Ճանաչե՞լ, թե՞ չճանաչել Արցախի անկախությունը

by

ԱԺ-ն, երբ ապրիլի 28-ին սկսեց հերթական նիստերի աշխատանքը, քննարկեց 4-րդ գումարման 3-րդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին ԱԺ որոշման 2-րդ բաժնում ընդգրկված, ԱԺ պատգամավոր Րաֆֆի Հովհաննիսյանի հեղինակած “Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու մասին” օրինագիծը, որի վերաբերյալ գլխադասային՝ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն չէր ներկայացրել 3-րդ նստաշրջանի օրակարգում ընդգրկելու համար: 

Այս օրենքի նախագիծը նստաշրջանի օրակարգում ընդգրկելու նպատակահարմարության վերաբերյալ հնչեցին ԱԺ պատգամավորների տարբեր տեսակետներ: ՀՅԴ խմբակցության տեսակետը ներկայացրեց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանը՝ պարզաբանելով, որ ոչ ոք դեմ չէ ԼՂՀ անկախությանը, պարզապես համազգային այս հարցի վերաբերյալ որոշումները պետք է ընդունվեն ՀՀ իշխանության տարբեր թեւերի, ԼՂՀ իշխանությունների ու ժողովրդի հետ քննարկումների արդյունքում ստեղծված համաձայնությամբ:

ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանի խոսքերով՝ “մենք տեսանք, որ անգամ Կոսովոյի ճանաչման հետ կապված՝ չընտրվեց այն ճանապարհը, որն այժմ այստեղ առաջարկվում է: Այնպես որ, Կոսովոյի դեպքի մատնանշումը կամ ակնարկումը նույնպես որեւէ բանով չի փոխում իրավիճակը: Եվս մեկ անգամ ուզում եմ հստակ ասել հետեւյալը. անկախ այն բանից, թե ինչպիսին կլինի խորհրդարանի վերաբերմունքն այս նախագիծը խորհրդարանի օրակարգ ընդգրկելու կամ չընդգրկելու վերաբերյալ, սա բացարձակապես որեւէ առնչություն չունի ԱԺ վերաբերմունքի հետ ԼՂՀ ճանաչման վերաբերյալ:

Ավելին, ինչպես գիտեք, ընդամենը օրեր առաջ մեր միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի անդամները ԼՂՀ-ում էին, եւ պիտի ասեմ, որ այնտեղ շատ ավելի համարժեք վերաբերմունք կա այս նախագծի նկատմամբ, քան այսօր փորձ է արվում դրսեւորել այստեղ: Կարծում եմ՝ կյանքը պահանջում է ամենօրյա գործնական աշխատանք Արցախի խնդրի հետ կապված: Ուղղակի հուզական ելույթները ոչնչով չեն մոտեցնում մեզ ԼՂՀ անկախության միջազգային ճանաչմանը, ինչը մեր գերխնդիրն է”: 

Ըստ պատգամավոր Գագիկ Մինասանի, ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման ուղղությամբ բանակցային գործընթացում դրական տեղաշարժեր են արձանագրվել: Ձեռքբերումներն առավել տեսանելի կդառնան, եթե քարոզչական ոլորտի աշխատանքները կազմակերպվեն ավելի նպատակային ու հետեւողական: Այստեղ մեծ դեր ունի նաեւ խորհրդարանական դիվանագիտությունը: 

Զարուհի Փոստանջյանը տարակուսանք հայտնեց, որ եթե ՀՀ-ն չի ճանաչում ԼՂՀ անկախությունը, ապա ինչպե՞ս կարող են իրավական հիմքերով միմյանց հետ հարաբերություններ լինել:

Պետք է օրենքով ճանաչել ԼՂՀ անկախությունը եւ դրանից բխող օրենքներով կարգավորել բազմակողմ հարաբերությունները: 

Ստյոպա Սաֆարյանը նշեց, որ այս հարցում մեր դիվանագիտության հաջողությունների գնահատականները չեն համապատասխանում իրականությանը, իսկ ներկայացված թույլ ու վախվորած տեքստով հայտարարությունը այս հարցին առնչվող մեր երկրի ռազմավարության թույլ եւ անհետեւողական լինելու մասին է խոսում: 

Լարիսա Ալավերդյանի գնահատմամբ՝ հայտարարության մեջ ԼՂ հարցի կարգավորման ոչ մի սկզբունք ու հիմնադրույթ չկա եւ լոկ իրավիճակային բնույթ է կրում. պետք է փոխել հիմնահարցի ձեւակերպումը: 

Էռնեստ Սողոմոնյանի կարծիքով, հայտարարությունը լիարժեք փաստաթուղթ է: Կարելի է միայն ավելացնել, որ Հայաստանը ստանձնում է ԼՂՀ անվտանգության երաշխավորի դերը:

Հովհաննես Մարգարյանի կարծիքով, զգուշություն պետք է ցուցաբերել ԼՂՀ հարցի կարգավորման վերաբերյալ տեսակետներում: Նա կարեւորեց միջազգային ատյաններում հարցի քննարկման ժամանակ մարտավարության համաձայնեցված լինելը եւ բանակցային գործընթացին ԼՂՀ մասնակից դառնալը: 

“Բարգավաճ Հայաստան” խմբակցության տեսակետը ներկայացրեց Արամ Սաֆարյանը: Նրա կարծիքով, հայտարարությունը ճիշտ ժամանակին է ներկայացված եւ ստեղծված նոր իրավիճակում քաղաքական ուժերի դիրքորոշումներ է ներառում: Նա մտահոգություն հայտնեց, որ երկրում ու նրա խորհրդարանում բացակայում է քաղաքական ուժերի միասնական ու միակամ մոտեցումը, այնինչ պետք է մեր ուժն ու մտավոր կարողությունները համատեղենք եւ քաղաքական ու քաղաքագիտական ուսումնասիրություններ կատարենք ԼՂ հիմնահարցի լուծման նպատակով: “Բարգավաճ Հայաստանի” համար ընդունելի է, որ խաղաղ բանակցային գործընթացը կարեւոր տեղ է գրավում հայտարարության մեջ: 

Ըստ ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչության

“Լուսանցք” Թիվ 56,  2 -8 մայիսի, 2008թ.

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s


%d bloggers like this: