ՎԱՀԱԳՆ

 Վահագն՝ պատերազմի, քաջության և հաղթանակի գերագույն աստվածը հին հայկական դիցաբանության մեջ։ Որոշ աղբյուրներում ու առասպելազրուցներում նաև վկայվում է որպես արեգակային աստված։ Ըստ Անանիա Շիրակացու, ավանդաբար Վահագնի անունը կապվող Հարդագողի ճանապարհը կամ Ծիր կաթինը հայերն անվանել են նաև «Արեգական հին ճանապարհ»։ Վահագնին ձոնված դիցաբանական երգում նա պատկերվում է սրբագործված չորս տարրերի՝ Երկինքի, երկրի, ծիրանի ծովի և ծիրակարմիր եղեգնի երկունքից ծնված խարտյաշ պատանի՝ հրացայտ վարսերով, բոցակեզ մորուսով և արեգակնային աչքերով։ Ըստ առասպելաբանության, կենսատու լույս անձնավորող Վահագնը, որպես քաջ որսորդ, մարտնչում է խավարը, չար ու վնասակար ուժերը մարմնավորող վիշապների դեմ։ Այդ պատճառով էլ նրան տրվել է Վիշապաքաղ մականունը։ Հայոց բարձր լեռները դիտվել են իբրև Վահագնի երկրային սրբազան կայաններ։ Ըստ Վասպուրականի հայոց մեջ տարածված ավանդազրույցի, Արեգակը գիշերը ծովում լողանալուց հետո, առավոտյան երկինք է բարձրանում Վարագի(մակաբերվում է Վահագնի անունը) գագաթից, իսկ նրան հարատև ուղեկցում են 12 ոսկե գավազանակիրներ։

Վահագնն եղել է հայոց ամենասիրված և ընդհանրական աստվածը։ Մովսես Խորենացին վկայում է, որ տակավին իր ժամանակներում (V դ) ժողովրդի մեջ պահպանվում էր Վահագնի դյուցազներգությունը. փանդիռների նվագակցությամբ գուսանները երգում էին նրա դիցաբանական ձոնը, պատմում նրա բազում սխրագործությունների մասին։ Վահագնի ձոներգը, որը հայ հին բանաստեղծական արվեստի հանճարեղ նմուշներից է, ժողովրդական գուսաններից գրի է առել Մովսես Խորենացին։ Վ.Իվանովի եզրակազությամբ՝ նրանում անխաթար պահպանվել են ընդհանուր հնդեվրոպական հնագույն դիցաբանական քերթությունը բնորոշ գծերն ու սկզբունքները։ Թերև այդ ընդհանուր հնդեվրոպական բնույթի ազդեցությամբ՝ որոշ բանաստեղծներ ենթադրել են, որ «Վահագն» անունն առաջացել է սանսկրիտ. «վահ» (բերող) կամ «վհա»(բոց, աստղ) և «ագնի» (կրակ) բառերից կամ հնդիրանական Վերեթրագնա, Վայու, Վաե վեհ աստվածությունների անուններից։ Հիմնավոր պատճառներ կան ենթադրելու, որ «Վահագն» անունն առաջացել է հին հնդեվրոպական «Բահագին»(աստված) գաղափարանուններից՝ «բ» հնչյունը «վ»–ի փոխվելու սովորական օրինաչափությամբ։ Քանի որ Վահագնն անձնավորել է դիցաբանական հար և նույն գաղափարը, փառաբանվել նույն մակդիրներով, ինչ Հայկ բահագինը, հետևաբար վերջինիս հեթանոս հայերն անվանել են Բահագին կամ Վահագին՝ նրա գաղափարանունը վերածելով հատուկ անուն։ Պատահակ չէ, որ Անանիա Շիրակացու գրի առած մի հինավուրց ավանդազրույցում Հայկի փոխարեն հայոց նախնի և սեմական Բել աստծու հակառակորդ է հիշատակվում Վահագնը։

Վահագնի գլխավոր տաճարը կամ մեհյանը եղել է Տարոն գավառի Վիշապ քաղաքավանին մերձակա քարքե լեռան լանջին։ Վահագնի տաճարն Ագաթանգեղոսն անվանում է «մեծագանձ՝ լի ոսկով ու արծաթով»։ Տաճարում դրվել է Վահագնի մեծ անդրին, կից կից սրսհներում՝ Աստղիկ դիցուհու և Անահիտ դիցամոր անդրիները։ Վահագնի հարսնացուն համարվել է Աստղիկը, որի սրահը կոչվել է «սենյակ Վահագնի»։ Քրիստոնեական դարձի ժամանակ (301) Գրիգոր Լուսավորչին ուղեկցող զորքերը համառ կռիվներից հետո կործանել են Վահագնի գլխավոր տաճարը, որի տեղում հիմնվել է հայոց առաջին և մայր եկեղեցին։ Թովմա Արծրունին Վահագնին նվիրված տաճարներից մեկը հիշատակվում է Փոքր Աղբակ գավառում, մյուսը՝ Տոսպում։

Հայոց տոմարում Վահագնի անունով է կոչվել ամսվա 27-րդ օրը։ Իբրև ռազմի աստված՝ Վահագնը նույնացվել է այդ գաղափարը խորհրդանշող Հրահատ (Մարս) մոլորակին, որին հին հայերը տվել են Ատրահեր մականունները։

Թողնել մեկնաբանություն