Թաքնված “Պատարագ”
Երկու խոսք կազմողի կողմից
Արդեն հաստատվում է այն իրողությունը, որ հայ միջնադարյան հանճարի՝ Գրիգոր Նարեկացու “Մատյանը” “հայաշունչ Մատյան” է (Պարույր Սեւակ), որ “Մատյանի” քրիստոնեական շերտը պարզապես մի քող է՝ շղարշելու (հասկանալի պատճառներով) զուտ հայկական, իր իսկ՝ Նարեկացու արտահայտությամբ՝ ծածուկ խորհուրդները: Եվ “Մատյանի” ուշադիր զննությունը բերում է այն համոզման, որ այն պատկերում է Հային՝ նրա կյանքի տարբեր՝ գարնանային… ձմեռային եւ նոր կյանքի (վերստին Գարուն տեսնելու) հուսո փուլերում: Երկը, ինչպես հայտնի է, գրված է առաջին դեմքով. հեղինակի “ես”-ն է ամենուր թեւածում (որը շատ նարեկացիագետների շփոթմունք է պատճառել). բայց այդ “ես”-ը ոչ այլ ոք է, քան Նարեկացու ազգային “ես”-ը՝ տարբեր վիճակներում ու ժամանակներում (հիրավի՝ հանճարի, ազգային ոգու արտահայտիչ մարգարեի դեպքում է միայն անհատական “ես”-ի եւ ազգային “ես”-ի նույնացումը տեղի ունենում): Ըստ այդմ, վերծանելով “Մատյանը”՝ Հայը երեւում է իր երեք նկարագրերով. ա) Հայը՝ Արորդի (Արա Արարչից սերված՝ Աստվածամարդ), երբ նա ապրում էր արարչատու իր “նախնի կերպին” (արտահայտությունը “Մատյանից” է), ի բնե իրենում դրոշմածին համապատասխան, բ) Հայը՝ հողեղեն ադամական դարձած, երբ նա եղծում է “ի բնե” դրոշմածը, ի վերուստ՝ “սկզբից” իրեն տրվածը՝ օրինակելով մարդու՝ իրենինին հակոտյա տեսակին՝ հողածին ադամականին (սա, պարզ է, Հայի բուն նկարագիրը չէ), եւ գ) Հայը՝ նորոգվելու հուսո ակնկալիքով, երբ նա կվերականգնի իր “նախնի կերպը”, ժամանակի “սկզբում” “ի բնե” շնորհվածը: Այլ կերպ՝ “Մատյանը” “պատարագ” է՝ զուտ ազգային իմաստով:
Ըստ այդմ էլ, մենք կգլխագրենք “Մատյանից” արված սույն քաղվածքները (ընթերցողի ըմբռնողականությունը դյուրացնելու համար՝ մեզ թույլ ենք տվել նարեկացիական տողերի մեջ, փակագծերում որոշ բացատրություններ անել): Ընդգծումները մերն են: Ընթերցողից խնդրենք՝ ուշադիր ու առանց ինչ-ինչ նախապաշարմունքների կարդալ:
Սերգեյ Մանուկյան
Փիլիսոփայական գիտությունների թեկնածու
Հատուկ “Լուսանցք”-ի համար
Ա) Հայը՝ Արորդի (Աստվածամարդ)
Դու (Արա Արարիչդ) ստեղծեցիր ինձ (Հայիս, Արմենիս)
քո պանծալի (արարչական) պատկերի նման,
Քո նմանությամբ օժանդակելով անուժ — տկարիս:
Խոսելու շնորհով զարդարեցիր ինձ եւ փայլեցրիր ներշնչումով,
Ճոխացրիր ինձ մտքով եւ իմաստությամբ աճեցրիր,
Հանճարով հզորացրիր ինձ՝ մյուս շնչավորներից
(ադամականներից) տարբերելով,
Իմանալի հոգով շաղվեցիր ու պճնեցիր անձնիշխանությամբ,
Ծնեցիր հայրաբար (որպես՝ Արարչիդ որդի), սնեցիր դայակորեն, խնամեցիր որպես (երկրի) տեր,
Տնկեցիր ամբարիշտիս քո գավթի (Ար-ար-ատի) մեջ,…
Անհպելի եւ անհաս բաների ընտանեցրիր,
Երկրային աչքիս համարձակություն տվեցիր նայելու քեզ,
Եվ փառքիդ լույսով պարածածկեցիր,
Անմաքուր ձեռքիս մատներն հողանյութ քեզ մոտեցրիր:
Մահկանացու մոխիրս անարգ՝ հարգեցիր իբրեւ լույսի ճաճանչ (հրածին)…
Նանրությամբ լցված բերանն իմ չայրեցիր,
Երբ ինձ ժառանգակից (Արորդի, Արի) անվանեցի քեզ (Արա Արարչիդ).
Չկշտամբեցիր, երբ հանդգնեցի քեզ կցորդելու (համարեցի “ինձ”՝ Արորդի, Արմեն, Հայ):
Չստվերեցիր աչքիս տեսողությունը, երբ հայացքս հառել էի քեզ.
Մահապարտների (ադամականների) հետ շղթայակապ, (Արարատից) չտարա–գրեցիր եւ ինձ:
Չխորտակեցիր դաստակը բազկիս, երբ անմաքրապես բարձրանում էր քեզ.
Չկոտրեցիր մատներիս հոդերը, երբ քո կենաց բանն էի շոշափում (ի տարբերություն ադամականների)…
Չփշրեցիր շարքն ատամներիս, երբ ըմբոշխնում էի քեզ (ի տարբերություն ադամականների), անսահմանելի~.
Բարկությամբ խոտորնակ չգնացիր ինձ,
Ինչպես վարվեցիր Իսրայելի տան հետ1 մոլորագնաց:
* * *
Ահա մարմինդ կրող երկու միակցորդ ու խորհրդակից ոտքերիդ վրա
Հրեշտակի ձեւով ես կառուցվել դու (Արեւորդիդ, Հայդ),
Որպեսզի երկու վերեւ բարձրացրած քո բազուկներով վերասլացիկ,
Իբրեւ թռչելու համար թեւ առած՝ դիտես հայրենի աշխարհը (Արարատը) բարձրից…
Մարմնիդ աշտանակի վրա իբրեւ ճրագ բազմականթեղյան՝
Գլխիդ կլորությունը (Արմենոիդ գանգատեսակը) հաստատվեց,
Որպեսզի այդպիսով, չհեռանալով օրինակելի լույսի շնորհից (ի տարբերություն մյուսների),
Տեսնելս Աստծուն եւ անանցանելիքն իմաստասիրես (ի տարբերություն՝ ադամականի):
Բանականության պատվով կրկնապես ճոխացար (որից էլ էր զուրկ Ադամականը),
Որպեսզի վերուստ քեզ տրված բոլոր բարեմասնությանց
Հաղթանակը դու պատմես անարգել անկաշկանդ լեզվով:
Գործելուդ համար եւ կառուցելու՝ աստված (Հայ, Արմեն՝ Արորդի) կոչվեցիր՝
Համացեղությամբ իբրեւ գործակից ամենապարգեւագին Աստծու (Վահագնի, Միհրի, Տիրի)…
Ուրեմն այսպիսով, ինչպես եւ բազում այլ անզուգական հրաշակերտությամբ ստեղծված՝ Աստուծո հարազատ պատկերն (Աստվածամարդ) ես, դու (Հայդ), հոգի՛դ իմ…
* * *
սիրելի որդիդ, քոնն եմ ես (Արորդիս, Հայս), ո՜վ ոգեսեր Տեր (Արարիչ):
* * *
Ամեն բանի տեր լինելով հանդերձ (Արարիչդ)՝ մեզ հավասար ես ցույց տալիս դու քեզ……
* * *
Վերցրիր (“ինձ”) սիրով դու կենդանարար քո ուսի վրա (որպես Հայր),
Եվ քո երկնային զորաց (աստվածների) հետ մեկտեղ՝
Քո հայրենական ժառանգության մեջ դասեցիր ինձ (Հայիս):
* * *
Հրեշտակասեր չանվանվեցիր դու (Արա Արարիչդ), որ հիմնեցիր պետությունները նրանց:
Ոչ էլ ասացիր երբեւիցե, թե սիրում ես երկինքն իր ջահերով……
Այլ ի պատիվ քեզ՝ մեծագույն գովության արժանի՝
մարդասիրությունը գերադասեցիր……
Լուսակերպարան երկնայիններին այն՝ սպասավորներ կոչեցիր
Եվ հատուկ մատակարարումների վերակացուներ.
Իսկ երկրածիններիս մահկանացու (Արիներին, Արմեններին)՝
Պերճացրիր դու տիրական եւ աստվածային քո պաշտելի անվամբ2
* * *
Աստվա՛ծ բոլորի, անճառ մեծություն (Արա Արարիչդ)…
Ընտանի անուն (Արա) եւ մերձավոր ձայն (Արա),
Կցորդություն հարազատ (Հայր — Որդի), խնամածություն հայրական,
Խոստովանված անուն (Արմեն — Արորդի), պաշտելի
(հայրական) պատկեր……
* * *
Դո՛ւ (Արարիչ), որ այսքան շատ հրաշքներ ես գործել
Հայր ամենաստեղծ, անուն ահավոր (Ար — ա՜հ), ձայն սարսափելի,
Կոչումն ընտանի (Արա), խոսք համբուրելի, ազդումն սքանչելի (Ա~րա),
Հրաման սոսկալի (Արա՛), էություն անքննելի (Ար)
գոյություն անճառելի (Էր)……
Պատճառ որդու (Արիի, Արմենի)՝ հայրությամբ,
այլ ո՛չ նախադաս լինելով (ինչպես Եհովան Ադամի հանդեպ)……
* * *
Անսահման առավելությամբ եւ հրաշապես զարմանալի (Արարիչ),
Ավելի քան թե երբեւէ բոլոր նախահայրերին (օրինակ՝ Ադամին),
Դու քո երկնահոս եւ բարեբանյալ վտակները ողորմության
Նոր շնորհաբաշխությամբ՝ մեկի տեղ կրկնակի հաճեցիր հեղել (“իմ” նախահորը)3
* * *
Մտքիս աչքերով դիտելով սկիզբն իմ եղելության,
Որը տեղի ունեցավ Արարչի ձեռքով (ի տարբերություն ադամականի)……
“Լուսանցք” Թիվ 9, 13– 17 Մայիսի, 2007 թ
Թողնել պատասխան