Կրոնների ազդեցությունը աշխատանքին

Երբ չաշխատելու կոչ են անում աստվածները

 Հոդվածում կանդրադառնանք հայ ազգի ճակատագրին պատմականորեն առնչված կրոններում աշխատանքի նկատմամբ ձեւավորված վերաբերմունքին, որը երկարատեւ ազդեցության շնորհիվ որոշակի շերտանստվածքներ է թողել հայի հոգեբանությունում ու կացութաձեւում: Կփորձենք վերհանել հայի ազգային հոգեբանությունը՝ աշխատանքի նկատմամբ եւ աշխատանքում: 

Երբ կրոնափոխություն կամ ավելի ստույգ՝ կրոնական հեղաշրջում եղավ Հայաստանում, քրիստոնեական համարվող արժեքները դեռ պիտի ամրագրվեին հայության մեջ կամ, որ առավել ճիշտ կհնչի, դեռ նոր պիտի ձեւախեղեին հայի ազգային արժեքներն ու բարոյահոգեբանական կերպարը:

Ուստիեւ, նախ կդիտարկենք հուդայականությունը, որի կրողները եւ տարածողները Հայաստանում դեռեւս Տիգրան Մեծի ժամանակներից բնակեցված հրեաներն էին (ինչը նույնպես ճակատագրական եղավ հայկական թագավորական հարստության հետագա կործանման համար): Հրեաների պատմությունը, հավատալիքներն ու ցեղային վարքականոնները արտահայտվում են նաեւ բիբլիական-աստվածաշնչյան ավանդապատումներում (ինչը հինկտարանային առանցքային դրսեւորում է), որում ակնհայտորեն երեւում է աշխատանքի նկատմամբ յուրօրինակ վերաբերմունքը: 

Այսպես. Աստված Ադամի ու Եվայի համար անհոգ ու խրախճալից կյանք է ապահովում Եդեմի պարտեզում, բայց արգելում է օգտվել իմաստության ծառից՝ մահվան սպառնալիքով: Մենք “Լուսանցք”-ում այս դրվագին անդրադառնալով նշել էինք, որ երբ Եվան “բարին ու չարը” ճանաչելու համար Ադամին “արգելված ծառի” պտուղն է ուտել տալիս, Եհովան աներկբա պատժում է նրանց (եւ առ այսօր վաղուց մեռած, հիմա ապրող, նոր ծնված ու դեռ ծնվելիք մարդկությունը թաղված է այդ “մեղքի” մեջ…), իսկ երբ իր կողմից “ծնելն արգիլելը” խախտվում է, նա ոչ միայն չի պատժում բառի բուն իմաստով փոխադարձ կավատներ Աբրամին եւ Սարային, այլեւ՝ անարգված Հագարին ստիպում է խոնարհվել իրեն պղծողների առջեւ… պարզ է դառնում, որ գործ ունենք չԱստծո, չԱրիի հետ, առնչվում ենք ոչ արարչական երեւույթի ու ոչ արդար սկզբունքի: Այո՛, երբ Ադամն ու Եվան փորձում են իմաստնանալ, իսկապես մերձենալ (եւ ոչ թե Աստծո գործերին խառնվել) իրական ԱՐԱՐՉԻՆ, Աստվածներին, ինքնակոչ արարիչ-աստված Եհովան անմիջապես պատժում է լուսավորության այդ ձգտումը, իսկ ահա, անբարոյականությունը, խավարն ու տգիտությունը նրա կողմից պաշտելի ու պաշտպանելի են, եւ սա նույնպես հասկանալի է: Իսկ հայի առաքելությունը արարելն ու լույս սփռե՛լն է, իմաստնանալն ու առաքինանալը եւ ոչ՝ խավարապաշտությունն ու “անհոգ” տգիտությունը (միայն “Բիբլիա”-ով ամփոփվելը)… “Ով կարդա, նա մարդ ա”, “Շատ կարդացողը հասկացող կեղնի”, “Կարդալն փուկ հաց է՝ դրուկ մարդու ծոց”: 

Ավանդապատումը հավաստում է, որ ի սկզբանե աշխատելն ու արարելը նախատեսված չի եղել Ադամի ու Եվայի համար, որին հակառակ Հայ Արին ստեղծվել է աշխատելու, արարելու, զորանալու եւ տալու-բաժանելու համար:

 Այո՛, այնուհետեւ էլ աշխատանքում Եհովան անձնական նախաձեռնություն չի թույլատրում, գործողությունները պարտադիր համաձայնեցվում են կրոնապետերի կամքին, ովքեր սրբորեն ծառայում են իրեն: Իր 4-րդ պատվիրանում Եհովան սրբապղծություն է համարում շաբաթ օրն աշխատելը, քանզի ինքը 6 օրում “արարեց” Տիեզերքը, իսկ 7-րդ օրը՝ հանգստացավ: Այդ պատգամը մինչեւ օրս էլ հրեաների մոտ սրբությամբ պահպանվում է. “շաբադ”-ը բառացիորեն ոչինչ չանելու օրն է: Միջնադարում այդ սովորությունն անցավ քրիստոնյաներին (ինչպես այս կրոն մտած շատ այլ հրեական սովորույթներ ու ծեսեր) իրենց շաբաթվա վերջին՝ կիրակի օրվա համար, որից զերծ չմնացին նաեւ հայերը (վկա՝ “Ով կիրակի փայտ կտաշի, հոգին դժոխքում կմաշի” հայկական ասացվածքը): 

Զանցանքի պատճառով չԱստվածը Ադամին ու Եվային արտաքսում է պարտեզից (անհոգ, անիմաստ կյանքից), դատապարտում՝ նեղ օրեր քաշելու եւ հացն իրենց քրտինքով վաստակելու, հետեւապես աշխատանքը այլեւս դիտվում է որպես “աստվածային” գերագույն պատիժ: Ավելին, ըստ “Թալմուդ”-ի որոշ գրվածքների (կարելի է նայել “Թալմուդի 100 օրենքներ” աշխատությունը), օտարազգիների միջավայրում պետք է խուսափել ոչ միայն համահավասար աշխատանքից, այլեւ՝ ձգտել խաբել, ղեկավարել նրանց: 

Օտարազգիի հետ շփվելիս, մասնավորապես աշխատելիս, չկան վարքագծի արդար ու բարոյական սահմանափակումներ. Եհովայի պատվերով Մովսեսը կողոպտում է հրեաներին իրենց երկրում տեղ տված եգիպտացիների արծաթն ու ոսկին եւ այլ նյութական հարստություններ (գողանալով, պարտք վերցնել-չտալով…):

 Այս արժեքային համակարգում օրինակելի է համարվում նաեւ եբրայական նահապետ Աբրահամի վարքագիծը, ով նյութական շահի ակնկալիքով կնոջը ներկայացնում է որպես իր քույր՝ ժամանակավորապես վաճառելով նրան եգիպտական փարավոնին, օտար թագավորներին:

Խաբեությունը, անբարոյականությունը (կնոջը հանուն անձնական բարեկեցության ուրիշին կնության տալը) հետագայում էլ օրենքի ուժ են ստանում: Ուստի, այլեւս զարմանալի չէ, որ երբ Փարավոնը հասկանում է իսկությունը եւ բացատրություն է պահանջում Աբրահամից, Եհովան պատժում է ոչ թե խաբեբա ու անբարո Աբրահամին, այլ՝ Փարավոնին, ում ստորաբար խաբել են, եւ ով ասպետաբար ներում է հայցում, չնայած դիմացինն այլասերվածի մեկն է: Իսկ սա ոչ միայն չի զղջում, այլեւ՝ իր հոգեւոր “տանիք” Եհովայի օգնությամբ տանում է խարդախությամբ ստացած ընծաները: Ճիշտ նույն կերպ է վարվում Աբրահամը նաեւ հետագայում՝ “հարավային երկիրը գնալուց, Կադէսի եւ Սուրի մէջ բնակուելուց եւ Գերարումը պանդուխտ լինելուց” հետո: Մեր ժողովուրդն ասում է. “Օձը տաքացնողին է կծում”: Իսկ “Բիբլիա”-ն վկայում է՝ “Եւ Աբրահամը հարուստ էր անասուններով, արծաթով եւ ոսկիով…”: Եբրայական նահապետն այս ամենն ստանում է առանց աշխատանքի ու քրտինքի: Հարց է ծագում՝ Եհովան աշխատանքով ու՞մ է պատժել (եւ առհասարակ, այդ պատվիրաններն ու՞մ համար են գրվել), քանզի “գերագույն աստծո եւ նրա ընտրյալ ժողովրդի” գերնպատակը, ազգային արժեքային համակարգը անփոփոխ է նաեւ այսօր: Հիմա էլ հրաշալի գործում է, ինչպես հրեական վաշխառուական, այնպես էլ “հրեաց փեսաներ” ստեղծելու համակարգը… 

Հանուն շահի կամ բարձր դիրքի խրախուսվում է նաեւ ազգակիցներին խաբելը, ինչպես Հակոբը, օգտվելով եղբոր քաղցած վիճակից, մի աման ապուրի դիմաց ձեռք է բերում նրա անդրանիկության (ժառանգական արտոնության) իրավունքը: Կամ էլ՝ խաբեությամբ օգտվելով հոր կույր վիճակից, Հակոբը ստանում է նրանից առաջին օրհնանքը (այն ստացողը հոր սիրելի որդին էր, որն էլ հետո գերդաստանի նահապետն էր): Չնայած պարզից էլ պարզ էր, որ Եհովան չԱստված է, սակայն, այսպես ասած բիբլիական մարդուն ձեռնտու տարբերակ էր նրա հետ փոխշահավետ համագործակցելը, եւ այս դրվագում Հակոբը համոզվում է դրանում ու պայման է կապում: Իսկ որ Եհովան հենց ինքը խավարն է, արարման հակառակորդը, ապացուցում է հետեւյալ դրվագը. “Եւ Յակոբը մինակ մնաց, եւ մի մարդ գոտեմարտում էր նորա հետ մինչեւ արշալոյսի ծագելը: Եւ տեսաւ որ չ՛կարողացաւ նորան յաղթել, նորա զըստի ամոլաջլին դիպաւ. եւ Յակոբի ամոլաջիլը թուլացաւ նորա գոտեմարտած ժամանակը: Եւ նա ասեց. թող տուր ինձ, որովհետեւ արշալոյսը ծագեց. եւ Յակոբն ասեց. — Չեմ թողիլ քեզ՝ մինչեւ որ ինձ չօրհնէս: Եւ նա ասեց նորան, Ի՞նչ է անունդ. նա էլ ասեց. Յակոբ է: Եւ նա ասեց. Այլեւս քո անունը Յակոբ չասուի, այլ Իսրայել, որովհետեւ Աստուծոյ հետ եւ մարդկանց հետ մարտնչեցիր եւ յաղթեցիր: Եւ Յակոբը հարցրեց եւ ասեց. Աղաչեմ՝ անունդ ասիր: Եւ նա ասեց. Ինչու՞ ես իմ անունը հարցնում. եւ նա օրհնեց նորան այնտեղ: Եւ Յակոբն այն տեղի անունը Փանուէլ դրաւ, որովհետեւ ասեց. Դեմ առ դեմ տեսայ Աստուծոյն, եւ իմ անձը ողջ մնաց”: Իսկ Իսրայել նշանակում է Աստծո (իմա՝ Եհովայի) հետ գոտեմարտող: Այստեղ առավել քան ակնհայտ է, որ Եհովան, որը մարդու տեսքով մարտնչում է Հակոբի հետ, չի կարողանում հաղթել նրան (ինչպիսի՜ անզորություն, ա՜յ քեզ աստված)… Այդ նույն Եհովան չարքի պես վախենում է արշալույսից, եւ քանզի երեւակվող արեւածագը նրա համար մահ էր նախապատրաստում, նա իրեն պարտված է համարում, եւ մարդուց խնդրում է Արեւից փախչելու թույլտվություն՝ օրհնելով Հակոբին: Իսկ Արեգակի լույսից փախչում է չԱստվածը… Մի շատ կարեւոր դրվագ էլ կա ինքնակոչ աստծո վերաբերյալ, որ բազմաթիվ զեղծարարություններից եւ սրբագրություններից հետո էլ որպես ճշմարիտ վկայություն, մնացել է՝ “…Եւ Աստուած խօսեց Մովսէսի հետ եւ ասեց նորան. Ես եմ Եհովան: Եւ երեւեցայ Աբրահամին, Իսահակին եւ Յակոբին Ամենակարող Աստուծոյ անունով, բայց իմ Եհովայ անունովը նորանց չ՛յայտնուեցայ, որ նորանց տամ Քանանի երկիրը ուր որ պանդխտացան… Եւ ձեզ ինձ համար ժողովուրդ վեր կ՛առնեմ, եւ ձեզ համար Աստուած կ՛լինիմ. եւ պիտի գիտենաք որ ես եմ Եհովան ձեր Աստուածը՝ ձեզ Եգիպտացիների ծանր գործքերի տակիցը հանողը…”: Այստեղ Եհովան խոստովանում է, որ ինքն Ամենակարող Աստծո անունով է հանդես եկել (իմա՝ Տիեզերքի Արարչի) եւ ստորաբար ստելով է դա արել: Իսկ իր ընտրյալ ժողովրդին հետագա պարզաբանումներում հասկացնում է, որ նրանց եգիպտացիներից կփրկի, եթե իրեն ճանաչեն որպես Ամենակարող Աստված, չնայած ինքն ընդամենը խավարապաշտ Եհովան է… 

…Այս ամենին զուգահեռ, Հայաստանում Պարսկաստանի ազդեցության ուժգնությունը նպաստեց նաեւ պարսկական մշակույթի, մասնավորապես զրադաշտական հավատքի ներխուժմանը (Տրդատ 1-ինը զրադաշտական էր ու այդ կողմնորոշումն էլ ունեին նախարարական շատ տներ), մանավանդ Սասանյան տիրապետության շրջանում այն բարձրացված էր մինչեւ արտաքին պետական քաղաքականության մակարդակի: 

“Ավեստա”-ում (զրադաշտականության սուրբ գիրք) Որմուզդի մարգարե Զրադաշտը ազնիվ զբաղմունք է համարում հողագործությունը եւ ավետում է. “Հարկավոր է գրգռել հողը, սիրել նրան որպես մի գեղեցիկ աղջկա եւ պարտավորեցնել, որ առատ պտուղ տա…”: Աշխատանքը սուրբ է եւ աստվածահաճո. “Ով հողին աճեցնել է տալիս ցորեն, ով մշակում է դաշտի պտուղները, նա մշակում է մաքրությունը”: Աշխատանքում բարոյական չափանիշների առկայության մասին վկայում են պարսիկ ազնվատոհմիկների հնից եկող սուտ չխոսելու եւ միայն խիստ անհրաժեշտության դեպքում պարտք վերցնելու սովորույթները, որոնք խրախուսվում էին զրադաշտականության կողմից:

 Հուդաքրիստոնեությունը խրախուսում է վաշխառությունը, արիականությունը՝ արարումը

 Մեծ չէ մեր կյանքում իսլամի՝ մահմեդականության ազդեցությունը, չկա խորը նկարագրության թեմա, պարզապես հիշեցնենք, որ հայության մեջ պետք է դիտարկել նաեւ մահմեդականացված մեծաթիվ հայերի առկայությունը, ովքեր ապրելով իսլամական բարքերով, այնուամենայնիվ, հիշում են իրենց հայկական ծագումը: Սա գուցե ծպտյալ հայերի “բացահայտումից” հետո կդառնա արդիական վերլուծության նյութ: Նշենք միայն, որ Աստծո մարգարե Մուհամմեդը “Ղուրան”-ում աշխատանքի արդար ձեւ է համարում առեւտուրը՝ չընդունելով վաշխառությունը. “Սակայն Աստված առեւտրին հրաման է տվել, իսկ վաշխառությունը՝ արգելել… այդպիսիները կրակի ընկերներ են եւ նրա մեջ կմնան հավիտյան” (“Ղուրան”, սուրահ 2):

 Մեր այս փոքր ուսումնասիրության շրջանակներում անդրադառնանք 4-րդ դարից Հայաստանում պաշտոնապես ընդունված քրիստոնեական կրոնին, որն անշուշտ մեծապես ազդել է աշխատանքում հայի հոգեբանության վրա: Մեր սկզբունքային մոտեցումների լուսաբանման ակնկալիքով նշենք, որ քրիստոնեությունը (նաեւ մահմեդականությունը) դիտում ենք որպես հրեա ազգի բարոյահոգեբանական հատկանիշների, աշխարհընկալման ու ազգային նպատակների վրա կառուցված ուսմունք (որը տարբեր ազգեր փորձել են անհաջող կերպով ազգայնացնել), որտեղ աշխատանքի նկատմամբ արտահայտվում է այսպիսի վերաբերմունք: Քրիստոնեության կողմից խրախուսվում է աշխատանքի նկատմամբ քամահրական ու աննախաձեռն վերաբերմունքը: Մաթեւոսի “Ավետարան”-ում Քրիստոսն ասում է. “Հոգ մի ընեք ձեր կյանքին համար, թե ինչ պիտի ուտեք, կամ ինչ պիտի խմեք… Նայեք երկնքի թռչուններին, որոնք ոչ կսերմանեն, ոչ կը հնձեն, ոչ ալ ամբարի մեջ կժողվեն, բայց ձեր երկնավոր հայրը կկերակրե զանոնք: Հիմա ձեզմե ո՞վ կրնա իր հոգ ընելովը իր հասակին վրա կանգուն մը ավելացնել: Ու հագուստի համար ինչու՞ հոգ կընիք: Նայեք դաշտի շուշաններուն, թե ինչպես կաճեն, ոչ կաշխատեն եւ ոչ կըմանեն”: Քրիստոնեության հիմնադիրը ավանդում է չմտածել երկրային կյանքի մասին, չաշխատել, քանզի “այդ բոլոր բաները աշխարհի հեթանոսներն են որոնում”: Այստեղ արժանահիշատակ են հայոց մեջ լայն տարածում գտած “Գործդ արա, հացդ կեր, նոր Աստծուն փառք տուր” եւ “Սոված փորով Աստծո դուռ չեն գնա” ասացվածքները: Այո՛, հայ արիները, հեթանոս հայերն արդար աշխատանքի ու արարելու, ստեղծելու բնույթ ունեն՝ ինչպես իրենց Աստվածները… 

Քրիստոսը ինքը նույն վերաբերմունքն ունի դեպի աշխատանքը, քանզի դժվար թե ռաբբի նախահայրերից ժառանգած չլիներ աշխատանքի հանդեպ խորշալից վերաբերմունքը: Նա մոտենում է թզենուն (որը ոչ տնկել էր եւ ոչ էլ ջրել) ու պտուղներ չգտնելով անիծում ու չորացնում է ծառը: Երբ անցնում էր Գալիլեայի ծովեզերքով, ձկնորսներ Սիմոնին, Պետրոսին ու Անդրեասին աշխատանքից (“ձկան որսորդ”) կտրելով, տանում է “մարդոց որսորդ” դարձնելու: Այստեղ էլ կհիշեցնենք հայի բերանում աղոթք դարձած՝ “Աշխարհ գութնի մոտ կլիանա” եւ անեծք դարձած. “Գնաս ընդի, որդի ոչ ցանում են, ոչ էլ հնձում” խոսքերը: 

Նազովրեցին յուրահատուկ ճաշակ ուներ նաեւ աշխատանքի ձեւերի ընտրության ժամանակ: Լեռան քարոզում հոգով աղքատներին, հեզերին ու ողորմածներին երանիներ շռայլելիս փառաբանում է մուրացկանությունը, որպես երկրային կյանքում գոյությունը պաշտպանելու խրախուսելի ձեւ: Հետո Մաթեւոսը (այնուհետեւ մյուս քարոզիչները) հռչակում է,. “Երանի հոգով աղքատներին, որովհետեւ նրանցն է երկնի արքայությունը…”: Այսպիսով, զարմանալի է, բայց՝ փաստ, որ Եհովայի ընտրյալները խարդախներն ու խաբեբաներն են, իսկ երկնի արքայությունն էլ նա տալիս է “հոգով աղքատներին”… Վերջին դարերում, երեւի թե գիտակցելով, որ “հոգով աղքատ”-ից ժամանակակից մարդկությունը տգիտության “հոտ է առնում”, “հոգով”-ը հանեցին, մնաց՝ “երանի աղքատներին” (իմա՝ մուրացիկներին), այսինքն ծույլերին, անբաններին ու աշխատանքից փախչողներին… 

Իրականությունն այն է, որ հետագայում քրիստոնյաններն այն ընդունեցին ոչ միայն անհատական, այլեւ հավաքական իմաստով: Ծաղկեց սին բարեգործությունն ու ուզվորությունը՝ թե՛ սեփական իշխանություններից, թե՛ այլազգիներից… 

Քրիստոսը խրախուսում էր նաեւ վաշխառությունը, որն անշուշտ ջանք չի պահանջում (“Քանքարների առակ”-ում տերը ծառայից տոկոսով է դրամը պահանջում) եւ ուրիշի աշխատանքի յուրացումը (նույն տեղում ծառային դիմում է՝ “Հնձում եմ, որ չեմ սերմանել եւ հավաքում այն տեղից, ուր չեմ սփռել”): Չնայած հայոց մեջ լավ է ասված, թե՝ “Հնձիր այն, ինչ սերմել ես”, “Ինչ որ ցանես, էն էլ կհնձես”, “Ինչ որ բրդես, էն էլ կխրթես”, բայց դրանց կողքին ոչ հայկականի ազդեցությամբ էր, որ ձեւավորվեց “Տանձը բերանս, կոթը վերեւ”-ը… 

Ամբողջ ուսմունքի իմաստը մարմնավորվում է աշխատանքի վարձատրման յուրօրինակ համակարգում, որում երկրի վրա կրոնական պատվիրաններով ու բիբլիական-աստվածաշնչյան օրինակներով ապրելու ու աշխատելու վարձքը երկնային է, անտեսանելի, արդարության (իրականության) առումով չերաշխավորված: Վերջինս պարզ երեւում է “Այգու բանվորների առակ”-ում, որտեղ օրվա տարբեր ժամերին վարձված ու աշխատանքային տարբեր ներդրումներ ունեցած երեք բանվորներին էլ վարձատրում են հավասար: Առակը մեկնաբանելիս Հիսուսն ասում է. “Այսպես հետինները առաջին պիտի ըլլան եւ առաջինները հետին, վասնզի կանչվածները շատ են, բայց ընտրվածները՝ քիչ”: Կամ էլ արդեն հիշատակված “Քանքարների առակ”-ում տերը հեռու երկիր գնալիս ծառաներին է բաժանում ունեցվածքը (մեկին հինգ քանքար, մյուսին՝ երկու եւ երրորդին՝ մեկ): Առաջին երկու ծառաները հավանաբար վաշխառությամբ ավելացնում են գումարը, իսկ երրորդը թաքցնում է հողում եւ հետո տալիս վերադարձած տիրոջը: Տերը գովում է առաջին երկու ծառաներին, նախատում երրորդին՝ փողը տոկոսով չտալու համար, վերցնում նրանից ու տալիս առաջինին: Առակի ամբողջ իմաստը երեւում է. “…Ով ունի, նրան պիտի տրվի եւ ավելացվի, իսկ ով չունի, նրանից ունեցածն էլ պիտի վերցվի” եզրափակիչ խոսքերում: 

Աշխատանքի բնագավառում միջանձնային փոխհարբերություններում փողը ազդեցիկ ու կարգավորող միջոց է, քանզի ոչ պատահաբար Քրիստոսը խորհուրդ է տալիս Մամոնայից (նկատի ունի հարուստների խավը) բարեկամներ ձեռք բերել, իսկ ինքն իր համար այդքան ատելի մաքսավորների հետ էր կերուխում անում (մաքսավորները ազգությամբ հրեա էին, հռոմեական կայսրության հարկահավաքները Հրեաստանում): Իր հայտարարությամբ նա եկել է հարազատներին զատելու-բաժանելու, մեկ-մեկու դեմ հանելու, իսկ ցեղակիցներին խորհուրդ է տալիս օձի պես խորագետ ու աղավնու պես միամիտ լինել՝ գայլերի մեջ գառներ ձեւանալով: Սա սեփական եւ այլոց տները քանդելու մի պարզ հրահանգ է, այնինչ հայոց մեջ ասվում է՝ “Տուն ավիրողին տուն չի մնա”, “Ուրիշի տուն քանդողն իր հացը ցամաք կուտի” եւ վերջապես “Տուն քանդողի տունը Աստված կքանդե”…

Ինչեւէ, քրիստոնեական ուսմունքը հայոց մեջ մեծ արձագանք գտավ՝ սկիզբ դնելով նաեւ կուսակրոնությանը, որը փչացրեց հայի գիտաիմացական տարրը, զրկեց ազգային կրթությունից ու իմաստությունից, ազգի ուժերի մի ստվար մասին նվիրեց անիմաստ ճգնությանը՝ առաջ բերելով հոգեխեղումներ, հարվածելով նաեւ ազգի թվաքանակի ավելացմանը: Այստեղ անհրաժեշտ ենք համարում հիշեցնել հին հայկական ասացվածքներից մեկը. “Աստված արու ու էգ է արար, վարդապետին ո՞վ արար”:

 Կարծում ենք՝ կարիք կա ցույց տալու հայի վերաբերմունքը քրիստոնեությանը (որն արտահայտվեց դեպի կրոնապետերն ու տերտերները ունեցած վերաբերմունքով): Միջնադարում եկեղեցու սպասավորներն ազատված էին տուրքերից, զինվորական ծառայությունից, մեծ առավելություններ ունեին, ծիսական բնույթի գործեր էին կատարում, ինչը վարձատրվում էր մարդկանց կողմից՝ “Եկեղեցուն չանք մոմ չտաս, քու մուրազը չի տա”: Իրենց գործունեության գնահատականը նրանք ստացան հայոց ասացվածքներում. “Քրիստոսին տանտիկին շինեցին, առաջին բլիթը իր համար թխեց”, “Տեր ելավ տիրունն է, տեր չելավ՝ տերտերունն է”, “Առավոտ կանուխ տերտեր կտեսնես, գործդ թարս կգնա”, “Թեկուզ երեցի բերան, թեկուզ գելի բերան”, “Մեռնողի վրա տերը լաց կլինի, տերտերը կուրախանա”, “Ամեն բան ասեմ ձեզ, վաստակեցեք, բերեք մեզ, ուտենք, խմենք, նզովենք ձեզ”, “Որտեղ կարագ, էնտեղ պատարագ”, “Սար ու ձոր, տերտերի փոր”, “Փիլոն թափին՝ մարդիկ խաբին”, եւ այլն:

“Բիբլիա (Աստվածաշունչ)”-ն տարածողների նկատմամբ հայի վերաբերմունքը արտահայտվեց բիբլիական նահապետ Նոյի մասին պահպանված ավանդության մեջ նույնպես: Երբ Նոյի տապանը ջրի վրա էր, դեպի տապանն է լողում մի մարդ, հիշեցնում է, որ դժվար օրերին ինքը Նոյին մի տիկ յուղ է պարտք տվել եւ օգնություն է հայցում: Նոյը, վախենալով, որ կարիք կլինի պարտքը տալ, թողնում է, որ նա խեղդվի: Դեպի տապանն է լողում մեկ ուրիշը, որը հիշեցնում է, որ ինքը Նոյին մի ջվալ ալյուր է պարտք, Նոյը փրկում է նրան, որ ալյուրը չկորի…

Հիշեցնենք, որ Նոյան առասպելը դեռ նոր զարմանահրաշ բացահայտումներ է ունենալու (արդեն իսկ աշխատություններ կան), որոնցում պարզաբանվելու եւ հիմնավորվելու են Նոյի ու նրա ժառանգների՝ Արարատյան լեռնաշխարհում՝ տարածքի բնիկների կողմից փրկվելու, այնուհետեւ, ջրհեղեղից հետո, իրենց երկիր վերադառնալու հանգամանքները…

 “Լուսանցք”-ի թողարկումներում բազմիցս անդրադարձել ենք հին ազգերի կողմից Հայկական լեռնաշխարհի՝ որպես “Աստծո եւ մարդու հավիտենական ուխտի երկիր”, “Ջրհեղեղից փրկության երկիր”, “Աստվածների բնակատեղի” եւ այլ նմանատիպ որակումներին, որը երբեւէ ջրասույզ չի եղել ու որի բնիկները աստվածամարդիկ են եղել… 

Սա Արիների ու չԱրիների, հրածինների ու հողածինների հավերժական պայքարն է…

 Ինչ մնում է բուն հայկական հավատում աշխատասիրության գործոնին, ապա ակնհայտ է, որ մեր նախնիք աշխատանքն ու աշխատելն ընկալել են ինչպես ստեղծագործելն ու արարելը, ինչը մարդկային տեսակի զարգացման ու հարատեւման նախապայմանն է: Հնում էլ հայերի համար կարեւորվել են եւ՛ նյութական, եւ՛ հոգեւոր բարիքներ բերող աշխատանքն ու միտքը, խելքն ու բազուկը գործել են համատեղ: Սակայն միանշանակ կարեւորվել է արդար վաստակը, քանզի՝ “Քամու բերածը՝ քամին կտանի”, “Ուրիշի հացը մարդու փոր չի մնա” կամ “Քաղցր-քաղցր ուտելուն՝ դառը փսխել էլ կա”:

Որպես վերջաբան մի քանի ասացվածքներով էլ ավարտենք մեր այս աշխատությունը արդար աշխատանքի մասին՝ “Խելքին ձեռքը եսիր (գերի) է”, “Ավազի վրեն տուն չեն շինիլ”, “Անխելքի հացը խելոքի փորն է”, “Ապրի ապրեցնողը, ծաղկի ծաղկեցնողը”, “Հացի կտրածը թուրը չի կտրե”, “Աշխատանքը լեռներ կհավսրե”, “Ամեն բանի վերջն է գովելի”:

 Արամ Ավետյան

 “Լուսանցք” Թիվ 53,  11 — 17 ապրիլի, 2008թ.

“Լուսանցք” Թիվ 54,  18 — 24 ապրիլի, 2008թ.

One Response to “Կրոնների ազդեցությունը աշխատանքին”

  1. Karen Ari Says:

    Ոչ Ալլահ կա, ոչ էլ Եհովա: Քրիստոնեությունն էլ, առավել ևս իսլամը թափելու կրոններ են, մեծագույն չարիք, սուտ, մարդկանց ստորացնելու ու ստրկացնելու գործիք: Ղուրանն ու Բիբլիան պիտանի են միայն հետույք սրբելու համար: Եվ ձեր տխմար դատաստաններով մի վախեցրեք, չկա ու չի լինելու ոչ մի դատաստան: Չկա ոչ դժոխք, ոչ էլ դրախտ, սուտ է այդ ամենը, զառանցանք, տխմար մարդկանց երևակայություն, 1000 տոկոսանոց սուտ ու ծիծաղալու աստիճանի տխմարություն:
    Կա ՎԵՐԱԾՆՈՒՆԴ` ՌԵԻՆԿՈՐՆԱՑԻԱ, այ դա ճշմարտություն է, կա ԱՐԱՐԻՉԸ, կենդանի Արարիչը, որ կենդանի Բնությունն է, կան Աստվածները, ովքեր մեր նախնիների ոգիներն են: Ու ոչ մի տխմար դաստաստան էլ չկա, մարդիկ, ապրեք հանգիստ ու արժանապատիվ ձեր հերթական ֆիզիկական կյանքը և մի վախեցեք` այն վերջինը չի:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s


%d bloggers like this: