Պետք է որսալ հաջողության պահը կամ կոչ Հայաստանի գործարարներին

by

Նրանք, ովքեր եղել են Նիդերլանդներում կարող են վկայել, որ հոլանդական փայտե կոշիկների վաճառքը ինչ մեծ եկամուտ է բերում այդ երկրին: Այդ ոլորտը հազարավոր արհեստավորիների համար ապահովում է կայուն աշխատանք: Փայտե կոշիկն այսօր զուտ հուշանվեր է,  սակայն խիստ եկամտաբեր հուշանվեր:

            Հիմա հերթը մերն է, պետք է որսալ հաջողության պահը: Վերջին օրերին աշխարհի կարևորագույն լրատվամիջոցներն անդրադարձան Հայաստանում գտնած մոլորակի հնագույն կաշվե կոշիկին:  Աննախադեպ գովազդ է կատարվել, գովազդ, որը տասնյակ միլիոնավոր դոլարներով էլ հնարավոր չէր գնել: Պետք է որսալ հաջողության պահը: Շահում են այն երկրները, որոնք օդից էլ են կարողանում փող սարքել: Ժամանակակից անգլերենով դա կոչվում է capitalization. Այսինքն, երբ ամենավերացական գաղափարն անգամ փոխակերպվում է նյութական շահի: Քանի դեռ օդը լցված է հնագույն կոշիկի մասին լուրերով, քանի դեռ այդ պատմությունը լրիվ չի մոռացվել, պետք է սկսել հուշանվերային կաշվե կոշիկների արտադրություն` գտնված կոշիկի ճիշտ նմանությամբ, սակայն տարբեր չափերի և գների: Աշխարհի հնագույն կոշիկը (The Oldest Shoe in the World) ապրանքատեսակը պետք է դառնա մեր երկրի բրենդը (brand), մեր հնագույն քաղաքակրթության նյութական վկայությունը: Աշխատանքի, հատկապես գովազդի, խելամիտ կազմակերպման դեպքում, աշխարհի հնագույն կոշիկի հուշանվերային նմանակների արտադրությունն ու վաճառքը կարող է հարյուրավոր աշխատատեղեր ապահովել աշխատաքին կարոտած մեր ժողովրդի համար, հազարավորների համար դառնալ կայուն եկամտի աղբյուր: Նման արհեստավորական արտադրության համար  մենք ունենք բոլոր նախադրյալները:

            Քանի դեռ ուշ չէ պետք է հավաքել աշխարհի հնագույն կոշիկի մասին բոլոր կարևորագույն լրատվամիջոցներում տպագրված և հնչած հաղորդագրությունները և հետագայում որպես հղում գործածել:  Պատկերացրեք, օրինակ, պատից կախելու համար հարմարեցված մի զույգ կաշվե գեղեցիկ կոշիկ, որից իր հերթին կախված է փոքրիկ գրքույկ` Աշխարհի հնագույն կոշիկը վերտառությամբ և  աշխարհի մեծագույն լրատվականների հաղորդագրությունների ընտրանիով: Այդ գրքույկը Հայաստանի անունը շատ ավելի հայտնի կդարձնի, քան շատուշատ մեծադիր գրքեր: Պետք է որսալ հաջողության պահը:

 Արա Պապյան

15 հունիսի 2010թ

Թողնել մեկնաբանություն