«Լուսանցքը» հետեւողականորեն շարունակելով իր լրագրողական հետաքննությունը, Լոս Անջելեսից ստացավ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի հումանիտար բաժանմունքի ս.թ. ապրիլի 7-ի «պատմական» որոշումը՝ ամերիկյան հայագիտության տարածած հակահայկական տեսակետների մասին:
Փաստաթուղթը մեզ տրամադրել են Լոս Անջելեսում մեր համակիրները, ովքեր այն ձեռք են բերել «պատմաբան», ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ Ռիչարդ Հովհաննիսյանի անմիջական շրջապատից:
Մեր ընթերցողներն իհարկե գիտեն, որ սույն «գերգաղտնի» փաստաթուղթը ակադեմիայի հումանիտար բաժանմունքի պատասխանատու ակադ. Վլադիմիր Բարխուդարյանը խստորեն պահում էր հանրությունից, նույնիսկ՝ բաժանմունքի անդամների մեծ մասից: Նա համառորեն մերժում էր այն հրապարակել՝ հակառակ այն հրապարակելու ԱՄՆ-ում եւ Հայաստանում հնչած բազմաթիվ բողոքների եւ պահանջների, որոնց մի մասը տեղ գտավ մեր թերթի նախորդ համարներում:
Հիմա որ քամուն ենք տալիս Վլ. Բարխուդարյանի եւ բաժանմունքում նրա հանցակիցների ամոթույքը ծածկող այս «թզի տերեւը», այսուհետեւ ինչպե՞ս են սույն պարոնները ծածկելու «կուսությունից» զրկված իրենց մերկությունը (խնդրում ենք արվամոլական միտումներ չփնտրել մեր հարցադրման մեջ):
«Լուսանցք»
Այսպիսով, ներկայացնում ենք ՀՀ ԳԱԱ հումանիտար բաժանմունքի կարծիքը Լոս Անջելեսում լույս տեսած հայոց պատմության անգլերեն երկհատորյակի մասին:
ՀՀ ԳԱԱ հումանիտար բաժանմունքը ստացել է բազմաթիվ բողոքներ 1988թ. Լոս Անջելեսում լույս տեսած հայոց պատմության երկհատորյա բուհական դասագրքի մասին:
Հումանիտար բաժանմունքը հանգամանորեն քննելով նշյալ դասագրքի բովանդակությունը՝ հանգել է հետեւյալ եզրակացության.
1. Երկհատորյակում տեղ են գտել գիտական աշխարհում արդեն հնացած ու մերժելի բազմաթիվ տեսակետներ ինչ վերաբերում է հայ ժողովրդի ծագման, Հայկական լեռնաշխարհում հայ ժողովրդի բնիկության, Ուրարտուի պետության ոչ հայկական էության եւ այլ հարցերի մասին, որոնց վերաբերյալ հայ եւ համաշխարհային պատմագիտական միտքը կատարել է բազմաթիվ ճշգրտումներ ու անհերքելի ապացույցներով հիմնավորել նման տեսակետների սխալականությունն ու ոչ գիտականությունը:
2. Երկհատորյակում տեղ են գտել հայ ժողովրդի համար պաշտելի, հայության խորհրդանիշ դարձած անձնավորությունների հասցեին ուղղված վիրավորական ու անհիմն արտահայտություններ, ինչպես Մովսես Խորենացու անձի վարկաբեկման խիստ դատապարտելի փորձը Ռ. Թոմսոնի կողմից, նաեւ՝ հայկական քաղաքակրթության նսեմացումը, ինչպես դա արել է Ջ. Ռասելը՝ հայկական քաղաքակրթությունն ու մշակույթը ածանցված հայտարարելով իրանական քաղաքակրթությունից եւ մշակույթից, Ռ. Սյունու կողմից հայոց հայրենիքի մասը կազմող Արեւմտահայաստանի փոխարինումը «Արեւելյան Անատոլիա» քաղաքական տերմինով եւ այլն:
3. Որոշակի աղավաղվել է նաեւ հայ ժողովրդի նոր եւ նորագույն պատմությունը, որոնց մասին գրած հեղինակների մոտ նկատվում են վառ արտահայտված հակակոմունիստական միտումներ եւ հակառուսական տրամադրություններ, որոնք այսօր, 21-րդ դարի առաջին տասնամյակի ավարտին, հայ ժողովրդի պատմության համատեքստում անհարիր են ամբողջովին: Պատմագիտությունը հայտնապես ծառայեցվել է ոչ գիտական, ավելի շուտ՝ քաղաքական հեռահար նպատակների, ինչն անընդունելի ենք համարում:
Հայոց պատմության լոսանջելեսյան երկհատոր բուհական դասագրքում տեղ են գտել նաեւ բազմաթիվ անճշտություններ տեղեկություններում, թվականներում, անուններում եւ այլն:
Ելնելով վերոնշյալ նկատառումներից՝ ՀՀ ԳԱԱ հումանիտար բաժանմունքը իր խիստ վրդովմունքն է հայտնում հայոց պատմության հիշյալ բուհական դասագրքում տեղ գտած միտումնավոր խեղաթյուրումների առթիվ եւ գտնում է, այս հատորների հետագա օգտագործումը մեծապես վնասակար է իսկական պատմագիտության եւ հայության շահերի տեսակետից, հատկապես նկատի ունենալով այն, որ շարունակում է տարածվել օտար շրջանակներում:
Բաժանմունքը կոչ է անում երկհատորյակի հեղինակներին եւ խմբագրին՝ հիմնովին վերանայել գրքի բովանդակությունը՝ այն վերախմբագրելով գիտական ճիշտ հիմունքների եւ հայագիտության վերջին նվաճումների հաշվառումով, զգոնություն եւ զգուշություն դրսեւորել հայոց պատմության նվիրված հատորների հետագա հրատարակությունների ժամանակ:
Երեւան, 7 ապրիլի, 2009թ.
«Լուսանցք», թիվ 110, Հունիսի 26- Հուլիսի 2, 2009թ.
Թողնել պատասխան