Archive for the ‘Ուխտագիրք Արորդյաց’ Category

Պաշտամունք մեր նահատակների

2 Նոյեմբերի, 2007

Ո՜վ, Արորդի՛ — պատերազմում քո առաջին զինակիցներն են քո մեծ նահատակները: Այդպես է պատգամում Վահագնը:

Քո հոգու մեջ փայփայիր պաշտամունքը քո մեծ նահատակների, որ Վահագնի զորությամբ, հաղթական հոգով եւ իրենց կյանքով քեզ Արեւ տվին: Հիշիր նրանց, որ գերեզմանի մեջ ննջելով՝ սուրն իրենց գլխի տակ դրին: Քաջերի բարձն է սուրը:

Քո հզորագույն զինակիցները պատերազմի ժամանակ նախ եւ առաջ քո մեծ նահատակների ոգիներն են: Նրանք են առաջնորդում քեզ ճակատամարտի Մայր Հողի վրա:

Քեզանից առաջ նրանք են հարվածում քո թշնամիներին: Զորավոր է նրանց հարվածը, թեեւ անտեսանելի: Նրանք հարվածում են թշնամու հոգուն, ընկճում նրան, հոգեպես նրան պարտության մատնում, եւ քեզ մնում է միայն սպանել նրա մարմինը:

Եվ ազգովին դու այնքան ուժեղ ես պատերազմում, որքան ջերմ է քո պաշտամունքը դեպի քո մեծ նահատակները, քանզի պատերազմում չափվում են բանակները — հաղթում են մեծ նահատակները:
Խեղճ է այն Ազգը, որ իր պայքարի ու խոյանքների ժամանակ չի զգում, թե իրեն աներեւութաբար զորավիգում են իր մեծ նահատակները:

Իր անմահներից չօգտվող, ասել է՝ սրանց պաշտամունքը չունեցող Ազգի բովանդակ ուժը իր թվի, իր քանակի մեջ է միայն:

Իր ընտիր նահատակների պաշտամունքը չունեցող Ազգը ապերախտ է ու բարբարոս — անարժան ազատ Հայրենիքի, որը միշտ էլ իր նահատակների սրբազան աճյունից է բարձրանում:

Իր նահատակների՝ իր անմահների դեմ մեղանչող Ազգը մեծապես մեղանչում է իր ապագայի դեմ: Անհոգի է՝ դեպի իր նահատակները անտարբեր Ազգը — դատապարտված բարոյական փտության:
Եթե հերոսության ուրացումը յուրատեսակ դավաճանություն է, ապա մեծ նահատակների հիշատակի պղծումը՝ անբարոյականություն է:

Հատված ­”Ուխտագրքից­”

 “Լուսանցք­”  Թիվ 32, 2-8 նոյեմբեր, 2007թ.

Արեւապատում

28 Սեպտեմբերի, 2007

Արեւին

… Մեր հայրենի երազները տեւեցին

Դարե՜ր, դարե՜ր ու դարե՜ր…

Եվ ազգերը անմահության դրոշմը

Մեր ճակատին վառեցին,

Եղանք անմահ եւ ամենեն ողբալին.

Իր ատենին մահը չեկավ համբուրել

Մեզ վարդագույն բերանով.

Տեւելու ուժը ցեղին

Դարե՜ր, դարե՜ր մաքառեց

Ընդդեմ մահվան քաղցրության.

Այսօր, Արեւ՛, քեզի հետ

Մենք չենք տոներ խաչելությունը ցեղին,

Այլ կը տոնենք այն ուժը, որ մեզ ցողեց

Անմահության ցոլքերով:

Հատված Վահան Թոթովենցի համանուն բանաստեղծությունից

Հիմն Կրակին

Իջեք հիմա որպես

Եվ փրկություն եւ մահ

Ու կտեսնեք՝ մարդիկ

Կրակներ են վառել,

Կտուրներ են վառել

Մեծ երկնքի վրա:

Իսկ երկնքի վրա

Թառել են Աստվածները մեր:

Սիփան Շիրազ

Հիմն Լույսին

Անօրինությունը ուժն է խավարի,

Եվ լույսն է միայն արդարը ծնում.

Լույսով են միայն գույներ երեւում,

Ամեն գեղեցիկ լույսն է մատուցում,

Մարդու ժպիտն էլ լույսով է բացվում.

Մենք իրար միայն լույսով ենք տեսնում՝

Լույսով է միայն մարդն իր մեջ հաղթում

Մաղձը չարության, պատրանքը մահի,

Ուժը խավարի.

Եվ լույսի ներքո ի՜նչ լավն է Արին՝

Որքա՜ն գեղեցիկ, որքա՜ն գրավիչ,

Որքա՜ն հարազատ: 

Հիմն Արեգակին

Գալուստ կսպասենք Արեւածագի՝

Խավարչությունը Լույսով օծվեր գեթ.

Ճերմակ Երազը թող ահազանգի —

Մենք էակից ենք Արեգակի հետ: 

Կարոտախտ կզգանք Արեւածագի՝

Օտար վարքերը մատաղել է պետք.

Զարկերակն էլ մեր Վերուստ վերհսկվի-

Մենք Բախտակից ենք Արեգակի հետ: 

Պտղել է ժամը Արեւածագի՝

Նահվոր-Նահատակ կուզեն Քրմապետ.

Թող երկրպագվի զուտ Տաճարն Ազգի —

Մենք Ցեղակից ենք Արեգակի հետ: 

Հիմն Արեգին

Հայր Արայի Ոգուց ծնված լույսի աղբյուր, վառ Արեգակ,

Հուր Վահագնի հրով սնված իմ լուսաշող անմար կրակ,

Պարզ երկնքից ճառագայթող լեզվակներով հուսո երակ,

Զուր չեն պաշտել նախնիներս՝ քեզ, կենսատու լույս իմ միակ… 

Փա՜ռք քեզ, Արե՛գ, մեր լուսատու,

Հավերժ սիրո ակնաղբյուր,

Ճաճանչաշիթ հրե համբույր,

Վառ մեղեդի կենսատու: 

Ճաճանչներդ մարդու աչքի լույսն ու հույսն են, դեղն ու ճարը,

Առանց քեզ ու քո շողերի՝ մութ ու ցուրտ է այս աշխարհը,

Ջերմությամբդ են ծլում-ծաղկում, պտուղ տալիս բերքն ու բարը,

Վերից խայտա, քանի դու կաս՝ մեզ չի նեղի պիղծն ու խավարը… 

Փա՜ռք քեզ, Արե՛գ, մեր լուսատու,

Հավերժ սիրո ակնաղբյուր,

Ճաճանչաշիթ հրե համբույր,

Վառ մեղեդի կենսատու:

Հիմն Տրնդեզին

Ո՜վ, Աստվածային Երկունքից ծնված

Ու արեգակի հրով բռնկված,

Դո՛ւ, Վահագնակեզ կանթեղների պես,

Խարույկների ծես — Հայոց Տրնդե՛զ: 

Զորության կրակ, Հավատքի ճրագ,

Դո՛ւ, հրե վարսակ, դո՛ւ, գարնան կոչնակ,

Մեր Արիական ոգու հրե դեզ,

Ո՜վ, Վահագնածին — Հայոց Տրնդեզ: 

Ի բոցույն օծված խարույկների պար,

Եվ լույսով շիկնած ձոներգ աստղաշար

Դո՛ւ, մեր սուրբ կնունք եւ ոգու հրկեզ,

Ո՜վ, Վահագնականչ — Հայոց Տրնդեզ:

 Հիմն Վահագնին

Բյուր Արեգներից արարված Աստված,

Բյուր Արեգներից հուր առած Աստված,

Բյուր Արեգներով զորացող Աստված,

Բյուր Արեգնավոր Հրաշունչ Աստված: 

Հրածին Հայի Հրեղեն Աստված:

Արյաց սրտերը ջերմացնող Աստված,

Արյաց տները շենացնող Աստված,

Հրածին Հային Հուր տվող Աստված, 

Հրածին Հայի աչքի լույս Աստված,

Հրածին Հայի բազկի ուժ Աստված,

Արյաց գնդերը զորացնող Աստված,

Արյաց Տոհմերը վեհացնող Աստված: 

Չարի աչքերը կուրացնող Աստված,

Չարի սրտերը ահագնող Աստված,

Չարի ամրոցը ավերող Աստված,

Չարի կուռքերին կործանող Աստված: 

Գարնան հետ մեկտեղ կյանք առնող հային

Ջերմությունդ տուր, հարազատ Աստված.

Ձմռան խոր քնից արթնացող հային

Աչքիդ լույսը տուր, շողարձակ Աստված: 

Մեր նորամանուկ, վեր հառնող Ազգին

Բազկիդ ուժը տուր, Զորավոր Աստված.

Քո զարմից ծնված, Արմենյաց Ցեղին

Անմահ Հուրդ տուր, Հրեղեն Աստված: 

Հիմն Աստղիկին

Ելնում է ահա նազելի փառքով

Երկնի խորքերից Սիրո Դիցուհին,

Պճնված կույսի ճերմակ շղարշով,

Վառվելով իր սուրբ շողերի միջին: 

Արեւշող աղբյուր՝ հույզերի,

Աստղաբույլ կերոն՝ սրտերի,

Լուսաշող Սիրո Թագուհի,

Գեղասքանչ Աստղի՛կ Դիցուհի: 

Ելնում է շռայլ իր փառքից շիկնած,

Ցոլուն աչքերը ներքեւ խոնարհում,

Թեեւ նրանց մեջ երկնքից ծագած

Ամենից պայծառ ճաճանչն է բերում: 

Արեւշող աղբյուր՝ հույզերի,

Աստղաբույլ կերոն՝ սրտերի,

Լուսաշող Սիրո Թագուհի,

Գեղասքանչ Աստղի՛կ Դիցուհի: 

Թռչում է բարեւ՜ս նրան ընդառաջ,

Ցնորքս աշխույժ պարում են իր շուրջ,

Թռչում եմ եւ ես իմ բախտից հարբած,

Ու կյանքը թեթեւ թվում է անուրջ: 

Արեւշող աղբյուր՝ հույզերի,

Աստղաբույլ կերոն՝ սրտերի,

Լուսաշող Սիրո Թագուհի,

Գեղասքանչ Աստղիկ Դիցուհի՜: 

Հիմն Արիին

Արիական ոգին իմ մեջ,

Նախնիներիս շունչը իմ մեջ,

Վահագն Աստծո ուժը իմ մեջ,

Եվ Աստղիկի սերը իմ մեջ:

Իմ Մայր Հողի բուրմունքն իմ մեջ,

Վառ արեւի հուրը իմ մեջ,

Բյուր աստղերի լույսը իմ մեջ՝

Եվ ես աստված՝ ինքս իմ մեջ: 

Հիմն Օջախին

Պուճախում ամեն առկա են Արմանք.

Օջախ կվառի Հոգու կրակով —

Կպարունակվի Հացի մեջ Օրհնանք.

Կյանք կմատուցվի Վահագնի Բարքով: 

Երդիկի ջերմն է Արարչին Դարման .

Շուրջն են սեղանի Նախնիք զվարթուն —

Տան մեջը տոն է Հայ Ցեղագրման.

Արյաց հետ կապրի Հայքը նոր ծնունդ: 

Սավառնող Լույսն է Շեմին Հյուրընկալ.

Կայրի Օջախը Հնգամատյանով —

Կենսահոսանքի Հոսքն է ինքնակալ.

Տունը շեն մնա միշտ էլ Վահագնով: 

Հիմն Գառնիին

Օրհնանք է տվել Արեւը սիրով

Գառնի Տաճարին՝ սյուներին փարված,

Խինդով ողջունել Հայոց լեռներին,

Մութը ցրելով՝ սփռել այգաբաց: 

Այստեղ՝ Տաճարում, առավոտ լուսո,

Գոհունակության առույգ մեղեդին,

Գեղանի կույսի հույզ երգի ներքո,

Ուղերձ է ձոնել արդար Արեւին… 

Կապույտ երկինքը, իր լուրթ հրճվանքով,

Մայր Անահիտի ժպիտն է դարձել,

Վսեմ Տաճարի խնկաբույր ծխով,

Հասուն արտերի շնչով արբեցել: 

Ուխտավորների կանչը խնդագին

Լցվել է Տաճար՝ ուրախ ու խայտակ…

Եռանդ պարգեւող հնամյա գինին

Շուրջպար է բռնել սրտով գոհունակ: 

Ծիրանաշղարշ կույսերի պարից

Խայտող գոտիքը կապել են կամար,

Ծիածանվելով թմբկազարկերից,

Դարձել են ծփանք ու կըրակապար: 

Անհուն բերկրանքը ցնծանք է կտրել,

Միախառնված Գողթան երգերին,

Ցողվել է ջրով ու Վարդավառել

Հայ գեղահրաշ ժիր մանուկներին: 

Եվ Ոսկեմայրը, բարի մաղթանքով,

Շուրջը հավաքած խինդ մանուկներին,

Օժտել է բարքի հազար ձիրքերով,

Ուժ, կորով տալով ուխտավորներին… 

Հատվածներ “Ուխտագիրք

Արորդյաց”-ից

 “Լուսանցք” Թիվ 27, 28 սեպտեմբերի-4 հոկտեմբերի, 2007թ.

Վահագնականչ

21 Սեպտեմբերի, 2007

Պատերազմ 

Ո՜վ, Արորդի՛ — Աշխարհը կառավարում է հակամարտության օրենքը: Հաղթում է հզորը եւ ո՛չ արդարը: Վա՜յ թույլերին: Այդպես է պատգամում Վահագնը: 

Պատերազմը աստվածային է. օրհնված է պատերազմը: Պատերազմը զորությունների ցուցադրություն է՝ մրցասպարեզ, ուր ամեն մի ազգ իր զորությունն է ներկայացնում: 

Մեքենական կոպիտ ուժերի բախում չէ պատերազմը, այլ՝ ազգերի հոգեկան կարողությանց. ազգերի զորությունների հարաբերություն է պատերազմը: 

Իսկ թույլերը զորությունների այդ հարաբերության մեջ միայն զորությունները սնող կերի դեր են կատարում: Դա է բնական արդարությունը: Եթե չես ուզում կեր լինել — եղիր զորավոր: 

Պատերազմը սպանություն չէ, թեեւ մարդիկ զոհվում են այնտեղ. դա թեեւ դաժան, բայց առաքինի մենամարտ է մարդու եւ մահի: 

Պատերազմի օրենքը ազնիվ է ու վեհ. պատերազմը զորությունների մենամարտ է: Իսկ մենամարտը սպանություն չէ: 

Մենամարտը միայն ազնվականների մենաշնորհն է. տականքը երբեք չի մենամարտի. տականքը միայն կարող է սպանել:

Պատերազմն էլ որպես զորությունների մենամարտ, Արի Ազգերի մենաշնորհն է միայն: 

Չարին պատերազմել չի կարող երբեք. Չարին կարող է միայն թալանել, քանդել ու սպանել: Ըստ այդմ՝ Արին ռազմիկ է ազնիվ, իսկ Չարին՝ դաժան ոճրագործ: 

Արի ռազմիկը միշտ պիտի պատերազմի. նա պիտի ելնի ռազմի ասպարեզ՝ ազնիվ մրցության, խաղա մահի հետ, հաղթի կամ հաղթվի: 

Իսկ Չարիի դեմ նա պիտի լինի լոկ վիշապաքաղ. նա պիտի պաշտպանի սերը չարիքից, արարման լույսը՝ կործանող մութից, Արի հարսներին՝ ստոր պղծումից, մանուկներին՝ անգութ սպանդից: 

Պատերազմը Աստվածների գոտեմարտ է. Վիշապն է հովանավորում Չարիներին. Վահագն է շարժում բազուկն Արիների եւ նրանց աչքերում արեգներ վառում: 

Վահագնը կռվում է միայն Վիշապի դեմ, քանզի Աստված միայն Աստծո դեմ է կռվում՝ լինի երկնքում կամ երկրի վրա. մարդերի դեմ նա ինչպե՞ս կռվի: Չարիների դեմ Արին է կռվում: 

Իսկ երբ երկու Արի Ազգեր պատերազմում են իրար դեմ, Վահագնը հովանավորում է երկուսին էլ, որ նրանց պատերազմը սպանություն չդառնա: 

Կյանքը պատերազմ է անվերջ. եւ եթե երբեմն ազգերը կռվադաշտում չեն, ապա նրանք զորանոցներում են: 

Չեզոքության են դիմում թույլերը միայն, հաճախ բաժանելով պարտվածների ճակատագիրը:

Ամեն պատերազմ երկու նորերի պատճառ է դառնում, որովհետեւ չափված զորություններից եւ ոչ մեկն է իրեն վերջնականապես պարտված կամ հաղթած համարում: Եվ միշտ էլ պարտված կողմը դեռ իր նահանջի ճանապարհին մշակում է իր փոխվրեժի ծրագիրը: 

Մեկը հարձակվում է, մյուսը՝ պաշտպանվում — այդ երկուսից ո՞րն է մեղավոր: Եվ ոչ մեկը. իրավունք ունեն երկուսն էլ՝ պատերազմը արդար է երկուսի համար էլ: Խաղաղությո՞ւն ես ուզում՝ պատրաստվիր պատերազմի:

Պատերազմը բնազդ է: Պատերազմը կազդուրվածի, առողջի ցանկությունն է, ինչպես եւ խաղաղությունը թույլի բաղձանքն է, հոգնածի երազը. կպարտվի այն ազգը, որ շուտ է հոգնում: 

Խաղաղությունը երբեք հավերժական չէ — այն ժամանակավոր զինադադար է միայն: 

Խաղաղության չարաշահումն ավելի աղետավոր է պարտված ազգի համար, քան նույնիսկ պատերազմը: 

Անբարոյականանում են անմարտունակ ազգերը. եւ անբարոյականությունը կործանման նախապատճառն է. այդ ազգն այլեւս չի զգում Վահագնին եւ չի զորանում: 

Զորավորի համար խաղաղությունը զինադադար է լոկ՝ նորոգվելու, թարմանալու, պատրաստվելու պատերազմի նոր մրցասպարեզ մտնելու համար: 

Տկարի համար խաղաղությունը թշնամուց շնորհված մահաբեր հաշիշ է, քանզի թշնամին այդ խաղաղությունը շնորհում է նրան այնքան ժամանակ, քանի դեռ ինքը կուշտ է: Տկարի համար խաղաղությունը դանդաղ մահացում է:

Մենամարտ մահի հետ 

Գարեգին Նժդեհը մեծ խարույկ վառեց, զոհ մատուցեց եւ փառաբանեց Հայր Արային ու անմահ Աստվածներին:

— Ո՜վ, Հայր իմ, Արա՜, — կանչեց նա, — թե ես քո կամքով կնքվեցի որպես Ցեղամարդ, ուրեմն շնորհիր ինձ աստվածային իմաստը կյանքի եւ բարեպաշտության խորհուրդը հոգու, որ Ազգիս ներշնչեմ ծագումի ոգին եւ հավերժումի հավատքն ավետեմ:

Եվ Վահագնը հայտնվեց Նժդեհին ու ասաց.

— Ո՜վ, երկրային աստվածների մեջ միակ աստվա՛ծդ, Հայր Արայի կամքով Գարնան ավետաբերն ես դու եւ իմ աստվածային պատգամախոսը: Բայց քո ուժի չափը ինքդ որոշիր՝ դու պարզապես քարոզի՞չ կլինես, թե՞ զորության առաջնորդը քո Ցեղի մեջ:

Եվ Նժդեհը ասաց.

— Երկրային աստված եմ ես, աստվածատես եմ ես եւ անսպառ ուժ ունեմ իմ մեջ: Եվ ես կլինեմ քո Զորության առաջնորդը Ցեղիս մեջ:

Վահագնը հավանեց Նժդեհի խոսքերը եւ ասաց.

— Բայց գիտցիր, ո՜վ, Գարեգին Նժդե՛հ, որ հեշտ է առաջնորդել ժողովրդին եւ շատ դժվար է Ցեղին առաջնորդել:

— Ո՞րն է դրանց տարբերությունը, — հարցրեց Նժդեհը:

Եվ Վահագնը ասաց.

— Ժողովուրդը Ազգի ներկան է՝ կտրված անցյալից ու գալիքից: Ժողովրդի համար անցյալը դատարկություն է, գալիքն էլ մահն է միայն: Եվ ժողովրդի մեջ այն առաջնորդներն են հարգի, ովքեր առավել կբավարարեն նրա նահատակության պահանջմունքը եւ առավել նահատակության կտանեն նրան: Իսկ Ցեղը Ազգի անցյալն է, ներկան եւ ապագան: Եվ Ցեղին կարող են առաջնորդել միայն նրանք, ովքեր հավերժության խորհուրդն ունեն իրենց մեջ:

— Թող մահվան ավետաբերները առաջնորդեն ժողովրդին, — ասաց Նժդեհը, — Հայր Արայի կամքով Գարեգին եմ ես, ուրեմն ես միայն Ցեղը պիտի առաջնորդեմ:

Եվ Վահագնը ասաց.

— Բայց գիտցի՛ր, ո՜վ, Գարեգի՛ն, որ ավելի հեշտ է ջրից կրակ հանել, քան լինել երկրային աստվածների առաջնորդ: Նրանց առաջնորդել կարող է միայն նա, ով ինքը մահից զորավոր է:

Եվ Նժդեհը դիմեց Վահագնին.

— Ո՜վ, Ամենազոր Վահա՛գն, օծիր իմ երկսայրի սուրը քո զորությամբ, եւ ես գնամ մենամարտելու մահի հետ: Կա՛մ մահը կհաղթի ինձ, եւ իմ Ազգը կազատվի գաճաճ առաջնորդ ունենալու դժբախտությունից, կա՛մ էլ ես կհաղթեմ մահին եւ քո հովանավորությամբ կառաջնորդեմ Ազգս դեպի զորացում, դեպի հավերժացում:

Վահագնը օծեց Նժդեհի սուրը: Նժդեհը համբուրեց սուրը եւ ապա պարզեց դեպի արեգը ու իր երդումը տվեց Վահագնին.

— Ես Ցեղակրոն եմ, եւ ահա կերդվեմ քո աջի վրա, ո՜վ, Վահա՛գն, երբեք չմեղանչել Ուխտիս դեմ. ապրել, գործել ու մեռնել որպես Ցեղամարդ, որպես Վահագն Աստծո նվիրյալ ուխտավոր: Փա՜ռք քեզ, ո՜վ, Վահա՛գն Ամենազոր:

Ասաց, հեծավ իր ձին ու գնաց մահին որոնելու: Շատ գնաց, թե քիչ, հասավ Բալկաններ: Մեծ պատերազմ էր բռնկվել այնտեղ: Երկու բանակներ բախվել էին իրար: Մարդիկ մահվան շուրջպար բռնած, խոցում էին իրար ու չէին հագենում:

Նժդեհը կանգնեց սարի վրա ու նայեց ներքեւ: Ներքեւում մի բանակը գրոհում էր կատաղի մոլուցքով, իսկ մյուս բանակը պաշտպանվում էր մոլի համառությամբ: Նժդեհը պատրաստ էր մտնելու մարտի մեջ: Բայց ո՞ւմ դեմ: Նա վրեժ չուներ ոչ մի կողմի նկատմամբ. իր Մայր Հողի վրա էլ չէր, որ պաշտպաներ այն: Նա միայն դուրս էր եկել մահի հետ մենամարտելու՝ ազնիվ, ասպետական մենամարտ մղելու: Իսկ մահը, իհարկե, հարձակվողի կողմն էր: Չէ՞ որ հարձակվողը հենց մահով էր եկել ուրիշի հողը գրավելու: Եվ Նժդեհը որոշեց հարձակվել հարձակվողի վրա:

— Ո՜վ, Վահա՛գն, մարտի եմ ելնում քո օծված սրով քո աստվածային փառքը հյուսելու:

Կանչեց Նժդեհը, ասպանդակեց իր ձին եւ սարի լանջով սլացավ ներքեւ: Զարմանքն էր պատել կռվող բանակներին, երբ տեսան, որ սարի լանջով ներքեւ է սլանում մեն-մենակ մի ձիավոր, ում սուրը կրակի պես վառվում էր արեւի տակ եւ ում կարմիր թիկնոցը դրոշակի պես ծածանվում էր թիկունքին:

Նժդեհը մխրճվեց հարձակվող զորքի մեջ: Աջ ու ձախ թրատում էր նա: Շատ եւ շատ քաջեր ընկան նրա սրի հարվածներից, բայց ոչ մի կերպ չէին կարողանում կասեցնել Նժդեհի հաղթարշավը: Նժդեհը մահի դեմ էր կռվում, եւ մահը պարտվում էր: Զարմացած ու սարսափած ռազմիկները փախչում էին Նժդեհի առաջից: Պաշտպանվող բանակը ոգեւորված դուրս եկավ իր դիրքերից ու գրոհի անցավ: Հարձակվող բանակը նահանջեց: Մարտն ավարտվեց:

Հոգնած, բայց երջանիկ Նժդեհը ձիով շրջում էր դաշտում, ուր միայն զոհված քաջերն էին փռված: Նա տեսավ, որ իր կողմն է գալիս մի հեծյալ խումբ: Նժդեհը ճանաչեց այդ խմբի առաջնորդին՝ դա մեծ վրիժառու Անդրանիկն էր:

— Ո՜վ, պատանի՛,- ասաց Անդրանիկը,- քեզ համար մարզադա՞շտ է սա, որ մեն մենակ մտել ես երկու բանակների կատաղի կռվի մեջ ու խաղ ես անում մանկական չարաճճիությամբ:

Եվ Նժդեհը պատասխանեց.

— Այո, մեծդ Անդրանի՛կ, մարզադաշտ է սա, ահեղ մարզադաշտ է, ուր ես մրցում եմ մահի հետ:

Շատ զարմացավ Անդրանիկը եւ հարցրեց.

— Ո՞վ ես դու, պատանի՛, դու խե՞նթ ես, թե՞ աստված:

Եվ Նժդեհը ասաց.

— Ես Գարեգինն եմ՝ Գարնան ավետաբերը. ես Նժդեհն եմ՝ հավերժական թափառողը. աստվածատեսն եմ ես՝ Վահագն Աստծո պատգամախոսը. Ցեղամարդն եմ ես՝ առաջնորդը աստվածամարդերի. մահից զորավորն եմ ես:

Լսեց Անդրանիկը Նժդեհին եւ ասաց.

— Անծանոթ բաներ ես խոսում դու, Գարեգին Նժդե՛հ: Բայց դու ինձ դուր ես գալիս: Միացիր մեզ և վրեժխնդրությամբ մթագնած մեր աչքերի մեջ քո արեւի կենարար լույսը շողարձակիր:

— Ես կմիանամ քեզ, մեծդ Անդրանի՛կ,- ասաց Նժդեհը, — հատկապես որ դու ինքդ էլ մահից զորավոր ես. բայց ափսոս, որ դու դա չգիտես:

Եվ Հայ քաջերի գլուխ անցած Նժդեհն ու Անդրանիկը, իրենց Հայրենիքից շատ հեռու, մասնակցում էին Բալկանյան պատերազմին: Շատ քաջագործություններ կատարեցին նրանք: Բայց Անդրանիկը կռվում էր մահի դեմ, իսկ Նժդեհը խաղում էր մահի հետ: Երկուսն էլ մահից զորավոր. բայց Անդրանիկը չգիտեր դա, իսկ Նժդեհը գիտեր: 

Հատվածներ “Ուխտագիրք Արորդյաց”-ից 

“Լուսանցք” Թիվ 26, 21-27 սեպտեմբերի, 2007թ.

Արորդիք

7 Սեպտեմբերի, 2007

Հավատքի զորությունը 

Ո՜վ, Արորդի՛, Ցեղակրոնության մեջ որոնիր քո Հավատքը: Դա է Վահագնի աստվածային Պատգամը:

Յուրաքանչյուր մարդու հավատքը իր բնության համեմատ է ձեւավորվում: Եվ մարդը իր իսկ հավատքի ծնունդն է՝ ինչ որ իր հավատքն է — դա է իր նկարագիրը, դա է ինքը: 

Հավատքը քո մեջ է՝ քեզանից դուրս չէ: Դա քո ծագումի զգացողությունն է, քո զորության զգացողությունն է, Հայր Արայից սերված լինելուդ զգացողությունն է, Ազգիդ պատկանելուդ զգացողությունն է, տոհմիկ լինելուդ զգացողությունն է: 

Ապրել հավատքով կնշանակե՝ ապրել Աստվածայնությամբ, ապրել Ցեղորեն, քանզի Ցեղայինը Աստվածության այն որակն է, որ դու կրում ես քո մեջ: 

Ո՜վ, Արորդի՛, օծված ես շնորհներով՝ արարչական ծագումով եւ աստվածային կարողությամբ, Վահագնի զորությամբ եւ Աստղիկի հավերժող սիրով: 

Եվ թե դու չմնաս շնորհացդ ընկալունակ, կամովին վանես քեզանից դրանք ու երկրպագես օտար Աստվածների, դու ինքնակամ ոչնչանում ես եւ ինքդ քեզ ստրուկ ես կարգում օտար զորությանց:

Դու քեզ անգործության կմատնես, կդառնաս հոգեւոր մուրացկան եւ կվերածվես եսապաշտ հրեշի: Ահա թե ինչու են նույնանում կամովին շնորհազուրկն ու հանցագործը: 

Թե դու չես զգում քեզ քո Ազգի մեջ, դու չես զգում նաեւ Արարչին, քանզի ոչ թե Արարիչով են Ազգը զգում, այլ Ազգի մեջ եւ Ազգով են զգում Արարչին: Ուստի Ազգի զգացողությունը Արարչի զգացողություն է, Արարչի պաշտամունքը՝ Ազգի պաշտամունք: 

Ճշմարիտն այն է, ինչը որ կատարվում է հավատքով: Անցանկալի-անախորժն այն է, ինչը որ կատարվում է ընդդեմ հավատքի: Հաստատուն ճշմարիտ է նա, ով հավատում է իր զորությանը, իր Աստվածներին: 

Երերուն ստախոս է նա, ով երկրպագում է օտար Աստվածների, քանզի այդտեղ իրականում հավատք չկա, այլ կա սարսափի պատրանք եւ թշվառ ստրկացում: 

Գիտցիր՝ թե որեւէ Աստված կապ չունի քո արյան հետ՝ նա քոնը չէ: 

Զորությունը պահպանիչ 

Ո՜վ, Արորդի՛, քո զորությունը ցեղայնության մեջ է. եւ միայն զորավորներին է հովանավորում Վահագնը: 

Եղիր ընկալունակ աստվածային զորության — սա է կոչումը Արիի. աստվածային միակ արժեքն է զորությունը. սահմանը քաջերի՝ զորությունն է իրենց: 

Սիրում է նա, ով հզոր է, ով հոգու հարստություն ունի, աստվածայինի զգացողություն. ում ուժի բաժակը լցված է հորդելու, թափվելու աստիճան: 

Արգասավոր չէ տկարի սերը. քծնանք է թույլի ներումը: 

Միայն զորավորը կարող է ապավինել Վահագնին, եւ միայն զորավորը կարող է զոհաբերել. անընդունակ է տկարը ինչպես սիրո, այնպես էլ զոհաբերության: 

Թույլը մեղավոր է, որ թույլ է. անբարոյականություն է թուլությունը՝ ստեղծված սնուցանելու ուժը: Տկարի միակ դերը կյանքում՝ կեր լինելն է զորավորների համար:

Ազգերն ու անհատները իրենց թուլության մեղքերը քավում են որպես պարտություն, ստրկություն, որպես անփառունակ գոյություն. չե՞ս ուզում կեր լինել՝ եղի՛ր զորավոր: 

Միայն հավատքի զորությունն է պահպանում Ազգի բնական որակը սերունդների մեջ: Միայն զորության զգացողություն ունեցողը կարող է ուժի պաշտամունք ունենալ. եւ միայն նա կարող է ապավինել Զորության Աստված Վահագնին. եւ Վահագնը միայն նրան կհովանավորի: 

Թուլությունը օրինաչափությունից շեղում է. նա չունի զորության զգացողություն, նա չունի ուժի պաշտամունք. նա չունի նաեւ որեւէ պատասխանատվություն Ազգի մեջ, քանզի նա օրինաչափություն չէ: Թույլը մշտապես միայն իր անձնական ապահովությունն է հոգում: 

Պատմությունը զորավորներն են կերտում. կյանքը զորությունների հարաբերություն է: Տկարները զորավորների փեշերից են կախվում: 

Տկարներին հատուկ են ստորությունը, խաբեբայությունը, քծնանքը, ինքնաապահովագրումը, մատնությունը, խռովությունը… Եվ հաճախ զորավորների միջեւ խառնակություն ստեղծում են թույլերը: 

Տկարությունը գոյութան անկարողություն է, իսկ գոյության անկարող Տեսակը չի ապրի:

Չարժե եւ չի կարելի օգնել ընկածին, եթե նրան պակասում է ինքնօգնությամբ ոտքի կանգնելու կամքը. նա դատապարտված է ինքնաոչնչացման. նմաններից զզվում են անգամ Աստվածները: 

Թուլությունը միայնության եւ անպաշտպանության զգացողության մեջ է. զորությունը հավաքական ամբողջության զգացողության մեջ է: 

Զորավոր ես դու, երբ զգում ես քո ծագումը, քո արմատը, քո արյունը, երբ քո մեջ զգում ես քո տոհմը, քո Ազգը, քո Ցեղը, երբ քո կողքին զգում ես քո նախնյաց ոգիներին, երբ քեզ հետ զգում ես Ամենազոր Վահագնին: 

Եվ միայն Ցեղաշունչ Ազգը եւ անհատը զորավոր կլինեն: Անցեղաշունչ Ազգը կամ անհատը չի կարող զորանալ. զորությունը ցեղայնության մեջ է, իսկ թուլությունը՝ Ցեղայնությունից դուրս: 

Ո՜վ, Արորդի՛, սուր ունենալը դեռ քիչ է. դու արժանի կլինես այդ սրին, եթե Զորության Աստված Վահագնը օծի այն: 

Երբ Արիի ձեռքից սուրն ընկնում է, ուրեմն այլեւս այն պետք չէ նրան: 

Ամենազոր Վահագնը օծում է Արիների թուր-կեծակին՝ Չարիների դեմ կռվելու համար. բայց Հայր Արայի կամքով այդ թուր-կեծակին քո արյան դեմ կորցնում է իր զորությունը: 

Եվ երբ երկու արյունակիցների միջեւ խռովություն է ծագում, եւ նրանք կռվում են իրար հետ, Վահագնը հովանավորում է երկուսին էլ, որ եղբայրների միջեւ հաղթող ու պարտվող չլինի. քանզի հաղթողը կգոռոզանա, իսկ պարտվողը կչարանա, եւ նրանց միջեւ այլեւս երբեք հաշտություն չի լինի. եղբայրների միջեւ թշնամանքը միայն սիրով կլուծվի: 

Պատյանից հանված սուրը ետ պատյան պիտի չդրվի՝ դա է բնույթը Աստվածամարդերի:

Արդարությունը տկարի մխիթարություն է: Բնության մեջ մի արդարություն կա. այն է՝ բնական բոլոր հարաբերությունները զորությունների հարաբերություններ են. իսկ տկարները զորությունների համար կերի դեր են կատարում միայն. սա է ճշմարտությունը, սա է արդարությունը: 

Դու զորանում ես քո իսկ զորությամբ, միայն Հայր Արայի արարչագործությունը քո մեջ կրելով, միայն քեզանով զգալով Արային՝ քո Վահագնով: 

Արի տղամարդը հայր է ու ռազմիկ՝ սիրով ու սրով նա պիտի կնքվի. եւ ապա երբեք, ամբողջ իր կյանքում այդ սուրը պատյան պիտի չդնի, նույնիսկ աղոթքի ու սիրո պահին: 

Սերն առանց զորության կործանվող է միշտ. սերը սրով պիտի պաշտպանվի. եւ հոգեպարար աղոթքի պահին, քո սուրը Վահագնի հուրով պիտ օծվի: 

Արի ռազմիկը միշտ պիտի պատերազմի. նա պիտի ելնի ռազմի ասպարեզ՝ ազնիվ մրցության, խաղա մահի հետ, հաղթի կամ հաղթվի: 

Իսկ Չարիի դեմ նա պիտի լինի լոկ Վիշապաքաղ. թե Չարին ձեռք բարձրացնի Արի մորթելու, սրով պիտ կտրել այդ ձեռքը նրա… գլխի հետ մեկտեղ: Սա է կոչումը Արի ռազմիկի. սա է պատգամը Վահագն Աստծո: 

Նայեք Արի մանուկների աչքերին. նրանց աչքերի մեջ Վահագնյա հուրն է ճառագում: Դա Վահագնյա ուժի արտացոլումն է, որ պետք է զորանա եւ կուտակվի նրանց հոգիների մեջ:

Բայց մանուկների աչքերի հուրը մարում են հայրերը: Չէ՞ որ մանուկի համար միակ աստվածը, միակ զորությունը իր հայրն է: 

Մանուկն ապավինելով իր հորը, իրեն զորավոր է զգում, իրեն ապահով է զգում, իրեն երջանիկ է զգում. եւ հենց այդ զգացողությամբ է նա զորանում:

Բայց երբ հայրը ինքն իրեն չի կարող պաշտպանել, երբ նա իր հույսը թողնում է իրենից դուրս ինչ-որ ուժի ողորմածության, էլ մանուկն ինչպե՞ս ապավինի իր հորը. եւ անպաշտպանվածության զգացումը սարսափեցնում է նրան ու աստիճանաբար մարում նրա աչքերի հուրը: 

Մանուկը իր ամբողջ էությամբ Հոր Արեւին է ապավինում, նա Հոր Արեւով է երդվում. բայց երբ մանուկի զգացողության մեջ Հոր Արեւին փոխարինում է Մոր Արեւը, եւ մանուկը Մոր Արեւով է երդվում, այդ մանուկը տկարանում է, քանզի մանուկը զորության արեւ հորից է սնվում. մորը՝ Գթության Լույսն է:

 Նախնյաց ոգիները զորավիգ

Ո՜վ, Արորդի՛, քո Հավատքը նաեւ պաշտամունք է սուրբ Նախնիների: Միայն նախնիներիդ զգալով է, որ դու կապրես աստվածահաճո կյանքով: Դա է կամքը Հայր Արայի: 

Դեպի հավերժություն են ձգվում քո նախնիք՝ մինչեւ Արարիչ: Եվ հավերժության մեջ են արարել նրանք քեզ: Ուրեմն դու էլ հավերժից ես գալիս, եւ քո մեջ հավերժող հուրը կա: 

Քո բոլոր նախնիք ոգեղինացած շրջապատում են քեզ — նրանք քեզ հետ են, քո շուրջն են. նրանք տեսնում են քեզ, նրանք լսում են քեզ, նրանք զգում են քեզ: 

Քո նախնյաց ոգիները Մայր Հողից դուրս չեն՝ նրանք հենց Մայր Հողի վրա են, եւ հենց այդ Հողի վրա միայն դու կարող ես զգալ նրանց, հարաբերվել նրանց հետ: Քո նախնյաց ոգիները զորավիգ են քեզ ամեն պահ եւ ամենուր:

 Հոգին է ոգուն զգում, հոգին է ոգուն միանում, հոգին է կապվում ոգու հետ. եւ միայն հոգով դու կարող ես զգալ քո նախնյաց ոգիներին ու հոգով միանալ նրանց, զորանալ նրանցով:

 Քո նախնիք քո անցյալն են. հենց նրանք էլ քո ապագան են: Նրանք քեզ են արարել, դու էլ նրանցով զորացած՝ նրանց պիտի արարես — դու էլ նախնի պիտի լինես քո արարումով: Եվ այդպես անվերջ պիտի հավերժես դու, պիտի հավերժեն Տոհմդ, Ազգդ, Ցեղդ: 

Հոգալով քո ապագան, դու պիտի քո անցյալը փայփայես. դու պիտի զգաս քո նախնյաց ոգիներին եւ հոգով կապվես նրանց հետ, հզորանաս եւ հավերժես Ազգդ գալոց սերունդներով, ժառանգումով:

Չզգալով քո նախնիներին՝ դու զրկվում ես քո անցյալից, զրկվում ես քո ծագումից, քո կենսագրությունից:

Անցյալ չունեցողը ապագա էլ չի ունենա, քանզի քո անցյալն ու ապագան նույնանում են իրար քեզ շրջապատող ոգիների մեջ. դու զրկում ես քեզ ամբողջականությունից. դու կիսատվում ես որպես Ես:

Իսկ կիսատ Ես-ը առողջ չի լինի՝ նրա զորությունը տկար կլինի, նրա սերը տկար կլինի, նրա հոգին տկար կլինի եւ կվտանգվի շարունակելիությունը նրա:

 Որքան ուժեղ է Ազգի սերունդը զգում իր նախնյաց ոգիներին եւ որքան զորավոր է նրա կապը նախնյաց ոգիների հետ, այնքան ամբողջական է Ազգը: Եվ Ազգի սերունդն այդ ամբողջության մեջ առավել ապահով է, առավել զորեղ է, առավել կենսունակ է: Եվ այդ ազգային ամբողջության մեջ է միայն ազգային անհատն ապահովում իր բնական շարունակելիությունը: 

Ո՜վ, Արորդի՛, քո եւ քո պապերի արանքում խցկվել է ինչ-որ մեկը եւ թույլ չի տալիս, որ տեսնես քո պապերին, ճանաչես ու կապվես քո պապերին: Դրա համար էլ անցյալը դատարկ է քեզ համար՝ դու չկաս այնտեղ. գալիքն էլ դատարկ է քեզ համար՝ դու չկաս այնտեղ: Քեզ մնում է միայն այսօրը: Բայց այսօրն էլ չկաս դու. եւ քո այսօրը մահվան ջղաձգություն է լոկ: 

Ոչ ետ ես նայում եւ ոչ էլ առաջ. ոչ քո պապերին ես զգում եւ ոչ էլ քո թոռների մեջ ես ապրում. ապրում ես միայն այսօրով՝ սարսափում ես մահից, բայց կյանքն էլ չես սիրում. եւ մահի մեջ ես մահից փրկություն որոնում: 

Ամեն տեսակի արդարացում ողջերին մոլորեցնելու համար է միայն. նախնյաց ոգիները ոչ մի արդարացում չեն ընդունում: 

Նախնյաց ոգիներն են պահում տան պատերը կանգուն. իսկ նրանք այնտեղ են, ուր օջախ կա: Օջա՜խ վառեք, Արինե՛ր, օջա՜խ եւ օջախի վրա միայն տուն կառուցեք: 

Քո ոգեղեն նախնիները քո հոգեւոր աշխարհն են, իսկ քո մարմնավոր շրջապատը՝ քո իրական աշխարհը: Նախնիներիդ հետ դու կապված ես քո անցյալով ու գալիքով, իսկ մարմնավոր հարազատներիդ հետ՝ քո ներկայով: Դու պետք է չկասկածես ու չմեղանչես այդ երկու աշխարհներից ոչ մեկի նկատմամբ:

Քո նախնիք են քո անցյալը, նրանք են նաեւ քո ապագան: Եվ դու քո ներկայով քո անցյալն ու ապագան կապում ես իրար: 

Դու քո անցյալից չես կարող զրկվել, հակառակ դեպքում դու կվերածվես անտոհմիկ որբի ու չես իմանա, թե ով կամ ինչ ես դու, ուրկից ես գալիս եւ ուր ես գնում: 

Քո անցյալով ես հաստատում դու քեզ. դու ամբողջանում ես քո նախնիներով. եւ ինչպե՞ս չհավատաս քո նախնիներին, երբ ինքդ երեկ նախնի ես եղել եւ վաղը նորից նախնի պիտ լինես: 

Ո՜վ, Արորդի՛, քո նախնիք քեզ հետ են. քեզ հետ են քայլում, քեզ հետ են նստում, քեզ հետ են շնչում բուրմունքը հողի, քեզ հետ են գարնան արեգը գրկում: 

Քո նախնյաց ոգիք ողջերի նման ժպիտ են սիրում, ջերմություն եւ լույս. սիրվել են սիրում ողջերի նման եւ բոլոր մեր ողջ հայրերի նման, ողջ որդվոց կողմից պաշտվել են սիրում. սիրում են նաեւ գթալ ու հոգալ: 

Քո նախնյաց ոգիները ավելի մոտ են Աստվածներին. նրանք Աստվածների հետ սեղան են նստում եւ Աստվածների օրհնանքը ստացած, քեզ են փոխանցում զորությունն իրենց: 

Եվ մենք մեր նախնիների միջոցով ենք Աստվածներին զգում. եւ Աստվածներն էլ մեր նախնիների միջոցով են մեզ կյանքով սնում: 

Տաճար ենք շինում ոչ թե պարզապես աղոթք ասելու. Տաճար ենք շինում մեր նախնյաց համար: Եվ այդ Տաճարում են հավաքվում մեր նախնիների ոգիները, եւ Տաճարում մենք հանդիպում ենք նրանց, հոգեձուլվում նրանց հետ եւ նրանց միջոցով Աստվածներին հասնում: 

Եվ այն Տաճարում, ուր նախնիք չկան, աղոթքը Աստծուն թատերախաղ է լոկ. եւ այդ Տաճարից դու դուրս ես գալիս խղճով դատարկված ու հոգով տկար: 

Ո՜վ, Արորդի՛, նախնիներիդ մեջ է զորությունը քո. Մայր Հողը հենց նրանով է Հայրենիք քեզ համար, որ այնտեղ են բոլոր նախնիները քո. եւ Մայր Հողից դուրս քո նախնիք չկան, քո Մայր Հողից դուրս Հայրենիք չկա: 

Մայր Հողի վրա նախնիները քո Վահագնի Զորությամբ են քո հոգին սնում եւ Աստղիկի Սիրով քո սերն են օծում: 

Եվ թե դու զգում ես քո նախնիներին, թե միաձուլված ես հոգով դու նրանց, քո ուժից բացի դու զգում ես քո մեջ ուժը պապերիդ եւ քո թոռների զորությունն ես զգում: Եվ դու գերհզոր ես քո Մայր Հողի վրա: 

Եվ երբեք Չարին չի կարող լինել քեզանից հզոր քո Հայրենիքում, քանզի քեզ հետ են բոլոր նախնիները քո, քեզ հետ են բազում չծնված մանկտիք եւ՛ ոգիացող զառամյալ մայրեր, եւ՛ մարմնավորված ոգիք նորածին:

 Հատված “Ուխտագիրք Արորդյաց”-ից

 “Լուսանցք”  Թիվ 24,  7-13 սեպտեմբեր, 2007թ

Հայ ազգայնականություն

31 Օգոստոսի, 2007

Արիութի՛ւն:  

Միակ ճշմարիտ կրօնը, առանց որի ոչինչ արժեն կրօնները: 

Կեղծ է ամեն մի գրականութիւն, բարոյական, քաղաքական վարդապետութիւն, որ ոյժ եւ արիութիւն չէ ներշնչում իր դաւանողին: 

Դատապարտելի է ամեն մի դպրոց, եկեղեցի, կուսակցութիւն, որը արիադաւան եւ արի չէ դարձնում մարդը որպէս անհատ եւ հաւաքականութիւն: 

Արիութի՛ւն — միակ ճշմարիտ բարոյականը:

 Կորցնելով իրենց արիութիւնը — իմա իրենց դրական բոլոր առաքինութիւնները — ժողովուրդները կորցնում են իրենց գոյութեան բարոյական իրաւունքը: Անարին կորցնում է պատմութիւնից իրեն տրուած մասնաւոր առաքելութիւնը՝ իրագործելու մարդկային ցեղին օգտակար լինելու կարելիութիւնը: Այդպիսին դառնում է ընդունակ միայն անստեղծագործ եւ անփառունակ կեանքի, կարօտ արտաքին օգնութեան: Նմանը ժամանակի ընթացքում դառնում է միջազգային պարազիտ, մինչդեռ ժողովուրդների կոչումն է լինել միջազգային արժէք եւ ազդակ: 

Այդ տխուր եւ անարգական վիճակից ազգերին հեռու է պահում արիապաշտութիւնը: 

Արիութի՛ւն, ժողովուրդներին բարոյապէս նեխելու վտանգից փրկող հոգեւոր աղն է դա: 

Երբ կայ դա՝ չկայ վատը, ստորը, կամ առնուազը աննշան է դառնում սրանց ազդեցութիւնը անհատի թէ ժողովուրդների կեանքում: 

Բարոյական արեւ է դա, որ կ՛առողջագործէ իր շրջապատը: Երբ կայ դա՝ կայ ե՛ւ մեծագործութիւն, ե՛ւ վեհութիւն, ե՛ւ անձնուիրութիւն: Պակասո՞ւմ է դա՝ այլեւս ոչինչ արժեն բարձր գաղափարները, ծրագիրները, տեսութիւնները, քանզի պակասում է նրանց իրականացնող ոյժը: Անարիութի՛ւն, ասել է՝ հոգեւոր սնանկութիւն: 

Անարին ոչինչ է աւելացնում աշխարհի անկորնչելի հարստութեան: Դա յաճախ բարոյական մուրացիկ է, այլոց ճիգերից օգտուող: Անարին չէ ծառայում մարդկային քաղաքակրթութեան:

 Յանձին Ալեքսանդր Մեծի՝ արիութիւնն էր, որ յունական մշակոյթը Ասիա մտցրեց: Դա էր — նախվկաների յաղթական արիութիւնը — որ Նազովրեցու վարդապետութիւնը պարտադրեց բարբարոսներին: Դա էր, որ նոր հորիզոնների տէր դարձրեց մարդկութիւնը, սանձելով ծովերի ամեհութիւնը, մեղմելով դաժանութիւնն անապատների եւ նուաճելով օդը: 

Արին է յանդգնողը, անձնազոհը, մարդասէրը:

Արիութիւնն է շարժում պատմութեան ընթացքը: 

Մեծ սիրտ, ազնիւ նկարագիր, վսեմ մտածում — արիութեան հարազատներն են այդ բոլորը, ճառագայթները միեւնոյն արեւի: 

Արիութի՛ւն: Կորցնելով այդ բարձր յատկութիւնը՝ ժողովուրդները կորցնում են իրենց կարողութիւնները անկաշկանդ կերպով զարգացնելու եւ կատարելագործելու կարելիութիւնը: 

Անարիանալով՝ նրանք ընկնում են օտար լծերի տակ, կորցնում իրենց անկախութիւնը — միակ հոգեւոր մթնոլորտը, որի մէջ միայն հնարաւոր է ցեղերի առանձնայատուկ հանճարի փթթումը: 

Գարեգին Նժդեհ

“Արաքս”, 1930թ.,

 Ցեղակրոնություն

Զորության համար, արարման համար եղիր Ցեղակրոն, ո՜վ, դու, Արորդի՛: Դա է միակ ուղին քո կատարելության որպես Ցեղամարդ: Դա է կամքը Վիշապաքաղ Վահագնի: 

Լինել Ցեղակրոն կնշանակե՝ Ցեղդ քո մեջ կրել՝ Ցեղիդ ծագումը, արյունը, լեզուն, բարքերը… եւ այդ բոլորը որպես անքննելի հավատք: 

Ցեղակրոնությունը — Ազգիդ ծագումի ճանաչումն է դա, ճանաչումը մի գերիվարո Ուժի, Էության. այդ Ուժ — Էությունից ծնված լինելուդ զգացողությունն է դա, այդ Ուժ-Էությանը պատկանելուդ զգացողությունն է դա: 

Թե ցեղաճանաչ ես — դու կհամոզվես, որ Արի Ցեղդ հարազատ գերական է մարդկության մեջ:

Թե ցեղահավատ ես — դու կպաշտես եւ մի այլ աստվածություն՝ Ցեղիդ Արյունը, որի անարատության մեջ է քո եւ Ազգիդ հավերժումը: 

Ցեղակրոն ես — ասել է՝ բնապաշտ ես, մարդապաշտ ես, ցեղապաշտ ես, ազգապաշտ ես, տոհմապաշտ ես, ընտանեպաշտ ես: Չլինել այդպիսին, կնշանակե՝ չլինել լիարժեք մարդ: 

Սիրելով ու զորացնելով քո տոհմը, դու Ազգդ ես զորացնում. սիրելով ու զորացնելով Ազգդ, դու Ցեղդ ես զորացնում. սիրելով ու զորացնելով Ցեղդ, դու Մարդկությունն ես զորացնում:

 Եվ թե կռվում է Ցեղակրոնը, ապա կռվում է ոչ թե այլոց ատելով, այլ սիրելով իր Ազգն ու Ցեղը: Արորդին իր ցեղակրոնությամբ պարտավորված է պաշտպանել իր Ցեղն ու նրա արարումը այլոց թշնամանքից: 

Ցեղակրոն ես — ասել է՝ ողջունում ես ազգային ինքնությունը Ցեղի մեջ, որն այլ բան չէ, եթե ոչ Ազգ-Անհատի արդար եւ արգասավոր ձգտումը՝ հավատարիմ մնալ իր Ցեղի ազգային Ոգուն, պահպանել իր արարչական դիմագիծը եւ պահպանել իր Հավաքական Անձի ազատությունը Ցեղի ամբողջության մեջ:

Ցեղակրոն ես — ասել է՝ գիտակցում ես, որ Ցեղով է ապրում, ստեղծագործում եւ հավերժանում Ազգը քո: Մարդկային մշակույթի առաջընթացային զորութենական ուժ է Ցեղակրոնությունը: 

Արդ թե ինչու ազգային անհատականության եղծումը դու պետք է դիտես որպես ոճիր՝ ուղղված Ցեղիդ եւ ի մասնավորի՝ Ազգիդ դեմ: 

Ցեղակրոն ես — ասել է՝ պարտ ես, կամիս, կարող ես եւ պետք է քո զորությամբ գերազանցես ավերող Չարիին, քանզի դու արարող ես, եւ արարողն է գերհզորը, հաղթականը: 

Ցեղակրոն ես — ասել է՝ քո անձնական կամքի մշակումով սատարում ես Ազգիդ Ոգու ահագնացումին՝ Վահագնացումին: Ցեղիդ կամքի աստվածացում Ազգիդ մեջ — ահա թե ինչի պիտի ձգտես հարաժամ:

Ցեղակրոն ես — ասել է՝ տկարություն ու նահանջ չես ճանաչում. քո մեջ կամքը ծարավի է ուժի, պատրաստակամ՝ զոհաբերության, ճիգացող՝ Ցեղիդ ուժերի կենտրոնացման: 

Ցեղակրոն ես — ասել է՝ պարտվողականության, կրավորական տառապանքի, սարսափի հոգեբանության, ընկճվածության, մտքի անիշխանության եւ առհասարակ թշվառ կացության հանդեպ խորշանք պիտի զգաս ընդմիշտ: 

Ցեղակրոն ես — ասել է՝ մարդկությանը ներկայանում ես ցեղադրոշմ ազգայնականությամբ:

Հատված “Ուխտագիրք Արորդյաց”-ից

 “Լուսանցք” Թիվ 23, 31 օգոստոս-6 սեպտեմբեր, 2007թ.

Երջանկության խորհուրդը

24 Օգոստոսի, 2007

Ո՜վ, Արորդի՛, քո երջանկությունը կատարելության մեջ է, ամբողջության մեջ է. երջանկությունը հավաքականությամբ է: Այդպես է պատգամում Ամենազոր Վահագնը: 

Անհատական երջանկությունը հավաքական երջանկությունից դուրս՝ պատրանք է — դա դժբախտություն է, դա փախուստ է ինքդ քեզանից, դա ինքնախաբեություն է: 

Նա, ով իր Ցեղի Ոգու մեջ կգտնի իր ուրախության աղբյուրը — կարժանանա անանց երանության:

Անձնական երջանկության վարդապետությունը — ահա թշնամին հավաքական երջանկության եւ անհատի հոգին ավերող հրեշը: 

Բարեկենդանապաշտություն — ահա անհատական երջանկության հրեշային դավանանքը՝ հոգեւոր մայրը բոլոր տեսակի հակաազգային եւ քանդիչ ուժերի: 

Բարոյապես անբանացնելով անհատին՝ այդ թունավոր վարդապետությունը նրան թեքում է դեպի կեղծ աշխարհաքաղաքացիություն եւ ապա դեպի ազգային դիմազրկում: Դա եսամոլ թշվառականներ է ստեղծում եւ ոչ՝ առաքինի ու անձնվեր Ցեղամարդեր, ոչ՝ հրաշունչ մարտիկներ:

Անցեղաշունչ անհատի այդ հասկացողությունը երջանկության մասին — դա է մեր երբեմնի արիասիրտ ու հզոր Ցեղը սրտաթափողը: 

Խոզաբարո երջանկություն — հոգեւոր խթանիչը անցեղաշունչ սերունդների: Սրան կպարտի Արի Հայը անցյալի իր պարտությունները եւ այսօրվա իր պարտվողական ոգին: 

Կա՛մ այդ անկումի վարդապետությունը, կա՛մ Ազգը՝ պիտի մեռնի մեկն ու մեկը դրանցից: Շարունակեց ապրել դա Արորդիների հոգու մեջ՝ պիտի կորչի Արի Հայը, ուստի եւ Ցեղը: Մեռավ դա — պիտի վերապրի մեր Ցեղը: 

Բարոյապես սնանկ է անհատը, երբ նրան պակասում է ազգային հպարտանքի զգացումը — ծնողը ազգային ինքնաճանաչողության: Առանց այդ բարձր առաքինության պակասավոր է անհատը որպես մարդ եւ որպես անդամ հավաքականության: 

Այդ նվիրական զգացումը անսպառ աղբյուրն է լուսավոր հայրենասիրության, ցեղային բարոյականի ու երջանկության: 

Ազգիդ մեջ արթնացավ Ցեղը — մարդկային հոգին սրբվում է բոլոր տեսակի արատներից ու տկարություններից. դառնում է համակ սեր ու նվիրում դեպի մերձավորը՝ միշտ պատրաստ զոհաբերության իր ազգակցի համար: Այդ դեպքում անհատը իր մերձավորների մեջ տեսնում է իրեն՝ այլ անունով ու պատկերով: 

Ազգակիցներիդ մեջ տես քեզ եւ արձագանքիր նրանց ցավերին. դա ասել է՝ վերապրիր Ազգիդ եւ՛ ողբերգությունը, եւ՛ երջանկությունը. — ավելին՝ թող քո հաղորդությունը դառնա Ազգիդ ճակատագիրը, նաեւ քո կնունքը. քո սիրտը պետք է պատասխանի Ազգիդ ամեն մի սրտազարկին: Այդտեղ է իրական երջանկության աղբյուրը: 

Հատված “Ուխտագիրք Արորդյաց”-ից

 “Լուսանցք”, Թիվ 22, 24-30 օգոստոս 2007թ.