Մի կտոր չոր հաց էն էլ հրեն հա երկնքից կախված

by


Համաշխարհային բանկն օրերս հրատարակել է “Աղետների ռիսկի նվազեցումը եւ արտակարգ իրավիճակների կառավարումը Հայաստանում” զեկույցը:

Ըստ դրա, երկրաշարժերը, ջրհեղեղը, կարկուտը, սողանքները, սելավները, երաշտը, էրոզիան եւ անապատացումը ՀՀ-ում հսկայական սոցիալական եւ տնտեսական վնասի պատճառ են դարձել: Միայն 1988թ. Սպիտակի երկրաշարժի պատճառած նյութական վնասը հավասար է ՀՀ-ի 2007թ. ՀՆԱ-ի ավելի քան կրկնապատիկին (այս թվականին ՀՀ-ի ՀՆԱ-ն 9,2 մլրդ ԱՄՆ դոլար էր): ՀՀ-ի 48 քաղաքներում շուրջ 2.541.200 մարդ գտնվում է սեյսմիկ ակտիվ տարածքներում: ՀՀ-ի տարածքի սողանքային տեղամասերի ընդհանուր մակերեսը շուրջ 122 հազար հա է, որը կազմում է երկրի ընդհանուր տարածքի շուրջ 4,1%-ը. բնակավայրերի 35%-ը սողանքավտանգ վայրերում է գտնվում: Սողանքների հետեւանքով վնասվում են 233 համայնքներ, որը համայնքների ընդհանուր թվի 25%-ն է կազմում: 100-ից ավելի համայնքներում նկատվում է սողանքների զգալի ակտիվություն, որոնց հետեւանքով վնասվել են հարյուրավոր բնակելի տներ, հաղորդակցության ուղիներ եւ կենսապահովման օբյեկտներ, որը ներառում է 1744 հա կամ ընդհանուր բնակելի տարածքի 5,2%-ը, 240 կմ ճանապարհներ կամ մայրուղիներ կամ ընդհանուրի 3,2%-ը, 4,8 կմ երկաթգիծ կամ ընդհանուրի 0,5%-ը: ՀՀ-ի կեսից ավելին սելավավտանգ է, հատկապես միջին բարձրության լեռնային շրջաններում. հեղեղները սպառնում են նաեւ Երեւան, Կապան քաղաքներին եւ մերձակա շրջաններին: 2004-2007թթ.. սելավները վնաս են հասցրել շուրջ 200 բնակավայրերի եւ հիմնական տրանսպորտային ուղիների վրա գտնվող 600 տեղանքների:

Կարկտահարությունը գյուղատնտեսական ոլորտի ամենամեծ տարերային աղետներից է. կարկտահարության հասցրած միջին տարեկան վնասը գնահատվում է 30-40 մլն. դոլար: Կարկտավտանգ տարածքներում են շուրջ 368 գյուղեր: Վերջին 30 տարիներին ՀՀ-ում արձանագրվել է միջին ջերմաստիճանի բարձրացում. տաք քամիներն ավելացել են, իսկ տեղումներն ու խոնավությունը` նվազել: Գյուղատնտեսական տարածքների շուրջ 15%-ը երաշտավտանգ է:

Անապատացման ցուցանիշը եւս բարձրացել է, ընդ որում` ոչ միայն կլիմայի փոփոխության, այլեւ` մարդու գործունեության պատճառով: 1990-2005թթ. ընթացքում ՀՀ-ն կորցրել է իր անտառային ծածկույթի մոտավորապես 20%-ը կամ շուրջ 63 հազ հա: Ըստ ՀՀ-ի փրկարար ծառայության, անապատացումն այժմ սպառնում է մեր երկրի տարածքի 80%-ին, իսկ խիստ անապատացումը` 50%-ին: Երկրի կեսն էլ տուժում է էրոզիայի հետեւանքով:

Մի խոսքով, ՀՀ-ում աղետների մի ամբողջ “փունջ” է, բայց դրա որոշ մասի համար պետք չէ մեղադրել բնությանը. անապատացման, էրոզիայի, սողանքների պատճառը մարդն է, այո, նույնիսկ սողանքների: Մասնագետներն են ասում, որ այն առաջանում է նաեւ ոչ ճիշտ ոռոգման հետեւանքով: Կամ` ունենք մասնագետներ, ովքեր արդյունավետ ու էժան եղանակներ են առաջարկում (“Լուսանցք”-ն անդրադարձել է այս թեմային) սողանքների դեմ պայքարելու համար: Բայց չէ, մեզ մինչեւ միջազգային կառույցները չասեն ու վզներիս էլ վարկ չփաթաթեն, գործի չենք լծվի: Բա սելավները:
Հասկացանք, անձրեւներ են ու հեղեղումներ, ինչու՞ պիտի հեղեղատարները խցանված լինեն, որ սելավի պատճառած վնասներն էլ մեծ լինեն: Ամեն տարի այս մասին ասվում է, բայց ոչինչ չի փոխվում, որովհետեւ ՏԻՄ-երին իրավունքներ ենք տալիս, բայց ոչ պարտականություն (սա էլ առանձին թեմա է), որովհետեւ… գուցե մերոնց պե՞տք են աղետների այդչափ վնասները, քանզի դա դրսից փող բերելու կարճ եղանակ է…

Ինչեւէ, զեկույցը լսվեց, վարչապետը ճիշտ համարեց կանխարգելիչ միջոցառումները` աղետների ռիսկերը նվազեցնելու նկատառումով: Հետո խոսեցին միջազգային տարբեր կառույցների ղեկավարներ, առաջարկեցին այս կամ այն ձեւը աղետների դեմ պայքարելու: Մակերեսային խոսվեց ու անցավ…

Այս գարնանն էլի հեղեղումներ ու սելավ կլինեն այն վայրերում, որտեղ հեղեղատարներ կան, կարկուտը կխփի նույնիսկ այն վայրերում, որտեղ հակակարկտային կայաններ կան եւ այսպես շարունակ: Մինչդեռ ժամանակակից աշխարհը վաղուց ապրում է աղետների “հետ”, անգամ դրանից օգուտներ քաղում: Ասենք` ընդերքի էներգիան “դուրս թողնելու” ու վնասներ ստանալու փոխարեն երկրաջերմային կայաններ է հիմնում ու էլէներգիա ստանում: Իսկ մենք արդեն տարիներ քննարկում ենք ՀՀ-ում երկրաջերմային էներգետիկայի զարգացման խնդիրը, անգամ գումար տվող կար (իրանական կողմը` էլէներգիա ստանալու պայմանով), բայց գործը կիսատ մնաց, որովհետեւ տարածքը գնեց արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանը, ով եթե ուզի, այդ տեղում կարող է անգամ զուգարաններ տեղադրել զբոսաշրջիկների համար…

Սա է իրականությունը աղետների ռիսկերը նվազեցնել չկարողանալու:
Կամ` անապատացումից ենք խոսում: ՀՀ-ում երբեւէ որեւէ մեկը պատժվե՞լ է անտառհատումների համար: Ոչ: Շատ-շատ անտառի պահակը` այն էլ ծառ կտրելու: Իրական տերերը միշտ ստվերում են:

Այնպես որ, մեզ տեղն է: Բնության հետ ինչպես վարվում ենք, այդպես էլ պատասխան ենք ստանում…

— Մենք պետք է սովորենք ապրել արտակարգ իրավիճակների պայմաններում, Հայաստանը առավել, քան որեւիցե մեկ երկիր քաջ գիտակցում է, թե ինչ հետեւանքեր է ունենում աղետալի դեպքը: 21 տարի է անցել Սպիտակի ավերիչ երկրաշարժից հետո, բայց դեռեւս զգում ենք տնտեսական, սոցիալական եւ հոգեբանական հետեւանքները,- զեկույցի ներկայացման օրն ասաց վարչապետ Տ. Սարգսյանը:

Բայց նա չասաց, որ վաղը, եթե երկրաշարժ լինի Երեւանում, այդ ո՞ր նորակառույցը կանգուն կմնա: Քանի՞ շենք է կառուցվել ոչ սովետական հոգեբանությամբ:

Բայց ասաց, թե աղետների կանխարգելման բնագավառում բեկումնային ծրագրեր իրականացնելու նպատակով էլ ՀՀ-ում ստեղծվեց արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Բայց չասաց, որ բեկումնային ծրագիր գրելուց առաջ տեղական ինքնակառավարման մարմնի ղեկավարի ականջները պետք է ձգել, եթե գարնանը հեղեղատարները խցանված “հայտնաբերվեն”:

Չասաց այն, ինչ պիտի ասվեր: Դա էլ ձեւ է. կարելի է չասել, բայց ձգել ՏԻՄ-ի ականջները: Չնայած ինչպե՞ս կարելի է, մենք քաղաքավարի ենք, ականջները քաշելու փոխարեն ասում ենք` ծրագիր գրիր, թե ինչպես քաշել ականջները, որպեսզի ցավ չպատճառել, որպեսզի քաղաքավարի լինի: Ու ստացվում է այն, ինչ վերնագրում է` Թումանյանից լավ ոչ ոք չէր ասի: Ու քանի որ մեր հարուստները երկնքից հացին կարոտ չեն, արագ ու պարզ քայլ անելու փոխարեն ծրագիր են մշակում, թե ինչպես արագ ու պարզ քայլել: Ժամանա՜կ ունեն…

Աստղինե Քարամյան

“Լուսանցք” Թիվ 130, դեկտեմբերի 18 — 24, 2009թ.

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s


%d bloggers like this: