Կարգավորումը մոտ ապագայի խնդիր չէ

by

Հայոց Աշխարհ
20 նոյեմբերի 2001 թ.

“Եթե մեծ տերություններն անգամ համաձայնության գան, իսկ հայկական և ադրբեջանական կողմերը չհամարձակվեն, միևնույն է, հակամարտությունը չի լուծվի:
Եթե հակամարտությունը փորձեն լուծել մեր շահերը ոտնահարելու հաշին, ապա դիմադրություն պարտադիր լինելու է, անկախ նրանից, թե ինչ ուժեր են կանգնում քո դեմ: Եկեք չմոռանանք, որ դրված է ոչ թե զուտ Ղարաբաղի կարգավիճակի հարցը, այլ, ըստ էության, Հայաստանի լինել-չլինելու խնդիրը:
Ուստիև Հայաստանը պետք է պնդի, որ զիջումները չեն կարող լինել հայկական կողմի անվտանգության մակարդակի իջեցման հաշվին: Զիջումներ ընդհանրապես կարող են լինել, սակայն դրանք պետք է անվտանգության բնագավառում փոխհատուցվեն այնպես, որ հայկական կողմին՝ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ռազմական անվտանգության
մակարդակն այսօրվա նիշից մեկ միլիմետր ներքև չիջնի”,- “Հայոց Ախարհի” թղթակցին ասաց Արմեն Այվազյանը:

Արմեն Հակոբյան

 Հարցազրույց պատմաբան-քաղաքագետ Արմեն Այվազյանի հետ

 -ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին այցելության ժամանակ ներկայացված առաջարկությունները որքանո՞վ են նոր:

-Դատելով մամուլում հրապարակված տեղեկատվությունից, առաջարկությունների բովանդակությունը մնացել է նույնը, ինչ Քի Ուեսթում և Փարիզում: Հետևաբար միայն պայմանականորեն կարելի է խոսել Մինսկի խմբի համանախագահների նոր առաջարկությունների մասին:

Ասենք քիուեսթյան կամ փարիզյան սկզբունքների մասին էլ, մեզ դարձյալ քիչ բան է հայտնի: Գիտենք միայն մեր կողմի հայտարարությունները, որ Լեռնային Ղարաբաղի անվտանգությունը պետք է միջազգային երաշխիքներ ունենա և գիտենք, որ Ղարաբաղը պետք է Հայաստանի հետ ունենա ցամաքային կապ:

Միջնորդների առաջարկությունները նախատեսում են մի կարևոր հանգամանք, որը մեզ համար կարող է բավական ցավալի հետևանքներ ունենալ, եթե չերաշխավորվի Հայաստանի և Ղարաբաղի անվտանգությունը: Ո՞րն է այդ հանգամանքը: Միջնորդների ներկայացրած բոլոր առաջարկությունները նախատեսում են հայկական զորքերի հետքաշում ազատագրված տարածքներից:

Պետք է վերհիշել, թե ինչու են այդ տարածքներն առհասարակ գրավվել: Իսկ այդ տարածքները մեզ համար առաջին հերթին անվտանգության երաշխիքներ են: Եվ եթե զիջում ենք այդ տարածքները նորից Ադրբեջանին, ապա ամենակարևոր խնդիրն այն է, որ այդպիսով իջեցնելու ենք մեր անվտանգության մակարդակը: Բայց ի՞նչ ենք ստանալու դրա դիմաց: Սա ամենակարևոր հարցն է Ղարաբաղյան հիմնախնդրի լուծման համար: Եվ այդ հարցի պատասխանը մինչ օրս չունենք:

-Այդ հարցի պատասխանը չունեն նաև միջնորդնե՞րը:

-Մենք չգիտենք. ունե՞ն, թե՞ չունեն: Նախկինում անվտանգության փոխհատուցման մի եղանակ էր դիտվում՝բազմազգ խաղաղարար ուժերի տեղակայումը հայկական և ադրբեջանական զորքերի միջև: Եթե այդ եղանակը դեռ մնում է միջնորդների ծրագրում, ապա որքա՞ն է լինելու խաղաղարար ուժերի թվակազմը, ո՞ր երկիրն ի՞նչ տոկոսային հարաբերակցությամբ է դրանց մասնակցելու, հրամանատարության ինչպիսի՞ կառուցվածք են ունենալու, ինչպիսի՞ն են լինելու այդ ուժերի տեղակայման մանդատը և ժամկետը: Սրանք չափազանց կարևոր հարցեր են, որովհետև ամենաչնչին տեխնիկական համարվող կետը կարող է մեզ համար ճակատագրական լինել: Մենք ենք զիջող կողմը լինելու և մեր անվտանգության մակարդակն է իջեցվելու:

Երբ ֆրանսիացի և ԱՄՆ համանախագահները եկել էին Հայաստանի ամերիկյան համալսարան՝ ուսանողների և դասախոսների հետ հանդիպելու, այդ հարցերն ուղղեցի նրանց: Պատասխանեցին, որ խաղաղարար ուժերի տեղակայումն անգամ որոշված չէ և իրենք դեռ տեխնիկական բնույթի այդ հարցերի մեջ շատ չեն խորացել, այլ աշխատում են քաղաքական մեծ

պայմանագրի վրա: Այնինչ, կրկնում եմ, այս դեպքում տեխնիկական բնույթի համարվող հարցերն ունեն ճիշտ նույն նշանակությունը, ինչ, ասենք, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը:

Այս ամենից հետևում է, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը մոտ ապագայի խնդիր չէ: Եվ պետք է պատրաստ լինենք, որ սառեցված կարգավիճակով հակամարտությունը կարող է շարունակվել դեռ երկար տարիներ, գուցեև տասնամյակներ:

-Իսկ ինչո՞վ կարելի է բացատրել Ադրբեջանից շարունակ հնչող ռազմատենչ հայտարարությունները:

-Մեզանում երկու բացատրություն է բերվում. այդ հայտարարությունների նպատակը Հայաստանի վրա ճնշում գործադրելն է, մյուսը, թե դրանք ներքին սպառման համար են, հասցեագրված են իրենց ընդդիմությանը: Այդ երկու բացատրություններն էլ կարող են ճշմարիտ լինել: Բայց ինձ թվում է, որ դրանցից կարևոր հանգամանք էլ կա. Ադրբեջանի իշխանությունները

մշտապես իրենց ժողովրդին հոգեբանորեն, գաղափարապես պատրաստում են պատերազմի: Այսինքն՝ Ադրբեջանում չեն հրաժարվել խնդրի ռազմական լուծումից, ավելին՝ փայփայում են հենց այդ տարբերակը:

Ադրբեջանից հնչող այդ հայտարարություններին մեզանում հակադարձում են, ասելով՝ դրանք անլուրջ բաներ են, պատերազմ չի լինի, իսկ եթե լինի էլ, առաջին իսկ ճակատամարտում կջախջախենք նրանց: Սա այնքան էլ ճիշտ դիրքորոշում չէ, պետք է խնդրին ավելի լուրջ մոտենալ և ոչ թե թմրեցնել ժողովրդի զգոնությունը: Հակառակը՝ պետք է մեծ աշխատանք տանել ռազմահայրենասիրական բնագավառում, որը Հայաստանում այսօր շատ է կաղում:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s


%d bloggers like this: