Ինչու՞ է ջղաձգվում եկեղեցին

Հունվարի 13-ին Հայ առաքելական եկեղեցին նշում է Քրիստոսի անվանակոչության տոնը: Քրիստոնեական Փրկչի անվանակոչության տոնին հայոց բոլոր եկեղեցիներում մատուցվում է պատարագ: Ըստ հրեական օրենքի՝ ծննդյան 8-րդ օրը Հիսուսը, ինչպես նորածին ամեն մի արու զավակ, թլփատվել է եւ անվանակոչվել: Հիսուսը եբրայերեն բառ է, որ նշանակում է Փրկիչ: Գաբրիել հրեշտակը, Աստվածամորն ավետելով Եհովա Աստծո Որդու ծննդյան մասին, Հիսուս անունն է հիշատակել… Հիսուս անվանը զուգահեռ Փրկչին տրվում է նաեւ Քրիստոս անունը, որը հունարեն բառ է եւ նշանակում է Օծյալ, համապատասխանում է եբրայերենի Մեսիային:

Հետաքրքիրն այն է, որ ինչպես կեղծվել է Հիսուսի ծննդյան օրը, այնպես էլ շարունակվել է զեղծարարությունը՝ անվանակոչության օրվա հետ կապված:

Ըստ Ավետարանի՝ Հիսուսը ծնվել է, երբ «հոտաղներն ու անասունները բաց երկնքի տակ էին մնում»: Ակնհայտ է, որ սա ձմեռային եղանակ չէ, եւ քրիստոնեական աշխարհը Քրիստոսի ծնունդը դեկտեմբերի վերջերին է նշում միայն մեկ պատճառով, որ մարդկանց սրտերից հանի եւս մեկ Աստվածային տոն՝ Միհր Աստծո ծննդյան օրը (տես «Լուսանցք» թիվ 47 (86), 2008թ., «Միհր Աստծո ծննդյան տոնը (Ինչու՞ են քրիստոնյաները սեփականել այս օրը)»): Դաժան է հնչում, բայց դարեր շարունակ կեղծվում է Քրիստոսի ծննդյան օրը: Մեզանում այն հարմարեցվել է քրիստոնեական ամանորյա տոներին, որպեսզի, այսպես կոչված, «սուրբ ծննդյան տոները» մի կերպ ամրագրվեն հավատացյալների մեջ: Հունվարի 13-ին էլ հայերը նշում են այսպես կոչված «հին նոր տարին», որը հռոմեական Հուլյան տոմարով է սահմանված (որը համապատասխանում է ներկայիս դեկտեմբերի 25-ին) եւ դարձյալ կապ չունի Հիսուսի անվանակոչության ճիշտ օրվա հետ…:

Զարմանալի չէ, որ այսքանից հետո հունվարի 6-ին, Հ1 հ/ը-ով նշվեց Քրիստոսի ծննդյան տոնը, որտեղ հայկական ազգագրական մի երգ պարզապես հարմարեցվել էր Քրիստոսի անվանը եւ գրեթե «հայ նինար»-ի տակ Հիսուսն էր փառաբանվում: Սա դեռ չէինք մարսել, երբ հայտարարվեց, որ ելույթ կունենա «Արեւորդիներ» պարի համույթը: Մինչ համույթի կրակոտ արիական պարի կատարումը հնչեց Վահագն Աստծուն նվիրված «Երկներ երկինք, երկներ Երկիր…»-ը, որը կիսատ մնաց, քանզի ինչպես կարելի էր այդ օրը տալ հեթանոսական Աստծու անունը… Բայց փորձ արվեց կիսատ երգի միջոցով «Երկներ երկինք, երկներ Երկիր…»-ը կապել Քրիստոսի հետ, որի ծնունդը չգիտես ինչու եկել էին նշելու նաեւ «Արեւորդիներ»-ը: Եվ սա էլ պատահական չէր արված. իբր տեսեք, որ արեւորդի-հեթանոսները նույնպես ուրախանում են Քրիստոսի ծննդով… Այսպիսով խաբկանքը շարունակվում է նորովի: Նման մի վերլուծական կա նաեւ մեր թերթի թողարկումներից մեկում (տես «Լուսանցք» թիվ 46 (85), 2008թ., «Բազմաստվածություն՝ մեկարարչականությամբ»):

Իսկ ահա, հունվարի 12-ին «Ար» հ/ը «Ազդարար» ծրագրով ելույթ ունեցած ոմն քահանա Ղեւոնդ Մայիլյանը, կներեք արտահայտությանս համար, պարզապես «թարախ էր շնչում» հեթանոսների-արիադավանների մասին խոսելիս: Ծրագրով փորձ էր արվել միմյանցից անկախ երկխոսության տպավորություն ստեղծել «Արորդիների Ուխտ»-ի քրմականխորհրդի նախագահ Զորիկ Պետրոսյանի եւ նշյալ քահանայի միջեւ: Արիական քուրմը հանդուրժողաբար էր վերաբերվում քրիստոնեական հավատքի հետեւորդներին՝ բացատրելով, որ հեթանոսությունը եղել է քրիստոնեությունից առաջ եւ չի կարող դրա աղանդը լինել, որ իրենք շարունակում են դեռ 1920-ական թվականներից սկսված Գարեգին Նժդեհի «Ցեղակրոն Ուխտեր»-ի ավանդույթները, որի հիմնադիր Նժդեհն ասել է, թե «Վահագնի հետ պիտի խոսենք հիմա՝ Աստվածը հին արիական հայերի» եւ որ մի նոր «սուրբ գիրք պիտի դրվի մեր ժողովրդի ձեռքը՝ Ավետարանը արիների»: Իսկ ահա քրիստոնեական քահանան բացատրում էր, թե հեթանոսությունը խաղալիք է, որը խաղում են մանուկ հասակում, բայց երբ հասունանում են, ապա պիտի քրիստոնեության հետ խաղան: Այս ծիծաղելի մեկնությանը ամոթ է նույնիսկ անդրադառնալը, եւ սա է՞ եկեղեցու մակարդակը: Հետո քահանան ավելի «պայծառացավ»՝ Վահագնի արձանի պաշտամունքը ունեն հեթանոսները, իսկ իրենք՝ կենդանի Քրիստոսի… Մի հարցնող լինի՝ տեսել ե՞ս Քրիստոսին, Եհովա՞ն է քեզ ասել, որ նա իր որդին է: Հեթանոսները Գառնո տաճարում, այլ հին սրբավայրերում եւ իրենց հոգում են փառաբանում հայ Աստվածներին: Վահագնի արձանի մոտ էլ հավաքվում են ոչ թե կռապաշտության, այլ՝ հզորության շունչը զգալու համար (այնքան ճիշտ է քանդակված): Մինչդեռ քրիստոնյաները սրբապատկերների պաշտամունքն ու մոմավաճառությունն են իրական կռապաշտության վերածել…

Քահանան խոսքն ավարտեց «հաղթական» կեցվածքով՝ այսպիսի կրոնները (իմա՝ հեթանոսական) աթեիստական են: Հարցնող լինի՝ նա իրապես գիտե՞ հավատի ու կրոնի, հավատավորի ու աթեիստի տարբերությունը, թե պարզապես անթաքույց ատելությունն էր պարպում եթերից…

Աղանդավորների հետ եղբայր առաքելականներ, Հայ Աստվածները վերադառնում են, Տիեզերական Գարուն է, հայացե՛ք, այլեւս մի՛ հրեացե՛ք…

Արման Դավթյան

«Լուսանցք» Թիվ 87, 16-22 հունվար, 2009թ.

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s


%d bloggers like this: