Լույս եւ Խավար

by

Աստվածներն էին կառավարում Տիեզերքը: Ամեն մեկը իր գործն էր անում: Ապա հավաքվում էին Երկրի Արարատում զվարճանալու եւ վայելելու աստվածային բարիքները, համեմված խաղողի գինիով: Եվ այդ խնջույքներին մասնակցում էր նաեւ նրանց երկրային եղբայրը՝ Հայգ Արին: 

Կայտառ էր Արին եւ ուրախ: Նա սիրում էր Աստվածներին: Աստվածներն էլ նրան էին սիրում: Բայց զվարճալի էին Աստվածները, երբ հարբած էին: Եվ պատանի Արին որոշեց զվարճալի խաղ խաղալ: Նա Արեւի ճառագայթները գցեց Աստվածների աչքերին: Հարբած Աստվածները փորձում էին պաշտպանվել այդ ճառագայթներից, իսկ Արին ուրախ ծիծաղում էր: Ապա Աստվածները սթափվեցին հարբումից եւ իրենք էլ միացան չարաճճի Արիի խաղին: 

Միայն Վիշապը սրտնեղեց: Զորավոր Աստված էր նա, բայց տկար էր աչքերից: Նա խիստ զայրացավ Արեւի վրա, բայց առավել՝ Արիի վրա, որ հանդգնում էր ծիծաղել Անմահ Աստվածների վրա: Չէ՞ որ Աստվածներն էին վառում Արեւի ջահը, իսկ Արին ինքն էր սնվում այդ Արեւից: 

Շատ էր հարբած Վիշապը, մթագնել էր նրա բանականությունը, եւ միայն կիրքն ու ցասումն էին իշխում այդ զորավոր Աստծուն: Նա կատաղորեն հարձակվեց Արիի վրա՝ պատրաստ հոշոտելու նրան: Զարմացավ Արին, թե իր անմեղ կատակը ինչու է զայրացրել Վիշապին: Բայց տեսնելով, որ Վիշապը իրոք հոշոտելու է իրեն, Արին իր ամբողջ ուժերը լարեց՝ պաշտպանվելու:

Հարձակվում էր Վիշապը, ֆշշացնելով ու իր երախից թույն ցայտելով: Եվ պաշտպանվում էր Արին իր զորավոր բազուկների ամբողջ ուժով: Չէ՞ որ նա էլ էր Աստված, թեեւ՝ Երկրային: Կռվում էին Անմահ Աստվածը եւ Երկրային Աստվածը: Զորավոր էր Վիշապը եւ իր չարության մեջ անխնա կոտրատում էր Արարատի ծառերը, տրորում կենդանիներին, ոչնչացնում թռչուններին: 

Արտավազդ Միհրը միջամտեց, փորձելով դադարեցնել կռիվը եւ հաշտեցնել նրանց: Բայց Վիշապը իր զորության ուժով մի կողմ հրեց նրան: Մյուս Աստվածների միջամտությունն էլ ոչինչ չտվեց: Վիշապը հաղթում էր Արիին: Չէ՞ որ Վիշապը Անմահ Աստված էր, իսկ Արին թեեւ Աստված էր, բայց մահկանացու էր եւ իր զորությամբ զիջում էր Վիշապին: 

Եվ Արտավազդ Միհրը հասկացավ, որ իր արդարադատությունը միայն Վահագնի զորությամբ կհաստատվի: 

Այդ ժամանակ Վահագնը տիեզերական այգեստաններում զբոսնում էր չքնաղ Աստղիկի հետ: Երանության մեջ էր Վահագնը եւ անտեղյակ էր Երկրի վրա կատարվող աղետին:

 Միհրը գտավ Վահագնին ու դիմեց նրան.

— Ո՜վ, Վահա՛գն, Վիշապը ավերում է Արարատը եւ կործանում է մեր եղբայր Արիին, հասի՛ր օգնության:

Սթափվեց Վահագնը իր երանությունից եւ անմիջապես թռավ եկավ Երկիր: Նա կանգնեց կատաղած Վիշապի դիմաց:

— Կա՛նգ առ, ո՜վ, Վիշա՛պ, — դիմեց Վահագնը, — սթափվի՛ր եւ զսպի՛ր քո չարությունը: Դու անգթորեն հարվածում ես քո եղբորը եւ ավերով պղծում ես Արարատը:

Վիշապը ֆշշաց ցասումով.

— Ես ատում եմ այս երկրային աստծուն, որ Անմահ Աստվածների պես կատարյալ չէ, բայց Անմահ Աստվածների հետ սեղան է նստում: Անկատարը կատարյալին եղբայր չի լինի, եւ ես պիտի կործանեմ նրան:

Բարկացավ Վահագնը Վիշապի խոսքերից.

— Արին իմ եղբայրն է, եւ նա կատարյալ է որպես երկրային Հայգ: Եվ Հայր Արայի կամքով ես պիտի պաշտպանեմ նրան: 

Եվ երկու Աստվածներ բախվեցին իրար: Հենց Արարատում ահավոր մի Մեծամարտ էր Վահագնի ու Վիշապի միջեւ: Նրանց կռիվը ցնցում էր ամբողջ Երկիրը եւ արձագանք էր տալիս տիեզերական անհունության մեջ: Երկար էին կռվում նրանք: Աստվածները զարհուրած հետեւում էին այդ Մեծամարտին: Միայն Հայր Արան հանգիստ դիտում էր վերից եւ իր մտքում իր որոշումն էր հյուսում:

Երկար կռվելուց հետո Վիշապն ընկրկեց: Վահագնը հաղթական էր: Բայց Հայր Արան սաստեց կռվող Աստվածներին, իր մոտ կանչեց նրանց եւ ասաց.

— Դուք երկուսդ այլեւս իրար չպետք է հանդիպեք, թե չէ ձեր մեջ կռիվը անվերջ կլինի: 

Եվ Աստվածահայրը՝ Արան, Վահագնին կարգեց Լույսի տիրակալ, իսկ Վիշապին՝ Խավարի տիրակալ: Եվ Վիշապը այլեւս Արարատ չէր իջնում, քանզի այնտեղ Վահագն էր եւ Լույս: Եվ Վիշապը ատեց Վահագնին, ատեց արեւին ու Արիին: Նա երբեմն երկնքից իջնում էր Երկիր, թաքնվում էր տափաստանի ավազների մեջ եւ չարությամբ ֆշշացնում էր Արարատի կողմը:

ՀատվածներՈւխտագիրք Արորդյաց“-ից 

“Լուսանցք” Թիվ 57, 9 — 15 մայիսի, 2008թ.

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s


%d bloggers like this: