«Հին, վարկաբեկված ուժերն ու անհատները կարող են ընդամենը մոլորեցնել»

by

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Սարդարապատ» նախաձեռնության անդամ Ժիրայր Սեֆիլյանը:

— Պարոն Սեֆիլյան, ինչպե՞ս եք գնահատում ՀՀ-ում ԱԺ ընտրություններից հետո ստեղծված նոր քաղաքական դասավորությունը: ԱԺ-ում կառավարության ծրագրի քննարկումներն ու քվեարկությունը բավական ուշագրավ էին այն իմաստով, որ առաջին անգամ փոքրաթիվ ընդդիմադիր կուսակցությունների հետ այդ ծրագրին դեմ քվեարկեց նաև ԲՀԿ-ն: Որքանո՞վ եք իրատեսական համարում ԲՀԿ-ՀԱԿ-ՀՅԴ-«Ժառանգություն» համագործակցության արդյունավետությունը:

— Հայաստանի Հանրապետությունում 2012-ի մայիսի 6-ի Ազգային ժողովի չընտրություններից հետո խոսել քաղաքական նոր դասավորումների մասին, ըստ էության, չենք կարող: Ավելին` եթե մինչև 1994 թվականը մեր երկրի ներսում դասական իմաստով գոյություն ուներ քաղաքական գործընթաց, ապա 95-ից սկսյալ գցվեցին ավտորիտար ռեժիմի հիմքերը, որը տարեցտարի ուռճանալով` մեզ հասցրել է ներկա տխուր իրավիճակին: Իշխող համակարգին ընդդիմադիր ուժ` որպես այդպիսին` այս խորհրդարանում գոյություն չունի, բոլոր ուժերն էլ վերահսկելի են կառավարող համակարգի կողմից: Այնտեղ, բառի բուն իմաստով, առկա են ընդամենը մի քանի պատգամավորներ, որոնք մինչ այսօր կարողացել են պահպանել ինքնուրույնությունը: Ուստի, նշված կեղծ ուժերի որևէ համագործակցություն մեր ժողովրդի համար ոչ մի արժեք չունի: Ելքի փնտրտուքը մեր երկրի ապագայով մտահոգ հայ մարդիկ թող իրականացնեն այս նեխած քաղաքական ճահճից դուրս:

— Դուք մշտապես հանդես եք եկել երկրում փոփոխությունների հասնելու արմատական և նույնիսկ ծայրահեղ դիրքերից: Ի՞նչ եք կարծում, Հայ ազգային կոնգրեսի՝ ԲՀԿ հետ ֆլիրտից հետո հասարակական դժգոհության աստիճանը կբավականացնի՞ այդ դիմադրական շարժման գաղափարի շուրջ համընդհանուր մոբիլիզացիայի համար:

— Մեր երկրում մակերեսային փոփոխություններ կատարելով` որևէ լուրջ արդյունքի հնարավոր չէ հասնել: Այո՛, անհրաժեշտ է հիմնավոր, արմատական փոփոխություն իրականացնել` փշրելով ներկա արժեքային համակարգը ու դրա փոխարեն նորը ստեղծել: Այս փոփոխությունները չեն լինելու կուսակցությունների կամ իրեն սպառած քաղաքական դաշտը ներկայացնող որևէ ուժի կողմից, լուծումը պետք է սպասել նոր ձևավորվող քաղաքացիական-քաղաքական-դիմադրական շարժումների փոխգործակցությամբ ստեղծվող նոր դաշտից: Հին, վարկաբեկված ուժերն ու անհատները կարող են ընդամենը մոլորեցնել մեր ժողովրդի փոքր հատվածին, իսկ մոբիլիզացնել երբեք չեն կարող: Մոբիլիզացնել ունակ են նոր գաղափարներն ու անհատները:

— Քաղաքական ուժերն աշնանը բեկում են կանխատեսում: Դուք բեկում, կարծես, ամեն օր եք ուզում առաջացնել: Ի վերջո, ե՞րբ սպասել բեկման: Ի՞նչ անել իրավիճակը, մեր իրականությունը հիմնավորապես և անշրջելիորեն բեկելու համար:

— Նշված քաղաքական ուժերի կամ գործիչների կողմից ամեն տարի աշնանը բեկումնային լինելու հանգերգը լսելուց մեր ժողովուրդը հոգնել է:
Ի տարբերություն նրանց, մենք ասում ենք, որ մինչև բեկումը անհրաժեշտ է նախապատրաստվել: Նկատի ունենք հետևյալը.

1. Հայաստանի նոր Հանրապետության տեսլականի հստակեցում:
2. Նոր անհատականություններով քաղաքական սերնդափոխություն՝ նոր ազգային-քաղաքական վերնախավ ձևավորելու նպատակով:
3. Կոլեգիալ որոշումներ ընդունելու քաղաքական կուլտուրայի կիրառում:
4. Երկրի զարգացման ծրագրի հստակեցում:
5. Իշխանափոխություն կատարող «ռոմանտիկներին»` տականքների կողմից փոխարինվելը, ինչպես նաև իրենց` փոփոխություններ կատարող խմբի նոր հրեշների վերածվելու վտանգը կանխարգելող մեխանիզմների այսօրվանից իսկ ապահովում և երաշխավորում:
6. Ինտելեկտուալ-գաղափարական կամավորականների համախմբում:
7. Արտերկրում բնակվող հայրենակիցների հնարավորինս ներգրավվածություն նոր հանրապետության ստեղծման և զարգացման գործում:

Այս ամբողջը կատարելուց հետո մենք շանս կունենանք մերօրյա իրականությունը հիմնավորապես և անշրջելիորեն բեկելու համար:

— ՀԱԿ ներկայացուցիչներից մեկը օրերս հարցազրույցներից մեկում չի բացառել, որ 2013 թվականին նախագահական միասնական թեկնածու կարող է լինել Վարդան Օսկանյանը, ինչն արդեն բացահայտում է, թե՛ 2011թ. աշնանը Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքագիտական վերլուծության պատճառները և թե՛ ԱԺ ընտրություններից առաջ «Միասնական շտաբ» կոչվածի իրական նպատակը: Ընդհանրապես, ինչպե՞ս եք գնահատում ԲՀԿ-ի՝ ընդդիմադիր դառնալու փորձերն ու հավակնությունները (այն դեպքում, երբ Հովիկ Աբրահամյանն ու Տիգրան Սարգսյանը ԲՀԿ-ն ընդդիմադիր չեն համարում) և Վարդան Օսկանյանի դեմ սանձազերծված «հետապնդումները»: Որքանո՞վ կարող է անկեղծ լինել այդ հետապնդումը և ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ:

— Ինչպես վերևում ասացի, այդ կեղծ քաղաքական դաշտում ծնված կամ ձևավորված որևէ ձևափոխմամբ կամ նոր ձևաչափով հնարավոր չի լինելու մեր երկրում իրականացնել համակարգային փոփոխություն…

— Շատերը Օսկանյանի ու Ծառուկյանի հետևում չեն տեսնում Քոչարյանին: Դուք տեսնո՞ւմ եք: Եվ ի՞նչ եք կարծում, ԲՀԿ-ի այսօրվա գործունեությունն իրականում կարո՞ղ է ռեանիմացնել Քոչարյանին՝ անմիջական քաղաքական դերակատարության վերադարձնելով նրան:

— Անկեղծ ասած` ինձ չի հետաքրքրում ո՛չ ԲՀԿ-ի այսօրվա գործունեությունը, ո՛չ էլ Քոչարյանի վերակենդանացման հիվանդագին փորձերը:
Առիթից օգտվելով` հորդորում եմ մեր ժողովրդին հեռու մնալ կառավարող համակարգում առկա ներկլանային գզվռտոցներից: Իրարակերությունն ու ինքնակործանումը նրանց համար բնական վիճակ է: Մենք պիտի լծվենք մեր սուրբ գործին` քայլ առ քայլ իրականացնելով նոր պետության ստեղծման ծրագիրը: Դրան է միտված մեր կողմից մշակված «Նոր Հանրապետության հիմնադրման» ճանապարհային քարտեզը:

Մարինա Բաղդագյուլյան

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s


%d bloggers like this: