Archive for the ‘Տարածաշրջան’ Category

Սիրիայում 120 իրավապահների սպանությունը կազմակերպել է Թուրքիան

Հունիսի 10, 2011

news.am
Հունիս 10, 2011

Սիրիայում հունիս 6-ին Ջիսր-էշ-Շուգուր քաղաքում սպանված 120 իրավապահներին սպանությունը կազմակերպել է Թուրքիայի ազգային հետախուզության (MIT) գործակալ Սուրի Ռըդվան Համուդին։

Թուրքական Aydinlik պարբերականի փոխանցմամբ՝ Իդիլբե քաղաքում ստեղծված «Ժողովրդի համերաշխության» միությունը նախագահող, լրագրող Միքթադ Աբուզերը հայտարարել է, թե ականատեսները պնդում են, որ 120 սիրիացի իրավապահների սպանությունը իրականացրել է ահաբեկիչների խմբավորման առաջնորդ, MIT-ի գործակալ Սուրի Ռըդվան Համուդին։

Նշենք, որ 120 սիրիացի իրավապահների սպանությունից հետո սիրիացիների հոսք է սկսվել դեպի Թուրքիա։ Նրանք հիմնականում մտնում են Թուրքիայի Հաթայ նահանգ, որտեղ նրանց առողջապահական զննումից հետո տեղավորում են հատուկ գաղթականների համար ստեղծված վրանային թաղամասում։ Մի քանի օրում Թուրքիա է մտել մոտ 3000 հազար սիրիացի։

Իրանում 30 մարդ է ձերբակալվել ԱՄՆ-ի օգտին լրտեսության կասկածանքով

Մայիսի 22, 2011

tert.am
21.05.2011

Իրանի Տեղեկատվության նախարարությունը հայտարարել , որ բացահայտվել է երկրում գործող լրտեսական ցանց, որը կապեր ունի ԱՄՆ հատուկ ծառայությունների հետ:

«Ձերբակալվել է 30 մարդ, ովքեր գործել են ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության շահերից ելնելով»,-ասված է հայտարարությունում:

Տեղեկատվության նախարարությունը հաղորդում է նաև, որ լրտեսական ցանցում ընդգրկված են եղել մի շարք երկրներում, մասնավորապես` ԱՄԷ-ում, Թուքիայում ու Մալազիայում, ամերիկյան դիվանագիտության ներկայացուցիչները` ընդհանուր առմամբ ԱՄՆ հատուկ ծառայությունների 42 սպա:

Հայտարարությունում ասվում է, որ ԱՄՆ հատուկ ծառայություններին Իրանում հետաքրքրել է մասնավորապես գիտական կենտրոնների, միջուկային ու պաշտպանական օբյեկտների, նավթի ու գազի արդյունաբերության գործարանների, օդակայանների, բանկերի գործունեությունը:

Ինչ Է Փնտրում Թուրքիան Արաբական Աշխարհում

Մայիսի 21, 2011

azg.am
21.05.2011

Արաբական աշխարհում տեղի ունեցող հեղափոխական իրադարձությունների համաշխարհային թե ռուսաստանյան մեկնաբանությունները, բնականաբար, աչքի են ընկնում մեծ տարակարծությամբ, որի հիմքը շահերի տարբերություններն են: Ռուսներն, օրինակ, քաջ գիտակցում են, որ կորցնելով Սիրիան, շեշտակի կկորցնեն ազդեցությունը գրեթե ողջ Մերձավոր Արեւելքում:
Ներկա իրողությունների նկատմամբ Ռուսաստանում առկա մոտեցումների մեջ արժե առանձնացնել, այսպես ասած, «թուրքական» ուղղությունը, ինչը չի կարող շահագրգիռ չլինել նաեւ հայերիս համար:
Սրընթաց քաղաքական բեկումների հենքի վրա շատ փորձագետների համար իր գործողություններով անըմբռնելի ու անկանխագուշակելի է դարձել լեգալ լայն ասպարեզ դուրս եկած մութ ուժըՙ «Մուսուլման եղբայրներ» իսլամիստական կազմակերպությունը: Դժվար է ասել, ինչքանով է հավաստի, սակայն ռուսաստանցի որոշ մեկնաբաններ այն կարծիքն են հայտնում, որ նոր պայմաններում, իսկ մասնավորապես Եգիպտոսում զարգացման նոր մոդելը կձեւավորվի «Մուսուլման եղբայրներ»-բանակ-Թուրքիա» եռակողմ համագործակցության շրջանակում: Մարտին Կահիրեում էր Թուրքիայի նախագահ Գյուլը, որը հանդիպեց ե՛ւ զինվորականների, ե՛ւ իսլամիստների ղեկավարության հետ: Թուրքիայի կառավարող «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցության եւ «Մուսուլման եղբայրներ» շարժման միջեւ արդեն տեւական ժամանակ գոյություն ունի վստահության բարձր մակարդակ, իսկ ներկա թուրքական համակարգը օրինակ է ծառայում եգիպտացի իսլամիստների համար: Վերջիններս, ի դեպ, իրենց ձեւավորվող քաղաքական հաստատությունն անվանել են Ազատության եւ արդարության կուսակցություն: Թուրքասիրությունն ակնհայտ է. երկու ինստիտուտների գործունեության հիմքում նույն ընդհանրացված սկզբունքն էՙ հասարակության կյանքում սոցիալական ակտիվ դերը մուսուլմանի համար նույնքան կարեւոր է, որքան որ աղոթքը:

Ստացվում է այնպես, գրում է ռուսաստանցի մի քաղաքականագետ, որ փաստորեն միայն Թուրքիան կարող է այսօր երաշխիքային դեր ստանձնել եգիպտացի «եղբայրների» ու բանակի միջեւ: Միայն Անկարան ունի դրա համար անհրաժեշտ ռեսուրսներ, քանզի Թուրքիայի ղեկավարությունը մեծ հեղինակություն ունի առհասարակ ողջ իսլամական աշխարհում:

Ինչո՞ւ է Թուրքիան այդքան ակտիվ ու ազդեցիկ Եգիպտոսում, եւ ինչո՞ւ Կահիրեն նրան ընդառաջ է գնում ստրատեգիական շատ հարցերում: Մուբարաքի կառավարման տարիներին Եգիպտոսը կորցրեց իր առաջատար դիրքերը արաբական աշխարհում, վերածվելով երկրորդական խաղացողի նույնիսկ իր համար գերկարեւոր Սուդանի եւ Պաղեստինի հարցերում: Ահա եւ Եգիպտոսի հետհեղափոխական կայուն զարգացումը կնպաստի ինչպես նոր Եգիպտոսի առաջընթացին եւ կորսված լիդերության վերականգնմանը, այնպես էլ ավելի կամրապնդի Թուրքիայի դիրքերը աշխարհաշրջանում: «Թուրքական մոդելի հետագա արտահանումը, նշում է մոսկովյան թերթերից մեկը, թույլ կտա հիմք ստեղծել ներքին ինտեգրացման համար ինչպես արաբական, այնպես էլ ոչ իսլամական աշխարհում: Ընդ որում, Եգիպտոսը կարող է դառնալ Թուրքիայի գլխավոր արաբ գործընկերը այդ գործընթացում: Այդ իմաստով զգալիորեն կուժեղանան այն ծրագրերի իրագործման հեռանկարները, որոնք տակավին 1990-ական թվականներին նախաձեռնել էր Էրբականը, մասնավորապես իսլամական մեծ ութնյակի ստեղծումը»:

Անշուշտ իր նկրտումներում Թուրքիան չի կարող առաջնորդվել սոսկ քաղաքական-կրոնական շարժառիթներով: Անկարան գործում է նաեւ հօգուտ թուրքական բիզնեսի: Բանն այն է, որ այդ երկիրը մինչ այդ էլ գործարար սերտ կապեր ուներ իսլամամետ արաբ բիզնեսմենների հետ, որոնց համար Թուրքիան վերածվել է գործարար կյանքի անվտանգ գոտու: Եվ «Մուսուլման եղբայրների» հետ կապված եգիպտացի շատ բիզնեսմեններ, օրինակ, իրենց գլխավոր գրասենյակներն ունեն Ստամբուլում: Իսկ մուսուլման բիզնեսմենների միջազգային ասոցիացիան Թուրքիայից դուրս իր միջոցառումներն անցկացրել է միայն Կահիրեում:

Իսկ ինչպես են նայում ռուսները ԱՄՆ-ի գործողություններին արաբական աշխարհումՙ առնչված Թուրքիային: Այն կարծիքն է հայտնվում, որ ամերիկացիներին ձեռնտու է այն, ինչ անում են թուրքերը: Ակնհայտ է, որ առաջիններին չհաջողվեց իրենց միջամտումներով, այդ թվում նաեւ աշխարհաշրջանում ստեղծել որեւէ արդյունավետ գործող համակարգ: Բռնապետական վարչակարգերի տապալումից հետո առավել եւս հազիվ թե ԱՄՆ-ին հաջողվի արաբների վզին փաթաթել չաշխատող պլանի որեւէ մի այլ տարբերակ: Ուստի Վաշինգտոնը իր համար շահեկան է տեսնում թուրքական մոդելի տարածումը: Համենայն դեպսՙ առայժմ: Այստեղից էլ եւ մի գործոն, որը խանգարում է Օբամային արտաբերելու «ցեղասպանություն» բառը, ինչը կարող է վտանգել վստահելի հարաբերությունները տարածաշրջանի առանցքային ստրատեգիական դաշնակցի հետ:

ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա

Ադրբեջանում իրանցի հայտնի հոգևորականների գրքերն արգելված են

Մայիսի 18, 2011

panorama
18.05.2011

Ադրբեջանում կրոնական բովանդակությամբ գրքեր վաճառելու համար անհրաժեշտ է ստանալ արդարադատության նախարարության, կառավարությանն առընթեր կրոնի հարցերով կոմիտեի և համապատասխան նահանգի կամ շրջանի ղեկավարության պաշտոնական թույլտվությունը:
Այդ մասին տեղեկացնում է իրանական «ղաֆղազ.իռ» կայքը:

Հոդվածի վերջում ներկայացված են այն հեղինակները, որոնց հեղինակած գրքերի վաճառքն արգելված է Ադրբեջանում: Ներկայացված հեղինակների շարքում են նաև իրանցի հայտի հոգևորականներ այաթոլլա Մաքարեմ Շիրազին, Շեյխ Աբբաս Ղոմին, այաթոլլա Ֆազել Լանքարանին, Ջաաֆար Սաջանին և այլն:

Հիշեցնենք, որ այաթոլլա Մաքարեմ Շիրազին, անցյալ ամիս քննադատելով Ադրբեջանի ղեկավարությանը, նշել էր, որ Ադրբեջանի իշխանությունները պետք է զերծ մնան մզկիթները քանդելու, հեջաբն արգելելու, իսլամական բովանդակությամբ գրքեր տպագրելն արգելելու քաղաքականությունից:

Նկատենք, որ իրանցի բարձրաստիճան հոգևորականներն Ադրբեջանում թե հեջաբի արգելման և թե մզկիթների քանդման գործընթացի վերաբերյալ հանդես են գալիս շատ խիստ քննադատական հայտարարություններով: Ամիսներ առաջ նաև իրանցի հոգևորականների շնորհիվ էր, որ կասեցվեց մզկիթների քանդման գործընթացը:

Իրանում էլեկտրոնային կառավարություն է ստեղծվում

Մայիսի 18, 2011

news.am
18.05.2011

Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը եւ տեղեկատվական տեխնոլոգիաների կառույցներ ղեկավարող մի շարք պաշտոնյաներ Թեհրանում մասնակցել են երկրում հեռահաղորդակցության եւ տեղեկատվական տեխնոլոգիաների առաջին կոնֆերանսի բացմանը։
Միջոցառման նպատակը էլեկտրոնային կառավարության կազմավորումը եւ դրա հետագա զարգացումն է, հայտնում է SalamNews-ը՝ վկայակոչելով IRNA գործակալությունը։
Իրանի հեռահաղոդակցության նախարար Ռեզա Թագիպուրը նշել է, որ Իրանն այս ոլորտում մեծ առաջընթաց է գրանցել եւ կարող է մրցակցել աշխարհի շատ երկրների հետ։ Նախարարը հայտարարել է, որ բոլոր քաղաքների եւ գավառների բնակչության 97 տոկոսը ինտերնետից օգտվելու հնարավորություն ունի։

Ռուսաստանը չի գործի Ադրբեջանի դեմ

Մայիսի 17, 2011

a1plus
17.05.2011

«Ռուսաստանը սկսել է գիտակցել, թե ինչ մեծ նշանակություն ունի Ադրբեջանի հետ համագործակցությունը»,- այս միտքը հայտնեց «Ռուսաստանը գլոբալ քաղաքականության մեջ» ամսագրի գլխավոր խմբագիր Ֆյոդոր Լուկյանովը այսօր Երեւանում մեկնարկած «Կովկաս-2010» միջազգային գիտաժողովին:

«Նա չի կարող և չի գործի Ադրբեջանի դեմ: Եվ Աստված չանի` Ղարաբաղի հարցում կանգնի ընտրության առջև»,-ասաց նա
Ըստ նրա` Ռուսաստանը մեր տարածաշրջանում չի կարող ունենալ միատեսակ քաղաքականություն, քանի որ Վրաստանի հետ հարաբերությունները դեռևս լարված են:

«Հայաստանի հետ Ռուսաստանի հարաբերությունները գնալով ամրապնդվում են: Դա են վկայում Հայաստանում ռուսական զորքերի հաստատման ժամկետի երկարաձգման փաստը: Ռուսաստանը այստեղ արդեն կա»,-ասաց Ֆյոդոր Լուկյանովը:

Նա նշեց նաև, որ Ռուսաստանը ցանկանում է մեծացնել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության` ՀԱՊԿ-ի դերը, որը պետք է պաշտպանի տարածաշրջանը:
Կովկասի ինստիտուտի կազմակերպած «Կովկաս-2010» գիտաժողովին մասնակցում են Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի, ինչպես նաև` եվրոպական կառույցների ներկայացուցիչներ, վերլուծաբաններ:

Թուրքիայի ներկայացուցիչ` TESEV կազմակերպության ծրագրի համակարգող Այբարս Գյորգյուլուն նշեց, որ Հայաստանը տարածաշրջանում այն միակ երկիրն է, որի հետ Թուրքիան չունի դիվանագիտական հարաբերություններ:
«Հայաստանի հետ նման հարաբերությունները դժվարացնում են Թուրքիայի համար հարաբերությունները արևմուտքի հետ: Հատկապես ամեն տարի ապրիլի 24-ին ճնշումներ են սկսում Թուրքիայի նկատմամբ: Հայերը դա փորձում են անել ԱՄՆ-ի նախագահի միջոցով` սպասելով նրա կողմից ցեղասպանություն բառին»,-հայտարարեց նաL:

Թուրք մասնագետը կարևորեց նաև արձանագրությունների ստորագրման գործընթացի վերսկսումը, որը հարաբերություններ կստեղծի երկու հարևան պետությունների միջև: Ըստ նրա` այս գործընթացը ոչ թե «մահացել է», այլ սառել:
Գիտաժողովը անդրադարձավ 2010 թվականի Կովկասում առկա խնդիրներին` հատկապես ուշադրություն սևեռելով քաղաքական, սոցիալական և տնտեսական զարգացումներին, էթնոքաղաքական հակամարտություններին, արտաքին խաղացողների դերին և տարածաշրջանային անվտանգության թեմաներին:

Այս գիտաժողովը «Հայաստանում Քաղաքական բանավեճերի ներուժի մեծացում» ծրագրի մի մասն է, որը ֆինանսավորվում է ԵՄ կողմից:

Իրանը պատրաստվում է ավիակիրներ արտադրել

Մայիսի 17, 2011

Diplomat.am
17-5-2011-

Իրանի պաշտպանության նախարար գեներալ Ահմադ Վահիդին հայտարարել հավակնոտ ծրագրրերից մեկի մեկնարկի մասին, ըստ որի կկառուցվեն օվկիանոսներում հերթապահություն իրականացնող ռազմական նավեր: Նավերի կլինի երկակի նշանակության` նրանք կարող են օգտագործվել նաև «օվկիանոսագիտական հետազոտությունների համար»:
Վահիդին ասել է, որ Իրանը մտադիր է արտադրել «մեծ ավիակիրներ», որոնք «կարող են դուրս գալ Իրանի տարածքային ջրերից և հերթապահություն իրականացնել օվկիանոսներում»:
Նախարարը տեղեկացրել է նաև, որ Իրանը մտադիր է իրականացնել տարբեր տեսակի ցամաքային, ծովային և տիեզերական հրթիռների արտադրություն:

Բաքվի կենտրոնական շրջաններում 7000 հրեա ընտանիք կբնակեցվի

Մայիսի 17, 2011

Panorama.am.
17-5-2011

Սիոնիստական ռեժիմը տարածաշրջանում իր դիրքերն ամրապնդելու նպատակով Ադրբեջանի հետ զարգացնում է իր բազմակողմ հարաբերությունները:Այդ մասին տեղեկացնում է իրանական «արաննյուզ.իռ» կայքը:«Հրեաները Բաքվի կենտրոնական թաղամասերում վերջին շրջանում լայնածավալ բնակարանային շինարարություն են իրականացրել: Թեև նորակառույց բնակարանների վաճառքի մասին հայտարարություն լինում է, սակայն որպես կանոն, սեփականատերերը դրանց վաճառքի դիմաց ահռելի մեծ գումար են պահանջում, որ այդպիսի բարձր գնով բնակարան անգամ Լոնդոնի կենտրոնում չի վաճառվում: Արդյունքում ոչ ոք էլ չի գնում հրեաների կառուցած բնակարանները:
Այդ ամենի նպատակն այն է, որպեսզի աշխարհի տարբեր վայրերից մոտ 7000 հրեա ընտանիքներ գան և բնակություն հաստատեն Բաքվում»,-նշում է իրանական աղբյուրը:

Թուրքիայի Ռազմական Հայեցակարգը Եւ Թուրքական Վտանգը

Մայիսի 17, 2011

Ռամկավար Մամուլ
Մայիս 17, 2011

2010 թ. Հոկտեմբերին Թուրքիայի ազգային անվտանգութեան խորհուրդն «Ազգային անվտանգութեան ռազմավարութեան» մէջ մտցրեց մի շարք փոփոխութիւններ, որոնք կը գործեն առաջիկայ հինգ տարուայ ընթացքում։ Թուրքիայի համար արտաքին սպառնալիք ներկայացնող պետութիւնների ցուցակից հանուեցին Սիրիան, Իրանը, Բուլղարիան,Վրաստանն ու Հայաստանը։ Իսրայէլն առաջին անգամ անուանուեց «հնարաւոր թշնամի»:

Նոյն անփոփոխ կարգավիճակում մնաց Ռուսաստանը, չնայած վերջին շրջանում այդ երկու երկրների միջեւ գոյութիւն ունեցող աննախադէպ ջերմ յարաբերություններին, որոնք համեմատելի են միայն 1920-ական թթ. հետ։

Մինչդեռ 2007թ. Դեկտեմբերին ընդունուած Հայաստանի Հանրապետութեան ռազմական հայեցակարգը (պաշտօնապէս՝ դոկտրինը) Թուրքիան համարում է «հնարաւոր վտանգ», ինչը 2008 թ. այդ փաստաթղթի միջազգային փորձաքննութեան ժամանակ առաջացրեց ՆԱՏՕ-ի մասնագէտների կշտամբանքն ու նախատինքը։ Թուրքական կողմի՝ Հայաստանի նկատմամբ վերոյիշեալ քայլի անլրջութիւնն ու զուտ հռչակագրային բնոյթ կրելը կարելի էր ցուցադրել թեկուզ միայն այն բազմաթիւ յայտարարութիւններով, որոնք թուրք բարձրաստիճան դիւանագէտներն ու պաշտօնեաներն արել են Ադրբեջանին Հայաստանի դէմ հնարաւոր պատերազմում օժանդակելու Թուրքիայի վճռականութեան վերաբերեալ։

Այսուհանդերձ, սոյն յօդուածում այդ հարցը կը քննենք Թուրքիայի իրական Ռազմական հայեցակարգի համատեքստում։

Մինչեւ ԽՍՀՄ փլուզումը Թուրքիայի ռազմական հայեցակարգն ունէր հիմնականում պաշտպանական բնոյթ եւ կառուցուած էր սովորական սպառազինութիւններով վարուելիք պատերազմում ոյժերի հաշուարկների վրայ: Միջուկային զէնքի կիրառման հետ կապուած հարցերը վերապահուած էին ՆԱՏՕ-ին կամ ԱՄՆ-ին: Սառը պատերազմի տարիներին  ՆԱՏՕ-ում բանավիճում էին այն մասին, թէ խորհրդային և Վարշավայի պայմանագրի բանակների յարձակման դէպքում թուրքական զօրքերը որքա՞ն տարածք կը կարողանան պահպանել՝ մինչեւ դաշնակից ոյժերն անցնեն հակագրոհի: Թուրք զինուորականները յոյս ունէին հակառակորդին դիմագրաւել սահմանին եւ այնուհետեւ կազմակերպուած նահանջել: Ամերիկեան ծրագրաւորողները պակաս լաւատես էին. 1950-ական թթ. վերջի հաշուարկներով՝ թուրքերն արագ շպրտուելու էին մինչեւ Միջերկրական ծով՝
Իսկենդերունի շրջանը: Թէեւ այս հաշուարկները ժամանակի հետ փոփոխւում էին, 1990 թ. թուրքական գլխաւոր շտաբը տակաւին անվտանգութեան հիմնական խնդիր էր համարում երկրի տարածքի բազմաճակատ պաշտպանութիւնը:

1990-ական թթ. առաջին կէսին այս մտայնութիւնը դեռ չէր վերանայուել: 1997 թ. թուրք ռազմական մեկնաբանները, հիմնուելով Ռուսաստանի, Յունաստանի, Իրաքի, Իրանի եւ Սիրիայի՝ կռուի դաշտ սովորական ոյժեր հանելու կարողութիւնների վրայ եւ նրանց վերագրելով տարածքային հաւակնութիւններ՝ այդ պետութիւնները համարում էին անվտանգութեան գլխաւոր սպառնալիքներ: ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին դեսպան
Շյուքրու Էլեքդաղն իր «Երկուսուկէս պատերազմի ռազմավարութիւն» յայտնի յօդուածում, արտայայտելով ռազմական գերատեսչութեան տեսակէտները, ընդգծում էր, որ Թուրքիան պէտք է ծրագրի եւ պատրաստ լինի խոշորածաւալ պատերազմ մղել միաժամանակ երկու
տարբեր ճակատներով (օրինակ՝ Սիրիայի եւ Յունաստանի դէմ) ու մէկ ներքին պատերազմ՝ քրդական ապստամբութեան դէմ:

Այս հայեցակարգով թուրքական զինուած ոյժերը պէտք է կազմակերպուէին, մարզուէին եւ սպառազինուէին՝ ունենալով երկու հիմնական խնդիր. ա) Թուրքիայի ցամաքային և օդային ոյժերը պէտք է կարողանային կասեցնել զրահատանկային հուժկու ներխուժումներն արեւելքից (ԽՍՀՄ/Ռուսաստան) ու հարաւից (Սիրիա, Իրաք), ապա անցնէին խոր էշելոնային պաշտպանութեան. բ) բանակը եւ ներքին զօրքերը (ժանդարմերիան) պէտք է պատրաստ լինէին վարելու հակապարտիզանական պատերազմ՝ յենուելով ամրացուած շրջանների եւ արագ արձագանգման շարժուն ոյժերի  վրայ: Նաւատորմին վերապահուած էր Բոսֆորի նեղուցի հսկողութիւնը: Այսպիսով, զինուած ուժերից պահանջւում էր մարտավարական շարժունութիւն, մինչդեռ ռազմավարական շարժունութիւնը եւ թշնամու խորքը հարուածելու կարողութիւնը պակաս կարեւոր էին համարւում, քանզի ակնկալւում էր, որ պատերազմն ընթանալու է Թուրքիայի տարածքում:

Մինչեւ վերջերս Թուրքիայի զինուորականութիւնը, հաւատարիմ մնալով Քեմալ Աթաթուրքի առաջադրած այն տեսակէտին, ըստ որի՝ Թուրքիայի ճակատագիրը կապուած է միմիայն Արեւմուտքի հետ, մահմեդական արեւելքում ազդեցութիւնը մեծացնելու փորձերը գնահատում էր իբրեւ իսլամականների յետադիմական ձգտումներ, որոնք կարող են վտանգել երկրի արեւմտամէտ ուղին: Սակայն 1999 թ. սկզբին պաշտպանութեան
նախարարութիւնը հրապարակեց «Սպիտակ տետրակ. պաշտպանութիւն 1998» պաշտօնական տեղեկագիրքը, որում, շեղուելով արտաքին քաղաքականութեան եօթանասնամեայ աւանդոյթից, Թուրքիան դիտւում է արդէն իբրեւ «եւրասիական երկիր», որը «պարտաւոր է պահպանել ու ընդլայնել կապերը ե՛ւ Արեւմուտքի, ե՛ւ Արեւելքի հետ»:

Տեղեկագիրքը շարադրում է նաեւ Թուրքիայի ռազմական քաղաքականութեան պաշտօնական գլխավւր սկզբունքները.
(1) Զսպում (deterrence). ռազմական այնպիսի ոյժի պահպանում, որն ի զօրու է սաստել արտաքին եւ ներքին սպառնալիքներ յարուցողներին.
(2) Կոլեկտիվ անվտանգութիւն. գործուն մասնակցութիւն միջազգային եւ տարածաշրջանային դաշինքների եւ կազմակերպութիւնների աշխատանքներին՝ յատկապէս ՆԱՏՕ-ի և Արեւմտաեւրոպական միութեան շրջանակներում.
(3) Առաջ մղուած պաշտպանութիւն (forward defense). հնարաւոր զաւթողականութեան (ագրեսիայի) բովանդակութիւնն առաւել վաղ յայտնաբերելու եւ այն դրսից կանխելու կարողութիւն.
(4) «Խաղաղարարութիւն». Հակամարտութիւններին միջամտելու եւ խաղաղարար գործողութիւններին մասնակցելու կարողութիւն:

Այս դրոյթներին պէտք է աւելացնել նաեւ Թուրքիայի գլխաւոր շտաբի նախկին պետ Հուսէին Կիվրիկօղլուի՝ «նախայարձակ ճակատամարտի» (forward engagement) դրոյթը, ըստ որի՝ զինուած ոյժերը պէտք է պատրաստ լինեն կանխելու Թուրքիայի շահերի դէմ եղած սպառնալիքները՝ մինչեւ դրանց Թուրքիայի սահմաններից ներս թափանցելը:

Կիվրիկօղլուի միտքը պարզաբանուած է «Սպիտակ գրքում».
«2000-ական թթ. ընդհանուր օպերատիվ հայեցակարգով պահանջւում է վերահսկելի դարձնել այն շրջանը, որտեղ գտնւում է ագրեսորը եւ նրան պարտութեան մատնել իր խոր թիկունքում ու ռազմադաշտի մատոյցներում: Այդ նպատակին հասնելու համար կարեւոր են գերակշիռ կրակային ոյժով և զօրաշարժային (մանյովրային) կարողութիւններով զօրքեր ունենալը, ագրեսորի ամենաթոյլ տեղի ճշդումը, նշանակէտերի ճանաչումն ու
յայտնաբերումը, նախազգուշացման համակարգերի, զօրքերի ղեկավարման, էլեկտրոնային պատերազմի եւ կապի ու տեղեկատուական համակարգերի համադրուած եւ արդիւնաւէտ կիրառումը»:

Այսպիսով՝ անգամ պաշտօնական փաստաթղթերում թուրքական հրամանատարութիւնը ծրագրում է ապագայ պատերազմները մղել Թուրքիայի սահմաններից դուրս: ԱՄՆ-ի բանակի հեղինակաւոր «Փարամիթըրզ» հանդէսում վերլուծելով այս նիւթերը՝ նոյն եզրակացութեանն է յանգում թուրքական զինուորականութեան հարցերով մասնագիտացած ճանաչուած մի հեղինակ՝ Մայքլ Հիքոքը. «Անկարան ընդունել է գործողութիւնների այնպիսի մի հայեցակարգ, որով զինուորականութիւնը ձգտելու է վերացնել Թուրքիայի դէմ սպառնալիքները նրա ինքնիշխան տարածքից դուրս:

Թուրքական զինուած ոյժերը ոչ միայն ընդունակ են, այլեւ ցանկանում են գործել իրենց սահմաններից դուրս»:

Այս նպատակին են ուղղուած նաեւ թուրքական զինուած ոյժերի վերազինման չափազանց յաւակնոտ ծրագրերը, որոնք մասամբ իրականացուել են: Դեռեւս 1998 թ. Օգոստոսին, մինչեւ գլխաւոր շտաբի պետ նշանակուելը, Թուրքիայի ցամաքային զօրքերի հրամանատար գեներալ Կիվրիկօղլուն, շեշտելով, որ «զօրքերի արագ ծաւալումը հեռաւոր շրջաններում կենսական նշանակութիւն ունի այն ռիսկերի եւ պատասխանատուութիւնների համար, որ մենք, հնարաւոր է՝ ստանձնենք», այնուհետեւ շարադրեց արդիականացման մի ծրագիր, որը Թուրքիային պէտք է ընձեռէր համատեղ
գործողութիւնների ռազմավարական շարժունութիւն եւ երկրի սահմաններից դուրս հարուած հասցնելու կարողութիւն: Այդ ծրագրի իրականացումը, գեներալ Կիվրիկօղլուի հաւաստմամբ, կը բերի նրան, որ թուրքական բանակը կ’ունենայ «այնպիսի զէնքերի համակարգեր, որոնք առաւելութիւն կը հաստատեն թշնամու վրայ՝ նրա տարածքի խոր թիկունքում, կը կիրառեն «խելացի» զէնք՝ ներառեալ «երկիր-երկիր» հեռահար հրթիռներ՝
ապահովելով կրակակէտերի շարունակական ու լուրջ քօղարկումը: Բանակը նաեւ կ’ունենայ նորագոյն զրահով պատուած արդիական տանկեր եւ արդիւնաւէտ հակատանկային զէնքերի համակարգեր, դրանց կից հակաօդային պաշտպանութեան միջոցներ, ինչպէս նաեւ դեսանտային զօրքեր տեղափոխող ուղղաթիռներ…
Տեղեկատուութեան հաւաքման համակարգերը հնարաւորութիւն կը տան ստորաբաժանումներին բոլոր մակարդակներում յայտնաբերել, ճշդորոշել եւ ճանաչել թշնամուն իրենց կարողութեան շառաւիղի մէջ»:

Դատելով Հայաստանի Հանրապետութեան պաշտպանութեան նախարարի նախկին տեղակալ, գեներալ-մայոր Արթուր Աղաբեկեանի մի ելոյթում բերած փաստերից եւ գնահատականներից՝ հայկական բանակի հրամանատարութիւնը՝ թուրքական ռազմական հայեցակարգի դրոյթների մասին ունէր լրացուցիչ սեփական տեղեկատուութիւն.
«[Ադրբեջանից բացի] լուրջ սպառնալիք է շարունակում ներկայացնել եւ Թուրքիան:

Վերջին՝ 1998թ. խմբագրութեամբ ընդունուած «Ազգային ռազմական հայեցակարգում» Հայաստանը դիտւում է որպէս Յունաստանից յետոյ թուով երկրորդ հաւանական հակառակորդը: Թուրք ռազմագէտների կողմից Հայաստանի ներկայ իշխանութիւնները դիտւում են իբրեւ «ծայրայեղ ազգայնական ոյժեր»: Աւելին, Թուրքիան արդէն իսկ ուղղակիօրէն ներքաշուած է հայ-ադրբեջանական հակամարտութեան մէջ: Նա իր վրայ է
վերցրել Ադրբեջանի զինուած ոյժերի վերակառուցման, մարտական կարողութիւնների բարձրացման, կադրերի պատրաստման ու վերապատրաստման խնդիրները»:

Ի մի բերենք: Թուրքիայի ռազմավարական մտածողութիւնն այնպիսի վերափոխութիւն է ապրել, որ անգամ թուրք եւ ամերիկացի վերլուծաբանները խօսում են «նոր (նէօ) օսմանեան օրակարգի» հաստատման մասին: Նրանց հետ համամիտ են ռուսաստանցի մեկնաբանները, նշելով, որ «մենք ականատեսն ենք Բարձր Դռան սրընթաց վերածննդին՝ սրանից բխող աշխարհաքաղաքական բոլոր հետեւանքներով հանդերձ»: 1999 թ. Դեկտեմբերի 3-ին Վաշինգտոնի ինստիտուտներից մէկում Թուրքիայի պաշտպանութեան նախարար Հիքմեթ Սամի Թիւրքի կարդացած զեկուցման մէջ եղած դրոյթների մի վերլուծութիւն էլ չի բացառում Թուրքիայի ուղղակի ռազմական ներխուժումն Այսրկովկաս, յատկապէս, ղարաբաղեան հակամարտութեան կապակցութեամբ:

Այսպիսով՝ Կենտրոնական Ասիայից մինչեւ Բալկաններ գերիշխան դեր ստանձնելու իր նոր օսմանեան դիրքորոշումներով Թուրքիան առաւել վտանգաւոր է դարձել իր հարեւանների եւ առաւել անկանխատեսելի՝ իր դաշնակիցների համար: Իրապաշտութիւնը պահանջում է ընդունել, որ, ինչպէս նախկինում, այսօր եւս Թուրքիան սպառնում է Հայաստանի բուն գոյութեանը: Ուստի՝ Հայաստանի Հանրապետութեան Ռազմական
հայեցակարգում փոփոխութիւններ պէտք է արուեն ոչ թէ թուրքական վտանգի նուազեցման, այլ դրա է՛լ աւելի յստակ ներկայացման եւ հայկական պաշտպանական- ազատագրական առաւել արդիւնաւէտ ռազմավարութեան մշակման ուղղութեամբ։

Արմէն Այվազեան
Քաղաքական Գիտութիւնների Դոկտոր

Երեւան

Իրանն ինքն Ադրբեջանի հետ ունի տարածքային խնդիրներ

Մայիսի 16, 2011

haynews.am
16.05.2011

Հայաստանում Իրանի դեսպանատան` Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին հայտարարությունը կարելի է դիտարկել իրանա-ադրբեջանական լարված հարաբերություններին վերաբերող հատված: Այդ մասին Regnum-ի հետ զրույցում հայտարարել է իրանագետ Մհեր Բաղդասարյանը` նկատելով. «Այս հայտարարությունը պատասխան էր Ադրբեջանի հակաիրանյան հռետորիկային: Պետք չէ մոռանալ, որ հենց Իրանի և Ադրբեջանի մեջ տարածքային վեճ կա: Հիշեցնեմ, որ գտնվելով Բաքվում, Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը չհայտարարեց այդ երկրի «տարածքային ամբողջականության մասին»: Պաշտոնական Թեհրանը ԼՂ հիմնահարցում միայն մեկ պահանջ ունի` այն չպետք է լուծվի տարածաշրջանից դուրս գտնվող երկրների միջամտությամբ: Այդ երկիրը Հայաստանին երբեք ագրեսոր չի անվանել, իսկ հայտարարություններն էլ միշտ շատ զուսպ են եղել»:
Ինչ վերաբերում է Իրանի հոգևոր առաջնորդներից այաթոլա Սեիդ Հասան Ամելիի այն արտահայտությանը, թե «պատերազմի տարիներին Իրանն օգնել է Ադրբեջանին», փորձագետը նշել է.
«Դա ավելի շատ արվեց ներքին օգտագործման համար: Իսկ այն հայտարարությունն էլ, որ պատերազմի ժամանակ Ադրբեջանի օգտին կռվում էին Աֆղանստանից վարձկաններ, ի չիք է դարձնում Բաքվի պնդումները, թե Հայաստանն էր դիմել վարձկանների օգնությանը»:

Ադրբեջանի հակաիրանական քայլերը — Անկարան գործի է դրել համաթրքությունը…

Մայիսի 15, 2011

Լուսանցք
13.05.2011

Վերջին տարիներին Ադրբեջանը պանթյուրքական խմբերին հակաիրանական ազատ գործունեություն իրականացնելու մեծ հնարավորություն է տրամադ-րել, ինչը, ի թիվս այլ գործոնների, իրանա-ադրբեջանական հարաբերությունների սառեցման առիթ է դարձել: Այդ մասին նշում են հենց իրա-նական զլմ-ները՝ անդրադառնալով Իրան-Ադրբեջան հարաբերություններին:
Որոշակիորեն լարված են նաեւ Իրան-Պակիստան հարաբերությունները: Իրանի ԶՈւ ԳՇ պետ, գեներալ Սեյյեդ Հասան Ֆիրուզաբադին նախազգու-շացրել է Պակիստանին, որ եթե վերջինիս իշխանությունները նախկինի պես սահմանային շրջաններում ահաբեկիչների գործողություննե-րի վերահսկման հարցում թերանան, ապա Իրանը կօգտվի իր օրինական իրավունքից:
Իրանի Զահեդան քաղաքում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո Իրանի ՆԳՆ-ն հայտարարեց, որ պակիստանցի որոշ պաշտոնյաներ կապ են ու-նեցել ահաբեկիչների հետ: Հիշեցնենք, որ Բեն Լադենը ժամանակին նույնպես սպառնում էր Իրանին:
«ԻՌԱՍ» վերլուծական կենտրոնի գրողների խորհրդի անդամ Էհսան Թաղվայի Նիան իր հոդվածում նշում է մի շարք գործոններ, որոնք առիթ են դարձել իրանա-ադրբեջանական հարաբերությունների սառեցման համար: Դրանք են՝
— Ադրբեջանում հոգեւորական գործիչներին Իրանի օգտին լրտեսություն կատարելու մեջ ուղղված մեղադրանքը:
— Ադրբեջանական պետական եւ ոչ պետական զլմ-ների հակաիրանական բացասական քարոզչությունը:
— Ադրբեջանի ռազմական համագործակցությունը ԱՄՆ-ի եւ Իսրայելի հետ:
— Իրան-Հայաստան հարաբերությունները:
Իրանցի մեկ այլ վերլուծաբան էլ՝ Ահմադ Մարջանի Նեժադը, իրանական «Ղաֆղազ.իռ» կայքում թողարկված հոդվածներից մեկում անդրադառնալով Իրան-Ադրբեջան հարաբերություններում առկա տարաձայնություններին, նշել է, որ տարեսկզբին Ադրբեջանի նախագահն իրեն հռչակելով աշխարհի ա-զերիների առաջնորդ՝ Իրանի տարածքային ամբողջականության դեմ լայնածավալ քարոզչության սկիզբ դրեց:
Իսկ ադրբեջանական զլմ-ների հակաիրանական գործունեության առնչությամբ իրանական «Արաննյուզ.իռ» կայքը հոդված է հրապարակել, որտեղ, մասնա-վորապես, նշված է. «Ադրբեջանի լրատվամիջոցների խորհրդի նախագահը տեղեկատվական պատերազմ է հայտարարել իրանական «Սահար» հեռուստաալիքին, նա ոչ միայն հայտարարել է, որ պետք է կասեցնել իրանական հեռուստաալիքի հեռարձակումը, այլ Ադրբեջանի զլմ-ների միջոցով պետք է հակաիրա-նական քարոզչություն իրականացվի»:
Այս ամենին զուգահեռ, չի փոխվում Արեւմուտքի հակաիրանական կեցվածքը, ինչը պարբերաբար պատժամիջոցների առիթ է ծառայում Իրանի դեմ միջազգային ասպարեզում: Իսկ նախագահ Մահմուդ Ահմադինեժադի դեմ մի քանի անգամ ահաբեկչություն է ծրագրվել:
ՆԱՏՕ-ի ռազմանավերն էլ մերթ ընդ մերթ մտնում են Պարսից ծոց եւ արաբական երկրների հետ իրականացնում են «բարեկամության ծովեր» կամ մեկ այլ խորագիր կրող գործողությունների ծրագրեր: Ռազմանավերում ընդգրկված են նաեւ Իտալիայի, Գերմանիայի, Իսպանիայի եւ Հունաստանի զինվորականները:
Այս ամենին չի կարող իհարկե կողքից հետեւել Անկարան: Թուրքերը վերջերս դիմել են Իրանի հյուպատոսարան՝ պահանջելով Թեհրանում չցուցադրել Հայոց ցեղասպանության մասին կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանի «Արմին Վեգներ՝ Ցեղասպանության լուսանկարիչ» ֆիլմի ցուցադրությունը:
«Հայերի անհիմն պնդումների դեմ պայքարի միություն» հորջորջված թուրքական կազմակերպությունն էր իր բողոքը հայտնել եւ ակնար-կել, թե անընդունելի է, որ իսլամական երկրներից մեկը մյուսին ցեղասպան պետություն անվանի եւ թույլտվություն տա ցուցադրել ցեղաս-պանության մասին պատմող ֆիլմ:
Իհարկե, պաշտոնական Անկարան էր նախաձեռնել այս պահանջը՝ ըստ երեւույթին ուղղակիորեն շահարկելով իսլամական գործոնը:
Բայց, չգիտես ինչու, այդ գործոնը չի գործում Ադրբեջանի պանթյուրքիստական դրսեւորումների դեպքում… Թե՞ թրքությունը ամենագլխա-վորն է:
Այդ դեպքում Իրանի եւ Հայաստանի համար վստահաբար կարեւոր է դառնում դարավոր բարեկամությունն ու արիական անցյալը, երբ թյուրքական տարրի մասին խոսք անգամ չկար ու չէր կարող լինել…

Վահագն Նանյան

Իրան-Հայաստան երկաթգծի նշանակութիւնը տարածաշրջանային գործընթացներում

Մայիսի 8, 2011

iranahayer
22 April, 2011
Ասիան միացնել Եւրոպային

Գլոբալիզացման գործընթացներին զուգահեռ այսօր ակտիւօրէն ընթանում են նաեւ տարածաշրջանային ինտեգրման գործընթացներ, որտեղ իւրաքանչիւր երկիր փորձում է առաւելագոյն չափով ներգրաււած լինել տարբեր քաղաքական եւ տնտեսական միութիւններում ու դաշինքներում: Այդ զարգացումներից զերծ չեն նաեւ Իրանը եւ Հայաստանը: Այսօր Հայաստանի եւ Իրանի տնտեսական քաղաքականութիւնները ուղղւած են տնտեսական համագործակցութեան ակտիւացմանը, տարածաշրջանային անվտանգութեան ամրապնդմանը, տրանսպորտային եւ էներգետիկ նախագծերում ընդգրկմանը:
Յօդւածում հիմնականում ուշադրութիւն կը դարձնենք հետեւեալ հարցերի վրայ` երկաթգծի նշանակութիւնը տարածաշրջանում, Ռուսաստանի, ինչպէս նաեւ Թուրքիայի եւ Ադրբեջանի դիրքորոշումները տւեալ նախագծի վերաբերեալ, երկաթգծի դրական ազդեցութիւնը Հայաստանի տնտեսութեան եւ Իրանի համար:

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹԻՒՆԸ

Ինչպէս Իրանը, այնպէս էլ Հայաստանը գտնւում են իւրօրինակ աշխարհաքաղաքական շրջապատման մէջ եւ դա կարող է աւելի մերձեցնել ու համադրել մեր պետութիւնների շահերը: Ընդհանրապէս Հայաստանի եւ Իրանի համագործակցութիւնը կարելի է համարել յաջողւած եւ զարգացման նոր հեռանկարներ խոստացող, այդ տեսակէտից, Իրան-Հայաստան երկաթգիծը Հայաստանի եւ Իրանի համար ունի ռազմավարական նշանակութիւն եւ դրա արդիւնաւէտութիւնը կասկած չի յարուցում: Եթէ Հայաստանը ցամաքային երկիր է, գտնւում է շրջափակման մեջ երկու հարեւան երկրների կողմից եւ ցանկանում է դէպի ծով դուրս գալու կայուն հնարաւորութիւններ ունենալ երկաթգծի միջոցով, ապա Իրանի համար այն աւելի շուտ այլընտրանքային նոր ուղի է, որը Իրանի ռազմավարական դերի մեծացման տեսակէտից մեծ նշանակութիւն է ունենալու: Այսինքն, իրանահայկական երկաթգիծը նպաստելու է թէ՛ երկու երկրների տնտեսութիւնների խթանմանը, թէ՛ տարածաշրջանում Իրանի եւ Հայաստանի ռազմավարական նշանակութեան բարձրացմանը:
Ընդհանուր առմամբ Իրան-Հայաստան երկաթգծի կառուցումը տարածաշրջանի համար կունենայ`
1. Հաւասարակշռող նշանակութիւն, որը կը չափաւորի Կարս-Ախալքալաք-Բաքու, ինչպէս նաեւ Նախիջեւան-Կարս երկաթգծերի ազդեցութիւնը:
2. Համագործակցութեան նշանակութիւն` այն կը նպաստի Իրանի եւ Հայաստանի տնտեսութիւնների, ինչպէս նաեւ Ռուսաստանի տնտեսութիւնների միջեւ յարաբերութիւնների ամրացմանը եւ աշխուժացմանը:
3.Զուտ տնտեսական նշանակութիւն` երկաթգծի շինարարութիւնը եւ շահագործումը ապահովելու են հանրապետութեան տարեկան համախառն ներքին արդիւնքի եւ բիւջէի մուտքերի աճ, նոր աշխատատեղերի ստեղծում, տնտեսական կեանքի աշխուժացում:
4. Տարածաշրջանին տնտեսական զարգացում ապահովող նշանակութիւն` այն Հայաստանին եւ Իրանին որոշ հարեւան երկրների տնտեսութիւնների զարգացման համար դրական նշանակութիւն կունենայ, մասնաւորապէս կը նպաստի Վրաստանի, Ռուսաստանի, Թուրքմենստանի առեւ-տրատնտեսական յարաբերութիւնների եւ տրանսպորտային բեռնափոխադրումների աշխուժացմանը:
5. Միաւորող նշանակութիւն` Իրան-Հայաստան երկաթգծի կառուցումը կը միաւորի Իրանի երկաթուղային համակարգը Հայաստանի երկաթուղային համակարգի հետ, ինչը հնարաւորութիւն կը տայ Իրանին եւ այլ ասիական երկրներին Վրաստանի սեւծովեան նաւահանգիստների միջոցով, իսկ հետագայում նաեւ Թուրքիայի տարածքով աւելի ապահով եւ ձեռնտու ելք ապահովել դէպի Եւրոպա: Հայաստանը իր հերթին ելք կունենայ Իրանով դէպի Պակիստան եւ Հնդկաստան, ինչպէս նաեւ Կենտրոնական Ասիայի երկրներ, այնտեղից Ռուսաստան եւ Չինաստան: Իրան-Հայաստան երկաթգծի կառուցումը Հայաստանին թոյլ կը տայ դուրս գալ Կասպից ծով եւ Պարսից ծոց` դրանով վերացնելով տրանսպորտային կախւածութիւնը Վրաստանից: Նշենք, որ ներկայումս կառուցւում է երկաթգիծ, որը Չինաստանից Կենտրոնական Ասիայով միանում է Իրանի երկաթուղային համակարգին, ինչով հնարաւորութիւն է ստեղծում Իրանին Եւրոպայից դէպի Չինաստան` երկաթ-գծով դառնալ միջանցք:
6. Անվտանգութիւն ապահովող նշանակութիւն` կը մեծանայ Հայաստանի եւ Իրանի տրանսպորտային, էներգետիկ, տնտեսական անվտանգութեան մա-կարդակը, դրանով հանդերձ նաեւ տարածաշրջանի անվտանգութեան մակարդակը: Ադրբեջանից եւ Թուրքիայից Իրանի կախւածութիւնը նոյնպէս կը նւազի:
7.Կայունութիւն ապահովող` ստեղծելով տրանզիտային հաւասարակշռութիւն` կը մեծանայ նաեւ տարածաշրջանի կայունութիւնը, քանի որ Թուրքիան եւ Ադրբեջանը կը հրաժարւեն շրջափակման միջոցով Հայաստանին կոտրելու քաղաքականութիւնից: Արդիւնքում կարող են ընթանալ դրական գործընթացներ` օրինակ աւելի շուտ կապաշրջափակւի թուրք-հայկական սահմանը:
Այսպիսով, երկաթգծի կառուցումը լուրջ տարածաշրջանային նշանակութիւն կունենայ եւ նպատակ է հետապնդում կապելու ասիական երկրները Եւրոպայի հետ` հանդիսանալով դեռեւս օրակարգում գտնւող Հիւսիս-Հարաւ տրանսպորտային նախագծի մի օղակը: Այսինքն Հայաստանը շանս կունենայ դառնալու հանգոյց` իր նշանակութեամբ դառնալով Եւրասիական համագործակցութեան կարեւորութեան բաղա-դրիչներից մէկը:

Սարգիս Մանուկեան

Թուրքերի ամենասիրած զբաղմունքներից է հարձակումը հայկական կայքէջերի վրա

Մայիսի 4, 2011

Արմար
19.10.2010

Տասնամյակների պատմություն ունի հայ-թուրքական կիբեռպատերազմը: Դրան պարբերաբար միանում են թուրքերի «ախպեր» ադրբեջանցիները: Ծանոթ է, որ թուրքազգի համակարգչահենների ամենասիրած զբաղմունքներից է հարձակումը հայկական կայքէջերի, այդ թվում` ՀՀ պետական մարմինների կայքէջերի վրա:

Վերջերս նկատվում է նպատակամղված աշխատանք թուրքերին անդուր հայ անհատների էլեկտրոնային հասցեները վերացնելու համար: Նորագույն հարձակման վերջին զոհերից է լիբանանահայ ինժեներ Հարություն Իսկահատյանը, որի պատրաստած եւ Հայոց ցեղասպանության հրատարակված հուշագրություններն ամփոփող «Վկայարան Հայկական ցեղասպանութեան» ընդհանուր խորագրով մատենաշարի առաջին հատորը մի քանի ամիս առաջ լույս էր տեսել Բեյրութում` «Կարպիս Լ. Նազարեան» հրատարակչական հիմնադրամի միջոցներով եւ արժանացել հայկական տարբեր շրջանակների դրական արձագանքներին:

Թուրք համակարգչահենները, հավատարիմ իրենց ցեղի ավազակային բարքերին, իրենց ստոր գործն իրականացնում են թաքնվելով համացանցի ամենատարածված պրովայդերների հետեւում: Շուրջ երկու շաբաթ առաջ Իսկահատյանն ստացել է էլեկտրոնային մի նամակ, որի բովանդակության մասին «Հոթմեյլի վարչանի» ստորագրությամբ հանդես եկող(ներ)ը հայտնել է (են), թե «Հոթմեյլի վարչանի»-ն կարեւոր բան ունի հաղորդելու իր ցանցից օգտվողներին: Իսկահատյանը նամակը բացել է թե չէ, վայրկյանական շարքից դուրս է եկել իր հասցեն` դրանում եղած ողջ տեղեկատվությամբ եւ նյութերով հանդերձ: Հասցեն վերականգնելու նրա բոլոր ջանքերն անցել են ապարդյուն: Համակարգչային տեխնիկայի Լիբանանի լավագույն մասնագետների միջամտությունն էլ չի օգնել: Նրանք զոհին հայտնել են, որ վերջերս համացանցում շատացել է նմանօրինակ «նամակներով» էլ. հասցեներ վերացնելու հաքերային գործունեությունը, հավելելով, թե այսպիսի գործելակերպի հիմնականում դիմում են համակարգչային տեխնոլոգիաների բարձր մակարդակի մասնագետներով օժտված հատուկ ծառայությունները:

Իսկահատյանը համոզված է, որ իր էլ. հասցեն փչացրել են Թուրքիայի հատուկ ծառայությունները:

Ընդունելով թուրքերի մարտահրավերըՙ լիբանանահայ վկայագրողը, այդուհանդերձ, հայտարարում է, որ որեւէ դեպքում չի ընկրկելու եւ շարունակելու է իր մատենաշարի հերթական հատորների պատրաստումն ու հրատարակումը, այդ թվում նաեւ օտար լեզուներով: Զգուշացնելով իր ազգակիցներին նման ծուղակների մեջ ընկնելուց, նա հայտնում է իր էլեկտրոնային նոր հասցեն, որում Հոթմեյլը պարզապես փոխարինված է Յահուով. hiskahadian@yahoo.com:

Գևորգ ՅԱԶԸՃՅԱՆ, ԼԻԲԱՆԱՆ

Հայ–թուրքական հարաբերությունները ըստ ԼՏՊ-ի

Մայիսի 1, 2011

13.06.2009

Հայ–թուրքական հարաբերություններում վերջերս նկատվող աննախադեպ տեղաշարժը արժանի է հատուկ գնահատականի, որովհետեւ այն շոշափում է Հայոց պետականության զարգացման ամենակենսական խնդիրներից մեկը։ Միանգամից նշեմ, որ Հայ Ազգային Կոնգրեսը, բացառությամբ իր մասը կազմող մի կազմակերպության, կողմ է հայ–թուրքական հարաբերությունների շուտափույթ կարգավորմանը եւ պատրաստ է այդ հարցում աջակցել Հայաստանի իշխանությունների ձեռնարկած բոլոր դրական քայլերին։ Մեր միակ առարկությունը վերաբերում է Ցեղասպանության ուսումնասիրման նպատակով հայ եւ թուրք պատմաբանների հանձնաժողովի ստեղծմանը, քանի որ մեր համոզմամբ՝ դա այլ բան, քան Հայոց ցեղասպանության ուրացում, չի նշանակում։

Իսկ այժմ տեսնենք, թե ինչում է արտահայտվում հիշյալ տեղաշարժը։ Ակնհայտ է, որ հայ եւ թուրք դիվանագետների գաղտնի շփումների արդյունքում ստեղծվել է մի աշխատանքային փաստաթուղթ, որն ընդգրկում է հետեւյալ կետերը.

—    Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատում.

—    Պետական սահմանների փոխադարձ ճանաչում.

—    Հայ–թուրքական սահմանի բացում.

—    Հայ եւ թուրք պատմաբաններից կազմված հանձնաժողովի ստեղծում։

Հետագայում այդ փաստաթուղթը կոչվեց «ճանապարհային քարտեզ», եւ բացահայտվեցին մի քանի այլ մանրամասներ։ Ինչեւէ, թվում է, թե մենք գործ ունենք միջպետական հարաբերությունների հաստատման մի լուրջ մտադրության հետ, մանավանդ նկատի ունենալով, որ Թուրքիան, կարծես-թե, հրաժարվել է հայ–թուրքական հարաբերությունների կարգավորումը Ղարաբաղի խնդրի լուծմամբ պայմանավորելու իր նախկին ապակառուցողական դիրքորոշումից։ Սակայն առկա են երկու հանգամանքներ, որոնք մթագնում են այս տպավորությունը։ Հայկական կողմի համար ակնհայտորեն որոշակի դժվարություն պիտի հարուցեր հայ եւ թուրք պատմաբանների հանձնաժողովի ստեղծման գաղափարը, եւ վերջիվերջո նրան հաջողվել է այն վերանվանել միջկառավարական հանձնաժողով։ Բայց դա ընդամենը միայն խնդիրը քողարկելուն եւ հայ ժողովրդին հանդարտեցնելուն միտված մեղմասացություն (եւֆիմիզմ) է, քանի որ միջկառավարական հանձնաժողովում եւս ենթադրվում է ստեղծել պատմաբանների ստորաբաժանում, ինչից հարցի էությունն ամենեւին չի փոխվում։ Իսկ թուրքական կողմը չի կարող հաշվի չնստել ադրբեջանական հասարակության եւ սեփական ընդդիմության ճնշման հետ, ուստի ստիպված կրկին վերադառնալու է իր նախկին դիրքորոշմանը։ Այսինքն, հակառակ լավատեսական կանխատեսումներին եւ հակառակ բոլոր սպասումներին, Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունները չեն կարգավորվելու եւ հայ–թուրքական սահմանը չի բացվելու, քանի դեռ էական առաջընթաց չի արձանագրվել Ղարաբաղյան հակամարտության լուծման հարցում։

Այս դեպքում հարց է առաջանում. ի՞նչն էր, ապա, բարձրացված այդ ամբողջ աղմուկի իմաստը։ Ցավոք, հարցի պատասխանը դառնահամ է լինելու հայկական կողմի համար։ Ամբողջ խնդիրն այն է, որ Թուրքիան, Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու ընդհանուր տրամադրվածությունից բացի, իր առջեւ նաեւ մի ավելի նվազագույն եւ կոնկրետ նպատակ էր դրել, այն է՝ ամեն գնով կանխել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամայի եւ ամերիկյան կոնգրեսի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման վտանգը։ Թուրքիան լիովին հասավ իր նպատակին, Հայաստանը մնաց ձեռնունայն, իսկ Սփյուռքը դարձյալ հուսախաբ եղավ։ Ֆուտբոլային դիվանագիտությամբ սկսված խաղի առաջին կեսն ավարտվեց 1 ։ 0 հաշվով՝ հօգուտ Թուրքիայի։

Թուրքիայի ղեկավարները նախագահ Օբամայի առջեւ դրին հայ եւ թուրք դիվանագետների աշխատանքի արդյունքում ծնված վերոհիշյալ փաստաթուղթը եւ, ինչպես սպասելի էր, նրան հեշտությամբ համոզեցին, որ հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման բնագավառում լրջագույն գործընթաց է մեկնարկել։ Օբաման, թեեւ գովելի ազնվությամբ, հայտարարեց, որ Հայոց ցեղասպանության գնահատման հարցում չի փոխել նախընտրական շրջանում արտահայտած իր տեսակետը, սակայն պետական այրին վայել կեցվածքով բացատրեց, որ մտադիր չէ խանգարել այդ դրական գործընթացին, հասկացնել տալով, որ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցն առայժմ հանվում է Ամերիկայի Միացյալ Նահանգների օրակարգից։

Կարելի՞ է, արդյոք, Թուրքիային եւ Ամերիկայի Միացյալ Նահանգներին մեղադրել երկերեսանիության մեջ։ Ամենեւին ոչ։ Թուրքիան, նախանձելի դիվանագիտական հնարամտություն դրսեւորելով, այս հանգրվանում փայլուն կերպով լուծեց իր հետապնդած առաջնահերթ խնդիրը։ Իսկ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահը վարվեց այնպես, ինչպես նման իրավիճակում կվարվեր ցանկացած պատասխանատու առաջնորդ։ Եթե, այնուամենայնիվ, մեղադրանքի թիրախ փնտրելու անհրաժեշտություն կա, ապա այդ թիրախը կարող են լինել միայն Հայաստանի վերջին տասնմեկ տարվա իշխանությունները՝ հանձինս Ռոբերտ Քոչարյանի, Վարդան Օսկանյանի, Սերժ Սարգսյանի եւ Էդվարդ Նալբանդյանի, որոնք բառացիորեն պղծեցին Ցեղասպանության սուրբ գաղափարը, այն վերածելով քաղաքական աճուրդի ու սակարկության առարկայի։ Եւ դա ոչ թե պետական կամ ազգային վեհ նպատակների, այլ բացառապես Սփյուռքին հաճոյանալու եւ ներքաղաքական դիվիդենտներ ստանալու մանրախնդիր նկատառումով։

Այս կապակցությամբ հետաքրքիր է հետեւել նրանց վարած միանգամայն սնանկ ու վնասակար քաղաքականության էվոլյուցիային.

—   Քոչարյանի վարչակազմի առաջին գործը եղավ դավաճանական կամ հակազգային հայտարարել Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերություններ հաստատելու՝ նախկին իշխանությունների որդեգրած քաղաքականությունը։

—   Հայաստանի արտաքին քաղաքականության անկյունաքարը հռչակվեց Ցեղասպանության միջազգային ճանաչման պահանջը, որը որպես հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման բանական հիմք, հոխորտանքով դրվեց նաեւ Թուրքիայի առջեւ։

—   Երբ, երկար համառելուց հետո, Քոչարյանը եւ Օսկանյանը ի վերջո համոզվեցին, որ այս ճանապարհը փակուղային է, նրանք վերադարձան իրենց կողմից ժամանակին դավաճանական հայտարարված՝ Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերություններ հաստատելու սկզբունքին, ակամա բացահայտելով Հայաստանի թուլությունը եւ Թուրքիային հիմք տալով ավելի կոշտացնելու իր դիրքորոշումը։

—    Թե՛ այս օբյեկտիվ պատճառով, եւ թե՛ սեփական լեգիտիմության խնդրի լուծման նկատառումով, Սերժ Սարգսյանն ընկավ մի ավելի վտանգավոր ծայրահեղության գիրկը՝ հայ–թուրքական սահմանի բացման դիմաց անխոհեմաբար համաձայնելով ընդառաջել Ցեղասպանության ուսումնասիրման հարցով հայ եւ թուրք պատմաբաններից կազմված հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի կողմից տարիներ առաջ արված համարյա մոռացված առաջարկին։

Ոչ մի այլ բան, քան քաղաքական խարխափումների, անհեռատես քայլերի եւ անպատասխանատու ձեռնարկների այս խայտառակ շարքն է, ահա, որ հանգեցրեց նախագահ Օբամայի Թուրքիա կատարած այցի բերած արդյունքին։ Իհարկե, չի կարելի պնդել, որ եթե չլիներ հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում մեկնարկած վերոհիշյալ գործընթացը, Օբաման ապրիլի 24‑ի իր ուղերձում, արդեն Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի հանգամանքով, անպայման կարտասաներ ցեղասպանություն բառը կամ ամերիկյան կոնգրեսը կճանաչեր Հայոց ցեղասպանությունը։ Այսպիսի իրավիճակներ շատ են եղել, բայց երբեք այդ բանը տեղի չի ունեցել։ Բայց ներկա իրավիճակն էականորեն տարբերվում է նախորդներից, քանի որ այս անգամ արդեն հարցի մերժման ֆորմալ պատրվակը Թուրքիայի հետ ամեն գնով, այդ թվում Ցեղասպանության ուրացման գնով, մերձենալու Սերժ Սարգսյանի ձախորդ նախաձեռնությունն է։ Այսպիսով, առանց դույզն իսկ չափազանցության, հարկադրված ենք արձանագրել. Սերժ Սարգսյանը հանուն սեփական իշխանության երկարաձգման, բառիս բուն իմաստով, ծախեց Ցեղասպանությունը։ Նրա հաջորդ քայլն, անկասկած, լինելու է Ղարաբաղը ծախելը, ինչից հետո, բնականաբար, նա դառնալու է առաջին հայը, որը կարժանանա Նոբելյան մրցանակի։

Ես մեղմ եմ արտահայտվում. վստահաբար, Սարգսյանի վարքը շատ ավելի անխնա գնահատականների է արժանանալու Հայաստանի եւ մանավանդ Սփյուռքի արմատական շրջանակներում։ Արդարությունը պահանջում է, սակայն, կատարվածում մեղադրանքի որոշ բաժին հասցեագրել նաեւ Սփյուռքի ազգային ջոջերին, ովքեր ոչ միայն երբեւէ Հայաստանի իշխանություններին չզգուշացրին Ցեղասպանության ճանաչման հարցը պետականորեն բարձրացնելու ձեռնարկի անխոհեմության ու վնասակարության մասին, այլեւ ընդհակառակը, ոգեւորությամբ խրախուսեցին վերջիններիս ջանքերն ու թմբկահարեցին նրանց «սխրանքները»՝ արդյունքում ստանալով այն, ինչ ստացան։ Ավելի քան քառասուն տարիների ընթացքում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման նպատակով Սփյուռքի ներդրած հսկայական ջանքերն ու դրամական միջոցներն, այսպիսով, մեկ օրում ջուրը թափվեցին։ Դժվար է պատկերացնել, թե ինչպես կարելի է շտկել վիճակը եւ դարմանել պատճառված վնասը։

Այս ամենով հանդերձ, թեկուզ նման տխուր արդյունքով ավարտված հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման ներկա գործընթացը բոլորովին զուրկ չէ դրական տարրերից։ Մի կողմից՝ Թուրքիայի բնական շահագրգռվածությունը հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում, իսկ մյուս կողմից՝ այդ կարգավորման պայմանավորումը հայ–ադրբեջանական հարաբերություններում ակնկալվող տեղաշարժով, որոշ հող է ստեղծում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի խթանման համար։ Դրական պետք է համարել նաեւ դեպքերի բերումով նախագահ Օբամայի ստանձնած բարոյական պատասխանատվությունը, ինչը նրա ղեկավարած երկրի առջեւ պարտավորություն է դնում ավելի ակտիվորեն ու անկողմնակալ կերպով ներգրավվել ինչպես հայ–թուրքական հարաբերությունների, այնպես էլ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում։ Բարաք Օբաման իդեալիստ է՝ բառիս ամենադրական իմաստով։ Իսկ հայտնի է, որ թեեւ աշխարհը սովորաբար կառավարում են պրագմատիկներն ու ցինիկները, բայց քաղաքակրթությունն առաջ են մղում ժամանակ առ ժամանակ հայտնվող իդեալիստները։ Ընդ որում, իդեալիստ ասելով, ես ամենեւին նկատի չունեմ իդեոլոգներին, այլ բարոյականության, ազնվության եւ արդարության հարցերում կայուն սկզբունքներ ունեցող հազվագյուտ պետական անձանց։

Իրանցի ազդեցիկ հոգևորականը կրկին զգուշացրել է Ադրբեջանի իշխանություններին` զերծ մնալ հակաիսլամական քաղաքականությունից

Ապրիլի 27, 2011

panorama.am

27.04.2011
Ադրբեջանի իշխանությունները պետք է զերծ մնան մզկիթները քանդելու, հեջաբն արգելելու, իսլամական բովանդակությամբ գրքեր տպագրելն արգելելու քաղաքականությունից:
Այդ մասին իրանական «ղաֆղազ.իռ» կայքի փոխանցմամբ` Ադրբեջանի շիաների առաջնորդի մահվան առթիվ ադրբեջանցիներին ուղղված ցավակցական ուղերձում նշել է իրանցի հայտնի հոգևորական այաթոլլահ Մաքարեմ Շիրազին:
Հիշեցնենք, որ իրանցի հոգևորականն Ադրբեջանում շիական մզկիթների արգելման վերաբերյալ արձակած ֆեթվաներից մեկում, դիմելով Ադրբեջանի ղեկավարությանը, գրել էր. «Այժմ հստակ հայտարարում ենք, որ եթե Ադրբեջանում շարունակվի մզկիթների քանդման գործընթացը, պայքարի հրաման կարձակենք և այդ պարագայում Ադրբեջանի Հանրապետությունում իրավիճակն անկայուն կդառնա»:
Նկատենք, որ իրանցի բարձրաստիճան հոգևորականներն Ադրբեջանում թե հեջաբի արգելման և թե մզկիթների քանդման գործընթացի վերաբերյալ հանդես են գալիս շատ խիստ քննադատական հայտարարություններով: Ամիսներ առաջ նաև իրանցի հոգևորականների շնորհիվ էր, որ կասեցվեց մզկիթների քանդման գործընթացը:

Ալեքսանդր Քանանյանի Նյութերը

Ապրիլի 20, 2011

Քաղաքական սերնդափոխությունն անցումային հասարակություններում 27.06.2012
«Յուրաքանչյուր սպանված հայ զինվորի դիմաց հարկ է պարտադրաբար ոչնչացնել տասն անգամ ավելի ադրբեջանցի թուրք» 04.06.2012
«Սահմանադրապաշտ» պատրանքը և պատմության փիլիսոփայությունը 21.05.2012
Ֆեյսբուկյան Գրառումներ
Հպանցիկ ակնարկ՝ Քարվաճառի շրջանի ենթակառուցվածքների արդի դրության վերաբերյալ 08.05.2012
Արցախյան դրախտն ու համացանցային հայրենասիրությունը 02.05.2012
Վերաբնակեցման օրենսդրական խնդիրը 30.04.2012
«Ով որ քաջ է, ի՞նչ կը սպասէ» 24.04.2012
Ճանաչել Արցախը` Արաքսից Քարվաճառ 20.04.2012
Վերաբնակեցումն ու հանրային պատասխանատվության խնդիրը 23.03.2012
Վերաբնակեցման հայեցակարգի հիմնատարրեր. նոր բնակավայրերի հիմնադրման հարցը 13.02.2012
«Լևոն Տեր–Պետրոսյանի հասունացած և լկտիացած վարչազավակները հենց այդպես էլ պետք է վերաբերվեին իրենց արտադրած և այժմ անատամ դարձած «պապիկին»»
«Ադրբեջանը պետք է ճանաչի իր ցեղասպանական քաղաքականության պարտությունը»
A1plus-ի հյուրը
Արաբական ժամանակակից հեղափոխությունների քաղաքակրթական բաղադրիչը
«Էլ ի՞նչ ջրբաժան: Ջրբաժանը խոստացվում էր հազար անգամ…»
Սերժ Սարգսյանն ինձ համար կրոնապես «խորշելի է»
Ինչպիսին չպետք է լինի վերաբնակեցումը
«Սերժ Սարգսյանը տասը տարի ոչ մի առիթ չի կորցրել հաստատելու, որ տարածք հանձնող է»
«Այդ տարածքում առկա է հողին ամուր կառչած բնակչություն»
Փաստահավաք առաքելությունը հայ կողմի հանդուրժողականության արտահայտում է
«Ազատագրված տարածքում առկա է հողից ամուր կառչած բնակչություն, որն աճում է»
«Չե՛նք հանդուրժելու»
Հինգ տարի անց Ֆասիեն, կարող է համոզվել, որ բնակչությունն ավելի է ամրացել հողին
«Հայրենիքի այդ կտորին տիրապետում եմ բարձունքից-բարձունք».
Գրաբարը՝ որպես Հայոց դասական լեզու
Որևէ փոքրագույն իսկ զիջում կործանելու է մեր անվտանգության միակ երաշխիքը
«Ով համաձայնում է բաժանարար գծին, ուրանում է Ցեղասպանությունը»
«Թուրքիան ցանկացած պարագայում մնում է շատ խոշոր ախոյան»
«Արցախյան հիմնահարց. «մադրիդյան սկզբունքների» լույսն ու ստվերը»

«Թուրքիան ցանկացած պարագայում մեզ համար մնում է շատ խոշոր ախոյան»

Ապրիլի 20, 2011

7or.am
07.09.2009

-Թուրքիան ցանկացած պարագայում մեզ համար մնում է շատ խոշոր ախոյան,-կարծում է «Հայկական ընտրություն» կուսակցության նախաձեռնող խմբի անդամ Ալեքսանդր Քանանյանը,- նրանք շատ հետևողականորեն իրականացնում են պետականորեն մեր վերջին նվաճումները չեզոքացնելու, ոչնչացնելու և ջլատելու քաղաքականություն և Հայաստանում մի այնպիսի իրավիճակի ստեղծում, որը մոտակա 10-30 տարիների ընթացքում կհանգեցնի հայոց պետականության վերջնական ոչնչացման։ Ուստի, թող նախ իրե՛նք դրսևորեն պատրաստակամություն՝ հանդուրժելու մեր գոյության իրավունքը։

Այլապես, ըստ Ա. Քանանյանի, սեփական անվտանգությունը (այդ թվում նաև՝ տնտեսական) թուրքական հսկողությանը հանձնելը Հայաստանի կողմից, մեղմ ասած, անմտություն է։

«Հայկական ընտրություն» կուսակցության նախաձեռնող խմբի անդամն այլ վտանգ էլ է տեսնում։ Օրինակ՝ նրա խոսքերով՝ Արցախի խնդրի կարգավորման հարցում ցանկացած ձգձգում կարող է Թուրքիայի համար հայ-թուրքական սահմանը կրկին փակելու պատճառ դառնալ.

-Այսօր՝ մեծագույն զոհողություններով, տնտեսության համար հավելյալ դժվարություններով հանդերձ, մենք հասանք այն իրավիճակին, երբ մեզ վրա ներազդելու Թուրքիայի միակ միջոցն ուղղակի մնացել է ռազմական ներխուժումը, որը նա դեռևս չի կարող իրականացնել։ Բացենք սահմանները, մեր տնտեսությունը կրկին դնենք թուրքական քաղաքական վարքագծի քմահաճույքի հսկողության տա՞կ։

Սերժ Սարգսյանն ինձ համար կրոնապես «խորշելի է»»

Ապրիլի 20, 2011

7or.am
04.02.2011

Ի պատասխան «Ի՞նչպես եք գնահատում Սերժ Սարգսյանի վերջին ելույթներն ու Էդվարդ Նալբանդյանի հարցազրույցները, մասնավորապես ԼՂՀ հարցի շուրջ» «7օր»-ի հարցին Քարվաճառի բնակիչ Ալեքսանդր Քանանյանն ասել է, որ բոլոր գնահատականները վաղուց տրված են և  հիշեցրել է հայ-թուրքական արձանագրությունների ստորագրմանը նախորդած 2009 թ. հոկտեմբերի 5-ի նախաձեռնությունը՝ Հայաստանի մի շարք սրբավայրերում և սփյուռքի գաղթօջախներում միաժամանակ տեղի ունեցած հավաքական աղոթքը, որի ընթացքում ներկաների կողմից ընթերցվել և եկեղեցիների խորաններին խորհրդանշաբար հանձնվել է «Վասն կենաց և զօրութեան աշխարհիս Հայոց» մաղթանքը: Սրբավայրերում հավաքված մարդիկ խոստովանելով, որ այլևս սպառված են Հայոց պետականությանը ոչնչացմամբ սպառնացող քաղաքական ընթացքը կասեցնելու քաղաքացիական միջոցները, Աստծո դատին և Տիրոջ ողորմությանն էին հանձառել Հայրենիքի դեմ «ունայն մեծամտությամբ մահաբեր դավադրություններ նյութող», «նահատակների արյունն ուրացող» և Արցախի ազատագրված տարածքները հանաձնել պատրաստակամ երկրի քաղաքական վերնախավին. «Եւ որ կոչիսդ նախագահ Հայոց, գիտասջի՛ր, զի փութայ Աստուած ի խնդրել զվրէժ ուրացելոյ արեան նահատակացն և ժամանէ Տէր յընկենուլ զքեզ ի յուսոյ փրկութեան: Եւ եղիցիս լքեալ, ընկեցեալ և դատապարտեալ յԱստուծոյ և ի բաց մերժեալ յակնկալութենէ տեսութեան լուսոյ և կենաց: Վասն զի կարկամեալ գօսացուցանէ Տէր զմատունս այնոցիկ, ոյք ընդ գրով հաստատութեան արկանել իշխեսցեն զպայմանադրութիւն սրբապիղծ մատնութեան Հայրենեաց: Եւ որ ոք զանօրինեալ և զաստուածուրաց ձեռն իւր մխեսցէ ի լրումն ամբողջականութեան աշխարհիս Հայոց և դաւս ընդդէմ կենաց Հայաստանեայց նիւթեսցէ, հատուսցես նմա ըստ ահեղազօր իրաւանց արդարութեան ստեղծողիդ աստ և ի հանդերձելումդ»: Արձանագրությունները չստորագրված մեռելածին էին, ինչպես և ողջ Սերժ Սարգսյանի քաղաքական ընթացքը: Վերջացած անձանց ասածները մեկնաբանելու փոխարեն պետք է կերտել Հայոց պետության ապագան:

Դրանից հետո’ Սերժ Սարգսյանն  ինձ համար այլևս չկա: Նա կրոնապես «խորշելի է»,- ասել է Ալեքս Քանանյանը։

«Ով համաձայնում է ՀՀ-ի և Թուրքիայի միջև բաժանարար գծին, ուրանում է Ցեղասպանությունը»

Ապրիլի 20, 2011

natnews.am
08.09.2009

Հայ-թուրքական արձանագրությունները մեկնաբանելու խնդրանքով «Նացիոնալի» թղթակիցը դիմել է «Հայկական ընտրություն» կուսակցության նախաձեռնող խմբի քաղաքական ներկայացուցիչ Ալեքսանդր Քանանյանին:

-Որոշ վերլուծաբաններ, անդրադառնալով հայ-թուրքական արձանագրություններին, հավաստում են, որ փաստաթուղթը կարող է լինել անգամ պրոհայկական: Օրինակ, տեսակետ կա, որ պատմաբանների հանձնաժողովն ուսումնասիրելու է ոչ թե ցեղասպանության իրողությունը, այլ ընթացքը և այլ մանրամասներ:

— Փաստաթղթերը, որոնք ներկայացվել են մեր հանրության ոչ թե դատին այլ ի գիտություն, մոտակա շաբաթների ընթացքում միջպետական փաստաթղթեր դառնալու  հավակնություն ունեն: Դրանք թե’ մարտավարական, թե’ ռազմավարական, թե’ բարոյական, թե’ պատմական հարթություններում մեծապես վտանգավոր, բարոյական հարթության վրա մինչև իսկ սրբապիղծ  ոտնձգություններ են Հայաստանի Հանրապետության, ազգային անվտանգության, մեր պաշտպանողականության նկատմամաբ: Նման ճակատագրական որոշումներից առաջ պետք է հաշվի նստեն իրականության հետ: Իսկ իրականությունը ցայտուն է` թուրքական շրջապատը չի ցանկանում հանդուրժել հայոց պետականության գոյությունը, քանզի այդ պետությունների պետական գոյության հիմնասյուններից մեկը հայոց պետականության մերժումն է:

Անդրադառնանք բովանդակությանը: Ներկա իշխանությունների քաղաքական ուղեգիծը սպասարկող վերլուծաբանները շեշտում են այն հանգամանքը, թե այդ արձանագրությունում առկա չեն երեք նախապայմանները: Սակայն դրանցից երկուսն ակնհայտ է, մեկը` քողարկված, բայց ընկալելի:

Նախ ցեղասպանության խնդիրը: Եթե անգամ ՀՀ իշխանությունները որոշում են Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերություն սկսել, ապա Թուրքիայի կողմից ընկալելի չէ որևէ նախապայման: Այստեղ տեսնում ենք, որ կասկածի տակ է դրվում հայոց ցեղասպանությունը, իսկ այս հարցում որևէ քննարկում առհասարակ հնարավոր չէ: Մի պահ պատկերացրեք, որ իսրաելական կողմից կասկածի տակ դրվի: Այդ քաղաքական գործիչը ոչ միայ նույն պահին կոչնչանա, այլև նրան կարտաքսեն հրեական բոլոր շրջանակներից:

Ցանկացած ենթահանձնաժոով անգամ, որը հանդգնի քննարկել ցեղասպանության եղելության հարցը, այն վերածելու է բանավեճի: Նա ով ընդունում, համաձայնում է ՀՀ-ի և Թուրքիայի միջև բաժանանար գծին` ակնհայտ կերպով ուրանում է  ցեղասպանությունը և հրաժարվում ցեղասպանության ամեասարսափելի հետևանքից` ճանաչելով այն նպատակը,  որի համար ցեղասպանությունն իրականացվեց: Կարող է հարց ծագել, որ Հայաստանը ոչ մի շանս չունի Արևմտյան Հայաստանի նկատմամբ որևէ հավակնություն ներկայացնելու: Այս պահի դրությամբ ունենալով իշխանության նման որակ` մոտակա տասնամյակներում դա իսկապես հնարավոր չէ, սակայն գալիք սերունդներին չպետք է զրկենք այդ հնարավորությունից: Արևմտյան Հասյատանի և ցեղասպանության հարցը պետք  է որպես  մահակ օգտագործել, որով Թուրքիային թույլ չենք տա խառնվել ՀՀ-ի ներքին գործերին:

Ոմանք պնդում են, որ Արցախը չի հիշատակվում, սակայն այս փաստաթղթում խոսվում է ոչ միայն Հայաստանի և Թուրքիայի տարածքային փոխճանաչման մասին, այլև խոսքն անուղղակիորեն Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին է:

-Խոսեցիք միջազգային իրավունքի մասին` շեշտելով Ադրբեջանի տարածքային      ամաբողջականությունը,սակայն նույն հաջողությամբ խոքսը կարող  է լինել նաև ազգերի ինքնորոշման մասին:

— Եթե հելսինկյան ակտին անդրադառնանք, ապա այն վերեբերելու է միայն ԼՂԻՄ-ին, իսկ միայն ԼՂԻՄ-ով Արցախը կենսունակ չէ և մեծապես համոզված չեմ, որ այս փաստաթղթերն այլ բան չեն, քան ճանապարհային քարտեզը և բոլորվին չեմ բացառում, որ շուտով մեզ կհրամցվի բոլովին նոր կնքված փաստաթուղթ, որն ուղղակիորեն վերաբերի Արցախին:

Անդրադառանալով սահմանի բացմանը` ասեմ, որ այս խնդրի շուրջ էժանագին դատողությունները չափազանց առատ են մեզանում: Այսօր հետարցախյան խնդիրը չլուծված է, իսկ այն արմատական լուծում այնքան ժամանակ չի ունենա, քանի դեռ ուժերը փոխհավասարակշռված են: Հենց այն խախտվի ի վնաս հայության` ամեն կարգի միջազգային պայմանգիր կդադարի հայերի համար գոյություն ունենալ: Այլ կերպ ասած` մեկ տունը երկու տեր չի կարող ունենալ: Նույնը կարելի  է ասել իսրաելաարաբական կոնֆլիկտի մասին:

Սահմանի բացման դեպքում ամենաաննշան անհամաձայնության դեքում Թուրքիան կարող է փակել սահմանը և մենք կհայտնվենք հետխորհրդային նույն իրավիճակում: Սահմանը բացելով մեր երկիրն ընկնում է խոշորագույն և վտանգավոր հակառակորդից կախման մեջ: Բացի դրանից թուրքական օրենսդրությունը խիստ սահմանափակ հնարավորություն է տալիս, որը բարդագույն խնդիր է լինելու հայկական ապրանքը թուրքական շուկա մտնելու համար: Իսկ թուրքական էժանագին ապրանքների հեղեղի դեմ կկորցնենք քիչ թե շատ ձևավորված տնտեսությունը:

-Ինչպես դուք ասացիք` թուրքերը դեմ են հայոց պետականության գոյությանը և որքանո՞վ է հավանական, որ փաստաթուղթը չի վավերացվի:

-Թուրքիայում շատ լավ գիտեն, թե որքան կարևորէ սահմանի բացումը: Նրանք գիտակցելով, որ գործ ունեն կրպակատիրոջ և գրպանահատի հոգեբանությամբ անձանց հետ` ձգտում են իրավիճակից քաղել առավելագույնը: Դրա համար նրանց համար էականը ներկա բաժանանար գծի ամրագրումն է, իսկ մեր իշխանությունները, չունենալով ժողովրդի վստահությունը, չունալով ոչ մի հավատ` այլ բան չեն կարևորում և կարծում են, թե իրենց իշխանությունը կամրապնդվի, կներկրեն նույն էժանագին ապրանքը և մեր վրա թանկ գներով կծախեն: ՀՀ իշխանությունները պատրաստ են ընդառաջ գնալ անգամ այն մտքին, որ հայ-թուրքական հարաբերություններն ընթանան նաև Արցախի հակամարտության «լուծմամբ», քանի որ բանակի վրա ծախսն, ըստ իրենց սխալ հաշվարկների, կկրճատվի:

— Որքանո՞վ  է հավանական փաստաթղթի ստորագրմանը խոչըդոտելը և ինչ տեղի կունենա հակառակ դեպքում:

— Եթե խոսքն իսկապես վերաբերեր միայն ցեղասպանության ուրացմանը,. ապա այսօր ինձ թվում է, որ հայ հանրությունը, որը տարիների քարոզչության հետևաքով  չունի քաղաքական և ռազմավարական խնդիրներն ընկալելու ունակություն, այս պարագույմ լուրջ ընդվզումներ երևի տեղի չեն ունենա: Այնուամնայնիվ, ես խորապես համոզված եմ, որ դրանում առկա է նաև Արցախի հարցը:  Այն պահին, երբ հերթական գիշերային անակնկալի առաջ հայտնվենք, որը կվերաբերի ազատագրված հինգ տարածքների հանձնմանը, ապա այդ պարագայում ես չեմ բացառում երկու սցենար: Առաջին` բնակչությանը և զորքերին կհամակի ծանրագույն բարոյահոգեբանական վիճակ, որն անտեր թողնելու դեպքում կունենանք Արցախի և Սյունքի զգալի մասում հայաթափություն: Եկրորդն այն է, որ առաջին ժամերին իսկ ընկճվածությունը կվերածվի համընդանուր ընդվզման, երբ արցախցին հասկանա, որ ծախվում է իրենց հարազատների արյան գնով ազատագրված հողը, ապա համոզված եմ, որ լավագույն դեպքում Սերժ Սարգսյանը ստիպված կլինի հեռանալ ՀՀ-ից:

-Ջավախքում հայերենը որպես երկրորդ պետական լեզու ընդունելու մասին Սերժ Սարգսյանի հայտարարությունը մեծ «ոգևորությամբ» ընդունվեց վրացիների կողմից և անարձագանք չմնաց: Որքանով է հավանական Վրաստանի ներկայիս արածքում հայերենի կիրառումը:

-Ցեղասպանությունը ուրացող, ցեղասպանության հետևանքները ամրագրող, Ջավախքում ինքնաբուխ ստեղծված և լավ հաջողությունների հասած ջավախքյան հայկական քաղաքական ուժերի բնաջնջման գործում հանցավոր մասնակցություն ունեցող անձի կողմից նման հայտարարությունը ես համարում եմ ցինիզմ, որը սեփական դեմքը փրկելու փորձ էր միայն: Հաշվի առնելով թուրքական ճակատով տարած քաղաքականությունը, ես ոչ մի համոզվածություն չունեմ, որ նա քաջություն, լուրջ քայլերի գնալու ունակություն ունեցող անձնավորություն է:

Իսկ ինչ վերաբերում է Վրաստանին` լեզվին տարածքային կարգավիճակ տալու համար պետք  է գնալ սահմանադրական փոփոխության, ինչին վրաց նախագահը որքան էլ ցանկանա` չի կարող հասնել, քանի որ վրացիներն ակնհայտ թշնամանք ունեն մեր հանդեպ: «Միասնական Ջավախք» ժողովրդավարական դաշինքը պատրաստ էր պարտադրել գործավարության լեզու ռուսերենը փոխարինել հայերենով, որից առաջ Վահագն Չախալյանը Հայաստանի Հանրապետությունում մահափորձի ենթարկվեց, ապա վիրավոր` հիվանդանոցից ձերբակալվեց, նրան ներկայացրեցին անհեթեթ մեղադրանք` վրաց-հայկական սահմանն ապօրինի հատելու մեջ և հանձնեցին վրացական իշխանությանը:

Սերժ Սարգսյանը պարզապես փորձեց իր դեմքը փրկել, սակայն չեմ բացառում, որ այսօր այնպիսի անկարող իրավիճակում է գտնվում, որ Ռուսաստանը կարողանում է այնպիսի մեկանաբանություններ կորզել, թե Հայաստանը կոշտացնում է իր դիրքորոշումը Վրաստանի հանդեպ:

Հարցազրույցը վարեց Արմենուհի Կարեյանի

Արաբական ժամանակակից հեղափոխությունների քաղաքակրթական բաղադրիչը

Ապրիլի 19, 2011

artsakhnews.am
08.04.2011

Երբ 2010 թ. տարեվերջին աշխարհի վերլուծական կենտրոնների մասնագետները կազմում էին ավարտին մերձեցող տարվա արդյունքները պարունակող եզրափակիչ զեկույցները, նրանցից շատերը հազիվ թե կարող էին երեւակայել, որ գալիք տարվա առաջին իսկ ամսում Միջերկրականի հարավային ափերին կծավալվեն այնպիսի սրընթաց եւ ազդու զարգացումներ, որոնց տարածաշրջանային եւ աշխարհաքաղաքական տարողությունը հեղաշրջիչ բնույթ կունենա նախորդ տասնամյակներին Մագրիբի համակողմանիորեն լճացած քաղաքական կացությունն ալեկոծելու եւ վերափոխելու առումով: Արդեն իսկ տեղի ունեցած եւ անընդմեջ զարգացող արաբական հեղափոխությունների նոր ալիքի քննությունը հարուցում է բազմաթիվ առարկայական բնույթի դժվարություններ, որոնց մեծ մասը կապված է գործընթացի անավարտության, մի շարք առանցքային գործոնների ոչ թափանցիկ լինելու, տեղեկատվության պակասի եւ «մերձավորության վրիպման» (аберрация близости) երեւույթի ներազդման հետ:

Իրադարձությունների այլեւայլ խորքային ծալքերի մեջ խորաթափանց լինելու համար դեռեւս պետք է անցնի բավական ժամանակ, բայց այսօր էլ մենք ի վիճակի եւ պարտավոր իսկ ենք անաչառ եւ սթափ քննությամբ ուսումնասիրել իրավիճակը եւ կատարել հրատապ եզրահանգումներ` իրադարձությունների բնույթի եւ մեր տարածաշրջանի վրա հնարավոր ազդեցությունները բացահայտելու եւ դրանցից բխող առավել ակնառու սպառնալիքները կանխարգելելու համար:  Միեւնույն ժամանակ, հարկ է ջանադրաբար խուսափել հետադիմական քաղաքական վերնախավերում տարածված` ներկայիս արաբական հեղափոխությունները բացառապես դավադրամոլության (conspirology) ապաքաղաքագիտական տեսության շրջանակներում մեկնաբանելու գայթակղությունից: Նման ծավալի եւ համապարփակության յուրաքանչյուր գործընթաց, որքան էլ այն նախապես «ծրագրավորված» ու կառուցվածքապես «կանխորոշված» լինի, պարունակում է տարերային զարգացումների ահռելի պաշար, ուստի եւ ըստ սահմանման լիովին կառավարելի լինել չի կարող:

Հաշվի առնելով սույն տեսակի հոդվածներին բնորոշ ծավալային սահմանափակումը` բավարարվենք հետեւյալ ընդհանուր հարցադրումների ուրվագծային դիտարկմամբ.

ա. Արաբական նոր հեղափոխությունների բնույթը,

բ. Հեղափոխական ալիքի կարճաժամկետ եւ հեռահար հետեւանքներն արաբական աշխարհի համար եւ զարգացումների քաղաքակրթական բաղադրիչը,

գ. Արաբական հեղափոխական զարգացումների աշխարհաքաղաքական տարողությունը եւ Հայաստանի ու հարակից տարածաշրջանի վրա վերջինիս ներազդման հնարավոր եղանակները:

2010 թ. դեկտեմբերի կեսերին Թունիսում բռնկված զանգվածային դժգոհությունը սկզբնապես համաշխարհային հանրության պատշաճ ուշադրության չէր արժանացել: Իհարկե, այն որոշակի մտահոգությունների առիթ էր ընծայել Եվրամիության այն երկրներին, որոնք ավանդաբար սերտ տնտեսաքաղաքական կապեր ունեին այդ երկրի հետ` էներգակիրների ներկրման, ապօրինի միգրացիայի վերահսկման կամ, պարզապես, զբոսաշրջության ոլորտներում: Անգամ 2011 թ. հունվարին, երբ թունիսյան իշխանափոխությունն արդեն կայացած փաստ էր, իրավիճակը դեռեւս դիտարկվում էր որպես տեղայնական բնույթի հուժկու ցնցում: Նկատենք, որ թունիսյան իշխանափոխությունը, բնակչության հուժկու հեղափոխական դժգոհության արդյունքը լինելով հանդերձ, կառուցվածքապես էվոլյուտիվ էր, քանզի երկրից հեռացած նախագահի լիազորությունները ժամանակավորապես անցել էին նրա իսկ կառավարության վարչապետին: Բնականաբար, այս վերջինը նույնպես ի վիճակի չէր երկարորեն պահպանել իշխանության ղեկը եւ, ենթարկվելով հանրության անզիջում պահանջին, երկու ամիս անց կամովին (այսինքն` անարյուն) հրաժարական է տվել: Սակայն երկրում արձանագրված փոփոխությունների տարողությամբ թունիսյան դեպքերն, այնուամենայնիվ, պետք է որակվեն որպես հեղափոխություն: Փոխվել էին ոչ միայն իշխանական վերնախավի բոլոր առանցքային դեմքերը, այլեւ երկրի ընդհանուր մթնոլորտը: Սակայն մթնոլորտի փոփոխության որակական բնութագրիչների մասին տեղին է խոսել քիչ անց` հոդվածի երկրորդ բաժնում:

Թունիսյան իրադարձություններին ժամանակագրորեն անմիջապես հաջորդած եգիպտական հեղափոխությունն իսկական համաշխարհային ցնցում է առաջացրել, որովհետեւ ներքին «հարվածի» տակ է հայտնվել ոչ միայն Միջերկրականի ռազմաքաղաքական առումով ամենաառանցքային եւ կայուն երկրներից մեկը, այլեւ բոլորին հասկանալի դարձավ, որ արաբական աշխարհը համակած հեղափոխական ալիքը համապարփակ նոր երեւույթ է եւ ունի համընդգրկուն` մերձակա եւ հեռահար հետեւանքների տեսանկյունից ամբողջապես չկանխատեսվող բնույթ: Եգիպտոսը խորապես սասանած հեղափոխական ցնցումներն անմիջական ազդակ հանդիսացան տարիներ շարունակ «կայուն» (Սիրիա, Լիբիա, Հորդանան, Բահրեյն, Միացյալ Արաբական Էմիրություններ) կամ «խարխափողաբար» անկայուն (Եմեն, Ալժիր, Մարոկո) համարված երկրներում հանրության զանգվածային բողոքի պոռթկմանը: Եվ հիրավի երկրորդական է, որ որոշ երկրներում հեղափոխությունը, որպես այդպիսին` ողջ ծավալով ցայժմ տեղի չի ունեցել: Արաբական աշխարհը դուրս է եկել տասնամյակներ տեւած քաղաքական համակարգային լճացումից եւ ծագած նոր գործընթացներն ու զարգացման ուղենշային միտումներն այլեւս անդառնալի են:

Արաբական նոր հեղափոխությունների կամ հեղափոխամերձ գործընթացների շղթան դիտարկելիս` օրինաչափ հարց է ծագում, թե որքանով դրանք ծրագրավորված կամ տարերային էին: Միանշանակ պնդել որեւէ վարկածի օգտին պարզապես անլուրջ է: Գործընթացների նախապատրաստության փուլում արտաքին շահագրգիռ օղակների միջամտությունը, ամենայն հավանականությամբ, բացառել չի կարելի: Այսօր դեռեւս դժվար է գեթ մոտավորապես պարզել հեղափոխական ալիքի ակունքում ենթադրվող «ծրագրավորված» նպատակները: Արեւմուտքը «հոգնե՞լ» է արաբական աշխարհի տասնամյակներ չփոփոխվող դաշնակից առաջնորդների «կարծրացած» բռնապետական իշխանությունից, համաշխարհային առաջատար ուժի կենտրոնները որոշել են սկսե՞լ մահմեդական Արեւելքը հիմնովին վերաձեւելու գործընթաց… Այս հարցերին դեռ երկար ժամանակ անհնար կլինի տալ դավադրամոլական տարրերից զուրկ պատասխան: Որքան էլ զարմանալի է, այդ պատասխաններն այսօր գործնական արժեք չեն ունենա, քանզի անկախ ուժային գերկենտրոնների նախաձեռնած փոփոխություններից, համաշխարհային գործընթացները կառավարվում են հստակ, անփոփոխ եւ մարդկային վերահսկողության սահմաններից դուրս գտնվող պատմական անշեղ օրինաչափություններով` պատմության փիլիսոփայության ընձեռած արձանագրողական գիտելիքների համատեքստում:

Պատմության փիլիսոփայությունը` մարդկության համընդհանուր քաղաքական փորձառության շրջանակներում, անթիվ անգամներ վկայել է, որ կատարելապես անհնար է նախաձեռնել տարբեր էթնոքաղաքական եւ քաղաքակրթական ուրույն միավորները ներքաշող համապարփակ ծավալի որեւէ գործընթաց եւ վերջինիս նկատմամբ իրականացման բոլոր փուլերում պահպանել լիարժեք եւ վճռորոշ վերահսկողություն: Անկառավարելիության, նախագծային ընթացքից շեղվելու միտումները զորեղ են անգամ անչափ ավելի փոքր ծավալի գործընթացներում: Այս օրինաչափությունները միանգամայն անիմաստ են դարձնում որեւէ դավադրամոլական տեսություն, որը յուրաքանչյուր փոքր կամ մեծ իրադարձության կամ գործընթացի ետեւում ձգտում է տեսնել արտաքին ուժի կամ գործոնի ազդեցություն: Միանգամից նկատենք, որ դավադրամոլությունը եւ երեւույթները գնահատելու դավադրամոլական կաղապարը համարյա բացառապես հատուկ են թույլ, լճացած, ներքուստ սպառված քաղաքական ու գաղափարական շրջանակներին, որոնք սեփական անկենսունակությունն ու անխուսափելի կործանման առջեւ երկյուղը գիտակցաբար կամ ենթագիտակցաբար թաքցնում են «չարակամ արտաքին ուժի» մասին դատողությունների ներքո: Պատահական չէ, որ ոչ միայն արաբական աշխարհի սոսկում ապրած «ալեւոր» երկարակյացները կամ նրանց ժառանգները, այլեւ հետադիմական բնույթի լճացած իշխանական համակարգ ունեցող այլ երկրների «վերնախավերը» դավադրության մասին պնդումները վերածել են անհեշտալուր տաղտկալի մուղամի: Սակայն, ազգային անվտանգությանն այլ պետությունների շահերից բխող բուն սպառնալիքների չեզոքացումը, բնականաբար, չպետք է շփոթել իրենց իսկ երկրի շահերին արմատապես հակոտնյա վերնախավերի ինքնապահպանման մոլուցքի հետ:

Ուստի, անգամ եթե առկա էր Մերձավոր Արեւելքն ու Մագրիբն էապես վերաձեւելու ինչ-ինչ աշխարհաքաղաքական գերկենտրոնի կողմից նախապես մշակված ծրագիր, ապա այն, հատկապես հեռահար կտրվածքով, որեւէ էական ազդեցություն չէր ունենա զարգացումների համապատկերի վրա, որի բաղադրիչների տարերային անկառավարելիության մակարդակը (այն ենթադրաբար ծրագրավորած ուժի տեսանկյունից) յուրաքանչյուր նոր փուլում էապես աճելուց բացի կկառավարվեր արդեն իսկ հիշատակած անշեղ եւ անփոփոխ պատմական օրինաչափությունների կողմից:

Արաբական հեղափոխությունների հետեւանքները գնահատելու համար հարկ է քաջ գիտակցել, որ մենք գտնվում ենք սոսկ բուն գործընթացների նախափուլում: Այս իմաստով հեղափոխությունների առաջին ալիքից հետո ստեղծված իրավիճակը խիստ անկայուն եւ անորոշ լինելուց բացի, ինքնաբերաբար, ենթակա չէ համարժեք գնահատման: Երկրորդ աշխարհամարտից հետո պատմության ընթացքի եւ դրան հարակից օրինաչափ երեւույթների` պատերազմների ու սահմանային դրության փոփոխությունների նկատմամբ բնականոն երկյուղը, ինչպես նաեւ բազմամշակութության (multiculturalism) միջոցով քաղաքակրթական արժեհամակարգային համապարփակ մրցակցային հակասություններն Արեւմուտքի, ապա նաեւ համաշխարհային չափագծով (ՎՈրՔՑՈո) փարատելու պատրանքը նպաստել է «պատմության ավարտ» քաղաքական-փիլիսոփայական կաղապարի (paradigm) առաջացմանը: Ամեն ինչ «սառեցնելու», անկանխատեսելի զարգացումները «զսպելու», արեւելյան «բռնապետների» հետ իրապաշտական եւ փոխշահավետ համագործակցություն պահպանելու  մտակաղապարի քաղաքական բյուր դրսեւորումներից էր նաեւ արաբական աշխարհի առանցքային երկրներում տասնամյակներ պահպանված կատարելապես լճացած դրությունը: Ի դեպ, հազիվ թե արդարացի է արեւմտյան տերություններին մեղադրել արաբական աշխարհի հիշյալ դրությունը «հանդուրժել-շահագործելու» մեջ: Հարաբերությունների այդ կաղապարը, որը հիմնված էր «բաժանիր, որ տիրես» սկզբունքի ցինիկ գործադրման եւ «կայունության գրավական» կեղծժողովրդավարական (Եգիպտոս, Ալժիր, Թունիս, Լիբիա, Սիրիա, Եմեն եւ այլն) կամ միապետական (Սաուդյան Արաբիա, Հորդանան, Բահրեյն եւ այլն) հզոր առաջնորդների կամ թագավորական հարստությունների վրա, ապահովում էր ինքնին անկայուն եւ էներգակիրների առումով կենսական եւ ժողովրդագրական տեսանկյունից հարձակողական քաղաքակրթապես խորթ աշխարհի համեմատական կանխատեսելիությունը: Բնականաբար, այդ երկրներում առանձին բռնապետների իրագործած զանգվածային չարաշահումները, ապօրինությունները եւ մարդկանց տարրական իրավունքների եւ անգամ կյանքի նկատմամբ տածած արհամարհանքն «իրապաշտորեն» անտեսվում եւ աննկատ էին թողնվում: Ո՞րն էր այլընտրանքը: Այսօր այն արդեն ուրվագծվում է եւ հազիվ թե կարող է ոգեւորել «պատմության ավարտի» պատրանքով ապրել կամեցող Եվրոպային:

Բազում հետազոտողներ արդարացիորեն նշում են, որ «հետարդյունաբերական» ժամանակաշրջանում դասական գաղափարախոսությունների ազդեցությունը նվազում է` իր տեղը զիջելով քաղաքակրթական առավել խորքային ներազդմանն ունակ գործոններին: «Արդյունաբերական» շրջանի` կրոնական գործոնը «գերազանցապես» հաղթահարված համարելու ինքնավստահ համոզվածությունն իրերի ներկայիս բերմամբ չի հաստատվում: Կրոնական գործոնի թերագնահատման սխալը բխում է կրոնը` որպես երեւույթ ու համակարգ ի սկզբանե (a priori) համապարփակ տարողությամբ չընկալելու հանգամանքից: Շատերին պարզունակաբար թվում է, որ կրոնը զուտ գերբնական ինչ-որ ուժին կամ էակին հավատալն է եւ` համապատասխան կրոնական հաստատության սահմանած ծիսական եւ վարքագծային կանոնները պահպանելը: Մինչդեռ կրոնը լրջագույն քաղաքակրթական եւ մինչեւ իսկ մարդաբանական երեւույթ է, որը փոխադարձաբար ներգործում է եւ միաժամանակ սնվում է տվյալ մարդկային հանրության ընդհանրական արժեհամակարգային, վարքագծային եւ աշխարհահայացքային ենթագիտակցական խորքերից: Արաբական եւ, առհասարակ, մահմեդական աշխարհի պարագայում կրոնական եւ քաղաքակրթական գործոններն այնքան փոխկապակցված են, որ գործնականում տարանջատելի չեն: Դրանց փոխհյուսվածությունը պայմանավորված է նաեւ դարերով մահմեդականություն դավանած հանրությունների համանման արժեքային եւ կացութաձեւային ընտրությունների հանդեպ էթնոհոգեբանորեն դրսեւորված նախապատվությամբ: Պետք չէ մոռանալ նաեւ այն ակնբախ եւ ինքնին ոչ դատապարտելի իրողությունը, որ մահմեդականությունն ի սկզբանե քարոզվել եւ գործադրվել է որպես «հոգեւորն ու աստվածայինը» քաղաքականից չտարանջատող, այլ մարդու եւ հանրության կյանքի բոլոր ոլորտները միասնական կառավարմանը («իսլամ» բառը հենց հնազանդություն է նշանակում) ենթարկող կրոնաքաղաքական համակարգ:

Այդ իսկ պատճառով ողջ 20-րդ դարի ընթացքում արաբական եւ համայն մահմեդական աշխարհին խրախուսվող կամ պարտադրվող «ժողովրդավարական» կառավարումն ու «աշխարհիկ իսլամը» եզրութաբանական անհեթեթություն էր (contradictio in terminis), որն այդ հանրությունների համար պետության իրավաքաղաքական կազմակերպման երկարաժամկետ եւ կայուն մոդել լինել չէր կարող: Այսինքն, արաբական վերջին հեղափոխությունների երեւույթը բացատրել սոսկ սոցիալական անհանդուրժելի չափերի հասած անարդարությունների դեմ բնակչության ուղղորդված կամ տարերային ապստամբությամբ կամ Մագրիբն ու Միջին Արեւելքը վերաձեւելու որեւէ ծրագրով, նշանակում է գիտակցված պատեհապաշտությամբ կամ չգիտակցված թեթեւամտությամբ աչք փակել բուն իրականության վճռորոշ խորքային ծալքերի վրա: Ինչպես ամենուր աշխարհում, այնպես էլ արաբական երկրներում տեղի է ունենում քաղաքակրթապես «չհիմնավորված» պետությունը կազմակերպելու արհեստածին (հետեւաբար` անկենսունակ) մոդելների բնական անկման գործընթաց: Ի դեպ, կայացած իսլամական պետություններում կրոնական բնականոն սահմանափակումներով հանդերձ ժողովրդավարական կառավարումը նույնպես իրագործելի է. Հոլանդիայի պետական այրերից մեկը դիպուկ անկեղծությամբ ասել է, որ պետության «աշխարհիկ» սահմանադրության փոխարինումը «շարիաթով» նույնպես կարող է լինել բնակչության մեծամասնության ժողովրդավարական ճանապարհով արտահայտված ընտրություն:

Այսպիսով, մենք գտնվում ենք նոր համընդգրկուն փոփոխությունների շեմին: Դրանց ծավալն ու ազդեցությունը մեր տարածաշրջանի, ինչպես եւ ողջ աշխարհի վրա, անտարակույս մեծ է լինելու: Սակայն Հայաստանը եւ հարակից տարածաշրջանն, այնուամենայնիվ, այլ գոտի է: Ըստ այդմ, կարելի է բաժանել մարտահրավերները  երկու խմբի.

ա. Անմիջական հարեւաններից բխող մարտահրավերները չեն փոխվել: Դրանք շարունակում են մնալ ոչ միայն ռազմաքաղաքական, այլեւ` քաղաքակրթական: Թուրքիայի եւ Ադրբեջանի բնական ձգտումը` բնաջնջելու հայոց պետականության վերընձյուղված ծիլերն ի զորու են եւ հարատեւ: Այստեղ գործում է բացարձակ անհամատեղելիության այն աշխարհաքաղաքական եւ քաղաքակրթական կաղապարը, որը հատուկ է իսրայելա-պաղեստինյան հակամարտությանը: Այստեղ լայն իմաստով «խաղաղությունը հնարավոր է միայն այն ժամանակ, երբ հնարավոր չէ պատերազմը»: Ռազմաքաղաքական համապարփակ հավասարակշռության եւ պետության գոյաբանական ներուժի պահպանումը մնում են անվտանգության միակ գործող երաշխիքը: Միաժամանակ, Թուրքիայում պետության «աշխարհիկ» հիմնասյունների վրա սողացող իսլամացումն այլեւս ակներեւ եւ, ըստ էության, բնական անշեղությամբ մեկնարկած գործընթաց է: Թուրքական «ճակատի» մասին խոսելիս` անհնար է չանդրադառնալ սույն գործոնի աշխուժացմանը ոչ միայն նախկին խորհրդային Միջին Ասիայում եւ Իրանական Ատրպատականում, այլեւ անգամ Չինաստանի հյուսիս-արեւմտյան թուրքալեզու ույգուրներով բնակեցված ինքնավարության տարածքում:

Հյուսիսային Կովկասում մահմեդական քաղաքակրթական «զարթոնքի» գործընթացը, որը ռազմական բուռն փուլն ունեցավ 90-ականների չեչենական երկու պատերազմների օրոք, այժմ թեւակոխել է ավելի դանդաղ եւ ինստիտուցիոնալիզացված փուլ. վկա` Կադիրովի վարած համընդհանուր «խոհեմ»  իսլամականացման քաղաքականությունը, հյուսիսկովկասյան հանրապետություններում ահագնացող անկայունացման նոր հուժկու միտումները եւ չեչենական կապիտալի եւ ժողովրդագրական ծավալապաշտությունը Ստավրոպոլի եւ Կրասնոդարի մարզերի ուղղությամբ:

Իրանի հետ կրոնական զանազանության գործոնը մեծապես դարմանվում է թե° թուրքական ընդհանուր սպառնալիքը չեզոքացնելու անհրաժեշտությամբ, եւ թե° վաղնջական շրջանից ժառանգված եւ գիտակից շրջանակներում դեռեւս բավարար չափով գիտակցվող քաղաքակրթական երբեմնի ընդհանրության շնորհիվ:

Ընթացող եւ ակնկալվող զարգացումների աննախադեպ տարողությունը ստեղծում է ոչ միայն տարածաշրջանային, այլեւ համաշխարհային լուրջ անկայունության վտանգ: Բնական է, որ ներկայումս խիստ փոխկապակցված աշխարհում յուրաքանչյուր խոշոր աշխարհաքաղաքական ցնցում մեծապես վտանգավոր է` Հայաստան-թուրքական շրջապատ եւ Հայաստանին հարակից տարածաշրջանում չկարգավորված կամ դեռեւս սկզբնավորման փուլում գտնվող այլ հակամարտությունների բռնկման առումով:

բ. Ներքին մարտահրավերներ. դրանք բազմազան եւ խորն են: Առանց խորանալու վերջիններիս համակարգային դասդասման մեջ նշենք գլխավորը` հայոց քաղաքական վերնախավի, պետական հիմնարար հաստատությունների եւ հասարակական դաշտի ակներեւ անհամապատասխանությունը երկրի առջեւ ծառացած խնդիրներին: Ապագայում ռազմաքաղաքական եւ գոյաբանական մարտահրավերներին դիմագրավելու համար անհրաժեշտ է վերստին գիտակցել հայոց ինքնակա քաղաքակրթական էության դերը, համակարգել ազգային անսպառ ներուժի գեթ փոքր մասը` ընդհանուր ազգային-պետական նպատակների իրականացման ուղղությամբ: Հայաստանն ու հայությունը պետք է հրաժարվեն «սովորական» ազգ ու սեփական ճակատագիրը տնօրինելու անընդունակ «երրորդ կարգի» պետություն լինելուց, մեր աշխարհաքաղաքական դիրքից ելնելով, ինքնասպանական ու կեղծ կաղապարից:

Ալեքսանդր ՔԱՆԱՆՅԱՆ

Արցախի Արտաքին քաղաքականության
եւ անվտանգության հանրային խորհրդի անդամ

Քարվաճառ