Հայ Կնոջ «Ազատագրության» Հարցը

by

26-11-2007

Ինչպես հայտնի է, մարդկային տեսակը կազմված է երկու սեռից՝ արու և էգ, որոնք քանակապես իրար գրեթե հավասար են: Քանակական այս հավասարությունը շատերի, մասնավորաբար՝ կանանց միջավայրում, մղում է պահանջելու նաև որակական և մեխանիկական հավասարություն՝ դրսևորած կենցաղում, օրինական դաշտում, հասարակական ու քաղաքական կյանքում, ընտանիքում, ընդհուպ մինչև՝ սեռական հարաբերություններում (համասեռամոլ կանանցից կազմված «ընտանիքներ»), և այլն:
20-րդ դարի հասարակական հզոր և հետաքրքրական երևույթներից եղավ կանանց ազատագրության շարժումը: Ամբողջ դարեր ու հազարամյակներ հայրիշխանության բացարձակ իշխանության տակ ապրած իգակա սեռը կամաց կամաց նվաճեց զանազան իրավունքներ՝ կրթության, հասարակական և պետական կյանքի մասնակցության, և այլն:
Արևելքում հայությունն առաջինն էր, որ գիտակցեց արդի ժամանակների պահանջներին համապատասխան վերաիմաստավորել կնոջ դերը և առաջիններից էր, որ լայն ընթացք տվեց հայ կնոջ հասարակական նոր դերին: Այս գործընթացում, որքան էլ տարօրինակ թվա, առաջատարներից էր ավանդաբար պահպանողական համարվող Հայ Եկեղեցին, որի օգնությամբ և գործուն մասնակցությամբ հայաշատ բնակավայրերում բացվեցին օրիորդաց բազմաթիվ վարժարաններ: 19-րդ դարի վերջին և ամբողջ 20-րդ դարի ընթացքին, Հայաստանում թե Սփյուռքում մենք տեսնում ենք հայ կնոջ դերի անընդհատ մեծացում. երևան են գալիս հայ կին մշակութային գործիչներ, գիտնականներ, գրողներ, պետական գործիչներ, ազատ արհեստների կիրառողներ. հայ կինը եռանդուն կերպով մասնակցում է նաև արդյունաբերական արտադրությանը, որի մի շարք ճյուղերում (օրինակ՝ կարի և տեքստիլ արդյունաբերությունները) նրանք նույնիսկ գերակշիռ տոկոս են կազմում:
Հայ կնոջ հասարակական դերի ոլորտում այս դինամիկ փոփոխությունները, ընդհանուր վերցրած, սուր հասկացության մեջ չեն եղել հայ կնոջ հիմնական, ազգապահպան դերի հետ, որն է՝ ընտանիքի սրբության պահպանողի և նոր սերնդի առաջին դաստիարակի նրա նվիրական պարտականությունները: Հակասությունների առաջացման դեպքում էլ, ելնելով ազգի գերխնդիրների պահանջներից, դրանք լուծվել են հայ կնոջ ընտանեկան պարտականությունների առաջնայնության սկզբունքով, որն էլ, մեր կարծիքով, ամենաճշմարիտն է և բնականը:
Հայ ազգը, հազարամյակների իր գոյության և հոգևոր արժեքների վերարտադրության համար պարտական է առաջին հերթին հայ իգական սեռին, առավել կոնկրետ՝ հայ մորն ու հայ կնոջը: Ցավալի է միևնույն ժամանակ արձանագրել, որ հայ կինը հաճախ համարվել է երկրորդ կարգի մարդկային արարած, ենթարկվել հոգեկան թե մարմնական բռնությունների, և այլն, որոնք ձեռքբերովի ախտեր են և ուղղակիորեն կամ վերապրուկների ձևով որոշակիորեն շարունակվում են նաև այսօր: Հայ կնոջ «ազատագրության» հարցը մենք հենց ա°յս բարդույթների ու դրանց վերապրուկների վերացումն ենք հասկանում միայն և ոչ ուրիշ բան…
Վերջին տարիներին, Արևմուտքին կապկելու մոլուցքի ծիրում, հայկական միջավայրում (մասնավորաբար՝ ՀՀ-ում) սկսել է արհեստական մի երևույթ՝ հայ կնոջ այսպես կոչված «ազատագրության» հարցի քարոզչությունն ու հանուն հայ տղամարդու հետ նրա «համահավասարեցման» արշավը: Միջազգային կազմակերպությունների դրամական, «խորհրդատվական» և այլ տիպի աջակցությամբ, ՀՀ-ում հիմնվել ու գործում են բազմաթիվ հասարակական կազմակերպություններ, որոնք այս արհեստածին «պայքարի» դրոշակիրներն են դարձել. գումարվում են սեմինարներ, կլոր սեղաններ, հրատարակվում են գրքույկներ, գրքեր, անցկացվում են միջազգային, եվրոպական, անդրկովկասյան երեք հանրապետությունների տարաբնույթ միջոցառումներ, կանանց կազմակերպությունների հանդիպումներ և այլն: Մի անգամ ևս հիշեցնենք, որ նման միջոցառումները ջերմապես ողջունվում և վարձատրվում են ՀՀ թափանցած միջազգային կազմակերպությունների (հատկապես «Սորոսի հիմնադրամի»), երբեմն էլ՝ օտար պետությունների դեսպանատների կողմից: Այս միջոցառումների ժամանակ բղավոցներ են հնչում, թե հայ կինը տղամարդու գերին է, թե հայ կնոջ համար զլացվում է մուտքը հասարակական, քաղաքական, գործարարության և այլ ոլորտներ, թե հայ աղջիկը իրավազուրկ է իր կյանքի ընկերն ընտրելու հարցում և այլն: Առայժմ թեև բացահայտորեն չեն հնչել հայ կնոջ սեռական հարաբերությունների պահանջներ, բայց, այս ընթացքով, այդ օրն էլ հեռու չէ (հիշեցնենք՝ Եվրոխորհուրդը ՀՀ-ի անդամակցության համար պահանջ է դնում հայ կնոջ (նաև՝ տղամարդու) սեռական նման սանձարձակություններ և այլանդակություններ թույլատրելը):
Այս բոլորը պատահական չեն: Հայաստանի համար ռազմավարական ամենատարբեր ծրագրեր մշակող արևմտյան կենտրոնները շատ հստակ գիտակցում են, որ իրենց մշակած այդ ծրագրերը Հայաստանում և հայկական միջավայրում հաջողություն չեն գտնի, եթե հայությունը անվարակ պահպանի իր ազգային հոգևոր-բարոյական արժեքների համակարգը: Հետևաբար, անհրաժեշտ է ազգակործան ՍՊԻԴ-ի ամենատարբեր վիրուսներ ներարկել հայ հասարակությանը՝ բազմազան պիտակների տակ: Դրանցից մեկն էլ հայ կնոջ «ազատագրության» շինծու «պայքարն» է, որի նպատակն է՝ հայ իգական սեռի այլասերման միջոցով հարվածել հայ ազգի հասարակական հիմնական և դարերի փորձություններին դիմացած ամենակայուն բջջին՝ հայ ընտանիքին: Քանդելով հայ ընտանիքը, նրանում ներմուծելով հայությանն անհարիր «արժեքներ» ու փոխհարաբերություններ, կքանդվի և հայ հասարակությունը, որից հետո առավել հեշտ կլինի ցանկացած համակարգ սխեմաների պարտադրումը ՀՀ-ին և հայությանը: ՀՀ-ում 1990-ական թվականներին ցնցող վերիվայրումները, ինչ խոսք, բացասաբար անդրադարձան հայ ավանդական արժեքների, սովորությունների պահպանության վրա: Հայ տղամարդկանց մեծ տոկոսը հայտնվեց բացահայտ կամ քողարկված գործազուրկի իրավիճակում, մեծ ծավալ ստացավ հայ տղամարդու արտագնա աշխատանքի երևույթը, առավել բացահայտ երևան եկավ ու լայն ծավալ ընդունեց պոռնկության (նաև՝ համասեռական) «արհեստը» և այլն: Հայ աղջիկն իր պատիվն արատավորեց ու դեռևս արատավորում է՝ մինչև իսկ թուրքի հետ, մեղա¯, մեղա¯ Արարատին…
Այսուհանդերձ, հիմնականում, հայ կինը պատվով կրեց ու շարունակում է կրել իր խաչը՝ հանուն ընտանիքի սրբության, անարատ մայրության, ազգի ու նրա արժեքների պահպանության: Մենք հարց ենք տալիս հայ կնոջ «ազատագրության» մունետիկներին, իսկ ո՞վ է հայ իգական սեռին արգելում իր արժանավոր դերն ստանձնել և կարևոր մասնակցություն ունենալ ՀՀ հասարակական, գիտական և մշակութային կյանքում: ՀՀ-ում ե՞րբ և ու՞ր է դիտարկվել սեռական անհավասարություն հիշյալ և այլ ոլորտներում: Հանուն օտարներից դոլարներ պոկելով գոյություն քարշ տալու, ինչու՞ եք շինծու հարցեր հորինում…
Եթե սեռական հավասարությունը Արևմուտքում հասկացողների նման հասկացողներ կան մեզանում, ապա մենք միանշանակ դեմ ենք նրանց: Հայ իգական սեռի ազատագրում չի° նշանակում գռեհկանալը, ամառվա գալու հետ փողոցում և հասարակական վայրերում կիսամերկ կամ համարյա մերկ երևալը, գովազդային հոլովակներում անպատկառ տեսքով ու շարժուձևերով նկարահանվելը, չափից ավելի շպարվելը, սեռական սանձարձակությունն ու պոռնկությունը բնական երևույթներ և դրանց դեմ պայքարը «մարդկային իրավունքների ոտնահարում» որակելը…:Հայ ազգային գերխնդիրների լուծման մեջ հայ իգական սեռն ունի ամենասուրբ պարտավորություններից մեկը՝ հայ ընտանիքի, օջախի պահպանման ու հարատևման ծանր, բայց և ամենապատվաբեր առաքելությունը, որը, խոստովանենք, նրա մենաշնորհն է (հայ տղամարդը, եթե ցանկանա էլ, չի կարող լիարժեք կատարել այս պարտականությունը): Հայ կնոջ հասարակական մյուս դերակատարությունները պետք է ստորադասվեն նրա այս դերին ու բխեն դրանցից: Այլապես, այս առաջնային պարտականության հաշվին հայ կնոջ ցանկացած այլ դերակատարություն վնասելու է հայ հասարակությանը, ներառյալ նույնինքն հայ կնոջը:
Հայ իգական սեռը նա°խ մայր է, կին, ապա նոր միայն՝ գիտնական, բժիշկ, պատգամավոր, բանվոր, մանկավարժ, գյուղատնտեսության աշխատող, գործարար, հասարակական կամ քաղաքական գործիչ և այլն: Հայ իգական սեռը նա°խ բարոյական արժեք է, ապա նոր միայն՝ ֆիզիկական մարմին՝ իր բնախոսական պահանջներով: Հայ իգական սեռը նա°խ հայ է, ապա՝ նոր միայն ՝ կին: Այս ճշմարտությունների չգիտակցումը կտանի հայ կնոջ, հետևաբար և հայ հասարակության այլասերմանը, և, ի վերջո՝ կործանմանը: Դրանք պետք է կանխել հենց սկզբից՝ պայքարելով հայ կնոջն «ազատագրելու» օտարամուտ ամենատարբեր դրսևորումների, հայկական միջավայրում սեռական աղանդավորության դեմ:

Գևորգ Յազըճյան՝
հայրենաբնակ սփյուռքահայ լրագրող, պատմական գիտությունների թեկնածու

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s


%d bloggers like this: