժմ արվում են քայլեր, որոնք բխում են գերտերությունների շահերի համադրումից:
    -Եթե Հայաստանն իր դեյուրե ունեցած անկախությունը չկարողանա արագորեն վերածել դեֆակտո անկախության և գոնե ազգային անվտանգության կենսական ոլորտներում ինքնուրույն քաղաքականություն վարել, այլևս իմաստ չի ունենա որևէ բանի մասին խոսելը: Ինչ վերաբերում է հակամարտությանը, ապա ոչ թե մենք ենք Թուրքիայի դեմ հակամարտում, այլ Թուրքիան է շարունակում Հայաստանի դեմ թշնամական գործողությունները` նպատակ ունենալով ոչնչացնել Հայաստանը:
    -Իսկ ի՞նչ է տալու Թուրքիային Հայաստանի ոչնչացումը:
    -Աշխարհաքաղաքական կշռի կտրուկ աճ, տարածաշրջանային միակ գերտերության կարգավիճակ, «հայկական գլխացավանքի» վերացում, տարածաշրջանից Ռուսաստանի վտարում, Իրանի հյուսիսում ապրող թրքախոս զանգվածի միջոցով ծավալապաշտական նոր ծրագրերի իրականացում, Միջին Ասիայից նավթի և գազի նոր խողովակաշարեր, իր տարածքի վրայով լրացուցիչ էներգակիրների տարանցում դեպի Եվրոպա և այլուր, լրացուցիչ լծակներ և շատ այլ քաղաքական, ռազմական և առևտրատնտեսական շահույթներ… Թուրքիան աջակցում է Ադրբեջանին բոլոր հնարավոր միջոցներով՝ Հայաստանի դեմ նոր ագրեսիա իրականացվելու գործում, հուսալով, որ Ադրբեջանը կօկուպացնի Արցախը, այնուհետև՝ Սյունիքը՝ Հայաստանին անելով մատ երկու քայլից:
    -Ես նման հեռանկարը հավանական չեմ համարում, առավել ևս, որ 18 տարին բավական ժամանակ էր` համոզվելու, որ դա հնարավոր չէ անել, եթե հնարավոր լիներ, չէին հապաղի ոչ Թուրքիան, ոչ Ադրբեջանը:
    -1915 թ. ո՞նց արվեց: Պատերա՞զմ էր:
    -Պատերազմն իր հերթին, բայց ինչո՞ւ եք կարծում, որ տարածաշրջանում Թուրքիայի նման ուժեղացումը կհանդուրժեն ԱՄՆ-ը կամ Ռուսաստանը:
    -Պատմական փորձ ունենք։ Մեր հույսն օտար ուժերի վրա դնելու իրավունք չունենք։ Որքան մեզ վրա հենվենք, այդքան ավելի հավանական է դաշնակիցների օժանդակությունը։ Բայց կա նաև Հայաստանի ոչնչացման ժողովրդագրական ծրագիրը…
    -Այսինքն` 70 միլիոնանոց Թուրքիայի դեմ մեր` աշխարհում 10, Հայաստանում 3 միլիոնով շա՞տ ենք քիչ:
    -Հայաստանի բնակչության, Թուրքիայի և Ադրբեջանի բնակչության թվերը համադրելը ժողովրդագրական խոշորագույն խնդիր է մատնանշում: Այսօր Հայաստանից շարունակվում է որակյալ մասնագետների արտագաղթը, իսկ ներգաղթի մասին մտածող չկա, ոչ մի լուրջ կազմակերպական աշխատանք չի կատարվում: Վերադառնալով հայ-թուրքական հակամարտությանը, նկատեմ, որ մի քանի օր առաջ ՀՀ նախագահը, հանդիպելով Կիպրոսի նախագահին, եզրափակիչ ասուլիսի ժամանակ վերջին տարվա ընթացքում առաջին անգամ ընդունեց, որ Թուրքիան չի կատարում իր պարտավորությունները, այսինքն` կողմնակիորեն ընդունվեցին Հայաստանի արտաքին քաղաքականության անհաջողությունները: Լավ, սխալվել ենք: Դաժանորեն ենք սխալվել: Սրանք ոչ թե մարտավարական, այլ ռազմավարական բնույթի սխալներ էին… Հիմա ի՞նչ պետք է անել: Կրկնեմ, որ, նախ, մենք իրավունք չունենք թելադրանքի ենթարկվելու այն ոլորտներում, որոնք վերաբերում են Հայաստանի ազգային անվտանգության կենսական շահերին: Մենք իրավունք չունենք մտածելու` ինչ կհանդուրժի ԱՄՆ-ը, ինչ չի հանդուրժի Ռուսաստանը, մենք ինքներս պետք է մտածենք՝ ինչ անել:
    -ՀՀ նախագահի այդ հայտարարությանը ի՞նչ կարող է հաջորդել:
    -Ես շատ կցանկանայի, որ ՀՀ նախագահն ընդուներ իր վերջին տարվա քաղաքականության սխալները, գոնե վերջին մեկ տարվա ընթացքում արտաքին քաղաքականության բնագավառում՝ և՛ ֆուտբոլային դիվանագիտությունը, և՛ «ճանապարհային քարտեզ»-ի ստորագրումը, ու հնարավորինս շուտ ձերբազատվեր այդ սխալներից: Այդ սխալներն արագ պետք է ուղղել: Ընդ որում, ոչ կոսմետիկ ճանապարհով, ինչպես առաջարկում է, օրինակ, Վարդան Օսկանյանը` թող հայ-թուրքական բանակցություններն ավելի քիչ հրապարակայնություն ունենան: Իբր հիմա հրապարակայնության ինչ-որ նշույլներ կան:
    -Լավ, եթե ընդունենք, որ սխալ է եղել, ինչպե՞ս շտկել:
    -«Արարատ» ռազմավարագիտական կենտրոնն ապրիլի 30-ին նախաձեռնել էր մասնագետների մասնակցությամբ լուրջ քննարկում, որտեղ մի քանի կետից բաղկացած հայտարարություն-պետիցիա ընդունվեց։ Այդ նույն օրն այն ստորագրեց 55 հոգի, այնուհետև համացանցում նրանց միացան ավելի քան 800 հայրենակիցներ Հայաստանից և աշխարհի տարբեր երկրներից։ Ապրիլի վերջից մինչև այսօր իրավիճակն առանձնապես չի փոխվել։ Դա նշանակում է, որ պետիցիայի պահանջների կիրառումն այժմ էլ հրատապ է:
    -Ի՞նչ եք պահանջել:
    -Անհապաղ չեղյալ հայտարարել հայ-թուրքական «ճանապարհային քարտեզը»։ Անհապաղ կասեցնել հայ ժողովրդի թիվ 1 թշնամու` Թուրքիա պետության հետ բանակցությունները, մինչև վերջինս չդադարեցնի Հայաստանի դեմ իրականացվող թշնամական քաղաքականությունը, պաշտոնապես չընդունի հայոց ցեղասպանության փաստը և չստանձնի դրա հետևանքների վերացման պատրաստակամությունը։ Անհապաղ պաշտոնանկ անել հայ ժողովրդի կենսական շահերի դեմ ոտնձգություն կատարած արտաքին գործերի նախարար Էդուարդ Նալբանդյանին և պաշտոնատար այն անձանց, ովքեր նպաստել են համաձայնագրի ընդունմանը: Հրահանգել Ազգային անվտանգության խորհրդին` մշակել թուրք-ադրբեջանական դաշինքի համաձայնեցված հակահայկական գործողություններից բխող` ՀՀ-ի և ԼՂՀ-ի ազգային անվտանգության մարտահրավերների հաղթահարման հատուկ ծրագիր, ինչպես նաև սահմանված կարգով և ժամկետներում ընդունել ՀՀ-ի և ԼՂՀ-ի խորհրդարաններում օրենքների տեսքով։
    -Չե՞ք կարծում, որ արտաքին գործերի նախարարի հրաժարականը ոչինչ չի փոխի, եթե կա ձախողում, նրա հրաժարականն ընդամենը քավության նոխազ գտնել ու հարցը փակել է նշանակում:
    -Հասկանալի է, որ արտաքին քաղաքականության պատասխանատուն նախագահն է, բայց պահանջել նրա հրաժարականը որևէ կերպ չի նշանակելու, որ մենք կխուսափենք Թուրքիայի նկատմամբ ավանդաբար սխալ տարվող քաղաքականությունից: Նախագահի հրաժարականը համակարգային խնդիր է, և շատ բարդ է դրան հասնել` մեկ, երկրորդ` որևէ երաշխիք չկա, որ հաջորդ նախագահը չի շարունակի նույն գիծը: Փորձը ցույց է տվել, որ հայ-թուրքական հակամարտության հարցերում նրանց քաղաքականությունը մոտավորապես նույնն է` կոսմետիկ տարբերություններով: Երրորդ` նախարարի հրաժարականն աշխարհում ընդունված խորհրդանշական քայլ է, որը նշանակում է, թե փոխում ես քո քաղաքականությունը, և այդ կերպ առանց ցնցումների կարելի է շտկել կատարված սխալները: Եվ ընդհանրապես` ձախողումների համար պատասխանատվություն կրողներ պիտի լինե՞ն, թե՞ ոչ:
    -Եթե նույնիսկ արտաքին գործերի նախարարին քավության նոխազ ենք դարձնում, իսկ Ձեր մեկնաբանությամբ` իսկապես այդ ենք անում, Դուք նաև խնդիր եք դնում հայ-թուրքական բանակցությունները դադարեցնել մինչև… և թվարկում եք կետեր, որոնք գուցե 1, գուցե 10 տարվա լուծման հեռանկար ունեն: Դա բխո՞ւմ է Հայաստանի շահերից:
    -Դուք, ինչպես Հայաստանի քաղաքական վերնախավը, չեք ուզում ընդունել հիմնականը, որ Թուրքիան Հայաստանին թշնամի պետություն է և վարում է թշնամական քաղաքականություն իր հարևան ու ցեղասպանության զոհ երկրի նկատմամբ: Շարքային հայ քաղաքացու հոգեբանությունն էլ հաճախ այդպիսին է` տեսնում են հզոր Թուրքիա ու մտածում, որ այդ հզոր հարևանի հետ չեն կարող հարցերը լուծել, մնում է բանակցելը, բայց այդ բանակցությունը միայն վնասներ է բերում, որովհետև Թուրքիան զուգահեռաբար շարունակում է իրականացնել թշնամական քայլեր և ավելի ու ավելի է ուժեղացնում ճնշումը, իսկ Դուք ասում եք` չէ, արի ընկերություն անենք։ Չի անում ընկերություն, չի ուզում: Ժամանակն է հասկանալու` հակամարտողը Հայաստանը չէ, Թուրքիան է: Այս պայմաններում բանակցությունը ձեռնտու է միայն Թուրքիային, որովհետև աշխարհը տեսնում է բանակցությունների փաստը, իսկ Հայաստանը ոչ մի կերպ չի էլ փորձում պաշտպանվել թուրքական թշնամական գործողություններից, այլ հաճույքով խաղում է Թուրքիայի պարտադրած խաղը՝ թուրքական կանոններով։ Պաշտպանվելու միջոցներից մեկը բանակցություններից դուրս գալն է, աշխարհին իրականությունը ցույց տալը։ Մյուս միջոցներն են՝ Հայաստանի ներքաղաքական ու տնտեսական ծանրագույն խնդիրներին պատասխաններ գտնելը, անվտանգության ամուր համակարգ կառուցելը, տեղեկատվության և այլ ոլորտներում ակտիվ ինքնապաշտպանություն կազմակերպելը:
    -Իսկ գուցե, ստիպված եմ կրկնել, սխալն այն է, որ այսքան ժամանակ ունենալով հանդերձ` իրականում անպատրաստ էինք Թուրքիայի հետ որևէ հարաբերության, որովհետև մեզ համար դեռ չենք բանաձևել` ի՞նչ ենք ուզում Թուրքիայից:
    -Ճիշտ եք, դժվար խնդիր է, հայ-թուրքական հակամարտությունը բարդ կառուցվածք ունի` տարբեր շերտերով, որոնց պետք է խորությամբ ծանոթ լինի հայ պետական-քաղաքական գործիչը, այլ ոչ թե միամտաբար կարծի, թե երկու հարց լուծելով` դիվանագիտական հարաբերություններ հաստատելով և Հայաստանն ապաշրջափակելով, հայ-թուրքական հարաբերությունները նորմալանում են ու ստանում իրենց լուծումը:

    Զրույցը` Անահիտ ԱԴԱՄՅԱՆԻ

    Փոշի կդառնան ձեր գործերը չար …

    3 Հունիսի, 2012

    Աղբյուրը՝ Azatamtutyun.am, 18.04.2009

    ԱՎԻԿ ԻՍԱՀԱԿՅԱՆ

    Հերիք չէին տեղական վայրահաչողները և դիլետանտ հայագետները, մեկն էլ գտնվեց հեռավոր ամերիկաներում՝ Ջեյմս Ռ. Ռասել կոչեցյալ, որն արդեն մի քանի տարի է` մաշկից դուրս է գալիս, որ իր նախասիրած գույնը վերագրի նաև Չարենցին: Նկատի ունեմ Չարենցի մի շարք ինտիմ բանաստեղծությունների հրապարակումը, ինչպես նաև հիշյալ «հայագետի» առաջաբանն ու ծանոթագրությունը «Ինքնագիր» հանդեսում (2008թ. N 5, էջ 5-18), և այդ նյութի մի հատվածի արտատպումը «Հրապարակ» թերթում (2009թ. 18 մարտի): Սովետահայ պրոպագանդան տասնամյակներ շարունակ ջանքեր է թափել, որ իր վարչակարգի գետերով թափած արյան գույնը հարմարեցներ իր իսկ կարգերին զոհ գնացած նահատակին, բայց ապարդյուն: Եթե մի գույն իր եղերական մահից առաջ երկրպագել է Չարենցը, դա եղել է հայոց Եռագույնը: Մինչդեռ այսօր, բաց լեղակի գույնի սիրահարները ուզում են մեր ազգային հանճարին իրենց շարքերը տանել: Եվ այսպես վարվելու իբր հիմք են տալիս անմաքուր ու խայտառակ ճանապարհով ջեյմսռասելների ձեռքն ընկած չարենցյան մի շարք բանաստեղծությունների ինքնագրերը: Ի դեպ, դրանց ուշադիր ու անաչառ ընթերցողը, առանց ամերիկյան «հայագետի» տենդենցիոզ առաջաբանի ու ծանոթագրությունների, շատ լավ կկողմնորոշվի, թե ինչն ինչոց է…
    Մարդկային մարմնի՝ աղջկա թե պատանու, գեղեցկությունը գովերգելը և կամ թե հեղինակի երևակայած զգայական պատկերների արտացոլումը դեռևս չի նշանակում ունենալ ջեյմսռասելյան կողմնորոշում, և ավելին` լինել նրանցից մեկը: Նման դեպքում անտիկ շրջանի կամ Վերածննդի բոլոր քանդակագործներին և նկարիչներին, որոնք պատկերել են պատանու մերկ մարմին, պետք է միասեռակա՞ն համարենք: Գաղտնիք չէ՝ Եղիշե Չարենցը իր ժամանակի ամենասեր ու կնամեծար տղամարդկանցից է եղել, որը, գուցեև, ի պատիվ իրեն, անտարբեր չի եղել ոչ մի գեղեցիկ կնոջ կամ կանացի արտաքին բարեմասնությունների նկատմամբ: Հիշենք նրա սիրային պոեզիայի հերոսուհիներին. Կարինե Քոթանջյան, Արմենուհի Տիգրանյան, Արփենիկ Աստվածատրյան-Չարենց, Արաքսյա Մանուկյան, Ռիչչի Դոստյան (ի դեպ հենց նրան է ուղղված «Ինքնագրում» տպագրված N 6 էրոտիկ երգը («Դու կովբոյի շորերով…» ), որը գրված է Թիֆլիսում, 1933թ., այլ ոչ թե 1936-1937թթ., ինչպես պնդում է Ռասելը, և դա մեկ բանաստեղծություն չէ, այլև մի ողջ շարք, այս մասին տես’ Եղիշե Չարենց. Անտիպ և չհավաքված Երկեր, Ե., 1983, էջ 515-517), Իզաբելլա Չարենց, Արուս Ոսկանյան և վերջապես Մագդա Բուրջալյան:

    Ռասելն իր ծանոթագրություններում հպանցիկ ձևով դիտողություն է անում Չարենցի դուստրերին` Արփենիկին և Անահիտին, այն բանի համար, որ նրանք իրենց գրվածքներում չեն հիշատակում Չարենցի բիսեքսուալությունը: «Եթե նրանք տեղյակ են իրենց հոր կյանքի այս ասպեկտի մասին, ապա պետք է որ նախընտրած լինեն այդ մասին չհիշատակել հրատարակված հուշերում» (տես՝ «Ինքնագիր», էջ 15):

    Հայ գրականագետների գրվածքները պսեվդո-գիտական համարող («Ինքնագիր», էջ 17) Ռասելը մի՞թե չի ամաչում իր գրածից, երբ պահանջում է, որ հինգ տարեկան Արփենիկը կամ էլ երկու տարեկան Անահիտը հուշերում գրեին իրենց հոր «հոմոէրոտիզմի» վերաբերյալ: Ապա և հիշատակելով բանաստեղծներ Ռեմբոյի, Վերլենի, Լորկայի անունները` գալիս է «եզրահանգման», որ բոլոր գեյ-բանաստեղծների ընտանիքները նախընտրել են լռել այս հարցի շուրջ: Սա այն դեպքն է, որ զրպարտիչը իր տարածած մեղադրանքների դիմաց պատիվ է պահանջում իր «զոհի» ընտանիքից: Դե ինչ ասենք, զրպարտություն տարածելը, սուտ վկայություն բերելը, ինչպես և ազգությամբ հայ գեյերի ու լեսբուհիների կոլեկցիա հավաքելը մեր մեկնաբանի նեղ մասնագիտությունն է: Ահավասիկ Ռասելի գիտականության վառ օրինակներից մեկը. «1998թ. Նյու Յորքում բնակվող ինձ ծանոթ մի հայ լեսբուհի, որն ուսանել էր Երևանի պետհամալսարանում, ասաց ինձ, որ Չարենցի միասեռական լինելն այնտեղ (այսինքն` Հայաստանում – Ա.Ի.) բոլորին է հայտնի, և որ նրա սիրեցյալներից մեկն այժմ էլ ողջ է» («Ինքնագիր», էջ 17): Էժանագին բամբասանքի այս մեթոդը Հարվարդի համալսարանի պրոֆեսոր, իսկ իրականում` «կիրթ բարբարոս» Ջեյմս Ռասելի այն անցագրերից է, որով նա ուզում է մտնել հայ իրականություն: Չարենցի անվամբ նա ուզում է կշիռ տալ յուրայինների բանակին: Մինչդեռ ի զորու չէ հասկանալու Չարենցի վիթխարի կիրքը կնոջ հանդեպ և այդ բանաստեղծական զինանոցում նաև նման պատկերների առկայությունը «Որ նազավոր մի տղայի/ Քնքուշ մարմին ունես բարեկազմ» («Երեք բալլադ». իր տիկնոջը` Իզաբելլային ուղղված բանաստեղծությունից է):

    Մինչդեռ Չարենցի պես արվեստագետները ընդմիշտ մտնում են մեծ սիրահար ստեղծագործողների պլեադա, ինչպես Բոկաչչոն, Բայրոնը, Կազանովան, Պուշկինը, Գյոթեն, Գոյան, Մոպասանը, Բլոկը, Պիկասոն, Ցվեյգը, Հեմինգուեյը: Այո°, իր մարդկային էությամբ Չարենցը գերկրքոտ, և հաճախ սիրահարվող խառնվածք էր, և սիրո նրա ներկապնակը լայն էր, բայց ոչ երկնագույն: Իր զգացմունքների մեջ նա կարող էր ծայրահեղության հասնել (ինչպես երևանյան գեղեցկուհի Մարիաննա Այվազյանի վրա կրակելու դեպքը` 1926թ.): Իսկ իր եղերական կյանքի վերջին երկու տարիներին հետապնդված չորս կողմից, սեփական տան չորս պատերում կալանավորված և մոտալուտ ձերբակալման նախազգացումը սրտում` պոետը կոկաինի «սավառնումների» և մորֆիի «երազների» տակ կարող էր ունենալ էրոտիկ բնույթի ուզածդ տեսիլքներն ու անուրջները և հանձնել դրանք թղթին` որպես հակամիջոց իր խելագարեցնող վիճակի:

    Այնպես որ, մի’ փորձեք, պարոն «հարվարդյան պրոֆեսոր», Ձեր արշինով չափել սիրո մեծ ասպետին:

    Չէր խանգարի հիշել, թե իր էպիգրամներում Չարենցը ինչպես է ներկայացրել «երկնագույն արվեստի» երկրպագուներին: Իսկ նրա էպիգրամներից մի երկուսը կարծես մեր անդրօվկիանոսյան մեկնաբանի մասին են.

    Իբրև մեծ պատիվ` քեզ բնությունից տրված է լեզու —

    Եվ ուրիշ ոչինչ: Երբ մանուկ էիր, լիզում էիր դու

    Երևի շաքար: – Մեծացար-հիմա նստուկ ես լիզում.

    — Ի՞նչ տարբերություն…

    Եվ կամ թե` «Թերթում տպագրված մի պորտրեի առթիվ», ինչպես և «Երկչոտ է թեկուզ, ինչպես նապաստակ…» սկզբնատողերով էպիգրամները:

    Տեղի սղության պատճառով այստեղ հանգամանորեն չեմ անդրադառնում «Ինքնագրում» տպագրված չարենցյան բանաստեղծությունների բուն տեքստերին, այդ կապակցությամբ շուտով կհրատարակեմ առանձին հոդված, սակայն ասեմ, որ սույն հրապարակման մեջ Չարենցի գործերը միտումնավոր խմբավորված են իբր բիսեքսուալ երկերի շարք, մինչդեռ նրանցից մի քանիսը կտրված-հանված են բուն կոնտեքստից, ամբողջական շարքերից (խոսքս «Էրոտիկ երգ» («Դու կովբոյի շորերով…») և «Դանթեական սեր» վերնագրով տեքստերի մասին է):

    Չարենցի սեռական կողմնորոշման խեղաթյուրումը մտածված սադրանք է հայ պոեզիայի աստղի դեմ, ինչպես և սադրանք է «Ինքնագրի», (2008, N 5) հիշատակված հրապարակումների լուսանցքներում, նույն ոճով, այսպես ձեռքի հետ, առանց ունենալու գեթ մի աղբյուր, գրավոր վկայություն, վավերագրական փաստ, հայ պոեզիայի մի այլ հանճարին՝ Ավետիք Իսահակյանին վարկաբեկելու փորձը:

    Համառոտակի մեջբերեմ «Ինքնագրում» վերատպված Ռասելի առաջաբանի հետևյալ տողերը. «Ինչպես նշվել է՝ Չարենցի մի քանի ընկերներ թաքցրել կամ հողի տակ պահել են բանաստեղծի կողմից իրենց վստահված ձեռագրերը: Ավետիք Իսահակյանը դրանք այրել10 է»:

    Որպես սկզբնաղբյուր այս տողերին Ռասելը տալիս է թիվ «10» ծանոթագրումը: Անմիջապես կարդում ենք այն՝ սևով սպիտակի վրա գրված է. «Տե’ս իմ հոդվածը Ռեգինա Ղազարյանի, Ավետիք Իսահակյանի և այլոց վերաբերյալ (The Armenian Counterculture That Never Was, («Ինքնագիր», էջ 17):

    Այսինքն` պարոնն ինքն իրենից է մեջբերում կատարում, և չկա ուրիշ ոչ մի հղում, սկզբնաղբյուր, վավերագրական փաստ, գրավոր վկայություն: Ինքն է իր մոգոնած աղբյուրի հեղինակը: Եթե ինչ-որ մի պահ Ռասելն իրեն չարենցագետ է զգացել, ապա նա պարտավոր էր «Չարենցի հետ: Հուշեր» գրքում կարդալ Չարենցի հիշատակի ազնվասիրտ նվիրյալ Ռեգինա Ղազարյանի հուշերի հետևյալ հատվածը. «Այդ օրերին էր (1937թ. ձմռանը – Ա.Ի.), որ Ավետիք Իսահակյանը ցանկություն էր հայտնել այցելել ինձ` Չարենցի երեխաներին տեսնելու: … Վարպետը, մեկ առ մեկ ձեռագրերը նայելուց հետո, կանգ առավ մանր և խիտ գրված չորս մեծ էջերի վրա, նկատելիորեն հուզվեց և դողացող ձեռքերով երեխաներին նստեցնելով ծնկներին` սկսեց լուռ արտասվել: Արտասվում էի նաև ես: Մոտ երկու ժամ մնալուց հետո Վարպետը երեխաների համար մի ծրարի մեջ 150 ռուբլի հանձնեց ինձ ու գնաց: Այդ այցելությունը միակն էր ամբողջ հայ մտավորականության այն ժամանակվա ներկայացուցիչների կողմից» («Չարենցի հետ: Հուշեր, Ե., 1997, էջ 356» ):

    Եվ ոչ թե մատից ծծած հերյուրանքներ տարածեր Վարպետի հասցեին: Չարենց-Իսահակյան բարեկամությունը երկնային այն ոլորտին է պատկանում, որին ընդհանրապես մոտենալու հնարավորություն չունի պրոֆեսոր Ռասելը, քանզի նա, այլաբանորեն ասած, գտնվում է Դանթեի «Դժոխքի» Յոթերորդ պարունակում…

    Սա է չափը և մակարդակը Ռասելի գրվածքի գիտականության, բանավեճի էթիկայի: Հենց իր արածն է հիշեցնում «Նոր ձախաթևյան գուրուների» պահվածքը: Այս է ճշմարտության մեր ջատագովի մասնագիտական ազնվությունը, երբ սեփական կեղծիքի հիման վրա իրեն իրավունք է վերապահում Իսահակյանին պիտակավորել` «որի երկչոտությունը, եթե չասենք՝ փոքրոգությունը… « և այլն:

    … Իրոք որ «այդպիսի բաներ»: Մի դեպքում մեր մի բանաստեղծին արվամոլ են հռչակում, իսկ մյուս դեպքում նրա պաշտելի ընկերոջը` ձեռագիր այրող են հանում:

    Իսկ հետևյալը գրում եմ ոչ թե ռասելների և նրա ստոր հերյուրանքները տիրաժավորողների համար, այլ` այն երիտասարդների, որ բանից անտեղյակ կարող են մի օր ընթերցել ամերիկյան «հայագետի» բարբաջը և չհասկանալ, թե ինչի մասին է խոսքը: Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ Իսահակյանի մոտ, բացի ՆԳԺԿ երևանյան բանտից 1937 թվականի հոկտեմբերի 6-ին իրեն ուղղված թաշկինակ նամակից, չարենցյան ոչ մի ձեռագիր չի եղել: Եվ ինչու՞ պիտի լիներ. յուրաքանչյուր գրող տերն է իր ձեռագրի: Ոչ մի փաստ գոյություն չունի այն մասին, որ Չարենցը Իսահակյանին հանձնել է իր ձեռագրերից: Եվ ոչ էլ Իսահակյանը Չարենցի ձերբակալումից հետո, որոշ մարդկանց նման, «տնտղել է» նրա արխիվը: Բայց և ասեմ, որ Չարենցի տնային բանտարկությունից հետո, Իսահակյանը միակ մարդն է եղել, որ պարբերաբար հանդիպումներ է ունեցել հալածվող բանաստեղծի հետ: Ինչի համար 1937 թվին քննադատության է ենթարկվել Գրողների միության հատուկ նիստում (տես` ԳԱԹ-ում ՀԳՄ արխիվի նյութերը): Եվ հենց Իսահակյանի տնից է 1936 թվականի ամռան չարաբաստիկ օրը նա մեկնել Ծաղկաձոր:

    Իսկ բանտից՝ 1937թ. հոկտեմբերին Իզաբելլայի միջոցով Իսահակյանին հանձնած չարենցյան վերջին բանաստեղծություն-ձոնը, գրված թաշկինակի վրա, մինչև օրս մեր տանը սրբությամբ պահվում է: Մինչդեռ հենց «ամենավտանգավոր» ձեռագիրը այդ թաշկինակն էր` որպես «ուղղակի հանցանշան»: Ավետիք Իսահակյանը սրբությամբ պահել է այդ թաշկինակի ձեռագիրը` անտեսելով ամեն տեսակի վտանգ և սպառնալիք: Նա չի ոչնչացրել այն անգամ չլսելով հենց իրեն` Չարենցին, որը նույն օրը (1937 հոկտեմբերի 6-ին) Իսահակյանին ուղարկված թաշկինակի հետ կնոջն էր ուղղել հետևյալ գրություն-հանձնարարականը.

    «Իզաբելլա,

    Հանձնիր Ավետիքին, բայց այնպես, որ ոչ ոք բացարձակապես չիմանա և չտեսնի: Ասա նրան, որ կարդալուց հետո ոչնչացնի կամ, եթե ուզենա պահել, պահի այնպես, որ ոչ ոք չիմանա, և որ բացարձակապես ոչ ոքի ցույց չտա»:

    Այստեղ արդեն ամեն տեսակի մեկնաբանություններն ավելորդ են:

    Կուզենայի հարց տալ` Չարենցը իր ժամանակակիցներից ու՞մ կուղարկեր նման նամակ:

    Ուրեմն հենց շնորհիվ Իսահակյանի է, որ սերունդների համար պահպանվել է Չարենցի գրած վերջին բանաստեղծությունը:

    Իսահակյանի անձնական գրադարանում սրբությամբ պահվում են բոլոր այն գրքերը, որ հեղինակային ընծայագրերով Չարենցը նվիրել է բանաստեղծին Վենետիկում ու Երևանում: Էլ չեմ ասում այն մասին, որ եթե Վարպետը «երկչոտ» կամ «վախկոտ» մարդ լիներ, իր արխիվում չէր պահի Հայ Հեղափոխական Դաշնակցության այնպիսի կարկառուն գործիչների իրեն ուղղված նամակները, ինչպիսիք են Սիմոն Վրացյանը, Ավետիս Ահարոնյանը, Արտաշես Դարբինյանը, Համո Օհանջանյանը, Վարդգես Ահարոնյանը և ուրիշներ: Այս մարդկանցից յուրաքանչյուրի ձեռագիր նամակը, եթե ընկներ ՀԽՍՀ ՆԳԺԿ ձեռքը, Իսահակյանի ճակատագիրը որոշված կլիներ:

    Այս ամենը` ռասելյան գրվածքները և «Ինքնագրի» հրապարակումները, գեթ մեկ արարն են լայնածավալ այն գործողության, որ տանում են ամերիկյան մի շարք համալսարաններում հայագիտական ամբիոններ զավթած որոշ պրոֆեսորները և նրանց զորեղ պատվիրատուները` մեր ժողովրդի ծագման ակունքների, մեր լեզվի ինքնության, մեր դավանած սրբությունների և մեր ազգային մեծությունների դեմ: Եվ այսօր նրանց դեմ արդարացիորեն բողոքի իրենց ձայնն են բարձրացրել ամերիկահայ առաջադեմ ու հայրենասեր ուսանողությունը:

    Նաև միտքս ընդգծեմ, որ հակահայկական այս արշավին հավասարապես մեղսակից են և նրանց գաղափարները տարածող ու գովերգող մեր տեղական փարիսեցիները` Հինգերորդ զորասյան «մարտիկները»:

    Հայերիս մօտ թոյլ է ռազմավարական մտածողութիւնը

    3 Հունիսի, 2012

    Աղբյուրը՝ «Ալիք» օրաթերթ, 9-10 սեպտեմբեր 2008
    Մաս 1-ին, 2-րդ
    (Թեհրան-Իրան)
    Թեհրանի «Ալիք» օրաթերթը թարգմանաբար ներկայացրել է Ուկրաինայում գործող analitika.at.ua լրատվական-վերլուծական կենտրոնի հարցազրույցը` «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Արմեն Այվազյանի հետ:

    Հ.- Ձեր կարծիքով՝ ինչո՞վ է ուկրայնական համայնքը տարբերւում մնացած ռուսախօս համայնքներից: Արդեօք նա ունի՞ ինչ-որ իւրայատկութիւն:
    Պ.- Երեւանից նայելով մենք տեսնում ենք, որ Ուկրայինայի ռազմավարական շահերը բաւական տարբերւում են Ռուսաստանի քաղաքականութիւնից: Միայն այդ հանգամանքը անսովոր վիճակի մէջ է դնում Ուկրայինայի հայերին: Մենք գիտենք Ուկրայինայի որոշ քաղաքական ուժերի նպատակները, նաեւ գիտենք Ադրբեջանի հետ Ուկրայինայի համագործակցութեան մասին, յատկապէս ռազմական ոլորտում, ինչպէս նաեւ էներգետիկ, քաղաքական գործընթացներում:Այս համատեքստում, հայ համայնքի գործունէութիւնը շատ մեծ նշանակութիւն ունի: Ուրախ եմ, որ այդ գործունէութիւնը ճիշտ ուղղութիան վրա է: Ուկրայինայում, դատելով ուկրայինացիների հետ իմ շփումներից, (ուկրայնացիների հետ հանդիպել եմ Կանադայում, ԱՄՆ-ում) Հայաստանի, հայկական հարցերի, հայ-թրքական յարաբերութիւնների, հայ-ադրբեջանական յարաբերութիւնների, ղարաբաղեան հակամարտութեան մասին պատկերացումները ձեւավորելու հարցում մեծ ազդեցութիւն ունեն թրքական եւ ադրբեջանական աղբիւրները: Այսինքն, Ուկրայինայի որոշ լրատւամիջոցներով Հայաստանի համար ոչ այնքան բարենպաստ քարոզարշաւ է տարւում մեզ առնչւող բոլոր հարցերի առնչութեամբ: Այս ոլորտում դեռ շատ անելիքներ կան:

    Հ.- Դուք շատ յաճախ էք մեկնում տարբեր երկրներ: Պատմէք, խնդրեմ, Ձեր գործունէութեան մասին աւելի մանրամասն: Ինչպէ՞ս է հասարակութիւնը արձագանգում Ձեր հասարակական-քաղաքական գործունէութեանը:
    Պ.- Արդէն երկու տարի է, ինչ պաշտօնապէս գործում է «Արարատ» ռազմավարական կենտրոնը, որի տնօրէնն եմ ես: Մեր գործունէութեան ուղղութիւններից մէկը Սփիւռքի հետ աշխատանքն է: Այդ առումով մենք հասցրել ենք արդիւնաւէտ աշխատանքային յարաբերութիւններ հաստատել Եւրոպայի (Ֆրանսիա, Անգլիա, Չեխիա), ԱՄՆ-ի, Կանադայի մեր համայնքների ակտիւ անդամների հետ: Մեր գործունէութիւնը ողջունւում է:
    Ինչո՞վ ենք մենք զբաղւում` ռազմավարական հարցերում հայութեան անգրագիտութեան վերացմամբ: Ցաւօք, կարելի է ասել, որ պատմական բնոյթի մի շարք պատճառներով հայերի մօտ թոյլ է զարգացած ռազմավարական մտածողութիւնը: Հայութիւնը շատ վատ է պատկերացնում այսօրւայ խնդիրները, որ ծառացած են ողջ հայ ժողովրդի եւ երկրի առջեւ: Մեր գործունէութեան ուղղութիւններից մէկը հայութեան համար իր ամենակենսական խնդիրների լուսաբանումն է: Երբեմն հայ ժողովրդի կեցութեան ամենատարրական եւ միեւնոյն ժամանակ հիմնարար հարցը անյայտ է շատերին: Կամ հակառակը՝ նրանք այդ մասին գիտեն ոչ-հաւաստի աղբիւրներից:
    Մեզ հարկ է յիշել որոշ կառոյցների նպատակաուղղւած գործունէութեան մասին, որոնք վերջին տասնամեակների ընթացքում հետեւողականօրէն աշխատում են հայութեան հետ` աղաւաղելով դէպքերը ընկալելու ճիշտ տրամաբանութիւնը եւ ամենագլխաւորը‘ աղաւաղելով հայերի պատկերացումն իրենց ազգային անվտանգութեան վերաբերեալ: Այն մասին, թէ ինչն է կարեւոր ինչպէս հայրենիքում ապրող հայերի, այնպէս էլ Սփիւռքի հայերի համար: Երբեմն տպաւորութիւն է ստեղծւում, թէ Հայաստանի հայերն ունեն իրենց նպատակները, իսկ սփիւռքահայերը‘ միանգամայն այլ նպատակներ: Կարծես սփիւռքահայերը շահագրգռւած են Ցեղասպանութեան ճանաչմամբ, իսկ հայրենիքում ապրող հայերը` ոչ: Շատ փորձեր են եղել սեպ խրելու հայութեան տարբեր մասերի միջեւ, Հայաստանի Հանրապետութեան բնակչութեան եւ ղարաբաղցիների միջեւ, սփիւռքահայերի եւ հայաստանցիների միջեւ: Երբ ես ասում եմ Հայաստան` նկատի ունեմ ինչպէս Հայաստանը, այնպէս էլ Լեռնային Ղարաբաղը: Այսօրւայ դրութեամբ դա ռազմավարական իրողութիւն է` միայն թէ իրաւաբանօրէն ամրագրւած չէ: Իսկ փաստացի` Հայաստանը Հայաստանի Հանրապետութիւնն է, Լեռնային Ղարաբաղի Հանրապետութիւնը, ինչպէս նաեւ՝ նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի շրջակայ ազատագրւած տարածքները:
    Մեր գործունէութեան մի մասը կայանում է նրանում, որ չէզոքացնենք թշնամական տեղեկատւական-հոգեբանական գործողութիւնները: Ինչպէս նաեւ նպաստենք, որ մեր ազգային նպատակների շուրջ ձեւաւորւի համահայկական համերաշխութիւն: Դրան հասնելու համար շատ բան է պէտք, բայց մենք աշխատում ենք գիտակցութեան վրայ: Մեծ դեր պէտք է խաղայ Հայաստանի պետութիւնը, իսկ մենք սպասում ենք այն օրւան, երբ մեր պետութիւնը աւելի գրագէտ եւ ակտիւ կաշխատի այդ ոլորտներում:

    Հ.- 13 միլիոն հայեր են ապրում ողջ աշխարհում, եւ աւելի քան երեք միլիոն՝Հայաստանում: Ի՞նչ ծրագրեր ունի պետութիւնը, եւ արդեօ՞ք ուտոպիա չէ համընդհանուր միաւորման գաղափարը` ընդհանուր նպատակներին հասնելու համար:
    Պ.- Ես կարծում եմ, թէ 13 միլիոնը չափազանցւած է: Ես նոյնիսկ կոնկրետ թիւ չեմ նշի: Կան ծագումով հայեր: Եթէ հայ համարենք բոլոր նրանց, ովքեր ծագումով հայ են, ապա հաւանական է, որ ոչ թէ 13, այլ շատ աւելին լինի: Վերջին հարիւրամեակում միլիոնաւոր հայեր ուծացւեցին օտար միջավայրում: Այսօր նրանց հայ համարելը այնքան էլ ճիշտ չէ:
    Բայց, կան եւ ծագումով հայեր, որոնք ծնւել են Հայաստանում կամ Սփիւռքում, բայց նրանք պարզապէս ներգրաււած չեն հայ կեանքում: Ոչնչով ոչ մի ձեւով կապւած չեն ո’չ Սփիւռքի, ո’չ հայկական կառոյցների հետ: Նրանք սոսկ պոտենցիալ հայեր են: Որքանով մեզ կը յաջողւի նրանց ներգրաւել հայ կեանքում մեծ հարցական է: Իսկ ինչ վերաբերում է մեր պետութեանը, մեր անկախութեան տասնեօթ տարիների ընթացքում հայկական պետութիւնը դեռ որոշակի ռազմավարութիւն կամ ծրագրեր չի մշակել արտասահմանում հայերի հետ աշխատանքի համար: Դա խոշոր բացթողում է: Մեր կառավարութիւնը վերջերս Սփիւռքի հետ աշխատանքի կոմիտէ ստեղծելու որոշում ընդունեց, որը հոկտեմբերի 1-ից կը դառնայ Սփիւռքի նախարարութիւն: Յուսանք, որ այդ ուղղութեամբ աշխատանքն արդէն սկսւել է եւ հետագայում չի ընդհատւի: Իսկ ինչ վերաբերում է նրան, թէ արդեօք ուտոպիա չէ՞ հայերի համերաշխութիւնը Հայաստանի ազգային անվտանգութեան հարցերի շուրջ, կարծում եմ` ոչ, քանի որ գործ ունենք բաւական պարզ հարցերի հետ: Այդ հարցերը այնքան էլ բարդ չեն, ինչպէս որ դրանք մատուցւում են մեզ: Խորհրդային Միութեան փլուզումից յետոյ Հայաստանը յայտնւեց կեանքի եւ մահւան միջեւ: Եւ ընդամէնը մի հայեացք նետելով տարածաշրջանի քարտէզին, կարելի է շատ պարզ եւ յստակ պատկերացնել, թէ ինչ է հարկաւոր անել, որ Հայաստանն աւելի անվտանգ երկիր լինի՝ արտաքին քաղաքական առումով: Ամէն ինչ պարզ է ղարաբաղեան հակամարտութեան հետ, բայց մենք չգիտես ինչու ամէն բան բարդացնում ենք: Եւ հայ-թրքական յարաբերութիւններում եւս մենք ամէն բան բարդացնում ենք: Եւ դա այն պատճառով, որ մշակւած չէ արտաքին քաղաքականութեան եւ ազգային անվտանգութեան սեփական հայեցակարգ: Պաշտօնական մակարդակով գոյութիւն ունի ազգային անվտանգութեան հայեցակարգ, բայց նրանից շատ բան չես քաղի: Այնտեղ կարող էք կարդալ, օրինակ, որ Հայաստանը միայն կողջունի Թուրքիայի մուտքը Եւրոմիութիւն: Եւ ի՞նչ կը տայ դա: Դա պարզապէս կը մթագնի ձեր հայեացքները: Ի դէպ, ես չեմ կարծում, թէ Հայաստանը պէտք է յատուկ եռանդով դէմ հանդէս գայ Թուրքիայի Եւրոմիութեան անդամակցելուն. դա մեր խնդիրը չէ: Հայաստանը պէտք է իր սեփական քաղաքականութիւնն ունենայ եւ հաշւի առնի հետեւեալը: Առաջին՝ այն տարածքը, որ այսօր վերահսկում է հայկական բանակը, ներառեալ Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան ողջ տարածքը եւ ազատագրւած տարածքները, չի կարող որեւէ բանակցութեան հարց լինել: Այդ տարածքը մեր ռազմավարական անվտանգութեան ամենագլխաւոր բաղադրիչն է: Երկրորդ՝ հայ-թրքական յարաբերութիւնները չեն կարող նորմալանալ, եթէ Թուրքիան չդադարեցնի իր թշնամական քաղաքականութիւնը Հայաստանի նկատմամբ եւ եթէ չճանաչի Հայոց Ցեղասպանութիւնը, եթէ չսկսի Հայաստանի հետ բանակցութիւններ փախհատուցման (հողային) հարցի շուրջ: Ղարաբաղեան խնդիրը եւ հէնց Հայաստանի Հանրապետութեան խնդիրը տարածքային են: Դա միայն Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման հարցը չէ: Դա հայկական պետութեան անվտանգութեան խնդիրն է: Մեր արեամբ ենք հասել նրան, որ 14 տարի խաղաղութիւն ունենք՝ շնորհիւ այն բանի, որ կարողացանք ազատագրել մեր տարածքների մի մասը, եւ այդ տարածքները մեր անվտանգութեան երաշխիքն են: Այդ տարածքների համար առեւտուր անելն անիմաստ է: Նոյնն է Թուրքիայի հետ յարաբերութիւններում: Այդ երկրի հետ յարաբերութիւնների նորմալացումն ընկալել որպէս սոսկ դիւանագիտական յարաբերութիւնների հաստատում եւ սահմանների բացում, նշանակում է` ոչինչ չհասկանալ: Թուրքիան կարող է մեզ հետ դիւանագիտական յարաբերութիւններ հաստատել, կարող է բացել մեր սահմանը, բայց նաեւ կարող է շարունակել թշնամական քաղաքականութիւնը Հայաստանի հանդէպ: Իսկ դա կարող է արտայայտւել յարձակման միանգամայն այլ ձեւերով: Եթէ այսօր Թուրքիան Ադրբեջանի հետ ծրագրում եւ իրականացնում է տեղեկատւական-հոգեբանական, դիւանագիտական յարձակում, ապա վաղը, նրա հետ դիւանագիտական յարաբերութիւնների հաստատումից յետոյ, դա կարող է վերափոխւել տնտեսական եւ ժողովրդագրական յարձակման՝ չխօսելով արդէն մշտական ռազմական սպառնալիքի մասին:
    Հայաստանը շատ խնդիրներ ունի, սակայն միաժամանակ նա շատ հնարաւորութիւններ ունի, որոնցից հարկաւոր է օգտւել: Որ այդ հնարաւորութիւններն արդէն, փաստօրէն, գործի են դրւած, ակնյայտ կը դառնայ, եթէ պարզապէս համեմատենք այսօրւայ Հայաստանը եւ տասնամեայ վաղեմութեան Հայաստանը: Ես չեմ ուզում ասել, թէ մենք լուծել ենք բոլոր լուրջ հարցերը կապւած աղքատութեան, տնտեսական զարգացման հետ, բայց եւ միաժամանակ անհնար է նաեւ չտեսնել Հայաստանի առաջընթացը:

    Հ.- Ասացէք՝ ինչպիսի՞ն էք տեսնում Հայաստանի ապագան:
    Պ.- Հայաստանը կարող է զարգանալ երկու ուղղութեամբ. առաջինը` ներքաղաքական, գաղափարախօսական ճգնաժամի խորացում: Սակայն, այդ դէպքում հաւանական է Ադրբեջանի կողմից սպառնալիքի մեծացում, ռազմական վտանգի մեծացում: Եթէ այդ ամենը չկարգավորվի, ապա կը հետեւի ադրբեջանական ներխուժում, եւ այս անգամ Թուրքիան կը փորձի Հայկական Հարցը լուծել ադրբեջանցիների ձեռքերով՝ մնալով կարծես դիտորդ: Իսկ երկրորդ տարբերակը Հայաստանի ցատկն է դէպի ապագայ` աւելի արդար սոցիալական կարգ հաստատելու, տնտեսական զարգացման, Հայաստանի տնտեսութեան մէջ աւելի գրագէտ հիմունքներով Սփիւռքի ներգրաւման, տնտեսութեան եւ քաղաքականութեան ժողովրդավարացման, Հայաստանի կրթութեան մակարդակի բարձրացման, մեր պաշտպանունակութեան ամրապնդման, ազգային անվտանգութեան արդիւնաւէտ համակարգի ստեղծման շնորհիւ: Որքանով դա մեզ կը յաջողւի` ժամանակը ցոյց կը տայ: Այնքան էլ շնորհակալ գործ չէ ֆուտուրիզմով (ապագայապաշտութիւն) զբաղւելը:

    Հ.- Ըստ Ձեզ, ի՞նչ հեռանկարներ ունի Սփիւռքն ընդհանրապէս եւ ուկրայնական համայնքը մասնաւորապէս:
    Պ.- Սփիւռքը, մեծ հաշւով, հեռանկարներ չունի: Նա վաղ թէ ուշ պէտք է տարրալուծւի: Իսկ այն սփիւռքը, որն այժմ գոյութիւն ունի, ստեղծւել է Հայաստանից եւ արդէն կայացած միջինարեւելեան համայնքներից՝ Լիբանանից, Իրանից, Սիրիայից, Եգիպտոսից արտագաղթածներից: Այսօրւայ դրութեամբ արտագաղթի չափաքանակները Հայաստանում արդէն սպառւած են: Հետագայ արտագաղթը հարցականի տակ կը դնի Հայաստանի բուն գոյութիւնը: Դա ազդում է ե՛ւ պաշտպանունակութեան, ե՛ւ բանակի թւաքանակի, ե՛ւ տնտեսութեան, ե՛ւ կրթութեան վրայ: Սփիւռքի երկրորդ աղբիւրը` Միջին Արեւելքի համայնքները, այսօր իրենք են յայտնւել ծանր վիճակում: Այնտեղ արտագաղթը շարունակւում է շատ մեծ տեմպերով: Իրաքի հայերը, օրինակ, արդէն հեռացել են, մնացել է նրանց սոսկ մի փոքր մասը: Շարունակւում է արտագաղթը Սիրիայից, Լիբանանից, Իրանից: Սակայն, արտագաղթն ուղղւում է ոչ թէ դէպի Հայաստան, այլ Եւրոպա, ԱՄՆ, Աւստրալիա եւ տնտեսական առումով աւելի բարենպաստ այլ երկրներ: Այն բանից յետոյ, երբ կը սպառւի այդ աղբիւրների միջինարեւելեան ցանցը, մի քանի տասնամեակ անց, ինչպէս նախկինում, Սփիւռքի հայերը կուծացվեն: Այդ գործընթացը շարունակւում է ամէն օր: Պարզ օրինակ բերեմ` ես հիմա խօսում եմ ռուսերէն: Դուք ինձ խնդրեցիք խօսել ռուսերէն, քանի որ ձեր լսարանի 80%-ը չի հասկանում հայերէն: Դա է ահա ուծացման մի շերտը` լեզւական շերտը: Դրան յաջորդում են միւս շերտերը: Կանգնեցնել այդ գործընթացները աւանդական մեթոդներով` եկեղեցու, դպրոցի, մշակութային կենտրոնների միջոցով, անհնար է: Կարելի է ընդամէնը դանդաղեցնել ընթացքը: Միայն մէկ ելք կայ նրանց համար, ով իսկապէս ուզում է հայ լինել, ով ցանկանում է, որպէսզի իր յետնորդները նոյնպէս հայեր լինեն` դա հայրենադարձութիւնն է: Սակայն, այդ թեման տաբու է շատ հայերի համար ինչպէս Սփիւռքում, այնպէս էլ Հայաստանում: Արտագաղթի մասին խօսել կարելի է, իսկ հայրենադարձութեան խնդիրները քննարկել ընդունւած չէ: Թէեւ հայրենադարձութիւնը տարերայնօրէն արդէն սկսւել է: Այն միշտ է եղել, անգամ Խորհրդային Միութեան ժամանակ (20-ական, 30-ական եւ 40-ական, 60-ական եւ 80-ական թւականներին), հազարաւոր հայեր հայրենադարձւեցին՝ դրանով իսկ փրկւեցին: Սփիւռքահայերը վերջ ի վերջոյ պէտք է հասկանան, որ հայութեան պահպանումը չի կարող ինքնանպատակ լինել: Ինչպէ՞ս կարելի է բացատրել հայ երիտասարդին, որ ծնւել է Հայաստանից հազարաւոր կիլոմետրեր հեռու, ինչի՞ համար նա պէտք է հայ մնայ: Ո՞րն է դրա նպատակը: Նպատակը ողջ աշխարհում Հայոց Ցեղասպանութեան ճանաչումը չէ: Եթէ դա լինէր հայ ժողովրդի կենսագործունէութեան նպատակը, այդ ժամանակ արժէր մեզ բոլորիս գնալ Երեւանից, Ղարաբաղից, ցրւել ողջ աշխարհով ու պահանջել Հայոց Ցեղասպանութեան ճանաչում` եւ դրանով իսկ կորցնել Հայաստանը: Նշանակում է, դա չի կարող լինել հայութեան պահպանման նպատակը: Հայապահպանման նպատակը միայն հայկական եկեղեցի գնալը, հայոց լեզուն ուսումնասիրելը կամ հայ մշակոյթին ծանօթանալը չէ: Հայապահպանման հիմնական նպատակը հայերի վերադարձն է իրենց հայրենիք, սեփական հողում նրանց վերամիաւորումը եւ հայկական քաղաքակրթութեան զարգացումը՝ սեփական ազգային պետութեան հովանու ներքո: Սա՛ է վերջնական նպատակը: Երբ հայերը կը գիտակցեն այդ նպատակը` հնարաւոր կը լինի գտնել եւ դրա իրականացման մեխանիզմներ: Ինչպէս ասացի, տարերային հայրենադարձութիւնն իրականում սկսւել է դեռեւս 1990-ական ծանր տարիներին: Հազարաւոր հայեր մերձաւոր արտասահմանից, նաեւ մի քանի տասնեակ հայեր զարգացած արեւմտեան երկրներից վերադարձան Հայաստան եւ հիմնւեցին այստեղ: Պատկերացնել, որ բոլոր հայերը ողջ աշխարհից կը վերադառնան հայրենիք իրատեսական չէ: Այդ մասին խօսք անգամ չի կարող լինել: Սակայն, այսօր հայերի մի մասի համար կան բոլոր հնարաւորութիւնները անելու քայլ, որը կապահովի նրանց եւ նրանց սերունդների համար հայ մնալու, հայրենիք ունենալու հնարաւորութիւն, հայրենիքում ամուր կանգնելու եւ պայքարելու ազգային իրաւունքների համար, քանի որ մեր իրաւունքները, մեր հայրենիքի իրաւունքները կոպտորեն ոտնահարւել են եւ այժմ էլ ոտնահարւած են:

    «Ազգային խորհրդանիշերի հետ խաղերը վտանգաւոր են, եւ հետեւանքները կարող են լինել շատ խորը…»

    «Ալիք»օրաթերթի հարցազրոյցը՝ Երեւանի «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի տնօրէն Արմէն Այւազեանի հետ՝ խմբագրութեան յարկի տակ

    Հ.- 2-րդ անգամ էք արդէն Իրանում եւ շփւում էք հայ համայնքի անդամների հետ, ինչպիսի՞ն են Ձեր տպաւորութիւնները:

    Պ.- Տպաւորութիւնները նոյնն են, պարզապէս այս անգամ հնարաւորութիւն ունեցայ ընդլայնելու շփումների շառաւիղը: Այցելեցի նաեւ Նոր Ջուղա, տեղի հայկական համայնքի ներկայացուցիչներին հանդիպեցի եւ ծանօթացայ նաեւ մեր այնտեղի մշակութային այն ժառանգութեանը, որն իմ պատմագիտական հետազօտութիւնների առարկայ է եղել: Մեծ տպաւորութիւններ ունեմ Նոր Ջուղայից, ճիշտ է՝ աւելի պատմական անցեալից, քան թէ ներկայից, որովհետեւ ներկան այնքան էլ չի համապատասխանում անցեալի շքեղութեանը՝ յայտնի պատճառներով, ընդհանրապէս Սփիւռքում առկայ ճգնաժամային երեւոյթներով, արտագաղթով։ Բայց եւ այնպէս՝ ժառանգութիւնը կայ, պէտք է այն պահպանել:

    Հ.- Պրն. Այւազեան, վերջին ամիսներում միջազգային դիւանագիտական օրակարգի ուշադրութեան կենտրոնում էր հայ-թրքական այսպէս կոչւած յարաբերութիւնների հարցը. ըստ Ձեզ՝ նման ուշադրութիւնը ինչո՞վ էր պայմանաւորւած:
    Պ.- Ընդհանրապէս, հայ-թրքական յարաբերութիւնները միշտ էլ եղել են կարեւոր, առանցքային՝ Հայաստանի անվտանգութեան համար, Հայաստանի արտաքին քաղաքականութեան մշակման, լուսաբանման եւ օտար միջավայրին ներկայացնելու համար: Կարելի է ասել, որ 1991 թւականից մինչեւ այսօր հայ-թրքական յարաբերութիւններ որպէս այդպիսին՝ չկան, կան թշնամական յարաբերութիւններ: Թշնամական յարաբերութիւնները կոչւում են հակամարտութիւն, այսինքն՝ հայ-թրքական յարաբերութիւնների մասին խօսելիս՝ աւելի ճիշտ կը լինի օգտագործել հէնց այդ եզրոյթը՝ հայ-թրքական հակամարտութիւն: Եւ այդ ելակէտից արդէն այլ կերպ է երեւալու մեր այսօրւայ եւ երէկւայ քաղաքականութիւնը: Կարծում եմ՝ Հայաստանի Հանրապետութիւնը սկզբնաւորման օրից մինչեւ այսօր համարժէք գնահատական չի տւել Թուրքիայի քաղաքականութեանը, ըստ այդմ էլ համարժէք քաղաքականութիւն չի վարել Թուրքիայի նկատմամբ: Այսօր այդ աւանդական ուղեգիծը մի նոր վերածնունդ է ապրում եւ մենք անընդհատ մեր երկրի ղեկավարներից ու բարձրաստիճան պաշտօնեաներից լսում ենք ինչ-որ յայտարարութիւններ իբր հայ-թրքական յարաբերութիւնների շուտալուտ կարգաւորման մասին։ Այդ չափազանցւած սպասելիքները որեւէ կերպ արդարացւած չեն։ Լսում ենք սխալ գնահատականներ, օրինակ՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանը ելոյթ ունենալով Նիւ Եօրքում հայկական համայնքի առջեւ՝ Թուրքիայի նախագահ Գիւլին անւանեց «իմ թուրք գործընկեր», որը «դժւարին որոշումներ կայացնելու բաւարար քաջութիւն» ունի, իսկ Ալի Բաբաջանին՝ Թուրքիայի արտգործնախարարին, անւանեց թրքական «խիզախ իշխանութիւնների ներկայացուցիչ»: Այս հաճոյախօսութիւնները միայն կարող են շփոթեցնել հայկական հասարակութեանը եւ շփոթեցնում են, որովհետեւ Թուրքիան Հայաստանի եւ հայութեան դէմ ինչպէս վարել է, այնպէս էլ շարունակում է վարել թշնամական քաղաքականութիւն: Այդ քաղաքականութիւնը արտայայտւում է տարբեր ձեւերով՝ տեսանելի ձեւերով, մէկը՝ Հայաստանի շրջափակումն է, միւսը Հայաստանի հետ դիւանագիտական յարաբերութիւններ հաստատելուց հրաժարւելն է եւ ամենակարեւորը՝ Ադրբեջանին բազմակողմանի օժանդակութիւն ցոյց տալն է, նրա պատերազմական նախապատրաստութիւններին աջակցելն է, Հայաստանը մեկուսացնելու քաղաքականութիւնն է, Ցեղասպանութեան ժխտումն է։ Այդ ամէն ինչը անում են կազմակերպւած՝ պետականօրէն յատկացնելով ե՛ւ ֆինանսներ, ե՛ւ կազմակերպչական ռեսուրսներ։ Ցեղասպանութեան ժխտումն ինքնին ցոյց է տալիս, որ Թուրքիան իր քաղաքականութիւնը չի փոխել եւ նոյնիսկ եթէ վաղը շրջափակումը վերացնի, ապա կը շարունակի նոյն թշնամական քաղաքականութիւնը՝ արդէն այլ միջոցներով՝ ժողովրդագրական ներխուժմամբ, մշակութային ներխուժմամբ, Հայաստանից հայերին Թուրքիա տանելու ծրագրելով, տնտեսական ներխուժմամբ, տեղի արտադրողին ոչնչացնելու քաղաքականութեամբ, Հայաստանի ներսում արդէն քարոզչական աշխատանքներն աւելի բարձր մակարդակով իրականացնելով: Սրանք բոլորը լուրջ վտանգներ են, որովհետեւ մենք ենք այս հակամարտութեան մէջ թոյլ կողմը, մենք պէտք է ստանանք Թուրքիայից համարժէք երաշխիքներ, անվտանգութեան երաշխիքներ, մենք պէտք է ստանանք նրանցից վստահութեան որոշակի մեխանիզմներ, դրանից յետոյ նոր կարողանանք խօսել հայ-թրքական հակամարտութեան որոշակի մեղմացումների մասին: Իսկ հիմա «յարաբերութիւնների բարելաւման» մասին խօսակցութիւնն ընդամէնը դառնում է աշխատանք՝ հայ հասարակական կարծիքի հետ, նրա զգօնութիւնը բթացնելու, հասարակութեան ճիշտ կողմնորոշումները միջազգային արդի իրականութեան մէջ ուղղակի լղոզելու ուղղութեամբ: Հետագայում այս ամէն ինչը կարող է բերել ծանր եւ անդառնալի հետեւանքների:

    Հ.- Ֆուտբոլային դիւանագիտութեան արդիւնքում՝ որո՞նք էին Թուրքիայի եւ որո՞նք՝ Հայաստանի ձեռքբերումները:
    Պ.- Հայաստանը որեւէ ձեռքբերում չունի, բայց Թուրքիան ունեցաւ բազմաթիւ ձեռքբերումներ: Հայաստանի նախագահը համաձայնւեց սահմանի բացումից եւ դիւանագիտական յարաբերութիւնների հաստատումից յետոյ հիմնել պատմաբանների հայ-թրքական համատեղ յանձնաժողով, որն ինքնին մեծ զիջում է եւ այդ զիջումը ուղղակի խոյահարելու է բոլոր այն աշխատանքները, որոնք կատարւել են Ցեղասպանութեան ճանաչման ուղղութեամբ՝ միջազգային ասպարէզում։ Որեւէ արդիւնքի, բնականաբար, այդ յանձնաժողովի աշխատանքը չի հասնելու, որովհետեւ միակ նպատակը լինելու է թուրքերի համար ժխտելը, կասկածի տակ ենթարկելու եւ երրորդ կողմերի մօտ էլ նոյնպէս առաջանալու է կասկած, վերջին հաշւով, եթէ հայերը նոյնիսկ վստահ չեն եւ քննարկումներ են իրականացնում թուրքերի հետ, ուրեմն՝ գուցէ եւ չի եղել՝ կը մտածեն:
    Սա մի կողմից….

    Հ.- Սա արդեօք նոյն ուղեգիծը չէ՞, որը Լեւոն Տէր-Պետրոսեանն էր որդեգրել՝ նոյնինքն հայ-թրքական հաշտեցման յանձնաժողովի գոյութիւնը: Նմանատիպ մի յանձնախմբի մասին չէ՞ կարծէք խօսքը:

    Արմէն Այւազեան – Այդպիսի յանձնաժողով Լեւոն Տէր-Պետրոսեանի իշխանութեան օրօք չէր ծրագրւել։ Սա նոյն այն տխրահռչակ հայ-թրքական հաշտեցման յանձնաժողովի մի ընդլայնւած տարբերակն է, որն Ամերիկայի պետդեպարտամենտի ծրագիրն էր: Պատմաբանների այս «ենթադրւող» (ՀՀ նախագահի ձեւակերպումն է) յանձնաժողովն էլ, այս ամբողջ ֆուտբոլային դիւանագիտութիւնն էլ մշակւել է Վաշինգտոնում եւ ԱՄՆ-ի պետդեպարտամենտի ծրագիրն է, որի իրականացումը բխում է ոչ թէ Հայաստանի, այլ՝ Թուրքիայի շահերից: Սա բնական է, որովհետեւ Թուրքիան էլ Ամերիկայի դաշնակիցն է, ՆԱՏՕ-ի կարեւոր անդամը եւ այլն:
    Թուրքիայի միւս ձեռքբերումը՝ Հայաստանի, հայ ժողովրդի ազգային արժանապատւութիւնը տուժեց: Յիշո՞ւմ էք, մեր ֆուտբոլի ֆեդերացիայի լոգոյի վրայից հանւեց Արարատի նշանը, յետոյ ինչ-որ պատճառաբանութիւններ բերւեցին, որ դրա հետ կապ չունի եւ այլն, բայց բոլորիս էլ պարզ է, որ շատ լաւ կապ ունի այդ ամէն ինչը: Խորհրդանիշերի հետ այսպիսի խաղերը վտանգաւոր են, այդ խորհրդանիշերը ջնջելը, հանելը, այն էլ Արարատ սարի պէս խորհրդանիշը հանելը ֆուտբոլի ֆեդերացիայի մարզաշապիկների վրայ պատկերւած լոգոյից եւ ընդհանուր լոգոյից, հետեւանքները կարող են լինել շատ խորը։ Ի դէպ, Հայաստանի հաւաքականի պարտութիւնն էլ կարող է դրա հետեւանքը լինել՝ սպորտային ասպարէզում: Բայց, այդպիսի անպատասխանատու խաղերի հետեւանքները կարող են արձագանգւել նաեւ այլ ասպարէզներում:
    Այլ ձեռքբերում, որ Թուրքիան ունեցաւ անմիջապէս, առանց որեւէ բան զիջելու՝ Հայաստանը համաձայնւեց անցկացնելու եռակողմ հանդիպում՝ Հայաստանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի արտգործնախարարների մակարդակով Նիւ Եօրքում: Այդ հանդիպումը տեղի ունեցաւ եւ Թուրքիան ամբողջ աշխարհի աչքի առջեւ ներկայացաւ գրեթէ միջնորդ կողմ, այնինչ նա ոչ թէ միջնորդ է, այլ հայ-ադրբեջանական հակամարտութեան մասնակից է, իր շրջափակումով ուղղակի մասնակից է։ Մեզանում յաճախ են ասում, թէ իբր Թուրքիան Ադրբեջանի պատանդն է, իբր Հայաստանի նկատմամբ իր քաղաքականութիւնն իրականացնելիս՝ առաջնորդւում է Ադրբեջանի շահերով, այսինքն՝ եթէ Ադրբեջանը չլինէր, Թուրքիան աւելի լաւ կը լինէր մեր նկատմամբ: Սա իրականութիւնն աղճատող տեսակէտ է. ընդհակառակը՝ Թուրքիան Խորհրդային Միութեան փլուզումից ի վեր ստանձնել է առաջնորդող դեր՝ հայ-թրքական եւ հայ-ադրբեջանական հարցերում: Ես ինքս էլ, որպէս ականատես, կարող եմ ասել՝ մասնակցելով Մինսկի խմբի բանակցութիւններին՝ 93-94 թւականներին, երբեմն Թուրքիայի ներկայացուցիչները, դեսպանները աւելի կոշտ եւ կարծր դիրքորոշումներ էին բռնում եւ Ադրբեջանին թոյլ չէին տալիս որեւէ զիջման գնալ, իսկ մեզանում ասում են, թէ տեսէք, հակառակն է: Այստեղ նոյնպէս բացատրութիւնները սխալ են, գնահատականները եւս ամերիկեան գնահատականներ են, ոչ թէ հայկական: Վաշինգտոնեան ակնոցը հիմա դրւել է Հայաստանի արտաքին քաղաքականութեան աչքերին եւ այդ ակնոցով էլ իրականութիւնը աղճատւած են տեսնում: Իսկ սա ոչ մի լաւ բան մեզ չի խոստանում, որովհետեւ այդ ակնոցի միջով տեսածն իրականութիւն չէ: Իրականութիւնը յետոյ մեզ հետ հաշւի կը նստի, եթէ մենք չհանենք այդ ակնոցը եւ մեր աչքերով պարզ չտեսնենք, թէ ինչպիսի իրականութեան մէջ ենք ապրում:

    Հ.- Որքանո՞վ է կարող իրական լինել Աբխազիա-Օսեթիան՝ Ղարաբաղի դիմաց Արեւմուտք-Ռուսաստան աշխարհաքաղաքական սակարկութիւնը:

    Պ.- Այսօր ինձ այդպիսի հարցեր քիչ են հետաքրքրում։ Եթէ նոյնիսկ նմանօրինակ սակարկութիւններ կան, արտաքին գործօնների վրայ այդքան սեւեռւել, ուշադրութիւն դարձնել այսօր չարժի: Անընդհատ փորձում են մեր գիտակցութեան մէջ մտցնել մի կործանարար թէզ, որ իբր մեզանից չի կախւած մեր ապագան, մեր ճակատագիրը, որ ամէն ինչ որոշում են այս աշխարհի ուժեղները եւ այլն, եւ այլն: Մենք պէտք է մեր գիտակցութեան միջից իսպառ ջնջենք այդ սխալ գաղափարը: Մեր հաշւին սակարկութիւնները պէտք է պարզապէս թոյլ չտալ եւ վերջ։ Այդպիսի սակարկութիւնների հետ հաշտւելը վերջին հաշւով կարող է մեզ կործանել: Ուրեմն՝ կը լինեն սակարկութիւննեեր այնտեղ, չեն լինի (մենք չունենք այդպիսի տւեալներ), եւ եթէ նոյնիսկ կան այդպիսի տւեալներ, ապա պէտք է կազմակերպել արդիւնաւէտ դիմադրութիւն՝ բոլոր հնարաւոր միջոցներով: Անկախ նրանից, թէ որ ուժերն են քեզ պարտադրում, որ ուժերն են քո հաշւին սակարկութիւններ կազմակերպում, անկախ այդ ամէն ինչից՝ պէտք է դիմադրել, քանի դեռ մենք այդ դիմադրութեան հնարաւորութիւնները ունենք: Եթէ մենք չդիմադրենք, այլ նորից ենթարկւենք երրորդ ուժերի պարտադրանքին, չեմ կարծում, թէ այս անգամ հնարաւորութիւն կունենանք վերականգնւելու ապագայում եւ կառուցելու ամուր եւ անվտանգ Հայաստանի պետականութիւն։ Իսկ այսօր այդ հնարաւորութիւնները կան, քանի դեռ կան՝ պէտք է մտածել հէնց դիմադրութեան եւ ինքնապաշտպանութեան մասին, ոչ թէ մտածենք, թէ հեռու տեղերում մեզ վերաբերող ինչ որոշումներ են ուզում ընդունել: Դիմադրութեանը պատրաստ լինելը հարիւրապատիկ նւազեցնում է առկայ սպառնալիքները, հարիւրապատիկ աւելացնում յաղթելու եւ դիմակայելու հնարաւորութիւնները:

    Հարցազրոյցը վարեց
    ԱՐՄԻՆԷ ԷԼԻԱԶԵԱՆԸ

    Արմեն ԱՅՎԱԶՅԱՆԻ հարցազրույցը «Հայաստանի Զրուցակից» շաբաթաթերթին

    3 Հունիսի, 2012

    «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի տնօրեն, քաղաքագիտության դոկտոր Արմեն ԱՅՎԱԶՅԱՆԻ հարցազրույցը «Հայաստանի Զրուցակից» շաբաթաթերթին

    Ինքնորոշման իրավունքը գերտերությունների մենաշնո՞րհն է

    __ Միջազգային հարաբերություններում նոր գործընթաց է սկսվում, որը կարելի է անվանել կիսաճանաչված պետությունների ժամանակաշրջան: Նոր իրավիճակը խուճապ է առաջացրել Բաքվում, որովհետև առաջին անգամ կասկածի տակ է դրվում տարածքային ամբողջականության սկզբունքը: Այս նախադեպի հենքին ի՞նչ հեռանկար կունենա ԼՂՀ-ի միջազգային ճանաչման գործընթացը:

    __ Պետք է հիշենք, որ գերտերությունների կողմից ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունքն ընդունելի ու կիրառելի է միայն այն դեպքում, եթե դա բխում է նրանց շահերից: Եվ այսօր այդ սցենարի ականատեսն ենք: Կոսովոն, որպես անկախ պետություն, ճանաչել են միայն մի խումբ երկրներ, մյուսները մերժել են, այսինքն` ինքնորոշման իրավունքն ընտրովի է մեկնաբանվում: Նույնն է Հարավային Օսիայի ու Աբխազիայի ճանաչման պարագայում. առայժմ միայն Ռուսաստանն է ճանաչել նրանց անկախությունը: Բայց նույն Ռուսաստանը չի ճանաչել Արցախի, Կոսովոյի, Մերձդնեստրյան Հանրապետության անկախությունը:

    Օրերս ԵՄ-ն ընդունեց մի որոշում, ուր նշվում է, որ վրացական հակամարտությունը պետք է լուծվի անկախության, ինքնիշխանության և տարածքային ամբողջականության սկզբունքների հիման վրա, և ոչ մի խոսք ինքնորոշման իրավունքի մասին, այսինքն` այդ ամենը միայն մեծ պետությունների շահերով է պայմանավորված: Ինչ վերաբերում է Արցախին` վերջին զարգացումները մեզ համար, անշուշտ, նպաստավոր են, քանի որ ավելանում է նախադեպերի թիվը: Իսկ Հարավային Օսիան ու Աբխազիան այն երկրներն են, որոնք Արցախյան հիմնախնդրի հետ շատ ընդհանրություններ ունեն, ավելին` Արցախի պարագայում ինքնորոշման կռվանները` իրավական, պատմական, ժողովրդագրական (Արցախում հայությունը միշտ մեծամասնություն է կազմել), շատ ավելին են: Բայց կրկնում եմ` այդ առավելություններով հանդերձ ինքնորոշման իրավունքի խնդիրը դարձյալ գալիս ու հանգում է գերտերությունների շահերին: Սակայն կասկած չկա, որ ապագայում տարածաշրջանային կամ միջազգային քաղաքականության մեջ դարձյալ կլինեն նման լուրջ տեղաշարժեր, ինչպիսին եղավ 2008-ի օգոստոսին: Մեկ տարուց հետո, թե 20 տարուց` միևնույնն է` լինելու են, մեզ մնում է ամրապնդել Հայաստանի և Արցախի անվտանգությունը` ռազմական և հատկապես ժողովրդագրական առումով, և սպասել մինչև հաջորդ տեղաշարժը:

    __ Այս օրերին շատ է խոսվում Ռուսաստանի կողմից ԼՂՀ անկախության ճանաչման մասին, այդ քայլը բխո՞ւմ է մեր ռազմավարական գործընկերոջ շահերից, որպես Մինսկի խմբի համանախագահող երկիր` Ռուսաստանը Հարավային Օսիայում ու Աբխազիայում ձեռք բերած փորձը կկիրառի՞ նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում

    __ Այսօր դժվար է տալ դրա պատասխանը, քանի որ ամեն ինչ կախված է հետագա զարգացումներից: Ինչո՞ւ Ռուսաստանը չի ճանաչում Արցախի անկախությունը. դարձյալ գործ ունենք շահերի հետ` Ադրբեջանը կարևոր գործոն է Ռուսաստանի համար, իսկ ԼՂՀ ճանաչմամբ տեղի կունենա Ադրբեջանի ու Ռուսաստանի շահերի բախում, Արցախի ճանաչման դեմ կընդվզեն նաև Թուրքիան ու Արևմուտքը: Բայց մենք չպետք է կենտրոնանանք միայն Ռուսաստանի վրա, չնայած նա ամենահավանական թեկնածուներից է, որ կարող է ապագայում ճանաչել Արցախի Հանրապետությունը: Միջազգային տեղաշարժերը կարող են այնպիսին լինել, որ առաջին ճանաչողը լինի, օրինակ, Չինաստանը: Իսկ այսօր թե’ Ռուսաստանը, թե’ մեկ այլ պետություն առայժմ շահագրգռված չեն ճանաչելու Արցախի անկախությունը, որովհետև Հայաստանը դեռ չունի այն ուժը, որը կգրավեր հավանական դաշնակիցներին ու նրանց կդրդեր դիմել այդ քայլին: Բայց մենք չպետք է ընկնենք տվայտանքների գիրկը, թե ո՞վ, ե՞րբ, ինչպե՞ս կճանաչի Արցախը: Մեզ համար առաջնայինը պետք է լինի Հայաստանի ու Արցախի անվտանգությունը, այն պետք է ապահովվի շնորհիվ Հայկական բանակի, շնորհիվ այն տարածքների, որ ազատագրել են մեր զորքերը, և շնորհիվ ժողովրդագրության` Արցախը պետք է արագ վերաբնակեցվի:

    __ Մինչ օրս Հայաստանը ԼՂՀ ճանաչման հարցը չի շոշափել, հիմնավորումը եղել է այն, որ Մինսկի խմբի շրջանակներում բանակցություններ են ընթանում, ու պետք չէ խանգարել խաղաղ գործընթացին: Սակայն, երբ այսօր Հարավային Կովկասում նոր իրավիճակ է ստեղծվել, գուցե Ժամանա՞կն է, որ Հայաստանը ճանաչի ԼՂՀ անկախությունը:

    __ Նախ պետք է մտածել, թե այսօր Հայաստանի կողմից Արցախի ճանաչումը դրական ազդեցություն կարո՞ղ է ունենալ: Այս պահին ես դրական ակնկալիքներ չունեմ: Շտապել պետք չէ, չմոռանանք, որ մենք ունենք Խորհրդային Հայաստանի ԳԽ-ի և ԼՂ ինքնավար մարզի խորհրդի 1989-ի դեկտեմբերի 1-ին ընդունած որոշումը` Արցախի վերամիավորման մասին: Գուցե ինչ-որ պահի գործի դնենք հենց այդ որոշումը: Ինչ վերաբերում է Մինսկի խմբին` ես համամիտ չեմ Հայաստանի` ամեն գնով խմբի շրջանակներում մնալու քաղաքականության հետ: Եղել են պահեր, երբ Հայաստանը պետք է դուռը շրխկացնելով հեռանար, գոնե ժամանակավոր, բայց մենք կորցրել ենք այդ պահերը: Օրինակ` Բուդապեշտում հայ սպայի սպանության ու Ադրբեջանի արձագանքից հետո կամ Նախիջևանի հուշարձանների ոչնչացման ժամանակ բացարձակ անիմաստ էր բանակցությունները շարունակելը, եթե մի կողմը կատարում էր ցեղասպանական գործողություններ: Մինչդեռ մենք նման հարցերին շարունակում ենք «դիվանագիտորեն» մոտենալ, մոռանալով, որ դիվանագիտության մեջ կան ոչ միայն զիջումներ ու կլոր-կլոր խոսքեր, այլ վերջնագրեր և կտրուկ քայլեր:

    __ Իսկ ինչպե՞ս եք վերաբերվում այն կոչերին, թե Հայաստանը պետք է անմիջապես ճանաչի Հարավային Օսիայի, Աբխազիայի, Կոսովոյի, անգամ Հյուսիսային Կիպրոսի անկախությունը:

    __ Հայաստանի կողմից Կոսովոյի ու Հյուսիսային Կիպրոսի ճանաչումը համարում եմ սխալ: Ինչո՞ւ. Հյուսիսային Կիպրոսը Թուրքիայի կողմից օկուպացված տարածք է և այն ճանաչելով` մենք Թուրքիային ընդամենը հնարավորություն կտանք ևս մեկ պետության միջոցով իրականացնել իր հակահայկական գործունեությունը, իսկ Հյուսիսային Կիպրոսը, բնականաբար, բոլոր միջազգային ատյաններում կրկնելու է թուրքական դիրքորոշումները: Նույնը վերաբերում է և Կոսովոյին: Ինչ վերաբերում է Հարավային Օսիային ու Աբխազիային` պետք է հաշվարկել մեր օգուտներն ու վնասները, հարկ եղած դեպքում նաև առևտրի մեջ մտնել կողմերի հետ` ի՞նչ ենք ստանալու ճանաչման դիմաց: ԼՂՀ-ի կողմից ևս Հարավային Օսիայի ու Աբխազիայի ճանաչումը պետք է հիմնվի փոխհամաձայնության վրա` դու ինձ, ես քեզ: Կարծում եմ` ճիշտ կլինի այդ երկու պետությունների անկախությունը ճանաչել, եթե նրանք համաձայնեն ճանաչել Արցախի անկախությունը:

    __ Ձեր կարծիքը նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի այն դիտարկման առնչությամբ, թե «նոր իրադրությունը Ղարաբաղի համար նման է երկսայր դաշույնի», քանի որ այն նպաստելու է, որ ռազմաշունչ գործողություններն այլևս չհանդուրժվեն, բայց միաժամանակ` ազգերի ինքնորոշման իրավունքի հանդեպ սաստկացնելու է միջազգային հանրության վերաբերմունքը:

    __ Սաստկացման մասին խոսք չկա, որովհետև ինքնորոշման իրավունքի հանդեպ ԱՄՆ-ի ու Եվրոպայի դիրքորոշումը միշտ էլ եղել է բացասական, եթե դա չի բխել իրենց շահերից: Այնպես որ այսօր էլ նույն վերաբերմունքը պահպանվելու է: Համամիտ չեմ նաև Օսկանյանի այն մտքի հետ, թե ռազմական գործողություններն այսուհետ չեն հանդուրժվելու: Հարվային Օսիայի դեմ Վրաստանի ագրեսիան խրախուսել են արևմտյան որոշ ուժեր, իսկ արդյո՞ք ներքին կամ արտաքին պատճառներով պայամանավորված` նրանք չեն ցանկանա մի «փոքր» հակամարտություն էլ բորբոքել Ռուսաստանի ու Իրանի հարակից տարածքներում (նկատի ունեմ հայ-ադրբեջանական հակամարտությունը): Ուրեմն չի կարելի նման դիտարկումներով մեր զգոնությունը թուլացնել: Այսօր միջազգային քաղաքականությունը դարձել է չափազանց անկանխատեսելի ու մեր ժողովրդի գլխի տակ փափուկ բարձ դնել չի կարելի:

    Հարցազրույցը վարեց Արմինե ՍԻՄՈՆՅԱՆԸ

    «Այսօր մեր խաղը պայքարն է»

    3 Հունիսի, 2012

    Ս.թ. մայիսի 15-ին Հայաստանի Ամերիկյան Համալսարանում (ՀԱՀ) տեղի ունեցավ «Արարատ» ՌԿ-ի տնօրեն, քաղ. գիտ. դոկտոր Արմեն Այվազյանի դասախոսությունը՝ «Հայկական ինքնության արդի հիմնախնդիրները կամ ո՞վ է հայը» թեմայով: Այն կազմակերպել էր «Պատրիոտ» ակումբը` ՀԱՀ-ի շրջանավարտների ընկերակցության և ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ: Միջոցառմանը ներկա էին շուրջ 40 հոգի՝ ուսանողներ, դասախոսներ, այլ հետաքրքրված անձինք։

    Բանախոսը նախ և առաջ ուրվագծեց այն իրավիճակը, որում հայտնվել է Հայաստանն ու հայ ազգը։ «Խորհրդային Միության փլուզմամբ Հայաստանը հայտնվեց այնպիսի խոցելի, պաշտպանական խորությունից զուրկ սահմաններում, որ ռազմական մեկ խոշոր պարտությունը և Արցախի կորուստը կարող էին նշանակել Հայաստանի վերջը: 1990-ականներին մեզ հաջողվեց դիմակայել ու չեզոքացնել ադրբեջանական ագրեսիան: Բայց այսօր կրկին Հայաստանը կանգնած է ժողովրդագրական ճգնաժամի և թուրք-ադրբեջանական նոր ագրեսիայի վտանգի առաջ: Ուստի հենց ա՛յս իրավիճակից ելնելով էլ պետք է քննել հայկական ինքնության հարցը», – մեկնաբանում է Արմեն Այվազյանը:

    Անժխտելի է, որ հայոց նորանկախ պետականության ամրապնդման գործում ազգային ինքնությունը ռազմավարական արժեք ու ռեսուրս է։ Այսօր տարբեր սխալ ու թերի ընկալումներ կան հայկական ինքնության բովանդակության, կառուցվածքի, դիմադրողականության մասին։ Խիստ կարևոր է, սակայն, հիմունքային նշանակության հարցերում ընդհանուր համաձայնության հասնելը, հենվելով իրականության սթափ և ճշգրիտ գնահատականի վրա:

    Ա. Այվազյանը ներկայացրեց հայկական ինքնության չափանիշները: Հայ է նա, ով` /Հայը նա է, ով`
    1. Հայաստանն ընդունում է որպես իր միակ հայրենիք, ընդ որում` ժամանակագրական-տարածքային երկու չափումներում՝ նրա պատմական և արդի սահմաններում։

    Այսօր կան հայկական ծագում ունեցող մարդիկ, որոնք ցավոք կորցրել են հայրենիքի ճիշտ ընկալումը: Ծնվելով մի երկրում, բնակություն հաստատելով մյուսում և քաղաքացիություն ստանալով երրորդում` նրանք ասում են, որ ունեն մի քանի հայրենիք, որոնցից Հայաստանը` ընդամենն իրենց պապերի հայրենիքն է: Մինչդեռ հայրենիքը այն երկիրն է, որում կազմավորվել է տվյալ ազգը, կառուցվել է նրա պետականությունը, ստեղծվել և զարգացել է նրա մշակույթը։ Հայրենիքին մարդիկ նվիրվում են անմնացորդ: Խաթարվել է Հայաստան հայրենիքի բուն գաղափարը։ Շատերը սխալմամբ կարծում են, թե Արևմտյան Հայաստանը արևմտահայերի հայրենիքն է, իսկ Արևելյան Հայաստանը՝ արևելահայերինը։ Այսպիսի աղճատված մոտեցումների հետևանք է նաև «արցախցի-հայաստանցի» արհեստական բաժանումը: Արմեն Այվազյանը բացատրում է. «1991թ.-ին Արցախի Հանրապետության հռչակումը մարտավարական և դիվանագիտական քայլ էր ընդամենը` հետագայում Հայաստանի հետ վերամիավորման համար: Սակայն այդ մարտավարական հնարքն այսօր, 17 տարի անց, դարձել է հիմք, և հասարակ քաղաքացիներն ու նույնիսկ բարձրաստիճան պաշտոնյաներն սկսել են Հայաստանն ու Արցախը դիտել որպես ռազմաքաղաքական առանձին միավորներ»:
    2. Հայաստանի տարածքի, ժողովրդի, լեզվի ու մշակույթի նկատմամբ ունի ամուր հոգեբանական կապվածություններ:
    3. անձնապես պատասխանատվություն է զգում Հայաստանի ճակատագրի համար, ըստ այդմ էլ՝ ստանձնում է հայրենիքի առջեւ քաղաքական պարտավորություններ:
    4. արտերկրում բնակվելու դեպքում լրջորեն մտածում ու վերլուծում է իր եւ իր ընտանիքի հայրենադարձության բոլոր հնարավոր տարբերակները։

    Այսօր ցավոք հայկական Սփյուռքը նահանջ է ապրում հայապահպանության առումով, մինչդեռ հայկական ինքնության պահպանման միակ ու վերջնական տարբերակը հայրենադարձությունն է: «Մեր նպատակը պետք է լինի հայկական պետականության ամրապնդումը և հայերի վերամիավորումն այդ պետականության ներքո՝ հայրենի հողի վրա»:
    5. Հայոց լեզվի և մշակույթի կրողն է, կամ ձգտում է դառնալ այդպիսին, քանի որ անժխտելի փաստ է, որ լեզուն է հայկականության պահպանման գլխավոր միջոցը, և մեր ազգային համակարգն էլ հիմնված է լեզվի վրա:
    6. ցանկանում է իր սերունդը հայ պահել, այդ թվում հայոց լեզուն իր զավակներին փոխանցելու միջոցով եւ նրանց ազգային մշակույթի ոլորտի մեջ ընդգրկելով։

    Այս չափանիշները գիտական մոտեցումների վրա են հիմնված և զերծ են հուզականությունից։ «Հայկական պետությունը դեռևս կայացման փուլում է։ Հայաստանի աշխարհաքաղաքական պայմաններն այնպիսին են, որ յուրաքանչյուր հայ մարդ պատասխանատվություն է կրում հայրենիքի ճակատագրի համար: Մեր օրերում հայն անդամ է մի թիմի, որի խաղը պայքարն է, ավելի ստույգ՝ գոյապայքարը։ Անհնար է միաժամանակ և՛ ազգ-թիմի լիարժեք անդամ լինելը, և՛ մեզ պարտադրված այդ խաղից դուրս գալն ու դիտորդի դեր ստանձնելը»,- ասում է քաղաքագետը: Ընդհանրացնելով ասվածը, Արմեն Այվազյանը եզրակացրեց. «մերօրյա պայմաններում հային էթնիկապես տարբերակող ամենաբնական ու գործառութային առումով ամենազորեղ հատկանիշը հայրենիքի ճակատագրի համար պատասխանատվության գիտակցումն ու ստանձնումն է՝ անձնական ուժերի ու հնարավորությունների ներածին չափով»։

    «Արարատ» ռազմավարագիտական կենտրոն
    19 մայիսի, 2008թ.

    «Հայ-թուրքական միջպետական ներկա գործընթացի և այսպես կոչված «ճանապարհային քարտեզի» մասին հասարակական քննարկման լուսաբանումը ԶԼՄ-ներում

    3 Հունիսի, 2012

    ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ, 30 Ապրիլի

    Ըստ Արմեն Այվազյանի, հայ-թուրքական «Ճանապարհային քարտեզ»-ը հայկական պետականության փուլային պարտության ծրագիր է

    Հայաստանի համար մեկ թշնամու` Թուրքիայի, հետ տարվող չհաշվարկված ու աղետներով հղի ներկա պարտվողական քաղաքականությունը սկզիբ է առնում ՀՀ առաջին նախագահի պարտվողական գաղափարախոսությունից: Նման կարծիք «Հայ-թուրքակական միջպետական ներկա գործընթացի եւ այսպես կոչված ճանապարհային քարտեզի մասին» խորագրով ապրիլի 30-ի քննարկմանը հայտնեց «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի տնօրեն Արմեն Այվազյանը: Ըստ նրա, հայ-թուրքակական «Ճանապարհային քարտեզ»-ը այլ բան չէ, քան «հայկական պետականության փուլային կապիտուլյացիայի ծրագիր», իսկ նրա հրապարակումը ապրիլի 23-ին` Մեծ Եղեռնի զոհերի հիշատակի օրվա ճիշտ նախօրեին, այդ կապիտուլյացիայի առաջին ակտն է:

    Ա.Այվազյանի խոսքերով, հայ ժողովրդից գաղտնի պահվող այդ ծրագրի մաս կարող է լինել Հայաստանի ազատագրված տարածքն Ադրբեջանին հանձնելու փորձը, ինչի մասին են վկայում, մասնավորապես, վերջին օրերին զուգահեռաբար ակտիվացած բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների մայիսի 7-ին Պրահայում նախատեսվող հանդիպումը, Ադրբեջանի ղեկավարության մոտ առաջացած աննախադեպ լավատեսությունը բանակցային գործընթացի նկատմամբ:

    «Ապրիլի 23-ին հայ-թուրքական «Ճանապարհային քարտեզ»-ի հռչակումով հայկական պետականության 18-ամյա ընթացքը հասավ իր ողբերգական ջրբաժանին, խորհրդանշելով Հայաստանի երրորդ Հանրապետության հայեցակարգային, արժեհամակարգային եւ գաղափարական վախճանը: Այդ օրը մենք զարթնել ենք այլ Հայաստանում, մի երկրում, որը հայտնվել է թշնամու դիվանագիտական եւ գաղափարական ամուր ճիրաններում»,- ասաց Ա.Այվազյանը:

    Նրա կարծիքով, այս պայմաններում անհրաժեշտ է ձեռնարկել հետեւյալ քայլերը. ՀՀ արտգործնախարարի հրաժարական, հայ-թուրքական «Ճանապարհային քարտեզ»-ի անհապաղ դադարեցում, Թուրքիայի հետ ներկա պարտվողական բանակցային գործընթացի անհապաղ դադարեցում` մինչեւ վերջինիս կողմից Հայաստանի նկատմամբ թշնամական քաղաքականության դադարեցումը, այդ թվում` Հայոց ցեղասպանության ճանաչումը եւ արցախյան հիմնախնդրում Ադրբեջանին օժանդակելուց հրաժարվելը:


    PanARMENIAN.Net, 30 Ապրիլի

     

    Թուրքիան իր բաժինն է պահանջում Հայաստանի ապագա ԱԷԿ-ու՞մ

    Այսօր «Արարատ» Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի նախաձեռնությամբ եւ հայ հասարակայնության մասնակցությամբ կայացավ «Հայ-թուրքական միջպետական հարաբերությունների ներկա վիճակը եւ «ճանապարհային քարտեզը» թեմայով քննարկում, որին մասնակցում էին տարբեր հասարակական կազմակերպությունների եւ մտավորականության ներկայացուցիչներ:

    «Ինչպես ցույց է տվել մեր կենտրոնի կողմից անցկացրած սոցհարցումը, հայ հասարակայնության ներկայացուցիչներն ինչպես Հայաստանում, այնպես էլ արտասահմանում, շատ անհանգստացած եւ վրդովված են հայ-թուրքական միջպետական բանակցությունների գործընթացով, որն անվանվում է «ֆուտբոլային դիվանագիտություն»,- ասել է «Արարատ» Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի նախագահ Արմեն Այվազյանը: Նրա խոսքերով, իշխանությունների հակահայկական քաղաքականության պատճառով հնարավոր է դարձել Հայաստանի կողմից նախապայմանների ընդունումը, որոնք պարտադրվում են Թուրքիայի կողմից: Արմեն Այվազյանը հիշատակեց պատմաբանների հայ-թուրքական համատեղ հանձնաժողովի ստեղծումը, Թուրքիայի այժմյան տարածքների ճանաչումը եւ ընդգծեց Թուրքիայի առանձնահատուկ ուշադրությունը նոր հայկական ԱԷԿ-ի շինարարության նկատմամբ:

    «Հայաստանի համար շատ վտանգավոր է այն փաստը, որ Թուրքիան ձգտում է դառնալ Հայաստանի նոր ԱԷԿ-ի բաժնետերը: Դա առաջին հերթին սպառնում է մեր երկրի ազգային անվտանգությանը»,- հայտարարեց Այվազյանը: Նա նաեւ ընդգծեց, որ ապրիլի 24-ի նախօրեին, երբ ողջ աշխարհի հայությունը սգալու էր Ցեղասպանության զոհերի հիշատակը, հայ-թուրքական փաստաթղթի ստորագրումը բոլորովին անտեղի էր:

    Իրենց կարծիքը հայտնեցին նաեւ մտավորականության, տարբեր հասարակական կազմակերպությունների եւ երիտասարդության ներկայացուցիչները: Քննարկման վերջում ընդունվեց փաստաթուղթ, որի տակ կարող էին ստորագրել բոլոր ցանկացողները:

    «2009-Ի ԱՊՐԻԼԻ 23-ԻՆ ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԶԱՐԹՆԵԼ Է ԱՅԼ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ»

     

    «Ապրիլի 23-ին հրապարակվել է իր բովանդակությամբ անհայտ, սակայն ներգործությամբ ակնհայտորեն հակահայկական հայ-թուրքական «ճանապարհային քարտեզը»»,- ««Հայ-թուրքական միջպետական ներկա գործընթացի և այսպես կոչված «ճանապարհային քարտեզի» մասին» խորագրով հասարակական քննարկման ժամանակ ասաց քաղաքական գիտությունների դոկտոր, «Արարատ» ռազմավարական կենտրոնի տնօրեն Արմեն Այվազյանը:

    Ըստ նրա, ապրիլի 24-ի նախօրեին այդ հայտարարության հրապարակումը կատարվել է Թուրքիայի պահանջով մի քանի պատճառներով` «փորձում է ստվերել հայերի համար ապրիլի 24-ի խորհրդանշական բովանդակությունը, նվաստացնել հայության ազգային արժանապատվությունը, բարոյապես նախապատրաստել հայ ժողովրդին ազգային շահերից և նպատակներից հետագա նախագծված հրաժարմանը, ինչպես նաև, համաձայնագիրը նպաստել է, որ ԱՄՆ նախագահը չգործածի «Հայոց ցեղասպանություն» եզրույթը» և այլն:

    «Հայ-թուրքական «ճանապարհային քարտեզը» այլ բան չէ, քան հայկական պետականության փուլային կապիտուլիացիայի ծրագիր, իսկ նրա հրապարակումը ապրիլի 23-ին` Մեծ եղեռնի զոհերի հիշատակի օրվա ճիշտ նախօերին, այդ կապիտուլիացիայի առաջին ակտն է: Այս ծրագրի մաս կարող է լինել նաև Հայաստանի ազատազրկված տարածքն Ադրբեջանին հանձնելու փորձը, ինչի մասին են վկայում են վերջին օրերին զուգահեռաբար ակտիվացած բանակցությունները Մինսկի խմբի շրջանակներում, մայիսի 7-ին Պրահայում նախատեսվող Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը»,- ասաց նա:

    Նրա խոսքով, 2009-ի ապրիլի 23-ին հայ ժողովուրդը զարթնել է այլ Հայաստանում, «մի երկրում, որը հայտնվել է թշնամում դիվանագիտական և գաղափարական ճիրաններում»: Նա առաջարկում է իրականացնել հետևյալ քայլերը. «Հայաստանի արտգործնախարարի հրաժարական, հայ-թուրքական, այսպես կոչված, «ճանապարհային քարտեզի» անհապաղ դենոնսացիա, Թուրքիայի հետ ներկա պարտվողական բանակցային գործընթացի անհապաղ դադարեցնում, Թուրքիայի կողմից Հայաստանի նկատմամբ թշնամական քաղաքականության դադարեցում»:


    ԶԳԱՑՄՈՒՆՔԱՅԻՆ ԵՎ ՌՈՄԱՆՏԻԿ ՀԱՅ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉՆԵՐ

     

    «Երբ որ պետք է լինում, մեր իշխանությունները դառնում են զգացմունքային: Օրինակ, ինչու հանկարծ շատ մարդիկ, որոնք կոչ են անում մեր ժողովրդին շատ չշարժվել ազգային զգացմունքներով, հանկարծ մոռանում են ոչ զգացմունքային «Ցեղասպանություն» բառը ու անցնում են զգացմունքային «Մեծ եղեռն» բառակապակցության գովաբանմանը` ասելով, թե դա համարյա նույն բանն է (խոսքը ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի կողմից հնչեցրած «Մեծ եղեռն» բառակապակցության մասին է)»,- ««Հայ-թուրքական միջպետական ներկա գործընթացի և այսպես կոչված «ճանապարհային քարտեզի» մասին» խորագրով հասարակական քննարկման ժամանակ ասաց կառավարման փորձագետ, տեխնիկական գիտությունների թեկնածու Հարություն Մեսրոբյանը:

    Նա չի հասկանում քաղաքական գործիչների ռոմանտիզմը: Ըստ նրա, Հայաստանն այսօր կրկնում է 1909-15 թթ. քաղաքական գործիչների սխալները: Այն ժամանակ, ինչպես նշեց նա, ասում էին, որ 20-րդ դարն առաջընթացի դար է, ջարդեր չեն կարող լինել, իսկ այժմյան գործիչներն էլ ասում են` 21-րդ դարում փակ սահմաններ չպետք է լինեն: «Հայերի համար ցանկացած նոր դար երազանքների, հեքիաթների դար է: Իսկ հետո, երբ դարն անցնում է, մի նոր հուշարձան են կառուցում ու լաց ու կոծ են անում: Չի կարելի պարեբարաբար նման փորձությունների ենթարկել սեփական ազգը»,- ասաց նա:

    Ըստ նրա, այս վիճակից ելնելու համար պետք է անհապաղ ընդունել Ազգային անվտանգության իրական հայեցակարգ` նոր մարտահրավերներին դիմագրավելու համար:
    Հ. Մեսրոբյանը կարծում է, որ պատմական հիշողության, Ցեղասպաության, ղարաբաղյան հակամարտության հետ կապված շատ-շատ հարցերը պետք է հասարակական քննարկման առարկա դառնան, քանի որ վերաբերում են բոլորին` հայերին, ղարաբաղցիներին, սփյուռքահայերի:

    Ապրիլի 22-ին (թեև ինքը պնդում էր ապրիլի 23) Հայաստանի, Թուրքիայի և Շվեյցարիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների համատեղ ստորագրած հայտարարության մասին էլ նշեց. «Հայաստանը մեսիջ ուղարկեց ողջ աշխարհին, որ Ցեղասպանությունը իր համար դառնում է սակարկության առարկա, ինչպես նաև Ցեղասպանության հետևանքները: Սա նշանակում է` ուղղակի շատ դաժան ձևով թաղել հայկական հարցն ամբողջությամբ: Այսինքն, մենք ուզում ենք ապացուցել, որ բոլոր հարցերում առևտրական ենք: 1991 թվականի դախլներից սկսեցինք, 2009-ը թվականին վաճառում ենք Հայաստանը, հիշողությունը, պատմական պահանջները, իրավաբանական փաստարկները»,- ասաց նա:


    «Ռադիոլուր»

     

    Հայկական ռոմանտիզմը վտանգավոր է. քննարկումներ «ճանապարհային քարտեզի» շուրջ

    Մինչ հայրենի իշխանությունները, ի վերջո, կպատռեն «ճանապարհային քարտեզի» խորհրդավորության քողն ու կգաղտնազերծեն առեղծվածային այս փաստաթղթի նշանակությունն ու բուն բովանդակությունը, փաստաթղթի վերաբերյալ ամենատարբեր ենթադրությունները, կանխատեսումներն ու մեկնաբանություններն անպակաս կլինեն:

    Կարծիքներն առայժմ բաժանվում են երկու հիմնական խմբերի՝ լավատեսների, ովքեր համոոզված են, որ փաստաթուղթը, այնուամենայնիվ, անվնաս է ու մեզ խոստանում է լուսավոր ապագա, եւ, այսպես ասած՝ հոռետեսների, որոնց կողմից, հիմնականում, ահազանգեր ու սթափության կոչեր են հնչում:

    Նման կոչեր էլ հնչել են այսօր «Արարատ» ռազմավարական կենտրոնի նախաձեռնած քննարկման ընթացքում, ինչպես նաեւ «Դե ֆակտո» ակումբում:

    Վերջինում լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հայկոմկուսի կենտկոմի առաջին քարտուղար ու, ինչպես այսօր բացահայտվեց, նաեւ գաղթականի թոռ Ռուբեն Թովմասյանի արտահայտած դիրքորոշումը կոշտ էր ոչ միայն «ճանապահրայի քարտեզ» կոչվածի նկատմամբ, այլեւ հայ-թուրքական մերձեցմանն ընդհանրապես:

    «Թուրքական քաղաքականությանը վստահել չի կարելի, ցեղասպանությունը նրանց արյան մեջ է»,- համոզված է կոմկուսի առաջնորդը, ում ձեւակերպմամբ ստեղծվել է աշխարհաքաղաքական մի իրավիճակ, որտեղ խաղաքարտին են հայտնվել տարբեր երկրների շահերը, իսկ Հայստանի շահն առայժմ խիստ անորոշ է:

    Միաժամնակ՝ Ռուբեն Թովմասյանը կոչ արեց իշխանություններին վերջապես գաղտնազերծել այն փաստաթուղթը, որն ալեկոծել է ողջ հայությանը:

    Առեղծվածային այս «քարտեզին» էր նվիրված նաեւ «Արարատ» ռազմավարական կենտրոնի նախաձեռնած քննարկումը:

    Հայ- թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված այսօրվա գործողությունները Հայաստանի ռամկավար ազատական կուսակցության ատենապետ Հարություն Առաքելյանն այսօր որակեց տեղապտույտ£ Ըստ նրա՝ Հայաստանի շահի մասին խոսելն այս դեպքում, ընդհանրապես ավելորդ է:

    Կառավարման փորձագետ Հարություն Մեսրոպյանն այս հարաբերություններում հայկական կողմի դրսեւորած ռոմանտիզմը ոչ միայն անհասկանալի, այլեւ վտանգավոր է համարում

    «Արարատ» ռազմավարական կենտրոնի տնօրեն, քաղաքական գիտությունների դոկտոր Արմեն Այվազյանի ձեւակերպմամբ՝ հայ- թուրքական «ճանապարհային քարտեզն» այլ բան չէ, քան հայկական պետականության փուլային կապիտուլյացիայի ծրագիր, իսկ նրա հրապարակումը Մեծ եղեռնի զոհերի հիշատակի օրվա նախօրեին, այդ կապիտուլյացիայի առաջին ակտն էր:

    7or.am, 30.05.2009
    Արմեն Այվազյան. «Հետագա քայլերի մասին կարելի է խոսել նախաձեռնության արդյունքներից հետո միայն»

     

    «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնը «Հայ-թուրքական միջպետական ներկա գործընթացը և այսպես կոչված Ճանապարհային քարտեզը» թեմայով հասարակական քննարկում էր կազմակերպել Էրեբունի պլազայում, որտեղ հայտարարություն էր տարածել, պահանջելով՝ «անհապաղ պաշտոնանկ անել հայ ժողովրդի կենսական շահերի դեմ ոտնձգություն կատարած ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին և պաշտոնատար այն անձանց, որոնք նպաստել են «ճանապարհային քարտեզի» ընդունմանը»։

    Ինչ վերաբերում է նախաձեռնությունից հետագա քայլերին, ապա «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի տնօրեն Արմեն Այվազյանը «7օր»-ին ասել է.

    -Մեր հետագա քայլերը պարզ կլինեն ստորագրահավաքից հետո, գործընթացը թող ավարտվի՝ հետո կտեսնենք։

    Հռակ ատենապետ Հարություն Առաքելյանը նույնպես հորդորել է սպասել.

    –Հետագա քայլերի մասին կարելի է խոսել նախաձեռնության արդյունքներից հետո միայն,–ասել է նա։



    Ապրիլ 30, 2009 17:48

     


    ՀՅԴ–ն արտգործնախարարի հրաժարականի հարցը չի քննարկել

    ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերով պատասխանատու Կիրո Մանոյանը, «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի անցկացրած քննարկման մասնակիցների արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հրաժարականի պահանջի վերաբերյալ, «7օր»-ի հետ զրույցում ասել է.

    -Մենք չենք քննարկել արտգործնախարարի հրաժարականի հարցը։ Իսկ հասարակական կազմակերպությունների պահանջը իրենց գործն է։

    Ապրիլ 30, 2009 17:31

    Է. Նալբանդյանի հրաժարականի համար Է. Շարմազանովը որևէ հիմք չի տեսնում

    «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի կազմակերպած քննարկման ժամանակ մասնակիցները պահանջել են արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հրաժարականը։

    Այս կապակցությամբ՝ ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը «7օր»-ին ասել է, որ հարգում է քաղաքական բազմակարծությունը և կարծիք հայտնելու մարդկանց իրավունքը, սակայն չի կիսում նրանց պահանջը։

    -Այս ընթացքում արտգործնախարարությունը որոշակի հաջողությունների հասել է նախագահի գլխավորությամբ իրականացվող նախաձեռնողական արտաքին քաղաքականության արդյունքում։ Դրա վառ ապացույցը վերջերս հայ-թուրքական հարաբերություններում նաև Ամերիկայի պետդեպարտամենտի հայտարարությունն է, որտեղ հստակ նշվում է, որ Հայաստանը Թուրքիայի հետ հարաբերությունները պետք է հաստատի առանց նախապայմանների։ Դա այն դրույթն է, որի մասին մշտապես խոսել է հայկական կողմը։ Ես որևէ հիմք չեմ տեսնում, որ արտգործնախարար պրն. Նալբանդյանը հրաժարական տա,- ասել է Է. Շարմազանովը։

    Արամ Սաֆարյանն Էդվարդ Նալբանդյանի հրաժարականի համար պատճառներ չի տեսնում

    «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնը, ՀՌԱԿ կուսակցությունը և մի շարք այլ հասարակական-քաղաքական կազմակերպություններ հայտարարություն են տարածել, որով պահանջել են ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հրաժարականը։

    Այդ կապակցությամբ՝ Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը «7 օր»-ին ասել է.

    -Ես զերծ կմնամ այդ կապակցությամբ որևէ հայտարարություն անելուց։ Դրա համար առայժմ պատճառներ չեմ տեսնում։

    Ապրիլ 30, 2009 19:53

    Լևոն Զուրաբյանը՝ Էդվարդ Նալբանդյանի հրաժարականի պահանջի մասին

    «Ինչպես եք գնահատում մի շարք հասարակական և քաղաքական կազմակերպությունների՝ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրաժարականի պահանջը»,- «7օր»-ի հարցին Հայ Ազգային Կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանը պատասխանել է.

    -Մենք ամբողջ իշխանության հրաժարականն ենք պահանջում։ Ինչի՞ մասին է խոսքը։ Մեր պահանջն ավելի մեծ է. մենք պահանջում ենք արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրություններ,- ասել է Լ. Զուրաբյանը։

    Aravot.am, 01.05.2009
    «ՍԱ ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ Է»

     

    «Ճանապարհային քարտեզի» վերաբերյալ երեկ նման կարծիք հայտնեց ՀՌԱԿ ատենապետ Հարություն Առաքելյանը

    «Ճանապարհային քարտեզ». այս արտահայտությունը վերջին շաբաթվա ընթացքում ամենաշրջանառվողներից է: Երեկ «Արարատ» ռազմավարական կենտրոնի նախաձեռնությամբ կազմակերպվեց հասարակական քննարկում՝ հայ-թուրքական միջպետական ներկա գործընթացի եւ, այսպես կոչված, «ճանապարհային քարտեզի» վերաբերյալ, որին մասնակցում էին հասարակական-քաղաքական գործիչներ, մտավորականներ: «Առավոտի» հետ զրույցում պարզ դարձավ, որ նրանց մեծամասնությունը «ճանապարհային քարտեզի» վերաբերյալ բացասական դիրքորոշում ունի: Օրինակ՝ ՀՌԱԿ ատենապետ Հարություն Առաքելյանը նկատեց. «Այն, ինչ կատարվում է հիմա հայ-թուրքական հարաբերություններ կոչված գործընթացում, կարելի է Հայաստանի համար որակել որպես տեղապտույտ: Որեւէ օգուտ չկա, չկա ազգային շահ, սա ուղղակի խայտառակություն է…»: Անդրադառնալով խնդրահարույց այս փաստաթղթի թափանցիկության հարցին, պարոն Առաքելյանն ասաց. «Վարչապետը ճամարտակում էր, մեծ-մեծ խոսում, որ ոչ մի գաղտնիք չի մնալու: Աբսուրդ է այն, որ մինչեւ այսօր «ճանապարհային քարտեզը» կամ շվեյցարական փաստաթուղթը գաղտնիք է. ի՞նչ են արել՝ դեռ ոչ մեկին հայտնի չէ, դեռ մուննաթով էլ խոսում են, թե բոլորն իմանալու են դրա մասին…. բայց ե՞րբ, ինչի՞ մասին է խոսքը՝ չգիտենք: Այնինչ, թուրքական կողմը՝ գեներալները երեկ շտապեցին հանգստացնել Ադրբեջանին՝ Ղարաբաղի հարցով… Այնինչ, նույն վարչապետը, որ այս գործից ընդհանրապես բան չի հասկանում, փորձում էր ձեւակերպել, որ Ղարաբաղն այս հարցում չկա»: Հ. Առաքելյանը հարցերի լուծման ճանապարհ է համարում այն, որ ԼՂՀ հարցի լուծումն ու հայ-թուրքական հարաբերությունները տեղափոխվեն միջազգային դատարան. «Ի դեպ, Ադրբեջանը երեկվանից գործընթաց է սկսել՝ Ղարաբաղի հարցը միջազգային դատարան տեղափոխելու … Ախր մենք զոհից դարձել ենք ագրեսոր՝ Վարդան Օսկանյանի վարած քաղաքականության պատճառով»:

    Զրուցեցինք նաեւ թուրքագետ Հակոբ Չաքրյանի հետ, որը նշեց. «Մտահոգիչ է այն, որ թուրքերը սկզբնական փուլում բանակցությունների ժամանակ որոշեցին նախապայմաններ չդնել, բայց բանակցությունների զարգացմանը զուգընթաց՝ այլ ձեւակերպումներով, նույն նախապայմանը ներկայացրին Հայաստանին: Մտահոգիչ էր նաեւ Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի հայտարարությունը. նա հիշեցրեց վարչապետ Էրդողանի խոսքերը՝ քանի դեռ Ղարաբաղի հարցը չի լուծվել, մենք սահմանը չենք բացի՝ շեշտելով, որ հարցը Ադրբեջանի շահերն անտեսելու գնով չպետք է լուծվի: Այստեղ պիտի հաշվի առնել միջազգային գործոնների դերը: Հայաստան-Թուրքիա շփումներն անընդհատ ողջունվում են՝ համարձակ քայլ որակվելով: Այսինքն՝ նախաձեռնությունն ավելի շատ ոչ թե հարաբերվող անմիջական կողմերի, այլ միջազգային ուժերի ձեռքում է»:

    Կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանն էլ «Առավոտի» հետ զրույցում ասաց. «Այն, ինչ կատարվում է հայ-թուրքական հարաբերություններում, հայկական հարցի փոշիացումն է: Մենք գործ ենք ունենում մի թշնամական պետության հետ՝ չկառուցելով մեր ազգային անվտանգության համակարգը: Մենք մտնում ենք մի մեծ խաղի մեջ, որտեղ ոչ թե խաղացող, այլ կատարող ենք: Իսկ այդ դեպքում հավանականությունը մեծ է, որ ցանկացած ելք կարող է լինել ի վնաս Հայաստանի: Ցանկացած փաստաթղթից կարելի է ինչ-որ կերպ հրաժարվել. կա գրագետ հրաժարվելու ձեւ եւ ձեւ, երբ քո դեմքը միջազգային հասարակության աչքին «վատանում» է: Մտավախություն ունեմ, որ վերջինն էլ կլինի»: Այնուհետեւ զրուցակիցս վրդովվեց. «Մենք կրկնում ենք 1909-1915թթ. սխալները: Եթե այն ժամանակ ասում էինք՝ 20-րդ դարն առաջընթացի դար է, այդ ժամանակ չեն կարող լինել ջարդեր, ապա հիմա ասում ենք՝ 21-րդ դարում փակ սահմաններ չկան: Ստացվում է՝ 20-րդ եւ 21-րդ դարերը ընդամենը մեկ մասնիկով են տարբերվում իրարից»: «Ճանապարհային քարտեզի» մասին էլ պարոն Մեսրոբյանն ասաց. «Փաստաթուղթը ստորագրվել է ապրիլի 23-ին, ընդունենք՝ գաղտնիք չկա, իսկ ո՞ւր է փաստաթուղթը: Ի՞նչն է պրոբլեմը. թարգմանության խնդի՞ր կա: Գուցե սա մեր վերնախավի ոչ պրոֆեսիոնալի՞զմն է… Իրականում պատճառն այն է, որ այդ փաստաթուղթն ունի իրավաբանական որոշ հետեւանքներ: Ցանկացած գրագետ իրավաբան միշտ էլ կարող է չեզոք փաստաթղթից դիվիդենդներ կորզել»:

    «Արարատ» ռազմավարական կենտրոնի տնօրեն Արմեն Այվազյանն իր ելույթում ասաց. «Հայ-թուրքական «ճանապարհային քարտեզը» այլ բան չէ, քան հայկական պետականության փուլային կապիտուլյացիայի ծրագիր, իսկ նրա հրապարակումը ապրիլի 23-ին՝ Մեծ եղեռնի զոհերի հիշատակի օրվա ճիշտ նախօրեին, այդ կապիտուլյացիայի առաջին ակտն է: Հայ ժողովրդից գաղտնի պահվող այդ ծրագրի մաս կարող է լինել նաեւ Հայաստանի ազատագրված տարածքն Ադրբեջանին հանձնելու փորձը…»:

    ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


    Yerkir.am, 05.05.2009

     

    Արթնացանք թշնամու ճիրաններում

    «Ապրիլի 23-ին մենք արթնացանք այլ Հայաստանում` մի երկրում, որը հայտնվել է թշնամու դիվանագիտական եւ գաղափարական ամուր ճիրաններում: Հայ-թուրքական «ճանապարհային քարտեզի» հռչակումով հայկական պետականության 18-ամյա ընթացքը հասավ իր ողբերգական ջրբաժանին` խորհրդանշելով Հայաստանի երրորդ Հանրապետության հայեցակարգային, արժեհամակարգային եւ գաղափարական վախճանը»,- ասաց քաղաքական գիտությունների դոկտոր, «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի տնօրեն Արմեն Այվազյանը:

    Փաստորեն, մեր իշխանությունները նահանջեցին ու նահանջեցին խայտառակ կերպով` ընդունելով թուրքի առաջադրած նախապայմանները, այն էլ` «ոչ նախապայմանային» խաղում:

    Բովանդակությամբ անհայտ «ճանապարհային քարտեզն» ունի լուրջ հակահայկական բնույթ, եւ ակնհայտ է, որ հրապարակվել է Թուրքիայի պահանջով` Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա հենց նախօրեին: Այս քայլով փորձ է արվում ստվերել հայերի համար ապրիլի 24-ի խորհրդանշական բովանդակությունը եւ ապրիլ ամիսը զուգորդել ոչ թե Թուրքիայի դեմ հայության բողոքի ու պայքարի, այլ հայ-թուրքական «հաշտեցման» հետ եւ հայ ժողովրդին բարոյապես նախապատրաստել ազգային շահերից հետագայում հրաժարվելու ծրագրին:

    Իսկ բացի հեռահար նպատակներից, ունեցանք նաեւ շոշափելի հետեւանքներ. «Ժողովրդի թիկունքում կնքված այդ համաձայնագիրը նպաստեց նաեւ ԱՄՆ նախագահի խոստմնադրժությանը` ապրիլի 24-ի նրա հայտարարության մեջ իրավական կշիռ ունեցող «Հայոց ցեղասպանություն» բառեզրույթը չգործածելուն: Անապահովության զգացում առաջացրեց հայրենաբնակ եւ աշխարհասփյուռ հայության լայն զանգվածների մեջ»,- նշեց Ա. Այվազյանը:

    «Ճանապարհային քարտեզի» հրապարակումը ենթադրում է մեկ այլ նախապայմանի ընդունում` ՀՀ բարձրագույն քաղաքական իշխանության կողմից Թուրքիայի ներկա սահմանների ճանաչում եւ մեզ հասցված աղետալի վնասի դիմաց փոխհատուցման (տարածքային եւ այլ) պահանջից հրաժարում: Ապրիլի 24-ի իր ուղերձում ՀՀ նախագահը, խոսելով Մեծ Եղեռնի մասին, չհիշատակեց Արեւմտյան Հայաստանը` ցեղասպանության իրականացման հիմնական տարածաշրջանը:

    Հաշվի առնելով ՀՀ նախագահի դիտավորյալ այս բացթողումը, ինչպեսեւ նրա նախորդ հայտարարությունները Թուրքիայի նկատմամբ տարածքային պահանջներ չունենալու եւ Արեւմտյան Հայաստանը լոկ աշխարհագրական տերմին համարելու մասին, ըստ քաղաքագետ Ա. Այվազյանի, կարելի է եզրակացնել, որ մեր իշխանությունը փորձում է Արեւմտյան Հայաստան տերմինը ջնջել ինչպես իրավաքաղաքական բառապաշարից, այնպես էլ պատմաքաղաքական գիտակցությունից. «Հարված հասցնելով Հայաստանի արեւմտյան մասը բռնազավթված հայրենիք համարելու բնական եւ ազգային անվտանգության տեսանկյունից անհրաժեշտ ընկալումին, գիտակցում են դա թե ոչ, մեր պետության ղեկավարները քայքայում են հայության աշխարհընկալման ողջ համակարգը, դրանով իսկ նպաստելով թուրք-ադրբեջանական դաշինքի` Հայաստանը ոչնչացնելու հեռահար նպատակներին»: Իսկ բացի այս` Հայաստանի բռնազավթված արեւմտյան մասից հրաժարումը սեպ է խրում ինչպես Հայաստանի ներսում քաղաքական վերնախավի եւ ժողովրդի լայն զանգվածների միջեւ, այնպես էլ Սփյուռքահայության եւ ՀՀ իշխանությունների միջեւ:

    Եվ ամենակարեւորը` «Հայաստանը զրկվում է միջազգային ասպարեզում Թուրքիայի դեմ ճնշում կիրառելու կռվանից, միաժամանակ, անզեն մնալով նույն Թուրքիայի կողմից իրեն ներկայացվող` Արցախն իբր բռնազավթելու չդադարած մեղադրանքների առջեւ»:

    Ինչպես նշեց քաղաքագետը, «ճանապարհային քարտեզը» հայկական պետականության փուլային կապիտուլյացիայի ծրագիր է, որի մի մասը կարող է լինել նաեւ Հայաստանի ազատագրված տարածքն Ադրբեջանին հանձնելու փորձը. «…սրա մասին են վկայում վերջին օրերին զուգահեռաբար ակտիվացած բանակցությունները Մինսկի խմբի շրջանակներում, մայիսի 7-ին Պրահայում նախատեսվող Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը, Ադրբեջանի ղեկավարության մոտ առաջացած աննախադեպ լավատեսությունը բանակցային գործընթացի նկատմամբ, ինչպես նաեւ Թուրքիայի անվտանգության խորհրդի ապրիլի 28-ի որոշումը, որը դարձյալ հայ-թուրքական հարաբերությունների բարելավումը կապում է Արցախից հայկական զորքերի դուրսբերման, այլ կերպ ասած` այս անգամ արդեն արցախյան ճակատում Հայաստանի միաժամանակյա կապիտուլյացիայի հետ»:

    Հաշվի առնելով տեղի ունեցող եւ ունենալիք հայավնաս իրողությունները` «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնը ապրիլի 30-ին հրապարակեց մի հայտարարություն, որին իրենց ստորագրությամբ միացան մի շարք կազմակերպություններ եւ այս խնդրով մտահոգ անհատներ:

    Հայտարարությունը հետեւյալն է. «Մենք` հայ հասարակության ներքոստորագրյալ ներկայացուցիչներս, խիստ անհանգստացած եւ վրդովված ենք «ֆուտբոլային դիվանագիտության» անվան տակ հայտնի հայ-թուրքական միջպետական գործընթացով եւ հատկապես ս.թ. ապրիլի 23-ին հրապարակված` իր բովանդակությամբ անհայտ, սակայն իր ներգործությամբ ակնհայտորեն հակահայկական «ճանապարհային քարտեզով»: Մենք դատապարտում ենք ՀՀ բարձրագույն քաղաքական իշխանության որոշ ներկայացուցիչների պարտվողական քաղաքականությունը եւ նրանց կողմից պահանջների ուղղակի ոտնահարումը:

    Մենք պահանջում ենք ՀՀ նախագահից` 1. անհապաղ չեղյալ հայտարարել հայ-թուրքական այսպես կոչված «ճանապարհային քարտեզը»,

    2. անհապաղ դադարեցնել հայ ժողովրդի թիվ 1 թշնամու` Թուրքիայի հետ տարվող բոլոր բանակցությունները` մինչեւ վերջինս չդադարեցնի Հայաստանի դեմ իրականացվող թշնամական քաղաքականությունը, պաշտոնապես չընդունի Հայոց ցեղասպանության փաստը եւ չստանձնի դրա հետեւանքները վերացնելու պատրաստակամությունը,

    3. անհապաղ պաշտոնանկ անել հայ ժողովրդի կենսական շահերի դեմ ոտնձգություն կատարած ՀՀ արտգործնախարար Է. Նալբանդյանին եւ պաշտոնատար այն անձանց, որոնք նպաստել են նշված համաձայնագրի ընդունմանը,

    4. հրահանգել ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարությանը` մինչեւ ս.թ. մայիսի 7-ը (Պրահայում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը) մշակել թուրք-ադրբեջանական դաշինքի համաձայնեցված հակահայկական գործողություններից բխող` ՀՀ-ի եւ ԼՂՀ-ի ազգային անվտանգության մարտահրավերների հաղթահարման հատուկ ծրագիր, ինչպես նաեւ սահմանված կարգով եւ ժամկետներում այն ընդունել ՀՀ-ի եւ ԼՂՀ-ի խորհրդարաններում` հետադարձ ուժ ունեցող օրենքների տեսքով»:

    Աստղիկ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ


    Hetq.am, 30.04.2009
    Աստղիկ Խաչատրյան 

    Արտգործնախարարի հրաժարականը ելքերից մեկն է

     

    «2009թ ապրիլի 23-ին մենք զարթնել ենք այլ Հայաստանում, որը հայտնվել է թշնամու դիվանագիտական և գաղափարական ամուր ճիրաններում: Այս պայմաններում կարծում եմ, որ այն անմիջական քայլերը, որոնք կարող են որոշակիորեն լիցքաթափել հայ ժողովրդի ընդերքում առաջացած արդար վրդովմունքը, ՀՀ արտգործնախարարի հրաժարականն է, հայ-թուրքական, այսպես կոչված, «ճանապարհային քարտեզի» դենոնսացիան, Թուրքիայի հետ ներկա պարտվողական բանակցային գործընթացի անհապաղ դադարեցումը, մինչև վերջինիս կողմից Հայաստանի նկատմամբ թշնամական հարաբերությունների դադարեցումը, այդ թվում` Հայոց ցեղասպանության ճանաչումը և Արցախյան հիմնախնդրում Ադրբեջանին օժանդակելուց հրաժարվելը»,-հայտարարեց «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի տնօրեն Արմեն Այվազյանը այսօր հրավիրված հայ-թուրքական միջպետական ներկա գործընթացին վերաբերող քննարկման ժամանակ:

    Արմեն Այվազյանի խոսքերով` Հայաստանի բարձրագույն քաղաքական իշխանության որոշ ներկայացուցիչներ, հաշվի չառնելով հայ ժողովրդի կենսական շահերը, ընդունել են Թուրքիայի կողմից վաղուց առաջադրվող նախապայմանները. «ՀՀ բարձրագույն քաղաքական իշխանության որոշ ներկայացուցիչների ներհայկական լսարանի համար հնչեցվող ճառերն ու հավաստիացումներն ակնհայտորեն հակասում են միջազգային ասպարեզում նույն պաշտոնյաների իրական քայլերին և հայտարարություններին»,-համոզված է նա:

    Նրա կարծիքով` իշխանությունը համաձայնել է ստեղծել հայ և թուրք պատմաբաններից բաղկացած համատեղ հանձնաժողով Հայոց ցեղասպանության իրողությունը վիճաբանության առարկա դարձնելու համար, որով միջազգային ասպարեզում կասկածի տակ է դրվելու է Հայոց ցեղասպանության փաստը:

    «Առհասարակ պետք է արձանագրել, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հաղթական երթը տորպեդահարվեց անմիջապես այն բանից հետո, երբ ՀՀ-ն թույլ տվեց իրեն ներքաշել մեռելածին «ֆուտբոլային դիվանագիտության» մեջ, որի ընթացքում որևէ պետություն Հայոց ցեղասպանության ճանաչման ակտ չի ստորագրել»,- մեկնաբանեց Արմեն Այվազյանը:

    Արմեն Այվազյանին առկա տեղեկատվությունը թույլ է տալիս եզրակացություն անել, որ Հայասատանի իշխանությունները պատրաստվում են ճանաչել Թուրքիայի ներկա սահմանները` հրաժարվելով տարածքային և քաղաքական փոխհատուցումներից:

    «Խոսքը վերաբերում է Կարսի պայմանագրի վերահաստատմանը, անկախ նրանից` հիշատակվելու է այդ պայմանգիրը բուն տեքստում, թե ոչ»,- ասաց նա:

    Արմեն Այվազյանը համոզված է, որ իշխանությունները տեղի են տվել նաև Թուրքիայի գաղտնի նախապայմանին` հրապարակայնորեն հայտարելով իրենց համաձայնությունը` թույլ տալու թուրքական ընկերություններին դառնալ Հայկական ատոմակայանի բաժնետեր:

    «Դրա հետևանքով Հայաստանի ազգային անվտանգության համակարգը դադարում է իր գոյությունը, խաթարվում է հայ ժողովրդի հոգեբանական անվտանգությունը, քողարկվում է Թուրքիայի թշնամի լինելը, դյուրացվում են թուրք-ադրբեջանական դաշինքի հակահայկական գործողությունները»,- շարունակեց Արմեն Այվազյանը:

    Իսկ ինչ վերաբերում է «իր բովանդակությամբ անհայտ, սակայն իր ներգործությամբ ակնհայտորեն հակահայկական «Ճանապարհային քարտեզին», ապա դրա հրապարակումը, ըստ Արմեն Այվազյանի, եղել է Թուրքիայի պահանջով` «նվաստացնելու հայության արժանապատվությունը, բարոյապես նախապատրաստելու հայ ժողովրդին ազգային շահերից և նպատակներից հետագա նախագծած հրաժարման նպատակով»:

    Արմեն Այվազյանը նշեց, որ պատրաստել են իրենց պահանջները ներառող մի հայտարարություն, որը կտեղադրվի կենտրոնի կայքում և հայ-թուրքական հարաբերություններում առկա մտահոգությունները կիսողները կարող են միանալ հայտարարությանը:

    7or.am, 01.05.2009
    Արմեն Այվազյան. «Հետագա քայլերի մասին կարելի է խոսել նախաձեռնության արդյունքներից հետո միայն»

     

    «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնը «Հայ-թուրքական միջպետական ներկա գործընթացը և այսպես կոչված Ճանապարհային քարտեզը» թեմայով հասարակական քննարկում էր կազմակերպել Էրեբունի պլազայում, որտեղ հայտարարություն էր տարածել, պահանջելով՝ «անհապաղ պաշտոնանկ անել հայ ժողովրդի կենսական շահերի դեմ ոտնձգություն կատարած ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին և պաշտոնատար այն անձանց, որոնք նպաստել են «ճանապարհային քարտեզի» ընդունմանը»։

    Ինչ վերաբերում է նախաձեռնությունից հետագա քայլերին, ապա «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի տնօրեն Արմեն Այվազյանը «7օր»-ին ասել է.

    -Մեր հետագա քայլերը պարզ կլինեն ստորագրահավաքից հետո, գործընթացը թող ավարտվի՝ հետո կտեսնենք։

    Հռակ ատենապետ Հարություն Առաքելյանը նույնպես հորդորել է սպասել.

    –Հետագա քայլերի մասին կարելի է խոսել նախաձեռնության արդյունքներից հետո միայն,–ասել է նա։



    Ապրիլ 30, 2009 17:48

     


    ՀՅԴ–ն արտգործնախարարի հրաժարականի հարցը չի քննարկել

    ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերով պատասխանատու Կիրո Մանոյանը, «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի անցկացրած քննարկման մասնակիցների արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հրաժարականի պահանջի վերաբերյալ, «7օր»-ի հետ զրույցում ասել է.

    -Մենք չենք քննարկել արտգործնախարարի հրաժարականի հարցը։ Իսկ հասարակական կազմակերպությունների պահանջը իրենց գործն է։

    Ապրիլ 30, 2009 17:31

    Է. Նալբանդյանի հրաժարականի համար Է. Շարմազանովը որևէ հիմք չի տեսնում

    «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի կազմակերպած քննարկման ժամանակ մասնակիցները պահանջել են արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հրաժարականը։

    Այս կապակցությամբ՝ ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը «7օր»-ին ասել է, որ հարգում է քաղաքական բազմակարծությունը և կարծիք հայտնելու մարդկանց իրավունքը, սակայն չի կիսում նրանց պահանջը։

    -Այս ընթացքում արտգործնախարարությունը որոշակի հաջողությունների հասել է նախագահի գլխավորությամբ իրականացվող նախաձեռնողական արտաքին քաղաքականության արդյունքում։ Դրա վառ ապացույցը վերջերս հայ-թուրքական հարաբերություններում նաև Ամերիկայի պետդեպարտամենտի հայտարարությունն է, որտեղ հստակ նշվում է, որ Հայաստանը Թուրքիայի հետ հարաբերությունները պետք է հաստատի առանց նախապայմանների։ Դա այն դրույթն է, որի մասին մշտապես խոսել է հայկական կողմը։ Ես որևէ հիմք չեմ տեսնում, որ արտգործնախարար պրն. Նալբանդյանը հրաժարական տա,- ասել է Է. Շարմազանովը։

    Արամ Սաֆարյանն Էդվարդ Նալբանդյանի հրաժարականի համար պատճառներ չի տեսնում

    «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնը, ՀՌԱԿ կուսակցությունը և մի շարք այլ հասարակական-քաղաքական կազմակերպություններ հայտարարություն են տարածել, որով պահանջել են ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հրաժարականը։

    Այդ կապակցությամբ՝ Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը «7 օր»-ին ասել է.

    -Ես զերծ կմնամ այդ կապակցությամբ որևէ հայտարարություն անելուց։ Դրա համար առայժմ պատճառներ չեմ տեսնում։

    Ապրիլ 30, 2009 19:53

    Լևոն Զուրաբյանը՝ Էդվարդ Նալբանդյանի հրաժարականի պահանջի մասին

    «Ինչպես եք գնահատում մի շարք հասարակական և քաղաքական կազմակերպությունների՝ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրաժարականի պահանջը»,- «7օր»-ի հարցին Հայ Ազգային Կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանը պատասխանել է.

    -Մենք ամբողջ իշխանության հրաժարականն ենք պահանջում։ Ինչի՞ մասին է խոսքը։ Մեր պահանջն ավելի մեծ է. մենք պահանջում ենք արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրություններ,- ասել է Լ. Զուրաբյանը։


    Армен Айвазян и участники форума требуют отставки главы МИД Эдварда Налбандяна

     

    Analitika.at.ua. Центр стратегических исследований «Арарат» провел в бизнес центре «Эребуни плаза» общественные обсуждения по поводу современных процессов в армяно-турецких межгосударственных отношениях и так называемой «дорожной карты».

    Участниками обсуждений являются доктор политологии, директор центра стратегических исследований «Арарат» Армен Айвазян, лидер Либерально-демократической партии Армении Арутюн Аракелян, эксперт, к-т техн. наук Арутюн Месробян и директор эл. библиотеки Armenianhouse.org Карен Варданесян. В обсуждениях участвовали также общественные деятели и представители интеллигенции.

    Участники обсуждений требуют отставки главы МИД Армении Эдварда Налбандяна.


    «Ժամանակ», 2.05.2009

     

    Էդիկ Նալբանդյանի սիմվոլիկ նշանակությունը

    «2009թ. ապրիլի 23-ին մենք զարթնել ենք այլ Հայաստանում, որը հայտնվել է թշնամու դիվանագիտական եւ գաղափարական ամուր ճիրաններում: Այս պայմաններում այն անմիջական քայլերը, որոնք կարող են որոշակիորեն լիցքաթափել հայ ժողովրդի ընդերքում առաջացած արդար վրդովմունքը` ՀՀ արտգործնախարարի հրաժարականն է, հայ-թուրքական «Ճանապարհային քարտեզի» դենոնսացիան, Թուրքիայի հետ ներկա պարտվողական բանակցային գործընթացի անհապաղ դադարեցումը, մինչեւ վերջինիս կողմից Հայաստանի նկատմամբ թշնամական հարաբերությունների դադարեցումը, այդ թվում` Հայոց ցեղասպանության ճանաչումը եւ Արցախյան հիմնախնդրում Ադրբեջանին օժանդակելուց հրաժարվելը», – նախօրեին նման հայտարարություն արեց «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի տնօրեն Արմեն Այվազյանը` հայ-թուրքական միջպետական ներկա գործընթացին վերաբերող քննարկման ժամանակ:

    Արմեն Այվազյանից երեկ հետաքրքրվեցինք` ինչու են պահանջում ԱԳ նախարարի հրաժարականը, եթե մեր երկրի արտաքին քաղաքականությունը ՀՀ նախագահի մենաշնորհն է, հետեւապես` նպատակահարմար չէ՞ պահանջել նրա հրաժարականը: «Ներկա պահին` մեր երկրի համար առաջնային խնդիրը ՀՀ-ի նկատմամբ Թուրքիայի կապիտուլյացիոն քաղաքականության դադարեցումն է, այլ ոչ թե նախագահի հրաժարականը: Որովհետեւ կարելի է ինչ-ինչ պայմաններում հասնել նախագահի հրաժարականին, բայց տարվող քաղաքականությունը կարող է շարունակվել: Նրանք, ովքեր կարծում են, թե նախագահի հրաժարականով այս խնդիրը կլուծվի եւ այս քաղաքականությունը կլուծվի, նրանց հետ ես համամիտ չեմ: Ընդ որում` նախագահի հրաժարականը շատ ավելի բարդ ու երկարաժամկետ պրոցես է: Բայց միաժամանակ այդ բարդ խնդիրը լուծելուց հետո կարող է այդ քաղաքականությունը շարունակվել», – ասաց Ա.Այվազյանը` հավելելով, թե իր հայտարարության մեջ շեշտը դրված է ոչ թե հրաժարականի վրա, այլ` տարվող քաղաքականության դադարեցման: Իսկ եթե չեք բացառում, որ նախագահի հրաժարականով կդադարեցվի հայ-թուրքական հարաբերությունների ուղղությամբ ընթացող քաղաքականությունը, այդ դեպքում գուցե ԱԳ նախարարի հրաժարականի հա՞րց էլ օրակարգից հանեք, միեւնույն է, դրանից որեւէ բան չի փոխվելու: Մեր այս դիտարկմանն ի պատասխան` Ա.Այվազյանն ահա թե ինչ պատասխանեց. «Դիվանագիտական պրակտիկան այսպիսին է` եթե դու փոխում ես քո քաղաքականությունը, օրինակ` արտաքին քաղաքականության ասպարեզում, դու դա անում ես ԱԳ նախարարին փոխելով: Կամ` ինչ-որ մի դեսպանի կամ ինչ-որ կարեւոր դիրք զբաղեցնող դիվանագետի հեռացնելով: Դրանով դու ազդանշան ես տալիս, որ դու փոխել ես քո հայացքը»: Պրն Այվազյանը առաջարկեց չսեւեռվել ԱԳ նախարարի հրաժարականի վերաբերյալ իրենց բարձրացրած հարցի վրա` նշելով. «ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրաժարականն այն սիմվոլիկ եւ պրակտիկ կետն է, որը օգնելու է լուծել մնացած չորս հարցերը»: Այդ դեպքում` ի գործ:

    Հ.Մ.

     

    Հայկական հետախուզության գաղտնի գործողությունները՝ 1720-ական թթ.

    3 Հունիսի, 2012

    Հոդվածս նվիրում եմ հայրենասեր գործիչ,Խորհրդային Միության հերոս Գևորգ Վարդանյանի պայծառ հիշատակին

    Առհասարակ որքանո՞վ է արդարացված մի հետախուզական ցանցի մասին խոսելը, որը 1720-ական թթ. կատարում էր Արցախում և Սյունիքում կենտրոնացած հայկական զինված ուժերի ղեկավարության առաջադրանքները։ Իսկ եթե այդ մասին կան վավերական պատմական տեղեկություններ (իսկ դրանք կա՛ն), ապա ո՞վ և ե՞րբ է ստեղծել հայկական այդ արտաքին հետախուզությունը։ Ու՞մ է այն ենթարկվել իր գոյության տարբեր փուլերում։ Ո՞ր պետություններում, շրջաններում և քաղաքներում է այն գործել։ Ինչպիսի՞ խնդիրներ են նրա առջև դրվել մինչև ապստամբության սկսվելը` 1722 թ. և դրանից հետո։ Ի՞նչ գաղտնի գործողություններ է այն հաջողությամբ իրականացրել և որոնցու՞մ է ձախողում կրել։ Արդյո՞ք մեզ հայտնի են այդ տարիներին գործած գոնե մի քանի հայ հետախույզների անուններ։ Ահա ընդամենը մի քանիսն այն հարցերից, որոնք ես ավելի մանրամասն քննում եմ հրատարակության պատրաստվող գիտական առանձին ուսումնասիրության մեջ։ Իսկ թերթային սույն հրապարակման մեջ ընդհանուր առմամբ ուրվագծված է հայկական հետախուզության գործունեությունը 1720-ական թթ., ինչպես նաև համառոտաբար ներկայացված է նրա հզոր գործակալական կայանը (ռեզիդենտուրա)՝ Ռեչ Պոսպոլիտայի Կամենեց-Պոդոլսկ քաղաքում։

    Սկզբում, սակայն, հիշեցնենք պատմական իրադրությունը։ Ինչպես արդեն ներկայացրել եմ «Հայաստանի զրուցակցի» մի շարք հրապարակումներում (թիվ 155, 181, 205), 1722-ից մինչև 1724 թ. հայ ապստամբական ուժերին հաջողվեց ամուր վերահսկողություն հաստատել Արցախի (Ղարաբաղ) և Սյունիքի (Ղափան) վրա։ Հայ ռազմաքաղաքական իշխանության տարածագոտու (մասնավորապես՝ երևանյան և նախիջևանյան ուղղություններով) ընդլայնման փորձերը հաջողություն չունեցան մի շարք պատճառներով։ Դրանցից գլխավորը 1723 թ. սկսված օսմանյան ներխուժումն էր Իրան, այդ թվում՝ Արևելյան Հայաստան և Անդրկովկաս։ Բայց օսմանյան բանակները տարածաշրջանում գտնվելու ամբողջ տևողության ընթացքում, այսինքն՝ ընդհուպ մինչև 1735 թ., որքան էլ հարձակողական խոշոր արշավանքներ ձեռնարկեցին ու նաև խուլ շրջափակում հաստատեցին հայկական այդ ինքնակառավարվող նահանգների դեմ, չկարողացան կոտրել նրանց դիմադրական ներուժը։

    1722 թ. նախորդող առնվազն երկու տասնամյակի ընթացքում հայկական ընդհատակյա դիմադրության ղեկավարությունը մեծ նախապատրաստական աշխատանք էր կատարել, այդ թվում՝ ստեղծել էր գաղտնի գործակալների միջազգային ցանց, որը գործում էր Սեֆյան Իրանում, Օսմանյան կայսրությունում, Եվրոպայում և Ռուսաստանում։ Թեև որոշակի հիմքեր կան կարծելու, որ այդ աշխատանքը նախաձեռնվել էր տակավին 17-րդ դարի երկրորդ կեսին, սակայն նպատակասլաց ու եռունդուն կերպով այն սկսեց իրագործվել Իսրայել Օրու՝ Եվրոպայից Արևելյան Հայաստան վերադառնալուց ու նրա ներկայացրած ազատագրական հստակ ծրագրերի նախնական կիրարկման պահից (1699-1701 թթ.)։ Այդուհետ ու մինչև 1722 թ. հայրենիքում և արտասահմանում իրականացվող հայկական գաղտնի գործողությունների բոլոր թելերը տանում էին, վերջիվերջո, դեպի ազգային ընդհատակի կենտրոնական երեք դեմքերը՝ Իսրայել Օրին (սպանվել է Աստրախանում՝ 1711թ.), Գանձասարի կաթողիկոս Եսայի Հասան-Ջալալյանը (մահացել է Արցախում՝ 1728թ.) և Օրու մահվանից հետո Ռուսաստանում հայ ազատագրական շարժման լիազոր ներկայացուցիչ դարձած Մինաս վարդապետ Տիգրանյանը (մահացել է Մոսկվայում՝ 1740թ.)։

    Ներկայացված հարցերը քննելիս պետք է նկատի ունենալ էական մի հանգամանք։ Քանի որ 1720-ական թթ. ազատագրական շարժումը չհասավ նախնական նպատակին՝ ազատագրությանը Սեֆյան Իրանի ու, առաջին իսկ հնարավորության դեպքում՝ նաև Օսմանյան կայսրության լծից, ապա նրա պատմության, կարևոր զարգացումների, ղեկավարների և շարքային մասնակիցների մասին եղած տեղեկատվության մեծ մասը, անվտանգության նկատառումներից ելնելով, ժամանակին ոչնչացվել է հենց հայ գործիչների ձեռքով։ Ընդ որում, դեռ այն ժամանակ ամենից խիստը պահպանվում (ու առաջինն էլ ոչնչացվում) էր, բնականաբար, այն տեղեկույթը, որը վերաբերում էր հակառակորդի տարածքում կամ երրորդ պետություններում հայկական ուժերի իրականացրած հետախուզական և այլ գաղտնի գործողություններին։

    Հայկական ընդհատակյա դիմադրությունն աշխատում էր չափազանց վտանգավոր պայմաններում՝ պարսկական և օսմանյան իշխանության պահնորդների և նրանց տեղական մանկլավիկների անխոնջ և անդադար հսկողության ներքո։ Այսպես՝ 1722 թ. դեռ շատ առաջ՝ 1703 թ. մայիսի 27-ին Պետրոս Ա ցարին առաքված նամակում հայ մելիքները նշում էին՝ «շրջապատված ենք անհավատների լրտեսներով» (“окружены шпионами неверных”)։ Ճիշտ այդ պատճառով էլ Գանձասարի կաթողիկոս Եսայի Հասան-Ջալալյանը՝ 1718 թ. սեպտեմբերի 24-ին Մինաս Տիգրանյանին հասցեագրված իր նամակում բազմիցս նախազգուշացնում էր հույժ գաղտնիություն պահպանելու անհրաժեշտության մասին (ռուսերեն թարգմանությամբ պահպանված այս նամակից մեջ ենք բերում մեզ հուզող խնդիրը լուսաբանող մի հատված).

    «մեր անկյալ ազգը՝ բոլոր հայ քրիստոնյաները, մեծավորներն ու փոքրավորները, ազատություն են տենչում…. որքան ուժեր ունենք՝ բոլորը պատրաստության մեջ են գտնվում և ակնկալում հասնել այն օրվան, երբ հնուց ի վեր սպասված ազատությունը նորից ամբողջ սրտով կստանանք:

    մյուս հարցերի մասին Այվազը ձեզ բանավոր կզեկուցի: Թեև ցանկանում էինք այս նամակն առավել մանրամասն շարադրել, սակայն բազմաթիվ պատճառներով չհամարձակվեցինք: Սա էլ գրեցինք, անսալով Այվազի թախանձագին խնդրանքներին, հավատ ընծայելով նրա երդմանը: Նրան նաև համառոտաբար մեր ձեռնարկի մասին պատմեցինք: …եթե հանկարծ մեր ժողովրդից որևէ չար մարդ կամ լրտես տեսնի կամ լսի այս նամակների մասին՝ իմացած եղեք, որ մեր վերջն արդեն եկավ, իսկ Տունն այս հիմքից կքանդվի: Այդ իսկ պատճառով էլ՝ բարեհաճեք աչալրջորեն գործել և մեր ձեռնարկն այնպիսի գաղտնիության մեջ պահել, որ որևէ մեկին բացահայտ չլինի ու, կրկնում եմ, հայտնի չդառնա: Դուք էլ գիտեք, որ մեր թշնամիներն ամենուր շատ են: Դարձյալ հաստատում եմ, վարդապե՛տ. եթե այս նամակների մասին իմանան, մեզ կոչնչացնեն: Գործն այնպես տեսեք, որ մեր մահից հետո էլ անգամ այն հայտնի չդառնա»։

    Հետաքրքիր է, որ Եսայի Հասան-Ջալալյանի զգուշացում-առաջադրանքը, թե՝ «գործն այնպես տեսեք, որ մեր մահից հետո էլ անգամ այն հայտնի չդառնա», Մինաս վարդապետը կատարում է անթերի, մինչև իր կյանքի վերջը: Այսպես՝ 1740 թ., վախճանվելուց ընդամենը մի քանի շաբաթ առաջ, նա կտրուկ հրաժարվում է բացահայտել ռուս չինովնիկներին պարսկերեն լեզվով գրված մի փաստաթղթի բովանդակությունը՝ ասելով, որ այդ մասին որևէ մեկը չպետք է իմանա. ինչպես նրանք պատմում էին՝«Սնդուսված մեծ թղթի վրա՝ պարսկերենով գրված մի թերթ, իսկ թե ի՞նչ գործի մասին է այն գրված՝ Վարդապետը հրաժարվեց բացահայտել՝ ասելով, որ այդտեղ գրված գործի մասին որևէ ոք չպետք է իմանա»։

    Չնայած ձեռնարկված բոլոր նախազգուշական միջոցներին, 1720 թ. տեղի է ունենում տեղեկույթի լուրջ արտահոսք, որի հետևանքով, հնարավոր է, բացահայտվում է հայ գործակալներից ոմանց ինքնությունը, ըստ այդմ՝ ինչ-ինչ գործողություններ էլ ձախողվում են։ Այդ մասին է վկայում, մասնավորապես, հայկական ընդհատակի հին գործիչներից մեկի՝ Մինաս վարդապետին 1725 թ. առաքած նամակի հետևյալ հատվածը. «Հայր սուրբ, այժմ ամենուրեք հայտնի եղավ մեր բանը. այսքան տարի ոչ ոք չգիտեր քո խորհրդի և գործունեության մասին, այլ և այն բանի մասին, որի համար դու այդտեղ ապրում ես: Ահա այժմ հինգ տարի է, ինչ մեր բանը հայտնի դարձավ բոլոր դավաճաններին…»։

    Սակայն հայկական արտասահմանյան գործակալական ցանցի հետ աշխատանքի պայմանները 1722-1724 թթ. ենթարկվեցին մեծ ցնցումների և ձևափոխման ։

    Նախ՝ խստագույնս գաղտնակալված հայկական դիմադրությունը, մեկեն վերածվելով ժողովրդական ազգային-ազատագրական ընդվզման, ռազմաքաղաքական ասպարեզ բերեց նոր ղեկավար գործիչների, որոնք մինչ այդ որևէ կապ չէին ունեցել հայկական ընդհատակի, առավել ևս՝ արտասահմանում գտնվող նրա գործակալների հետ։ Սա հասկանալի բարդությունների տեղիք էր տալիս ինչպես «հին գվարդիայի» և նոր մարտիկների հարաբերություններում, այնպես էլ արտաքին հետախուզության կառավարման գործում։ Այդ առումով որոշակի դժվարություններ առաջացան այն հայ հետախույզների համար, որոնք մինչև 1722 թ. գործակցել էին ազգային ընդհատակի կենտրոնացված ղեկավարության հետ։ Ավելին՝ ռազմավարական իրադրության ծայրահեղ վատթարացման պատճառով 1722-1735 թթ. չհաջողվեց ստեղծել արցախյան և սյունյաց բոլոր զորքերի միասնական օպերատիվ մի հրամանատարություն, որը կարող էր ի թիվս այլ խնդիրների՝ իր վրա վերցնել արդեն իսկ առկա արտասահմանյան գործակալական ցանցի կայուն ղեկավարումն ու անհրաժեշտ համադրումը։ Բայցևայնպես՝ այդ ցանցի հետ տարվող աշխատանքը շարունակվում էր և երբեմն, ինչպես ստորև ցույց կտրվի, շատ արդյունավետորեն։ Թվում է, թե Եսայի կաթողիկոսի որոշակիորեն թուլացած դիրքն ու ազդեցությունն Արցախի հայկական ուժերի քաղաքական ղեկավարության կազմում հաջողվեց պահպանել շնորհիվ նաև հայ հետախույզների հետ նրա ունեցած հին կապերի և նրանց շրջանում վայելած հեղինակության։ Չէ՞ որ նա այն քչերից էր, ովքեր կանգնած էին հայկական հետախուզության ստեղծման ակունքներում։ Ապստամբած Արցախում և Սյունիքում գտնվող հայկական դիմադրության նախկին ղեկավարներից նա ամենատարեցն էր և ամենաբարձրաստիճանը։ Ուստի հե՛նց նրան էլ՝ իրենց նախկին ղեկավարին (նորագույն տերմինով ասած՝ «շեֆին») հայ հետախույզները կարող էին ամենից շատ վստահել ու նրա կամ նրա երաշխավորած անձանց հետ համարձակորեն շարունակել աշխատել։

    Երկրորդ՝ մի կողմից օսմանյան ներխուժման, մյուս կողմից Պետրոս Ա-ի՝ ռուսական բանակը դեպի Հայաստան ու Վրաստան չշարժելու խոստումնադրուժ քայլի հետևանքով Արցախում և Սյունիքում հայկական ուժերը շուտով հայտնվեցին օսմանյան շրջափակման մեջ։ Այդպիսով՝ մեծապես խաթարվեց մշտական և ապահով կապը հայրենիքից դուրս գտնվող հայկական դիմադրության գործակալների հետ։ Հայկական զորքերի և Ռուսաստանում, Եվրոպայում ու նույնիսկ Օսմանյան կայսրությունում գտնվող նրանց հին ու նոր գաղտնի գործակալների միջև ամենահասանելի և վստահելի կապող օղակն ըստ ամենայնի մնում էր Ռուսաստանում ապստամբած հայության շահերը պաշտոնապես ներկայացնող Մինաս Տիգրանյանը։ Նրան էին ուղարկվում հետախուզական տեղեկություններն ու ամփոփագրերը՝ Անդրկովկասում, Իրանում, Օսմանյան կայսրությունում տիրող ռազմաքաղաքական իրավիճակի, ինչպես նաև հայկական գործակալական ցանցի գործունեության մասին։ Իսկ այն հետախույզներին, ոովքեր տևականորեն կամ ընդմիշտ կտրվեցին «կենտրոնի» հետ կապից ու նրա ուղղակի ցուցումներից, մնում էր գործել սեփական հայեցողությամբ։ Ընդ որում, 1722 թ. դրությամբ արտասահմանում աշխատող պատրաստված և փորձառու հայ գործիչներից ոմանք հետագայում այդպես էլ չկարողացան վերադառնալ հայրենիք և անմիջական մասնակցություն բերել այնտեղ ծավալված ազատագրական պատերազմին։

    Իսկ 1720-ական թթ. հայոց ազատամարտի մասին մեզ հասած տեղեկությունները պահպանվել են շնորհիվ մի քանի արժեքավոր պատմագրական երկերի, ինչպես նաև այն բավականին ծավալուն գաղտնի նամակագրության, որը վարում էին ըմբոստ հայության ղեկավարները Ռուսաստանի, Վատիկանի, Գերմանական Ազգի Սրբազան Հռոմեական կայսրության, գերմանական Պֆալցի իշխանապետության, Լեհաստանի (Ռեչ Պոսպոլիտա) պաշտոնական իշխանությունների հետ և որը պահվում է արտասահմանյան պետական պատմական դիվաններում։ Նույն դիվաններում պահվում է նաև իրենց՝ հայ գործիչների միջև ընթացած գաղտնի գրագրության մի մասը։

    Այդ տարանջատ, հատվածական, բազմալեզու, բազմատեսակ ու ցրված տեղեկությունների համադրումն ու վերլուծությունը ծայրաստիճան բարդ լինելով հանդերձ՝ այնուամենայնիվ հնարավորություն է տալիս վստահաբար եզրակացնել, որ ազատամարտի նշված ժամանակահատվածում հայկական զինված ուժերի ղեկավարությունը հաճախ էր ձեռնարկում գաղտնի գործողություններ, որոնց թվում էին.

    1. Տարատեսակ արտասահմանյան ատյանների և դեմքերի հետ գաղտնի կապի հաստատումն ու պահպանումը, այդ թվում.

    1.1. Մերձկասպյան շրջաններում գտնվող ռուսական հրամանատարության, երբեմն էլ՝ նրա միջոցով ուղղակիորեն Ս. Պետերբուրգի և Մոսկվայի հետ.

    1.2. հյուսիսային Իրանում պարսկական փոքրաթիվ ուժերով ապաստան գտած Թահմասպ Բ շահի հետ.

    1.3. մշտապես Ռուսաստանում գտնվող վերոհիշյալ Մինաս վարդապետ Տիգրանյանի հետ.

    1.4. հայ ազատագրական շարժման խստագույնս գաղտնակալված այն գործակալների հետ, որոնք գտնվում էին Արևմտյան Հայաստանում, Ղրիմում, Իրանում, Լեհաստանում և մի քանի ուրիշ եվրոպական պետություններում, ինչպես նաև օսմանյան ռազմակալման տակ հայտնված Անդրկովկասի և հյուսիսային Իրանի տարածքներում.

    1.5. Արևմտյան Հայաստանի հարավային շրջաններում և Քրդստանում բնակվող ասորիների և եզդիական որոշ ցեղախմբերի ղեկավարության հետ։

    2. Հայ երիտասարդության զորահավաքների գաղտնի կազմակերպում հայկական զինված ուժերի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներում, այդ թվում՝ Արևելյան և Արևմտյան Հայաստանում, Ղրիմի, Լեհաստանի, Հունգարիայի, Վալախիայի, հնարավոր է նաև՝ հայերով խիտ բնակեցված այլ վայրերում։

    3. Հայ երիտասարդության գաղտնի գործուղումը ռազմական կրթություն ստանալու։ Բոլոր հիմքերը կան կարծելու, որ 1720-ական թթ. արտասահմանում գաղտնի զորահավաքների ենթարկվող հայ երիտասարդության մի մասը մինչ այդ Հայաստանից ու տեղի գաղթօջախներից գործուղվել էր ստանալու և 1722 թ, դրությամբ արդեն ստացել էր ռազմական կրթություն (ցանկալի էր համարվում եվրոպականը), ամենասկզբից իմանալով դրա բուն նպատակի՝ առաջիկայում Հայաստան ուղարկվելու և այնտեղ ազատագրական կռիվներին մասնակցելու մասին։

    4. Արտասահմանում զինվորագրված հայկական ջոկատների գաղտնի փոխադրումը Հայաստան։

    5. Տեղեկույթի գաղտնի հավաքումն ու վերլուծությունը, այդ թվում՝ հատկապես ռազմաքաղաքական, տնտեսական և ժողովրդագրական տեղեկությունների ձեռքբերումը, ներառյալ հակառակորդի զորքերի տեղաբաշխման, թվաքանակի, սպառազինության, պարենային ապահովվածության, զորատեսակների և բարոյահոգեբանական վիճակի, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային քաղաքական իրադրության մասին։

    6. Զենքի, զինամթերքի, մարտական դրոշների (այս մասին տե՛ս «Հայկական մարտական դրոշները և 1730 թ. հուլիսի 26-ի ռուս-թուրքական դիվանագիտական միջադեպը» հոդվածս, ՀԶ, թիվ 205), դրամի, անձնագրերի և այլ անհրաժեշտ պարագաների գաղտնի ձեռքբերումն ու փոխադրումը Հայկական Սղնախներ (կամ ինչպես այն ժամանակ նաև անվանում էին՝ Հայկական բանակ), այսինքն՝ Արցախում և Սյունիքում շուրջանակի պաշտպանություն իրականացնող հայկական զորքերին։

    Հայկական հետախուզությանը հետաքրքրող տեղեկույթը

    Պահպանված արխիվային վավերագրերում կան բազմաթիվ զեկուցագրեր և ամփոփագրեր, որոնք կազմել են հայ հետախույզները կամ նրանց վերադասները՝ հավաքված տեղեկությունների հիման վրա։ Որպեսզի ընթերցողը գոնե ինչ-որ պատկերացում կազմի դրանց բովանդակության, ոճի և հետաքրքրությունների շրջանակի մասին, համառոտաբար թվարկենք այն հարցերը, որոնք Պետրոս Ա-ին 1722 թ. դեկտեմբերի 9-ին ներկայացված զեկուցագրում լուսաբանում է Մինաս Տիգրանյանը (այս տեղեկությունները հավաքել էին երկու հայ «լեգալ հետախույզները», ում 1722 թ. սեպտեմբերին Մինասը հատուկ ուղարկել էր Թիֆլիս՝ Ի. Ա. Տոլստոյի գլխավորած ռուսական պատվիրակության կազմում).

    • Իրանի մայրաքաղաք Սպահանում և մյուս քաղաքներում տիրող ռազմական իրադրությունը. «շահի մայրաքաղաքում նստած է Միրվեիզի որդին (նկատի ունի՝ աֆղանական զորքերի հրամանատար Միր-Մահմուդին. – Ա.Ա.), ինքը շահը՝ ձերբակալված է, իսկ թագաժառանգը՝ Ղազվինում է»։
    • Հայկական զորքերի թվաքանակն Արևելյան Հայաստանում ու նրանց տեղաբաշխման վայրերը. «առաջ հայկական զորքի թիվը 20 հազար էր, իսկ այժմ արդեն 30 հազար է հավաքվելՆրանք պատրաստ կանգնած են Արարատում (իմա՝ Երևանի նահանգում. – Ա.Ա.), Գողթան գավառում, Ղափանում…»։
    • Կանխավ արված հավաստի նախազգուշացում օսմանյան ներխուժման վտանգի և պարսկական Հայաստանի սահմաններին օսմանյան զորքեր մոտեցնելու մասին. «իսկ այդ Պաղեստինը (նկատի ունի՝ Ս. Էջմիածինն ու Երևանի նահանգը. – Ա.Ա.) թուրքական սահմանից շատ մոտ է, այդ պատճառով մեծ մտավախություն կա… Կարսից և Էրզրումից թուրքերը եկել-մոտեցել են ճիշտ սահմանի եզրին»։
    • Ծանր դրությունը, որում հայտնվել էր Ս. Էջմիածինը, և կաթողիկոս Աստվածատուր Ա Համադանցու ժամանակավոր ձերբակալումը պարսկական իշխանությունների կողմից։
    • Քարթլիի և Կախեթի տիրակալներ (թագավորներ) Վախթանգ VI-ի և Մահմեդ-ղուլի խանի (Կոնստանտինի) միջև լարված հարաբերությունները և հաշտեցման փորձերը։
    • Օսմանյան բանակի գլխավոր հրամանատարի՝ Վախթանգին առաքած գրավոր բողոքն ու նախազգուշացումը՝ պարսից շահի նկատմամբ իր վարքագիծը բացատրելու պահանջով, որն արվել էր հայկական և վրացական զորքերի զորահավաքի, զորաշարժերի և ընդհանուր ռուսամետ տրամադրվածության առիթով։
    • Պարսկաստանում անվտանգության ընդհանուր իրադրության վերահսկողությունից դուրս գալը. «իսկ այժմ պարսից տերության տարածքում ճանապարհորդելը չափազանց վտանգավոր է»։
    • Այն լուրը, որ 1723 թ. գարնանը հնարավոր է աֆղանական զորքերը միանան կովկասցի լեռնականներին՝ ընդհանուր դավանանքի՝ սունիականության հողի հիման վրա։

    Հարցերի այս լայն թեմատիկ ընդգրկումն ինքնըստինքյան խոսում է հետախուզության տեղեկատվական բաղադրիչի նկատմամբ հայկական դիմադրության ղեկավարության, ինչպես նաև հետախուզական ցանցի բավականին մասնագիտական մոտեցման մասին։

    Թավրիզում հայկական հետախուզական ցանցի ճակատագիրը

    Արցախ և Սյունիք զենքի ու զինամթերքի գաղտնի տեղափոխումը տեղի է ունեցել, ամենայն հավանականությամբ, դեռևս մինչև 1722 թ.։ Իսրայել Օրու՝ նորագույն զենք ձեռքբերելու նկատմամբ դրսևորած հետաքրքրության մասին կխոսենք փոքր-ինչ ավելի ուշ, բայց նրա՝ Շամախիից դեպի Ղարաբաղ զենքի տեղափոխում կազմակերպելու մասին գրում էր խորհդային ճանաչված պատմաբան Վ. Պ. Լիսցովը (ցավոք, առանց իր օգտագործած սկզբնաղբյուրը մատնանշելու)։

    Սակայն ունենք խիստ արժեքավոր կոնկրետ տեղեկություն առ այն, որ զենքի և զինամթերքի գաղտնի տեղափոխումն Արցախ ու Սյունիք շարունակվել է նաև 1722 թ. հետո։ Ռուսական հրամանատարության կողմից հետախուզական առաքելությամբ հյուսիսային Իրան ուղարկված Ապել անունով մի ագուլիսցի հայ, վերադառնալով Բաքու, 1724 թ. հունիսի 16-ին զեկուցում էր, մասնավորապես, հետևյալը. «Եղել է նա Թավրիզում (1724 թ.) ապրիլ ամսվա վերջին օրերին, և մինչև նրա Թավրիզ ժամանելը շահի հրամանով ղափանցի 30 հայ են մահապատժի ենթարկել այն բանի համար, որ նրանք արճիճե գնդակներ և վառոդ են գնել ու տեղափոխել Ղափան»։

    Փաստորեն, խոսքը վերաբերում է Թավրիզում գործող հայկական հետախուզական ցանցի բացահայտմանը։ Ընդ որում, 1722 թ. երկրորդ կեսից սկսած հիմնականում հե՛նց Թավրիզում էին գտնվում ինչպես անձամբ շահ Թահմասպ Բ-ը, այնպես էլ նրա զորքերի շտաբը։ «Անլեգալ հետախուզների» այդպիսի լայն ցանց (30 ղափանցի հայ) անհնար էր ստեղծել 1724 թ.՝ հայոց ապստամբության բռնկումից երկու տարի անց, այն էլ՝ Սյունիքում (Ղափանում) պարսից և հայկական զորքերի միջև ընթացող կռիվների ամենաթեժ միջոցին։ Հետևաբար, այդ ցանցը ստեղծվել էր շատ ավելի վաղ` դեռ մինչև 1722 թ., և հասցրել էր մի շարք հաջող գործողություններ իրականացնել, այդ թվում՝ սյունյաց հայոց զորքերին զենք և զինամթերք մատակարարելու ուղղությամբ։ 1720-ական թթ. սյունեցիներն իրենց ընտիր հրազենային սպառազինվածությամբ, հնարավոր է, զգալիորեն պարտական էին հե՛նց հայկական դիմադրության թավրիզյան գործակալական կայանին։Զենքի տեղափոխումը Ղափան ենթադրում էր գաղտնի գործողությունների բարդ շղթայի առկայություն, ներառյալ՝ թավրիզյան գործակալական կայանի և սյունյաց «Կենտրոնի» միջև հնարավորին չափ կայուն կապի պահպանում, անհրաժեշտ միջոցների հայթայթում, հուսալի իրացնողների և միջնորդների հայտնաբերում, գնված ապրանքի ժամանակավոր պահեստավորում Թավրիզում, ապա կենսականորեն կարևոր այդ բեռների փոխադրում թշնամական տարածքի միջով Ղափան՝ Դավիթ Բեկի գործող զորքերին։ Այդ շղթան, ըստ ամենայնի, Թավրիզով չէր սահմանափակվում և մինչև 1722 թ. (Սպահանի գրավումը աֆղանների կողմից) հասնում էր հավանաբար հայոց Նոր Ջուղա՝ Սպահանին կից քաղաք, որն Իրանում հայկական կապիտալի և առևտրային խոշորագույն ընկերությունների կենտրոնն էր։ Սպահանի դեմ աֆղանական հարձակման տագնապալի օրերին պարզվեց, որ ջուղայեցիները նորագույն զենքի մի մեծ զինանոց ունեն։ 1722 թ. փետրվարի 20-ին, շահի հրամանով, քաղաքապետն ու մեծահարուստները դյուրությամբ զինում են 300 ընտիր հայ տղամարդու («լեվ տղայմարթ Խայ») հրացաններով, ատրճանակներով, թրերով, վահաններով և դաշույններով, ընդ որում՝ բոլոր հրացաններն ու ատրճանակները լինում են անգլիական և հոլանդական նորագույն արտադրության՝ «թամամ թֆանկըն և թափանջէքն Ինկլիզի և Յօլանդզի գընի»։ Իսկ եթե նկատի ունենանք, որ 18-րդ դարի հայ ազատագրական շարժման ակտիվ մասնակիցների թվում են եղել նաև որոշ ջուղայեցի վաճառականներ, ապա պետք է գրեթե աներկբա համարել հայկական հետախուզության Թավրիզի և Ջուղայի գործակալական կայանների համագործակցությունը՝ Սյունիք և Արցախ զենքի գաղտնի փոխադրման հարցում։

    «Խլուրդը» շահի շքախմբում

    Միաժամանակ, հիմքեր կան կարծելու, որ Թավրիզի գործակալական կայանի մի մասին հաջողվել է փրկվել։ Այսպես՝ ճիշտ այն ժամանակ, երբ Թավրիզում մահապատժի էին ենթարկում 30 ղափանցիներին, Թահմասպ Բ շահի շքախմբում ամենաբարձրաստիճան զորահրամանատարներից մեկն էր թիֆլիսեցի հայ Փարսադան-բեկը, որը նույն Ապելի հաղորդման համաձայն՝ «շահի ծառայության մեջ գեդալիբեկի կոչում ուներ»։ Իսկ ո՞վ էր Փարսադան-բեկը։ Բոլորովին այլ սկզբնաղբյուրներից տեղեկանում ենք, որ 1718 թ. այդ նույն Փարսադան-բեկը՝ Վախթանգ VI-ի հանձնարարությամբ, Սպահանում, Ռաշտում և Շամախիում հույժ գաղտնի բանակցություններ է վարել Իրանում Պետրոս Ա-ի դեսպան Արտեմի Վոլինսկու հետ՝ պարսկական լծից Արևելյան Հայաստանի և Վրաստանի ազատագրության հարցով։ Փարսադանի որդիներից երկուսը՝ Ռաֆայել-բեկն ու Թաղի-բեկը, 1724 թ. ապրիլին գտնվում էին հոր ենթակայության տակ՝ հրամանատարական պաշտոններով, բայց նույն թվականի վերջին նրանք որոշում են դուրս պրծնել շահական զորքերից և միանում են հայկական ջոկատներին, որոնք գտնվում էին ռուսական ռազմական զորախմբի կազմում՝ մերձկասպյան շրջաններում և այնտեղ էլ հիմնում են «Վրացական էսկադրոնը», որը ճնշող մեծամասնությամբ բաղկացած էր վիրահայերից (պարզապես այդ ժամանակներում նրանց ընդունված էր «վրացի», այն է՝ «վրաստանցի» կոչել)։ Մինչդեռ Փարսադանի երրորդ որդին՝ Աբդուլմասեհը, դարձյալ հրամանատարական պաշտոնով, 1722 թ. ի վեր Դավիթ-բեկի գլխավորությամբ մարտնչում էր Ղափանում՝ սկզբից պարսիկների, այնուհետև օսմանցիների դեմ, այնտեղ էլ՝ Խոտի գյուղի մոտ տեղի ունեցած ճակատամարտում զոհվելով ու թաղվելով։ Բայց ամենաապշեցուցիչ փաստն այն է, որ Փարսադան-բեկը ղափանցի հայերի առաջնորդի՝ հռչակավոր Դավիթ-բեկի աներն էր։ Այլ կերպ ասած՝ ոչ միայն Փարսադան-բեկը, այլև իր ընտանիքն ամբողջովին և անդառնալիորեն ընտրել էին ազատագրական պայքարի ուղին։

    Վերը նշվածից պարզ է դառնում, որ Փարսադան-բեկը, լինելով շահին առանձնապես մոտ կանգնած անձ, իրականում, մերօրյա տերմինով ասած՝ «խլուրդ» (թշնամու պետական կամ ռազմական կառույցներում գործող բարձրաստիճան գործակալ) էր, ում հայկական հետախուզությունը թողել էր Իրանում։ Երկար ժամանակ գտնվելով շահի կողքին Թավրիզում` Արցախի և Սյունիքի մերձակայքում՝ նա անտարակույս շարունակում էր հայ ապստամբների հետ համագործակցությունը և նրանց արժեքավոր տեղեկությունների փոխանցումը։ Թահմասպ Բ-ի ճամբարում նա միաժամանակ կատարում էր հայ ազգային-ազատագրական շարժման ազդեցության գործակալի դերը՝ թաքուն կերպով նպաստելով հայկական շահերի առաջխաղացմանը։ Բացի այդ, նրա՝ շահ Թահմասպի մերձավոր շրջապատում լինելը հնարավորություն էր ընձեռում Սյունիքից և Արցախից դուրս՝ պարսից խանական իշխանության տակ հեծող հայերին օրինապաշտ հպատակ ներկայանալ, պնդելով, որ ոչ բոլոր հայերն են զենք բարձրացրած ապստամբներ, այլ կան նաև Փարսադան-բեկի պես շահի հավատարիմ զինվորներ։ Այդ տարիներին Փարսադան-բեկն այն քչերից էր, ումից հայերը կարող էին օգնություն ակնկալել։ Առնվազն մեկ անգամ՝ 1723 թ. ամռանը Փարսադան-բեկը բացեիբաց պաշտպանեց Երևանի հայ բնակչությանը, որին պարսից իշխանությունները ենթարկում էին իսկական ահաբեկման։ Մի արժանահավատ սկզբնաղբյուր այդ պահին արձանագրել է հետևյալ իրողությունը. «Երևանի հայերին ու վանքերին շատ նեղություն են տվել, նրանք էլ մեկ խնդրագիր են գրել Փարսադան-բեկին՝ թե այսպիսի նեղության մեջ ենք՝ մեզ համար մի ճար տես։ Փարսադան-բեկն այդ մասին շահին զեկուցել է, շահից կարողացել է մի հրովարտակ (ռաղամ) ձեռքբերել և այն Երևան ուղարկել։ Նրանում ասվում էր, որ հայերին այլևս վնաս չտան»։

    Արդեն իսկ իր զբաղեցրած դիրքով Փարսադան-բեկը պետք է Թավրիզի հայկական գործակալական կայանի ղեկավարներից մեկը լիներ։ Բայց այն, որ նրա անձն ու պաշտոնը որևէ կերպ չտուժեցին անգամ Թավրիզում հայկական հետախուզական ցանցի խոշորագույն տապալումից հետո, ու նա շարունակում էր վայելել շահի լիակատար վստահությունը և լինել նրա մերձավոր նեղ շրջանակի անդամը, լավագույնս է փաստում Փարսադան-բեկի՝ որպես հետախույզի՝ բարձր պրոֆեսիոնալիզմը, ինչպես նաև այդ չափազանց արժեքավոր կադրի հետ գաղտնապահության խստագույն սկզբունքներով աշխատելու հայկական հետախուզության որդեգրած գործելաոճը։

    Իրադրությունն առավել պարզելու համար պետք է պատասխանել մեկ լրացուցիչ հարցի։ Պարզ է, որ շահ Թահմասպը տեղյակ չէր այն գաղտնի բանակցությունների մասին, որ 1718 թ. Փարսադան-բեկը վարել էր ռուս դեսպան Ա. Վոլինսկու հետ։ Բայց արդյո՞ք նա չգիտեր, որ Դավիթ-բեկը Փարսադան-բեկի փեսան է։ Կա երկու հնարավոր տարբերակ։ Առաջին և ավելի հավանական տարբերակն այն է, որ ելնելով արտակարգ իրավիճակի առանձնահատկություններից՝ Դավիթ-բեկի ամուսնությունը Փարսադան-բեկի դստեր (ի դեպ՝ հայտնի չէ, թե երկու քույրերից որի՝ Հուսնիբերի, թե Ալամի-սուլթանի) հետ չի հրապարակվել, այլ գաղտնի է պահվել։ Եթե նկատի ունենանք, որ Դավիթ-բեկի զոքանչն ու քենին (Փարսադան-բեկի կինն ու դուստրերից մեկը) մնացել և ապրում էին օսմանցիների ռազմակալման տակ գտնվող Թիֆլիսում, որտեղ և մահացել ու հուղարկավորվել են, ապա այս տարբերակն ավելի հավանական է թվում, որովհետև մեր ունեցած տեղեկություններով՝ նրանք վախճանվել են բնական մահով։ Սա նշանակում է, որ օսմանյան իշխանություններն այդպես էլ չեն իմացել նրանց՝ Դավիթ-բեկի հետ ունեցած ազգակցական մոտ կապի մասին, այլապես կենթարկեին նրանց ամենավայրագ վերաբերմունքի։ Քննարկենք նաև երկրորդ՝ պակաս հավանական, բայց միանգամայն հնարավորտարբերակը։ Շահը գիտեր Դավիթ-բեկի և Փարսադան-բեկի ազգակցական հարաբերությունների մասին, բայց շարունակում էր վստահել Փարսադանին՝ հաշվի առնելով Սեֆյանների համար այդ ծանր ճգնաժամային ժամանակաշրջանում անձամբ իրեն և գուցե նաև իր հորը նրա մատուցած մեծ ծառայությունները։ Հետախույզ Ապելը հաղորդում էր, որ շահի անձնական գվարդիայում ընդամենը մի քանի ընտիր ջոկատ կար ու նախևառաջ 300 «վրաստանցիներից» (վրացիներից և վիրահայերից) ու 25 «դերբենդցիներից» բաղկացած ջոկատը, ընդ որում՝ դրանց հրամանատարը (յուզբաշի) հայ էր։ Այդ լավագույն զինվորները և, բնականաբար, նրանց բոլորին գլխավորող, նրանց սերն ու հարգանքը վայելող ծերունազարդ Փարսադան գեդալիբեկն օդի պես անհրաժեշտ էին ծայրաստիճան աննախանձելի վիճակում հայտնված շահ Թահմասպին։ Մյուս կողմից՝ Փարսադանը պետք էր Թահմասպին, որպեսզի վերջնականապես չկորցներ Իրանի ազգաբնակչության զգալի մասը կազմող հայ ազգի վստահությունը և ապագայում գուցե նույնիսկ օգներ՝ կապ հաստատելու հայկական նորաստեղծ մարտունակ զինված ուժերի հետ՝ իր տերության սահմանները ներխուժած օսմանյան բանակների դեմ համատեղ պայքար ծավալելու համար։ Եվ իսկապես՝ մի քանի ամիս անց, ավելի ստույգ՝ 1724 թ. հուլիս-օգոստոսից շահ Թահմասպն սկսում է կամուրջներ գցել Ղափանի հայոց զինվորության հետ, իսկ երեք տարի անց՝ 1727 թ., նույն հակաթուրքական հենքի վրա տեղի է ունենում նրա լիակատար հաշտեցումը Դավիթ-բեկի հետ։ Թահմասպը ճանաչում է Դավիթ-բեկին՝ որպես Ղափանի տիրակալ ու հարակից շրջաններում գտնվող հայկական ու պարսկամետ զինված ուժերի գլխավոր հրամանատար՝ շնորհելով նրան նույնիսկ սեփական դրամ հատելու իրավունք։ Այս վերջին իրադարձություններում Փարսադան-բեկն արդեն հազիվ թե որևէ դերակատարում է ունեցել, որովհետև նա, ամենայն հավանականությամբ, արդեն կենդանի չէր։ Գիտենք, որ նա վախճանվել էր և հուղարկավորվել Արդեբիլում։ Ու թեև մեր սկզբնաղբյուրը չի նշում նրա մահվան տարեթիվը, սակայն Իրանից 1724 թ. վերջերին Ռաֆայել-բեկի և Թաղի-բեկի փախուստը և նրանց անցումը պարսկականից ռուսական ծառայության մեջ հուշում են, որ Փարսադանն իր մահկանացուն մինչ այդ պետք է կնքած լիներ։ Անհնար է պատկերացնել, որ որդիները հորը լքել էին ու մենակ թողել Իրանում, ինչը հավասարազոր կլիներ նրա դեմ մահապատժի վճիռ արձակելուն։ Այսպիսով, առայժմ հնարավոր չէ վստահաբար ասել, թե վերոհիշյալ երկու տարբերակներից ո՞րն է համապատասխանում պատմական իրականությանը։ Սակայն, ամեն դեպքում, իր ազդեցությունն է գործել նաև այն, որ Փարսադան-բեկը, բնականաբար, հրապարակայնորեն ժխտել է հայության ազատագրական ձգտումները և առերես ներկայացել որպես շահական իշխանության կատաղի ջատագով, ու հաստատ դա արել է վարպետորեն և համոզիչ կերպով։

    Վերադառնալով ռուսների կողմից Իրան ուղարկված հետախույզ Ապելի պատմությանը, դժվար չէ նկատել, որ նա անմիջապես հարմարավետորեն տեղավորվել էր Փարսադան-բեկի մոտ և այնուհետև նրա հետ միասին, գրեթե կատարյալ անվտանգության պայմաններում, ուղեկցել էր շահին Թավրիզից Արդեբիլ («за шахом следовал при Парсадим бекове»)՝ընդսմին հավաքելով ամենաթարմ և հավաստի տեղեկություններ։ Պարզ է, որ Ապելը գիտեր Փարսադան-բեկի իսկական առաքելության մասին, ինչպես նաև Փարսադանը գիտեր Ապելի ով լինելը։ Բայց այն օղակը, որն Ապելին դուրս էր բերել Փարսադան-բեկի վրա և կապել նրանց՝ հայկական, այլ ոչ թե ռուսական հետախուզությունն էր, որն Իրանում այդ ժամանակ առհասարակ որևէ գործակալական ցանց չուներ։ Ապելի՝ ռուսական հրամանատարությանը տված զեկույցի վերլուծությունից կարելի է եզրակացնել, որ ռուսները նրան գուցեև չէին տեղեկացրել 1718 թ. Փարսադան-բեկի հետ վարած գաղտնի բանակցությունների մասին, թեև այդ փաստը նրան կարող էր հայտնի լինել հայ-վրացական աղբյուրներից։ Բայց առավել հետաքրքիր է այն, որ նա գեթ մեկ բառ չի ասել Փարսադան-բեկի՝ հայ ապստամբական ուժերի հետ ունեցած առնչությունների, նրա որդիների և փառաբանված փեսայի, ինչպես նաև այն մասին, թե ինչպես և ինչու է նա ընդհանրապես հայտնվել Փարսադան-բեկի շրջապատում։ Այս ամենից կարելի է մակաբերել, որ 1724 թ. հայկական հետախուզության ինքնուրույնությունը պահպանվում էր՝ Արցախում և Սյունիքում հայկական զինված ուժերի անկախ գոյությանը զուգահեռ։ Ապելը և նրա հայ պետերը չեն ուզեցել ռուսներին ներկայացնել Փարսադան-բեկի գաղտնի գործունեությունը՝ շահի շտաբում նրան մշտապես սպառնացող բացահայտմանը որևէ կերպ ակամա չօժանդակելու համար։

    Համառոտաբար՝ հայկական հետախուզությունում ենթակարգության ու գաղտնեգործունեության մասին

    1720-ական թթ. ապստամբած հայությունն ակնդետ սպասում էր, թե ուր որ է սկսվելու են ռուսական բանակի հարձակումն ու միացումը Արցախում և Սյունիքում կենտրոնացած հայկական զորքերի հետ։ Այդ ժամանակաշրջանում հետախույզ հայերը՝ վերոհիշյալ Ապելի նման, ռուսական հրամանատարության համար աշխատում էին ընդամենը «համատեղությամբ», ելնելով հայ ազատագրական շարժման շահերից և զուգահեռաբար կատարելով նրա ղեկավարների առաջադրանքները։ Այդպես էին վարվում նաև կամավորական սկզբունքով կազմավորված ու կամավորապես էլ ռուսական մերձկասպյան զորախմբի մեջ մտած հայկական առաջին ջոկատների հրամանատարները։ Ուշագրավ է, որ այդ ջոկատներից մեկը բնութագրական անուն ուներ՝ «հետախուզական ջոկատ»։ Հայկական էսկադրոնի առաջին հրամանատար Պետրոս դի Սարգիս Գիլանենցը՝ հետախուզական ամփոփագրերի իր կազմած մատյանը, որտեղ գրանցված էին 1722 թ. փետրվարի 20-ից մինչև 1723 թ. օգոստոսի 21-ը տեղի ունեցած կարևոր իրադարձությունները, ուղարկել էր ինչպես Մինաս վարդապետին՝ հայերենով, այնպես էլ՝ Գիլանում ռուսական զորքի հրամանատար բրիգադիր Վ. Լևաշովին՝ ռուսերեն թարգմանությամբ։ Սակայն իր անմիջական պետ Գիլանենցը համարում էր Մինաս վարդապետին («Դու ես մեզ ուղարկել այստեղԱյսօր մեր տերը Դուք եք…»)։ Միաժամանակ, նա ակնարկում էր, որ գոյություն ունի նաև Մինասից բարձր հայկական ղեկավարություն. «Լուր կա, որ մեր մեծավորները Ձեզ էլ, [Աստրախանի] նահանգապետ Արտեմի Պետրովիչին էլ գրել են, որ շուտով Այվազին հետ ուղարկես»։ Տվյալ դեպքում, «մեր մեծավորներ» ասելով՝ Գիլանենցն անկասկած նկատի ուներ Գանձասարի կաթողիկոս Եսայի Հասան-Ջալալյանին և արցախյան ու սյունյաց հայոց զորքերի բարձրագույն հրամանատարությանը։

    Կարևոր է նաև դիտել, որ երկարամյա ընդհատակյա աշխատանքի արդյունքում մշակված ենթակարգության, կոնսպիրացիայի ու կարգապահության սկզբունքները պահպանվում էին հայկական գաղտնի կազմակերպության նույնիսկ ամենահին ու նվիրված անդամների հարաբերություններում։ Այսպես՝ 1723 թ. Պետրոս Գիլանենցը, լինելով արդեն Հայկական էսկադրոնի հրամանատար, այսինքն՝ Ռուսաստանում ամենաբարձրաստիճան հայերից մեկը, և գտնվելով Մոսկվայից հազարավոր մղոնների հեռավորության վրա՝ Գիլանում, չէր համարձակվում բացել Մինաս վարդապետի կնքած՝ գաղտնի բովանդակությամբ նամակները և այդ կապակցությամբ գրում էր նրան. «Ինձ հանձնած Ձեր նամակներից գեթ մեկն էլ չեմ ուղարկել, բոլորն էլ ինձ մոտ են։ Մտավախության մեջ եմ՝ ուղարկե՞մ։ Ճանապարհները փակ են, իսկ հայի թշնամիները՝ շատ։ Բայց չէ՞ որ դրանք պետք է ուղարկել։ Դուք ինձ բոլոր նամակները կնքած եք տվել։ Քանի անգամ եմ խնդրել՝ գրավոր թույլտվություն տաս, որ բացեմ՝ պատճեններն ուղարկեմ, բնագրերն ինձ մոտ պահեմ, որպեսզի Աստված չանի՝ մեկը հանկարծ կորի, մյուսը մեր ձեռքում մնա։ Իսկ Դուք ինձ այդ նամակների հարցով ոչինչ չեք պատասխանում»։

    Հայկական հետախուզության կառուցվածքային զարգացման և կադրերի ընտրության մասին

    Նույն նամակում Գիլանենցն ուշադրություն է հրավիրում նոր, օժտված կադրերով հայկական հետախուզությունը համալրելու անհրաժեշտության վրա. «Հայր Սուրբ, խնդրում եմ շնորհ անես՝ շտապ Այվազի խնդիրներին լուծում գտնես, նրան էլ մեզ մոտ ուղարկես, որպեսզի այնպես չլինի, թե տեղիս պետերի առջև սուտ դուրս գա՝ ինչը լավ չի լինի ո՛չ իր, ո՛չ էլ մեզ համար։ Ողորմությամբն Աստուծոյ՝ երբ պարոն Այվազն ճանապարհ ընկնի, նրա հետ մի քանի լավ ճարպիկ տղաներ ուղարկիր։ Այստեղ երիտասարդներ շատ կան, բայց անպիտան են։ Իսկ նրանք, ովքեր պարոն Այվազին խոսք էին տվել [գործի մեջ մտնելու], ոչ մեկն էլ մեր գործի յուրահատկությանը չի համապատասխանում, ինչի մասին ինքը Ձեզ կտեղեկացնի» ։

    Այս նամակում եղած ժլատ խոսքերը ինչ-որ երիտասարդների մասին, որոնք պետք է Այվազի (կամ, ինչպես Գիլանենցը բազմիցս հարգանքով նշում է՝ «պարոն Այվազի») մոտ գործի անցնեին ու համեմատելով դրանք մեր ունեցած ընդհանուր տեղեկությունների հետ, կարելի է հավաստիության բավականին բարձր աստիճան ունեցող միանգամից մի քանի կարևոր եզրակացություն անել։

    Առաջին, գործի «յուրահատկություն» ասելով՝ Գիլանենցը միանշանակորեն նկատի ուներ ոչ այլ բան, քան հայկական հետախուզությունը։

    Երկրորդ, Այվազը, հավանաբար, խոստացել էր ռուսական հրամանատարությանը կազմակերպել հետախուզական առաքելություններ դեպի թշնամու թիկունք։ Այդ պատճառով էլ Գիլանենցն անհանգստանում էր նրա ուշանալու համար՝ «որպեսզի այնպես չլինի, թե տեղիս պետերի առջև սուտ դուրս գա»։

    Երրորդ, Այվազը ոչ միայն հայ ազատագրական շարժման ամենահին վստահված անձանցից և թղթատար-սուրհանդակներից մեկն էր (իր երկու եղբայրների հետ նա տակավին կատարում էր Իսրայել Օրու կարևոր հետախուզական առաջադրանքները), այլ, ամեն ինչից դատելով, նաև նրա սուրհանդակային գաղտնի ծառայության առաջին պետը։ Այդ թղթատար-սուրհանդակները, չափազանց վտանգավոր պայմաններում, ապահովում էին կապը տարբեր երկրներում հաստատված հայկական գործակալական կայանների ու Գանձասարում գտնվող նրանց գլխամասային «Կենտրոնի», ինչպես նաև Սյունիքում, Սբ. Էջմիածնում, Երևանում, Թիֆլիսում և Մոսկվայում գտնվող ճյուղային կենտրոնների հետ։ Ժամանակագրորեն ու գործառութային առումներով, սուրհանդակային ծառայությունը հայկական գործակալական-օպերատիվ հետախուզության նախատարրն ու կորիզն էր, մերօրյա տերմինաբանությամբ՝ նրա «գլխավոր վարչությունը»։ Մենք հականե-հանվանե գիտենք հայկական դիմադրության թղթատար-սուրհանդակներից մի քանիսին՝ նրանց, ովքեր «տեղ էին հասցնում Սղնախներ գնացող-եկող, ինչպես նաև այլ հայկական նամակները» («в переводе сигнатских и протчих армянских писем»)՝ Այվազ, Ավետ Թասալմով, Պողոս Զենենց, Հակոբ Կասպարով և ուրիշներ։ Ընդ որում, գերգաղտնի հրամաններն ու տեղեկությունները նրանց հանձնարարվում էր հասցեատիրոջը հաղորդել ոչ թե գրավոր, այլ բանավոր կերպով։ Ինչպես, օրինակ, 1718 թ. գրում էր Մինաս վարդապետին Եսայի Հասան-Ջալալյանը՝ «մյուս հարցերի մասին Այվազը ձեզ բանավոր կզեկուցի»։ Նույնը 1723 թ. Մինասին գրում էր և Գիլանենցը ՝ «Ամեն ինչ մանրամասն կիմանաք պարոն Այվազից»։

    Չորրորդ, գոյություն ուներ կադրերի ընտրության և ուսուցման ինչ-որ մի համակարգ՝ յուրօրինակ «հետախուզական դպրոց», որի պետը նույն Այվազն էր, առնվազն մինչև 1724 թ., որից հետո նրա հետքը կորչում է։ Փաստորեն, Այվազի տնօրինության տակ էին և՛ սուրհանդակային ծառայությունը, և՛ գործակալական հետախուզությունը, և՛ կադրերի պատրաստումը։ Հայկական հետախուզությունում օպերատիվ աշխատանքի կառավարման այդպիսի կենտրոնացումը լիովին արդարացված էր խոր գաղտնապահության պահպանման, ինչպես նաև մասնագիտական, կազմակերպչական և դրամական ռեսուրսների սուր պակասի տեսանկյունից։ Այվազը, ինչ խոսք, ունեցել է օգնականներ («աշխատակիցների խումբ»). հաստատ գիտենք նրանցից երկուսի՝ նրա եղբայրների մասին, որոնք նրա հետ միասին, Իսրայել Օրու հանձնարարությամբ 1706 կամ 1707 թ. ուղարկվել էին Թերեք՝ «լեռնցի ժողովուրդների մասին տեղեկություններ հավաքելու համար»։ Պատահական չէ, որ վճռորոշ պահերից մեկին՝ 1723 թ. ամռանը, երբ հայերը լիահույս (ավաղ՝ իզուր) սպասում էին, որ ռուսական զորքերն ուր որ է կմտնեն Շամախի, Այվազի եղբայրներն այդ ռազմավարապես հույժ կարևոր քաղաքում էին՝ ռուսական և հայկական զորքերի ճիշտ մեջտեղում։ Իսկ Շամախիի նշանակությունը նշում էին բոլոր հայ ղեկավարները՝ սկսած Իսրայել Օրուց, որը պատկերավոր էր արտահայտվել՝ «սա է հայոց հողի առաջին բանալին և մուտքը»։ Հետևաբար՝ Այվազի եղբայրները, թեև ծանր («դառն աղքատ») պայմաններում էին, և, ըստ երևույթին, նաև անլեգալ վիճակում, այդուհանդերձ այնտեղ էին մնացել՝ կատարելով տարբեր տեսակի հետախուզական առաջադրանքներ։

    Հայ հետախույզների երդում տալու և անվանափոխության մասին

    Հայկական գաղտնի կազմակերպության անդամները, այդ թվում նաև հետախույզները, ըստ ամենայնի, տվել են պաշտոնական ու հանդիսավոր երդում՝ Հայաստանի ազատագրության գործին անձնվիրաբար ծառայելու մասին։ Այս խիստ հետաքրքրական դրվագը նշված է վերն այլ առիթով արդեն մեջբերված նամակում, որը 1718 թ. սեպտեմբերի 24-ին Եսայի կաթողիկոսն ուղարկել էր Մինաս վարդապետին.«Թեև ցանկանում էինք այս նամակն առավել մանրամասն շարադրել, սակայն բազմաթիվ պատճառներով չհամարձակվեցինք: Սա էլ գրեցինք, անսալով Այվազի թախանձագին խնդրանքներին,հավատ ընծայելով նրա երդմանը»։

    Պարզ է, որ Եսայի կաթողիկոսը մեծ արժեք էր տալիս զինվորական երդմանը։ Բայց ո՞վ է ընդունել Այվազի երդումը։ Ե՞րբ և որտե՞ղ է նա տվել այդ երդումը։ Ինչպիսի՞ արարողությամբ է այն ուղեկցվել։ Այս հարցերին կարելի է պատասխանել միայն ենթադրաբար։ Բայց եթե հիշենք, որ միջին դարերից սկսած մինչև 20-րդ դար (որոշ պետություններում՝ մինչև մեր օրերը) զինվորական երդումն ընդունում են հրամանատարները՝ հոգևորականների ներկայությամբ, ապա կարելի է ընդունել, որ Այվազի երդումն ընդունել է անձամբ Եսայի կաթողիկոսը, որը տվյալ դեպքում հանդիսանում էր և՛ բարձրագույն հոգևոր պաշտոնյա, և՛ հայ ընդհատակյա դիմադրության գլխավոր ղեկավարներից մեկը։ Այդ պարագայում՝ նման մի արարողություն կազմակերպելու համար ավելի համապատասխան վայր, քան Գանձասարի կաթողիկոսանիստ վանքն էր, դժվար կլիներ գտնել։ Իսկ երդումն Այվազը տված պետք է լիներ ոչ թե 1718 թ., այլ շատ ավելի վաղ, քանի որ նա, ըստ ամենայնի, առաջին անգամ չէր գաղտնի առաքելությամբ այցելում Գանձասար։ Այս միտքն է հուշում ինչպես 1718 թ. դրությամբ Այվազի ունեցած ավելի քան տասնամյա հետախուզական աշխատանքային փորձը, այնպես էլ Եսայի կաթողիկոսի նամակում եղած երանգները։

    Քննենք այս եռանդուն գործչին վերաբերող ևս մեկ էական հարց։ 1719 թ. ապրիլի 5-ին Պետրոս Ա-ին հղված նամակում Մինաս վարդապետը նրան անվանում է ոչ այլ կերպ, քան «մեր հավատարիմ մարդը՝ Այվազը, որը հայ է, բայց հունադավանություն ընդունելուց հետո կոչվում է Սեմյոն Ռոմանով»։ Այսպիսով, պարզվում է, որ մինչև 1719 թ. Այվազն ընդունել է հունական ուղղափառ դավանանքը, ընդսմին հրաժարվելով ազգային հավատքից և եկեղեցուց և համապատասխանաբար փոխելով իր անունն ու ազգանունը։ Առաջին հայացքից, անհավատալի է թվում, որ հայկական ընդհատակի առանցքային դեմքերից մեկը, նրա գործակալական-օպերատիվ հետախուզության փաստացի ղեկավարը, մշտապես գործ ունենալով Հայ առաքելական եկեղեցու բարձրաստիճան պաշտոնյաների հետ և նրանցից մեկին՝ Գանձասարի կաթողիկոսին երդում տալով՝ Հայաստանի ազատագրությանը ծառայելու մասին, կարող էր միաժամանակ հեշտորեն ուրանալ ազգային ինքնության հիմնասյուներից մեկը` հայադավանությունը, և հանգիստ խղճով հունադավան դառնալ։ Իրականում, Այվազի այս պարադոքսալ թվացող քայլը բավական պարզ բացատրություն ունի։ Հայ ազատագրական շարժման գործիչները, երբեմն բարձրագույն հոգևոր պաշտոններ զբաղեցնողներից ոմանք անգամ, ելնելով քաղաքական նպատակահարմարությունից, միանգամայն հանդուրժելի էին համարում առերես ընդունել քրիստոնեական մեկ այլ դավանանք, եթե այն գերիշխող էր մի պետության մեջ, որը Հայաստանի ազատագրությանը խոստանում էր ռազմաքաղաքական աջակցություն ցույց տալ։ Այդ վարքագծի վառ օրինակ է Իսրայել Օրին, որն իր Եվրոպայում եղած տարիներին առերևույթ դավանափոխ լինելով՝ կաթոլիկություն ընդունելով, ինքն իրեն պատկերում էր դրա մոլի ջատագով, ով իբրև թե նույնիսկ թեժ վեճերի մեջ է ներքաշել հայ եկեղեցականներին՝ քննադատելով նրանց դավանանքային և արարողակարգային ենթադրյալ «սխալները»։ Սակայն կաթոլիկ պետություններից ռազմական օգնություն ստանալու նրա ունեցած հույսերի ի դերև ելնելուն պես՝ հոդս ցնդեց նաև Օրու ցուցադրական կաթոլիկ ջերմեռանդությունը։ Քաղաքական օգտակարության ճիշտ այսպիսի նկատառումներով էլ առաջնորդվել է, անշուշտ, Այվազը՝ ընդունելով Ռուսաստանում գերիշխող ուղղափառ հունադավանությունն ու փոխելով իր անունը։ Ի դեպ, հորինված է կամ անճանաչելիության չափ դիտավորյալ աղճատված հե՛նց Իսրայել Օրու՝ 18-րդ դարի հայի համար չափազանց անսովոր անուն (բայց սա արդեն առանձին քննարկման նյութ է)։

    Այն փաստը, որ հայկական ընդհատակյա դիմադրության ինչպես աշխարհիկ, այնպես էլ հոգևոր գործիչները (Գանձասարի կաթողիկոս Եսային, Մինաս վարդապետը, Պետրոս Գիլանենցը և մյուսները) միանգամայն անվրդով են վերաբերվել Այվազի «ուրանալուն», հուշում է, որ հենց իրենք՝ հայ ղեկավարներն էին կարգադրել նրան բացառության կարգով այդպիսի քայլ անել։ Հունադավանություն ընդունելով՝ ռուսների համար Այվազը դառնում էր քաղաքականապես առավել վստահելի, Ռուսաստանում ձեռք բերում իր անվտանգության լրացուցիչ (թեև ոչ բացարձակ) երաշխիքներ, ինչպես նաև ռուսական պաշտպանություն ստանալու առիթ՝ արտասահմանում իր հերթական առաքելություններից մեկի հնարավոր ձախողման դեպքում։ Բայց իր վտանգավոր աշխատանքի համար, թերևս, գլխավոր ձեռքբերումը, հետախույզների ժարգոնով ասած՝ լավ առասպելն էր, այսինքն՝ ուրիշ (այս դեպքում՝ ռուսական) անունը և ըստ այդմ հնարված կենսագրությունը, որոնք գաղտնապահական նպատակներից ելնելով ներկայացվելու էին իբրև սեփական՝ նոր անձնագրով հանդերձ։ Այսպիսով, Այվազի «ուրացման» պատմությունը գալիս է մեկ անգամ ևս հաստատելու նրա ունեցած կենտրոնական դերը հայկական հետախուզական ծառայության կազմակերպման գործում։

    Միաժամանակ, Այվազի անվանափոխության մասին հաղորդումը հիմք է տալիս մեզ մերժելու հայկական պատմագիտության (ներառյալ «Հայկական սովետական հանրագիտարանի») մեջ ընդունված տեսակետը, ըստ որի հետախույզ Այվազը նույնացվել է մերձկասպյան ռուսական զորախմբում հայկական առաջին երեք ջոկատներից մեկի հրամանատար Այվազ Ավրամովի (Աբրահամովի) հետ, որը սպանվել է 1725 թ. վերջերին, Գիլանում։ Եթե սա լիներ միևնույն անձը, ապա ռուսական հրամանատարությունը նրան անպայման կկոչեր Սիմեոն Ռոմանով, այլ ոչ թե Այվազ Ավրամով։ Բայց բոլոր վավերագրերում ռուսները կոչել են նրան միայն Այվազ Ավրամով՝ առանց գեթ մեկ անգամ հիշելու նրա պաշտոնապես ընդունած ռուսական անուն-ազգանունը։ Այն դեպքում, երբ հայադավան մնացած մյուս հրամանատարների անունները տրվում էին ռուսացված տարբերակներով՝ Պետրոս դի Սարգիս Գիլանենցը՝ Պյոտր Սերգեև, Աղազար դի Խաչիկը՝ Լազար Խրիստոֆորով, Պողոս Զենենցը՝ Պավել Զինովյեվ։ Չեն համապատասխանում նաև երկու Այվազների ազգանունները. եթե դավանափոխության ժամանակ առաջին անունը կարելի էր փոխել ցանկացած անվամբ և Այվազը կարող էր դառնալ Սիմեոն, ապա ազգանվան (հոր, պապու, ցեղի անվան) հետ նունկերպ վարվել չէր լինի, այսինքն՝ Ավրամով/Աբրահամովը չէր կարող դառնալ Ռոմանով։

    Մյուս փաստարկն այս երկու Այվազների տարբեր անձեր լինելու մասին (ի դեպ, այդ տարիներին եղել են մեզ հայտնի այլ Այվազներ ևս) կայանում է նրանում, որ հետախույզ Այվազը Իսրայել Օրու և Մինաս վարդապետի ամենառաջին զինակիցներից ու հայկական ընդհատակի ամենափորձառու գործիչներից մեկն էր։ Հետևաբար, Հայկական էսկադրոնի կազմավորման պահին նա չէր կարող պաշտոնով երրորդը լինել (Պետրոս Գիլանենցից ու Աղազար դի Խաչիկից հետո), ում 1725 թ. տրվել է պորուչիկի, մինչդեռ Աղազար դի Խաչիկին ավելի բարձր՝ ռոտմիստրի կոչում։

    Հետախույզ Այվազին սկզբնաղբյուրներում վերջին անգամ հանդիպում ենք Արցախի Շոշ ամրոցում՝ 1724 թ. հունվարի 5-ին։ Այվազը՝ Պետրոս Ա-ի պատվիրակ Իվան Կարապետի, Արցախի հայկական զորքերի գլխավոր հրամանատար Ավան-յուզբաշու ու նրա մերձավոր հրամանատարների հետ միասին, մասնակցել է մի կարևոր ժողովի և իր կնիքը դրել ընդունված փաստաթղթի տակ։ Սա ևս մեկ վկայություն է առ այն, որ Այվազը (ըստ այդմ՝ նաև հայկական հետախուզական ծառայությունն ամբողջությամբ) շատ բարձր դիրք էր գրավում ազատագրական շարժման ղեկավարության աստիճանակարգում։ 

    Հայկական հետախուզության հիմնական խնդիրները

    Նախքան հայկական հետախուզության առավել խոշոր գաղտնի գործողությունների վերլուծությանն անցնելը՝ հատուկ ուշադրություն է պետք դարձնել նրա առջև դրված հիմնական խնդիրներին, որոնք էին՝ մինչև ապստամբության սկիզբը ինչպես Հայաստանում, այնպես էլ հայկական գաղթօջախներում կանխապես զորակոչել հայ երիտասարդության ընտիր ներկայացուցիչներից մոտավորապես 2000 մարդ, արտասահմանում կազմակերպել նրանց ռազմական ուսուցումը, զինել նորագույն հրազենով և ճիշտ պահին տեղափոխել Հայաստան։

    Այդ խնդիրները դնում էր դեռևս Իսրայել Օրին՝ 1699-1711 թթ. հայոց ընդհատակյա դիմադրության պաշտոնական առաջնորդը։ Պետք է, վերջապես, ընդունենք, որ Օրին նախևառաջ փայլուն հետախույզ էր, որը բարդ իրադրության մեջ մոտ երեք տասնամյակ արդյունավետորեն գործել է Եվրոպայի տարբեր երկրներում, Ռուսաստանում, Իրանում, իսկ իր կարիերայի սկզբում՝ Օսմանյան կայսրությունում։ Օրու՝ խորապես գաղտնակալված առաքելության մասին կարող է վկայել թեկուզ միայն մի առիթով նրա արած խոստովանությունն առ այն, որ Եվրոպայում քսան տարի գտնվելով (1680-1699 թթ.)՝ միայն մեկ անգամ է նամակ ուղարկել իր հարազատներին՝ 1684 թ. Փարիզից։ Միաժամանակ Օրին նաև բարձրակարգ ռազմական մասնագետ էր, որը եվրոպական մարտավարությանն ու նորագույն սպառազինությանը ծանոթանալու նպատակով՝ 1681-1696 թթ. ծառայել էր իտալական, ֆրանսիական և գերմանական (պֆալցյան) բանակներում՝ և՛ որպես մատակարարման պետ, և՛ որպես մարտական սպա։ Նա իր քաջությամբ և ձեռնհասությամբ աչքի էր ընկել մի քանի պատերազմներում։ Պֆալցի կուրֆյուրստ Հովհան-Վիլհելմը (1690-1716) Օրու մասին գրում էր հայ մելիքներին. «Բարձրացրե՛ք պարոն Իսրայել Օրիին՝ նա մասնակցել ու փորձ է ձեռքբերել մեր պատերազմներում։ Մենք ինքներս ականատես ենք եղել ու ճշգրիտ տեղեկացել նրա՝ մեր բանակում ցուցաբերած քաջությանը։ Հավատացե՛ք նրան, ով արդեն տաս տարի է, ինչ վարժված է մեր կռինվներում»։ Ուստի պատահական չէ, որ 1704 թ. Պետրոս Ա արքան համաձայնվեց բավարարել Օրու խնդրանքը և նրան հրացանակիրների գնդապետի աստիճան շնորհեց։

    Օժտված լինելով ռազմավարական մտածողության ու հատկապես երկարաժամկետ ծրագրման մեծ տաղանդով՝ Օրին տակավին 1703 թ. տեղեկացնում է Պետրոս Ա-ին, որ ցանկանում է Հայաստանում հավաքագրել ավելի քան 2000 ընտիր տղամարդու ու այդքան էլ նժույգ և ուղարկել Ռուսաստան՝ այնտեղ նրանցից իր սեփական ծախսով հրացանակիրների մի հեծյալ գունդ կազմավորելու համար։ Նախատեսվում էր, որ այդ գունդը ռուսական բանակի հետ միասին կմտնի Հայաստան և միանալով հայկական հիմնական ուժերին՝ իր մասնակցությունը կբերի նրա ազատագրությանը։ Այդ նպատակների համար Օրին մտադիր էր Ամստերդամում գնել 15-20 հազար ռուբլուն համարժեք զենք ու հանդերձանք։ Թե որքանով էին այդ ծրագրերն իրագործվել՝ դժվար է ասել, սակայն արդեն 1707 թ. Օրին խնդրում էր Պետրոս Ա-ից թույլ տալ իրեն անմաքս Պարսկաստան անցկացնել «հրազենի երեք մեծ արկղ՝ կայծքարի հրացաններ և ատրճանակներ, երկաթյա վեց փոքր թնդանոթ»։ Իսկ 1709 թ. սեպտեմբերին Շամախիում հանգրվանելով՝ Օրիի շխախումբը ուներ արդեն մի ամբողջ զինանոց, այդ թվում՝ 12 «փոքր թնդանոթ»։ Վստահաբար, զենքի հայթայթման ուղղությամբ լուրջ աշխատանքը շարունակվել էր նաև Օրու մահվանից հետո։ Այդ մասին կարելի է դատել արդեն նրանից, որ 1722-1723 թթ. Ռուսաստանում հայոց միջոցներով կազմավորված հայկական հեծելազորային ջոկատները, որ կամավորապես մտել էին ռուսական մերձկասպյան զորախմբի մեջ, ունեին ռազմական լավ պատրաստություն ու հրաշալիորեն զինված էին։ Իսկ նրանց առաջին զորահրամանատարները, որոնք մինչ այդ զբաղվել էին իբր միայն վաճառականությամբ, անմիջապես դրսևորեցին իսկական հրամանատարական որակներ ու սպայական կոփվածք։ Ընդ որում, այդ ջոկատների, ապա և Հայկական էսկադրոնի շուտափույթ ստեղծումը, նրանց զինումը և ապահովումն անհրաժեշտ ամեն ինչով մոտ երեք տարի շարունակ կատարվում էր հայերի ծախսերով։ Ինչպես 1725 թ. հայտնում էր գեներալ-լեյտենանտ Մ. Ա. Մատյուշկինը՝ «իրենց հաշվին էին պահում մարդկանց և ձիերին»։ Առաջին տարիներին հայկական այդ ջոկատներն ստիպված էին իրենց համար նույնիսկ վառոդ գնել։ Այսպես՝ 1723 թ. օգոստոսին Պետրոս Գիլանենցը հայտնում էր Մինաս վարդապետին, որ իրենց վառոդը գրեթե ամբողջությամբ վերջացել է և խնդրում էր Այվազի հետ միասին ուղարկեն իր բաժին վառոդի տակառը ու նաև արճիճ։ Գիլանենցը նաև խնդրում էր մի նամակ էլ գրել բրիգադիր Լևաշովին, «որ մեզ թէ բարութ [=վառոդ] պէտք լինի՝ տա»։

    Այս փաստերից կարելի է եզրակացնել. (ա) գոյություն ուներ հայկական կազմակերպություն, որը համադրում էր իր անդամների գործունեությունը, (բ) նախապես ընտրված հայոց խմբեր մասնագիտացել էին ռազմական գործում, (գ) հայկական դիմադրության կողմից այդ նպատակների համար կանխավ ֆինանսական միջոցներ էին տրամադրվել։ Ճիշտ է, այդ գործողությունների ընթացքում գրեթե ամբողջությամբ ծախսվել էր նաև Հայաստանի ազատագրության նվիրյալներից մի քանիսի անձնական ամբողջ կարողությունը, ինչպես, օրինակ, Հայկական էսկադրոնի առաջին հրամանատար Պետրոս դի Սարգիս Գիլանենցինը, որ սպանվեց Ռեշտի գրավման ժամանակ՝ 1724 թ.։

    Վերադառնանք, սակայն, 1703 թ. Իսրայել Օրու արած առաջարկությանը՝ Ռուսաստանում կազմավորել 2000-անոց հայկական գունդ։ Հետաքրքիր է նկատել, որ երեք տարի անց՝ 1706 թ., Օրին անհայտ պատճառներով նույն նպատակի համար առաջարկում էր արդեն ոչ թե 2000, այլ ընդամենը 300-400 մարդ։ Այս առթիվ առաջադրենք կարևոր մի հարցադրում. ինչու՞ Օրին որոշեց, որ Ռուսաստանում կազմավորվելիք հայկական գունդը պետք է լինի նախապես իր իսկ առաջարկածից շատ ավելի փոքրաթիվ։ Թեև սկզբնաղբյուրներում դժվար թե երբևէ գտնվի այս հարցի ուղղակի բացատրությունը, բայց ավելի ուշ՝ 1720-ական թթ. տեղի ունեցած իրադարձությունները կարելիություն են ընձեռում հետադարձ հայացքով պատասխանելու դրան՝ հավաստիության բավականին բարձր աստիճանով։ Բանն այն է, որ ինչպես ստորև կներկայացվի՝ 1720-ական թթ. սկզբին հայկական ջոկատներ են կազմավորվել Ղրիմում, Պոդոլիայում (Ռեչ Պոսպոլիտա), Վալախիայում, Հունգարիայում ու չի բացառվում` նաև այլ երկրներում ու շրջաններում։ Այդ իսկ պատճառով Օրիի նախնական մտադրության փոփոխության ամենահավանական բացատրությունը պետք է համարել նրա ձգտումը՝ հայկական ուժերի ռազմական պատրաստությունն իրականացնել՝ բաժանելով դրանք մանր խմբերի ու ցրելով տարբեր երկրներում։ Պետրոս Ա-ի պարսկական արշավանքը հետաձգվում էր անորոշ ժամանակով, ուստի Ռուսաստանում 2000-անոց հայկական խոշոր զորամասի ստեղծումը, այն էլ ռուսական կառավարության գիտությամբ, կարող էր վտանգավոր լինել՝ այդ փաստը իրանական և օսմանյան իշխանություններից երկար ժամանակով գաղտնի պահելու տեսանկյունից։ Մեծ վտանգի կարող էր ենթարկվել ամբողջ ազատագրական շարժումը և, առաջին հերթին, բռնագրավված հայրենիքում գտնվող նրա ղեկավարությունը։ Մինչդեռ տարբեր երկրներում և շրջաններում մանր խմբերով հայ զինվորների գաղտնի պատրաստումը միանգամից մի քանի առավելություն ուներ. առաջին, ապահովվում էր գաղտնեգործունեության առավել բարձր աստիճան, երկրորդ, հայ ղեկավարությունն ավելի մեծ ինքնուրույնություն ու ճկունություն էր ստանում այդ լավ պատրաստված ուժերի օգտագործման ժամանակի և ձևի վերաբերյալ որոշումներ ընդունելու հարցում, երրորդ, այդ ջոկատների արագ տեղափոխումն Արևելյան (Պարսկական) Հայաստան հնարավոր էր դառնում ոչ միայն Ռուսաստանով՝ Աստրախանի և ապա մերձկասպյան շրջանների վրայով, այլև այլընտրանքային երթուղիներով՝ Օսմանյան կայսրության տարածքով։

    Ղրիմի գործողությունը.285 հայ զինվորի տեղափոխումը Ղրիմից Հայաստան

    1720 թ. աշնան վերջին՝ Օսմանյան կայսրության կազմում գտնվող Ղրիմում, ուր բնակվում էր հայկական մեծաթիվ գաղութ, «Տրապիզոնի նավով», վաճառականների անվան տակ ժամանում են հայ ազատագրական շարժման սուրհանդակները և հաղորդում իրենց գործակալական կայանի ղեկավարներին Արևելյան Հայաստանում զինված ապստամբություն սկսելու մոտավոր ժամանակը։ Դրվում է խնդիր՝ ղրիմահայ երիտասարդության միջից շտապ կազմել ու հանդերձավորել մի ջոկատ և առաքել այն հայրենիք՝ հայկական զորքերին օգնության։ Տեղում այդ գործողության ղեկավարներ են նշանակվում երկու ավագերեց՝ Տեր-Բարդուղիմեոսը՝ Կաֆայից (Թեոդոսիա) և Տեր-Մարկոսը՝ Կեոզլևից (Եվպատորիա)։ Նրանք՝ «գաղտնի հաճությամբ յուրյանց առաջնորդի՝ աստապատեցի Վարդան եպիսկոպոսի»՝ հանձնելով հովվական պաշտոնն իրենց քահանացյալ որդիներին, զբաղվում են «անեցիների» ջոկատի հավաքագրությամբ և պատրաստությամբ (ղրիմահայերն իրենց համարում էին Հայաստանի ավերված մայրաքաղաք Անիից դուրս եկածների սերունդ)։ Այդ տարիներին Հայ առաքելական եկեղեցու բազմաթիվ ներկայացուցիչներ ներգրավված էին ազատագրական նախապատրաստական աշխատանքներում։ Տեր-Բարդուղիմեոսն ու Տեր-Մարկոսը, ինչպես նաև, ըստ երևույթին, նրանց թեմական առաջնորդը, վաղուց էին կապված հայկական ընդհատակի հետ, որի գլխավոր կենտրոններից մեկը Սբ. Էջմիածինն էր։ Իսկ այն, որ հարաբերականորեն կարճ ժամանակահատվածում հաջողվեց զորակոչել 285 տղամարդ և նրանց հետ 1722 թ. առաջին կեսին ճամփա ընկնել, խոսում է այդ մեկուկես տարում ղրիմահայ կամավորների գաղտնիաբար անցկացրած ռազմական լրջագույն հավաք-պարապմունքների մասին։

    Բուն անցումը Ղրիմից Արևելյան Հայաստան կատարվել է դեպի Մշո Սուրբ Կարապետի վանք ավանդական ուխտագնացության պատրվակով։ Առաջին նշանակման կետը Տրապիզոնն էր։ Ազատորեն տեղաշարժվելու համար հայ հետախույզները սովորաբար քողարկվում էին իբրև վաճառականներ, հոգևորականներ կամ ուխտավորականներ։ Կաֆայից առաջինը նավով դուրս է եկել Տեր-Բարդուղիմեոսը՝ «վաճառականի անվամբ», երկրորդը՝ Կեոզլևից Տեր-Մարկոսը՝ «աշխարհականի զգեստ հագած»։ Նրանց հետևից «մի մի, երկ երկու» նավով ծովն անցել են և մյուսները։ Տրապիզոնում բոլորի հավաքվելուց հետո՝ 285 զինվորներին բաժանել են 24 ջոկատների՝ յուրաքանչյուրում 8-15 հոգի։ Նշանակվել են ջոկատների հրամանատարները՝ օնբաշի (տասնապետ) կոչումով, որոնց մեծ մասի անուններն, իրենց հայրերի անունների հետ, մեզ հայտնի են. Հովհաննես՝ կաֆացի Քարաքաշ Գևորգ-աղայի որդին, Հակոբ՝ Խաթրան չեքեն Սուրղաթցի Ալեքսանի որդին, Անդրեաս՝ Տեր-Մարկոսի ազգական Շահինյան մահտեսի Պողոս-աղայի որդին, Սաղաթել՝ Խայալը Ստեփան-աղայի որդին, Վարդանը՝ Նազիրյան Հովհաննես-աղայի որդի և այլն։

    Ամեն տեսակի կասկածները վանելու և իրենց ուխտագնացության մասին առասպելը պահպանելու նպատակով՝ այս խմբերն անմիջապես չեն ճանապարհվում դեպի Արևելյան Հայաստան, այլ սկզբից «զանազան ճանապարհներով» գնում են Սբ. Կարապետի վանքը (նշանակման երկրորդ կետը), այնտեղ կատարում իրենց ուխտը և միայն դրանից հետո Կարսի (նշանակման երրորդ կետը) և Անիի վրայով մտնում Հայաստանի պարսկական մասը։ Երկու վերջապահ ջոկատների կազմում կար ընդհանուր առմամբ 29 հոգի, մեկում՝ Տեր-Բարդուղիմեոսն էր, մյուսում՝ Տեր-Մարկոսը՝ Ղրիմի գործողության ընդհանուր ղեկավարությունն իրականացնողները։ Ուշագրավ է, սակայն, որ այդ ջոկատների հրամանատարներն այլ անձինք էին՝ Հայրապետյանն ու Աբրահամը։ Այս փաստը վկայում է այն մասին, որ հրամանատարներ նշանակվում էին նրանք, ովքեր ունեին ռազմական որոշակի պատրաստություն, որը Բարդուղիմեոսն ու Մարկոսը չունեին, ընդ որում՝ առաջինն արդեն «ծերունազարդ» էր։ Բայց այս երկու դեմքերի ամբողջ գործունեությունը փաստում է, որ նրանք հրաշալի պատրաստված էին այլ՝ հետախուզության և ընդհատակյա աշխատանքի բնագավառում։ Հենց այս երկուսի ղեկավարությամբ էր կատարվել կազմակերպչական ու գաղափարական ամբողջ աշխատանքը Ղրիմում։ Այս երկուսն էին, որ մյուսներից առաջ ժամանել էին Տրապիզոն, ապահովելու համար կապը արևալահայաստանյան «Կենտրոնի» գաղտնի գործակալների հետ։ Թեև ղրիմահայոց ջոկատի պատմությունը ներկայացնող մեր սկզբնաղբյուրն այս գործակալներին չի հիշատակում, բայց 1720-ական թթ. նրանց գոյությունն Արևմտյան Հայաստանում մեզ հայտնի է այլ աղբյուրներից։ Տեղանքին անծանոթ ղրիմահայոց համար նրանք պետք է ծառայեին որպես ուղեկցորդներ, ընտրեին անվտանգ ուղիներ ու գիշերային դադարների վայրեր և այլն։ «Հայոց եկեղեցին XVIII դարի հայ ազատագրական շարժման քառուղիներում» մենագրությանս (2003 թ.) մեջ կա մի առանձին գլուխ, որտեղ կողմնակի տեղեկությունների հիման վրա, ենթադրություն է արվել առ այն, որ Սբ. Կարապետի առաջնորդ (հետագայում՝ 1730-1734 թթ., Սբ. Էջմիածնի կաթողիկոս), արքեպիսկոպոս Աբրահամ Մշեցին սերտորեն կապված է եղել հայ ազատագրական շարժման հետ՝ դեռևս 1719-1722 թթ.։ Սբ. Կարապետում ղրիմահայոց ջոկատի կանգառը կարելի է համարել լուրջ լրացուցիչ փաստարկ հօգուտ այս ավելի վաղ առաջադրված վարկածի։

    Այստեղ չենք քննի «անեցիների» ջոկատի հետագա մարտական ուղին, որը (Գաբրիել Պատկանյանի (1802-1889) անտիպ ձեռագրում պահպանված և տակավին Վ. Ա. Պարսամյանի կողմից հատվածաբար հրապարակված) մեր սկզբնաղբյուրի համաձայն` անցել է Դավիթ-բեկի, իսկ նրա մահվանից հետո՝ Մխիթար սպարապատի զորքերի կազմում։ Սկզբնաղբյուրի հաղորդումների այդ հատվածում եղած մի շարք անճշտություններն ու անպարզությունները, կրելով հետագա խմբագրումների ազդեցություններ, պահանջում են առանձին քննություն։ Սակայն որևէ կասկած չեն հարուցում վերը նկարագրված փաստերը՝ Ղրիմում (չմոռանանք՝ Օսմանյան կայսրությունու՛մ) մարտունակ հայկական ջոկատի կազմավորման, ինչպես նաև այն Հայաստան փոխադրելու մանրակրկիտ մշակված ու անթերի իրականացված ծրագրի վերաբերյալ։ Ուստի Ղրիմի գործողությունը կարելի է համարել հայկական հետախուզության բացարձակ հաջողությունը, ինչպես նաև նրա ղեկավարների գործին մասնագիտորեն մոտենալու լավագույն վկայությունը։

    Հետախույզների երդումը՝ Քրիստոսի գերազմանին

    1720 թ. վերջին ելույթ ունենալով ղրիմահայերի առջև և կոչ անելով նրանց օգնել՝ ով ինչով կարող է, ապստամբությանը նախապատրաստվող արևելահայերին, որոնք «հոժարել են սուր ի ձեռին մարտնչիլ ի թշնամեաց», Տեր-Բարդուղիմեոսն ու Տեր-Մարկոսը պարզ խոստովանում են իրենց վաղեմի կապը հայ ընդհատակի հետ. «Մենք՝ երկու քահանայք, Քրիստոսի գերեզմանի վրա ուխտադիր եղանք օգնել մեր ազգակցաց և հայրենակցաց»։ Խոսքը վերաբերում է, փաստորեն, Հայաստանի ազատագրությանն անձնուրաց ծառայելու պաշտոնական երդմանը։ Բայց այս անգամ այն տրվել էր ոչ թե Գանձասարում, ինչպես Այվազի հետ վերն արդեն քննարկված դեպքում, այլ Երուսաղեմում։ Այնտեղ էր գործում Երուսաղեմի հայոց պատրիարքությունը, որի սպասավորների մեջ կարող էին լինել հայ ազատագրական շարժման կապավորներ։ Այնպես որ՝ Երուսաղեմում կարող էին գտնվել նաև մարդիկ, ովքեր ընդունել են Տեր-Բարդուղիմեոսի ու Տեր-Մարկոսի Քրիստոսի գերեզմանին կատարված երդումը։ Մենք ունենք նաև հայկական հետախուզության մեկ ուրիշ խոշոր գործչի՝ եպիսկոպոս Պետրոս Խաչատուրովի վավերագրական ցուցումն այն մասին, որ 1720-ական թթ. սկզբին նա ևս որոշ ժամանակով գտնվել է Երուսաղեմում։ Ավելի ուշ՝ 1728 թ. նա, ինչպես դրանից վեց տարի առաջ Տեր-Բարդուղիմեոսն ու Տեր-Մարկոսը, զենքը ձեռքին իր «եղբայր» Գրիգոր Ստեպանովի գլխավորած ընտիր ջոկատի կազմում ժամանում է Արցախ՝ հայկական զորքին օգնության։ Սակայն նրանց երթուղին տարբեր էր՝ սկսվում էր Ռեչ Պոսպոլիտայից և անցնում Ռուսաստանի միջով (այդ մասին՝ հաջորդիվ)։ Ուրեմն՝ հետախույզ, ապա և զինվոր դարձած այս երեք հոգևորականների հնարավոր հանդիպումը Երուսաղեմում նույնպես բացառել չի կարելի։

    Վասպուրականի գործողությունը.գաղտնի խորհրդաժողով՝ Լիմ անապատում

    Մխիթար աբեղայի հիշատակարանը հնարավորություն է ընձեռում գրանցելու Արևելյան Հայաստանում ապստամբության ճիշտ նախօրեին հայկական հետախուզության իրականացրած ևս մեկ խոշոր գործողություն։

    1722 թ. գարնանն Օսմանյան կայսրության սահմաններից ներս՝ Վանա լճի Լիմ կղզու նույնանուն մենաստանում («անապատում») գումարվել է մի գաղտնի խորհրդաժողով՝ արևմտահայկական Վասպուրական նահանգի աշխարհիկ ու հոգևոր առաջնորդների մասնակցությամբ։ Գաղտնի քննարկումները կամ, ինչպես դրանք բնութագրում է Լիմ անապատի սպասավոր Մխիթար աբեղան՝«զրոյցք գաղտնի եւ ծածկախորհուրդս» տևել են ընդհանուր առմամբ յոթ օր։ Լիակազմ նիստեր տեղի են ունեցել երեք անգամ, հավանաբար, յուրաքանչյուր անգամ նոր մասնակիցների ընդգրկումով։ Գլխավոր ելույթով հանդես է եկել «քաջահամբաւ եւ արիասիրտ» մի ռշտունեցի վարդապետ՝ Ներսեսանունով։ Նա հուզառատորեն ներկայացրել է «դառնակսկիծ վիճակս համօրէն ազգիս Հայոց» և ցնծությամբ հայտնել, որ Դավիթ-բեկը սկսել է զորահավաքն ու ռազմական նախապատրաստությունները՝ «վասն հալածելոյ նեղիչք եւ կշտամբիչք մեր, միտս ունելով ազատագրելոյ արիւնածուփ զաշխարհն Հայաստան»: Ներսես վարդապետի կոչը Մխիթար աբեղան գրանցել է բառացի (մեջբերում ենք՝ վերածելով աշխարհաբարի).«Այժմ, ո՜վ բարեմիտ և հայրենապաշտ ժողովականներ, շրջե՛ք ձեր գավառներով, խրախուսե՛ք խավարի և տանջանքների մեջ քնած ձեր ժողովրդին, որպեսզի թոթափենան իրավ բռնության լուծը, և երբ մենքմարտի հրավեր կարձակենք, ապստամբության ձայն բարձրացնեն մեր մարդակեր և  խաչահալածթշնամիների դեմ»։

    Ներսես վարդապետի այն ակնարկը, որ ինքը մաս է կազմում ինչ-որ ղեկավար մի մարմնի, որտեղից որոշակի պահին պետք է գա ապստամբություն բարձրացնելու հրամանը («երբ մենք (sic!) մարտի հրավեր կարձակենք»), կասկած չի թողնում, որ Վասպուրականում զորաժողով կազմակերպելու առաքելությունը նրան լիազորել ու հանձնարարել էր Արևելյան Հայաստանում գտնվող ազատագրական շարժման Կենտրոնը։

    Այնուհետև Մխիթար աբեղան հայտնում է. «Եվ եղան բազում ելույթ ունեցողներ, բազմազան կարծիքներ,անհամար առաջարկներ»։ Արդյունքում ընդունված որոշումը հետևյալն էր՝ Վասպուրականում սկսել զորահավաքային միջոցառումներ, որոնց թվարկումն ինքնին մեծապես հետաքրքրական է.«համաձայնվեցին պատերազմական նպատակներով հավաքագրել բազում քաջակորով և մարտունակ տղամարդկանց, հայթայթել նպարեղենուտեստս կռուապաշարոյ»), բազում սայլեր, նժույգներ, բազմազան պետքական իրեր, առճիճ, նավակներ, բուրդ, ցորեն և ոչխարներ»։

    Յոթերորդ օրվա գիշերը՝ Ավանց գյուղից ժամանած նավակով (մի սկզբնաղբյուրի համաձայն, XVII դ. վերջին Վանա լճում կային 50-60 մեծ և փոքր նավեր) գաղտնի խորհրդաժողովը պատվիրակներ է ուղարկել Աղթամարի կաթողիկոս Հովհաննես Ձորեցու մոտ։ Աղթամարի կղզում նրանց ընդունելով՝ կաթողիկոսը խանդավառությամբ օրհնում է ազատագրական ձեռնարկը։ Զորահավաքային միջոցառումների հետագա զարգացումների մասին որևէ բան հայտնի չէ։ Սակայն ոչ Վասպուրականում, ոչ էլ Արևմտյան Հայաստանում ապստամբություն տեղի չի ունենում։ Դրա պատճառները հիմնականում երկուսն էին. 1) արևելահայկական զինված ուժերին չհաջողվեց ընդլայնել իրենց վերահսկած տարածքն Արցախից և Սյունիքից դուրս, 2) շատ շուտով՝ օսմանյան մեծաթիվ բանակները կենտրոնացվեցին կայսրության արևելյան շրջաններում, այդ թվում՝ Վասպուրականում և ապա ներխուժեցին Սեֆյան Իրան։

    Լիմի խորհրդաժողովի որոշ արդյունքների մասին կարելի է դատել կողմնակի տեղեկություններից։ 1727 թ. հոկտեմբերին հայկական հետախուզության Կամենեց-Պոդոլսկի կայանից հայտնում էին, որ ասորիներն ու եզդիները, որոնք ապրում էին Վասպուրականի և Տիգրանակերտի (Դիարբեքիր) շրջաններում, դեռևս հավատարիմ են հայերի հետ նախկինում կնքված հակաօսմանյան դաշինքին՝ «ընդ մեզ [են] որպէս առաջի»։ Ասորիների հետ դաշինքի կնքմանն իր անձնական կապերով կարող էր մասնավորապես նպաստած լինել Մինաս վարդապետ Տիգրանյանը, որի ծննդավայրը նշված էր նրա ազգանվան մեջ, կամ ինչպես ինքն էր ասում մի ռուսերեն վավերագրում՝ «ծնվել եմ ես Տիգրանի քաղաքում՝ Ասորիքում (родился я в граде Тиграна в Ассирии)»։ Նույն դերը կարող էր կատարած լինել նաև Վասպուրականում արևելահայկական Կենտրոնի ներկայացուցիչ Ներսես վարդապետը, որը Վասպուրականի Ռշտունիք գավառի ծնունդ էր։ Իմիջիայլոց, Ներսես վարդապետին էլ հայկական հետախուզության աշխատանքների մեջ կարող էր ներգրաված լինել նրա արևմտահայ համերկրացին՝ Մինաս վարդապետը։

    Ըստ առկա բոլոր տվյալների, Լիմ անապատի գաղտնի խորհրդաժողովը երբեք չի բացահայտվել, որն ինքնին հայկական հետախուզության անվիճելի հաջողություն է։ Հասկանալի է, որ այդպիսի խոշոր հավաքի ծածուկ կազմակերպումը նախատեսում էր նախապատրաստական մանրակրկիտ աշխատանք, արհեստավարժություն և գաղտնեգործունեության բարձր մակարդակի պահպանում։

    Եվս մեկ փաստ։ 1763 թ. Մշո Ս. Կարապետի վանահայր Հովնան արքեպիսկոպոսը հաղորդում էր հայ ազատագրական շարժման անզուգական գործիչ Հովսեփ Էմինին (1726-1809) հայերի, ասորիների և եզդիների միջև գոյություն ունեցող ռազմաքաղաքական գործող դաշինքի մասին։ Այս տեղեկությունը ստիպում է կարծել, որ 1720-ական թթ. հայկական հետախուզության ստեղծած գաղտնի կապերը Վասպուրականի և Տարոնի ազատագրական կենտրոնների և ասորիների ու եզդիական ցեղերի միջև՝ անցած քառասնամյակում չէին անհետացել և պատրաստ էին վերագործարկման։

    Հայկական հետախուզության ԿամենեցՊոդոլսկի կայանն ու զինյալ կազմակերպությունը

    Ռուսաստանի արտաքին քաղաքականության դիվանում (АВПР) պահպանվել են հույժ արժեքավոր վավերագրեր հայ զինվորականների՝ Ռեչ Պոսպոլիտայից Ռուսական կայսրության տարածքով Հայկական Սղնախներ (կոնկրետ՝ Արցախ) անցնելու, Կամենեց-Պոդոլսկում բազավորված նրանց ղեկավարների հետ Մինաս վարդապետ Տիգրանյանի նամակագրության, ինչպես նաև Մոսկվայում նրանց ուղարկած պատվիրակների հարցաքննությունների մասին։ Այդ փաստաթղթերի մանրամասն քննությունն ու հանգամանալից գնահատականը կներկայացվի ուսումնասիրությանս գիտական տարբերակում։ Իսկ թերթային այս հրապարակման շրջանակները թույլ են տալիս շարադրելու ընդամենը մի շարք հիմնական փաստեր և եզրակացություններ։

    Այս արխիվային վավերագրերը հրապարակվեցին, մեծավ մասամբ, 1960-ական թթ.։ Այնուհետև հայ մի քանի պատմաբանների (Վարդան Պարսամյան, Համո Խաչատրյան, Աշոտ Հովհաննիսյան) միջև սկսվեց բանավեճ, որում շոշափվում էին ինչպես դրանց գիտական հրատարակման մեթոդաբանական և բարոյական կողմերը, այնպես էլ պատմաառարկայական որոշ հարցեր, այն է՝ արդյո՞ք այդ հայ զինվորականները տեղացի՝ լեհահայե՞ր էին, թե Արևելյան Հայաստանից գաղթածներ, որոնք բնակություն էին հաստատել Կամենեց-Պոդոլսկում և մերձակա քաղաքներում, իրենց պնդմամբ, 1722 թ.՝ Պարսկաստանում խառնակություններ սկսվելուց հետո։ Նրանց նպատակը հայկական զորքերին օգնության գնա՞լն էր թե իրենց ընտանիքների գիրկը վերադառնալը։

    Բանավեճն ի հայտ բերեց նոր կարևոր պատմական փաստեր, սակայն, հայեցակարգային առումով եղավ ոչ լիարժեք, քանի որ հետազոտողների ուշադրությունից զարմանալիորեն (ընդ որում՝ ցայսօր) վրիպել է ամենակարևորը՝ արևելյան Եվրոպայում հայկական ընդհատակյա կազմակերպության գոյությունը։ Կազմակերպությունը ղեկավարվում էր ԿամենեցՊոդոլսկում գտնվող կենտրոնակայանից, որը ենթարկվում էր հայ ազատագրական շարժման արևելահայաստանյան Կենտրոնին։ Վավերագրերից մի քանիսն այնքան պերճախոս կերպով են նկարագրում հայկական այդ գաղտնի կազմակերպության իրական նպատակները, գործունեության շարժառիթներն ու ձևերը, որ հաճախ լրացուցիչ մեկնաբանության կարիքը պարզապես անհետանում է։

    Տակավին 1721 թ. Ռեչ Պոսպոլիտայում հայկական հետախուզության կայանը Միքայել անունով մի սուրհանդակ էր ուղարկել Մինաս Տիգրանյանի մոտ՝ նրան տեղեկացնելով իր ենթակայության տակ արդեն պատրաստ վիճակում գտնվող զինյալ խմբերի մասին, որոնք, ակներևաբար, նախատեսված էին Հայաստան տեղափոխելու համար։ Հետևաբար, գործակալական կայաններն արևելյան Եվրոպայում ստեղծվել էին դեռևս խաղաղ ժամանակներում, համենայն դեպս՝ ավելի վաղ, քան 1722 թ. կփլուզվեր Սեֆյան կայսրությունը և կսկսվեր արևելահայոց ապստամբությունը։ Մինչ այդ արդեն ահռելի աշխատանք էր կատարվել ռազմական կադրեր՝ հիմնականում Հայաստանից ուղարկված երիտասարդներին գաղտնաբար հավաքագրելու և պատրաստելու ուղղությամբ։

    Ինչպես ցույց են տալիս առկա արխիվային նյութերը, 1727 թ. հայկական գաղտնի կազմակերպությունը միավորում էր մոտավորապես 500 հայ պրոֆեսիոնալ զինվորականների, որոնց գլխավորում էր Կամենեց-Պոդոլսկի կայանի ղեկավար եռյակը կամ, ինչպես նշում է սկզբնաղբյուրը՝ «նրանք երեք պետ ունեն՝ Իսահակը, Մարտիրոսը և Մանուկը»։ Կազմակերպության հրամանատարական կառուցվածքն օգտագործում էր ցանցային կառավարման տարրեր և էականորեն ապակենտրոնացված էր. այդ 500 զինվորականները (որոնցից ավելի քան 300-ը Ռեչ Պոսպոլիտայում էր) բաժանված էին մանր ջոկատների և ցրված«ԿամենեցՊոդոլսկում և մերձակա լեհական քաղաքներում, ինչպես նաև Վոլոսկի (Վալախիայի) երկրում, Հունգարիայում և այլ երկրներում և քաղաքներում», «իսկ վերոհիշյալ պետերն ու նրանց ենթակայության տակ գտնվող մյուս հայերը բոլորը զինվորականներ են, բայց այդ թաքցնում են ու տեղից տեղ թափառում առևտրական գործերով ու թշվառ տեսքով»։

    Ինչպես տեսնում ենք, այս ընդհատակյա կազմակերպության ենթակառուցվածքը սփռված էր Եվրոպայի մի քանի պետություններով, ընդ որում՝ դրանցից ոչ բոլորն են թվարկված։ Կամենեց-Պոդոլսկի կայանի հինգ պատվիրակները, որոնց հարցաքննել էին Մոսկվայում՝ Արտաքին գործերի կոլեգիայում, հայտնում էին, որ զինյալ խմբերի մասին տեղեկություններն ամբողջությամբ գաղտնիացված են և կենտրոնացված միայն ղեկավար եռյակի՝ Իսահակի (նույն ինքը՝ Եսայի), Մարտիրոսի և Մանուկի մոտ. «իսկ թե ո՞ր վայրերում են նրանք այժմ գտնվում ու որտե՞ղ քանի հոգի կա՝ այդ մասին գիտեն վերոհիշյալ երեք պետերը, որոնք նրանց ուղարկել են ԿամենեցՊոդոլսկից»։

    Կազմակերպության ղեկավարների նպատակը շարադրված է շատ հստակ՝ Ռուսաստանի միջով անցնել մարտնչող Հայկական Սղնախներ (Արցախ և Սյունիք). «Իսկ նրանց ԿամենեցՊոդոլսկից ուղարկել են հիշյալ գլխավոր հայերը նորին կայսերական մեծության (ն.կ.մ.) մոտ խնդրագրով, որպեսզի ն.կ.մ.-ը ողորմածաբար նրանց իրավունք շնորհի Ռուսաստանի պետության վրայով, առանց արգելքի, ազատորեն անցնելու Պարսկաստան՝ Հայկական Սղնախներ։ Եվ այս է միայն նրանց գլխավոր պետերի միակ ցանկությունը և միմիայն այս մասին են խնդրում ն.կ.մ.-յանը (ընդգծումն իմն է՝ Ա.Ա.)»։ Ավելի ուշ Մոսկվա ժամանած հայ զինվորականների տարբեր խմբեր առավել մեծ հստակություն են մտցնում այս հարցում, հայտարարելով, որ իրենք «…ցանկանում են հայոց բանակին օգնության գնալ», «իսկ իրենք բոլորը ցանկանում են գնալ Հայկական Սղնախներ՝ հայկական բանակին օգնության», «իսկ մտադրվել են Ռուսաստանի միջով Սղնախներ ճանապարհվել, մտածելով, որ քրիստոնյա պետության միջով ավելի դյուրին կլինի անցնելը»։

    Կոնսպիրացիայի բարձրագույն աստիճանը պահպանելու նպատակով, պետերի եռյակը, ինչպես նաև հայ զինվորականների մի մասը մշտապես փոխել են իրենց բնակության վայրերը. «նրանք ապրում են քաղաքից քաղաք և տեղից տեղ փոխադրվելով, որպեսզի թաքցնեն իրենց մտադրությունը»։ Կազմակերպության ներսում գաղտնեգործունեության բարձր մակարդակն արտահայտվում էր նաև նրանում, որ նրա անդամների մեծամասնությունը չէր ճանաչում գլխավոր պետերին։ Ոչ միայն տարբեր քաղաքներում և շրջաններում, այլև տարբեր պետություններում գտնվող իր բջիջների վրա ամենօրյա օպերատիվ վերահսկողություն իրականացնելու անհնարինությունը կարող էր փոխհատուցվել միայն ներքին երկաթյա կարգապահությամբ։ Ամեն դեպքում պետերի եռյակն ուներ գաղտնի կապի ինչ-որ համակարգ, որով արդյունավետորեն իրազեկվում էր իր գործող կառույցների գտնվելու վայրերի և ընդհանուր վիճակի մասին, այլապես չէր կարող 1727-1728 թթ. ձմռանն արագորեն գումարել բոլոր (կամ առնվազն Ռեչ Պոսպոլիտայում եղած) ջոկատների ընդհանուր հավաք։

    Հատկանշական է նաև այն, որ այս զինվորները ճանապարհվել են Հայաստան ռազմական տեսակետից ամենաանհուսալի ժամանակ, հրաշալիորեն տեղյակ լինելով, որ օսմանյան բանակը գրավել է ամբողջ Անդրկովկասը, իսկ Արցախն ու Սյունիքն արդեն մի քանի տարի է, ինչ գտնվում են խուլ շրջափակման, փաստացիորեն՝ պաշարման մեջ։ Ամենայն հավանականությամբ, այս ծանրագույն վիճակը ստիպել է Կենտրոնին, այն է՝ Արցախի և Սյունիքի հրամանատարությանը պահանջել իր հետախուզության արևելյան Եվրոպայում ներդրված կայաններից՝ շուտափույթ օգնության ուղարկել բոլոր պատրաստ զինյալ ջոկատները՝ քանի դեռ դիմադրությունը երկրի ներսում չի ոչնչացվել։ Հենց այդ կտրուկ հրամանը, ավելի ստույգ՝ Սղնախներից հասած SOS ազդանշանը ստիպում էր հայկական հետախուզության կայանապետերին շտապել Հայաստան ջոկատները ուղարկելու գործում։ Հիշեցնենք, որ այդ զինյալ ջոկատներն ստեղծվել էին Իսրայել Օրիի մտահղացմամբ՝ դեռևս մինչև ապստամբության սկիզբը Հայաստանից Եվրոպա ուղարկված և այնտեղ ռազմական ուսուցում ստացած ընտիր երիտասարդներից (տե՛ս «Հայաստանի Զրուցակից», 8 (217)

    1727-1728 թթ. ձմռանը Ռեչ Պոսպոլիտայում կազմակերպվեց ջոկատների ընդհանուր հավաք՝ շտապ Հայաստան մեկնելու նպատակով։ Իզուր չէ, որ Կամենեց-Պոդոլսկից Մոսկվա ուղարկված պատվիրակներն «աղերսանքով» թույլտվություն էին խնդրում ռուսաց կայսրից, «որպեսզի նրանք ներկա ձմեռային ճանապարհով կարողանան շարժվել Մոսկվա»։ Ձմռանը՝ռուսական սառնամանիքի և անանցանելիության պայմաններում, ճանապարհ ընկնելու հաստատակամ ցանկությունը կարող է բացատրվել միայն Սղնախներից ստացված շտապելու հրամանով։ Սակայն պետական սահմանների հատումը կազմակերպելու արտակարգ բարդությունների պատճառով այդ ջոկատները դարձյալ տարակենտրոնացվեցին։ Ինքը՝ «հավաքը», ըստ երևույթին, գումարվել էր Ռեչ Պոսպոլիտայի առևտրային կենտրոններից մեկում, ամենայն հավանականությամբ՝ նույն Կամենեց-Պոդոլսկում։ Այդ հավաքի ընթացքում գաղտնեգործունեության կաննոնները պահպանվել են ողջ խստությամբ. ջոկատներն ու նույնիսկ ջոկատների հրամանատարները, ինչպես հայտնում էին Մոսկվա ժամանած հայերը, «միմյանց միջև քննարկումներ ու ժողովներ չեն արել և հնարավորին չափով միմյանցից թաքցրել են Ռուսաստանի վրայով Սղնախներ մեկնելու իրենց ցանկությունը»։

     

    Հայ զինվորականները զգուշանում էին լեհական իշխանություններից, որոնք խոչընդոտներ էին առաջացնում Ռուսաստան մեկնել փորձող նույնիսկ փոքր խմբերի համար. «իսկ եթե Լեհաստանում հայերի շարժումը չկասեցնեին, ապա այստեղ արդեն հասած կլինեին ավելի քան 300 հոգի», – հայտնում էին ռուս պաշտոնյաներին 1728 թ. սեպտեմբերի 8-ին Մոսկվա ժամանած հինգ հայ զինվորականները։ Ընդ որում, հայկական հետախուզության Կամենեց-Պոդոլսկի կայանը բավականին լավ տեղեկացված էր միջազգային քաղաքական իրադրության, մասնավորապես ռուս-թուրքական հարաբերությունների մասին և ըստ այդմ հույսեր չէր տածում Ռուսաստանից կամ որևէ այլ պետությունից ռազմական օգնություն ստանալու վերաբերյալ։ Դեպի Հայաստան իր ջոկատների երկար ճանապարհը հաղթահարելու համար հայոց պետերի եռյակը ռուսաց իշխանություններից անգամ նյութատեխնիկական օժանդակություն չէր հայցում. «Նրանցից ոմանք ձիեր ու հրացաններ ունեն, իսկ ուրիշները չունեն, բայց երբ ն.կ.մ. հրամանով նրանց թույլ տրվի Ռուսաստան գալ, ապա բոլորը կգան՝ ով ինչքանով իրեն կկարողանա զինելկգան իրենց սեփական ծախսերով, չցանկանալով ն.կ.մ.-ից Ռուսաստանով անցնելու համար որևէ օժանդակություն ոչ դրամով, ոչ սննդով, ոչ սայլերով, միայն թե իրենց Ռուսաստանով անցնելու ազատ և անհապաղ իրավունք տրվի»։ Այսպիսով՝ կայանն ի վիճակի էր ինքնուրույնաբար լուծելու իր ջոկատների զինման, ֆինանսավորման և նյութատեխնիկական ապահովման հարցերը։ Միաժամանակ, Ռուսաստանով անցնելու ընթացքում ձգտելով պահպանել գաղտնիությունը և չվտանգել ամբողջ արևելյան Եվրոպայում գործող հայկական ընդհատակյա կազմակերպությունը, հայկական հետախուզութան Կամենեց-Պոդոլսկի կայանի պատվիրակները համառորեն խնդրում էին, որպեսզի դեպի Մոսկվա ճանապարհին հայ զինվորականներից որևէ մեկին չհարցաքննեն, և միայն այն ժամանակ, երբ հիշյալ պետերը Մոսկվա կժամանեն, «իրենց վիճակի և նպատակների մասին կզեկուցեն նրան, ում կհրամայի ն.կ.մ.-նը»։

    Մոսկվայում հարցաքննված հայ զինվորականներից ոմանք գուցեև անձամբ ճանաչում էին իրենց գլխավոր պետերին, սակայն նրանց ինքնության, բնակվելու վայրի և ամենօրյա գործունեության մասին գաղտնիքը չհրապարակելու խիստ հրաման ունեին։ Այսպես, 1728 թ. սեպտեմբերի 8-ին «Լեհաստանից Կիևի վրայով» Մոսկվա հասած հայ զինվորականներ Հովհաննեսը (Իվանը), Գրիգոր Իվանովը, Պետրոս Ղազարյանը (Պետր Լազարև), Բաբուն Նիկիտինը հայտարարում էին ռուս պաշտոնյաներին. «Գլխավոր պետերից ճանաչում են միայն Եսայուն, որն իրենց այստեղ մեկնելուց հետո մնացել է ԿամենեցՊոդոլսկում։ Նրա մոտ իրենց զինակիցներիցեղբայրներից») մնացել են մինչև 60 մարդ, իսկ մյուս պետերին՝ Մարտիրոսին և Մանուկին նրանք չեն ճանաչում»։ Եսայու մասին տեղեկացնելու այս պատրաստակամությունը հավանորեն բխում էր նրանից, որ նա պատրաստվում էր նույնպես Մոսկվա ժամանել՝ Ռեչ Պոսպոլիտայից բոլոր հայ զինվորականներին ուղարկելուց անմիջապես հետո։ Ի դեպ, նրանք, ավելորդ ուշադրություն չգրավելու համար, այնտեղից դուրս էին գալիս «երկուական կամ երեքական» խմբերով։ Այս կապակցությամբ ուշագրավ է, որ ղրիմահայոց ջոկատն էլ Սև ծովն անցնում էր ճիշտ այդպես՝ «մի մի, երկ երկու» հոգով (տե՛ս «Հայաստանի Զրուցակից», 8 (217))։ Սա վկայում է հայկական հետախուզության մեջ մասնագիտական փորձի փոխանցման և օգտագործման կանոնավորված համակարգի գոյության մասին։

    АВПР-ում պահպանվել են նյութեր 1728 թ. Ռեչ Պոսպոլիտայից Ռուսաստան դուրս եկած հայկական մի ջոկատի մասին, որը գլխավորում էին «գնդապետ» Գրիգոր Ստեփանյանը (Ստեպանովը) և եպիսկոպոս Պետրոս Խաչատրյանը (Խաչատուրովը)։ Իմիջիայլոց, Գրիգոր Ստեփանյանին գնդապետի աստիճան էին շնորհել ոչ թե Ռուսաստանում, այլ ըստ երույթին Ռեչ Պոսպոլիտայում։ Սա ևս մեկ անգամ հաստատում է մեր առաջադրած վարկածը, թե շատերը նրանցից, ում հայ ազատագրական շարժման կենտրոնն ուղարկում էր արտասահման, հատկապես այն բանից հետո, երբ այդ կենտրոնի գլուխ կանգնեց Իսրայել Օրին, ինչպես և ինքը, մտածված կերպով եվրոպական բանակներում ծառայության մեջ էին մտնում՝ ռազմական առաջավոր ուսուցում և փորձ ձեռքբերելու նպատակով։ Անցնելով Կիև-Մոսկվա-Ցարիցին-Չորնի Յառ-Թերեք երթուղով՝ Գրիգոր Ստեփանյանի 23 «զինվորականներից» բաղկացած ջոկատը հասնում է Դերբենտ 1728 թ. սեպտեմբերին։ Չի բացառվում, որ ջոկատի մի մասը հետախուզական կամ այլ նպատակներով անմիջապես անցած լինի Արցախ։ Մինչդեռ հրամանատարները և, ըստ ամենայնի, ջոկատի մեծ մասը, մեզ առայժմ անհայտ պատճառներով, անցել են Արցախ միայն 1729 թ. վերջին կամ 1730 թ. սկզբին։ Այնտեղ ջոկատը մասնակցել է օսմանյան զորքերի դեմ մղվող ինքնապաշտպանական մարտերին ընդհուպ մինչև 1730 թ. օգոստոսի կեսերը։ Իրադրության հետագա վատթարացումը, սակայն, ստիպում է նրանց, արցախյան ուժերի մի խոշոր ջոկատի հետ, ճեղքել շրջափակումը և մտնել ռուսական վերահսկողության տակ գտնվող մերձկասպյան շրջանները։ Հայ զորապետերը (յուզբաշիները) խնդրում են ռուսաց հրամանատարությյանը՝ ռազմական օգնություն տրամադրել և նրանց ետ ուղարկել՝ օժանդակ «զորախմբի» (команда) հետ միասին, սակայն մերժում են ստանում։

    Այսպիսով, հայկական հետախուզության Կամենեց-Պոդոլսկի կայանը հայ ազատագրական շարժման ինքնավար ու ինքնաբավ մի ստորաբաժանում էր։ Այն ոչ միայն ղեկավարում էր եվրոպական մի շարք պետություններում և Օսմանյան կայսրությունում գործող ճյուղավորված ընդհատակյա գործակալական ցանցը, այլև իր ենթակայության տակ ուներ զինված ջոկատներ, որոնց ընդհանուր թվաքանակը հասնում էր 500 հոգու։ Սրանք լավ մարտական պատրաստություն, բանակային կարգապահություն և բարձր շարժառիթավորում (մոտիվացիա) ունեցող զինվորականներ էին։ Փաստորեն, խոսքը վերաբերում է ոչ թե պարզապես հայկական հետախուզության կայանին, այլև նրա ղեկավարած ռազմականացված գաղտնի խմբավորմանը, որը գործում էր հեռավոր արտասահմանում, լինելով թերևս խոշորագույն նմանատիպ էթնիկ կազմակերպությունը՝ XVIII դարի Եվրոպայում։ Կամենեց-Պոդոլսկի հետախուզական կայանի մասին տեղեկություններն ընդհատվում են 1728 թ., իսկ արդեն 1730-ական թթ. իր գոյությունն է դադարեցնում այն ստեղծած Կենտրոնը։ Այդուամենայնիվ կարելի է ենթադրել, որ կայանի ղեկավարած ընդհատակյա հայկական կազմակերպությունը կարող էր որոշ ժամանակ ևս իր գործունեությունը շարունակած լինել՝ այս կամ այն ձևով և փոփոխված նպատակներով։

    ԱՐՄԵՆ ԱՅՎԱԶՅԱՆ

    Քաղաքական գիտությունների դոկտոր

    «Հայաստանի զրուցակից»,

    Նեմրութի հայ հեթանոսական մեծ սրբավայրը. Աշխարհի 8-րդ հրաշալիքը

    2 Հունիսի, 2012

    Հայկական լեռնաշխարհում գտնվող փոքր Նեմրութ լեռան (Մեծ Նեմրութը գտնվում է Վանա լճի արեւմտյան կողմում-3050 մ) վրա գտնվող հայ հեթանոսական Աստվածների հուշարձանախումբը շարունակում է մնալ Թուրքիա այցելող զբոսաշրջիկների հետաքրքրության  շրջանակում : Սակայն թե ցուցանակներում, թե զբոսավարների պատմածներում իսպառ բացակայում է «հայ» անունը` շեշտվելով միայն հունական Աստվածների անունները:

    Հայկական Երվանդունիների թագավորության կրտսեր ճյուղի՝ Կոմմագենեի կամ Կամախի արքա Անտիոքոս 1-ինը, ով Քրիստոսից առաջ 70 թվականին Հայոց արքա Տիգրան Մեծի կողմից թագարդրվել էր Տիգրանյան թագով, 2150 մետր բարձրություն ունեցող Նեմրութ լեռան վրա իր դամբարանն էր կառուցել, շրջակայքում տեղադրել հեթանոսական Աստվածների եւ իր արձանը:

    Նեմրութ լեռան գագաթին է գտնվում է Անտիոքոս 1–ի դամբարանը, որը իրենից ներկայացնում է մոտ 50 մետր բարձրությամբ բլրաձեւ ավազախումբ, որի ներսում ըստ պնդումների, թաղված է Անտիոքոսը: Ավազաբլուրների արեւելյան եւ արեւմտյան կողմում Անտիոքոս 1-ինի կողմից կանգնեցվել են Արամազդի, Անահիտի, Միհրի, Տիրի եւ Վահագնի մոտ 9 մետր բարձրությամբ արձանաշարքերը: Բացի իր եւ Աստվածների արձաններից, Անտիոքոսն այնտեղ կանգնեցրել է նաեւ թագավորության խորհրդանիշ առյուծի եւ արծվի արձանները, որոնց մերձակայքում են գտնվում Անտիոքոսի նախնիների պատկերները՝ քանդակված ժայռաբեկորների մեջ:

    ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված Նեմրութ լեռան դամբարանաբլուրը մեծ վեճի առարկա է դարձել Թուրքիայի Ադըյաման եւ Մալաթիա նահանգների միջեւ: Նեմրութ լեռը գտնվում է Ադըյաման նահանգի տարածքում, սակայն Մալաթիայի նահանգապետարանը պնդում է, որ լեռան վրա գտնվում են հուշարձաններ, որոնք մտնում են Մալաթիայի նահանգի մեջ:

    Տարիներ տեւող այս վեճը դեռ վերջնական լուծում չի ստացել: Ադըյամանի նահանգապետարանը բազմաթիվ բողոքներ է ներկայացրել՝ զգուշացնելով Մալաթիայի նահանգապետարանին՝ Նեմրութ լեռան Աստվածների պատկերները չօգտագործել որպես Մալաթիայի խորհրդանիշ: Այս վեճի պատճառն այն է, որ Նեմրութ այցելող զբոսաշրջիկները մեծ գումարներ են ծախսում, ուստի, ամեն նահանգ աշխատում է զբոսաշրջիկներին իր նահանգի միջոցով ուղղորդել դեպի Նեմրութ:

    Լեռան վրա տիրող անբարենպաստ եղանակային պայմանները՝ ուժեղ քամիները եւ սաստիկ սառնամանիքները մեծ վնաս են հասցնում հուշարձաններին: «Մեր քունը փախել է այն մտքից, որ կարող է  հանկարծ այդ արձանները վնասվեն։ Իմ ձեռքում լիներ, վերմակս այդ արձանների վրա կգցեի»,-մի առիթով ասել էր Թուրքիայի մշակույթի եւ տուրիզմի նախարար Էրթուղրուլ Գյունայը՝ շեշտելով, որ իրենք տարբեր առաջարկներ են ստացել՝ արձանների պահպանման հետ կապված։

    Ըստ նախարարի՝  որոշ մասնագետներ առաջարկում են արձանները պատել քիմիական լուծույթներով, որոնք կապահովեն արձանների ամրությունը, ինչպես նաեւ արձանների շուրջ ապակե պատ կառուցել կամ վրան տեղադրել։ «Ձմռանը լեռան վրա ուժեղ քամի է լինում եւ դրան չի դիմանա թե վրանը, թե ապակե պատերը։ Իսկ ամուր ապակել պատեր կառուցելու համար անհրաժեշտ է հիմքեր փորել, ինչով ավելի վնաս կտանք արձաններին։ Դրա համար էլ մտածում ենք, որ ամենահարմար տարբերակն այն է, որ արձանները ուղղաթիռով տեղափոխվի 800 մետր ներքում գտնվող Քահթայի թանգարաններից մեկը»,-նշել էր Էրթուղրուլ Գյունայը:

    Զգուշացե´ք…Այլասեռվածներն են

    23 Մայիսի, 2012

    Հայաստանին և առհասարակ մարդկությանը թշնամի քողարկված ուժերը ոչ միայն անհայտ տիպի վիրուսներով,հիվանդություններով,զանազան «գրիպներով» են պայքարում մոլորակի մարդկության դեմ,այլև սերմանում են բազմաթիվ վտանգավոր մտքեր ու այլասեռվածություններ և որ ամենավտանգավորն է՝անունը դնում են «բազմազանության մշակույթ»,պահանջում են «հարգել սեռական փոքրամասնությանը»…Իրականում այս տիպի բառակապակցություններն ավելի վտանգավոր են,քան հենց բուն երևույթը,քանզի սրանք գալիս են արդարացման քողի տակ առնելու կործանարար այլասեռվածությունը,հաշտեցնելու մեզ նողկալի այդ երևույթի հետ և այսպես ասած՝ «կուլտուրական» մոտեցում ապահովվելու այդ երևույթի հանդեպ:Իսկ հայերիս մեջ քաղքենիների պակաս չկա,մանավանդ այս ժամանակներում,ովքեր տառապելով Եվրոպացուց ավելի Եվրոպացի երևալու մարմաջով,պատրաստ են արագորեն ընդունելի համարել այս անսեռ այլասեռվածների գոյությունն ու զանազան մեղմ ու գեղեցիկ բառերով անվանել այս այլանդակ երևույթը:Սրա ամենավառ ապացույցն է հենց այս նոր «մշակութային բազմազանություն» կոչվածը,ինչու չէ,նաև այսպես կոչված՝ «միասեռական» կամ՝«նույնասեռական» անվանումը:Իրականում գոյություն չունեն նման անվանումներ,կապված այլասեռվածության այս դրսևորման ջատագովների հետ:Դեռևս 20-րդ դարում հոգեբանության հայր հանդիսացող Ֆրոյդն անգամ նմաններին անվանում էր հենց ԱՅԼԱՍԵՌՎԱԾՆԵՐ:

    Այսօր բազմաթիվ մարդիկ,կազմակերպություններ ամբողջ աշխարհում,նաև հենց մեր Հանրապետրությունում, հորինում են այս այլասեռվածության հետ բացարձակ կապ չունեցող հասկացություններ ու անվանումներ,փորձելով լվանալ մեր ուղեղները,ինչը վտանգավոր է հատկապես մեր երեխաների,մեր ապագա սերնդի և մեր վաղվա օրվա համար:ՄԻԱՍԵՌ կամ ՆՈՒՅՆԱՍԵՌ հայերենով նշանակում է նույն սեռի մարդիկ և բառն ինքնին բոլորովին էլ կապ չունի սեքսի հետ:Մենք կարող ենք օրինակ ասել՝ ժողովին հավաքվածները նույնասեռ էին և հասկանալ,որ նրանք բոլորը եղել են կանայք,կամ՝ տղամարդիկ,կամ ասել՝ հավաքված բազմությունը միասեռ էր և նորից հասկանալ,որ հավաքված են եղել նույն սեռն ունեցող մարդիկ:Իսկ ահա այսօր, աղավաղելով հայկական այս բառերի բուն իմաստը,մեր խոսակցականում սրանք օգտագործվում են մեկ այլ իմաստով՝ հասկացնել տալու համար,որ խոսքը գնում է այլասեռված կամ՝ անսեռ այդ ողորմելիների մասին,որոնք սեռական ակտ են իրականացնում նույն սեռն ունեցող իրենց նմանների հետ:Այնինչ հայկական այդ բառերը ԵՐԲԵ´Ք կապ չունեն սեքսի հետ ու երբեք էլ չեն բնորոշում սեքսի այդ տեսակով զբաղվողներին:Այդպիսիներին բնորոշող ճիշտ բառն է հենց ԱՅԼ-ա-ՍԵՌ-ՎԱԾ-ներ բառը,որն էլ հենց իրավամբ մեր պատկերացումներում առաջացնում է մերժելի,զզվելի արարք կատարողի պատկերը:Եվ չափազանց տեղին,բառի «ՎԱԾ» վերջավորությունն էլ բնորոշում է նմանների ԱՐՀԵՍՏԱԿԱՆՈՐԵՆ այդպիսին դարձած լինելու փաստը:Նմանները ՄԻԱՍԵՌ կամ ՆՈՒՅՆԱՍԵՌ համարվել չեն կարող թեկուզ հենց այն պարզ պատճառով,որ առաջին հերթին հենց իրենք են մերժել Աստծո կողմից իրենց տրված սեռը:Այդպիսիներն իրականում ԱՆՍԵՌ են և բնականոն ճանապարհով բազմանալու նրանց անընդունակությունը հենց խոսում է ԲՆՈՒԹՅԱՆ կողմից նրանց մերժելի,ոչ նորմալ կեցության մասին:

    Դեռ այսքանը բավական չէ,այժմ էլ,որն ամենավտանգավորն է,փորձում են այս ԱՅԼԱՍԵՌ-ված ԱՆՍԵՌ-ների ապրելակերպը անվանել ոչ ավել,ոչ պակաս՝ «ՄՇԱԿՈՒՅԹ» և այս մերժելի խայտառակությունը հանելով հրապարակ,տեղ ապահովվել Մշակութային բազմաձևության մեջ:ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԲԱԶՄԱՁԵՎՈՒԹՅՈՒՆ հասկացության մեջ այս ԱՅԼԱՍԵՌ-վածներին ու նրանց մերժելի ապրելակերպը ներառելով,ի՞նչ են ցանկանում անել դրա ջատագովները՝ բոլորիս է հայտնի:Բայց «անհայտ» է այս հասկացությունը այդ ԱՅԼԱՍԵՌ-ների պարագայում շրջանառության մեջ դնող այն լրագրողների ջանքերը,ովքեր բոլորից լավ գիտեն,որ սեքսի ձևերի բազմազանությունը երբե´ք կապ չունի Մշակույթի հետ:Եթե հակառակն է,ուրեմն իրավացի հարց է առաջանում՝ նույն սեռի հետ կենակցող ԱՅԼԱՍԵՌ-վածների սեքսի այդ տեսակը Մշակույթի ո՞ր տեսակին կարելի է դասել՝ նկարչությա՞նը,երաժշտությա՞նը,գրականությա՞նը,թատրոնի՞ն,թե՞ մի գուցե՝ մեր ազգային սովորույթների՞ն:Ինչպե՞ս կարող ենք մենք՝ հազարամիակների ՄՇԱԿՈՒՅԹ ունեցող հայերս ընդունելի համարել,էլ չեմ ասում՝ այդ ՎԵՀ՝ ՄՇԱԿՈՒՅԹ հասկացության մեջ տեղավորել համաշխարհային այդ ԱԽՏԸ:Այդ ո՞ր օրվանից սեռական ակտը դարձավ մշակույթ:Ո՞վ է այն մարդը,այն հայը,կամ մարդկանց այն խումբը,որ ցանկանում է ոմանց կողմից որպես «ընդունելի-արդարացուցիչ» պատճառաբանություն բերվող այս իբր «հորմոնալ հիվանդությունը» բերել ու նույնացնել մեր Մշակույթի հետ,կամ համադրելի դարձնել մեր ազգային սովորույթներին:

    Դարեր շարունակ մեր ազգն ունեցել ու պաշտել է իր զգոնության և առաքինության Աստվածուհիներին և ըստ այդմ էլ մեզ համար մերժելի են եղել անգամ կնոջ անբարոյականության դրսևորումները:Մենք եղել ենք այն հին ազգերի շարքում,ովքեր լինելով հեթանոսներ,ունենալով բազմաստված կրոն,չե´ն ունեցել այսպես կոչված՝«սուրբ պոռնկության» տոներ:Մեր Աստվածները եղել են հյուրասեր,բյուրեղյա մաքրության հասնող սիրով լի,մայրության,բերրիության,զգոնության և առաքինության բարձր հատկանիշներով օժտված և մեզ՝ հայերիս պատգամել են հենց ա´յդ օրենքներով ապրել:Այսօր ուրացել ենք մեր Աստվածներին ու վերցրել օտարի պարտադրած «աստծուն»,մոռացել ենք մեր ինքնությունը,կորցրել ենք մեր պապերի սուրբ երկրի մեծ մասը և մեզ մնացել են ընդհամենը մեր սովորույթները,այն էլ ո´չ ամբողջությամբ:Եվ հենց այդ ազգային սովորույթներն էլ մեզ զերծ են պահել օտարին ձուլվելուց,վերջանալուց:Այդ սովորույթներով,այսինքն՝ ազգային մեր ՄՇԱԿՈՒՅԹՈՎ է,որ մենք առանձնացել ու առանձնանում ենք աշխարհում և ՀԱՅ ենք կոչվում:Եվ հայապահպանման գործում որքա՜ն անհատներ են զոհել իրենց կյանքը,ԼԱՎԱԳՈՒՅՆՆԵՐԸ,որ մենք գանք,հասնենք այս ժամանակներին:Իսկ այսօր ու՞ր են փորձում մեզ տանել,ու՞ր են փորձում ուղղորդել մեզ արտաքին ու ներքին մեր թշնամիները:Ի՞նչ «մշակութային բազմազանության» մասին է խոսքը, երբ հարցը վերաբերվում է ինտիմ սեռական հարաբերություններին և այն էլ հարաբերության այն տեսակին,որը չնչին չափով պատահում է բնազդով ապրող կենդանիների մոտ միայն:Այս նույն «հիվանդների» շարքին են պատկանում նաև պեդոֆիլները:Ինչու՞ ենք բողոքում և դատապարտում նրանց մենք ուրեմն,կամ աշխարհի բոլոր երկրները:Դե եկեք այս նույն արդարացմամբ նրանց էլ մտցնենք «բազմազան մշակույթի» կրողների շարքն ու արդարացնենք,չէ՞ որ նրանք էլ այդ տեսակի հիվանդ են…

    Իսկ ու՞ր մնաց մարդկային մեր ուղեղը,որը կոչված է կառավարելու մեզ,մեր նյութական մարմինն ու նրա ցանկություններն անգամ:Ինչու՞ չենք ուզում հասկանալ,որ այդ ամեն արատավոր երևույթները միտումնավոր խցկում են մեր կյանք,թուլացնելու մեզ,ներսից պառակտելու,դարձնելու մեզ ազգային սովորույթներից զուրկ և ըստ այդմ էլ՝ հեշտ կառավարվող համաշխարհային ժողովուրդ,որի նպատակը կլինի միայն փոր կշտացնելն ու հաճույքներով գոյատևելը:Մի՞թե հենց այս մասին պարզ,հստակ չարտահայտվեց Ծոմակ կոչված այդ երևույթը,«Կենտրոն» հեռուստատեսությանը տված իր հարցազրույցում:ՈՒ՞մ համար պարզ չէ,որ ԱՆՍԵՌ այդ ողորմելիների համար գոյություն չունեն ազգ ու ազգություններ,նրանց երկիրն աշխարհն է,իսկ ազգը՝ իրենց նման ԱՅԼԱՍԵՌ-վածների խառնամբոխը:Նրանք այն թերիներն են,որ կամովին ոտնահարել են մարդկության առաջին զգացումը՝ ամոթը,իսկ ամոթը կորցրած մարդը ամենավտանգավորն է և ընդունակ է ամեն ինչի՝ առանց բացառության:Ինչու՞ պետք է մենք՝ նորմալ մարդիկս(ես չեմ ցանկանում այստեղ օգտագործել մեծամասնություն բառը,քանզի ինձ համար նրանք փոքրամասոնություն համարվել անգամ չեն կարող) պարտավոր լինենք ընդունելի համարելու այդպիսիներին և նույնիսկ «հարգել» նրանց իրավունքները:ՀԱՐԳԱՆՔ ասելով մենք ի նկատի ունենք մի զգացմունք,որը տածվում է այն անհատի,կամ մարդկանց խմբի հանդեպ, որոնց կողմից կատարվել է այնպիսի արարք,որը եղել է հանուն մարդկության,կամ՝հանուն ազգի,հանուն ընտանիքի,հանուն անհատի բարօրության:ՈՒրեմն ինչու՞ պետք է ես և մյուսները «հարգենք» այդ անսեռների իրավունքները,հանուն ինչի՞:Նրանց ունեցած այդ «իրավունքն» իրենցն է և իրենց անկողիններում միայն,եթե ընտրել են նորմալ մարդուն ոչ հարիր այդ ապրելակերպը,բայց ոչ երբե´ք պարտադրելի ու մա´նավանդ՝ ՀԱՐԳԵԼԻ մյուսների համար:

    Հարգելու իրավունքը անհատական է և ոչ ոք այն պարտադրել չի կարող և հարգանք առաջացնողը կատարված գործի բնույթն է,ինչ էլ ինքնստինքյան է առաջացնում հարգանքի զգացմունքը մարդու հոգում:Տվյալ դեպքում ի՞նչը հարգենք,ի՞նչ իրավունքի հարգման մասին կարող է խոսք լինել:Հարգենք այն բանի համար,որ որոշել են ԱՅԼԱՍԵՌ կյանքո՞վ ապրել,ինչն անոմալիա է անգամ Բնության մեջ,թե՞ այն բանի համար, որ նրանք այսպես կոչված իբր՝ «հորմոնալ հիվանդներ» են,որոնք, հակառակ պասսիվ դիրք գրաված ցանկացած հիվանդություն ունեցողների,իրենց սեռական բնույթը դրոշակ դարձրած ագրեսիա են դրսևորում շրջապատի նորմալ մարդկանց հանդեպ և դեռ այս ամենի դեմ բողոքողներին էլ անվանում «ֆաշիստ»,շահարկելով այս բառի նշանակությունը ևս:Եվ ի վեջո,բոլոր հիվանդությունների համար գոյություն ունեն բժիշկներ և հաստատություններ:Կույրերն ու հաշմանդամները նյութական մարմնի ոչ լիարժեքության խնդիրներ ունեն և դա չի խանգարում նրանց ապրել ու գործել բոլորիս հետ միասին և ոչ էլ նրանք ագրեսիա են դրսևորում մնացածի հանդեպ:Մարդկությունը հարգում է նրանց բոլոր իրավունքները և պատրաստ է ամեն կերպ աջակցելու նրանց:Իսկ հոգեկան շեղում ունեցող ցանկացած անհատի, աշխարհի բոլոր երկրներում առանձնացնում են մարդկանցից,ապահովվելով ՄԱԾԱՄԱՍՆՈՒԹՅԱՆ անվտանգությունը:

    Երկրներ կան,որ պեդոֆիլներին ամորձատում են և ոչ միայն դատապարտում ազատազրկման:Այն,ինչ կատարվում է այլասեռվածի ուղեղում և հոգեբանության մեջ,երբ երևակայում է,որ ինքը տղամարդու մարմին ունեցող կին է,կամ կնոջ մարմին ունեցող տղամարդ,ես չեմ վախենում ասել,որ դա էլ հոգեկան շեղման մի ձև է,որը ևս վտանգավոր է շրջապատի համար:Այդպիսիներին կամ պետք է անհրաժեշտ բուժօգնություն ցույց տան,կամ՝ առանձնացնեն շրջապատից,կանխելու համար «վարաքի» տարածումը և ոչ թե հորդորեն հասարակությանը՝ հարգելու նրանց «իրավունքը»:Ի վերջո, մենք մեղավոր չենք,որ նրանք ընտրել են այդ խայտառակ ապրելակերպը և ուրեմն պարտավոր էլ չենք հարգելու գոյություն չունեցող այն «իրավունքը» ,որն իրենք են ստեղծել իրենց համար:

    Թե´ այլասեռվածների և թե´ նորմալ մարդկանց սեռական իրավունքները միայն իրենց տան դռների ետևում են,իրենց անկողիններում և ո´չ երբեք փողոցում,ի ցույց ամենքի:

    Ազգովի պետք է անհանդուրժողական պայքար մղենք այլասեռվածության այս դրսևորման դեմ,մերժելով մերժենք այս երևույթն ամբողջությամբ:

    Թույլ չտանք Բազմազան Մշակույթ,Հարգանք,Նույնասեռ,Համասեռ բառերն ու հասկացությունները ներմուծել խոսակցական առօրիա,երբ հարցը վերաբերվում է ԱՆՍԵՌ,կամ ԱՅԼԱՍԵՌՎԱԾ այդ արարածներին:

    Փրկենք մեր երեխաներին,մեր ժողովրդին ու մեր երկրի ապագան…

    ՍՎԵՏԼԱՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ
    2012թ. Մայիս
    Բելգիա

    Լույս է տեսել Գևորգ Հովհաննիսյանի «Հայոց Տերերը» աշխատությունը…

    19 Մայիսի, 2012

    «Հայրենիք» ակումբը լույս է ընծայել Գևորգ Հովհաննիսյանի «Հայոց Տերերը» աշխատությունը՝ գիրք, որից առանձին հատվածներ ժամանակին ներկայացվել են հայ ընթերցողին՝ «Նզովյալներ» խորագրի ներքո:

    Գրքում պատմական համոզիչ փաստերով, հիմնավորապես հերքվում է այն սխալ և վտանգալից մոտեցումը, թե քրիստոնեության հաստատումից հետո հայկական պետականությունը տվել է թույլ, օտարի կամքով առաջնորդվող վասալ-արքայիկներ: Հանգամանորեն, հանրամատչելի և նորովի ներկայացվել են 340-374թթ պետություն-եկեղեցի հարաբերությունները, առանձնահատուկ ուշադրություն է դարձվել հայ ազնվականության և եկեղեցու՝ մեր պետականության կյանքում խաղացած դերին: Հենց այս համատեքստում, բացահայտվել է եկեղեցու՝ հայոց պետականության և ազգային շահերի պաշտպանության դիրքերից հանդես եկած լինելու մասին դարեր շարունակ տիրապետող համոզմունքի առասպելը:

    Գրքի առանցքը մեր պետականության, մեր հերոսական անցյալի աստղաբույլի երեք փառավոր ներկայացուցիչներն են՝ Արքայից արքա Արշակ Բ Մեծը, Տիկնանց տիկին Փառանձեմը, Արքայից արքա Պապը, հանիրավի անտեսված, ծրագրավորված մոռացության մատնված, ըստ արժանվույն չգնահատված և չարժևորված, եղծված ու բառի բուն իմաստով՝ անուշադրության մատնված:

    Իր պատմագիտական նորույթով, մեր պատմության բազմաթիվ մութ ու վիճահարույց հարցերի նորովի լուսաբանմամբ՝ գիրքն ունի ուսուցողական-քարոզչական դերակատարություն, միաժամանակ, այն վերագնահատման փորձ է՝ ընդ որում, ընթերցողին էլ դրան տրամադրող:

    Հայաստանյան ընթերցողը կարող է գիրքը ձեռք բերել երևանյան գրախանութներից: Շատ շուտով այն հասանելի կլինի նաև ինտերնետ-գրախանութներում, որի մասին առանձին տեղյակ կպահվի ընթերցողին:

    Գրքի հետ կապված ցանկացած հարցով կարող եք դիմել հեղինակին (հեռ. 0033.6.99.83.08.35, Email. ceghakron@haykjanner.org), ինչպես նաև՝ գրքի խմբագիր, «Հայրենիք» ակումբի հիմնադիրներից՝ Ավագ Հարությունյանին (հեռ. 00374. 91.59.97.54):

    ՀՆԱԳՈՒՅՆ ՄԵՐՁԱՎԱՆՅԱՆ ԴԻՑԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

    9 Մայիսի, 2012

    ՀՄԱՌՈՏ
    Հնագույն մերձավանյան դիցաբանությունը ստեղծվել է մեր թվարկությունից առաջ՝ Բրոնզե դարում, III-II-րդ հազարամյակներում: Մերձավանյան դիցաբանությունն աշխարհում ստեղծված ամենահին դիցաբանությունն է: Դիցաբանությունը կազմված է՝ հրաշագործ հին աստվածներից (դիցերից) ու աստվածուհիներից (դիցուհիներից), ահեղ եվ ամենակարող հերոսներից, ստորերկրյա դժոխքի տիրակալներից, բարի եվ չար տիտաններից եվ տիտանուհիներից (հսկաներից) : Մերձավանյան դիցաբանությունը բաժանվում է 3 խմբերի՝ երկնային աստվածների, երկրային աստվածների եվ ջրային աստվածների: Երկնային աստվածների եվ աստվածուհիների խմբին են պատկանում՝ Արամեն (Արամեն մերձավանյան դիցաբանության մեջ գլխավոր աստվածն էր, աստվածների հայրը), Վարդգեսը, Մանուկը, Արշակը, Հարությունը, Գեղամը, Լեռնիկը, Արեգը, Աբգարը, Աղասին, Իսահակը, Գալուստը, Սարգիսը, Մկրտիչը, Սերոբը, Գարունը, Շահենը, Իշխանը, Շանթը, Շիրակը, Սոսը, Սամսոնը, Սուքիասը, Տարոնը, Օհանը, Ալիշանը, Բագրատը, Վրեժը, Միսակ եվ Սիսակ եղբայրները, Սեդրակը, Մհերը, Մանուշակը, Քնարիկը, Հրածինը, Ալմաստը, Հրիփսիմեն, Հայկուհին, Շահանեն, Սերինեն, Վերգինեն, Փարելին, Իշխանուհին, Շուշաննան, Սիրանույշը, Սրբուհին, Դիցուհին, Երանուհին, Հեղինեն, Արշալույս եվ Վերջալույս քույրերը, Լուսինեն եվ Քրիստինեն: Երկնային աստվածները բնակվում էին Մերձավանի հյուսիսարեվելքում գտնվող Ավետիս լեռան վրա, այդ իսկ պատճառով էլ նրանց անվանել են՝ Ավետիսյաններ (Ավետիս լեռան աստվածներ): Երկրային աստվածների եվ աստվածուհիների խմբին են պատկանում՝ Ռազմիկը, Ալբերդը, Արտակը, Աշոտը, Ցոլակը, Արփիարը, Լիպարիտը, Խորենը, Հրահատը, Գարսեվանը, Մուշեղը, Վիրաբը, Խոսրովը, Վահրամը, Գեվորգը, Կարենը, Ղեվոնդը, Պայքարը, Նորայրը, Հրանդը, Վեմիրը, Մուրադը, Վահեն, Շերամը, Մանեն, Նունեն, Սյունեն, Նարինեն, Գիսանե եվ Գայանե քույրերը, Շողակաթը, Փիրուզը, Գյուլումը, Աշխենը, Ատրինեն, Նազենի եվ Նազելի քույրերեը, Լուսերես եվ Վարդերես քույրերը, Զեփյուռ եվ Համասփյուռ քույրերը, եվ լիլիթը: Ջրային աստվածների եվ աստվածուհիների խմբին են պատկանում՝ Սողոմոնը, Արաբոն, Նարեկը, Վաղինակը, Վահանը, Աղվանը, Վարուժանը, Վարշամը, Հակոբը, Հաբեթը, Գուրգենը, Գագիկը, Վանուշը, Սարգիսը, Մխիթարը, Շերամը, Ղարիբը, Արտավազդը, Արտաշեսը, Արգամը, Արծրունը, Գարեգինը, Երվանդը, Եփրեմը, Զարեհը, Խոսրովը, Վարդուհին, Արմիկը, Ոսկին, Տաթեվը, Սաթենիկը, Անուշը, Զարուհին, Նարեն, Փառանձեմը, Հասմիկը եվ Հրանուշը: Դժոխքի Տիրակալներն են՝ Վերդին, Տիգրանը, Համլետը, Վաչագանը, Վաչեն, Ժիրայրը, Խաժակը, Վազգենը եվ Վիլենը: Բարի տիտաննրեն են՝ Առանձարը, Ավագը, Բիվրատը, Բենիամինը, Գիսկան, Թադեոսը, Թորոսը, Թորգոմը, Ծատուրը, Կամսարը, Կորիունը, Ասթինեն, Վահանդուխտը, Գեղանուշը, Դեղձանիկը, Զվարթը, Իսկուհին, Հերմինեն եվ Մեխակը: Չար տիտաններն են՝ Համազասպը, Հայկազը, Հերմանը, Մաղաքիան, Միվռոն, Նավասարդը, Նուրհանը, Պաղպասարը, Սանասարը, Շաքեն, Օվսաննան, Սալբին, Զիվսանը, Վարսիկը, Արինը, Արսինեն, Հրարփին, Մանիկը, Սիրանը եվ Սիրիկը: Ահա եվ հնագույն մերձավանյան դիցաբանության բնութագիրը: Մերձավանյան դիցաբանությունը ունի շատ հետաքրքիր եվ գեղեցիկ պատմություն: Դիցաբանությունը իր մեջ ընդգրկում է՝ ռոմանտիզմ, դրամա, ողբերգություն, հրաշագործություն, սեր, հուզմունք եվ այլն: Դիցաբանությունը դարեր շարունակ կիրառվել է մարդկանց կյանքում որպես գլխավոր հավատք: Դիցաբանության մեջ ամեն աստված ունի իր ծագումն ու դերը: Հնագույն մերձավանյան դիցաբանությունը մյուս դիցաբանություններից տարբերվում է իր կառուցվածքային ոճով: Այն միակ դիցաբանությունն է աշխարհում, որը բաժանվում է ըստ աստվածական խմբերի: Մերձավանյան դիցաբանությունն այլ դիցաբանությունների համեմատ մի տարբերություն եվս ունի: Մերձավանյան դիցաբանությունը այլ դիցաբանությունների համեմատ՝ շատ ընդարձակ է եվ ծավալուն, իր մեջ ներառում է խրատական բնույթ, ոգեշնչում է՝ քաջություն, խիզախություն, համարձակություն եվ հաղթանակի ուժ: Դիցաբանությունը նաեվ ներկայացնում է Մերձավանի ժողովրդի եվ Մերձավանի դարեր ապրած հնագույն կյանքի մասին: Մերձավանյան դիցաբանությունն այժմ էլ չի մոռացվել, մերձավանցիները մինչ այժմ էլ դիցաբանության որոշակի ավանդույթներ ընդունում են որպես հնագույն ադաթներ եվ կիրառում իրենց կյանքում, քանի որ այն իր մեջ նաեվ պարունակել է հազարավոր օրենքներ, որոնք էլ այժմ ադաթային կարգով գործածվում են մերձավանցիների կյանքում եվ ընդհանրապես Մերձավանում:

    Մենք պարտավոր ենք գրկաբաց ընդունելու մեր եղբայրներին,եթե անգամ նրանք մնան մահմեդական հավատքի մեջ:

    19 Մարտի, 2012

    Հարգելի Գարեգին,
    լավ հիշիր,որ ամեն հարց լուծելիս չէ,որ պետք է դնենք ու չոր ձևով կտրենք-թափենք:Հարցը վերաբերվում է մեր ազգակիցներին,մեր արյանը,մեր գենը կրողներին:Ի՞նչ կապ ունի,որ նրանք մուսուլման են:Իսկ եթե մենք քրիստոնեա ենք,դա ուզում է ասել,որ վերին արտի ցորենն ե՞նք,թե՞ ճշմարիտ հայ ենք:Դե ես էլ քեզ կասեմ,որ քրիստոնեությունն էլ,մահմեդականությունն էլ մոտավորապես նույն բանն են և երկուսն էլ ՕՏԱՐ են մեզ՝ հայերիս:Ոնց որ 1700 տարի առաջ են բռնի կերպով մեզ բոլորիս՝ միլիոնավոր հայերիս քրիստոնեացրել,և այդ միլիոնները ոչինչ չեն կարողացել անել օտարի կողմից մեզ պարտադրված այդ չարիքի դեմ,այնպես էլ 100 տարի առաջ նույն դաժան միջոցներով բռնի,կամ սարսափի ազդեցության տակ մահմեդականացվել են մի քանի տասնյակ հազար հայեր:Դե արի դնենք ու ամբողջ քրիստոնեա հայերին ոչնչացնենք,կամ ասենք՝ հայ չեն:Կլինի՞:Ճիշտ կլինի՞:Չէ՞ որ մեր հայերիս,մեր պապական մաքուր հավատքը արևապաշտությունն է:Այնպես որ այսօր կարելի է ասել ամբողջ հայությունն է հավատափոխ վիճակում:ՈՒրեմն ի՞նչ անենք,ի՞նչ ես առաջարկում:Հասկացա՞ր հիմա,որ քո տաք-տաք խոսելը նշանակում է, մեղմ ասած՝ ուրացում մեր ազգի մի հատվածի հանդեպ,այն հատվածի,որի այլադավանությունը ոչ թե նրա մեղավորությունը պետք է դիտել,այլ նրա դժբախտությունը,ինչ պարագայում էլ որ դա կատարված լինի:Իսկ չե՞ս ուզում մտածել,որ հենց հավատափոխ այդ հայերը գուցե ավելի հայրենասեր են եղել,գուցե մտածել են առերես հավատափոխ լինել,բայց չտեղահանվել,մնալ իրենց պապական հողի վրա,գուցե մտածել են,որ կարճ ժամանակից ամեն բան կփոխվի,հողերը ետ կվերադարձվեն տիրոջը և իրենք պարտավոր են ամեն կերպ մնալ ու պահպանել այդ հողը,մնալ որպես այդ հողի կենդանի տերեր ու կատարվածի վկաներ,բայց անցել են տարիներ,երկրի քաղաքական վիճակը պտտվել է ի վնաս հայության և նրանք այդպես էլ կորցրել են իրենց երազանքը իրականացնելու հնարավորությունը:Եվ կամ գուցե ուրիշ մի բան:Իսկ ինչու՞ այդպես չես մրտածում,թե՞ հնարավոր չի:Չի կարելի Գարեգին,շա՜տ զգույշ պետք է լինել մեր ազգի ամեն մի բեկորի մասին խոսելիս ու դատելիս:Մենք նրանց պետք է փայփայենք,բերենք դեպի մեզ և ոչ թե մերժենք ու վանենք մեզնից:Օտարները մեզ զոռով հավատափոխ են անում,իմանալով որ մեր երակներում ուրիշ արյուն է հոսում,չեն խորշում,մեզ ձուլում,դարձնում են իրենց մի մասնիկը,իսկ մենք ի՞նչ ենք անում,մերժու՞մ ենք մեր հարազատ արյանն ու գենին,որոնք այսքան տարիներ անցնելուց հետո անգամ չեն ùմոռացել իրենց ազգային պատկանելիությունը:Ինչու՞,ի՞նչ իրրավունքով:Կասեի,որ հենց նրանք են իսկական հայերը,հայի ամենաուժեղ տեսակը,որ օտարների մեջ դարեր ապրելով,ուրիշ լեզու օգտագործելով,ուրիշ կրոն ունենալով,ի վերջո չեն մոռացել ու նորից ուզում են ետ դառնալ դեպի իրենց արմատները:Դե տես թե ինչքան ուժեղ ու խոսուն է նրանց մեջ հայի գենը:Իսկ մեզնից շատերը վստա՞հ են,որ նույն պայմանների առաջացման դեպքում կունենան այդ ուժն ու կենսունակությունը:Վստա՞հ ենք,որ մեզ թույլ ենք տալիս տաք-տաք դատել նրանց:Մենք պարտավոր ենք գրկաբաց ընդունելու մեր եղբայրներին,եթե անգամ նրանք մնան մահմեդական հավատքի մեջ:

    Svetlana

    http://www.louysworld.com

    ԳԱՐՈՒՆԸ, ՄԻԵՎՆՈՒՅՆ Է, ԳԱԼՈՒ Է

    19 Մարտի, 2012

    Հետաքրքիր է, ի՞նչ ուժ կարող է արգելել գարնանգալուն — և ոչ մի ուժ. միևնույն է, գարունը գալու է:ԵՎ ի՞նչ ուժ կարող է արգելել գարնանը ծիրանիծաղկելուն — և ոչ մի ուժ. միևնույն է, ծիրանինծաղկելու է:

    Գարունը գալիս է մեզանից անկախ: ԵՎ մենքուզենք, թե չուզենք, հրաժարվում ենք ձմեռվաշնորհած բոլոր արհեստական «պաշտպանիչ»միջոցներից‘ դեն ենք գցում վառարանը,վերարկուն… Գարունը կյանքի նորոգումն է ձմեռից‘ հարաբերական մահից, հետո: Ծիրանին ինքը չիորոշում‘ ծաղկել, թե ոչ: ԵՎ մենք չենք որոշում‘ հրաժարվել ձմեռվա արհեստական միջոցներից, թեոչ: Գարունն է պարտադրում վերադարձ դեպի բնական ապրելակերպ:

    Նույն օրինաչափությամբ, արդեն մոտենում է Տիեզերական Գարունը, որը Երկրի վրաարտահայտվում է Տիեզերական Հուրի‘ Էներգիայի առավել կուտակումով: Ի՞նչ ուժ կարող է արգելելՏիեզերական Գարնան հաղթարշավին — և ոչ մի ուժ: ԵՎ ի՞նչ ուժ կարող է արգելել Երկրի բնականՏեսակների‘ Ազգերի «ծաղկելուն» — դարձյալ ոչ մի ուժ: ԵՎ անկախ մեր կամքից, միևնույն է, մենքդեն ենք նետելու 2 — 2,5 հազար տարի տևած Տիեզերական Ձմռան շնորհած բոլոր արհեստականմիջոցներն ու կառույցները և վերադառնալու ենք բնական ապրելակերպին: Մեռնելու են այդբոլորը‘ կուսակցություններ, գաղափարախոսություններ, կրոններ…, և մնալու է Ազգը,որպես Բնական Որակական Ամբողջություն: ԵՎ Ազգը իր բնական կառույցներն ուհարաբերություններն է հաստատելու: Դա Բնության պահանջն է, դա Գարնան պահանջն է:

    ԵՎ Տիեզերական Գարունը հենց Արարատում է իր առաջին ճաճանչները սփռելու: ԵՎ Գարնան հենցառաջին Արևով է ծնվելու Հուր-Աստված Վահագնը հենց Արարատում‘ հովանավորելու և զորացնելուԱստվածամարդերի Ցեղը Արի:

    ԵՎ Արի Հայը միայն Արարատում կդիմավորի Վահագնին, միայն Արարատում ՎահագնիԶորությամբ կզորանա և կհավերժի որպես Աստվածամարդ:

    Արարատը սովորական հող չէ: Արարատը Արիների արարման վայրն է, և Արիները գենետիկականկապ ունեն իրենց Արարատի հետ: Արարատն իր մեջ ամեն մի Արի Հայի արմատն է կրում ուփայփայում: Ամեն մի Արի Հայ իր մեջ մի կտոր Հայրենիք է կրում: ԵՎ թող ամեն մի Արի Հայ միանաիր արմատին Արարատում և իր միջի Հայրենիքը ամբողջացնի Արարատի զգացողությամբ. ևզորանա ու դիմավորի Վահագնին: Քանզի Վահագնը միայն զորավորներին է հովանավորելու -նրանց, ումից աստվածներ կծնվեն:

    Տիեզերական Գարունը, միևնույն է, գալու է. Վահագնը, միևնույն է, ծնվելու է. և Արի Ազգս Հայոց,Վահագնի Զորությամբ օծված, միևնույն է, ծաղկելու է Արարատում…

    Առաջնորդվենք ՈՒԽՏԱԳՐՔՈՎ, սնվենք Կենաց Խորհրդով, զորանանք և պատրաստվենքդիմավորելու ՎԱՀԱԳՆԻ¯Ն…

    Հատված Ուխտագրքից

    Համշենահայերը` Որպես Հայ Էթնոսի Հավասարազոր Մաս

    3 Մարտի, 2012

    Այսօր հայկական բազմաթիվ էթնոտարածքային խմբեր արդեն բավարար ուսումնասիրված են մարդաժառանգաբանական և պոպուլյացիոն ժառանգաբանության տարբեր բնագավառների ու մեթոդների կիրառման տեսանկյունից, սակայն համշենահայերը, որոնք մեր ժողովրդի ամենահետաքրքիր խմբերից են, հայտնի պատճառներով զուրկ են մնացել այդ կարևոր ասպարեզի լուսաբանումից:

    Մանավանդ որ նրանց մի ստվար մասը մահմեդականացված է և քաղաքական շահարկումների խաղաքարտ է դարձել: Շատ հեռավոր պատկերացումներ ունենալով մարդաբանական դասակարգումների մասին` թուրք «մարդաբանները», ինչպես, օրինակ՝ Սաքաօղլուն և Քըրզըօղլուն, համշենահայերին դասում են «օղուզական» կամ «թուրքմենական» ռասայական տիպին1:

    Ժամանակակից ռասայական դասակարգումների մեջ նման տիպեր գոյություն չունեն և չեն էլ եղել գիտության ավելի վաղ շրջաններում: Թուրքմեններն իրենք՝ որպես էթնոս, միատարր չեն: Նրանց մեջ հանդիպում են և՛ պամիրա-ֆերգանական, և՛ հնդմիջերկրածովյան, և՛ միջինասիական միջագետքի տիպերը, թուրքմենական որոշ խմբեր, ինչպես, օրինակ՝ չաուդըրներն ու յոմուդներն օժտված են վառ արտահայտված մոնղոլոիդ հատկանիշներով: Իսկ օղուզական տիպի մարդաբանությունը երբեք չի ճանաչվել որևէ մեծ ռասայական բնի համակարգում:

    Ըստ երևույթին, թուրք «գիտնականները» խառնում են լեզվական ընտանիքների ու խմբերի դասակարգումները ռասայական դասակարգումների հետ: Նման տիպի անհիմն ազդարարումները մեզ ստիպեցին նախաձեռնել Հայաստանի տարածքում բնակվող մի խումբ համշենահայերի ժառանգական հատկանիշների ուսումնասիրությունը: Հայկական մյուս էթնոտարածքային խմբերի հետ համեմատելու համար իրականացվեցին գլխի ու դեմքի չափագրումներ, ձեռնաթաթի մաշկի գծանախշանկարների ուսումնասիրություններ: Հայ ժողովուրդը, մյուս բոլոր ժողովուրդների նման, իր հասարակական պատմության զարգացման ընթացքում ենթարկվել է նաև զուտ կենսաբանական էվոլյուցիոն գործոնների ազդեցությանը, որոնք, ի վերջո կազմավորել են նրա գենոֆոնդի ուրույն կառուցվածքը, ինչն արտաքնապես արտահայտվել է հայերի «արմենոիդ» մարդաբանական կերպարանքի մեջ: Ռասայական այս տիպին «արմենոիդ» անվանումն առաջին անգամ` 1911 թ., տվել է պրոֆ. ֆոն Լուշանը, որը կարծում էր, որ մարդաբանական բազում խնդիրների լուծման համար հուհույժ կարևոր են արմենոիդների գանգաբանական նյութերի մանրազնին ուսումնասիրությունները: Նա շատ է գրել Առաջավոր Ասիայի տարածքում լայն տարածում գտած ռասայական հիշյալ տիպի յուրօրինակության և կազմավորման խոր հնության մասին2: Այդ տիպին են պատկանել հին շումերներն ու աքքադները, խեթերն ու խուռիները, հին ասորիներն ու հայերը, ինչն ապացուցված է տարբեր շրջաններից պեղված ոսկրանյութերի, ժայռապատկերների, սրբապատկերների, քանդակների և մշակութային այլ նմուշների միջոցով: Արմենոիդ տիպը կրող շատ հնադարյան ժողովուրդներ վերացել են պատմական բեմահարթակից,և ռասայական այս տիպի ուսումնասիրությունն այսօր հույժ կարևոր է թվում: Ինչպես գրել է ռուս մեծ գիտնական Վ. Բունակը՝ «…եվրոպական բրախիցեֆալիայի գենեզիսի լուսաբանումն անհնար է առանց «արմենոիդ» տիպի առաջացման պատմությանհստակ պատկերացման…

    Այդ պատճառով ընդհանուր մարդաբանության մեջ հայերի մարդաբանական ուսումնասիրությունն արդեն վաղուց վերածվել է կենտրոնական նշանակություն ձեռք բերած հիմնահարցի»3: Մարդաբանական բազմաձևության (պոլիմորֆիզմ) բոլոր բնագավառներում թե՛ հայ և թե՛ օտարազգի գիտնականների կողմից տարված աշխատանքները ցույց են տալիս, որ խոր հնություն ունեցող «արմենոիդ» ռասայական տիպն այսօր առավելագույնս ցայտուն արտահայտված է ժամանակակից հայ ժողովրդի ճնշող մեծամասնության մեջ: Դա նշանակում է, որ «արմենոիդ» ռասայական հատկանիշները, արտացոլելով ուրույն ժառանգական հենքը, հազարամյակների ընթացքում շարունակվել են սերունդների շղթայով: Ընդ որում, հայկական տարբեր էթնոտարածքային խմբերն իրենց ժառանգական կառուցվածքով չափազանց մոտ են իրար: Իսկ ժառանգական միակերպությունն իր հերթին խոսում է այն մասին, որ ամբողջական հայ ժողովրդի մեջ շատ մեծ էնախնիների գենային հավաքակազմի տոկոսը, տարբերակումներն աննշան դեր են խաղում, և գենոֆոնդի հետագա դրսևորումը բերելու է հայ ժողովրդի ժառանգական պատկերի է՛լ ավելի ընդհանրականութանը: Համշենահայերին (թվով` 47) մյուս քսան հայկական խմբերի հետ համեմատելիս բացահայտվեց, որ ժամանակակից համշենահայերն իրենց ժառանգական համալիրով մտնում են հայկական ամբողջական էթնոսի միակերպության մեջ և կազմում են դրա հավասարազոր մասը: Իհարկե, նկատվում են որոշակի տարբերություններ դերմատոգլիֆիկ հատկանիշների( մեջ, որոնք նրանց մի դեպքում մոտեցնում են հայաստանյան որոշ խմբերին, այլ դեպքերում՝ հեռացնում մյուս խմբերից: Օրինակ՝համշենահայերն իրենց ժառանգական համալիրով ավելի մոտ են Ներքին Թալինի, Աշնակի, Սովետական (այժմ` Ալաշկերտ, գյուղ Արմավիրի մարզում), Տանձուտ և Ջանֆիդա բնակավայրերի հայերին և համեմատաբար հեռու՝ Խնձորեսկի, Վեդիի, Արարատի խմբերից4: Այդպիսի չնչին տարբերությունները բնորոշ են բոլոր հայկական ենթախմբերին կամ, այլ կերպ ասած՝միկրոպոպուլյացիաներին, որովհետև ամեն մի առանձին խմբի մեջ ժամանակի ընթացքում գործել են որոշակի միկրոէվոլյուցիոն գործընթացներ: Համշենահայերի պարագայում, որոնց պատմությունն առանձնանում է իր ուրույն փուլանիշերով, մենք գործ ունենք այնպիսի մի իզոլատի՝ մեկուսացած խմբի հետ, որը հարևան պոպուլյացիաներից դարերի ընթացքում մեկուսացած է եղել ոչ միայն պատմական ու սոցիալական, կրոնական ու հոգեբանական խոչընդոտների պատճառով՝ իր ինքնությունը պահպանելու և պատմական կայունությունն ապահովելու համար, այլև` ֆիզիկաաշխարհագրական ու ժողովըրդագրական առումով, ինչը նպաստել է համշենցիների գենոֆոնդի բնորոշ հատկանիշների ձևավորմանը: Սահմանափակ են եղել միջպոպուլյացիոն ամուսնական կապերը, իսկ պանմիքսիան՝ ազատ խաչասերումը, իրագործվել է ներպոպուլյացիոն սահմաններում: Դրա հետևանքով կազմավորվել են ուրույն գենոֆոնդը և մարդաբանական հատկանիշների բնորոշ համալիրը:

    Հայտնի է, որ երկարատև մեկուսացման և ներպոպուլյացիոն ամուսնությունների հետևանքով գենոֆոնդի և մարդաբանական հատկանիշների հետ մեկտեղ ինտեգրվում են նաև էթնիկ առանձնահատկությունները` բարբառները,մշակութային ավանդույթները, հոգեբանական կարծրատիպը և էթնիկ ինքնագիտակցությունը5: Մեր հաշվարկներն ու ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ հայկական էթնոտարածքային տարբեր խմբերում և հատկապես համշենցիների մեջ գերիշխում է արևմտահայկական ժառանգական համալիրը: Այդ համալիրն այսօր էլ գերակշռում է ոչ միայն համշենցիների, այլև Համշենից շատ հեռու բնակություն հաստատած հայկական խմբերում, ինչպես, օրինակ, Սևանի ավազանի մի շարք բնակավայրերում` Մարտունի, Գավառ, Կարմիր և այլն, քանի որ Հայաստանի բազմադարյան պատմությունը լի է ինչպես լայնարձակ տարածքների վերաբնակեցումների, այնպես էլ Առաջավոր Ասիայի և Կովկասի տարածքներում լայն տեղաշարժերի փաստերով: Իսկ այն հանգամանքը, որ համշենահայերն ամենամոտ ցուցանիշներն են ի հայտ բերում մյուս բոլոր և հատկապես արևմտահայկական արմատներ ունեցող խմբերի հետ, խոսում է այն մասին, որ հայկական բոլոր խմբերը շատ միատարր են իրենց ժառանգական համալիրներով, ինչն էլ իր հերթին ապացուցում է նախնիների գեների տոկոսային մեծ հարաբերության փաստը:

    Հեղինակ`Քոչար Ն. Հ.
    Հեղինակ`Միրզոյան Ք. Պ.

    Դավաճան թե հերոս

    17 Փետրվարի, 2012

     « Թող ձեր վճիռն ավլե՛ , սրբե՛ այս տարաբախտ , բազմաչարչար Սյունյաց իշխանին ճակատեն անիրավ , անարդար և գեհենային ամբաստանությունը , որ դարերով , այո՛ , դարերով , երկու ատելավառ վկաներուն մոլեռանդությունը խարանեց … »:

    Հրանդ Արմեն

    Հայոց պատմության մեջ քիչ չեն դեպքերը , երբ ազգանվեր շատ հայորդիներ մոռացության են մատնվել , կամ նսեմացվել է նրանց կատարած գործի նշանակությունը : Բայց հազվադեպ է , երբ դարերով ուրանան մի գործչի՝ Ազգին ու Պետականությանը մատուցած հսկայական ծառայությունները և , որ ամենաահավորն է ՝ խարանեն նրան դասալիքի դժոխային պիտակով , իսկ նրա անունը գալիք սերունդների շուրթերին հոմանիշ դարձնեն «դավաճան» բառին: Այդպիսին եղավ Հայոց մարզպան Վասակ Սյունու ճակատագիրը : Վասակ Սյունու գործունեության մասին մենք հիմնականում տեղեկանում ենք Մամիկոնյան տան երկու պատմիչների՝ Եղիշեի և Ղազար Փարպեցու աշխատություններից , որոնք շարադրել են եկեղեցու և Մամիկոնյանների տեսակետը : Երկուսի մոտ էլ Վասակի նկատմամբ ատելությունն ակնհայտ է: Եղիշեի մոտ այն գերազանցում է չափ ու սահման՝ ստիպելով կրոնամոլ պատմիչին անողոք ձևով խեղաթյուրելու իրականությունը: Ն . Ադոնցը հիմնավորապես ապացուցում է , որ Եղիշեն միտումնավոր կերպով Վասակին է վերագրել նրա փեսա Վարազվաղանի անօրինություններն ու ապիկար վարքը ( Ն . Ադոնց . Մարզպան Վասակը պատմաբանների դատաստանի առաջ): Եղիշեն հենց սկզբից էլ խոստովանում է , որ իր երկի նպատակը Վասակին հավիտենական նզովքի արժանացնելն է : Փարպեցու մոտ ավելի քիչ է խեղաթյուրված պատմական փաստը : Նրա նկարագրությունները երբեմն լույս են սփռում մի շարք հարցերի վրա , որոնք շատ կարևոր են՝ Վասակի գործունեությունը ճիշտ գնահատելու համար : ՈՒշադիր ընթերցման դեպքում , ակնհայտ է դառնում Վասակի՝ որպես ազգային — պետական գործչի կերպարը : Միաժամանակ , հարկ է նշել , որ Եղիշեն և Փարպեցին ավելորդ կրոնականացրել են նաև սպարապետ Վարդանի կերպարը՝ նրան ներկայացնելով , իբրև կրոնամոլ՝ գրեթե զերծ ազգային զգացումներից : Վասակը Սյունյաց Անդոկ իշխանի թոռն էր : Ծնվել է 381 թվականին : Հայրը՝ Բակուր իշխանը, հարկադրված է լինում մանուկ Վասակին պատանդ ուղարկել Տիզբոն : Պատանի Վասակի համարձակության և ինքնասիրության մասին է վկայում հետևյալը . երբ մահանում է Սյունյաց իշխան Բակուրը , նրա սենեկապետը ՝ գալով Տիզբոն , այդ մասին տեղեկացնում է պարսից արքային: Վերջինս որոշում է Սյունիքի իշխան նշանակել Վասակին : Իրեն շնորհավորելու եկած սենեկապետին Վասակը պատասխանում է , թե ինքը ժառանգական կարգով Սյունիքի օրինական տերն է և արքայի ողորմության կարիքը չունի : Դեպքերին ժամանակակից Կորյունը վկայում է , որ Վասակը մեծ օգնություն է ցույց տվել Մաշտոցին՝ Սյունիքում դպրոցներ բացելու և հայոց գրերը տարածելու գործում : Երիտասարդ իշխանի մեծ համբավը պարսից արքային մղում է ՝ նրան նշանակելու Վրաստանի մարզպան: Այստեղ Վասակը , մտահոգված իր երկրի ճակատագրով , գաղտնի բանակցությունների մեջ է մտնում կովկասյան լեռնաբնակների հետ՝ ծրագրելով Պարսկաստանի դեմ ապստամբության միջոցով ստեղծել Սյունիքի անկախ թագավորություն : Ծրագիրը թեև տապալվում է , սակայն Վասակը , զերծ մնալով որևէ կասկածանքից՝ նշանակվում է Հայաստանի մարզպան : 440 — ական թվականների վերջերին Հայաստան է ուղարկվում մի պարսիկ պաշտոնյա , որն աշխարհագիր անցկացնելով՝ ծանրացնում է հարկերը : Հարկեր են դրվում նաև եկեղեցու վրա , որը մինչ այդ երբեք հարկ չէր մուծել: Կաթողիկոսի ձեռքից խլվում է Մեծ Դատավորի պաշտոնը: Դրան հետևում է Միհրներսեհի կրոնափոխության հրովարտակը: Հավաքվելով Արտաշատում՝ հայ իշխաններն ու հոգևորականները մերժում են պարսկական արքունիքի պահանջը : Գազազած Հազկերտի կողմից Տիզբոն կանչված հայ իշխանների թվումն էին նաև մարզպան Վասակ Սյունին ու սպարապետ Վարդան Մամիկոնյանը : Այստեղ հայերն ընկնում են ծանր կացության մեջ : Հազկերտը պահանջում էր հանձն առնել կրոնափոխությունը՝ հակառակ դեպքում սպառնալով մահապատժով ու Հայաստանի ավերումով: Մարզպանը ՝ մտահոգված երկրին սպառնացող մեծ վտանգով , նախարարներին համոզում է , որ միակ ելքն առերես զրադաշտականություն ընդունելն է, որի շնորհիվ իրենք կարող են ետ վերադառնալ և անցնել գործի: Համառում է միայն Վարդանը : Նա ոչ մի բացատրություն չի ընդունում՝ հրաժարվելով առերես կրոնափոխության մտքից : Հայոց զորքերի սպարապետին կարողանում են համոզել միայն բիբլիայից քաղված մեջբերումներով ու սրբերի օրինակներով: Հազկերտն իհարկե , կասկածանքով է վերաբերվում հայերի կրոնափոխ լինելուն և պատանդ է պահում մարզպան Վասակի երկու որդիներին (Եղիշեն միտումնավոր կերպով լռում է այս փաստի մասին): Լավ իմանալով Վասակի անձն ու տոհմը՝ նա դրանով ձգտում էր կապել հայրենանվեր իշխանի թևերը : Վերադառնալով Հայաստան՝ Վարդան Մամիկոնյանը հավաքեց իր տոհմն ու ողջ ունեցվածքը և շարժվեց դեպի Հայքի բյուզանդական մաս՝ ուր քրիստոնեությունը հալածանքների չէր ենթարկվում : Վարդանի այս քայլը կարող էր նմանատիպ արարքի մղել նաև շատ այլ իշխանների ու ժողովրդի մի ստվար զանգվածի , ինչը կզրկեր երկիրն ինքնապաշտպանության հնարավորությունից: Իսկ կղերականներն արդեն սկսել էին հաշվեհարդարը պարսիկ մոգերի նկատմամբ : Վասակն, այս պայմաններում Հայաստան եկած մոգպետին վստահեցնելով , թե իրեն ընդամենը մի որոշ ժամանակ է պետք արքայի հրամանն իրագործելու համար , համոզում է նրան՝ Հայաստանում տեղի ունեցող դեպքերի մասին լուր չտանել Տիզբոն : Այնուհետև, պատգամավորություն ուղարկելով Վարդանի մոտ ՝ կոչ է անում նրան ետ վերադառնալ ու հոգալ երկրի պաշտպանության մասին : Նա ծրագրել էր բյուզանդացիների դաշնակցությամբ ապստամբել պարսիկների դեմ և վերականգնել Հայաստանի անկախությունը : Անձնազոհ իշխանին չէին սարսափեցնում անգամ այն փորձությունները , որ սպասվում էին իր պատանդ որդիներին : Վասա՛կն էր ապստամբության ոգին ու կազմակերպիչը , նրա՛ն էր ենթարկվում երկիրը , և եթե ամեն ինչ ընթանար նրա ծրագրով ՝ գուցե և այլ ելք ունենար շարժումը : Հայկական գնդերը գրավեցին երկրի բոլոր կարևոր կետերը , վերացվեցին պարսից կայազորները , սպանվեցին Հայաստան ուղարկված զրադաշտական մոգերն ու պարսիկ հարկահավաքները : Այս ամենը կատարվում էր խիստ գաղտնի: Միաժամանակ , Վասակը դեսպաններ է ուղարկում Բյուզանդիա՝ օգնություն խնդրելու : 450 թ . աշնանը մարզպան Վասակը Վարդանի գլխավորությամբ մի զորագունդ է ուղարկում Աղվանք՝ այնտեղ ներխուժած պարսկական զորքին դիմագրավելու և Հայաստանի թիկունքն ապահովելու համար : Միաժամանակ , խնդիր էր դրված գրավելով Ալանաց դուռը՝ բացել հոների ճանապարհը դեպի Պարսկաստան : Սակայն , շուտով լուր է ստացվում , որ բյուզանդացիները , մերժելով մարզպանի խնդիրքը՝ հայերի ապստամբության մասին տեղյակ են պահել Հազկերտին : Դա արդեն ծանր հարված էր , քանի որ հայոց աննշան ուժերն ի զորու չէին միայնակ դիմագրավելու պարսից անհամար բանակներին : Քանի դեռ ուշ չէր , հարկավոր էր կոծկել ապստամբության հետքերը և լեզու գտնելով Պարսկաստանի հետ՝ սպասել ավելի հարմար առիթի : Սակայն , Վասակն այս հարցում չկարողացավ համոզել եկեղեցականներին ու նախարարների մի մասին : Հատկապես կոշտ դիրք բռնեց եկեղեցին , որն էլ դարձավ հետագա դեպքերի գլխավոր շարժիչ ուժը : Արտաշատի ժողովին մասնակցած նախարարական 18 տներից 10 — ն անցան Վասակի կողմը : Ավելի ուշ , Վասակին միացավ նաև Տիրոց Բագրատունին՝ ապահովելով ոչ միայն Բագրատունյաց , այլև՝ նրան ենթակա մի շարք նախարարական տների աջակցությունը : Այսպիսով, երկրի տերերի մեծամասնությունը Վասակի կողմն էր : Միայն այսքանը բավարար է՝ համոզվելու համար , որ Սյունյաց իշխանը դավաճան չէր : Դրվում էր Հայաստանի լինել -չլինելու հարցը : Եվ Վասակը դիմեց կոշտ ու համարձակ միջոցների: Խստորեն պատժվում էին անկարգություններ հրահրող եկեղեցականները : Լավ հասկանալով , որ Վարդանը կենթարկվի եկեղեցու հրահանգներին՝ նրան խոչնդոտելու նպատակով , Վասակը պատանդներ վերցրեց նրա կողմնակիցներից և տարավ Սյունիք : Ինքն էլ ձմռանը գնաց այնտեղ : Կատարելով իրեն առաջադրված խնդիրները՝ Վարդանը վերադարձավ Աղվանքից : Դաստիարակված լինելով Սահակ պարթևի ձեռքի տակ (նա Սահակի թոռն էր և Լուսավորչի տոհմի ժառանգորդը) ՝ նա անառարկելիորեն ենթարկվեց կղերականների ծավալած շարժմանը: Դեմ գնալով Վասակին՝ եկեղեցին որոշեց շարունակել ապստամբությունը : Ձմռանը Վարդանի գնդերը արշավանքներ կազմակերպեցին դեպի Սյունիք : Զարհուրանք է առաջացնում մոլեռանդ Եղիշեի հորթային հրճվանքը , երբ նա պատմում է սպարապետի ՝ Սյունիքի հայությանն հասցրած արհավիրհքների մասին : Ինչևէ , ապստամբության ծավալումից խուսափելու համար , երկարատև ջանքերի գնով , Վասակին վերջապես հաջողվեց պարսից արքունիքին համոզել՝ դադարեցնելու կրոնական հալածանքները : Սակայն , Հազկերտի նոր հրովարտակը չազդեց ապստամբների վրա : ՈՒ թեև Եղիշեն պնդում է , թե նրանք չէին հավատում արքայի հրովարտակի անկեղծությանն ու Վասակի ելույթներին , սակայն խնդիրն այլ էր . եկեղեցու վրայից չէին վերացվել հարկերը , նրան չէր վերադարձվել Մեծ Դատավորության գործակալությունը: Եվ հոգևորականները որոշեցին շարունակել պայքարը: Վասակի բոլոր ջանքերն ի դերև անցան : Պարսիկները փակեցին նաև հոների ճանապարհը: Միայնակ Հայաստանը, եկեղեցու անհեռատես ու արկածախնդիր քաղաքականության պատճառով, կանգնեց մեծ վտանգի առջև: 451 թ . պարսկական զորաբանակը մտավ Հայաստան : Ապստամբները շտապ շարժվեցին նրան ընդառաջ (հարկ է նշել , որ երկու կողմերի զորքերի՝ պատմիչների կողմից նշված թիվը խիստ չափազանցված է ) : Վարդանի զորքի մեջ մեծ թիվ էին կազմում հոգևորականներն ու երբևէ զենք չտեսած շինականները: Փարպեցու վկայությամբ, վերջիններիս մեծ մասինբռնի ուժով էին կռվի դուրս բերել: Ավարայրի բախումից առաջ Վասակը , որ գտնվում էր պարսից բանակում , հուսալով փրկել դրությունը , կոչ արեց ապստամբներին՝ բավարարվել ներման հրովարտակով : Բայց ապարդյուն …..

    Կարճատև բախման հենց սկզբում՝ սպարապետի մահից հետո , ապստամբները փախուստի են դիմում և ամրանում լեռներում : Ավարայրի դաշտում ճակատամարտ , որպես այդպիսին, տեղի չի ունեցել : Այս մասին են խոսում մի շարք հանգամանքներ , այսպես. Մամիկոնյան տաղանդավոր ու փորձառու սպարապետների հետնորդ Վարդանը , որ մինչ այդ բազմիցս ապացուցել էր պատերազմական գործին իր գիտակ լինելն ու հնարամտությունը , զորավարին անհարիր անփութությամբ՝ երես առ երես հայտնվում է իրեն բազմիցս գերազանցող հակառակորդին դեմ — դիմաց, ռազմավարական տեսակետից հայերի համար խիստ աննպաստ բաց տեղանքում: Եվս մեկ հանգամանք . Վասակը կարողացել էր համոզել պարսկական կողմին, որ շարժումն ուղղված է ոչ թե արքայի, այլ իր դեմ, և պարսից պատժիչ զորքն , ինչպես նկատում է Ադոնցը , ի դեմս հայերի տեսնում էր ոչ թե թշնամիների՝ որոնց պետք է կոտորել , այլ խռովարարների՝ որոնց հարկավոր էր ցրել : ՈՒստի , մեր պատմիչների կողմից ուռճացված են նաև երկու կողմերից սպանվածների թվերը :

    Պարսից զորքն սկսում է իր ավերիչ , պատժիչ գործողությունները : Թեպետ Եղիշեն շեշտում է Վասակի՝ նրանց հետ լինելու հանգամանքը, սակայն իրականում, Վասակը ծածուկ խանգարում էր պարսիկներին: Այս է պատճառը, որ պարսից զորավարն իր անհաջողությունների պատասխանատվությունը բարդեց Վասակի վրա: Վասակի ողջ գործն ու կյանքը կարծես ի մի է բերվում այն դատում, որը նկարագրված է Եղիշեի ու Փարպեցու մոտ: Հազկերտի մեղադրական խոսքից հետո , ձայն խնդրելով՝ առաջ է գալիս Արշավիր Կամսարականը և արքային ցույց տալով ժամանակին Վասակի կողմից գրված նամակները՝ ամեն ինչում մեղադրում է մարզպանին: Վասակը մեղադրվում է արքունի հարկերը չվճարելու, Պարսկաստանի դեմ բազմիցս դավելու, ապստամբություն կազմակերպելու, մոգերի սպանության, պարսից զորքին ծանր վիճակի մեջ գցելու համար: Վասակի վրա Հազկերտը ծանր հարկեր դրեց՝ գցելով նրան ծայր աղքատության մեջ: Տարաբախտ իշխանը մահացավ մոտ 455 թվականին, հայրենիքից հեռու՝ գերության մեջ …

    Եկեղեցին սրբացրեց Տղմուտի ափին ընկած Վարդանին ու իր զինակիցներին, իսկ Վասակին դատապարտեց հավիտենական անեծքի: Նա գամվեց անարգանքի սյունին՝ սերունդների համար մնալով , որպես ազգի ու հայրենիքի դավաճան , որովհետև խաչը ջերմեռանդորեն համբուրելու և հանուն եկեղեցու՝ երկիրը կորստյան տանելու փոխարեն , ամեն գնով ձգտեց հասնել Հայաստանի ինքնիշխանության վերականգնմանը, որն իր նվիրական երազանքն էր : Եղիշեի ճոխ ու գեղեցիկ լեզվով հիանալով հանդերձ՝ հիշենք նաև հպարտ Անդոկի ու վսեմ Բակուրի հայրենանվեր հետնորդին ժամանակակից Կորյունի խոսքերը .

    « Աստված տվեց , որ Սյունիքի իշխանության գլուխն անցավ քաջ սիսական Վասակը՝ խելացի ու հանճարեղ և կանխագետ, աստվածային իմաստության շնորհքով օժտված մի մարդ … » : 

    Գևորգ Հովհաննիսյան

    Սուրբ Սարգսի Կերպարը Հայ Ժողովրդական Ավանդազրույցներում

    4 Փետրվարի, 2012
    Հետազոտողները ցույց են տվել, որ Սարգիսը հայոց կրոնական մշակույթում ունի հնագույն ակունքներ: Իր նախնական՝ նախաքրիստոնեական էությամբ նա զուտ հայկական ծագում ուներ եւ հայոց մեջ պաշտվել է որպես հողմային Աստված, ունենալով նաեւ երկրագործական, հացահատիկային գործառույթներ: Սուրբ Սարգսի կերպարում արտացոլվել են մեռնող-հարություն առնող աստվածների գործառույթները, երկնային ուժերի՝ ամպրոպի, կայծակի, հողմերի հետ կապերը, երկրագործության հովանավորի առաքելությունը եւ այլն: Նրա կերպարում տեսնում ենք կապեր Արա Գեղեցիկի, Վահագնի հետ: Ունենալով հանդերձ այս ազդեցությունները, իրականում Սարգիսն ինքնուրույն Աստված էր, ինքնուրույն կերպար՝ իր ինքնուրույն գործառույթներով :
     
    Պետք է ենթադրել, որ հայոց մյուս նախաքրիստոնեական աստվածությունների շարքում Սարգիսն ուներ առանձնահատուկ դիրք, քանի որ քրիստոնեության ակտիվ տարածման եւ մինչքրիստոնեական պաշտամունքների դեմ պայքարի ընթացքում չհաջողվեց ոչնչացնել ոչ Սարգսի պաշտամունքը, ոչ նրան ուղղված բազմաթիվ ծեսերն ու արարողությունները: Ըստ երեւույթին՝ չհաջողվեց նաեւ նրա կերպարը փոխարինել որեւէ քրիստոնեական կերպարով: Ինչպես կտեսնենք ստորեւ, Սարգիսն ազնվականների, նախարարների համար երկրորդական դեր ուներ, նա չուներ Արամաստի, Վահագնի, Անահիտի կամ Աստղիկի հավակնոտությունը, նա անհամեմատ հասանելի էր հասարակ մարդկանց, ժամանակակից տերմինով ասած՝ անհամեմատ դեմոկրատ էր, առարկայորեն հասկանալի, քմահաճ չէր եւ միշտ պատրաստակամ էր իրեն դիմողներին օգնության հասնելու: Նա մեծ ժողովրդականություն էր վայելում հենց հասարակ մարդկանց շրջանում եւ առաջին հայացքից, թերեւս, մեծ վտանգ չէր ներշնչում նորամուտ քրիստոնեության առաջնորդներին: Պայքարելով առաջնային, «կարեւոր» Աստվածների եւ նրանց սրբավայրերի, կուռքերի դեմ, որոնք խնկարկվում էին ազնվականների կողմից, առաջին քրիստոնյա հայրերը համեմատաբար քիչ ջանքեր են գործադրել հասարակ մարդկանց, ըստ էության՝ ժողովրդի լայն զանգվածների կողմից սիրված եւ նրանց հասկանալի կերպարների դեմ: Եւ, մինչ Բագինների կուռքերը կործանվում էին, նրանց մեհյանների տեղերում եկեղեցիներ ու վանքեր էին կառուցվում, ժողովուրդը շարունակում էր իր հմայածիսական արարողությունները, շարունակում էր հուսալ իրեն հասկանալի Աստվածների ու Սրբերի հովանավորությունը, եւ դիմում էր նրանց օգնությանը: Եվ երբ եկեղեցու հայրերն ուշքի եկան, տեսան, որ արդեն արմատավորվող քրիստոնեության կողքին ծաղկում է ժողովրդական Աստվածը: Ինչպես համոզվեցինք Ս.Սարգսի տոնի նկարագրությունից, նրա պաշտամունքը տներում էր կատարվում, եւ հնարավոր չէր մեկ առ մեկ բոլոր տներից, բոլոր ընտանիքներից, անհատ մարդկանց սրտերից, նրանց բառամթերքից, նրանց երգերից ջնջել վերացնել այս ամենահաս եւ սիրված կերպարը: Սրբազան կյանքում, կրոնական հարաբերություններում Սարգիսը չէր էլ պայքարում քրիստոնեության դեմ: Նրա գոյությունը եւ գործառույթները ոչ հերքում, ոչ հաստատում էին քրիստոնեական գաղափարախոսությունը: Նա չէր պահանջում եկեղեցի գնալու փոխարեն իր ուխտավայրերն այցելել, նա նույնիսկ զոհաբերություններ չէր պահանջում: Նա ընդամենը պատժում էր անազնիվներին, ստախոսներին, անիրավներին, օգնում էր ընտանիքներին եւ նեղության մեջ ընկած մարդկանց, սիրահարվածներին եւ սպասում էր, որ մարդիկ տարին մեկ անգամ հինգ օր իր հիշատակին որոշ զոհողությունների գնան՝ պաս պահեն, որոշ գործեր չանեն: Անհրաժեշտության դեպքում նա դրսեւորում էր իր ամպրոպային բնույթը՝ օգնելով մարդկանց տնտեսական աշխատանքներին: Բնական է, որ նա զգալի դեր ուներ հայ ժողովրդի պաշտամունքներում:
     
    Չկարողանալով վերացնել նրա պաշտամունքի դրսեւորումները կենցաղում, քրիստոնեության շրջանում ստիպված էին այս կերպարը պաշտոնականացնել: Ըստ էության՝ Սարգիսը միակ նախաքրիստոնեական կերպարն է, որ մտավ պաշտոնական եկեղեցու սրբացուցակ եւ նրա անունով տոն սահմանվեց: Գրիգոր Լուսավորիչը, չկարողանալով վերացնել ժողովրդականություն վայելող այս աստվածության պաշտամունքը, հարկադրված էր օրինականացնել այն: Նա սահմանում է Առաջավորաց պասը, որը աշխարհի քրիստոնյաների մեջ միայն հայոց տոնացույցում կա, եւ դրան հաջորդող Ս.Սարգսի տոնը: Վաղ շրջանի քրիստոնյա երկրները մեղադրում էին հայերին այն բանի համար, որ նրանք քրիստոնյա աշխարհին անծանոթ կերպար եւ սուրբ ունեն, որին հատուկ տոն են նվիրել: Այդ շրջանում հայոց եկեղեցին խնդիր ուներ բացատրություն տալու, թե ի՞նչ տոն է այս տոնը, ի՞նչ սրբի է նվիրված եւ ինչո՞ւ իրենք անհրաժեշտ են համարում պահպանել այն: Քրիստոնեության վաղ շրջանի «գլոբալիզացիոն» քաղաքականության ընթացքում դա հեշտ խնդիր չէր, եւ ահա՝ ձեւավորվում է Սուրբ Սարգսի քրիստոնեական առասպելը: Այղ առասպելը Սարգսի մասին ձեւավորում է մի կերպար, որի համաձայն՝ Հայոց Եկեղեցին սրբացրել է կեսարացի ոմն զորավար Սարգսի, քանի որ նա պայքարել եւ նահատակվել է քրիստոնեության համար: Պատրաստվում են բացատրություններ, գրություններ, փնտրվում են ապացույցներ: Ի վերջո՝ քրիստոնյա աշխարհին ներկայացվում է հետեւյալ տարբերակը.
    Հռոմեական Հուլիանոս ուրացող կայսեր հալածանքներին ենթարկվող կեսարացի քրիստոնյա զորավար Սարգիսը չորրորդ դարում իր որդի Մարտիրոսի հետ անցնում է Հայաստան, փորձելով ապաստան գտնել հայոց Տիրան թագավորի մոտ: Վերջինս, տագնապելով Հուլիանոսի վրեժխնդրությունից, խորհուրդ է տալիս նրան գնալ Պարսկաստան: Այստեղ նրան սիրով ընդունում է Շապուհ երկրորդը եւ, հիանալովքաջ ու հմուտ զինվորականով, նրան նշանակում է զորահրամանատար: Սարգիսը բազում ծառայություններ է մատուցում պարսից Շապուհ արքային, այդ թվում՝ կռվում է իր հայրենակից հռոմեացիների եւ Հուլիանոսի դեմ եւ հաղթում նրան: Միաժամանակ նվիրյալ քրիստոնյա լինելով, դավանափոխ է անում պարսիկ զինվորներին, ինչի համար Շապուհը խիստ զայրանում է, իր մոտ է կանչում Մարգիս զորավարին եւ առաջարկում նրան ընդունել իր կրոնը: Վերջինս, բնականաբար, մերժում է: Ավելին, զայրույթի մեջ նա ջարդում է պարսկական կուռքերը, ինչով սաստիկ վիրավորում է իր շուրջը հավաքված ամբոխին, եւ վերջիններս սպանում են Սարգսի մանկամարդ որդի Մարտիրոսին, իսկ հաջորդ օրը Շապուհի հրամանով նահատակում են նաեւ իրեն՝ Սարգսին, եւ նրա հորդորով հավատափոխ դարձած պարսիկ զինվորներին: Այս դեպքը տեղի է ունենում 361թ. հունվարի 31-ին: 
     
    Որոշ անորոշություն կա, թե որտե՞ղ տարվեց նահատակված զորավարի, նրա որդու եւ զինվորների մարմինները: Մի տարբերակի համաձայն դրանք տարվել են «Հոռոմաց աշխարհ», մեկ այլ տարբերակի համաձայն՝ թաղվել են Պարսկաստանում, Մազանդարանի Դաղման կոչվող քաղաքի մոտ: Այնուհետեւ սկսվում է զորավարի երկրորդ, կարելի է ասել՝ «հայկական կյանքը»: Ըստ քրիստոնեական առասպելի՝ Մեսրոպ Մաշտոցը նահատակ զորավարի մարմինը, այլ կերպ ասած՝ մասունքները, տեղափոխում է Հայաստան եւ հողին հանձնում Կարբի ավանում, Ուշիում, որտեղ եւ կառուցում է Ուշիի Սուրբ Սարգիս վանքը: Իսկ նահատակի ատամը զետեղում է մի խաչափայտի մեջ եւ տեղափոխում Գագա դաշտ, որտեղ նույնպես կառուցում է Սուրբ Սարգիս անունով վանք (ներկայիս Նոյեմբերյանի Կոթի գյուղից վեց-յոթ կիլոմետր հեռավորության վրա), այսպիսով՝ սրբերի շարքը դասելով նրան: Այս մասին բանաստեղծական վկայություն է պահպանվել.
     
    Կանգնեցեր նշան ի մէջ մացառաց եւ ի Խուժիստան, Բարձր ի Դիտակ ի Գագա գագաթան, Որով պահպանի քառանկիւն սահման:
    ժողովրդական ավանդազրույցն այս մասին պատմում է, որ «էդպես Սուրբ Սարգիսը Կոթի գեղի սարերն ու հանդերը օխնել ա, դրա համար էլ Օրա սուրբ սղնատամն էն օխնած տեղն ա, որ կենըմ ա: Թե հանեն ուրիշ տեղ տանեն, էլի դուս կգա իրա տեղը կփախչի: Աշխարքի ամեն ծերից ամեն տարի ուխտավոր ա գալի Կոթի գեղի հանդը, Գվարզնից վերեւ, մուրազն առնըմ ու ետ գնըմ» :
    Մեսրոպ արք. Աշճեանը մի ամբողջ ուսումնասիրություն է նվիրել այս դեպքերի լուսաբանմանը : Նա մասնավորապես հիշում է Ներսես Շնորհալու կողմից շարադրված Սուրբ Սարգսի կանոնը, որը վերջանում է հետեւյալ տաղով.

    Խաչաչարչար սուրբ դիտապետ, Նշանագործ անուամբ ի խաչ եւ յեկեղեցի, Առաւել պայծառ ի գլուխն Գագայ, Ի գագաթան տեղւոյն օրհնեալ սրբոյն Մեսրոպայ, Երագահաս սուրբդ Սարգիս բագնեաց կործանիչ Բարեխօս լեր առ Քրիստոս վասն անձանց մերոց:

    «Երագահաս սուրբդ Սարգիս բագնեաց կործանիչ» տողերը պետք է բոլորին համոզեին, որ Սուրբ Սարգիսը հանուն քրիստոնեության տարածման կործանել է նախաքրիստոնեական Աստվածներին: Եվ դրանով ինքնին նվաճել է քրիստոնեական Սուրբ լինելու իրավունքը:
    Այսպիսով՝ ժամանակի կրոնա-մշակութային քաղաքականության մեջ տեղավորվելու նպատակով, հայկական աստվածությանը ոչ միայն որպես նահատակ էին ներկայացնում, այլեւ՝ ոչ հայազգի: Այդպես ծնվում է Սուրբ Սարգսի կերպարի եկեղեցու պաշտոնական բացատրությունը: Սուրբ Սարգսի այս կերպարը Սահակ Մովսիսյանն անվանում է «եկեղեցական Սուրբ Սարգիս» :
     
    Քրիստոնյա աշխարհը երկար ժամանակ այս բացատրություններով չէր բավարարվում, եւ հայոց եկեղեցին (եւ ոչ միայն եկեղեցին, այլ նաեւ՝ աշխարհիկ իշխանությունները) դեռեւս շատ երկար պետք է բացատրություններ տար քրիստոնյա համայնքի առաջնորդներին, թե ինչո՞ւ իրենք աշխարհի մնացած քրիստոնյաներից զատվում են մի առանձնահատուկ տոնով, եւ ինչո՞ւ իրենց սրբերի շարքում տեղ է գտել մնացյալ  քրիստոնյաներին անհայտ մի Սուրբ: Շատ երկար, վեց-յոթ հարյուր տարի շարունակ թե եկեղեցու հոգեւորականները, թե աշխարհիկ իշխանությունները պաշտպանում էին Սարգսի լինելության իրավունքը հայկական միջավայրում, հաճախ այդ պաշտպանության նպատակով հղելով Սարգսի ոչ հայկական՝ հռոմեական ծագումը, միշտ նորանոր մանրամասնություններով «ապացուցելով» իրենց առասպելը: Պաշտոնական մշակութային համահարթեցման քաղաքականության պարագայում դա հեշտ գործ չէր, եւ հայոց եկեղեցին ստիպված էր «արդարանալ» աշխարհի քրիստոնյա համայնքի, մասնավորապես՝ Հռոմի առաջ, բացատրություն տալ, թե ինչո՞ւ իրականում հայոց մեջ շարունակվում է նախաքրիստոնեական ազգային Աստծու խնկարկումը: Եվ հայոց քրիստոնյա հայրերը շարունակում էին արդարանալ, միշտ պնդելով, որ սա հայ չէ, որ սա կեսարացի զորավար է, որին հայերը պաշտում են նրա քրիստոնեահաճո գործունեության եւ հատկապես՝ նահատակության փաստի պատճառով: Այս ձգձգված վեճը այնպիսի խոր հետք է թողել մեր եկեղեցու վրա, որ նույնիսկ մեր օրերում Ս.Սարգսի մասին խոսելիս եկեղեցականներն սկսում են «Ս.Սարգիս ազգով հայ չէ» բանաձեւից: Այսպես, Շնորհք արք. Գալուստեանը իր եռահատոր աշխատանքում Ս.Սարգսին զետեղելով «Հայազգի սուրբեր» բաժնում, նրա մասին գրում է. «Ս. Սարգիս ազգով հայ չէ, ոչ ալ նահատակված է Հայաստանի մէջ: Միւս եկեղեցիները մեծ կարեւորութիւն չեն տուած անոր յիշատակին եւ եթէ մինչեւ իսկ հնումն յիշատակած են զայն, այսօր գրեթէ մոռացութեան տուած են: Իսկ միւս կողմէն՝ նկատի ունենալով, որ մեր մէջ, ընդհակառակը, ամենէն մեծ ժողովրդականութիւն շահած սուրբերէն մէկն է, ուստի մենք կը դասենք զայն Հայազգի սուրբերու շարքին» :
    Սարգսի հայազգի լինելու ժխտման շարունակական անհրաժեշտությունը եւ դրա շուրջ ապացույցների փնտրտուքն ինքնին պերճախոս հաստատումն է հակառակի. Սարգիսն իսկապես հայազգի էր:

    Այսպիսով՝ նորադարձ քրիստոնյա հայերն իրենց նախկին աստվածությանը քրիստոնեական նոր կերպարի մեջ ամփոփելով, շարունակեցին խնկարկել, «փրկելով» ազգային Աստծուն: Փրկելով Ս.Սարգսի տոնը: Սուրբ Սարգիսն ինքը, նախաքրիստոնեական շրջանում Աստված լինելով, զգալի փոփոխությունների ենթարկվեց եւ «քրիստոնեացավ»: Նույն «Երագահաս սուրբդ Սարգիս բագնեաց կործանիչ» տողը ըստ էության նշանակում էր նաեւ, որ Սարգիսն ինքն իրեն է կործանել: Եւ իսկապես՝ նրա աստվածային կարգավիճակը փոխվել էր. Սարգիսն աստվածությունից դարձել էր Սուրբ: Նրա «վերակենդանացման» միակ հնարավորությունը կարգավիճակի նվազեցման մեջ էր: 

    Հայոց Առաջավորաց պասը եւ Սուրբ Սարգսին չընդունող հունական եկեղեցին, եւ ապա, նրանից ազդված մի շարք այլ եկեղեցիներ Սարգսին հայ են համարում եւ հունական բացատրությունը հայ Սարգսին ներկայացնում է որպես բացասական կերպար: Ըստ հունական առասպելի՝ «Սարգիս անունով մեկը, հայոց մոլորութեալ վարդապետ, մի շուն ուներ Արցիվուր անունով: Սակայն այս բառը նշանակում է «առջեւից գնացող» (առաջավոր): Սարգիսը սատանայի ազդեցությամբ այս շանը գործ էր ածում իբրեւ իր գալստեան ավետաբեր եւ յայտարար ամէն անգամ, երբ մի գիւղ, մի քաղաք, կամ ուրիշ տեղ երթար, ուր իր մոլորութեան ժանտախտից բռնուած աշակերտներ էին բնակում: Երբ սրանք տեսնում էին շանը, հաջորդ օրը թափորով մի քանի մղոն ընդառաջ էին գնում իրենց վարդապետին: Մի անգամ, երբ շանը սովորական պաշտոնով մի տեղ ուղարկեց, գայլերը ճանապարհին պատառեցին նրան: Սարգիսը երկրորդ օրը գնալով նոյն տեղը եւ տեսնելով, որ ոչ ոք իրեն ընդառաջ չի գալիս, ինչպես սովորութիւն էր, սաստիկ բարկացավ: Երբ քաղաք մտնելով իմացաւ, թէ իր առաջընթաց շունը այնտեղ չէ հասած, մարդիկ ուղարկեց փնտռելու համար, եւ գտնուած ոսկորներից գուշակելով թէ գայլերն են կերել, հրամայեց ամենայն Հայոց՝ որ ամէն տարի, սահմանեալ օրեր, նրա մահուան համար ծոմ պահեն եւ մեծ սուգ բռնեն, եւ այս պասը կոչեց արցիվուրց պաս» : 

    «Առասպելի մի ուրիշ ձեւն ունին ռումինացիք,- շարունակում է Հ.Աճաոյանը,- որոնց մեջ բառը դարձել է Արցիվուրցի: Ռումին առասպելի մեջ արցիվուրցի է կոչվում մի հայ աւագերեցի շուն: Աւագերեցը անտառով անցնելիս մոլորվել է եւ այդ շան միջոցով կարողացել է գտնել ճանապարհը: Հայերը այդ շունը սրբերի կարգն են դասել եւ ի պատիւ նրա՝ Ս.Սարգսի Բարեկենդանին պաս են պահում եւ Զատկի թաթախման երեկոյին էլ նրան նվիրված մի տօն են կատարում» : Հ.Աճաոյանը գտնում է, որ հույն աղբյուրներից ռուսերենին է Փոխանցվել арцывурiй կամ арцывурiева недыля , որն այդ լեզվում ստացել է Աբ.Գրիգորի հիշատակին պահվող պաս իմաստը: Ռուսերեն բացատրական բառարանը լրացնում է, որ հույները հայերին ձեռ առնելով ասում են, թե այդ պասը Սերգիի՝ գայլերի կողմից կերված շան հիշատակին է :

    Բոլոր դեպքերում՝ Սարգիսը մնաց հայոց մեջ, եւ նրան վերաբերող աղոթքները, նրան նվիրված ծեսերը, բազմաթիվ ավանդազրույցները հնարավորություն են տալիս պատկերացում կազմելու այս սիրված հերոսի կերպարի ժողովրդական ընկալման մասին: Քրիստոնեական եկեղեցիների պաշտոնական պատմություն-բացատրությունների կողքին մինչեւ մեր օրերն են հասել նաեւ ժողովրդական ավանդազրույցները, որոնք իրենց մեջ պարունակում են հայ ժողովրդի կողմից մեծապես սիրված այս սրբի կերպարի ժողովրդական ընկալումները: Այդ կերպարում տեղ են գտել ինչպես քաջության, նեղության մեջ գտնվողին օգնության հասնելու, հողմերին սանձահարելու նրա կարողությունները, այնպես էլ՝ ճանապարհորդներին, երիտասարդներին եւ. հատկապես՝ կանանց օգնելու պատրաստակամությունը, որոնք տեսանք տոնի նկարագրության մեջ: Սրանք բոլորը գալիս են ազգային ակունքներից:
    Սուրբ Սարգսի տոնակատարությունների նկարագրությունը ցույց տվեց, որ նրան վերագրվում էին մի շարք զորություններ.
    • նա կարող է դեւերին հալածել,
    • հիվանդներին բժշկել, հղիներին պաշտպանել,
    • պատերազմողներին հաղթանակ բերել,
    • բանտարկվածներին եւ գերիներին ազատություն պարգեւել,
    • խռովությունները խաղաղեցնել,
    • նեղ վիճակում գտնվողներին ուժ տալ, օգնել,
    • ճանապարհորդներին պաշտպանել,
    • ալեկոծված ծովերը հանդարտեցնել,
    • կարկուտը եւ քամին հնազանդեցնել,
    • սիրահարվածների փափագը կատարել,
    • գայլերին եւ այլ գիշատիչ գազաններին քարացնել կամ երախը «կապել»:
    Աուրբ Սարգսի մասին հայոց մեջ պատմվող ավանդազրույցները հաստատում են թվարկված վերագրումները:
     
    Աղբյուր՝

    Հրանուշ Խառատյան-Առաքելյան «ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՏՈՆԵՐԸ»

    Այսպես կոչված «Այսպես կոչվածի» մասին

    5 Հունվարի, 2012

    Համլետ Դավթյան, ԵՊՀ ՀՀԻ վրացագիտության հայկական կենտրոնի գիտաշխատող

    Գուցե նույնիսկ ուշացումով եմ գրում այս մասին, որովհետև հարցը ոչ միայն վաղուց գոյություն ունի, այլև չափազանց կենսունակ է և գնալով ավելի այլանդակ ու անընդունելի բովանդակություն է ստանում: Որպես արդարացում պիտի ասեմ, որ այժմ միայն գրելուս պատճառը երևի շատերիս բնորոշ հայկական մտածողությունն է, երբ մենք միամտաբար կարծում ենք, թե դիմացինի հիմարությունն անգամ ամոթ է ցուցադրելը, իսկ բանականությունը, անշուշտ, միշտ հաղթանակում է: Ցավոք, ներկայիս իրականության մեջ բոլորովին այլ չափանիշներ են գործում, որոնք վարպետորեն գործածողները, ուշադիր չլինելու դեպքում, ոչ միայն ազգային արժանապատվությանդ են վիրավորանք հասցնում, այլև պատմությունդ և հայրենիքդ խլելու հավակնություն են ցուցաբերում: Ընդ որում, առանց աչքը ճպելու, առանց գիտնականի պատմուճանը ուսից գցելու:

    Այդպիսիք հաճախ հայերիս չարախոսում, մինչև անգամ մեղադրում, նացիոնալիստ ու շովինիստ են համարում Մեծ Հայքի անունը հիշատակելու համար: «Մեծ» բառը նրանց կատաղեցնում է, ինչը, սակայն, չեն էլ կամենում թաքցնել, քանզի, ըստ իրենց, փոքր ժողովուրդները իրավունք չունեն մեծ բաների մասին խոսել: Զավեշտալին այն է, որ նման խրատ իրեն «մեծ» ազգի ներկայացուցիչ համարող վրացին է հիմնականում տալիս «փոքր» ազգի ներկայացուցիչ հային: Այո, վրացի կեղծ հայրենասեր մտավորականն իր մեծամտությամբ ու ամբարտավանությամբ իսկապես փորձանք է դարձել և, կարծում ենք, առաջին հերթին սեփական ժողովրդի գլխին: Նա անընդհատ ականներ է տեղադրում մի դաշտում, որտեղ գցված է նաև վրաց ազգային անվտանգության հիմքը:
    Ական են պատրաստում նաև խեղաթյուրված պատմությունից, և այս առումով հարկ է, որ կրկին դառնանք մեր Մեծ Հայքին: Տարրական ճշմարտություն է, որ Հայոց երկիրը Մեծ Հայքի և Փոքր Հայքի բաժանումը կատարվել է ոչ թե մեր, այլ հույների, հռոմեացիների կողմից: Նման աշխարհագրական և վարչատարածքային բաժանումները նրանցն են: Նշանակում է` հայհոյախոսողները ցույց են տալից իրենց անգրագիտությունը և պատմական կարճ հիշողությունը: Ընթերցողին ներկայացնենք, թե ինչի մասին է խոսքը: «Հայ ժողովրդի պատմություն» ակադեմիական բազմահատորյակում գրված է. «Այն տերիտորիան, որտեղ ձևավորվել է հայ ժողովուրդը և նրա լեզուն ու մշակույթը, երկու հիմնական մասից է բաղկացած, որոնք հայտնի են «Մեծ Հայք» և «Փոքր Հայք» անուններով: Մեծ Հայքը ընդգրկում էր Հայկական լեռնաշխարհի տերիտորիան ամբողջապես, իսկ Փոքր Հայքը տարածվում էր Փոքր Ասիայի արևելյան մասում: Հայաստանի այս երկու հիմնական հատվածները միմյանցից բաժանվում էին Եփրատ գետով, որը այս մասում հոսում է հյուսիսից հարավ` սկսած այժմյան Ակնից մինչև Մալաթիայից հարավ-արևելք գտնվող Եփրատի գալարը: Եփրատից այս կողմ գտնվող հայկական թագավորությունը կոչվեց Մեծ Հայք` ի տարբերություն Եփրատից այն կողմ գտնվող մյուս հայկական թագավորության, որը ավելի փոքր տարածություն էր ընդգրկում և կոչվեց Փոքր Հայք: Հունական և հռոմեական աղբյուրներում Մեծ Հայքի թագավորությունը անվանվում է Armenia Maior, իսկ վաղ միջնադարի հայկական աղբյուրներում միշտ գործ է ածվում Մեծ Հայք անունը: Սրանց հետ նույնանիշ է մ. թ. առաջին դարերի պարթևական արձանագրություններում պատահող Vazurg Armenan հորջորջումը: 387 թ. հետո, երբ Հայկական թագավորությունը բաժանվեց և Մեծ Հայքը դադարեց գոյություն ունենալ իբրև միաձույլ պետություն, այս անվան փոխարեն գործ էին ածվում Հայք, Armenia տերմինները, իսկ Եփրատից այն կողմ գտնվող հայկական երկիրը շարունակում էր կոչվել Փոքր Հայք (Armenia Minor): Սակայն հետագայում ևս ավանդության ուժով երբեմն գործ էր ածվում նաև Մեծ Հայք տերմինը բուն Հայաստանի իմաստով: Հայկական աղբյուրների այդ հորջորջումը պահպանել են միջնադարյան պատմաբանները, արաբերեն և պարսկերեն աղբյուրները` Buzurg Armenan ձևով, վրացականները «Դիդի Սոմխեթի» և նույնիսկ ռուսականները` Арменьа Великая ձևով:
    Մեծ Հայքն ընդգրկել է շուրջ 320.000 կմ քառակուսի տարածություն: Այդ սահմաններում Հայաստանը իրենից ներկայացնում էր քաղաքական, էթնիկական և տնտեսական մեկ ամբողջություն և դարերի ընթացքում ձևավորվեց այն ներքին վարչական բաժանումը, որը պայմանավորված էր առաջին հերթին երկրի ռելիեֆով»1:
    Երկու հղում ևս կատարենք: Համենայն դեպս, ուշադրություն դարձնենք այս հրատարակությունների տարեթվերին: И. Шопен: «Греки и Римляне всегда довольствовались общим разделением Армении на Великую и Малую» . А. Аннинский: «Из Великой Армении Фадей отправился в Малую Армению»2.
    Իսկ հիմա տեսնենք, թե ինչպես վրաց ինտելիգենցիան, փորձելով ազգային ոգի ներարկել իր ժողովրդին, ամեն անգամ կտրուկ տեղից վեր է ցատկում, երբ խոսք է գնում հարևան հայ ժողովրդի տարածքային (նաև մշակութային) ժառանգության մասին: Նրանց արտահայտություններն են. «Они (армяне.- Г.Д.) словом и пером клянутся всему миру, будто испокон века по сю сторону Кавказского хребта, до истоков Тигра и Ефрата, почти от Черного и Каспийского морей, была так называемая Армения»3, «1918 թ. Ստամբուլում տպագրվեց Հայաստանի (իբրև թե պատմական) ֆանտաստիկ մի քարտեզ, որտեղ Համայն Հայաստանի սահմանները ձգվում են Սև ծովից մինչև Կասպից ծով և… Միջերկրական ծովերը»4, «Հայ գիտնականները լուրեր էին տարածում, թե գոյություն է ունեցել Մեծ և Փոքր Հայք: Այս աներես մտքի պսակը 1918 թ. Ստամբուլում տպագրված քարտեզն է, որտեղ Վրաստանի մեծ մասը Հայաստանի կազմի մեջ է մտցված»5:
    Ուշագրավն այն է, որ երեք սերնդի ներկայացուցիչներից (այն էլ` խոշոր ներկայացուցիչներից) կատարած մեջբերումների տոնը նույնն է` հարձակողական, լկտի և ստահոդ: Այստեղ բացահայտվում է վրացի մտավորականների զարմանալի մի առանձնահատկություն ևս. նրանք ոչ միայն չեն վախենում տգետ երևալուց, այլև հրապարակավ ցուցադրում են դա: Դժվար է ասել` նրանք գիտե՞ն արդյոք, որ կան բազմաթիվ աշխարհագրական անուններ, երկրանուններ, որոնք ունեն «Մեծ» բաղադրիչ: Օրինակ` Մեծ Բրիտանիա, Մեծ Կաբարդիա, Մեծ Կովկաս, Մեծ Մասիս, Մեծ կամ Խաղաղ օվկիանոս, Մեծ Անթիլյան կղզիներ և այլն: Չենք կարծում, թե այսքանն իմանալու համար հատուկ դժվարություններ է պետք հաղթահարել, սակայն վրացի պատմաբանների համառությանը հանդիպելով, համոզվում ենք, որ նրանց հիվանդության ախտորոշումը ոչ թե անընկալունակությունն է, այլ պարզապես հայատյացությունը: Երբ «ժողովրդի մտքերը փոթորկող» ականավոր բանաստեղծ Իլյա Ճավճավաձեն էր գուցե գինովցած գրում «այսպես կոչված Հայաստան»6, կարելի է համարել, որ դա մեկ հոգու գործած տխմարություն է, բայց երբ հեղինակային մի ամբողջ կոլեկտիվ, հիմնականում ակադեմիկոսներ (Ն. Բերձենիշվիլի, Վ. Դոնդուա, Մ. Դումբաձե, Յու. Կաչավա, Գ. Մելիքիշվիլի, Շ. Մեսխիա, Պ. Ռատիանի), գրում է նորից «այսպես կոչված Մեծ Հայք» և այն էլ դպրոցական դասագիրք կազմելիս, հասկանում ես, որ սա նպատակաուղղված քաղաքականություն է եղել: Ահա կարդանք. «Независимость своих владений провозгласили правители Армении – ранее сатрапы Селевкидов – Арташес и Зарех, которые сделались царями, последный в Софенской области, а первый – к востоку от него в т. наз. «Великой Армении». […] Правителям западного Армянского государства – т. н. «Малой Армении» в ту же эпоху удалось завладеть некоторыми областями, населенными грузинскими племенами»7:
    Դժվարանում ենք ասել, թե 1960-ականներին Հայաստանի գիտությունների ակադեմիայի կամ մեկ ուրիշ կառույցի կողմից այս և բազմաթիվ այլ խեղաթյուրումների դեմ բողոք հնչե՞լ է, պահանջ եղե՞լ է, որ դրանք հանվեն դպրոցական դասագրքերից: Փոխարենը կարող ենք հավաստիացնել, որ ցանված սերմերն առատորեն աճել են: Տասնամյակներ շարունակ «այսպես կոչվածը» վրացու գիտակցության մեջ սահմանազերծել է Հայաստանը, տասնամյակներ շարունակ վրացու գիտակցության մեջ ներարկվել է, որ նախկին հայկական հողերը այսօր «բուն վրացական հողեր» են: Եվ այժմ բնավ տարօրինակ չէ, որ վրացի պատմաբաններն իրենց աշխատություններում հենց գրում են Տայքի, Կղարջքի կամ Տաշիրի մասին, անպայման շեշտում են` «исконно грузинское провинция»8:
    Բայց սա դեռ բոլորը չէ: Շուրջ երեք տարի առաջ համացանցում տեղադրվեց Վրաստանի պատմությունը ուսուցանելու ստվարածավալ մի ձեռնարկ` բաղկացած 3 մասից: Այն իրականացրել են Թբիլիսիի պետ համալսարանի պատմության ֆակուլտետի Վրաստանի պատմության ամբիոնից պատմ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Մ. Վաչնաձեն, պատմ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Վ. Գուրուլին և պատմ. գիտ. թեկնածու, դոցենտ Մ. Բախտաձեն : Թվարկված հեղինակները ոչ միայն «այսպես կոչված», այլև «բուն վրացական հողեր» դարձվածքից են բավականին առաջ անցել. նրանք տարածքային պահանջներ են ձևակերպում: Նյութը ծավալուն չդարձնելու մտահոգությունից ելնելով, չենք ներկայացնում Տայքի, Կղարջքի, Արդահանի, Բասենի, Ջավախքի, Հյուսիսային Լոռու, ինչպես նաև այդ տարածքներում գտնվող «վրացական» պատմաճարտարապետական հուշարձանների մասին նշումները: Բերված քաղվածքները վերաբերում են Հայաստանի Հանրապետությանը, ասել է թե` հայկական ոչ թե պատմական, այլ պետական տարածքներին: Համոզվենք դրանում.
    — Исторически в состав Грузии входили территории … на юго-востоке – ущелье реки Дебеда, где граница проходила по Лоре-Бамбакскому хребту (с. 3). Повторение см: Приложение “Карта основных исторических провинции Грузии”.
    — Грузины, как свидетельствуют и армянские исторические хроники (Фавстос Бузанд, Ованес Драсханакертци и др.), следы материальной культуры, были распространены и на исконных грузинских территориях в Южной части Грузии (Квемо-Картли), в районах Лоре и Ташири, которые теперь составляют северную часть Республики Армения (с. 13).
    — После выполнения Англией военной мисии посредника в Закавказье в конце декабря 1918 года военные действия между Арменией и Грузией прекратились. Исконно грузинская территория – Лорийский район был об’явлен нейтральной зоной (с. 217).
    — Отторгнуты и переданы в состав Армянской ССР (теперь составляет северную часть Республики Армения), исконные грузинские территории Южной Грузии (Квемо Картли) – районы Лоре и Ташири (ранее составляли Тифлисскую губернию, Картлийско-Кахетинское, Грузинское царство), на которой расположены памятники грузинского средневекового зодчества, свидетельствующие об истории края, храмы известные в литературе как Ахтала, Кобери, Акори и другие, исторически входившие в Ташир-Агаракскую епархию Грузинской Православной церкви (с. 228).
    Из Приложении “Словарь этногеографических названий”
    — Бамбаки – область в южной Картли.
    — Картли Нижная (Квемо Картли) – юго-восточные земли Картли: Бомбаки, Ташири, Сомхити, Абоци.
    — Лоре – город и крепость в южном Картли, в Ташири.
    — Ташири — область в южной Картли.
    — Шамшадилу, Шамшадило – земля в южной Картли.
    — Южная Грузия – в нее входят исторические грузинская область Квемо Картли (Нижная Картли), а так же ее часть Лоре и Ташири, и область Джавахети. В настоящее время Лоре и Ташири находятся в пределах нынешных границ Армении.
    Ահա և այդ տարածքային պահանջը քարտեզի տեսքով.
    imgT
    Այսքանից հետո, եթե որևէ մեկն ասի, թե հայերը հրեշ են` ո՞վ կզարմանա: Եվ Վրաստանում այսօր ոչ զարմացող կա, ոչ էլ նման բաներ ասողի պակաս: Բոլորը լսել են, որ հայերը ավելի վատն են, քան հրեշները, նրանք թշնամիներ են: Գ. Մայսուրաձեն «Многонациональная Грузия» թերթում գրում է. «армяне в представлении грузин являются своего рода “образом врага”, примерно таким же, как и во многих странах евреи. Высказывания антиармянского содержания вдоволь встречаются как в бытовой речи, так и в произведениях грузинских классиков, бульварной прессе и политических дискуссиях. Если вы хотите кого-либо дискредитировать, достаточно об’явить его армянином»9.
    Ահա թե ինչ դարձավ այդ անմեղ թվացող «այսպես կոչվածը»: Ի՞նչ անել: Բարդ է կոնկրետ որևէ բան ասելը: Բարդ է, որովհետև մեր մեղքն էլ կա դրա մեջ: Սովետական ժամանակաշրջանը ընդհանուր էր և՛ հայի, և՛ վրացու համար, բայց արի տես, որ «հայ և վրաց ժողովուրդների եղբայրությունը» արգելք չէր վրացու համար ազգային մեծ թե փոքր հարցերով ձայնը գլուխը գցել ամբողջ Միության մեջ, իսկ հայը «խաթրից» դուրս չգալու համար արժանապատվորեն լռում էր10: Այդ արժանապատիվ լռությունն էլ ծնեց այս անհարգալից վերաբերմունքը: Սրա հետևանքն է և այն անպատշաճ ընդունելությունը, որին վերջերս արժանացավ Ամենայն Հայոց կաթողիկոսի գլխավորած պատվիրակությունը Վրաստանում: Եվ որպեսզի վերջապես վերջ դրվի ստեղծված դրությանը, առաջին հերթին հարկավոր է չլռել: Տվյալ դեպքում լռությունը ոսկի չէ: Իսկ ձայն բարձրացնելու համար, փառք Աստծո, ունենք պետական մարմիններ, որոնք ընդամենը պետք է նախանձախնդրություն հանդես բերեն: Ինքնահարգանքը նաև դիմացինին է հարգանք պարտադրում:
    Կրկնում ենք, նշյալ աշխատությունը հրապարակել է Թբիլիսիի պետհամալսարանը, այսինքն` արտահայտում է Վրաստանի գիտական շրջանակների և իշխանությունների պաշտոնական տեսակետը11: Այդ տեսակետը ոտնահարում է հայ ժողովրդի ազգային արժանապատվությունը և Հայաստանի Հանրապետությանն ուղղված տարածքային հավակնություններ է պարունակում: Ով կլինի մեր կողմից պահանջ ներկայացնողը` ՀՀ կառավարությունն ինքը, արտաքին գործերի նախարարությունը թե կրթության և գիտության նախարարությունը, ըստ էության, նշանակություն չունի: Կարևորը նման ոտնձգությունները անհետևանք չթողնելն է, այս պարագայում` պահանջել, որպեսզի հիշատակված և համանման հատվածները հանվեն համացանցում տեղադրված «Վրաստանի պատմությունից»: Սա եկեղեցիների պատկանելության հարց չէ, որ վիճելի համարվի:
    —————————————————————————————————
    1. Հայ ժողովրդի պատմություն, հ. I, Երևան, 1971, էջ 55-56:
    2. Аннинский А., История Армянской церкви (до XIX века), Кишинев, 1900, с.4.
    3. Чавчавадзе И., Армянские ученые и вопиющие камни, Тифлис, 1902, с. 1.
    4. Իվանե Ջավախիշվիլու արխիվից, տես Հայ-վրաց գրական, պատմամշակութային հարցերը վրաց մամուլում [1988-1990], նյութերի ժողովածու, կազմեց` Հ. Բայրամյանը, Երևան, 2001, էջ 58:
    5. Ախուաշվիլի Ի., Ներքին Քարթլիի էթնոսը պատմական տեսանկյունից, «Մնաթոբի», 1989, թիվ 10, էջ 134-144 (տե՛ս վերոնշյալ նյութերի ժողովածուն):
    6. Чавчавадзе И., Армянские ученые и вопиющие камни, ч. 1, Тифлис, 1902.
    7. История Грузии, учебник для VIII-X классов средней школы, под редакцией Н. Бердзенишвили, Тбилиси, 1960, с. 31-32.
    8. Лордкипанидзе М., Грузия во второй половине V века, Тбилиси, 1978, с. 10.
    9. В. Максоева, Кому выгодна армянофобия в Грузии?, “Голос Армении”, 30.07.2011.
    10. 1939 թ. «Սասունցի Դավիթ» էպոսի հազարամյակի տոնակատարության շրջանակներում լույս տեսավ էպոսի պատումների առաջին հատորը, որից, սակայն, Հայաստանի ակադեմիայի նախագահության պահանջով դուրս էին մնացել այն հատվածները, որոնք իբր ուղղված էին Վրաստանի դեմ (տե՛ս Սարգսյան Վ., Հայոց էպոսը Վրաստանի հետ հարաբերությունների չկայացման պատճա՞ռ, http://www.armar.am, 16.12.1010 ):
    Մյուս դեպքը ճարտարապետ Տիրան Մարությանի վկայությունն է. «Տողերիս գրողի «Տայքի ճարտարապետական հուշարձանները» գրքի լույս ընծայումը 1970 թ. երկու տարով կասեցվելուց հետո, լույս տեսավ 1972 թ., սակայն նրա 5000 օրինակներից մոտ 4000-ը ոչնչացվեց Հայաստանի և Վրաստանի կոմկուսների կենտկոմների գաղափարական գծով քարտուղարներ Ռ. Խաչատրյանի և Ստուրուայի ջանքերով» («Ազգ-մշակույթ», 05. 03. 2011): Եվ սրանք ընդամենը օրինակներ են հայկական գիտությունը կազմակերպողների օրինակելի վարքից:
    11. Ասվածը նորություն չէ: Մի քանի տարի առաջ ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Աշոտ Մելքոնյանը նույնպես հայտարարեց, որ վրացիների թշնամանքը հայերի հանդեպ պետական քաղաքականություն է («Հայոց Աշխարհ», 31. 05. 2008):

    Գուցե սկսենք ապրել մե՞ր ժամացույցով

    29 Դեկտեմբերի, 2011

    7or.am

    …ըստ «Արարտյան ուխտագրքի»՝ 2012թ. լրանում է հայոց տոմարի 9595–րդ տարին, իսկ ըստ Հայոց բուն թվականի՝ 4504–րդ տարին։

    Թե երբվանից են մարդիկ սկսել հաշվել ժամանակը և հետևել տիեզերական մարմինների ընթացքին, այսօր դժվար է ասել։ Մի բան պարզ է՝ հազարամյակներ առաջ այնպիսի ճշգրիտ հաշվարկներ են արվել, որ ճշգրիտ գիտությունների մեր դարում դրանք միայն ինչ–որ տասըհազարերորդականի շեղում են տալիս։ Այդպես է, օրինակ, Արեգակի շուրջը Երկիր մոլորակի պտույտի պարագայում։ Հենց Երկիր մոլորակի պտույտով էլ պայմանավորվում է երկրային ժամանակը, որը հաշվարկելու համար առաջացել են տոմարային համակարգերը։

    Մենք գիտենք՝ ուրույն տոմարական համակարգ են ունեցել նաև հայերը։ Շատ գիտնականներ, սովորության համաձայն, ասում են, թե մենք այն փոխ ենք առել մեր առավել խելոք հարևաններից։ Նրանք կարծիք հայտնելիս կամ տեղյակ չեն լինում Հայաստանով մեկ սփռված ժայռապատկերներից, ամենատարբեր գտածոներից, ինչպես նաև մեր բանավոր զրույցներից ու առասպելներից, գրավոր աղբյուրներից, կամ դրանք դիտավորյալ անտեսում են՝ ջուր լցնելով մշակույթ ստեղծողի հովեր ունեցող այլոց ջրաղացին։

    Չխորանալով տոմարագիտական ուսումնասիրությունների հակասական բավիղում, միայն նշեմ՝ ըստ «Արարտյան ուխտագրքի»՝ 2012թ. լրանում է հայոց տոմարի 9595–րդ տարին, իսկ ըստ Հայոց բուն թվականի՝ 4504–րդ տարին։ Վերջինի վերաբերյալ ավանդությունն ասում է, թե ճիշտ 4504 տարի առաջ՝ մ.թ.ա. 2492թ. օգոստոսի 11-ին (հաշվարկը հիմնավորվում է այն տեղեկությամբ, թե մ.թ. 428թ. այդ օրը ավարտվել է Հայկա  2–րդ շրջանը) Հայկը սպանեց մեր երկիրը ստրկացնելու եկած Բելին ու դրանով հիմք դրեց ժամանակի Հայկյան հաշվարկին։ Հայկն այնուհետև «տեղադրվեց» երկնքում՝ դառնալով Հայկի համաստեղություն, որը Եվրոպայում հայտնի Օրիոնն է։ Տարվա 12 ամիսները՝ բաղկացած 30-ական օրից, կոչվեցին ժամանակը սահմանող Հայկի ուստրերի ու դուստրերի անուններով, իսկ հավելյալ 5 օրերը՝ անզեն աչքով տեսանելի մոլորակների։ Մեր հները նաև չեն առաջնորդվել ժամանակի միավորները  պարզապես համարակալելու սկզբունքով, դրա համար էլ անուն են տվել նաև ամսվա բոլոր 30 օրերին և օրվա բոլոր 24 ժամերին։

    Որքան էլ հայոց տոմարի այդ անունները հիշատակվում են ու կրկնվում, մեր հիշողության մեջ այժմ նստվածք չեն տալիս, քանի որ համարակալելով՝ մենք ավելի հեշտ ենք հիշում։ Սակայն յուրաքանչյուր անուն մշակույթ է, հավատալիք, խորհրդանիշ, ուստի երևի ամեն առիթ պետք է օգտագործենք, որ դրանք վերհիշենք։  Իսկ Ամանորը հենց ամենահարմար առիթն է։

    Այսպես, Հայկյան տոմարի 13 ամիսների անուններն են ըստ հերթականության. Նավասարդ, Հոռի, Սահմի, Տրե, Արանց, Մեհեկան, Արեգ, Ահեկան, Մարերի, Մարգաց, Հրոտից, Ավելյաց։

    Վերջին՝ Ավելյաց ամսվա օրանուններն են Փայլածու (Մերկուրի), Արուսյակ (Վեներա), Հրատ (Մարս), Լուսնթագ (Յուպիտեր),  Երևակ (Սատուրն)։ 12 ամիսների օրանուններն ըստ հերթականության կրկնվել են և դրանք են. Արեգ, Հրանդ, Արամ, Մարգար, Ահրանք, Մազդեղ, Աստղիկ, Միհր, Ձոպաբեր, Մուրց, Երեզկան, Անի, Պարխար, Վանատուր, Արամազդ, Մանի, Ասակ, Մասիս, Անահիտ, Արագած, Գրգուռ, Կորդուիք, Ծմակ, Լուսնակ, Ցրոն կամ Սփյուռ, Նպատ, Վահագն, Սիմ, Վարագ, Գիշերավար։

    Ցերեկվա ժամանուններն են՝ Այգ, Ծայգ, Զորացյալ, Ճառագայթյալ, Շառավիղյալ, Երկրատես, Շանթակող, Հրակաթ, Հուրփայլյալ, Թաղանթյալ, Արագոտ, Արփող, իսկ գիշերվա ժամանունները՝ Խավարակ, Աղջամուղջ, Մթացյալ, Շաղավոտ, Կամավոտ, Բավական, Խոթափայլ, Գիզակ, Լուսակն, Առավոտ, Լուսափայլ, Փայլածու։

    Արդեն որքան ժամանակ է, մենք՝ հայերս, որ կարողացել ենք չափել ժամանակը ու դա այսօրվա սերունդներին հասցնել տարբեր միջոցներով ու նաև՝ «Սասնա ծռերի», ապրում ենք ուրիշների ժամացույցով ու նրանց շահերի շրջանակներում։ Գուցե այնքան էլ կարևոր չէ ժամանակի միավորներին տված մեր անունները կիրառել, սակայն  սեփական ժամացույցով ապրելը, կարծում եմ, արդեն հրատապ է։

    Արմենուհի Փալանդուզյան

    7or.am