Վերաբնակեցման օրենսդրական խնդիրը

by

Ալեքսանդր Քանանյան

Վերաբնակեցման արդյունավետ կենսագործման ճանապարհին տեղի վերնախավի պատկերացումներում առկա ակներև թյուրըմբռնումներից և քողարկված արտաքինխոչընդոտներից բացի, գործընթացը սկսելու առաջին իսկ պահից պետությունը բախվել է ևս մի գործնական արգելքի` մշակված հայեցակարգի բացակայության պայմաններում ձևավորված վերաբնակեցման օրենսդրական հենքի բազմաշերտ անկատարությանը:

Վերաբնակեցումը կարգավորող «առավել կատարյալ» օրենսդրության մշակումն ու ընդունումը, բնականաբար, իրատեսական է միայն անորոշ միջնաժամկետ հեռանկարում` Հայաստանում ազգային-պետական իշխանության հաստատմամբ սկզբնավորվելիք պետաիրավական համակարգի համապարփակ վերափոխման գործընթացի շրջանակներում: Այնուամենայնիվ, վերաբնակեցման ներկա փուլի արդյունավետությունը բարձրացնելու համար, միանգամայն տեղին է քննել գործող օրենսդրության թերությունները` դրանք վերացնելու կամ գեթ որոշակիորեն մեղմելու համար:

Նախ` որպես ընդհանուր սկզբունք արձանագրենք, որ վերաբնակեցման գործող օրենսդրությունը միանգամայն զուրկ է նման «ոչ ստանդարտ» ոլորտը կարգավորելու համար խիստ անհրաժեշտ ներքին հատկանիշից` ճկունությունից: Ճկունության բացակայությունը հաճախ հանգեցնում է անհեթեթ իրավիճակների, իրավախախտումների և այլ անպատեհությունների: Պետք չէ նաև թերագնահատել յուրաքանչյուր օրենքի հետևում կանգնած ներքին տրամաբանությունը` օրենքն արտադրած անձանց խնդրո առթիվ ունեցած համոզմունքները: Վերաբնակեցման առաջին ալիքի (լայն իմաստով` 1994-2004/7 թթ.) վերաբնակիչներին հաճախ դիտարկում էին սոցիալապես «լուսանցքային» տարր և, ցավոք, նման մտայնությունը շատերի մոտ դեռևս չի հաղթահարվել: Զարմանալիորեն ոչ ոք չի կամեցել մտածել, որ աշխարհի ցանկացած նոր տարածքի վերաբնակեցումը, ներառյալ հրեաների Պաղեստին ներգաղթը ենթադրում էր հենց «սոցիալապես լուսանցքային» տարրերի թվային գերակշռություն: Սակայն, միևնույն համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ հենց ազգային նման տարրը դրսևորում է առաջին փուլին բնորոշ բարդությունները հաղթահարելու և տարածքը ժողովրդագրորեն յուրացնելու լավագույն կարողություն: Դեռևս 10 տարի առաջ «լուսանցքային» թվացած բազում ընտանիքներ այսօր տարածքի կայացած, հողից կառչած և ի դեմս այնտեղ ծնված երեխաների` մարդկային որակների առումով մեծապես բարեփոխված հասարակություն են: Այդ հասարակության հետ վաղուց ի վեր հարկ է աշխատել համագործակցային եղանակով` բացառելով տեղում վարչական և ոստիկանական իշխանության չարաշահման և նեղհայրենակցական խտրականության անպատվաբեր երևույթները:

Այսօր վերաբնակեցման գոտում բնակվել կամեցող հայրենակիցը կարող է հանդիպել ամենատարբեր խնդիրների: Ամենամեծ բարդություններին են բախվում ոչ ՀՀ քաղաքացի մեր հայրենակիցները: Արցախում գոյություն չունի ոչ մի գործնական մեխանիզմ` այդ մարդկանց ՀՀ անձնագրով օժտելու և Արցախում մշտական հաշվառման կանգնեցնելու համար: Թե ինչո՞ւ ԼՂՀ կառավարության և ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության միջև գոյություն չունեն` ոչ ՀՀ քաղաքացիներին արցախյան հաշվառմամբ ՀՀ անձնագիր շնորհելու պարզեցված կարգի շուրջ համապատասխան ներքին պայմանավորվածություններ, թերևս տեղին է այլ տեղում քննարկել: Բայց խնդրի «չկարգավորվածությունը» չպետք է խոչընդոտի ամենագլխավորին` մարդկանց վերաբնակվելու ցանկության ու հնարավորությունների արհեստական սահմանափակմանը: Այսօր, քանի դեռ վերաբնակիչը չունի արցախյան հաշվառում, նա փաստացի ոչ մի արտօնությունից կամ պետական օգնությունից օգտվել չի կարող: Եթե նա կամենում է տեղում մշտակպես հաշվառվել, բայց համապատասխան մարմիններն ի վիճակի չեն նրան «Արցախի քաղաքացու» լիարժեք կարգավիճակ ընծայել, ապա որքանո՞վ հիմնավոր է այդ պատճառով փաստացի զրկել նրան վերաբնակչի կարգավիճակից: Դա շատ լուրջ խնդիր է, որը կարոտ է գերհրատապ լուծման` ամենաբարձր մակարդակով:

Կրկին`ամենացավոտ` բնակարանաշինության հարցի մասին: Քանի դեռ առկա են վերականգնման համար միանգամայն պիտանի կիսավեր շինություններ, քանի դեռ դրանք վերջնականապես չեն քայքայվել, հարկ է յուրաքանչյուր բնակավայրում հրատապ ցուցակագրել դրանք և մշակել նվազագույն ծախսերով դրանց վերականգնումն իրականացնելու արդյունավետ մեխանիզմ, որը սովորական պետպատվերի շրջանակներում իրականացվող շինարարությունից բացի պետք է ենթադրի նաև տեղափոխվողներին կամ նոր ընտանիք ստեղծող վերաբնակիչների երեխաներին շինանյութ և հարակից ֆինանսական աջակցություն տրամադրելու և շինարարության ընթացքը վերահսկելու ճկուն և համապատասխան գերատեսչական ակտերով ամրագրված մեխանիզմի առկայություն:

Մինչ օրս վերբնակեցման գործընթացի շրջանակներում պետական մարմինները մշտապես նշել են, որ պետական աջակցություն կարող են ստանալ բացառապես տարածք փոխադրվող ամուսնացյալ զույգերը: Սկզբունքն ինքնին հասկանալի և ընդունելի լինելով հանդերձ` վերստին ճկուն չէ, հատկապես` երիտասարդների մասով: Այսօր ամենուր կան Արցախում վերաբնակվել կամեցող բազմաթիվ, այդ թվում և` լուրջ կրթություն ստացած երիտասարդներ: Նրանցից շատերն ամուսնանալու հարցում չեն կամենում շտապողականություն դրսևորել, քանի որ ամեն մի երևանաբնակ կամ սփյուռքաբնակ կին չէ, որ կարող է «կամովին և ընդմիշտ» ստանձնել նման ընտրությունից բխող կենսաձևի փոփոխությունները: Ուստի, հարկավոր է տարածքում բնակվել կամեցող ամուրի երիտասարդների համար ևս պայմաններ ստեղծել` նրանց արհետսականորեն չվանելու և քաջալերելու համար: Խնդիրը կարող է կարգավորվել հանրակացարանային տներում ժամանակավոր բնակարանաբաշխության, երիտասարդներին` տիպային պայմանագրի կնքմամբ կիսավեր տների վերականգնման ծրագրի շրջանակներում շինանյութ տրամադրելու միջոցով, իսկ ապա` տան սեփականաշնորհումը և որոշ արտոնություններից օգտվելը պայմանավորել ամուսնության հանգամանքով:

Եզրափակելու համար կրկին արձանագրենք, որ վերաբնակեցումը բարդ, մեծ և օրենսդրական ճկունություն պահանջող գործընթաց է: Ժամանակն է սկսելու հանրային քննարկումներ` վերաբնակեցման աջակցային նոր ձևերի, մեխանիզմների և եղանակների որոնման,  ուսումնասիրման և հետագայում դրանց օրենսդրական ամրագրման համար:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s


%d bloggers like this: