Թուրքական խնդիրներ

by

“Մեծ մուրճ”-ը գուցե դեռ հարվածի…
“Balyoz” (Մեծ մուրճ) անվամբ ռազմապետական հեղաշրջման մեղադրանքով ձերբակալվածների՝ բարձրաստիճան թուրք զինվորականների հարցաքննությունն սկսվել է: Նշված ծրագրի պատրաստմանը մասնակցելու մեղադրանքով Թուրքիայի 9 նահանգներից ձերբակալվել է 49 զինվորական, որոնցից 17-ը պաշտոնաթող գեներալներ են, 4-ը՝ ծառայության մեջ գտնվող ծովակալներ, մնացածը՝ տարբեր զինվորական կոչումներ ունեցող թուրքական բանակի սպաներ:
Թուրքական զլմ-ների տեղեկացմամբ, հարցաքննվածներից 13-ի գործերն ուղարկվել են դատարան, 6 զինվորական ազատ է արձակվել, իսկ Թուրքիայի ռազմածովային ուժերի ծովակալ Ջեմ Գյուրդենիզի եւ գեներալ-մայոր Ազիզ Չաքմաքի ու 5 պաշտոնաթող զինվորականների նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը: Հարցաքննության ժամանակ ձերբակալված զինվորականները հիմնականում չեն պատասխանել հարցերին եւ օգտվել են լռելու իրենց իրավունքից:
Ըստ զլմ-ների, հարցաքննության ընթացքում հնչել են այսպիսի հարցեր. “Ի՞նչ նպատակով էիք պատրաստել “Balyoz” ծրագիրը”, “այդ ծրագիրը կազմելու հրահանգն ումի՞ց եք ստացել”, “ո՞ւմ հետ եք պատրաստել այդ ծրագիրը”, “հասցրե՞լ եք որոշ բաներ իրականացնել այդ ծրագրից”, “ե՞րբ էիք նախատեսել կյանքի կոչել այդ ծրագիրը” եւ այլն: Հիշյալ ծրագրով նախատեսվել էր Թուրքիայում պայթեցնել մզկիթ, ռմբահարել մի քանի թուրքական մարտական ինքնաթիռ, իրականացնել աղմկահարույց սպանություններ, ստեղծվելիք քաոսային իրավիճակը ծառայեցնել հեղաշրջմանը՝ նպատակ ունենալով իշխանությունից հեռացնել վարչապետ Էրդողանի գլխավորած “Արդարություն ու զարգացում” կուսակցությանը:
Իսկ Թուրքիայի պետնախարար ու եվրաանդամակցության գլխավոր բանագնաց Էգեմեն Բաղըշը, ելույթ ունենալով Չեմբերլիթաշի ասոցիացիայի հիմնադրամի կենտրոնակայանում, քննադատել է Թուրքիայի ներկայիս Սահմանադրությունը, որով Թուրքիան չի կարողանա առաջընթաց ունենալ: “Զինվորական Սահմանադրությամբ հնարավոր է միայն նվազագույն ժողովրդավարություն ապահովել”,- ասել է պետնախարարը: Է. Բաղըշը հիշեցրել է, որ արդեն 51 տարի է, ինչ ընթանում են Թուրքիայի եվրաանդամակցության բանակցությունները եւ չեն ավարտվում, իսկ ԵՄ անդամ երկրներ կան, որոնք ժամանակին ավելի դժվար բանակցային փուլերում են եղել, քան Թուրքիան: Իսկ այս երկրի ներկայիս Սահմանադրությունը գրվել է 1980թ. ռազմական հեղաշրջում իրականացրած գեներալների կողմից եւ ընդունվել է 1982թ.: Արեւմուտքը դժգոհ է այդ Սահմանադրությունից եւ անընդհատ բարձրաձայնում է դրա բարեշրջումների անհրաժեշտության մասին:
Իսկ Թուրքիայում զինվորական հեղաշրջումները միտում չունեն դադարելու: Սա պիտի մտահոգի նաեւ մեր իշխանություններին եւ ժողովրդին, առավել եւս, երբ պատրաստակամություն կա հարաբերություններ ձեւավորել թուրքերի հետ:

Հայկ Թորգոմյան

Ախպերությունը` ախպերություն, գործը` գործ
Բաքվում Թուրքիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Հուլուսի Քըլըչը հայտարարել է, թե երկու երկրների միջեւ մուտքի արտոնագրային (վիզային) ռեժիմի հանման վերաբերյալ մի փաստաթուղթ է պատրաստվել: Դեսպանը հույս է հայտնել, որ կողմերը կդնեն իրենց ստորագրությունն այդ փաստաթղթի տակ:
“Թուրքիան վերջին շրջանում որոշ երկրների հետ վերացրել է վիզային ռեժիմը, օրինակ, Սիրիայի, Հորդանանի եւ Լիբանանի հետ: Լիբանանում մեծ հայկական համայնք կա, կառավարությունում էլ հայկական ծագում ունեցող երկու նախարար կա: Չնայած այդ հանգամանքին, նրանք մեզ հետ հանեցին վիզային ռեժիմը: Մեր երկիրը սպասում է, որ Ադրբեջանի հետ նույնպես կհանվի վիզային ռեժիմը”,- ասել է Հ. Քըլըչը:
Այսպես Անկարան եւ Բաքուն փորձում են հեշտացնել թյուրքական երկկողմանի հարաբերությունները: Սակայն, չնայած մեծ ցանկությանը, Թուրքիան հանուն իր կրտսեր եղբոր, չի հետեւում Իրանի օրինակին, որը միակողմանի, արդեն շուրջ մեկ ամիս, դադարեցրել է վիզային ռեժիմը Ադրբեջանի հետ:

Կարեն Բալյան

* Թուրքերը սպասում են ԱՄՆ-ին
ԱՄՆ-ի թուրքական միությունների ֆեդերացիան (TADF) Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում Հայոց ցեղասպանության բանաձեւին առավել ուժգին ընդդիմանալու կոչ է արել: Ֆեդերացիայի նախագահ Քայա Բոզթեփեի տարածած հաղորդագրության մեջ ամերիկաբնակ թուրքերին կոչ է արվում բողոքի նամակներ գրել կոնգրեսականներին` մասնակցելով համընդհանուր նամակագրության ակցիային:
Ըստ թուրքական զլմ-ների, այդ հաղորդագրությունն արդեն ուղարկվել է 30.000 թուրքերի: “TADF”-ի պատվիրակությունը Ք. Բոզթեփեի գլխավորությամբ մեկնել է Թուրքիա՝ կազմակերպչական հանդիպումներ անցկացնելու:

* ՆԱՏՕ-ն սպասում է Ռուսաստանին
ՆԱՏՕ-ն դեռ չի ստացել Մոսկվայի պաշտոնական պատասխանը` կապված Աֆղանստանի անվտանգության ուժերին ուղղաթիռներ տրամադրելու եւ դրանց համար օդաչուներ պատրաստելու ավելի վաղ արված հարցման հետ:
Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը: Հստակ պատասխան չկա, սակայն ՌԴ-ի իշխանությունները քննարկում են այդ առաջարկը:
Հետաքրքիր է, որ Մոսկվան նախատեսել է Իրանին էլ վաճառել S-300 հակաօդային պաշտպանության համակարգեր, սակայն ինչին արդեն դեմ է ՆԱՏՕ-ն:

Արտակ Հայոցյան

Թուրք-հունական նոր առճակատում
Թուրքական “Սի Էն Էն թուրք” լրատվական ծառայության տեղեկացմամբ, Կիպրոսի Հանրապետության խորհրդարանն ընդունել է մի հռչակագիր, որով դեմ է արտահայտվում կիպրական բանակցություններում Անկարայի միջամտությանը՝ երաշխավորի կարգավիճակով: Այս որոշումը, թուրքերի համոզմամբ, բանակցություններում կարող է որպես հաղթաթուղթ օգտագործվել թուրքական կողմի դեմ: Ի դեպ, այդ հռչակագիրն ընդունվել է միաձայն:
Թուրքական զլմ-ները նշում են, որ այդ փաստաթղթի ընդունումից շատ առաջ Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության (ՀԿԹՀ) նախագահ Մեհմեթ Ալի Թալաթը զանգահարել էր Կիպրոսի նախագահ Դիմիտրի Խրիստոֆիասին եւ այդ երկրի քաղաքական ընդդիմության առաջնորդ Նիկոս Անաստասիադիսին ու ցանկություն էր հայտնել, որ նման փաստաթուղթ չվավերացվի, բայց, ապարդյուն:
Իսկ ըստ հունական զլմ-ների, ՀԿԹՀ վարչապետ Էրօղլուն նախազգուշացրել է, որ Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության խորհրդարանն էլ կարող է դրան հակառակ փաստաթուղթ ընդունել: Իսկ Եվրախորհրդարանը վերջերս Թուրքիայի մասին պատրաստած զեկույցում պահաջել էր, որ թուրքական զորքերը դուրս բերվեն Կիպրոսից: Այսպես միջերկրածովյան ավազանում կարող է վերստին հասունանալ թուրք-հունական մի նոր առճակատում:

Կարեն Բալյան

Քրդական “դիպուկահարում”
Պաշտոնական այցով Իսպանիայում գտնվելու ժամանակ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հերթական “կոշիկի նետման” թիրախ է դարձել: Էրդողանը Սեւիլիայում Էր գտնվում, քանի որ նրան պետք է հանձնվեր “NODO” հիմնադրամի մրցանակը “Քաղաքակրթությունների դաշինք” նախաձեռնությանն աջակցելու համար, որը նպատակամղված է ծայրահեղականության դեմ միջազգային գործողությունների ակտիվացմանը (եւ ու՞մ են պարգեւատրում — Ա.Մ.): Երբ Թուրքիայի վարչապետն ավտոմեքենա նստելիս է եղել Անդալուզիայի մայրաքաղաքի օդանավակայան մեկնելու համար, ինչ-որ մեկը կոշիկ է նետել նրա վրա՝ “Կեցցե Քրդստանը” գոռալով: Բայց կոշիկը Էրդողանին չի դիպել, թիկնապահն է կոշկահարվել, իսկ անվտանգության ծառայությունն իսկույն բռնել է անհաջողակ “դիպուկահարին”:

Անի Մարության

“Լուսանցք” թիվ 138, փետրվարի 19- մարտի 4 2010թ.

Թողնել մեկնաբանություն