Ի՞նչ լեզվով են մեր երազները

by

Մեր երկրում ոմանք ռուսերենը փորձում են դարձնել Հայաստանում, այսպես ասած, ազգամիջյան հաղորդակցության լեզու: Հայերենը, որպես այդպիսին, չի՞ բավարարում ազգային փոքրամասնություններին:

Ալիխանե Մամե (“Զագրոս” թերթի գլխ. խմբագիր). — Դա ԽՍՀՄ-ից եկած մտայնություն է: Այն ժամանակ հայերի մի շերտ ձգտում էր իր երեխաներին ռուսական կրթության տալ, պատճառաբանելով, որ երեխաների ապագան դա է, որ ռուսերենի միջոցով նրանք համաշխարհային “օվկիանոս” դուրս կգան: Սակայն հետագայում հասկացան սխալը: 

Հնարավոր չէ՞ սովորել քրդական գյուղում եւ շատ լավ տիրապետել հայերենին եւ զուգահեռ իմանալ օտար լեզուներ:

Ա. Մ. — Ես ստեղծագործում եմ հայերենով ու քրդերենով: Հետաքրքիրն այն է, որ ես քրդերեն կարող էի իմանալ, բայց չստեղծագործել: Սակայն, մի հիմնավոր լեզու իմանալով, որը հայերենն էր ինձ համար, այլ լեզուների նկատմամբ հակումս մեծացավ: Բանն այն է, որ ապրել ու մեծացել եմ հայկական գյուղում, բայց շփվել եմ քրդական գյուղերում մեծացած ընկերներիս հետ: Ինձ համար հայերենն է եղել այն լեզուն, որով կարողացա մտնել գիտության, մշակույթի բնագավառ: 

Իսկ որեւէ օտար լեզու հարկավո՞ր է ազգային փոքրամասնությունների շփումը կարգավորելու համար:

Ա. Մ. -Ոչ: Լեզուն էլ քաղաքականություն է, լեզվով են պահում ազգը: Հայաստանի պետական լեզուն հայերենն է, սակայն այստեղ ոչ ոքի չեն արգելում մայրենի լեզուն իմանալ եւ խոսել, մայրենի լեզուն, մշակույթը զարգացնել: Իսկ ինչո՞ւ չպետք է հայերենը լինի նաեւ ազգային փոքրամասնությունների հաղորդակցման լեզուն: 

Ի՞նչ լեզվով եք շփվում, ասենք, հրեական կամ ռուսական համայնքների ներկայացուցիչների հետ:

Ա. Մ. -Ոմանք ռուսերեն են խոսում, բայց ես հայերեն եմ պատասխանում: Ռուսների, ռուսաց լեզվի նկատմամբ սկզբնական շրջանում բարեհոգի վերաբերմունք կար, այդ լեզուն պարտադիր էր, շատ դպրոցներ էին բացվում եւ այդ նպատակով Կենտրոնը մասնագետներ էր ուղարկում: Դրա նպատակը Հայաստանում ռուսաց լեզուն արմատավորելն էր: Նույնիսկ փորձ արվեց ազգային հանրապետություններում այն պաշտոնապես պետական լեզու դարձնել, սակայն հանդիպեցին դիմադրության: Յուրաքանչյուր պետության, ազգի խնդիրն իր լեզուն եւ մշակույթը տարածելն է, եւ դա արվում է նաեւ դեսպանատներով: Նույնը պետք է որ անի նաեւ Հայաստանը: Բայց պետք է այնպես անել, որ այն չվերածվի քաղաքական ակնհայտ լծակներից մեկի: 

Խոսքը 5-րդ շարասյան վտանգի՞ մասին է:

Ա. Մ. — Այո: Որոշակի սահմաններ կան: Հրեաների լեզուն, օրինակ, մեծ վտանգ չի ներկայացնում, մինչդեռ ռուսերենն արդեն վտանգ պարունակում է: 

ՀՀ քաղաքացի քուրդը պետք է հայկական կրթություն ստանա՝ անպայման հնարավորություն ունենալով սովորելու քրդերենը

Ա. Մ. — Օրենքը դա պարտադրում է. հայերենը պետական լեզու է, իսկ ազգային փոքրամասնությունների համայնքներն ազատորեն կարող են կիրառել եւ ուսուցանել իրենց լեզուն, կիրառել այն ամեն տեղ: Հայաստանի լեզվի մասին օրենքը ամենագործողն է, ամենաժողովրդավարը, եթե համեմատում ենք այլ երկրներում եղածների հետ: 

Գրիշա Չաթոյան (“Ռյա թազաթերթի գլխ. խմբագիր). — Ժամանակին լենինյան ազգային քաղաքականություն էին վարում, որը մեր ժողովրդին բավականին բան տվեց: Օրինակ, տվյալ ազգային փոքրամասնության երեխաներին մայրենի լեզվով կրթելը: 1931թ. Հայաստանում (աշխարհում միակը) բացվեց Անդրկովկասի քրդական տեխնիկումը, որտեղ ուսանում էին Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի երիտասարդները, հիմնականում՝ տղաներ, իսկ գոյության վերջին տարիներին՝ նաեւ աղջիկներ: Այստեղ մասնագետներ էին պատրաստում զուտ քրդաբնակ գյուղերում դասավանդելու համար: Դպրոցներում բոլոր առարկաներն անցնում էին քրդերեն: Տվյալ պահի համար ողջունելի քայլ էր, ասացի: Սակայն չարդարացվեց, որովհետեւ այդ ժամանակ Հայաստանում տասնյակ քրդական գյուղեր կային, եւ այդ երեխաները միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո չգիտեին ուր գնալ սովորելու, չէ՞ որ քրդական ոչ մի բուհ չկար: Սխալն ուղղեցին. հիմա մեր 21 ազգային գյուղերում հայկական դպրոցներ են, որոնց շրջանավարտը կգնա հայկական միջնակարգ մասնագիտական կամ բուհում սովորելու: 1972-ին եմ ավարտել ԵՊՀ-ն, եւ այդ ժամանակ արդեն ունեինք քրդական ուսանողական խորհուրդ, իսկ ժողովներին 300-400 ուսանող էր հավաքվում: 

Իսկ եթե ռուսակա՞ն լինեին այդ դպրոցները:

Գ. Չ. -Դա այլ հարց է:

Ա. Մ. – 1970-ականներին Շամիրամ գյուղից մի քանի հոգի դիմում էր գրել ղեկավարությանը, որ ցանկանում են գյուղում դասավանդումը ռուսերեն կազմակերպել, բայց ժողովուրդը մերժեց: Մերժեցին եւ այստեղ, եւ դրսում: Պատճառաբանությունն այն էր, որ հայ եւ քուրդ ժողովուրդների հարաբերությունները բացառիկ են: Ապրում ենք, այսպես ասած, իրար մեջ, մեզանից յուրաքանչյուրի լեզուն ռազմավարական, ազգապահպան բացառիկ նշանակություն ունի, որովհետեւ հայերն ու քրդերն ապրել եւ ապրում են հզոր պետությունների շահերի խաչմերուկում: Այդ պատճառով էլ միմյանց լեզվի նկատմամբ հարգանքը մեծ է: Մենք միմյանց լեզուները սովորելու, հարգելու խնդիր ունենք ի ծնե, ի բնե: Իրաքում եւ Թուրքիայում մեծ թվով քրդացած հայեր կան, բայց նրանց հնարավորություն են տալիս պահպանելու իրենց ազգությունը: Հիմա էլ հանդիպում եմ նրանց, զրուցում. հայերը Քուրդիստանում քուրդ անվանվելով են գոյությունը, լեզուն, կրոնը պահպանել: Նույնը վերաբերում է մեզ: Ռուսերենի կամ մեկ այլ լեզվի պարագայում այդ խորքային վերաբերմունքը չկա:

Գ. Չ. — Ինչո՞ւ ենք մոռանում՝ դեռ 16 տարի առաջ ամեն տեղ գրագրությունը ռուսերեն էր: Այն ժամանակվա քաղաքականությունն էր: Հիմա Հայաստանն անկախ է, եւ պետք է հարգել նրա օրենքները: Ես ՀՀ քաղաքացի եմ, եթե հայերեն չիմանամ, ինչո՞ւ պետք է ինձ ընդունեն աշխատանքի: Մերձբալթյան երկրներից օրինակ վերցնենք: Էստոնիայում, օրինակ, եթե էստոներեն քննություն չտաս, աշխատանքի չեն ընդունում: Երբ ժամանակին քրդական գյուղերի դպրոցներում բոլոր առարկաները քրդերենով էին, ասորիներն այլ ուղի ընտրեցին՝ իրենց գյուղերում բացեցին ռուսական դպրոցներ: Մեր գյուղերում մինչեւ 1995-96թթ. պետական ծրագրով շաբաթական 2 ժամ էին քրդերեն (լեզու եւ գրականություն) անցնում՝ 3-րդից 8-րդ դասարաններում, բայց այն դասարաններում, որոնց աշակերտների, առնվազն, 50%-ը քրդեր են: Հիմնականում արդարացվում էր դա: ԽՍՀՄ-ում միջպետական լեզուն ռուսերենն էր, եւ պետք է սովորեիր: Եթե մենք էլ պետականություն ունենանք եւ ՀՀ-ում ունենանք մեր դեսպանը, առաջիններից մեկը կպահանջենք քրդական դպրոցներ կամ դասընթացներ բացել՝ խորացված ուսուցմամբ: 

Հայաստանի՞ հաշվին:

Գ.Չ. — Թող քրդական պետության միջոցներով լինի: Բայց փաստ է, որ Հայաստանը միակ պետությունն է աշխարհում, որն ազգային փոքրամասնությունների երեխաներին մայրենի լեզվով կրթելու համար բյուջեից միջոցներ է տրամադրում եւ վարձատրում է մանկավարժին:

Ա. Մ.- Ընդհանրապես, մեր տարածաշրջանի հիմնական ազգերի լեզուների նկատմամբ անտարբեր չպետք է լինենք: Տեսեք, ԵՊՀ-ի արեւելագիտության ֆակուլտետում անցնում են պարսկերեն, արաբերեն, թուրքերեն, քրդերեն‘ նույնպես: Քրդերենը վեր է ածվել կարեւոր գործոնի, քանի որ քրդերն են դարձել քաղաքական գործոն. Թուրքիայում տեսակարար կշռով 2-րդն են, Իրաքում, Սիրիայում՝ նույնպես, Իրանում 3-րդն են:

Գ. Չ. — Ռուսերենը Հայաստանում 2-րդ պետական լեզու դարձնելը, իմ կարծիքով, հնարավոր կլիներ, եթե ռուսների թիվը կամ ազգային այլ փոքրամասնությունների կշիռը, որոնք կցանկանան դա, Հայաստանում հասնի 30-40%-ի: Բայց այդպիսի բան չկա: Ընդհանրապես, մի քանի լեզու իմանալը միայն ողջունելի է, սակայն, որպես ասիական ժողովուրդ, տուրք ենք տալիս “մոդային”: Տարօրինակ չէ՞, որ լեզվաբանը հայերենից ու ռուսերենից բացի այլ լեզու չգիտի: 

Կրթական համակարգն է կիսատպռատ:

Գ. Չ. — Դա պարզորոշ զգում ենք: Մինչեւ 1990-ականները քրդերենի դասավանդումը պետականորեն էր, հետո հանվեց ծրագրից՝ թողնելով դպրոցների տնօրենների հայեցողությանը: Վերջիններիս մի մասը, ուսուցիչների հաստիքադրույքը լրացնելու համար, հայերենի հաշվին են քրդերենն ուսուցանում, ինչն անթույլատրելի է: Թող անեն, ասենք, տնարարության կամ ֆիզկուլտուրայի հաշվին, քանի որ այս դեպքում աշակերտը ոչ քրդերենին է կարողանում կարգին տիրապետել, ոչ էլ հայերենին, այսինքն՝ այդ դպրոցները տալիս են այդ առումով ոչ լիարժեք շրջանավարտներ: Սա ԿԳՆ խնդիրն է: Ժամանակին դիմեցինք նախարարություն, առաջարկներ արեցինք, սակայն ոչինչ էլ չարվեց: Հայաստանի կրթական համակարգը դեռ փորձարկումների փուլում է: Ընդհանրապես, Հայաստանի օրենսդրությունը հնարավորություն է տալիս գրագրությունները, դիմումները, ընդհուպ մինչեւ իշխանական ատյաններ դիմումներ գրել, ասենք, քրդերեն: Սա էլ՝ իշխանությունների տուրքն է ժողովրդավարության ժամանակակից քամիներին: Մեր պաշտոնյաներն առանց ուսումնասիրելու ստորագրում են եվրոպական, միջազգային կառույցների կազմած փաստաթղթերը՝ չխորանալով հնարավոր հետեւանքների մեջ: Օրինակ, Արագածոտնի մարզի այսինչ գյուղի բնակիչն եմ, քրդերեն գրում եմ ՀՀ նախագահին, եւ նա պարտավոր է դրան ծանոթանալ, թարգմանիչ պահել: 

ՀՀ քաղաքացին կամ գյուղապետը պետական լեզուն չգիտի՞:

Գ. Չ. — Գիտի, բայց օրենքը հնարավորություն է տալիս, եղբա՛յր, տվյալ ազգային փոքրամասնության լեզվով գրագրություն անել: Մոդա է. ես քեզ քրդերեն գրություն եմ ուղարկում, բարի եղիր՝ քրդերեն էլ պատասխանիրր: Ժողովրդավարություն էլ կա, ժողովրդավարություն էլ: Հիմնական բաները թողած՝ ընկել ենք երկրորդականի հետեւից: Ես, որպես ՀՀ քաղաքացի, ամաչում եմ… Այո, ԽՍՀՄ 70 տարիները շատ բան տվեցին քրդերին. 1955թ. վերահրատարակված “Ռյա թազայի” եւ այժմյան “Ռյա թազայի” լեզվում սար ու ձորի տարբերություն կա, այդքան մեծ, որ այժմյան քրդերենով կարող ենք Սեւակ, Չարենց, տարբեր ազգերի գրողներին թարգմանել, այսինքն՝ գրական լեզու է դարձել քրդերենը: Բայց տարիներ առաջ ԱԺ-ն, որի խոսնակը Արմեն Խաչատրյանն էր, ընդունեց ազգային փոքրամասնությունների լեզվի մասին օրենք, որտեղ ամրագրված են նաեւ եզդիերենն ու քրդերենը՝ որպես բոլորովին տարբեր լեզուներ: Սա անիմաստություն էր: Չգիտես ծիծաղե՞ս, թե՞ լաս: Միտումնավո՞ր է արվել: Սա՞ էլ է հետեւանք այն բանի, որ Հայաստանը, առանց խորանալու խնդրի էության մեջ, հապճեպ ստորագրել է ինչ-որ փաստաթուղթ եւ պարտավորություն հանձն առել: Մի տեղ ցույց տվեք, որտեղ գրված լինի “եզդիերեն”: Հիմա ասում եք՝ ազգային մի քանի փոքրամասնություններ պահանջում են, որ Հայաստանում լինի 2-րդ պետական լեզու: Ես դեմ եմ դրան, փոխարենն իմ իրավունքն եմ ուզում վերականգնել՝ ինչո՞ւ եք իմ լեզուն խլել, տվել ուրիշին եւ պետականորեն ամրագրել: Կրոնով եմ եզդի, բայց ազգությամբ քուրդ եմ, իսկ լեզուն քրդերենն է (կուրմանջի):

Ա.Մ. — Իշխանություններն ի՞նչ գիտական հիմքով են դա արել: Օդից վերցրած մի թուղթ են ստորագրել: Եզդիերենը քրդական բարբառի պարզ դրսեւորում է:

-Հայաստանում կա՞ որեւէ քուրդ, ով քրդերեն չգիտի:

Ա.Մ. — Չկա: 

— Բայց հայերի մի մասն օտարախոս է, իսկ դա պետության սկզբունքային բացթողումն է:

Գ. Չ. — Երեխաներիս ասել եմ՝ փողոցում, դպրոցում, աշխատավայրում այլ բան է, բայց տանը խոսեք միայն քրդերեն: Հայաստանում մի մեծ խնդիր կա. հենց պետական հեռուստաընկերությունը՝ Հ1-ը, պետք է պաշտպանի պետական լեզուն, բայց, անկեղծ ասած, վերջին տարիներին այդ ալիքը գրեթե չեմ միացնում, որովհետեւ զարհուրելի լեզվով են խոսում: Առաջինը հայերից պահանջեք, որ հայերն խոսեն, մեզանից ի՞նչ եք ուզում, եղբայր, մենք հայերեն շատ լավ էլ գիտենք:

Ա. Մ.- Վիլյամ Սարոյանին հանդիպեցի, երբ Հայաստանում էր, ասաց. “Գրիր եւ սովորիր քո մայրենի լեզվով”: Ինձ տարօրինակ թվաց դա, քանի որ ինքն անգլիագիր էր: Բայց հետո բացատրեց, որ իր գործերում պարզությամբ առաջինն ասելիքն է, փիլիսոփայությունը, կենսափորձը, իսկ երբ մարդը մայրենի լեզվով է գրում, արդեն հուզաշխարհի, ներաշխարհի դրսեւորումներն են կարեւորը:

Գ. Չ.- Ամեն ազգի ներկայացուցիչ պետք է իր երազները իր իսկ լեզվով տեսնի… 

Զրուցեց Ս. Տեր-Սիմոնյանը

“Լուսանցք” Թիվ 47, 29 փետրվարի – 6 մարտի, 2008թ.

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s


%d bloggers like this: